Դրուագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑԻ

  XVII դարի սկզբին հայ պատմագրության զարթոնքի առաջնեկը դարձավ Դարանաղի գավառի Կամախ քաղաքում 1576թ. ծնված, ականավոր եկեղեցական գործիչ Գրիգոր վարդապետ Կամախեցին կամ Դարանաղցին՝ «Բուք» մականվամբ։ Մահացել է 1643 թ. վաթսունյոթ տարեկան հասակում «երկրորդ հայրենիքում»` Ռոգոստոյի-Հռոգոսի (Թեքիրդաղ) մեջ։ Նրա տապանաքարի վրա գրված է «Այս տապան հանգստեան Քեմախցի Գրիգոր աւագ վարդապետի, Սա ծերացեալ լի աւուրբք ՌՂԲ ամսոյն սեպտեմբերի հանգեաւ ձեռամբ սորին բեւեռ փայտին փրկչական ածաւ այս վայր աղբիւր բուժիչ մաքրական որ եւ նախորդ հովիւ կարգի քաջարթուն հովուել զգաղթեալ զիւր հօտ նորեկ բարեմոյն» [1] ։

Ծննդյան տարեթվի մասին «ժամանակագրության» մեջ երկու տեղեկություն է հայտնում, մեկը 1583 թ. Երզնկայի մեծ երկրաշարժի կապակցությամբ գրելով, թե այդ տարին ինքը 7 տարեկան է եղել [2], մյուսը՝ «Յայսմ ամի (1590-Լ. Բ. ) զմեզ մանուկ գոլով չորեքտասանամեայ բռնութեամբ աբեղայ օրհնեցին» [3] ։

Դարանաղցին էլ Հովհաննես Դրասխանակերտցու, Ստեփանոս Օրբելյանի, Աբրահամ Կրետացու նման, իր պատմական երկերը հեղինակելու հետ, միաժամանակ գրել է նաեւ իր կենսագրությունը, սակայն ավելի մանրամասնորեն։ Մանուկ հասակում որբանալով, թշվառ կյանք է վարել, կրել ժամանակի դառնություններն ու արհավիրքները։

Մինչեւ աբեղա դառնալը Դարանաղցին հովվություն է արել Սեպուհ լերան վանքերում գլխավորապես Ծնանառճի Ս. Աստվածածնի վանքում, որ իր «սննդեան տեղին է» համարում։ «Յառաջն նախիր արածեաք, նշում է նա, եւ ետ օրհնելոյն դարձեալ եդին ի տաւարածութիւն։ Թէ զմեր որպես թշվառութիւնն որ ի ծննդենէ ի վեր գրեմք՝ թե զորբութեամբ սնանիլն, թե զանտէրունչ լինելն եւ անայցելու եւ անխնամակալն ի վանորայսն, ոչ ուսուցանող եւ ոչ խրատու, որ թէ գրեմք մի ըստ միոջէ, նա անհաւատալի կու թուի բազմաց» [4] ։

Մեր պատմագիրներից, թերեւս, ոչ մեկը այնքան թափառական ու փախստական կյանք չի վարել ու փորձանքների ենթարկվել, ինչպես Դարանաղցին։

1621 թ. գրած հիշատակություններից մեկում կարդում ենք. «Եւ դարձեալ փախստեայ գոլով ի յահէ նեղչաց, եկաք յԸստամբօլս՝ թե դարձեալ երթանք յԵրուսաղէմ, եւ արգել զմեզ սատանայ, զի բազում անցք անցին ընդ մեզ, որ ոչ գիր կու տանի եւ ոչ լեղուաւ ճառել ոք կարէ։ Դարձեալ աստուածային այցելութեամբն եւ խնամօք ողորմութեամբ նորին զերծաք ի յանզերծանելի վտանգիցն եւ գնացաք յԵրուսաղէմ, երեք տարի շրջեցաք աստ եւ անդր եւ ոչ գտաք ուրեք հանգիստ, եւ դարձեալ եկաք, այլ աստէն եւ ոչ ունիմք դադարումն.. » [5] ։ Աստվածաշնչի ինքնագիր մի հիշատակարանում Դարանաղցին հավաստում է. «Ով եղբարք, մեր թշուառութիւնս ձեզ յայտ լիցի, որ չունիմք ուրեք դադարումն վասն չարութեան ժամանակիս, որ զայս երկու թուղթս եւ մէկ երէսն ի վերայ ոտից շուրջ գալով եմ գրեր ի գիւղն, որ Մոխրի կոչի» [6], «Զայս մէկայլ երեսս ի մեր հօրեղբօրն պաղչայն գրեցի մեծաւ տաժանօք» [7] ։

Աստվածաշունչը Դարանաղցին ընդօրինակել է 17 տարվա ընթացքում՝ թափառական կյանք վարելու պատճառով։

Սակայն Դարանաղցին սոսկ ընդօրինակող չի եղել։ 1622թ. գրած հիշատակարանում նա նշում է. «Արդ՝ եղեւ աւարտ եւ դրաւ աստուծաշունչ Բուրաստանի սուրբ գրոցս Հին եւ Նոր կտակարանաց, որ եւ զկտակ երկոտասան նահապետացն եւ զԱսանեթի՝ կնոջն Յովսեփայն յաւելեաւք գրեցի եւ զբովանդակն ամենայն, ոչ թե ի միոյ օրինակէ՝ այլ ի զանազան յայլեւայլ օրինակաց, յաղագս միանգամայն չգրելոյն եւ տարտարոսգոլոյն եւ հանգիստ ուրեք չգտանելոյն՝ վասն չարութեան ժամանակիս, որպէս յայտ է յայլեւայլ գրերաց եւ ի փոփոխելոյ գրչաց, տեղաց եւ ժամանակաց» [8] ։

1636 թ. Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին նվիրած Աստվածաշնչի վերջում գրած հիշատակարանում Դարանաղցին իրեն աստվածաբան վարդապետ է համարում. «Յիշեցէք... վերջին ստացողի աստուածաշնչի՝ Թաքիրտաղի առաջնորդ Տէր Գրիգոր աստուածաբան վարդապետին, որ մականուն Բուգ վերաձայնի» [9] ։

Դարանաղցին ժամանակի գիտուն եւ մեծ հեղինակություն վայելող վարդապետներից մեկն է եղել։ Նրան բարձր են գնահատել Ժամանակակիցներր։ Այս տեսակետից ուշագրավ է հետեւյալ փաստը.

էջմիածնում մեռոն եփելու արարողությանը մասնակցելուց հետո, երբ Դարանաղցին ցանկացել է վերադառնալ իր թեմը «Դաւիթ կաթողիկոսն արգելեաց զմեզ թէ՝ Երեւան քաղաքին եւ ամենայն երկիրն զքեզ կու սիրեն լաւ քան զամենեսեան ՝ թէ կաթողիկոս. թէ վարդապետ, ու զինչ կու հրամայես՝ թէ օրինաց, թէ այլ ինչ, նա՛ սիրով կու կատարէն ու մեզ չեն լսեր բնաւ» [10]:

1624 թ. Ռոդոսթոյում ընդօրինակած «Հարանց վարք»–ի գրիչ լեհացի Նիկողոս դպիրը իր հիշատակարանում Դարանաղցուն բնութագրում է իբրեւ, «Ամենագովելի, երջանիկ, ընտրեալ, պատուելի եւ աստուածահաճոյ ամենայն գովութեանց արժան աւորեալն, սուրբ եւ քաջ հռետորն եւ արիաջան րաբունապետն, զտէր Գրիգոր եռամեծն եւ խստակրօն յոյժ ճգնողի, անձանձրալի խրատող եւ ուսուցանող անզգամից» [11] ։

Նույն Ռոդոսթոյ քաղաքում ոմն գրիչ Կիրակոս 1639 թ. իր ընդօրինակած «Կանոնագիրք եւ Պատարագի Մեկնիչի» վերջում գրած հիշատակարանում նշում է. «... Ի հայրապետութեան էջմիածնայ Տէր Փիլիպպոսին եւ տեղւոյս առաջնորդութեանն, քաջ հռետոր եւ ջատագով յօրինացն Աստուծոյ, մեծ եւ անուանի եւ ամենայն իմ աստիւք լի, Դարանաղու Գրիգոր վարդապետին» [12] ։

Դարանաղցին երախտագիտությամբ է հիշում իր առաջին ուսուցիչներին։ Ողբալով իր եւ իր ժամանակի վիճակը, նա գրում է ոմն Պարոն ճգնավորի կամ միայնակյացի վերաբերյալ, որը 20 տարուց ավելի ճգնավորական կյանք է վարել Սեպուհ լեռան Շիկի քար կոչված վայրում, նրա համբավը տարածվել է ամբողջ երկրով մեկ, շատերը գնացել են նրա մոտ՝ մենակյացի ապրելակերպը ուսանելու։ Ճակատագրի բերմամբ Սեպուհ լեռան վանքերից մեկում Պարոն ճգնավորը հանդիպել է մանուկ Դարանաղցուն ու նրան վերցրել է իր խնամակալության տակ եւ ուսուցանել ու դաստիարակել է։ Երախտապարտ աշակերտը նրա մասին գրում է. «Յոյժ բազմահնար եւ մեծահանճար էր եւ աշխատասէր եւ բարուրն ողորմած էր եւ գթած առ ամենայն... Որ եւ զիս տրուպս ամենեցուն Գրիգոր բանի սպասաւորս, որ մանուկ էի եւ յոյժ տխմար եւ անտէրունչ ի հոգաբարձու խրատողաց, եւ իւր բարի խրատովն զգաւնացոյց զմեզ եւ բազում ողոքական եւ սաստկական հնարիւք յորդորեց եւ հաւանեցոյց մեզ հետեւել գրոց արբանեկութեան... » [13]:

1590թ. աբեղա դառնալուց հետո Դարանաղցին բնակություն է հաստատել Սեպուհի Ս. Լուսավորիչ վանքում, ուր մնացել է մինչեւ 1597թ. Պարոն ճգնավորի հսկողության ու խնամակալության ներքո։ Այնտեղ էլ ստացել է քահանայական աստիճան։ Պարոն ճգնավորը նպատակ էր դրել Դարանաղցուն հասցնել վարդապետական աստիճանի, իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ նա աշակերտեր անվանի վարդապետներից որեւէ մեկի մոտ, եւ քանի որ իրենց կողմերում այդպիսին Երզնկացի Ղազարն էր, ուստի որոշել էր նրա մոտ եւ ուղարկել Դարանաղցուն։ Սակայն հենց այդ օրերին, հանգամանքների բերումով, Բաբերդցի Սրապիոն վարդապետը հայրենիք վերադառնալու ճանապարհին, Ալփոչի գյուղում, հանդիպում է Դարանաղցուն ու առաջարկում է նրան ՝ իրեն աշակերտել։ Վերջինս, հակառակ միաբանների ու իր խնամակալի՝ Պարոն ճգնավորի դիմադրությանը, որը ցանկանում էր իր որդեգրին պահել իր մոտ իր հսկողության տակ դաստիարակություն տալ, համաձայնվում է գնալ աշակերտել Սրապիոն վարդապետին, որն Վահանաշեն գյուղի Ս. Ստեփանոս վանքի առաջնորդն էր եւ աշակերտներ էր պատրաստում վարդապետության աստիճան ստանալու համար [14] ։ Սրապիոնին Դարանաղցին համարում է «քաջ հռետոր» [15], իր հոգեւոր հայրը, որից եւ 1603թ. ստացել է «գավազան վարդապետական իշխանության» [16] ։ Աստվածաշնչի հուշագրերից մեկում էլ նրա մասին գրում է, հիշեցեք «զամենայն հոգեւոր երախտաւորքն մեր, որք ըստ հոգւոյ եւ մարմնոյ վարժիչք եւ խրատիչք եղեն մեզ, մանաւանդ զհոգեւոր բազմերախտ հայրն մեր Սրապիոն քաջ տելետն եւ աստուածաբան վարդապետն» [17] ։ Դարանաղցին ամեն առիթով միշտ ընղգծում Է Սրապիոն վարդապետի «քաջ հռետոր» լինելու հանգամանքը։

Պատմագիրը գրչության արվեստի հմուտ ու ճանաչված մասնագետ Էեղել, պատրաստել է շատ «գրոց աշակերտներ»՝ գրիչներ, ձեռագրեր ընդօրինակողներ, որոնց մասին նշում է «Ժամանակագրության» մեջ [18] ։

Թերեւս այդ է նկատի ունեցել լեհացի Նիկողոս դպիրը, որն իր հիշատակարանում նրան համարում է ՙարիաջան րաբունապետն»։

Դարանաղցին մեծ վաստակ ունի ՙգրոց արբանեկութեան՚ բնագավառում։ Նա հավաքել ու անձամբ ընդօրինակել է բազմաթիվ գրքեր, որոնցից շատերը փրկվել են կորուստից եւ հասել մեզ։ Պատահական չէ, որ նա Սրապիոն վարդապետի մասին գրում է. «Մեծ Սրապիոն արարեալ էր պատմագիրս գեղեցկայարմարս եւլ բերելով մինչ ի թվականին ՌԾ (1601) հասուցեալ, եւ ոչ է յայտ թէ զի՛նչ եղեւ գրեալն, ազ ծածկեալ եղել ի նախանձոտաց եւ յանհաւանից... » եւ ընդգծում է, երկնչիմ՝ գուցե եւ մերս առնիցեն նմանապէս, …զի տացէ շնորհս լսողաց եւ ցանկասցին ի գաղափար օրինակել սորին եւ արժանասցին արքայութեան երկնից» [19]: Բանից պարզվում է, որ իր գրած «Հարանց վարք» գիրքը, որ կրել է «Պատմութիւն Սեպուհ լերանց եւ զՄաքենեց եւ զԹեղենուցն յարեւելից կողմանց» խորագիրը՝ նվիրված անապատականներին, նույնպես արժանացել է Սրապիոնի Պատմության ճակատագրին՝ իր կենդանության ժամանակ «Նախանձոտներ»-ը նրա գիրքը չեն ընդօրինակել, այլ «թաքուցին ի խաւարի եւ կորեալք եղեն, վասն ոչ օրինակ առնելով եւ փոխարկելով զնոսա» [20] ։

Դարանաղցու «Ժամանակագրության» հրատարակիչ Մեսրոպ վարդապետ Նշանյանը գտնում է, որ չնայած Դարանաղցին իրեն անվանում է վարդապետ, սակայն գրքի մեջ, նրա մի քանի ակնարկներից երեւում է, որ նա մինչ վարդապետության աստիճան ստանալը, ունեցել է եպիսկոպոսի հոգեւոր կոչում... Երկու տեղ պատմագիրը նշում է իր կողմից չորս քահանա ձեռնադրելու մասին [21] եւ Ռոդոսթոյի հունական եկեղեցին գրավելու կապակցությամբ Պոլսից իր թեմականներին գրած հուսադրական նամակում էլ նշել է. «Թէ որ չբաւեմ ճարել զամենայն ծախսն ի ճանապարհս եկեղեցւոյն, զամենայն գրեանս, զգաւազանս զեմիփորոնս եւ դթագս վաճառեմ եւ տամ»։ «Ասոնք անտարակուսելի ապացույցներ են Դարանաղցիի եպիսկոպոսութեան», ընդգծում է Նշանյանը, եւ ենթադրում է, որ նա եպիսկոպոս է ձեռնադրվել 1600—1603 թվականներին, երբ նա գտնվել էր էջմիածնի կողմերում, Մելքիսեթ կաթողիկոսի կողմից [22]:

XVII դարի առաջին հիսնամյակը հայ պատմագրության մեջ նշանավորվեց նրանով, որ նրանում առաջին անգամ իր արտացոլումը գտավ Հայաստանի եւ հայ ժողովրդի երկու մասի բաժանման իրողությունը եւ նրանցում հայ հասարակական, հոգեւոր ու մշակութային կյանքի վիճակն ու զարգացման տարբեր պայմաններն ու միջավայրը։

Եթե հայ պատմագրության զարթոնքն ազդարարող երկու ականավոր պատմագիրներից՝ Դարանաղցին Արեւմտյան Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական բուռն իրադարձությունների պատմության ընդհանուր հենքի վրա տվել է XVII դարի առաջին կեսի արեւմտահայության դառն առօրյան եւ հատկապես ջալալիների ասպատակությունների պատճառով բազում գավառների ամայացումն ու զանգվածային արտագաղթը դեպի Թուրքիայի արեւմտյան նահանգները, հիմնականում Կոստանդնուպոլիս եւ նրա շրջակաները, Ռումելի, Բուլղարիա, Լեհաստան եւ այլուր, այդ գաղթականությանը հայ հոգեւորականության ու թուրք պաշտոնեության պատճառած չարիքներն ու տառապանքները, բացահայտ կողոպուտն ու սնանկացումը, գործադրած կամայականությունները եւ գրաված դիրքերի չարաշահումները, հոգեւոր ու մշակութային կյանքի անկումային վիճակը, ապա Դավրիժեցին, ինչպես իր տեղում կտեսնենք արեւելահայության ճակատագրական նշանակություն ունեցող այդ ժամանակահատվածը ներկայացրել է Արեւելյան Հայաստանի ու Պարսկաստանի քաղաքական նշանակալից անցքերով հարուստ պատմության ընդհանուր շաղախում։ Ի դեպ, ընթերցելով այդ պատմագիրների ստեղծագործությունները, ստացվում է այն տպավորությունը, որ կարծեք նրանց միջեւ ինչ որ ներքին պայմանավորվածություն է գոյություն ունեցել։ Այն քաղաքական, հոգեւոր ու մշակութային կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Արեւելյան Հայաստանում, Դարանաղցին անցողակի է նշում (Պարսկա-թուրքական պատերազմները, մեծ սուրգունը, կաթողիկոսության համար գահակալական պայքարը, Մելքիսեթի հալածանքները առաջադեմ հոգեւորականության նկատմամբ, հայ եկեղեցու վերանորոգչությունը անապատականների ծավալած գործունեությունը եւ այլն)։ Թվում է, թե նրան հայտնի է եղել, որ այդ իրողությունների մանրամասն պատմությունը գրված է, գոյություն ունի եւ նա բավարարվել է միայն՝ ակնարկների ձեւով դրանց անդրադառնալով։ Ինչպես կտեսնենք նույն ձեւով վարվել է եւ Դավրիժեցին, նա էլ արեւմտահայության կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններին անդրադարձել է հպանցիկ։

Դարանաղցու Ժամանակագրությունը բաղկացած է երկու մասից։ Առաջինը ընդգրկում է 1018—1634թթ. ժամանակահատվածը՝ թուրք հրոսակների ասպատակությունները Վասպուրականում եւ Սենեքերիմ թագավորի կողմից Վասպուրականի հանձնումը կայսրությանը, նրա փոխադրվելը Փոքր Ասիա, մինչեւ Հայոց զատկի կապակցությամբ հույների ու հայերի միջեւ վիճաբանություներին վերջ տալը (1—280 էջեր): Երկրորդը նվիրված է էջմիածնի եւ Սսի՝ պատմագրի ապրած ժամանակաշըջանի կաթողիկոսների գործունեությանը, սկսած Դավիթ, Մելքիսեթ եւ Ավետիս կաթողիկոսներից մինչեւ Փիլիպպոսը ներառյալ [23] ։

Ի դեպ Դարանաղցին երեք կաթողիկոսների առկայությունը «Յոյժ անկարգություն» [24] է համարում ու Դավիթ կաթողիկոսի բերանով հաստատում է Դավրիժեցու վկայությունը կաթողիկոսության դրամական ծանր դրության մասին, Դավիթն ասել է Դարանաղցուն, որ նման վիճակի պատճառը «ոչ էր հարկապահանջութենէ թագաւորաց կամ յիշխանաց, այլ ի հակառակութեն է միմեանս անկանելով, յափշտակել ջանալով զկաթողիկոսութիւնն, կաշառս խոստանային անօրինաց ձեռագիր կրնքեալ նամակով, մինչեւ քառասուն եւ վեց հազար ղուրուշն յաւելով, ով որ ղապուլ արար, նա նստելով յաթոռ։ Եւ առնէին բազում ապականութիւնս եւ նեխութիւնս եւ անկարգութիւնս   իւրեանք եւ իւրեանց չար առաքեալ նուիրակքն ընդ ամենայն աշխարհին հայոց» [25] ։ Դարանաղցին էլ խիստ բացասական է գրում Մելքիսեթ կաթողիկոսի մասին [26]:

Իսկ Սսինը՝ Գրիգոր Պահլավունուց (Ներսես Շնորհալու եղբայրը) մինչեւ Սիմեոնը (1636թ. Ժամանակագրությունը վերջանում է Լվովում Նիկոլ եպիսկոպոսի պատճառած չարիքների նկարագրությամբ (283 588 էջերը)։ Վերջում հրատարակիչ Նշանյանր տվել է հավելված, ուր բերված են Դարանաղցու ընդօրինակած մի քանի կարեւոր գրքերում գրած հիշատակարանները, որոնք նրա կենսագրության մասին պարունակում են որոշ տեղեկություններ (591 619 էջերը)։

Դարանաղցին էլ, ինչպես ինքն է ասում, պատվերով է գրել իր «Ժամանակագրությունը»։ «Թուականաբար վիպասանաբար շարագրութիւն եւ պատմութիւնք ժամանակաց, նշում է նա, կարճ ի կարճոյ ժամանակաց անցելոյ, զոր ոմանք գրեալ են, բայց ոչ զժամանակն եւ ոչ զտեղին եւ ոչ զանուն գրողին է յայտնի։ Եւ մեք Գրիգոր տրուպ ամենայն վարդապետաց հարկեալ մեր ի Գասպար իրիցիէ [27] բանասիրէ եւ իմաստակի գրել համառօտ պատմութեանցս գրելոցս» [28] ։

Պատմագիրն ընդհանրապես իր օգտագործած աղբյուրներից եւ ոչ մեկը չի հիշատակում, պատճառաբանելով, թե ոմանք գրել են, սակայն անունները հայտնի չեն։ Այստեղ, իհարկե, նա մեղանչել է պատմության առաջ. կաթողիկոսությունը Սսից էջմիածին փոխադրելու պատմության ամբողջ շարադրանքը նա վերցրել է Թովմա Մեծոփեցուց, անգամ մի քանի տեղ հիշատակում է նրա անունն իբրեւ, այդ գործի նախաձեռնողներից մեկի, սակայն առանց նշելու նրա «Պատմության» մասին։

«Ժամանակագրության» մեջ մի քանի անգամ նա ընդգծում է, որ այն, ինչի մասին ինքը գրել է՝ ականատեսի վկայություն է [29], կամ իրեն պատմել են դեպքերի մասնակիցները [30] ։ Գրել է նաեւ «Հարանց վարք», որ մեզ չի հասել [31] ։

Դարանաղցու հիմնական նպատակն է եղել տալ XVI դարի վերջից Թուրքիայի, հիմնականում նրա տիրապետության տակ գտնվող արեւելյան նահանգների՝ Անատոլիայի, այդ թվում եւ հարավ-արեւմտյան Հայաստանի տարածքում ծավալված ջալալիների շարժման, նրանց ասպատակությունների հետեւանքով դեպի արեւմուտք հայերի զանգվածային արտագաղթի, նրանց անկայուն ու անապահով վիճակի ու կրած անասելի տառապանքների պատմությունը։ Եթե Դավրիժեցուն կարող ենք համարել արեւելահայության՝ Պարսկաստան բռնագաղթածների պատմագիր, ապա Դարանաղցուն՝ արեւմտահայության հարյուր հազարավորների հասնող պանդուխտների պատմագիր։ Եթե 1639թ. Պարսկա-թուրքական դաշնագրից եւ Հայաստանի վերջնական բաժանումից հետո Արեւելյան Հայաստանում, Թուրքիայի հետ համեմատած, հայերի՝ ֆիզիկական զանգվածային բնաջնջման վտանգը միառժամանակ դադարել էր սպառնալիք լինելուց եւ Դավրիժեցին նկարագրում է Հայ բռնագաղթածների «ղարիպականքի»՝ հիմնականում գյուղացիության ու քաղաքային ստորին խավերի գործադրած ջանքերը հայրենիք վերադառնալու համար, ապա ջալալիների շարժման խորացման ու ահռելի չափեր ընդունած ավերածությունների, կողոպուտի, գերեվարման, բնակչության ոչնչացման, քաղաքների ու գյուղերի ամայացման պայմաններում՝ Դարանաղցին, ընդհակառակը, պատմում է թե ինչ համառ ջանքեր ու միջոցներ էին գործադրում արեւմտահայ պանդուխտները՝ երկարաձգելու իրենց վերադարձը հայրենիք եւ թերեւս դրանով խուսափելու ֆիզիկական բնաջնջումից, քանի որ իրենց հայրենիքում սուրն ու կոտորածն էր թագավորում։

1639 թ. Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված խաղաղությունը նվազ նպաստավոր եղավ վերջինիս եւ մասնավորապես Արեւմտյան Հայաստանի համար, որի տնտեսական կյանքի հիմքերը խախտվել էին ոչ միայն տեւական արտաքին պատերազմների, այլեւ 1595-1628 թթ. ընթացքում պարբերաբար կրկնված ու ծավալված ջալալիների ապստամբությունների պատճառով։

Ջալալիների ապստամբությունները երկրի ավերածության, անիշխանության, սանձարձակ կեղեքման ու ճնշման արդյունք էին։ Երկրի արտադրողական ուժերի անկումը, ենիչերիական կամայականությունների սաստկացումը կենտրոնական իշխանության դեմ ոտքի էին հանում ներքին նահանգների զինվորներին, ուժեղացնում նրանց դասալքումներն ու տրտունջները, հանգամանք, որ իրենց նպատակների համար ճարպկորեն օգտագործում էին կենտրոնական իշխանությանից դժգոհ բանակի միջին օղակի հրամանատարական կազմը եւ տեղական մանր ֆեոդալները։ Այդ ապստամբություններից, որ ուղղված էին սուլթանական ռազմաֆեոդալական դաժան ռեժիմի դեմ, մեծապես տուժում է Արեւմտյան Հայաստանի եւ փոքրասիական նահանգների բնակչությունը եւ առաջին հերթին հայ գյուղացիությունն ու քաղաքաբնակչությունը [32] ։

Դարանաղցին վշտացած գրում է այդ ռեժիմի ավերիչ հետեւանքների մասին XVII դարի սկզբում, սուլթան Մուհամմադի ժամանակ նշում է, որ երկրում վերացել էր դատն ու դատաստանը, անիշխանություն էր տիրում, ջալալիները Անատոլի երկրամասը ավերակ դարձրին ժողովրդին փախուստի մատնեցին, պանդխտությունը զանգվածային ծավալ ստացավ, «Չորս պատուհաս մի զմիոյ կնի եղեն ի վերայ ամենայն աշխարհացն, սով եւ մահ եւ սուր եւ գազանակերություն, որ շատ մարդակերութիւն եղեն¦ [33]:

Այնուհետեւ ընդգծում է, որ սուլթան Մուհամմադի անհոգության պատճառով պարսից Շահ Աբրաս Ա-ն մեկ տարում բազում քաղաքներ ու գավառներ գրավեց, սուլթանի եւ վեզիրների անիրավ զրկանքների ու հափշտակությունների պատճառով հասարակության բոլոր խավերը իշխաններր, դատավորները, շինականները, զինվորականներն ու զորքը, տուժում են։ Պատմագիրը հաղորդում է, որ գավառապետներին ու դատավորներին կաշառքով էին նշանակում եւ չնայած դրան, նոր նշանակվածը դեռ տեղ չհասած պաշտոնանկ էր արվում եւ ուրիշն էր նշանակվում, սակայն առաջինն իր տեղը չէր զիջում եւ սկսվում էր ներքին արյունալի պայքար պաշտոնի համար, երկուսն էլ զորք էին հավաքագրում ռամիկ հողագործներից, կազմում մեծ բանակ ու ապստամբում սուլթանի դեմ, դառնում ջալալիներ։

«Եւ եղեն իբրեւ զձկունս մեծամեծք եւ փոքունք, որ զմիմեանս կլանեն... եւ զմիմեանս կու սպառէին առանց օտար թշնամեաց, այլ թշնամիք եղեն առ միմեանս եւ առ ազգայինս իւրեանց, եւ այսպէս չարանալով՝ բնաջինջ արարին զամ են այն աշխարհն Անատոլու։ ... Բազում աշխարհք անմարդք դարձան, եւ ավերակք բազմացան» [34] ։

Դարանաղցին գրում է, որ այդ սարսափները, կարծեք քիչ էին, դրան ավելացավ 1599թ. երաշտը, 1600թ. սկսված սովը։ «Բազումք մեռանէին ի սաստկութենէ սովոյն եւ անկեալ լինէին դիակունք նոցա թէ ի գիւղս, թէ քաղաք եւ թէ յանցս ճանապարհաց եւ ոչ ոք էր որ թաղէր զնոսա» [35]:

Նրա «Ժամանակագրության» առաջին մասը հարուստ ու արժեքավոր տեղեկություններ է պարունակում XVII դարում թուրքական պետականության հիմքերը խարխլող ջալալիների շարժման պատմության վերաբերյալ, եւ նրա լուսաբանմանը նվիրված աշխատությունների հեղինակները Ղարանաղցուն չդիմել չէին կարող, նրանք հիմնականում բերել են նրա վկայությունները [36] ։ Մեր նպատակը չէ տալ այդ շարժման պատմությունը, այլ անդրադարձել ենք այդ շարժման հետեւանքներին՝ հայերի ու Հայաստանի համար, որոնք եւ հանդիսացել են արեւմտահայության արտագաղթի եւ պանդխտության հիմնական պատճառն ու խթանող հանգամանքը, որի պատմությունը եւ կազմել է Դարանաղցու «Ժամանակագրության» առանցքը։

«Երբ տեսաք, գրում է նա, Հարզուլումէն (Էրզրում— Լ. Բ. [37] ի վայր ամենայն աշխարհի մարդիկ երկրակոչ էին արարել իյահէ սպանողացն եւ չարաչար տանջողացն, ի փախուստ տեղացն մազապուրծ լինելով, թափուր եւ ունայն յամենայնէ, մերկ եւ բոկ մուրանալով եկին յԸստամբօլս... ոմանք յԱնատօլի եւ ոմանք ի Թիրակայս, որ է Ըռումելիս, յորում կամք մեք մերայովքս, բոլոր գաւառօքս բնակեալք ի վաղուց ժամանակաց հետէ (1605 թվից— Լ. Բ. Եւ ոմանք բազումք ի մերոցն եւ այլեւայլ քաղաքաց եւ գաւառացն ի յԸստամբօլ մնացեալ, բնակութեամբ զետեղեցեալք, մինչեւ ցայսօր ժամանակի, որ է թվին ՌՁԳ (1634)։ ... Ոմանք երկու ամաւ յառաջ եկեալ էին եւ ոմանք բազումք ընդ մեզ եկին, որ էր թվ. ՌԾԴ (1605), եւ շատք այլ յետոյ եկին եւ ցրուեցաե յԱնատօլ եւ յՈւռումէլս յամենայն քաղաքս, մինչ   ի Պէլըրղատ, մինչ Պուղտանաց աշխարհն եւ ի Լեհաց» [38] ։

Պատմագիրը ջալալիներին գազաններ է համարում. «... ի մարդակերպ Ջալալոց գազանաց ժանեացն զերծելոյն…» [39] ։

Դարանաղցին ցավով ներկայացնում է Հայաստանում ստեղծված անտանելի վիճակն ու հայերի բնաջնջման վտանգը։ Նա ընդգծում է. «խուռն աւերակութիւն եղել ասիական աշխարհին, որ այժմ Անատօլիս կոչեն, ի ջալալոց բորբոքմանէն, մանաւանդ տառապեալ վշտատես ազգացս Հայոց աշխարհին, որ երկու սրոյ միջի գոլով միշտ եւ յանապազ ի պարսից եւ ի թուրքաց, եւս առաւել յայնմ ժամանակին ի ջալալոցն անհանդուրժելի դառնագոյն նեղութեանց վտանգիցն...

Եւ այսքան վտանգից միջի լինելով հանապազ, յահ եւ երկիւղ ի դողման եղեալ, ի խարխափել ծառոց տերեւանց՝ ի յայրս եւ ի փապարս լերանց եւ ի ծերպս վիմաց դիմէին փախստեայք, եւ անդ լինէր արհաւիրք ահից ի գողոց եւ յաւազակաց, ոչ թուփ թաքստեան լինէր եւ ոչ վէմ ապաւինութեան» [40] ։

1620-ական թվականներին Արեւմտյան Հայաստանում տիրող իրավիճակի մասին Դարանաղցին գրում է, թէ ինքը վաղուց մեծ ցանկություն է ունեցել գնալ հայրենիք, բայց «Երկիւղ ահից անօրինաց գիշատողացն չէաք իշխէր գնալ... յԸստամբօլու իվեր մեծանուն մարդն այլ չի աղատիր կեղեքողացն… » [41] ։ Մի անգամ Երուսաղեմից վերադարձին, նա որոշած է եղել գնալ Հալեպ, այնտեղից էլ հայրենիք, սակայն Հալեպում հանդիպել է իրենց քաղաքից ՝ Կամախից նոր եկած երկու անվանի մարդկանց, որոնք նրան «Բօթալից խապարնի ետուն թէ՝ այնպէս սրոյ եւ սովոյ եւ գերութէան միջոյ է աշխարհքն մեր քան զառաջին ջալալոցն յաւելի, մանաւանդ եւս առաւել յայսմ ամի (1628-Լ. Բ. ), որ հեծեալն մարախոլ պէս տարածել են եւ մանաւանդ տաթարին գայլազօրքն, որ ծուխ նոցա մինչեւ յերկինս է եւ շող սուսերացն իբրեւ զփայլակն կու ծփայ եւ կու փայլատակէ. յո՞ւր կու գնաս։ Ահա մեք այլ փախստական եմք. յերեք դիհաց ահ եւ երկիւղ կայ՝ պարսից եւ Յապազին (Էրզրումի փաշան- Լ. Բ. ) եւ թագաւորին հեծելազօրին: Թէ ա՞նդ էիր, նա շատոց փախստական էիր լեալ, այժմ ի մէջ արիւնարբո՞ւաց կու կամիս գնալ, որ ի հողէն եւ ի ջրէն արիւնահոտ կուգայ» [42] ։

Լսելով այդ մասին Դարանաղցին, ստիպված նորից գնացել է Ստամբուլ, քանի որ դրանից շատ առաջ նա եւ նրա հայրենակիցները իրենց կաշվի վրա զգացել էին այդ արյունարբուների պատճառած դառնությունները եւ ստիպված նորից փախել էին հայրենիքից ու վերադարձել Պոլիս, որի շրջակաները, ինչպես ինքն է գրում, էին §երկրորդ հայրենիքս մեր¦ [43]:

Նշելով, որ 1609թ. Մուրադ փաշան, Անատոլիայում ջալալիների ապստամբությունները ճնշելուց հետո, վերադարձել էր Պոլիս, Դարանաղցին գրում է, թե այդ փաշան ելնելով պետության շահերից, նպատակ է ունեցել նորից շենացնել ամայացված Անատոլիան, դրա համար սուլթանից հրովարտակ էր վերցրել այնտեղից գաղթած հայերին ու թուրքերին իրենց նախկին բնակավայրերը բռնի վերադարձնելու մասին։ Նա գաղթածներին երեք ամիս ժամանակ էր տվել նախապատրաստվելու վերադարձի։ Ժամկետը լրանալուց հետո նրանց բռնի ուժով «արտաքս արարին եւ հանին ի քաղաքաց եւ ի գեղորէիցեւ յագարակաց եւ թողին անխնամս» [44] ։ Շատերը, գրում է պատմագիրը, կաշառքով եւ մեծամեծ իշխանների հովանավորությամբ, մնացին իրենց տեղերում, իսկ «զշատոցն զկարասիսն ի դուրս լցին եւ զդրունսն փակեցին»: Եվ դառնացած ավելացնում է. «Անդ էր տեսանել զամենայն սիրտ ի տրտմութիւն եւ զաչս յարտասուս եւ զկականումն մօր եւ մանկանց» [45] ։

Դուրս քշվածները հավաքվել են Դարանաղցու մոտ, պարտավորեցրել նրան առաջնորդելու իրենց՝ դեպի հայրենիք։ Եվ նա մեծ դժվարություններով 7000-ից ավելի հայերի ու թուրքերի հետ վերադարձել է Անատոլիա։ Սակայն շուտով, ոչ միայն ինքը եւ իր հետ եկածներից, այլեւ նախկինում չգաղթածներից շատերը ստիպված են եղել նորից պանդխտության ցուպր բռնել ու գնալ դեպի Պոլիս եւ նրա շրջակաները։

Պատմագիրը հաղորդում է նաեւ, որ երբ իրենք եկել էին հայրենիք, Էրզրումի փաշան էր Հասան անունով մեկը, որը դեպի հայերը լավ է տրամադրված եղել, բայց 6 ամիս հետո այդ փաշային փոխարինել է ոմն «այրն անողորմ եւ գազանաբարո» [46] Զիլֆիխառ անունով, որի զորքը հիմնականում ջալալիներից էր կազմված, նրանց նկատմամբ մեր պատմագիրը խիստ ատելությամբ է խոսում։ Այս առնչությամբ նշում է, որ եթե որեւէ գործի համար Հասան փաշան քաղաքներն ու գավառները հինգ ձիավոր էր ուղարկում, ապա «գազանս Զիլֆիխառս վաթսունական ձիավոր. «եւ սկսան զառաջին սովորութիւնն ի գործ ածել, զոր ի յապստամբութեանն կու գործէին։ Եւ լցաւ երկիրն վայիվք եւ աղաղակօք ի բռնութենէ անօրէն նեղչացն» [47] ։ Այնուհետեւ Դարանաղցին նկարագրում է, թե ինչպես ինքը 1611թ. փախել է այդ փաշայի հետապնդումներից, թաքնվել է գոմերում, սպանությունից փրկվել ու գնացել է Բենկա վանքը, մեկ տարի մնացել է այնտեղ։ Սակայն այստեղ էլ հանգիստ չի գտել, անգամ ծեծի է ենթարկվել, նրան մեղադրել են, թէ իբր ասել է, բոլոր մուսուլմանները շուն են եւ մուռտար, շները լավ են քան նրանք [48]: Մեծ դժվարություններ հաղթահարելով, նա մի կերպ կարողացել է փախչել, գնալ Տրապիզոն, այնտեղից էլ Պոլիս, ուր հանդիպել է նորանոր անախորժությունների՝ Պոլսի պատրիարք Գրիգոր Կեսարացու կողմից։

«Բայց մեք, գրում է նա, անկաք ի փորձութիւնս անզերծանելիս ընդ յերկար ժամանակս, ի նեղութենէ եւ ի վշտաց սուտ եւ իրաւ, նախանձոտ եւ տչաղկոտ եղբարց եւ ի քսմոս եւ ի բանսարկու քահանայից եւ ժողովրդականաց ոմանց, որ գրգռեցին ընդ մէջ մեր եւ ընդ Կեսարացի Մեծ Գրիգոր վարդապետին՝... որ բազում վիշտս եւ անհանդուրժելի նեղութիւնս եւ տառապանս կրեցաք ի միմեանց եւ հալածանս ընդ յերկար ժամանակս» [49] ։ Ահա թե ինչպես է բնութագրում Դարանաղցին իր երդվյալ թշնամուն՝ Կեսարացուն. «Եկաւ Կեսարացին մեծաւ ամբոխիւ, հմուտ ի Բուզանդիա ահեղագոչ եւ խրոխտ կերպիւ որպէս զառիւծ, որ ամենայն հայոց ազգն սարսեցին ի նմանէ։ …Ունի խորհուրդ... զի ինքն միայն բնակելոյ յայսմ աշխարհի... կու հռչակէին հանապազ ամենայն ոք զանողորմ բարք եւ զընկերեղբայրատեցութիւնն եւ զգոռոզաբար մեծամտութիւնն, նա ՛ չէաք հաւատար թէ՝ գոնեա օրինազանցսն անաչառ խրատելոյ եւ զոչ եկեալս յուղղութեան աղագաւ է։ Նա՛ ոչ բնաւ, այլ ագահութեան ախտից եւ փառամոլութեան համար եւ ոչ վասն Աստուծոյ» [50]:

Պատմագիրն ինչպես ինքն Է իրեն ներկայացնում, անհաշտ ու անողոք Է եղել տգետ, հետադեմ, ժողովրդին կեղեքող, նրա արժանապատվությունը ոտնահարող, խարդախ ու քսու սեւագլուխների նկատմամբ, որոնց սակայն Գրիգոր Կեսարացին հովանավորել է եւ այդ հողի վրա քիչ չարիքներ չի պատճառել Դարանաղցուն։ Նա գրում է, թե իր մոտ է կանչել Ըռաստողուց ոմն Նազարեթ (Ղազար) անունով երեցի, Նաղաշ մականվամբ, հանդիմանել է նրան կատարած դավաճանության ու անօրինությունների համար. «նա կատաղեալ բարուքն դարձաւ առ մեզ ի հայհոյութիւն եւ ի յաղտեղի խօսս անարգութեան։ Եւ այլ ոչ կարացաք հանդուրժել ասացի. ով կատաղի չարութիւն, օձ, իժ եւ քարբ եւ մատնիչ Յուդայ, դու այնպիսի մեծահրաշ զատկի աւուրք յԸռատօղու մեր քահանայիցն եւ առ հասարակ ժողովրդոց գլուխն ի՞նչ անհրաժեշտ չարիք է որ անցուցեր ես. կա՛ց, մնա՛, որ Կեսարացին գայ հետ նորա դատաստան ալ քննութիւն առնենք եւ դատապարտեմք զքեզ չարաչար, որ շատոց խրատ լինի»։ Ապա դառնացած մեր պատմագիրն ասում է. «Այլ նա այսպիսեաց փոյթ չէ ունեցեր, այլ սա ի նմանէ (Կեսարացուց- Լ. Բ. ) ուժ առեր եւ զօրացեր, նորին ուժովն լրբենի երեսօք իբր զշուն կատաղի՝ հաջելով ընդ երեսս մեր անասելի հայհոյութեամբ, զի ոչ կարացաք հանդուրժել, այլ յարեայ գաւազանաւ հարի զանզգամ լիրբն զայն եւ Տէր Սիմէոն աշակերտն մեր ընդ բռամբ եհար րնդդէմ բերանոյն եւ զգլխոյն եւ ի դուրս եհան» [51] ։ Այնուհետեւ Դարանաղցին գրում է, թե այդ Նազարեթը գնացել գանգատվել է Կեսարացուն եւ նա ասել է. «Լուռ լեր, ես այնպիսեաց աղագաւ կու գամ յԸստամբօլ, զքո վրէժն այլ առնեմ եւ այլ շատ չարիք ունիմ առնել ընդ նոսա։ Եւ այս եղել սկիզբն եւ պատճառ երկանց ցաւոցեւ յերկար ժամանակուան անհաշտ խռովութեանցն եւ ատելի թշնամութիւն նորա ընդ մեզ» [52] ։

Դարանաղցին ասում է, որ ինքը շատ է մտահոգված եղել պանդուխտների վիճակով, ամեն ինչ արել է թեթեւացնելու նրանց դրությունը: Նեղություններ պատճառողների նկատմամբ հանդես Է եկել անօղոք դատավորի դերում, հրապարակայնորեն անարգանքի սյունին Է գամել պանդուխտներին կեղեքող հոգեւորականներին, որ ինքը թուրքական դատարաններում ու պալատական մեծամեծ պաշտոնյանների մոտ պաշտպանել Է նրանց շահերը, հաճախ վտանգի ենթարկելով իր կյանքը։ Պատմագիրն առանձնապես ատելությամբ Է խոսում Գրիգոր Կեսարացու մասին, առիթ բաց չի թողնում մերկացնելու նրա ու նրա հովանավորյալների մեքենայություններն ու նենգ ու դաժան, գռփողական գործունեությունը։ Նա զայրույթով գրում Է, որ Կեսարացին փոխանակ մխիթարելու պանդուխտներին, նրանց ծաղրի Էր ենթարկում, հրապարակով խայտառակում, քաջ գիտենալով, որ գյուղական քահանաները գրագետ չեն, ստիպում Էր գիրք կարդալ «ոչ թէ ուսուցանելոյ աղագաւ առնէր զայն, այլ Նազարէթինեւ այլոց վերակացուաց աշխարհականաց խրատովն (որոնց մասին գրում է. «ղապալին ուժովն յառաջակայք՚ էին դարձել) [53] առնէր այնպէս, զի հաճոյ թուեսցի նոցա վասն առաւել ատելութեանն, որ ունին առ տառապեալ, աղքատ եւ սնանկ նժդեհից եւ պանդուխտ եղելոց քահանայիցն, որ պարտ էր եւ արժան՝ սփոփել եւ մխիթարիչ լինել հալածելոցն եւ ի մեծ վշտաց եկելոցն։ Նա փոխանակ մխիթարութեանցն՝ կրկին վիրաւորէին զվիրաւորեալսն եւ զթալանեալսն եւ զտարագրեալս ի գաւառաց եւ ի հայրենի տանցն եւ ժառանգութեանցն» [54] ։

Պատմագիրը զայրույթով է գրում նաեւ Կեսարացու կողմից քահանաներին հարկադրման մասին [55] ։

Այնուհետեւ նկարագրում է Կեսարացու կողմից իրեն հալածելը եւ եկեղեցուց հեռացնելը։ Նրան գցել են Ս. Նիկողայոս եկեղեցու խցերից մեկը, պահել իբրեւ բանտարկյալ, հաց ու ջուր չեն տվել, ստիպված երկ ու անգամ գրել ու խնդրել է իրեն բաց թողնելու մասին։ Նրա նամակատարին Կեսարացին ասել է «թո՜ղ ելնէ երթայ յատապով յայսմ աշխարհէ, եւ թէ ոչ՝ զինքն յէշ կու հեծուցանեմ, զերես կու մրեմ եւ քաղերդ կու անցուցանեմ ի պարանոցն եւ ամենայն քաղաքին նշաւակ կառնեմ զինքն» [56]: Այդ լսելով, գրում Է պատմագիրը, թողել հեռացել Է։ Հակառակ Կեսարացու ու նրա համախոհների հալածանքներին, Դարանաղցուն ժողովուրդը հարգել ու սիրել Է, նեղն ընկած տեղը դիմել Է նրա օգնությանը եւ փոխարենը նրա նեղն ընկած ժամանակն Էլ ժողովուրդն Է մխիթարել, թեւավորել Դարանաղցուն, բնակության տեղ ու մեծ պատիվներ տվել [57] ։ Անգամ մեղադրել են նրան, ասելով. ՙՎասն Է՛ր լուռ կաս եւ ոչ խօսիս ընդ Կեսարացին. մեզ մեծ ամօթ Է եւ նախատինք գքեզ յայդ հասուցանելն... Մեք առ ժամս այսչափ մարդիկս (50 հոգի— Լ. Բ. ) զանձներս ի մահ եդեալ եմք ի վերայ քեզ՚ [58] ։ Իրենց միջամտությունն ու օժանդակությունն են առաջարկել Դարանաղցուն ՝ վերականգնվելու իր վիճակում, սակայն նա կտրականապես հրաժարվել Է ու ուխտի գնացել Երուսաղեմ [59] ։

Պատմագիրը նշում Է, որ դրանից հետո էլ Կեսարացին չի դադարել իրեն հետապնդելուց։ Նկարագրելով պատրիարքության համար ծավալված պայքարը, նա գրում Է. ՙմինչ որ այս Կեսարացի Գրիգոր թիւնաւոր վիշապս եւ փառամոլս ինքնին երեկ, բռնութեամբ անկաւ ի վերայ եւ յինքն գրաւեաց զպատրիարգութիւնն։ Ահա երկու ամ Է եւ ի մուտ երրորդին եւ զմեզ խիստ կու նենգէ եւ ջանք ունի՝ թէ զհին ոխն թափէ ի մեզ…՚ [60] ։ Ոմն Ազարիա փիլիսոփայի կապակցությամբ էլ գրում է. ՙԱյս չար վիշապս եւ անյագ գայլս ՝ Կեսարացի Գրիգոր պատրիարգ անուանեալս, որ այժմ չար խորհրդով է ընդ մեզի տարապարտուց, վասն ագահութեան ախտից աղագաւ անհաշտ թշնամութիւն ունի ընդ մեզ եւ որոգայթել կամի,   Այս գազանացեալ Գրիգոր Կեսարացին հանգստութիւն չետուր նմա՝ (Ազարիային - Լ. Բ. ) վարպետ անուն սակին, որ երկոտասան ամ զաշխարհ կողոպտելով տալով իւրն, մինչ ի հինգ հազար ղուրուշն եւ այլ յաւելի, չկարացի յագեցուցանել զանյագ բնութիւն նորա: Եւ առնոյը զժողովեալ ինչս նորա եւ ոչ կամ էր տալ գաւազան, զի մինչ իւր ծառայեսցէ, ինչս ժողովեսցէ եւ բերցէ առ ինքն, որ քան զՅուդային եւ զՍիմոնին առաւել ունի զախտ արծաթսիրութեան [61] ՚։

Դարանաղցին ընթերցողին հավատացնում է, որ ինքն ատում է փառամոլությունն ու ագահությունը, զայրույթով է խոսում դրանցով տարվողների մասին, անկախ դեմքից ու դիրքից: Ասում է՝ «Եւ որք բանիբունք են՝ այսպիսի չարաչար ախտիւք լցեալք են, մանաւանդ որ մեծահռչակ գլուխ աթոռոց տեարք են, որպէս Յերուսաղէմայն, Սըսայն եւ Վաղարշապատուն, եւ Երուսաղէմայն եւ Կոս տանդիանոսի Պօլսոյ սուտ անուն պատրիարգ նստողքն, ով ոք եւ իցեն՝ կու ջանան որ իւրեանք միայն բնակիցեն յաշխարհի... եւ վիշապօրէն կամին զամենեսեան կլանել, մանաւանդ զմեզ, որպէս Կեսարացի Գրիգորն... ագահութեան եւ փառամոլութեան ախտից աղագաւ, որ զյափշտակութիւն գայլոց կու գործեն» [62]: Այնուհետեւ նկարագրում Է այդպիսիների կողմից ժողովրդին կողոպտելու մեքենայությունները «բազմահնար՛ չարեօք խաբէութիւն առնելը [63] (Չանկչի, Վարդան, Ոսկան, Մելքիսեթ եւ ուրիշներ)։ Ի դեպ այդ Չանկչի սեւագլխի օրինակով Դարանաղցին բացահայտում է XVII դարում Հայաստանի տարածքում կաթոլիկ միսիոներների կողմից մասսայական բնույթ ստացած սրբերի մասունքների գողության, հափշտակության, առ ու ծախի, (որոնց մասին դարի պատմագիրները շատ վկայություններ ունեն), նպատակն ու պատճառը. ասում է, թէ դա մեծ եկամուտների ձեռք բերման հատուկ աղբյուր էր դարձել։ Ոստան գավառից Նիկիայի կողմերն է գնացել այդ Չանկչի կոչվածը, ուր հայկական գյուղեր շատ կային, հետը տարած է եղել մի սուտ աջ եւ «ի պատճառս նորա բազում ոճրագործութիւնս առնէր եւ հիացուցանէր զտգէտ եւ զկոյր դասս ռամիկ շինականաց» [64] ։

Մեկ անգամ Ստամբոլի Պեշիկտաշի թաղում Չանկչին իր շուրջը հավաքված կանանց «այնչափն էր ջերմացուցեր ի սէր սուտ սնոտի փաթեթմանն, որ մերկացեր էին ի զարդուց ոսկեղինաց եւ արծաթեղինաց՝ թէ՛ ապարանջան, թէ՛ գինդ, թէ՛ մատանի, թէ՛ մեհեւանդ, թէ՛ լանջագեղ կամար, թէ՜ դիպակ լաչակ եւ պաստառակալ ասղանկար, թող զբաղմութիւն ղուրուշից եւ դենարից եւ դրամոցն, եւ յայնժամն էին դիւահարել ողջ եւ առողջ հինգ կանայքն» [65]:

Այդ գրելուց հետո Դարանաղցին ընդգծում է, թէ «Եւ սուտ աջն այն զոր ունէր, կարծեմ՝ թէ յԸստամբօլէս տարեալ լինէին վաճառականքն եւ նորա վաճառեալ էին, որպէս մեզ պատահեալ եղեւ, որ հոռոմ աբեղայ մի տաճկացեր էր եւ այսպիսի չարաչար հնարօք զբաղումս պատրէր, երթեալ ի գերեզմանացն զմեռելոց ոսկերսն բովանդակ հանէր եւ հոռոմ ձիթով քաջ եփէր, զաֆրանով եւ միսկով անուշահոտ առնէր եւ գաղտագողի վաճառէր ոմանց» [66]:

Պատմագիրը այսպիսի պատմություններով բարի ծառայություններ է մատուցել միամիտ հավատացյալ ժողովրդին, «զգուշացուցանելոյ աղագաւ գրեցի ձեզ, զի մի վաղվաղկոտ լիցիք եւ դիւրահաւանք յանծանօթս պատահողաց ձեզ այսպիսեացս, որպէս գրեցաք» [67] ։

* * *

Պանդուխտներին, որոնց մեջ եւ մեր պատմագրին, պակաս վիշտ չի պատճառել 1635 թ. սուրգունը, եւ նա դառնությամբ է գրում այդ մասին։

Նա նշում է, որ Սեբաստիայում «յամենայն կողմանց մարդիկն՝ հայք եւ տաճիկք մնացեալքն որ անդ, զաղաղակ բարձեալ բողոքեցին առ կայսրն (սուլթան Մուրադին- Լ. Բ. ), թէ մեք մնացեալք սակաւաւոր եմք եւ աշխարհնին աւերակք են, եւ հարկապահանջութիւնն անպակաս է, եւ այս աշխարհաց մարդիկն Ըստամբօլ եւ ի բոլորքն են, չեմք կարող հարկապահանջութե անցն դէմ կալոյ վասն սակաւութեանն մերոյ, կամ զնոսա զամենեսեան հրաման ա՛րա որ գան ի վեր յիւրաքանչիւր տեղիս, եւ կամ մեզ այլ հրաման տուր գնալ առ նոսա» [68]: Սուլթանը խիստ հրաման է տվել բոլորին քշել իրենց նախկին բնակավայրերը։ «Ողբովք եւ կոծովք լցաւ քաղաքն ամենայն» (Պոլիսը— Լ. Բ. ) գրում է Դարանաղցին։

Հրամանով սուրգունից ազատվում էին նրանք, ովքեր 40 տարուց առաջ էին եկել, նրանք ովքեր նոր տեղում էին ծնվել ու մեծացել, ազատվում էին նաեւ այրիները, ծերերը, հիվանդները, կաղերն ու կույրերը [69] ։ Պատմագիրն ասում է, որ ունեւորները կաշառքով ազատվեցին, իսկ ինքը թաքիրդաղցիների հետ կարողացել էր երկարաձգել ժամկետը եւ դրա համար «մօտ երեք բեռն ստակ գնաց յետ եւ յառաջն» [70] ։

«Եւ մեզ մնացելոցս, դառնացած գրում է Դարանաղցին, բազմահնարութեամբ կերպից մնացաք մինչ ի գալ թագաւորին ի պատերազմէն պարսից, եւ յամենայն աշխարհ ի կասկածի եւ ի դողման եմք, թէ թողո՞ւ եւ կամ վա՞րէ, զիարդն եւ զորպէսն մեր ոչ գիտելով զապառնին» [71] ։

Հայ պանդուխտների վիճակը շատ ավելի վշտալից է եղել Ադրիանապոլսում։ Քաղաքի կառավարիչը՝ «այր անօրէն եւ անողորմ, խստասիրտ եւ գազանաբարոյ» [72] անխտիր բոլորին բռնի քշել է քաղաքից [73] ։

* * *

Դարանաղցին մեծ հարգանքով Է խոսում անապատականների մասին եւ վկայում Է, որ 1606 թ. Երուսաղեմ ուխտի գնացած ժամանակ անապատականության գաղափարն ինքն Է ներշնչել 15 հայ ուխտավորների, այդ թվում եւ Կիրակոս եւ Սարգիս եպիսկոպոսներին, որոնք եւ այդ շարժման հիմնադիրները դարձան Հայաստանում։

«Եւ ես, գրում է պատմագիրը, յառաջագոյն պատմեցի նոցա, որ յԵգիպտոսէն գնացաք ընդ Սիմէոն աշակերտին մերոյ ի մեծն Իսկիտէ, եւ շրջելով ի յանապատսն, տեսանելով զամենայն կարգս եւ զսահմանս եւ զվարս նոցա, ոչ պակաս   յառաջնոցն սուրբ հարանց վարուց սրբոցն։ Եւ յորժամ պատմեցաք նոցա զամենայն լիով որպէս տեսաք իսկ, եւ նոքա ցանկացան եւ սկսան ասել մեզ թէ՝ եկ, լեր առաջնորդ մեզ եւ գնամք Իսկիտէ, զոր նոքա ողոքանօք խնդրէին լինել անդ, կամ զայլ ոք յղարկել յազգէս հայոց, որ յառաջն բազումք են կացեր եւ շատ գրեանք կայր անդ։ Եւ ես ասացի թէ՝ այնպէս եղիցի որպէս կամիք։ Եւ խորհեցաք ի միասին հնգետասան ոգի, եւ ես յանձին կալայ վասն նոցա ամենայն կարեացն՝ ի հեռաստանէ բերելով զամենայն պիտոյս նոցա» [74] ։ Այնուհետեւ հայտնում է, որ այդպես որոշել էինք, բայց Կիրակոսը հետո միտքը փոխել էր, թէ՝ «ես ի մեր Հայոց երկիրն եւ յազգին մերձ կու գնամ։ ... Եւ այս ի վերնական խնամոցն եւ ի տեսչութենէ Սուրբ Հոգոյն եղել նորա մտափոխութիւնն, որ նախասկիզբն եւ բազմաց օրինակ լինելոց էին յանապատաւորաց յաշխարհէ հրաժարելոցն, որ եւ եղեն իսկապէս եւ կատարեցին անթերի։

Յորժամ այս խորհրդովս հաստատեցին զերեսս իւրեանց յԱրեւելահայսն, մեզ այլ կամ եղել գնալ ընդ նոսա անփոփոխ մտօք» [75] ։ Ցավով, սակայն գրում է, թե ինքը չի կարողացել գնալ նրանց հետ, քանի որ քրոջն օգնելու նպատակով շտապ վերադարձել է Պոլիս։

Մովսես եւ Պողոս վարդապետների մասին հիացմունքով գրում, թե «Եղեն լուսավորիչք Վերին Աշխարհացն Հայոց եւ զարդք եւ զարդարիչք անապատաւորաց... եւ ուղղիչք ամենայն սահմանադրութեանց» [76] ։ Այնուհետեւ մանրամասն նկարագրում է Մովսես Սյունացու գործունեությունը «Ի մէջ երկուց ազգաց գերչաց» [77] ։

* * *

Դարանաղցին, ինչպես առաջաբանում ասվել է, խիստ ատելությամբ է արտահայտվում կաթոլիկություն ընդունած հայերի մասին, որոնց անվանում է «հոռոմներ» եւ մանրամասն նկարագրում է այն չարիքները, որ նրանք պատճառել են հայադավան պանդուխտներին։ Նշում է, որ նրանք ավելի նենգ ու ստոր էին քան իսկական կաթոլիկներն ու թուրքերը։ Ամենուր այդ հոռոմները հայերին ծաղրուծանակի էին ենթարկում ու հալածում, այդ թվում եւ իրեն՝ պատմագրին։ Նա զայրույթով հաղորդում է, որ նրանք արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով «զթագաւորին սիրս հաւանեցուցին հարիւր յիսուն բեռն ստակ կաշառ դրին առաջի թագաւորին, ասելով ընդ թագաւորն թէ՝ հայոց ազգ ասածն մէկ սակաւիկ մե՞ն որչափ հոռոմոց ճինկանայքն են եւ դոցա շատքն ի ղզըլպաշէն, հանապազ դոքա հետ նոցա մի են, նոցա լրտեսք են եւ եարտում (օգնություն —Լ. Բ. ) կենեն յաստից ըստակ ուղարկելով:

Զթագաւորն հաւատացուցեր էին՝ ... քո ղուլն (զորքն— Լ. Բ. ) ամէնն, քո խազինան ի հոռոմ էն կու ելանէ։ Շուն տաֆտարտարն ասելով թէ՝ ես կու ժողովեմ երկու տարին, հոռոմին հսապ (հաշիվ— Լ. Բ. ) չկայ եւ ոչ թիւ. հայուն ութն հազար խարաճ եղեւ ընդ ամէնն։ ... զթագաւորն... հրամայեաց հրովարտակ դրել եւ տալ թէ դոքա առաջին են քան զհայք... եւ այլ հայոց երես չտուին։ Եւ լքեալ յուսահատ եղաք…» [78] ։

Պատմագիրն առիթը բաց չի թողնում մեկ անգամ ես խարազանելու իր հիմնական ոսոխին։ Նա գրում է. «Եւ յետ այսքան խռովութեանցս եւ արիւնահոտ վրդովմանցս մրրիկ լինելոյն, մէր պատրիարգ անուանեալն՝ Գրիգոր Կեսարացին բնաւ հոգ եւ փոյթ չունէր հայոց ազգացս կոխան լինիլն եւ ծաղր եւ նախատ ի հոռոմոց, թէ որ տաճկաց ահն որ չլինէր ի վերայ հոռոմոցն, վաղ ուրեմն բնաջինջ կամէին առնել զայս տեղաց պանդխտացեալ եւ տարագիր հայերս, նա՛ բնաւ հոգ եւ փոյթ չէր, այլ թուլացուցանէր զսիրտս արիացելոցն եւ լքեցուցանէր զձեռս զօրաւորացն ընդդէմ արեան ծարաւեաց մերոց՝ հին թշնամեացն հոռոմոց» [79] ։

Ի վերջո դառնացած բացականչում է. «Ահա այսչափ ժամանակ եղեւ, որ նստող առաջնորդք եւ պատրիարգ անունք զարիւնն քրիստոնէից ծծեցին ՝ թէ ըստամբօլցի աշխարհականքն, որ յանուն եկեղեցեացն բազում գանձարանս լցին, որ յետոյ թշնամեայ ետուն ի կեր։ Նա՛ մեկ հոգետուն կամ հիւանդանոց կամ վանաց կամ անապատից եւ կամ ժողովրդեան, որ հեռի են յեկեղեցեաց, աղօթարանից եւ պատարագաց տեղի պատրաստելոյ փոյթ եւ հոգ չարարին, այլ արարողացն հակառակ էին խափանելոյ» [80]:

Նկատենք, որ պատրիարք Գրիգոր Կեսարացու բնութագրություններում Դարանաղցու անձնական փոխհարաբերությունները իրենց կնիքն են դրել եւ, հասկանալի է, որ դրանք օբյեկտիվ չեն կարող լինել, միակողմանի են եւ Կեսարացու գործունեությունը ճիշտ գնահատելու համար հիմք չեն կարող ծառայել։

* * *

Դարանաղցին ատելությամբ է գրում նաեւ Սսի կաթողիկոսների ու նրանց նվիրակների մասին։ Ասում է. թագավորությունը վերանալուց հետո «եղեն կաթողիկոսք Սըսոյ թոյլք եւ անարիք եւ նուիրակք նոցա... էին արբշիռ եւ անառակ գործովք, լի ամենայն ցոփութեամբ եւ մանաւանդ, իբրել զգայլ յափշտակողք՝ հարեալ կուրութեամբ դաժան ախտիլն ագահութեան, ... զձեռնադրութիւնն, որ արծաթով տային առնել... նոքա վաճառէին զշնորհն աստուածային՝ ընչաւորացն, եւ զարժանաւոր աղքատսն խոտ էին, որպէս այժմ ի ձեռնագրութիւն քահանայից եւ ամենայն աստիճանաւորաց եկեղեցականաց, եւ եպիսկոպոսէ մի առին հազար երեսուն ֆլորի եւ ապա եպիսկոպոս արարին» [81] ։

Գրում է, թե Ղազար անունով մի նվիրակ մի քանի օր մնացել է ոմն մեծ տանուտեր Նիկիտայի տանը, հետո սուտ լուր է տարածել, թե իրենից քսան կարմիր է գողացել Նիկիտան։ Վերջինիս երդումներին չեն հավատացել, Կոստանդին կաթողիկոսը անեծքի թուղթ է գրել ու ուղարկել։ Նիկիտան զայրացել է ու ամբողջ տնով ուրացել իր դավանանքը, մահվան ժամանակ էլ «աղաղակէր թէ՝ Տէր Յիսուս, զիմ հաւատոյ ուրացութեան պատճառն ի Կոստանդին է խնդրէ եւ յամենապիղծն Ղազար Նուիրակէն։ Եւ այսպէս անպարտ անիծիւք զաշխարհս մեր լցին, կաթողիկոս՝ զեպիսկոպոսնք եպիսկոպոսն՝ զքահանայսն, քահանայն՝ զժողովուրդն» [82], եզրակացնում է Դարանաղցին։

Այնուհետեւ նկարագրում է կաթողիկոսության տեղափոխումը էջմիածին ու դրա պատճառները՝ նյութը վերցնելով Թովմա Մեծոփեցուց։ Նորընծա կաթողիկոս Կիրակոս Վիրապեցուն գահընկեց անելը, նա անօրինություն է համարում [83] ։ Դարանաղցին նկարագրում է նա եւ 1441 թվից հետո Սսի կաթողիկոսների գործունեությունը մինչ իր ապրած ժամանակը այդ օրերում Միջագետքի վարդապետների ծավալած եկեղեցական ու ուսումնակրթական գործունեությունը, Պոլսի պատրիարքությանը տիրելու համար Հովհաննես Խուլ մականվամբ վարդապետ ի, Գրիգոր Կեսարացու եւ Զաքարիա վարդապետի միջեւ ծավալված պայքարը, յուրաքանչյուրի գործադրած նենգ ու խարդախ ջանքերը, ապա Լվովի Նիկողայոս վարդապետի կաթոլիկ դառնալն ու դրա քայքայիչ հետեւանքները Լվովի հայ գաղթօջախի համար [84]:

* * *

Դարանաղցին առանձին հիացմունքով է խոսում իր ժամանակակից վարդապետներ   «ամենագովելի փիլիսոփա» Բարսեղ Բաղիշեցու եւ Կարապետ Մոկացու մասին։ Վերջինիս կապակցությամբ ասում է, որ «եւ զամենայն վիպասական շարագրութիւն եւ պատմութիւնք ժամանակաց անցելոց ամենայն ազգաց, մանաւանդ հայկազանց պատմութեանց հնոց եւ նորոց առ ինքն հաւաքելով եւ վերծանելով զամենայն»։ Եվ ավելացնում է. «Որ եւ մեք այլ շատ ինչ օգտեցաք ի նորին շարագրութեանցն…  որ ... շնորհեաց մեզ յընթերցումն…» [85]:

Դարանաղցին այնուհետեւ մեծարում է Դարանաղի գավառում իրենց ուսումնակրթական գործունեությունը ծավալած վարդապետներին, սկսած Հովհան Որոտնեցուց ու Հովհաննես Պլուզից մինչեւ 1628 թվին մահացած Ազարիա փիլիսոփան։ Համառոտ տեղեկություններ է հաղորդում նրանց մասին, տալիս յուրաքանչյուրի բնութագիրը։

Հետաքրքիր է Դարանաղցու վկայությունն այն մասին, թէ իր ապրած օրերում ինչ-որ քարոզիչներ են երեւացել, որոնց գյուղերում ժողովուրդը հետաքրքրությամբ ունկնդրել է եւ անգամ պաշտպանության տակ առել նրանց հալածողներից։ Նա զայրացած դրում է, թե մի գյուղում ինքը տեսել է մի մարդու՝ շրջապատված բազում կանանցով։ Իր այն հարցին, թե ինչո՞ւ են կանայք հավաքվել այդ մարդու շուրջը, պատասխանել են, որ լուսարար է խրատ եւ պատմություն է ասում կանանց. «Ասացի թէ՝ մեք բեռով գիրք ունիմք եւ խրատից համար կու շրջիմք եւ նոր եկեալ եմք յԵրուսաղէմայ... ահա երեք օր է, որ եկեալ եմք աստ, մէկ այր մարդ կամ կին ի ժամ չեն իգար կամ խնդրել եւ կամ հարցանել թէ՝ ո՞ւստի իցես եւ կամ ո՞ւստի գաս, նա՜ այն խաբուսկին վերայ այնչափն շեղջակուտեալ են։ Եւ կոչեցի առ իս զխելագարն զայն եւ հարցի թէ՝ ո՞վ ես եւ ո՞ւստի ես եւ այդ ի՞նչ գործ է որ կառնես առաջի աչաց իմոց անամօթաբար եւ լրբենի դիմօք։ Եւ նա իբր զկատաղեալ լիրբ շուն՝ ընդվայրհաջմունք արար եւ խիստ պատասխանի արար եւ սկսաւ անարգել եւ հայհոյել զմեզ թէ՝ վասն է՞ր հարցանես զիս թէ ո՞վ իցեմ, եւ կամիս Յովհաննէս կաթողիկոսին պէս հարկան՞ե լ զիս, որպէս նա արարի Հալապ եւ կամիս դո՞ւ այլ այն պէս առնել։ Իբր ուսուցանելով զմեզ օրինակաւն» [86] ։

Այնուհետեւ նկարագրում է Սաղմոսավանքի մոտ գտնվող Սերկեւիլ գյուղում մի կնոջ քարոզի մասին։ Սատանան երեւացել է այդ կնոջ բակում մի ուռի ծառի վրա, ասել է, որ ինքը Գաբրիել հրեշտակապետն է. որ կինը պետք է իր բակն ուխտատեղի դարձնի։ Կինն այդպես էլ անում է. «Եւ սկսաւ քարոզել գեղջն եւ այլ շրջակայ գեղորէիցն զերեւումն սատանային եւ զամենայն պատրողական բանս նորա ի լսելիս ամենցուն, …Որոց ասէր ՝ սիրով գային հնազանդէին նմա իբր երեւելի ոմն ի ծառայութիւն …գտակն չարեաց կամելով զերիտասարդսն եւ զկանայս եւս առնել եւ հրամայելով երիտասարդացն առնուլ ի ձեռս իւրեանց հաստահոյլ եւ երկայն բիրս ՝ վասն զընդդիմակս իւր հարկանելով։ Եւ ի Զատկի նոր կիրակէին զենմունք որ եղեն նմա յամենայն սուրբ կենդանեաց հարիւր թուով եւ այլ յաւելի, որ շատ քահանայք այլ սպասաւորէին նմա վասն արդեանց մտից նորա, եւ բազում կանայք այլ ոմանք մոմալիցք, ոմանք կերակրեփիչք եւ ոմանք սպասաւորութիւն առնելով եկելոց ուխտաւորացն, եւ սկսան գալ յամենայն կողմանցն» [87] ։ Դարանաղցին այնուհետեւ գրում է, թե գյուղի ամենախելոք քահանան երբ փորձել է հանդիմանել այդ կնոջր, նա երիտասարդներին հրամայել է ծեծել այդ քահանային. միայն գյուղի գլխավորի՝ ռայիսի միջնորդությամբ կարողացել են քահանային փրկել նրանց ձեռքից։ «Ել մեք այլ ընդ այն մաքառմանցն հասաք ի վերայ ել շատ նախատեցաք զինքն եւ զհաւանողք նորին» [88], գրում է պատմագիրը։ Նշելով նաեւ մի քանի այլ այդպիսի քարոզիչների մասին, Դարանաղցին, սակայն, բավարարվում է նրանց պիտակավորելով «պոռնիկ», «անառակ», «խաբեբայ», չի բացահայտում նրանց «պատրողական բարբաջմանց վայրահաջութիւնս-ի էությունը, որով նրանք կարողանում էին համակրություն ստեղծել իրենց շուրջը: Բայց անհրաժեշտություն է համարում ընդգծված ձեւով շեշտելու, որ «զայսքան վասն այն գրեցի, զի պատմեսցի ազգաց որ գալոցն է եւ ի զգուշութիւն տխմարաց, որպէս ասէ Տէրն. Զգոյշ լերուք ի նոցանէ, որ գայցեն առ ձեզ հանդերձիւք ոչխարաց» [89]: Նկատենք, որ նշված այդ քարոզիչների մասին միակ աղբյուրը Դարանաղցու ժամանակագրությունն է։

Ասվել է, որ ուշ միջնադարի պատմագիրներից շատերը սուբյեկտիվ ու միակողմանի մոտեցում են ցուցաբերել իրենց կողմից նկարագրվող երեւույթների, դեմքերի ու դեպքերի նկատմամբ եւ այդ պայմանավորված է եղել ժամանակի ոգով եւ նրանց դասակարգային պատկանելիությամբ։ Դա ամենացցուն ձեւով արտահայտված է առանձնապես Գրիգոր Դարանաղցի պատմագրի մոտ։ Ահա, թե ինչպես է ներկայացնում նա XVIII դարի սկզբին Արցախի լեռնային շրջաններում ծավալված գյուղացիական շարժման ղեկավարին՝ ուտիացի վանական Մեխլուին ու նրա առնչությամբ՝ Ջուղայի խոջաներին: «Ոչ երիցոյ եւ ոչ աշխարհականաց հակառակութիւն չունէր, այլ միայն ի հետ սեւագլխոց։ Հետ լաւացն եւ վատացն միապէս մարտընչէր եւ մաքառէր, եւ ոչ օրինօք աստուածաշունչ գրոց վկայութեամբ խօսէր եւ ոչ կանոնօք սուրբ հարցն երից սուրբ ժողովոցն եւ ոչ սուրբ հարանց գրոցն, այլ մտացածին բանիւք յինքենէ՝ զոր ինչ բղխէր ի չար դիւական ոգւոցն՝ զայն խօսէր եւ մաքառէր ընդ ուխտականսն» [90] ։

Պատմագիրը Մեխլուին դիվաբնակ է անվանում, իսկ շարժման մասնակիցներին՝ մարախ։ Մեխլուի ու նրա գլխավորած շարժման մասին նրա աղբյուրն, ինչպես ինքն է վկայում, ջուղայեցի վաճառականներն են եղել, որոնց խիստ բացասական է բնութագրում եւ դա հասկանալի է, եկեղեցու գաղափարախոսը չէր կարող այլ կերպ վարվել, քանի որ Մեխլուի շարժումն իր արձագանքներն էր գտել Ջուղայի քաղաքացիների շրջանում եւ վաճառականներն էին նրա համբավը տարածում ամենուր։ Պատահական չէ, որ Դարանաղցին զայրույթով գրում է, թե «վասն առաւել ատելութեանց հպարտ եւ անառակ ջուղայեցւոցն, որ թողեալ ղիւրե անց աչաց գերանն եւ զսեւագլխաց շիւղն հանել կու ջանան [91]: Այս այն դեպքում, երբ ոչ մեկն այնքան լավ չի տեսել սեւագլուխների աչքերի գերանները եւ անարգանքի սյունին գամել նրանցից շատերին, ինչպես ինքը Դարանաղցին։

«Եւ գային այս ջուղայեցիք եւ հիացուցանէին զայս աշխարհի մարդիկ եւ սուտ սքանչելիս պատմէին թէ՝ բազմութիւն մարախոց ընդ իւր շրջեցուցանելով, եւ որք հակառակին եւ ոչ լսեն հրամանացն՝ զսեւագլուխն ի ձեռն չտալով նմա, նա հրաման տուեալ մարախոցն ուտել զամեն այն վաստակ եւ զխոտ երկրին եւ սպառել զամենայն պտուղ անգոյ նոցա, եւ ստայօդութիւնս բազում» [92] ։ Հասկանալի Է, որ ջուղայեցիներն այս ձեւով չէին կարող հիացնել մարդկանց, այս մեր պատմագրի մեկնաբանությունն է։ Ջուղայեցիները «սուտ սքանչելիս՚ները պատմելով են հիացրել մարդկանց եւ «զօրացուցանելով զայս դիւաբնակ Մխլոյս»-ին, նրանով, որ իբր «հրովարտակ հանելով ի ՇաՀէն եւ այլ խաներացն, ուր եւ գտանիցէ (սեւագլուխներին— Լ. Բ. ) սպանանիցէ եւ զբաղումս հալածեսցէ յաշխարհէն Հայոց, որպէս արար բազմաց» [93] Դարանաղցին սակայն խոստովանվում է, որ «Զարեանց հեղմունս գործէր (Մեխլուն Լ. Բ. ), եւ տեսանէր որ հաճոյ էր յաչս ամենեցունց տգէտ աշխարհականացն իւր անօրէն մոլի կատաղութիւնն, նա օր քան զօր յաւելոյր զգործ չարեացն» [94]:

Ի վերջո, ասում է պատմագիրը, Մեխլուն գնացել է Երուսաղեմ, ուր տեղի Գրիգոր եպիսկոպոսը բանտարկել է նրան ու ցանկացել է հանձնել իշխանությանը, սակայն «ուխտական տօլվաթաւորքն բազում աղաչանօք հազիւ զերծուցեր էին ի ձեռանէ Գրիգոր եպիսկոպոսին եւ եկեալ էր ի Հալապ։ Եւ մեր երկրէն վաճառական Սաֆարն ասաց թէ՝ ի Հալպայ ես բերի մինչեւ ցԱմիթ եւ անտի ի յետ անյայտ եղեւ» [95]:

Ջուղայեցիների նկատմամբ ունեցած խիստ բացասական վերաբերմունքը եւ պայմանավորել է վաճառականությանը տրված Դարանաղցու բնութագիրը։ Դավրիժեցուց եւ դարի մյուս պատմագիրներից գիտենք, որ VII դարում հայ հասարակական կյանքում ինչ դեր են խաղացել առեւտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչները, հատկապես Ջուղայի խոջաները, ինչ դեր են կատարել հայ եկեղեցու վերանորոգչության բնագավառում։ Պանդխտության մեջ դեգերող մեր այս պատմագիրը, սակայն, վարկաբեկիչ ձեւով է ներկայացնում վաճառականությանը, «թողեալ են զաստուածապաշտութիւնն եւ մամոնայի ծառայք են եղեալ, եւ ագահութեան ախտիւն կուրացեալք, եւ ամենեքեան մեծատունը լինելոյ կու ջանան եւ են քան զչափն յաւելի… թողեալ են զկին, զուստերս եւ զդստերս իւրեանց անտէրունչս եւ կարօտեալս եւ նեղեալս, եւ իւրեանքն ցիր եւ ցան եւ տարածեալ ընդ ամենայն երեսս երկրի՝ որպէս զմարախ… ի պատճառս ագահութեան ախտից եւ մթերման գանձուց յաւելուածութեան» [96] ։ Ըստ Դարանաղցու, վաճառականությունն անհրաժեշտ է, սակայն այն պետք է չափ ու սահման ունենա։ Մոտակա տեղերում այն պետք է տեւի 3 4 օր, ամենից շատը 40 օր, իսկ հեռավոր ճանապարհներինը՝ մինչեւ 3 եւ ոչ ավելի տարի, մինչդեռ «Որչափ եմք տեսել, որ երեսուն տարով եւ յաւելի ի յերիտասարդական հասակին ելան ի տանց եւ ի ծերութեան հասակին եղեն եւ մեռան յօտարութեանն եւ ագահութեամբ ժողովեալն թշնամեաց եղեն կերակուր, որպէս որ բազմաց պատահեցաք եւ շատ ջանացաք՝ չկարացաք ի հաւանութիւն ածել ի տուն գնալոյ… մանաւանդ ջուղայեցիքն» [97] ։

Դարանաղցին այնուհետեւ նշում է, որ նրանք օտար երկրներում ցոփ ու անբարոյական կյանք են վարում, տեղի բնակչությանը գրգռում իրենց դեմ։ Օտարության մեջ նոր կին էին առնում, թողնելով իրենց ընտանիքր կարիքի ու կարոտի մեջ, հաճախ նոր կանանց պատճառով դավանափոխ էին լինում։ Ապա բերում է մի շարք օրինակներ ու ավելացնում. «Զայսքան փոքրիշատէն զոր ես գրեցի, ամենեցուն ականատես եմք լեալ, եւ են ամենեքեան շատաշուրջքն միապէս վէսք, ամբարտաւանք, սնապարծք, անգութք, անողորմք, աննուէրք, անպատիւք եւ բնաւ ոչ դնեն պատիւ ումեք բայց յԵրուսաղէմացոց եւ էջմիաքծնեցոց վասն փառասիրութեան աղագաւ» [98] ։

«Եւ ի նոցա միջումն այլ կու լինին լավ հասկացող եւ երկիւղած բարեսէր մարդիկ…»։ Բայց, ցավով նկատում է պատմագիրը, «մինն ի հազարաց եւ ի բիւրուց» [99]:

***

Դարանաղցու «ժամանակագրությունը» կարեւոր աղբյուր է Թուրքիայի XVII դարի առաջին կեսի, ու հատկապես 30-ական թվականների՝ իրադարձությունների ենիչերիների ապստամբության, սուլթան Մուրադի դեմ կազմակերպված դավադրության ու նրա ճնշման, կառավարման արատավոր բարքերի, հայ գաղթօջախի եւ արքունիքի փոխհարաբերությունների, հարկային բիրտ քաղաքականության, շահագործման ձեւերի, Պոլսահայ համայնքի ներքին կյանքի, ստորին խավերի ծանր վիճակի եւ շատ այլ բնագավառների պատմության ուսումնասիրության համար։

Այն, ինչպես ճիշտ նկատում է Ա. Առաքելյանը, - հարուստ նյութ է պարունակում XVI դարի վերջերի եւ XVII դարի առաջին կեսի հասարակական-քաղաքական կյանքի վերաբերյալ։ Նկարագրած դեպքերի ու դեմքերի մասին հաղորդումները մեծ մասամբ ճշմարտապատում են, որովհետեւ հեղինակն ականատես է եղել, անձամբ տեսել նկարագրվող անձերին, հարաբերության մեջ եղել նրանց հետ, իսկ որոշ դեպքեր լսել է ականատեսներից եւ գրի առել առանց ստուգելու երեւույթների ճշմարտությունը։ Լինելով նախապաշարված, հավատացել է դեւերի, հրաշքների եւ հաճույքով նկարագրել է դրանց մասին լսածը։ Դարանաղցին «Ժամանակագրության» մեջ ներկայացրել է իր ժամանակաշրջանի կենցաղը, սովորությունները եւ այլն [100] ։

«Ժամանակագրությունը» կարեւոր է նաեւ XVI—XVII դարերի սոցիալ-տնտեսական բազմաթիվ տերմինների վերծանման համար։



[1]         Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ, հրապարակեց Մեսրոպ վարդապետ Նշանեան, Երուսաղէմ, 1915, Նշանյանի գրած Դարանաղցու կենսագրության էջ ԾԱ։ Այսուհետեւ՝ Դարանաղցի։

[2]             Նույն տեղում, էջ

[3]             Նույն տեղում, էջ 22։

[4]         Նույն տեղում, էջ 22—23։

[5]             Նույն տեղում, էջ 616։

[6]             Նույն տեղում, էջ 76։

[7]             Նույն տեղում։

[8]             Նույն տեղում, էջ 610։

[9]             Նույն տեղում, էջ 618։

[10]        Նույն տեղում, էջ 53։

[11]           Նույն տեղում, էջ ԾԸ:

[12]           Նույն տեղում, Էջ ԾԸ-ԾԹ։

[13]           Նույն տեղում, Էջ 595։

[14]           Նույն տեղում, Էջ ԺԱ-ԺԲ։

[15]           Նույն տեղում, Էջ 40։

[16]       Նույն տեղում:

[17]           Նույն տեղում, Էջ 603։

[18]           Նույն տեղում, էջ 185-209, 197։

[19]           Նույն տեղում, էջ 370։

[20]           Նույն տեղում, էջ 351։

[21]           Նույն տեղում, էջ 104-611։

[22]           Տես կենսագրությունը, էջ ԾԹ–Կ։

[23]           Հայտնի չէ, թե ինչու Դարանաղցին Սահակին չի նշում:

[24]           Դարանաղցի, էջ 52:

[25]           Նույն տեղում, էջ 54։

[26]           Նույն տեղում, էջ 284-285։

[27]           Հավանաբար այս այն Գասպարն է, որի մասին 83-րդ էջում գրում է «մեր Հոգեւոր որդի Գասպար»։

[28]           Դարանաղցի, էջ

[29]           Նույն տեղում, էջ 465-470։

[30]           Նույն տեղում, էջ 38, 49, 59, 79 եւ հետո։

[31]           Ա. Առաքելյան, Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն, Հ. 2, Երեւան. 1964, էջ 511։

[32]           Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, Երեւան, 1972, էջ 110-111։

[33]           Դարանաղցի, էջ 13։

[34]           Նույն տեղում, էջ 13—15։

[35]           Նույն տեղում, էջ 35 36։

[36]           Տե՛ս Մ. Զուլալյան, Ջալալիների շարժումը եւ հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ, (16—17 դարեր), Երեւան, 1966։

[37]           Դարանաղցին սիրում է բառախաղել, օր. նրա մոտ ենիչերին դարձել է ենկիչարիք, այսինքն նոր չարիք, այստեղ Հարզուլումէն նշանակում է Համընդհանուր զուլում:

[38]           Դարանաղցի, էջ 68-69:

[39]           Նույն տեղում, Էջ 71։

[40]           Նույն տեղում, Էջ 125։

[41]           Նույն տեղում, էջ 184։

[42]           Նույն տեղում։

[43]           Նույն տեղում, էջ 142։

[44]           Նույն տեղում, էջ 145։

[45]           Նույն տեղում, էջ 147։

[46]           Նույն տեղում, էջ 158։

[47]           Նույն տեղում, էջ 158։

[48]           Նույն տեղում, էջ 164։

[49]           Նույն տեղում, էջ 107։

[50]           Նույն տեղում, էջ 116-117։

[51]           Նույն տեղում, էջ 116։

[52]           Նույն տեղում, էջ 117։

[53]           Նույն տեղում, էջ 113։

[54]           Նույն տեղում, էջ 124-125։

[55]           Նույն տեղում, էջ 127։

[56]          Նույն տեղում, էջ 172։

[57]          Նույն տեղում:

[58]          Նույն տեղում:

[59]          Նույն տեղում, էջ 172-173:

[60]          Նույն տեղում, էջ 397:

[61]          Նույն տեղում, էջ 411-412:

[62]          Նույն տեղում, էջ 415։

[63]          Նույն տեղում, էջ 422:

[64]          Նույն տեղում, էջ 422:

[65]          Նույն տեղում, էջ 423:

[66]          Նույն տեղում, էջ 424։

[67]          Նույն տեղում, էջ 90:

[68]          Նույն տեղում, էջ 520:

[69]          Նույն տեղում, էջ 525-526:

[70]          Նույն տեղում, էջ 529:

[71]          Նույն տեղում, էջ 493:

[72]          Նույն տեղում, էջ 530:

[73]          Նույն տեղում, էջ 531։

[74]          Նույն տեղում, էջ 103:

[75]          Նույն տեղում:

[76]          Նույն տեղում, էջ 288:

[77]          Նույն տեղում, էջ 299:

[78]          Նույն տեղում, էջ 262-263:

[79]          Նույն տեղում, էջ 263-264:

[80]          Նույն տեղում, էջ 493:

[81]          Նույն տեղում, էջ 306-307:

[82]          Նույն տեղում, էջ 308:

[83]          Նույն տեղում, էջ 309-316:

[84]          Նույն տեղում, էջ 394:

[85]          Նույն տեղում, էջ 394:

[86]          Նույն տեղում, էջ 443:

[87]          Նույն տեղում, էջ 447-448:

[88]          Նույն տեղում, էջ 449:

[89]          Նույն տեղում, էջ 435:

[90]          Նույն տեղում, էջ 457:

[91]          Նույն տեղում, էջ 457:

[92]          Նույն տեղում, էջ 470:

[93]          Նույն տեղում:

[94]          Նույն տեղում, էջ 471:

[95]          Նույն տեղում, էջ 472:

[96]          Նույն տեղում, էջ 457-458:

[97]          Նույն տեղում, էջ 459:

[98]          Նույն տեղում, էջ 465:

[99]          Նույն տեղում, էջ 466-467:

[100]        Ա. Առաքելյան. Նշվ. աշխ. էջ 517-518: