Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի Աղցմիքը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Է.

«Վարդենիք»ը մի փոքրիկ հատորիկ է, որ պարունակում է իւր մէջ 52 հատ ոտանաւոր, բաժանուած երեք գրքի եւ նուիրուած հեղինակից իւր քրոջը նորա հարսանիքի առթիւ: Թէ ինչ խորհուրդ ունի «Վարդենիք» անունը, ինչ բնաւորութիւն ունին նորա մէջ պարունակուած ոտանուորները եւ առհասարակ ինչպիսի պարագաներում է հրատարակուել այդ գիրքը, այդ բոլորը պարզում է ինքը հեղինակն իւր յառաջաբանում որը կրում է «Առ ընթերցանելիս» խորագիրը։ «Վարդենիք» է դրել հեղինակն իւը գրքի անունը, որովհետեւ նա կամեցել է նորան կնքել իւր քրոջ վարդուհի-Աննիկի անունով, որին նա նուիրել է իւր ոտանաւորները։ Այդ ոտանաւորները, նորա ասելով, գրուած են եղել զանազան Ժամանակներում, զանազան դէպքերի առթիւ, եւ բոլորը եւս նուիրուած են եղել հեռուից կամ մօտից պանդուխտ եղբօրից իւր մատաղահաս քրոջը. նոքա բոլորը եւս ունեցել են զուտ ընտանեկան բնաւորութիւն եւ յօրինուած են եղել ոչ ընդհանուրի գիտութեան, այլ միայն քրոջ եւ ամենամօտ ազգականների ընթերցանութեան համար, եւ եթէ հրատարակութեան են յանձնուել եւ այդպիսով ընդհանուրի սեփականութիւն դարձել, դորա պատճառն ու քիչ բան չի եղել, եթէ ոչ ուրախալի դէպքը- քրոջ հարսանիքը եւ բարեկամների թախանձանքը։ Ոտանավորների մէջ երգուած սէրն ոչինչ կապ չունի երկրային, նիւթական սիրոյ հետ, դա, հեղինակի պարզաբանութեամբ, մի պղատոնական, երկնային սուրբ սէր է, որ միայն կարող է լինել երկու հարազատի եղբօր եւ քրոջ մէջ, որովհետեւ, ինչպես ասում է Ներսէս Լամբրոնացին, «Չիք ինչ քաղցը որպէս զսէր քուէր առ եղբայրն»։

Սակայն մեզ թւում է, որ հեղինակն իւր այդ մեկ նողական առաջաբանի մէջ շատ էլ անկեղծ չէ: Մենք կարծում ենք, որ քրոջ անունն այդ տեղ միայն մի անմեղ դիմակ է, որի տակ ծածկուելով հոգեւորական բանաստեղծը, միջոց է ունեցել արձակ կերպով արտայայտելու իւր ներքին հակումները, իւր զգացմունքն իբրեւ սոսկ մարդ, իբրեւ սիրահար, որ ուրիշ կերպ կարող չէր, անյարմար էր մի կուսակրօն հոգեւորականի։ Հատորիկը բացւում է մի ոտանաւոր ընծայականով, որ կրում է «Քոյր իմ» վերնագիրը եւ որի մէջ հեղինակը հասնում է իւր քրոջը եւ նորա միտն է բերում, թէ ինչպէս նա, երբ դեռ բաժանուած, հեռացած չէին, երբ դեռ միասին էին ապրում, ամեն օր առաւօտեան կանուխ սոովորութիւն ունէր իջնելու պարտէզը եւ վերադառնալ այնտեղից, ծոցը մի վարդի փունջ յեռած. միտն է բերում նոյնպէս, թէ ինչպէս նա այդ ժամանակ մօտենալով իր րան, սիրոյ համբոյր էր տալիս եւ բերած վարողը կախում էր նորա քնարից. միտն է բերում, վերջապէս, թէ սա իւր սպիտակ քօղի մէջ այն ժամանակ այնքան գեղեցիկ էր, որ նմանում էր այգի հրեշտակին, լոյսը ճակատին, մարդը ծոցին։ «Ես այն ժամանակ, ասում է նա, չունէի մի այնպիսի բան, որ կարողանայի դորա փոխարէնը քեզ վերադարձնել, բացի մի ջերմ համբոյրից, որ դրոշմում էի քո կուսական ճակատին, եւ իմ քնարիս սրտառուչ եւ տխրազգաց գեղգեղանքից, որ հնչեցնում էի քեզ համար: Այժմ, աւելացնում է նա, երբ «Հիմէնը» պսակում է քեզ, շտապում եմ եւ ես քեզ մի բան նուիրել: Բայց ի՞նչ կարող եմ եւ ինչ արդեօք աւելի արժան է, որ տամ քեզ».

 

Ի վայր յորմոյն առ ի զքնար,

Քընար պատեալ ի սուգ եւ ստուեր,

Զփունջ վարդիցդ յեռեալ ի փունջ

Եւ հիւսեցի յոլոր մանեակ,

Եւ առաքեմ քեզ ի պըսակ

Վարդունս ուր դեռ բուրէ քո շունչ:

Յօրէ յորմէ քոլր դու գնացիր

Եւ զխինդ եւ լոյս ընդ քեզ տարար

Պըսակ զոր տայ Հիմէն, ով կոյս,

Լուսաբորբոք յականց ցոլայ.

Իսկ զոր բերեմ խոնարհ ընծ այ

Շողայ եւ եթ յիմ արտասուս։

 

Դորան, այդ ընծայական ոտանաորին հետեւում են մի շարք զուտ քնարերգական-սիրահարական փոքրիկ սակաւավանկ բանաստեղծութիւններ, որոնք, պէտք է խոստովանել, գեղեցիկ են ե՛ւ ձեւով ե՛ւ բովանդակութեամբ եւ, որ գլխավորն է, տաք գգացմունք են պարունակում իւրեանց մէջ, գոնէ, այն չափով, որ չափով այդ հնար է եղել յայտնել հեղինակին մի մեռած լեզուով։ Եւ մենք, հակառակ հեղինակի յայտնած կարծիքին, կասենք, որ դոքա, այդ բանաստեղծութիւնները չնայելով իւրեանց սաղմոսից առած մակդիրներին, չնայելով նոցա մէջ յաճախ կրկնուող քոյր եւ Անիկ բառերին, չնայելով նոցա մէջ վխտող կրօնական խորհրդածութիւններին, ոչ մի կապ չունին ոչ երկնքի եւ ոչ Պղատոնի հետ. դոքա արտայայտում են զուտ աշխարհային, մարդկային սէրն իւր բոլոր մանրամասնութիւններով, իւր բոլոր ելեւէջներով, մարդկային սրտի բոլոր զգացմունքներով:

Որ այդ այդպէս է, որ քոյր խօսքը միայն մի բարակ շղարշանման դիմակ է, որի տակից աղօտ կերպով երեւում է գրուածքի իսկական դէմքը, որ Անիկ անունը միայն մի թափանցիկ քօղ է, որ իւր միջից դուրս է ցոլացնում իսկականը, էականը, - այդ երեւում է, բացի բանաստեղծութիւնների ընդհանուր ձեւից ու բովանդակութիւնից, եւ այն հանգամանքից, որ հեղինակն ինքն էլ՝ չնայելով իւր մեկնողական առաջաբանին, դարձեալ կասկածել է, թէ ընթերցողները կարող են հասկանալ իւր գրուածքի ներքին միտքը եւ ուրիշ մեկնութիւններ տալ, ուստի եւ աշխատել է աւելի եւս վարագուրել եւ հէնց այդ նպատակով հետեւեալ տողերն է նուիրել ընթերցողներին իւր նոյն յառաջաբանի վերջում, տողեր, որոնք թէեւ իբրեւ սրտի քնարերգական գեղեցիկ զեղմունք շարժում են մեր սիրտը, բայց ամենեւին չեն համոզում մեզ. «ԸՆթերցող դու, եթէ սուրբ իցէ, ասում է նա, սիրտ քո ի վայրաքարշն կրից, եթէ իցէ եւ քո քոյր սիրասուն եւ վարդափթիթ պարգեւել քեզ առի յԱստուծոյ, քաղցրացուցանել զաւուրց քոց դառնութիւն, իբրեւ զշուշան ի հովիտս մահու, որպէս ասեն գիրք, եւ քե՛զ նուիրէ զտաղքս՝ ոմն համանման քեզ բարեբաստիկ եղբայրը, որ զոմանս եւ եթ ի սրտին զգացմանց ոգեաց աստանօր, եւ զայն եւս յոյժ տկար քան զոր զգայրն եւ քան զոր զգայ անշուշտ եւ քոյդ սիրտ եղբայրական: Իսկ եւ դու, - որոյ առաջի ծաղու թուիցի անուն սուրբ եւ անախտն սիրոյ, եւ որ՝ զոր ոչն զգաս սրբութեամբ՝ համարես թէ եւ այլոց սիրտք անմասն իցեն յերկնատրոփ բաբախմանց անտի եղբայրական սիրոյ, թո՛ղ աղէ եւ անց. ոչ վասն քո է մատեանիկդ»։

Այս էլ դեռ բաւական չհամարելով, վարդապետ-բանաստեղծը, իբրեւ հաստատութիւն եւ ասում ցոյց իւր ասածներին, մէջ է բերում եւ իտալացի Թոմմազէօյի խօսքերը, որ կամենալով ապացոյց տալ, թէ քրոջ եւ եղբօր մէջ եղած սէրը մեծ է եւ մաքուր, վկայ է բերում Սողոմոնի «Երգ երգոց»-ը, որի մէջ «քոյր» եւ «հարս»: բառերը գործ են ածուած անբաժան միմեանցից։

Սակայն մեզ թւում է, որ այդ էլ համոզեցուցիչ չէ, որովհետեւ թէեւ ճիշդ որ եղբօր եւ քրոջ մէջ եղած սէրը փոխադարձաբար եւ ջերմ է լինում, բայց այդ սէրն ոչինչ նմանութիւն, ոչ մի կապ չունի հարսնութեան սիրոյ յետ. դա ազգակցական, արենակցական համակրութիւն է, դա այն փոխադարձ սուրբ հակումն է, կամ այն անախտ սիրոյ սուրբ կրակն է, որ բնութիւնը վառում է մեր սրտերում դէպի մեր հարազատները մեր ծննդեան հէնց առաջին օրից եւ, գուցէ, մեր սաղմային դրութեան սկզբնաւորութիւնից։ Ինքը Սողոմոնի «Երգ երգոց»-ը եւս դեռ մեզ ոճով ու տեղով յայտնի չէ, թէ իսկապէս ինչ տեսակ գրուածք է։ Ճիշտ է, նա մտնում է Աստուածաշնչի կանոնական համարուած գրքերի շարքը եւ կարդացւում եկեղեցում որոշեալ ժամանակներում, ճիշդ է, մեր եկեղեցու հայրերը նորա սիրային բովանդակութիւնը հոգեւոր տեսակէտից, կրօնական մտքով են հասկանում ու մեկնում, բայց գիտնականներից շատերը բառացի են հասկանում նորա միտքը եւ համարում են նորան եբրայական գեղեցիկ վիպասանութիւններից մէկը, ուրիշ ոչինչ։

Այդ էլ, վերջապէս, բաւական չհամարելով, վարդապետը գրում է մի ոտանաոր «Սիրեմ զքեզ» վերնագրով, որի մեջ նա ձգտում է բացատրել իւր դէպի քոյրն ունեցած սիրոյ տեսակը, որակը , որպէս զի այլեւս ոչ մի կասկած չմնայ, որ իւր քրոջը նուիրած տաղերի մէջ արտայայտուած սէրը սուրբ է, մաքուր է, երկնային է, եւ այլն եւ այլն։—

Սիրեմ ոչ ի սէր

Որ յոգիս անդ մեր

Տենչ եւ թունդ հրատապ

Ամբոխս եւ տագնապ

Յուզէ վեր ի վեր։

Սիրեմ ոչ ի սէր

Որ կեղեքէ վէր.

Որ ըզխէթ եւ զահ

Տայ ի սիրտ եւ մահ.

Ո՛չ, յայդ ո՛չ ի սէր,

Այլ սիրեմ ի սէր,

Զոր փըթթեցոյց Տէր,

Յոր չիք ինչ աչաց՝

Ծածկել քօղազգեստոց

Ի խորշ եւ ըստուեր

Այլ սիրեմ ի սէր

Որ զհրեշտակս յեթեր

Վառեալ ընդ միմեանս

Սուրբ յաղապատանս,

Կապէ ոգեյեռ

Այլ սիրեմ ի սէր,

Յո զվարդին թերթեր

Սիրէ սոխակիկ,

Եւ յերգս անուշիկ

Մըրմընջէ զգիշեր

Այլ սիրեմ ի սէր

Ոչ զսիրտ լընու մեր

Յըզմայլմունս անճառ,

Իբր ըզսուրբ տաճար

Խընկոց ի ճենճեր։

 

Թողնելով մի կողմ այն հանգամանքը, որ այդ տողերով շատ դժուար է որոշել, թէ ինչ տեսակ սէր է, որ տածում է հեղինակը դէպի իւր քոյրը, որովհետեւ այդ ոտանաւորի բառերի կուտակման ընդհանուր իմաստի մէջ կորել է երկնային եւ երկրային սիրոյ մէջ եղած սահմանը, մենք մատնացույց կանենք միայն մի քանի կէտերի վերայ, որոնցից յայտնի կլինի, որ հեղինակի սէրն էլ հէնց այն տեսակին է պատկանում, որով սիրում են հասարակ մահկանացուները, նախ, սիրոյ ամեն տեսակն էլ, լինի դա երկնային, թէ երկրային, յուզում է մեր մէջ «տենդ եւ թունդ հրատապ», որովհետեւ եթէ այդպէս չլինէր, սէր էլ չէր լինիլ՝ սիրահարները, որ տեսակին էլ պատկանեն դոքա, ամենքն էլ ցանկանում են իւրեանց սիրոյ առարկային մօտ լինել, միշտ տեսնել նորան, միշտ հրճուել, զմայլել նորա տեսութեամբ, միշտ լսել նորա ձայնը. Բնական է, ուրեմն, կարծել, որ նոցա, սիրահարների մէջ այդ ժամանակ մի բան կատարւում է, նոցա հոգին յուզուում է, սիրտը տրոփում եւ ամբողջ էութիւնն առլցւում է մի տեսակ քաղցրութեան, հեշտութեան ախորժելի զգացմունքով, որ ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն իսկ տենչը կամ հրատապ թունդը։ Երկրորդ, թէ անախտ եւ թէ երկրային սովորական սէրը փթթեցրել է մարդուս մէջ ինքը Տերը, որովհետեւ քրիստոնէական հասկացողութեամբ երկրային սէրն էլ այն քան սուրբ է, որքան երկնայինը. նա օրհնուած է եկեղեցուց եւ բնութեան սանյեղլի օրէնքի հիման վերայ օրհնուած ու սրբագործուած է թէ մարդկային եւ թէ աստուածային օրէնքներով։ Երրորդ, եթէ երկնային, մաքուր, անախտ սէրը կարիք չունի ծածկուելու, թաքչելու մութ անկիւններում, ստուերներում, նամանաւանդ եւ աւելի եւս կարիք չունի ամաչելու, թաքչելու մութ խորշերում սովորական սէրը, ոչ պղատոնականը: Մենք չենք հասկանում, օրինակի համար, թէ ինչու համար պիտի թաքչեն մարդկանցից եւ իւրեանց սէրը ծածուկ պահե՞ն եւ միայն արտայայտեն խորշերում երկու սիրահարներ որոնք ուխտել, հաստատ խօսք են կապել, թէ Աստուծոյ եւ թէ մարդկանց առաջ ամուսնութեան սուրբ կապերով զուգաւորուելու միմեանց հետ. չէ՞ որ թաքչելու, պահուելու սովորութիւն ունի միայն ապօրինի, միայն պոռնկական սէրը, որի մասին, յայտնի բան է, այստեղ խօսք չի կարող լինել: Չորրորդ, վարդի եւ սոխակի սէրը, որին նմանեցնում եւ որի հետ համեմատում է իւր սէրը հեղինակը, մեր կարծիքով, հէնց ամենապարզ ապացոյցն է, որ նա իւր սիրոյ առարկային սիրում է նոյն իսկ սիրով, որով ամեն մի մահկանացու սիրում եւ ցանկանում է փոխադարձաբար սիրուել, որովհետեւ հէնց այդ հրաշալի ծաղկի եւ գերօրինակ երգչի սէրն է, որ մարդկութեան մէջ համարւում է սիրահարների էմբլեմը եւ որ այլաբանօրէն գովաբանում են երկու սիրող սրտի հոգեկան կապակցութիւնն երգող, դրուատող բոլոր ազգերի բանաստեղծները։ Սիրող պատանին հէնց սիրում է իւր նազելի սիրուհուն, ինչպէս որ սիրում է վաղորդեան ցօղով փթթա վարդի թերթերը սիրաբար սոխակը. նա էլ նուիրում է իւր պաշտելիին իւր սրտի բոլոր զեղմունքը, իւր հոգու բոլոր զգացմունքը, իւր տենչը, իւր բաղձանքը, իւր խոհերն ու մրմունջներն օր ու գիշեր, ինչպէս որ սոխակը հնչեցնում է ի պատիւ վարդին իւր հրաշալի դայլայլիկը վարդ այգամատն արշալոյսի ծագելուց մինչեւ վաղորդայն արեգի ճառագայթելը:

Մենք, ի հարկէ, դէմ չենք, որ եղբօր եւ քրոջ փոխադարձաբար դէպի միմեանց տածած սէրը ջերմագինս արտայայտուի, դէմ չենք մինչեւ անգամ, որ այդ սուրբ եղբայրական սէրը դրուատուի եւ երգուի բանաստեղծօրէն տաղերի մէջ, եթէ միայն այդ եղբայրը կամ քոյրը բանաստեղծական շնորհք ունին, բայց անպայման դեմ ենք եւ անբնական ենք իսկ համարում, որ այդպիսի սուրբ սիրով դրուատիքը հեշտասիրութեան, էրոտիկականի հասցրած աստիճանով ու չափով արծսարծուի։ Որ եղբայրը կհամարձակուի գովաբանել եւ երգի նիւթ շինել իւր պարկեշտասուն «քրոջ քնքոյշ իրանը» , «վարդակաթ այտերը », «սիրակաթ աչքերը», «պայծառ լանջը», «ձիւնաթոյր ուլը», «փափկիկ ծոցը», եւ այլն եւ այլն, ինչպէս այդ արել է Խորէն վարդապետը: Ո՞վ, վերջապես, կհամարձակուի երանի տալ հայրենի տան եւ յարկին, որ տեսել է իւր քրոջ մերկ մարմինը, ինչպէս մի տեղ «Քոյրն հրեշտակաց» տաղի մէջ թույլ է տուել իրան անել մեր բանաստեղծը.

 

Ո՜վ մեր յարկաց երանի՝

Զի զքեզ դիտեն հոլանի,

Որմոց, ծառոց երանի,

Որ գանգ անոյշդ տան ձայնի։

 

Չէ, ինչ որ ուզում են, թո՛ղ ասեն. «Վարդենիք»-ը այն է, ինչ որ մինչեւ ցայսօր համարուել է մեր գրականութեան մէջ եւ ինչպէս որ կամեցել է նորան ներկայացնել Խորէն վարդապետը։ Նա զուտ սիրահարական բանաստեղծութիւնների մի հաւաքածու է, իսկ ինքը Խորէնը մի սիրահար երգիչ աշխարհային մտքով, ուրիշ ոչինչ։

Դէ՜հ, մենք չենք էլ հասկանում ի՞նչ առիթ է ունեցել վարդապետն ամեն տեսակ աշխատելու, ամեն միջոցի դիմելու, կամ, ինչպես ասում է, կաշուից դուրս գալու քօղարկելու իւր գրուածքի իսկական կերպարանքը. միթէ բանաստեղծօրէն մի բան երգելը, գովաբանելը նշանակում է նոյն իսկ կեանքում իրագործելը, նոյնը գործով կատարելը։ Դիցուք, նա քաշուել է իւր վարդապետական աստիճանից եւ աշխատել է ապացոյց տալ, որ, ինչ որ ինքն երգել է, բոլորը սուրբ է, երկնային է, անախտ է, հոգեւոր մտքով է, բայց դորա համար բաւական էր միայն յառաջաբանում բացատրութիւն տալը եւ ոչ դիմելն այնպիսի միջոցների, որոնց կարմիր դերձանով կարկատած լինելն ընկնում է ամեն մի ուշադիր ընթերցողի աչքին։ Խորէնն այդ դեպքում առաջինը չէ մեր գրականութեան մէջ եւ վերջինն էլ չի լինելու, որ ինքը հոգեւորական լինելով, աշխարհայինի յետեւից է եղել, աշխարհը չի մոռացել, ինչպէս որ պահանջում է դարերի ընթացքում սրբագործուած վարդապետական կեանքի ճգնաւորական խստութիւնը։ Ահա եւ մեր միջնադարեան բանաստեղծութեան պարագլուխներից մէկը Յովհաննէս Թլկուրանցին, որ կուսակրօն հոգեւորական լինելով հանդերձ, գեղեցիկ ժողովրդական վարվռուն լեզուով սիրահարական տաղեր է երգել եւ թողել մեզ ժառանգութիւն։

Յայտնի է, որ մի օր եւ է գրական երկի մէջ արտացոլվում է դոյն իսկ երկի հեղինակի լիակատար պատկերը, այնպես որ կարդալով մի որեւէ երկ, կարելի է յաճախ շատ ճիշտ եզրակացութիւն անել նորա հեղինակի մտաւոր եւ հոգեկան կարողութիւնների մասին, կարելի է իմանալ, թէ հեղինակն ի՞նչ հակումների, ի՞նչ ձգտումների, ինչ զգացմունքների տէր է, թէ ի՛նչ խոհեր ու բաղձանքներ են ոգեւորում նորան, ինչ աստղ է առաջնորդում նորան, վերջապէս, կարելի է իմանալ նորա բարոյականը, նորա ներքին աշխարհը, եւ այլն եւ, այլն: Այս տեսակետից նայելով «Վարդենիք»-ի վերայ, մենք կարող ենք համարեա թէ առանց սխալուելու ասել, որ դա Խորէնի ներքին աշխարհի ամենաճիշդ պատկերն է, որի մէջ, ինչպէս ջինջ հայելու մէջ, ցոլում է վարդապետի ամբողջ թաքուն աշխարհը՝ «Վարդենիք»-ը Խորէնի մտքերի, ցանկութիւնների, զգացմունքների մարմնացումն է, մենք աւելին կասենք, դա հէնց ինքը Խորէնն է իւր բոլոր պակասութիւններով ու առաւելութիւններով, իւր բոլոր սրբութեամբ ու մեղաւորութեամբ, իւր բոլոր մարդկային թուլութիւններով եւ իւր մէջ վառուող, բորբոքուող աստուածային կայծով ու կրակով։

Խորէնը, ինչպէս առաջ նկատել ենք, ծնուած չի եղել հոգեւորական լինելու, համար, բայց հանգամանքների բերմամբ կուսակրօն է դարձել: Այդ պատճառով հէնց սկզբից նորա մէջ առ աջ է եկել մի տեսակ երկուորութ իւն նոր ներքինը, բնական էկումը միշտ ձգտել է դէպի երկնայինը, միշտ վազել է աշխարհի հետեւից, իսկ արտաքինը, հոգեւոր կոչումը ստիպել է նորան սլանալ դէպի երկինք. նորա ներքինը միշտ վարդագոյն է եղել, միշտ սրտի տրոփումն, միշտ յոյզ, միշտ սէր է երազել, երգել, ցանկացել, արտաքինը միշտ սաղմոսել, միշտ փաթաթ ուտել սեւ վերարկուի մէջ։ Եւ դրանից, այդ երկուորութիւնից նորա մէջ առաջ է եկել երկու ներհակ զգացմունքի մաքառումն՝ պարտականութեան եւ սրտի հակումի, որ ստեղծել է նորա համար մի սրտամաշ ողբերգական դրութիւն, որ նորան տանջել, չարչարել եւ թունավորել է նորա ամբողջ կեանքը, դրանից է, որ նոր երգերը բոլորը լաց են լինում, բոլորը հեծում, տխուր, վշտահար հառաչներ արձակում. չկայ լոյս, չկայ պայծառ ապագալ, այլ գերեզման, սառը, մութը գերեզման:

Իզուր չէ, որ Խորէնն իւր «բաժին իմ» ոտանաւորում ամենատխուր եւ սգաւոր կերպով է ներկայացնում իւր վիճակը կամ բաժինը, հակադրելով նորան իւր սիրուհու պայծառ եւ ուրախալից վիճակին ու բաժնին։ «Իմ բաժինն է, ասում է նա, նմանել իւր բանից կտրուած եւ ցուրտ հողմերից այս ու այն կողմ, մի վշտից դէպի միւսը վարուած տերեւիկին. իմ բաժինն է նմանել մի եղէգնիկի, որ բսնում է մեռեալ լճի տղմոտ ափին եւ անդադար երերւում ու ծըփծըփում է. իմ բաժինն է նմանել մի ամուլ դաշտի, որ միշտ մնում է տրտում, խոպան, որտեղ չի բսնում ոչ մի դալար արօտ, որ ուրախացնէր ուղեւորի հոգին, իմ բաժինն է լինել, ինչպէս մէնիկ բուն, որ անդադրում սգում ու ողբում է, որ գիշեր ու ցերեկ մնչում, հեծում է, մահ կրելով սրտում»։ Եւ յուսահատ քնարերգակը վերջ ի վերջոյ, ջախջախում, փշրում է իւր «սգաւոր եւ «ստուերապատ» քնարը եւ դորա հետ միասին, պատառ-պատառ է անում իւր սիրտը, որովհետեւ այլեւս յոյս եւ մխիթարութիւն չի մնում նորան այս աշխարհում, այլ եւս լոյս, այլեւս յոյզ չի սպասում նորան այս կեանքում։

«Այլ եւս ի՞նչու համար ես, ով քնար, ողբում է նա իւր «Քնար պանդխտին» ոտանաւորում, եթէ դու, խեղճ պանդխտին չես մխիթարում, եթէ դու չես կարողանում անյոյս սրտին մի օր եւ է յոյս տալ։ Քո թելերը, որոնք թրթռում էին հրճուանքի ջերմ զեփիւռով, այժմ աչքի ցօղով տամկացած սօսիների ոստերի պէս կախուած են լուս. նոքա լռիկ կախուած են, մինչ իմ սիրտս փոթորկում է, ինչպէս ալէկոծ ծովը, մինչ իմ շրթունքս սարսռելով, մահաշունչ հառաչանք է արձակում, մինչ ոչ ոք իմ յուսահատ ողբիս սիրավառ սփոփիչ չի լինում։ Ապա ի՞նչու համար հաւատարիմ պանդուխտը քեզ ձգեց իւր ուսը, թողեց բոլոր աղեկէզ վայելքները եւ միայն քո, քո վերայ լոյսը դրեց. ի՜նչու համար, ուրեմն, ես քեզ պիտի գրկէ, եթէ դու բոլորովին անզգայ ես նորա բորբոքուած սրտի հանդէպ. ի՞նչու համար նա իւր անխախտ շրթունքով քեզ պիտի համբուրէ, քանի որ դու նորա դէմ կանգնած ես ցուրտ ու լուռ, ինչպէս համր գերեզմանաքարը։ Դեռ գերեզմանի քարն այնպէս լուռ չէ, այնպէս անխլիրտ չէ. նորա յուսապատար լռութիւնը խօսում է յուսահատ սրտի հետ... Ահա այս պատճառով, ուխտադրուժ քնար, թողնում է քեզ եւ պանդուխտը, ինչպես վերջին յոյսը. գնա՛, փշրուիր, եւ զարնուելով քարի, փշի, եւ արձագանգ տուր նորա սրտին. գնա՛, փշրուի՛ր եւ ցնդուիր այն կողմերը, որտեղ ցան ու ցիր են եղել նորա սրտի պատառները, գնա՛, փշրուի՛ր եւ դո՛ւ մեռիր, ինչպէս հէգ պանդխտի սիրտը։

Ճիշդ է, Խորէնն աշխատել է իւր մէջ մաքառող վերոյիշեալ երկու ներհակ զգացմունքը հաշտեցնել միմեանց հետ թո՛ղ վառուի կրակը, թո՛ղ բորբոքուի կայծը, միայն որ նա ուրիշի, օտարի աչքին չընկնի, այլ մոխրի տակ պլպլալ, սեւ վերարկուի փակ ցոլա՛յ, բայց այդ նորան չի յաջողել։ Առաջ է եկել «Վարդենիք»-ը, որ իւր արտաքին կեղեւով վեղարը գլխին, եւ վերարկուն հագին սաղմոսարանն ու «տէր ողորմեան» ձեռքին վարդապետ Խորենն է, իսկ ներքին բովանդակութեամբ աշխարըը սիրող, գեղեցիկն ու վսեմն երգող, սէրը դրուատող բանաստեղծ Խորէնն է։