Ուսումնասիրութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՂԵՐԱՊԱՏՈՒՄ Ե. ՉԱՐԵՆՑԻ
      
       Ո՞ւր մեռաւ։ Ի՞նչպէս։ Եւ 1937ի՞ն, համաձայն բերանացի տեղեկութեանց։
       Ժամանակը չէ պրպտելու։
       Սեղանիս վրայ՝ իր վերջին հրատարակութիւնը, - «Գիրք Ճանապարհի», «Պոէմներ եւ Բանաստեղծութիւններ», տպուած 1933ին։ Ընտիր, գեղարուեստական թէ՛ բովանդակութեամբ եւ թէ՛ տպագրութեամբ։ Իւրաքանչիւր նիւթի սկիզբը նկարազարդ խորագիրներ խորհրդանշան, Յակոբ Կոջոյեանի նուրբ վրձինով։ Իր կտակը։ Զրոյցի մը համաձայն, դժբախտ բանաստեղծը ըսած կ’ըլլայ թէ Գիրք Ճանապարհինի «Պատգամ»ը իր վերջին խօսքն է, ուղղուած հայ ժողովուրդին։ Ո՞րն է այդ վերջին խօսքը, -
       «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւն քո հաւաքական ուժի մէջ է»։
       Գրչի խաղ մը որ կերաւ իր գլուխը, ինչպէս կը պատմէին պատերազմէն առաջ։
       Այնուհետեւ պատերազմ եւ լռութիւն։
       Ի՞նչ էր գաղտնիքը։ «Պատգամ» խորագրով բանաստեղծութեան մէջ (էջ 269-270), իւրաքանչիւր տողին երկրորդ գիրերը վերէն վար կարդալով, կ’ունենաս հետեւեալ նախադասութիւնը, - «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւն քո հաւաքական ուժի մէջ է»։
       Զրոյցը կ’ըսէր թէ Չարենց գաղտնիքը վստահած էր ուրիշ երիտասարդ բանաստեղծի մը, որ չդիմանալով կրած չարչարանքին, զայն կը հաղորդէ Չեկայի նախագահին, ոմն Մղդուսի։
       Մնացեալը աւելորդ է պատմել։
      
       *
       Ուրիշ առիթի մի վերապահելով վերլուծումը Գիրք Ճանապարհինի, որ ապահովաբար Չարենցի լաւագոյն արտադրութիւնը պիտի մնայ, այսօր կ’ուզէի բանալ անոր մէկ երեսը, - «Մահուան Տեսիլ»։
       Այս քերթուածը կը բռնէ գիրքին 64-120 էջերը եւ գրուած է 1933 Մայիս 4ին։ (Իսկ «Պատգամ»ը՝ Մայիս 3ին)։ Մուտքը նոյնպէս զարդարուած մահասարսուռ գծագրութեամբ, վրան՝ երեք բառեր - «կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ» (Սիամանթօ)։ Ամբողջութիւնը՝ եղերապատում։ Արհաւիրք։ Դժոխային էջ մը մեր ժամանակակից պատմութենէն, - Ազատագրական պայքար եւ Հայաջինջ Սարսափներ։ Տեսիլ տանթէական ներշնչումով, ուր քստմնելի դրուագները իրարու կը յաջորդեն բոցավառ երեւակայութեամբ։
       Անշունչ, անմարմին խոյանքներ չեն, որ կը յածին, կը սարսռան ճերմակ թուղթին վրայ, այլ իրական դէպքեր եւ դէմքեր։ Ուրուականներ են, որ կը շարժին, կը խօսին, կը հառաչեն կամ կը գալարուին աչքիդ առջեւ, մտքիդ առջեւ, զարհուրելի գահավիժումներով։
       Ընդհանուր նկարագրութիւնը, դէպքերու շարահիւսումը, դէմքերու պատկերացումը այնքան կենդանի են որ, հարեւանցի ընթերցումն անգամ սարսուռ կ’ազդէ։ Անմիջապէս կը ճանչնաս ե՛ւ դէպք ե՛ւ դէմք, թէեւ բանաստեղծը որեւէ անուն չէ արտասանած։ Տեղ-տեղ հեգնութիւն, կարմիր ծիծաղ, բայց ամբողջութիւնը՝ աննման։ Իր «Երկեր»ու ժողովածուին մէջ, տպուած 1932ին, Չարենց ունի ընդարձակ «պոէմ» մը, «Դանթէական Առասպել», ուր կը նկարագրէ Մեծ Պատերազմին սարսափները։ Բանաստեղծութիւնը գրուած է 1915-1916ին, թուրքեւպարսկական սահմանին վրայ, եւ նկարագրուած պատկերները միեւնոյն ատեն դրուագներ են պատմական ջարդերէն…
      
       Մեռած Քաղաքի շէնքերից մէկում
       Աչքերս անլոյս խաւարին յառած,
       Պառկել էի ես ահաւոր, անքուն։
       Ու դէմս, կարմիր, կրակներ վառած
       Ցատկռտում էին, բառաչում, տնքում
       Մեռելներ զուարթ ու բազմատարազ։
       Գոյնզգոյն շորեր, մարմիններ մեռած,
       Սրունքներ կապոյտ, ստինքներ դեղին,
       Յետոյքներ ուռած ու արնակալած
       Խեղկատակ, արագ ցատկռտում էին, -
       Իմ սարսափահար աչքերի առաջ,
       Անթափանց մթում գերեզմանային…
      
       «Մահուան Տեսիլ»ին մէջ ալ, Չարենց իրեն առաջնորդ ունի Տանթէն։ «Խուսափելով ընդմիշտ երգերից դիւրածին», նորէն ինքզինքը կը գտնէ բարձր լերան մը առջեւ, «անօգնական, իբրեւ մանուկ մը անճար։ Եւ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդեօք, թէ վաստակած հանգչիմ»։ Ահաբեկ, «անհամարձակ ինչպէս աշակերտ», իր աչքերը կը յառէ մեծ վարպետներուն - «ո՜վ անցեալի վսեմ քերթողահայրեր»։ Օգնութեան կը կանչէ «անյոյզ, մարմարեայ» Հոմերոսը, «որ երգել ես հերոսների մահը», կամ «դիւցազնական եւ բարբարոս» Վերգիլը, կամ «արեգակնական հանճարը», Ֆերդովսի։ Բայց, յանկարծ կ’անդրադառնայ թէ անոնք երեքն ալ երգած էին «Փառք անմահական՝ բազմած մարմարիոնեայ նժոյգների բաշին»։ Մինչդեռ «Այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց», որուն մօտենալ կը փորձէ ինք, «Դժնէ է եւ ժանտաժանտ», «զարհուրելի ինչպէս զառանցանք»։ Եւ նորէն կ’ապաւինի Տանթէի.
      
       Իբրեւ վարպետ միակ, իբրեւ անկաշառ մարգարէ
       Ահաւասիկ յառնում է մռայլ միջնադարից
       Եւ կանգնում է դէմս, ո՜վ տառապեալ հանճար, քո կերպարանքը քարէ։
      
       Եւ միասին ճամբայ կ’ելլեն, - «Ահաւասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ, - Քերթութեան թոթովախօս մանուկ եւ այր բազմավաստակ»։
       Այնուհետեւ կը սկսի բուն Տեսիլը։ «Քայլում ենք, իրարու բռնած, քայլելով տարտամ, երերուն, - Անուղի ինչպէս մոլորուած երկու կոյր, կամ անօգ մանուկ»։ Մշուշը կը թանձրանայ իրենց շուրջը, «Ժայռեր են կարծես ու քարեր».
       Մօտենում ենք մենք ժայռերին եւ տեսնում ենք վիթխարի ծառեր,
       Եւ մտնում ենք ահա խաւարով ու ահով լեցուն մի անտառ։
      
       Յանկարծ հառաչանք մը կը լսեն անտառի խորէն։ Յամր ոտնաձայն։ Եւ ահա ծառերու ետեւէն դուրս կ’ելլէ մարդ մը, գլուխը բաց։ «Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թէ գեղջուկ, աղքատ քահանայ»։ Մարդը կը մօտենայ երերուն, «փոքրիկ եւ նիհար, կիսամերկ, արծաթեայ հսկայ տաւիղ մը՝ ձեռքին մէջ։
      
       Հասնում է մօրուքն սպիտակ մինչեւ սրունքները նրա
       Սպիտակ սաւանի նման ծածկելով մերկութիւնը ծերի։
      
       Ուրուականը դառնալով Վարպետին, կը սկսի խօսիլ.
      
       «- Վարպե՛տ, ո՜հ, ես էլ քեզ նման մի գիշեր աշխարհից անցայ,
Ապրեցի իբրեւ վանական, հայրենի եզերքում քո ծովի.
       Բայց չքնաղ հայրենիքը քո ինձ համար հայրենիք չդաձաւ,
       Եւ ծովը ձեր այն ծիծաղկուն չբուժեց իմ սիրտը ցաւից։
       Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
       Զգեցած սեւասեւ սքեմ, ես տաւիղը սակայն սիրեցի.
       Եւ տաւիղը շեփոր դարձըրած՝ քերթութեան պարտէզը մտայ,
       Որ կորած հայրենիքս երգեմ եւ անցեալը նրա հրածին։
      
       Կը շարունակէք ընթերցումը, եւ ահա ձեր դիմացը կանգնած Հ. Ղեւոնդ Ալիշանը, որ կը պատմէ.
      
       Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը Հայոց,
       Ոստանները Հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ,
       Երգեցի Կարմիր Աւարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
       Ձգտելով հին փառքը Հայոց սրտերում անմար միշտ պահել։
       Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ յանուն անցեալի,
       Կոչեցի ելնել վերստին, թօթափել փոշին բարբարոս, -
       Կոչեցի արժանի լինել մեր նախնեաց փառքին պանծալի՝
       Վառելով ջահերն անցեալի, իբրեւ նո՜ր փրկութեան փարոս։
       եւայլն (էջ 70-74)։
      
       Վարպետն ու աշկերտը կը շարունակեն ճամբան նոյն խաւար անտառին մէջ, որուն ծառերը իրենց կը թուին «սարսափից քարացած դէմքեր», որ լեցուած է «հառաչի ու լացի ձայներով»։ Բայց ահա կրակ մը կը տեսնեն հեռուն եւ մօտենալով, կը գտնեն մոխրացած, գրեթէ մարած խարոյկ մը։
      
       Խարոյկի շուրջը թափուած մենք տեսնում ենք զէնքեր, ոսկորներ,
       Մարդկային գանկեր, հնօրեայ զրահներ, մի հին հրացան։ -
       …Ծառերի ճիւղքերից կախուած կմախքներ՝ տապից չորացած։
      
       Խորապէս ցնցուած, երբ կը պատրաստուին հեռանալու, ծառերու ետեւէն կ’երեւայ «կիսամերկ մի մարդ սեւահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ»։
      
       Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք,
       Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրայ.
       Ակնոցներ ունի նա դրած, եւ ձեռքին բռնել է մի գիրք։
      
       Նոյն ինքն Րաֆֆին , որ նմանապէս իր խօսքը կ’արտասանէ.
      
       «- Այս խարոյկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թոյլ,
       Եւ տասնեակ տարիներ բորբոքուած, նա ցրեց շողեր ու կայծեր, -
       Իմ ամբողջ կեանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
       Որ երբե՛ք, երբեք չմարի նրա հուրը, - եւ հա՛ր առկայծի։
       եւայլն (էջ 74-79)։
      
       Յանկարծ դուրս կ’ելլեն անտառէն, եւ իրենց աչքին առջեւ կը պարզուի «ամայի, ընդարձակ բացատ, մէջտեղը՝ ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձեւ բլուր», որուն վրայ՝ կը վառէր «բարձրաբերձ բոցով մի կրակ»։ Կէս ճամբան իրենց կը հանդիպի «մի ինչ որ անդէմ կերպարանք». -
      
       Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի եւ մսի մի կոյտ,
       Կարծես մէկը առել էր մի խուրձ ոսկորներ եւ խառնել իրար,
       Իսկ յետոյ իրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ։
       Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կոյտին
       Տեսանք որ կմախք է դա մի՝ գլխի տեղ երկաթեայ մեքենայ,
       Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հանգցրած ոտին,
       Իսկ սրտի փոխարէն կրծքում պողպատեայ զսպանակ դրած։
      
       Այս ուրուականն ալ, ջարդուփշուր եւ գլխատ, ունի իր պատմութիւնը, շատ աւելի եղերական, -
      
       Անծանօթ էր կեանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ,
       Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի բանակ,
       Եւ մեր սեւ դրօշի վրայ գրեցի «Հայրենիք կամ մահ»։
      
       Այդ արի զինուորները գացին հոն պայքարելու բռնութեան դէմ, բայց, «երկիրն արեամբ ողողեց տագնապած Արքան այն գազան»։ Այն ատեն ինքն ալ վրէժխնդիր, «դժոխքի հանճարին դիմելով», կ’ուխտէ «ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արիւնից»։ Կը պատրաստէ դժոխային մեքենայ մը. «բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց»։
      
       Եւ մնա՜ց նա կենդանի… կենդանի՜ նա մնաց… Վա՜յ ինձ…
      
       Ո՜րքան թափանցիկ է պատկերը, - Քրիստափոր Միքայէլեանի (էջ 80-84)։
       Այս նկարագրութեան յաջորդ էջերուն մէջ կը լսուին խորհրդաւոր կանչեր, «Հըդայիւն, Հըդայիւն, Հըդայիւն», Խա՜ն-Բա՜ն-օ՜տ, խա՜ն-բա՜ն-օ՜տ։ Անունակոչումներ, որոնք մեկնութեան չեն կարօտիր, - Հ. Յ. Դաշնակցութիւն, Խանասոր եւ Պանք Օթոման (էջ 85)։
       Եւ այսպէս ցիրուցան ուրիշ ուրուականներ, - Ստ. Նազարեան (էջ 89), «մօրուքով, ինչպէս քահանայ, հայեացքով խոնարհ ու հանդարտ», Պետրոս Դուրեան (էջ 90)։
       Պատանի էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով, եւ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի։
       Անմիջապէս վերջը, Մկրտիչ Պէշիկթաշլեան (էջ 91).
      
       Այս գունատ պատանու կողքին արշաւում էր այլ մի քերթող,
       Նրանից աւելի տարեց, փառահեղ ճակատով եւ ճաղատ,
       Նա տաւիղ ունէր արծաթէ եւ շեփոր պղնձէ, ու հերթով
       Նուագում էր կամ սիրոյ տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ։
      
       Ապա Գրիգոր Արծրունին, (էջ 92) «վիթխարի մի գլուխ եւ մի կուզ» դագաղի մը մէջ, ձեռքը բռնած թիթեղէ դրօշ մը՝ վրան «մի արջ թագակիր, որ թաթի երկաթեայ խաչով կոտրում էր մահիկ մի դեղին»։
       Այս պատկերին ընդլայնումը նորէն երեւան կը հանէ Րաֆֆի ն ու Գամառ Քաթիպան (էջ 93), իսկ էջ 95ի վրայ նոր ուրուական մը, Խրիմեան Հայրիկ (միշտ առանց որեւէ անուն յիշելու). -«Մի փարթամ մօրուքով վարդապետ, մի նժդեհ մօտ վաթսուն տարեկան», կուրծքին վրայ խաչ, փորին վրայ աստղ մը, իսկ իր հուժկու ձեռքերուն մէջ, «իբրեւ դարերից մնացած աւանդ», թուղթէ շերեփ մը։
       Այնուհետեւ նորէն կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
       Մօտենում էր խորշակ մի կարծես՝ խառնելով ազգեր ու ցեղեր։
      
       Իսկ անմիջապէս վերջը (էջ 97), Անդրանիկ , «զրահակիր բանակ»ի գլուխն անցած.
      
       Վիթխարի մի նժոյգ նստած՝ ընթանում էր երթի առաջից
       Հոյաձեւ մարդն այն ահեղ՝ ծածանած մի սեւ դրօշակ։
      
       Եւ վերջապէս Ա. Ահարոնեանը՝ գծագրուած չարախինդ հեգնութեամբ (էջ 101)։ Ապա թափօր մը մահատիպ ուր ձեւ ու մարմին կ’առնէ Սիամանթօ ն (էջ 104), - «մի արձան կարծես մարմարէ».
      
       Երեւում էր, որ Մա՛հն էր տեսել եւ Սարսափը նա իր աչքերով։ -
      
       Նոյն թափօրին մէջ՝ Դ. Վարուժանը (էջ 105-107)։ «Շինուած էր կարծես նա մոմից, եւ դէմքը, որպէս մագաղաթ»։ Եւ սակայն այս «գունատ գուսան»ի բերնէն է, որ «յորդում էր երգը յանկարծ ամպրոպի, որոտի պէս թափով»։
      
       Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
       Քրտինքն էր երգում գեղջուկի, եւ նրա վաստակը արդար, -
       Բայց փոխւում էր երգը յանկարծ եւ դառնում աղաղակ ոխի,
       Եւ մոմէ շրթներով քերթողի սկսում էր նա նզովք կարդալ։
      
       Այս նկարագրութեանց հետ վարպետօրէն հիւսուած՝ Մեծ Պատերազմը եւ 1915ին Հայաջինջ Սարսափները (էջ 106-111)։
      
       Մեր դէմից անցնում էին արդ մանուկներ մեռեալ եւ ծերեր,
       Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին ընծայ…
       …Եւ անցնում էին զօրքերից ոտնակոխ արուած պարտէզներ,
       Հրդեհից մոխրացած հիւղեր, քաղաքներ մեռեալ եւ շէներ, -
      
       Այս բոցավառ այլ քստմնելի եղերապատումէն վերջ, բանաստեղծութիւնը կը փակուի աւուր պատշաճի բանաձեւով։
       1944