Library

Anonymous Vachagan

Դեռեւս ԺԹ դ. գիտնականները նկատել են, որ Ժ դ. վերջի հայ պատմիչ Մովսէս Դասխուրանցու (մատենագրութեան եւ պատմագրութեան մէջ կոչուած նաեւ Կաղանկատուացի) Պատմութիւն Աղուանից աշխատութեան մէջ Վաչագան Բարեպաշտ թագաւորին վերաբերող հիմնական տեղեկութիւնները գալիս են ոչ թէ Ժ դ. հեղինակից, այլ իրադարձութիւններին ժամանակով մօտ կանգնած կամ ականատես երկասիրողից։ Այդ հատուածների մանրակրկիտ աղբիւրագիտական քննութեամբ հ. Ներսէս Ակինեանը հաստատեց Ժ դ. հեղինակի կողմից արտագրուած մի առանձին երկի գոյութիւնը («մէկ գրչէ են Ա. 5, 6 (մասամբ), 14-23 գլուխները, նախնաբար գրուած իբրեւ մէկ ամբողջութիւն»)։ Խորանալով հարցի քննութեան մէջ՝ Կ. Ղահրամանեանը եզրակացրեց, որ Պատմութիւն Աղուանիցի Ա գրքի ժզ-իզ գլուխները Ե դ. վերջի ականատես հեղինակի ստեղծագործութիւն են, իսկ Ա.ժզ գլխի վերնագիրը (Կեանք եւ վարք եւ կարգաւորութիւնք Աղուանից, որ ի Վաչագանայ արքայէ եդան, եւ գիւտք նշխարաց սրբոց) բնօրինակում հաւանաբար եղել է ոչ թէ այդ գլխինը (նրանում պատմւում է ընդամէնը Պերոզ արքայի չարագործութիւնների ու կործանման մասին), այլ ամբողջ երկինը, որը Ժ դ. հեղինակը բաժանել է գլուխների եւ վերնագրել դրանք։ Ըստ այդմ՝ վաղմիջնադարեան այս երկը կարելի է պայմանականօրէն անուանել Կեանք եւ վարք Վաչագանայ արքայի։