Movses Tsurtavetsi
Կաթողիկոսական տեղապահ Վրթանէս Քերթողին ուղարկած առաջին թղթում (605/606 թ.) Մովսէսը տեղեկացնում է, որ Ցուրտաւի եպիսկոպոսարան է հասել «ի տիս տղայութեան», ուսանել հայերէն եւ վրացերէն դպրութիւն, հասել վարդապետական աթոռի, ապա եւ դարձել վիճակաւոր եպիսկոպոս Ցուրտաւի բդեշխութեան։ Դաւանական հողի վրայ ընդհարուել է իրեն ձեռնադրող Կիւրոն կաթողիկոսի եւ նրան կուսակից «ամենայն իշխանացն եւ աշխարհին» եւ, իբրեւ հալածական, ապաստան գտել Արագածոտնի Ս. Յովհաննէս Մկրտիչ վանաց երէց Բաբիւլասի մօտ։ Մովսէսը յոյս ունէր «ի ձեռն գրելոց բառնալ» հակառակութիւնը, ուստի դիմումներ էր կատարում Վրթանէսին, Աբրահամ կաթողիկոսին, Սմբատ մարզպանին, Ցուրտաւի հայալեզու իշխանութեանը եւ յորդորում միջնորդութիւններ կատարել եւ կանխել Կիւրոնի թելադրած ընթացքը, այցելութիւն անել Վիրք, վերահասութեան կոչել Վրաց իշխաններ Ատրներսեհին, Վահանին եւ Բզմիհրին եւ ազդեցիկ հոգեւոր գործիչներին (Պետրոս, Ռափայէլ, Նաթանայէլ)՝ համոզուած լինելով, որ «յԱղուանից մինչեւ յաշխարհն Վրաց, մեզ եհաս լի առնել զԱւետարանն Քրիստոսի եւ լսել զուրախարար զբարբառն հրաւիրական»։
Մովսէս եպիսկոպոսը, ինչպէս նաեւ նրա կոչերին արձագանքող հայ գործիչները, դժուարանում էին հաւատալ, թէ Կիւրոնի եւ վրաց իշխանութիւնների բռնած դիրքը զուտ դաւանական խնդիր չէ, այլեւ պարսկա-բիւզանդական քաղաքական հակամարտութեան մշտական հոլովոյթից յոգնած նոր կողմնորոշում, նաեւ էթնո-մշակութային ինքնացման բախտորոշ ընթացք։ Կիւրոնը հակուած չէր եկեղեցական մեկուսացումից դուրս գալու իր ընտրած ուղին զոհաբերել Գրիգոր Լուսաւորչի անունը անընդմէջ վկայակոչող հայ եկեղեցականների աւանդական բանաձեւումներին։
Աբրահամ Աղբաթանեցու 608/609 թ. գրած շրջաբերականով աւարտւում է Մովսէս եպիսկոպոսի ահազանգմամբ սկիզբ առած եւ նրա իսկ մասնակցութեամբ բորբոքուած հայ-վրացական դաւանական-մշակութային վիճաբանութիւնը։ Բաժանումն ի Հայոց, անշուշտ, նշանակալի փորձութիւն էր Հայոց Եկեղեցու համար, սակայն այդ առիթով գրուած 24 նամակներն ու պատասխանները, շրջաբերականները, որոնք պահպանուել են միայն հայերէնով, մատենագրական անուրանալի արժէքներ են։ Ինչպէս կարելի է կռահել Մովսէսի թղթերում եղած պատառիկային ակնարկներից, գրագրութեանը հետեւել, պատճէնել ու ժամանակագրական դասդասման է ենթարկել ինքը Մովսէս եպիսկոպոս Ցուրտաւեցին։ Հ. Ներսէս Ակինեանը քննարկել է Գիրք Թղթոցի կազմութեան եւ լրացման ընթացքը եւ եզրակացրել, որ յիշեալ 24 գրութիւնները ընդգրկուած են եղել սկզբնագիր A օրինակի մէջ (B-ն Գրիգոր Վկայասէրին է պատկանել 1077 թ., C-ն 1271 թ. «շատ առաջ չէր կրնար գրուած ըլլալ», D-ն ընդօրինակուած է 1298 թ., գրիչ՝ Թովմա, Անտոնեան օրինակ)։ Նրանց միջեւ եղած բնագրական տարբերութիւնները արժանացել են Ուխտանէսի ուշադրութեանը ։
Կարեւոր է նկատել, թէ Ուխտանէսի Պատմութիւնում ընդգրկուած Մովսէս եպիսկոպոսի ժողոված բնագրերի ընդօրինակութիւններում կան նշանակալի քանակութեամբ բովանդակային առումով ոչ երկրորդական պարբերութիւնների յապաւումներ ։
Պարոյր Մուրադեան