ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ե. Գիլանենցի վերջին ջանքերը

Կառավարութեան եւ նրա ներկայացուցիչների տարտամ ու անորոշ պատասխանները հայերի դիմումներին յամենայն դէպս յուսահատութեան չը հասցրին Պետրոս Գիլանենցին ու նրա ընկերներին: 1724 թուի սեպտեմբերի 24-ին Մոսկուայում ստացուած մի գրութեան մէջ նրանք յայտնում են, որ պատրաստ են Գիլանում կռւող հայերի թիւը հասցնել հազար հոգու, միայն թէ այդ իմաստով հրաման լինի ի վերուստ [1]: Մի ուրիշ տեղ խօսք կայ նոյն իսկ նրանց թիւը երեք հազարի հասցնելու մասին [2]: Միաժամանակ խնդրում են նրանք պետական ռոճիկ նշանակել իրանց ու այդպիսով՝ միջոց տալ հոգալու մարդկանց ու ձիերի ուտեստի մասին [3]: Յետագայում հայերը կրկին դիմում են Մինաս վարդապետին՝ ուղարկել 100 հաւատարիմ հայ, այլ եւ դրանց հետ՝ որքան կարելի է «զինուորական արուեստի ու վարպետութեան մէջ վարժուած» ռուս մարդիկ [4]: Գիլանենցը մտադրուել էր նոյնիսկ անձամբ գնալ Ռուսաստան զեկուցելու Պետրոս Մեծին, թէ Պարսկաստանի ընդհանուր վիճակի եւ թէ հայերի մասնաւոր դրութեան մասին ու միաժամանակ այնտեղից գործին պիտանի մարդկանց հաւաքել բերել Պարսկաստան [5]: Ռուսաստան անցնեու համար նա յոյս ունէր թոյլտւութիւն ստանալու գեներալ Մատիւշկինից, որը շուտով պէտք է ժամանէր Ռէշտ: Սակայն, երբ 1724 թուի դեկտեմբերի 24-ին Մատիւշկինը հասաւ այդ քաղաքը Գիլանենցն արդէն կենդանի չէր:

1725 թուին 17-ին յունուարի թուակիր գրութեան մէջ նամակագիրը յայտնում է Մինաս վարդապետին, որ Պետրոս Գիլանենցը, հայ գումարտակի պաշտպանն ու ուսուցիչը, սպանուել է ծառայութեան ժամանակ եւ, որ իրանք մնացել են առանց ղեկավարի: Նրա ընկերները խնդրում են վարդապետին գլխաւոր նշանակել իրանցից մէկին, կամ ուղարկել իր կողմից որ եւ է մէկին, որին նրանք եւ խոստանում են հնազանդուել [6]: Միայն թէ նոր հրամանատարը լինի «լաւ եւ ազնիւ հայ, որպէս զի, քանի դեռ, ինչպէս լսւում է, թշնամու ուժեղ բանակներից մէկի յարձակումը տեղի չի ունեցել, միւսները, զրկուած ղեկավարից, չը թերանան իրանց հաւատարմութեան մէջ» [7]. «ինչպէս դու քո նամակներով Պետրոս դի Սարգսին էիր ցուցմունք ու յորդոր տալիս, - դիմում է նամակի հեղինակը Մինաս վարդապետին, - որոնց համաձայն նա մեզ էր ուսուցանում եւ պահպանում, այնպէս էլ մի թող այժմ մեզ» [8]:

Լսելով այն մարդու ծառայութիւնների մասին, որը բոլորի վկայութեամբ իր զինուորական գործունէութեան ընթացքում «երբէք ձիուց թամք չի վերցրել», գեներալ Մատիւշկինն իր ցաւն է յայտնում նրա գործակիցներին: 1724 թուի նոյեմբերի 10-ին ստորագրուած կայսերական ուկազով Մատիւշկինին հրահանգուած էր տեղ տալ Գիլանում Ղարաբաղի եւ Ղափանի շրջանի հայ գաղթականներին եւ նպաստել նրանց տնտեսութեան վերականգնմանը [9]: Գնահատելով հայերի կատարած դերը՝ գեներալը գալով Ռէշտ հրամայում էր նաեւ ըստ կարելոյն մեծացնել հայ կռւողների թիւը. սակայն այդ հրամանը հնարաւոր չէ լինում շուտով իրագործել, որովհետեւ Գիլանում քիչ հայ էր մնացել, իսկ դրսի հետ հաղորդակցութեան կապերը կտրուած էին լիովին [10]: Անդրկովկասի հայերն էլ, ինչպէս յայտնի է, չը հետեւեցին կայսերական հրաւէրին ու շարունակեցին մնալ իրանց երկրում: Երեւում է, որ քաղաքականօրէն յուսախաբուած հայերի համար պատերազմը կորցրել էր արդէն իր նախկին հմայքը: Այդ տեսակէտից խիստ բնորոշ է Գիլանի հայ խմբապետի դիմումը Մինաս վարդապետին՝ միջնորդութիւն յարուցանել, որ հայերին եւս թոյլ տրուի թալանել եւ գերեվարել թշնամուն, ինչպէս այդ մահմետականներն են անում. «Դրանով, - շարունակում է Մինաս վարդապետի թղթակիցը, - մեր զօրքերը կարող են շահագրգռուել՝ ճակատուելու թշնամու հետ. բացի այդ, մուսուլմանները, տեսնելով մեր թուլութիւնը, այն, որ մենք չենք կողոպտում եւ չենք գերեվարում նրանց, աւելի յանդգնօրէն են յարձակւում մեզ վրայ» [11]:

Մատիւշկինի գալուց յետոյ հայերը՝ նրա հրամանով՝ մասնակցում են 1724 թուի դեկտեմբերին Գիլանում վերսկսուած պատերազմական գործողութիւններից երկուսի մէջ եւ վարձատրւում իրանց քաջագործութիւնների համար: Առանձին ուշադրութեան է արժանանում Պետրոս Գիլանենցի հաւատարիմներից Աղազար անունով մէկը, որը ստանում է ռօտմիստրի եւ հայկական էսկադրօնի հրամանատարի աստիճան: Աղազարը՝ յետագայի Լազար Խրիստաֆօրովը՝ ռուս գեներալի աստիճան ստացող առաջին հայ զինուորականը, եղաւ այսպիսով Գիլանենցի սկսած գործի շարունակողն ու ղեկավարը [12]:

 

* * *

Պետրոս դի Սարգիս Գիլանենցն անշուշտ մէկն էր ժամանակի եռանդուն եւ արգասաւոր հայ քաղաքական գործիչներից: Ճիշտ է, նա ապրեց գաղութային հայութեան մէջ, սակայն նրա գիտակցութեան մէջ անդրադառնում էր պարսկահայ ընթացիկ կեանքն իր ամբողջ ծաւալով. հայկական էսկադրօնի հիմնադիրն ու ղեկավարն ապրում էր «Հայոց ասկի» փրկութեան համար մտահոգուած «հայոց ասկարի» կեանքով: Ո՞ւնէր նա արդեօք ազգային-քաղաքական խնդիրների մասին իր մշակուած ծրագիրը՝ չգիտենք. գիտենք միայն, որ գործնականի մէջ ԺԸ դարի քաղաքականօրէն մտածող ու գործող խոշոր հայ առեւտրականների նախահայրն է նա: Եւ եթէ յիշենք, որ սրանցից միայն նա ընկաւ հայ ազատագրական պայքարի մէջ՝ այն ժամանակ կը լինի նա եւ միակ իսկական զինուորը հայ կապիտալի քաղաքական պատմութեան ամայի դաշտում:



[1]                Дъла арм.,   1725, 1, fol. 2v, § 7:

[2]                Անդ, fol. 9v:

[3]                Անդ, § 8-11:

[4]                Անդ, fol. 10v:

[5]            Անդ, fol. 11 r. եւ 12v:

[6]            Дъла арм., 1725, 1, fol. 9v:

[7]            Անդ, fol. 11r:

[8]            Անդ, fol. 12 r.: Այս դիմումին ընթացք տալու համար Մինաս վարդապետը գնաց Պետերբուրգ, ուր նա 1725 թ. 19-ն օգոստոսի թուակիր մի գրութեամբ դիմում արեց Կատարինէ Ա կայսրուհուն յօգուտ Գիլանի հայերի: Տե՛ս ներկայ յօդուածի յաւելուածը:

[9]            Г. Эзовъ, անդ, 259.

[10]          Дъла арм., 1725, 1, fol. 9v, fol. 13 rv.

[11]          Дъла арм., 1725, 1, fol. 12r.

[12]          Անդ, fol. 11v. եւ Г. Эзовъ,, 303, 304, 305: