Սահմանադրութիւն կանոնական (ԱՂՈՒԷՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

  Վաչագան Բարեպաշտ Աղուանից արքայի կանոնները մեզ են հասել Ժ դ. վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու Պատմութիւն Աղուանից երկում ( գլուխ Ա. իզ ) եւ Հայոց կանոնագրքի ձեռագրերում: Վերջիններիս Ա խմբի օրինակներում նրանք կրում են ԼԵ, իսկ Բ խմբի օրինակներում՝ ԼԸ թուահամարը: Բնագիրը պարունակում է 21 կանոն եւ եկեղեցական ժողովի մասնակիցների անունները թուարկող առաջաբան եւ վերջաբան: Ըստ վերջինների՝ կանոններն ընդունուել են Աղուանից Վաչագան Բ Բարեպաշտ թագաւորի հրաւիրած ժողովում, որը գումարուել է արքայական ամառանոց Աղուէնում ի հովոցի տեղի »):

Պատմութիւն Աղուանից ում բառացի արտագրութեամբ պահպանուած եւ պայմանականօրէն Վաչագանի վէպ անուանուող Զ դ. երկի տեղեկութիւնների համաձայն՝ Վաչագանը Բուն Աղուանքի վաղմիջնադարեան թագաւորութեան Արշակունի արքայատոհմի տասներորդ ներկայացուցիչն էր, իսկ Ժ դ. պատմիչը նրան համարում է բնիկ հայկական Առանշահիկ իշխանատոհմի շառաւիղ: Վաչագանի վէպը պատմում է, որ Վաչագանը թագաւոր էր ճանաչուել Սասանեան արքայից արքայ Վաղարշ Ա - ի (484-488 թթ. ) կողմից ( հաւանաբար Նուարսակի պայմանադրութեան շրջանակներում՝ 485 թ. աշնանը ): Ըստ մեր վերջին հետազօտութեան՝ նրա իշխանութիւնը, հաւանաբար, շարունակուել է մինչեւ Զ դ. 20- ական թթ. եւ աւարտուել Կաւատ Ա Սասանեանի կողմից Վիրքում թագաւորական իշխանութեան վերացման հետ միաժամանակ՝ 523 թ. ։

Վաչագանի վէպում, որը թուագրւում է Զ դ. ամենաառաջին տարիներով ( հաւանաբար՝ 501-502 թթ. ), յիշատակւում են Աղուէնի եկեղեցական ժողովի մի քանի մասնակիցներ, ընդ որում՝ կա՛մ նոյն, կա՛մ աւելի ցածր պաշտօններում. մասնաւորապէս՝ ժողովական Մանասէ Կապաղակի եպիսկոպոսը Վէպում դեռեւս « թագաւորի դրան » ( նոյն Կապաղակ մայրաքաղաքի արքունիքի ) երէցն էր: Այն, որ կանոններն ընդունուել են Վէպի ժամանակից աւելի ուշ, երեւում է նաեւ նորակառոյց Պարտաւ մայրաքաղաքի յիշատակութիւնից Շուփհաղիշոյ Պարտաւայ արքեպիսկոպոս », « Մաթէ Պարտաւայ երէց »): Ըստ ուշսասանեան պատմական աւանդոյթի վրայ հիմնուող արաբ մատենագիրների եւ Պատմութիւն Աղուանից ում պահպանուած 684 թ. պատմութեան տեղեկութիւնների՝ այն կառուցուել է Կաւատ արքայի կողմից եւ « Պերոզ - Կաւատ » անունով ( որը նշանակում է՝ « Կաւատը յաղթող »): Դա, ամենայն հաւանականութեամբ, տեղի է ունեցել Զ դ. սկզբներին՝ պարսկա - բիւզանդական եօթնամեայ՝ 506-512 թթ., հաշտութեան տարիներին ( ըստ ասորա - բիւզանդական աղբիւրների, այդ ժամանակ Անաստաս կայսրը նաեւ մեծ գումար վճարեց Սասանեաններին, հիւսիսկովկասեան սաւիր - հոների դէմ Կովկասեան պաշտպանական գիծն ամրապնդելու նպատակով ): Ըստ այսմ՝ Աղուէնի ժողովի գումարումը առաւել մեծ հաւանականութեամբ հնարաւոր է թուագրել 510- ական թթ.:

Պատմագիտութեան մէջ փորձեր են եղել Աղուէնի կանոնները համարել աւելի վաղ ժամանակներում ստեղծուած: Ս. Յովհաննիսեանը փորձել է դրանք վերագրել Դ դ. երկրորդ կէսին եւ համարել ընդունուած Աշտիշատի եկեղեցական ժողովից յետոյ՝ Աղուանից մէկ այլ Վաչագան թագաւորի ( իրականում՝ Յաւչագան ) օրերում: Հ. Ն. Ակինեանի կարծիքով, Աղուէնի կանոններն ընդունուել են Ե դ. առաջին կէսի վերջերին՝ Շահապիվանի ժողովի կանոններից յետոյ: Սակայն աղբիւրագիտական առկայ նիւթը ստիպում է մերժել Աղուէնի ժողովի թուագրումը ոչ միայն նման վաղ ժամանակներով, այլեւ Վաչագան Բարեպաշտի իշխանութեան առաջին տարիներով (480-490- ական թթ. ), ինչպէս կարծում էին Աս. Մնացականեանը, Բ. Ուլուբաբեանը եւ այլոք:

Հետեւելով հ. Ն. Ակինեանին՝ կարեւոր է արձանագրել, որ « Աղուէնի ժողովի կանոնները սերտ կապի մէջ են Շահապիվանի ժողովին կանոններու հետ ( հմմտ. կան. Ժ = ԺԳ: ԺԱ = Դ, Թ: ԺԲ = ԺԱ: ԺԵ = Բ: ԻԱ = ԺԷ ): Հոս քանիցս կը յիշուի Կանոնագիրք մը որպէս ի Կանոնսն գրեալ է՝ պատուհաս դիցեն ». ԺԵ. « կանոնիւք դատեսցին ». ԺԶ. « որ ի կանոնս գրեալ է ». ԻԱ. ), որուն համաձայն կ՚առաջնորդուին: Կանոններս գրուած են Ե դարու առաջին կէսին գործածական գրական հայերէնով, զոր սովոր ենք դասական անուանել »: Աւելացնենք, որ Վաչագանի վէպի հետ միասին Աղուէնի կանոնների ստեղծման գաղափարական նպատակն է եղել Սասանեան տէրութեան գերիշխանութեանը ենթակայ Աղուանք - Առան վարչաքաղաքական միաւորի մէջ Աղուանից եկեղեցու շուրջ համախմբուած քրիստոնեայ հասարակութիւնը ( իր բունաղուանական եւ հայկական էթնիկ մասերով ) ամրապնդել ոչ թէ բունաղուանական էթնոմշակութային համակարգի գործառութեան խորացման, այլ ընդհակառակը՝ Կուրի աջափնեակի հայութեան ազգային - մշակութային աւանդներն այդ ամբողջ հասարակութեան համար հաստատագրելու ճանապարհով:

Աղբիւրագիտական տեսակէտից կարեւոր է նշել, որ Աղուէնի կանոնների առաջին պարբերութիւնը Յամս Վաչագանայ՝ Աղուանից արքայի բազում հակառակութիւնք լինէին ի մէջ աշխարհականաց եւ եպիսկոպոսաց, եւ քահանայից եւ քորեպիսկոպոսաց, ազատաց եւ ռամկաց: Ապա կամ եղեւ արքայի՝ առնել ժողով յԱղուէն՝ բազմամբոխ ատեան, յամսեանն մարերի, որ աւր երեքտասան էր »), մեր համոզմամբ, բխում է ոչ թէ Աղուէնի ժողովի բուն արձանագրութիւնից, այլ աւելացուած է Կանոնագրքի՝ մի ինչ - որ վաղ ժողովածոյ կազմողի կողմից ճիշտ այնպէս, ինչպէս դա արուել է « բացատրագիր » չունեցող շատ ուրիշ կանոնախմբերի համար ( այդպէս վարուել են ե՛ւ Յովհաննէս Օձնեցին, ե՛ւ նրա գործը շարունակողները ): Դա նշանակում է, որ Մովսէս Դասխուրանցին կամ նրա մի  որեւէ նախորդն է Աղուէնի կանոնների բնագիրն ընդօրինակել կանոնագրքի ինչ - որ օրինակից, ոչ թէ հակառակը, ինչպէս ենթադրում էր Հայոց կանոնագրքի գիտաքննական բնագրի հեղինակ Վ. Յակոբեանը: Դա նաեւ նշանակում է, որ անհրաժեշտ է որոշ վերապահումով մօտենալ « մարերի ամսի ԺԳ » ամսաթուի հաւաստիութեանը, որը նշուած է, առանց որեւէ արքայի տիրակալութեան համապատասխան տարուայ յիշատակութեան. թէպէտ հնարաւոր է նաեւ, որ Կանոնագրքի ժողովածոյ կազմողը այդ ամսաթիւը քաղել է Աղուէնի ժողովի արձանագրութեան՝ իր ձեռքի տակ եղած բնագրի ( գուցէ մագաղաթեայ փաստաթղթի լուսանցքների կամ յետեւի կողմի ) ինչ - որ մի նշումից:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է եւս մի վերապահում կատարել եւ պայմանական համարել նաեւ Աղուէնի կանոնների վերտառութիւնը. « Սահմանադրութիւն կանոնական ի ( K կանոնի ) Վաչագանայ Աղուանից արքայէ ( K արքայի ) եդեալ ի ժողովոյն ( a ժողովէն K ժողովն ), որ յԱղուէնն եղեւ »: Աղուէնի ժողովի բուն արձանագրութեան բնագրում չկայ ո՛չ « սահմանադրութիւն » բառը, ո՛չ էլ « կանոն » եզրը՝ իբրեւ նիւթի բնորոշում: Եղած բնորոշումներն են՝ « կարգ » կարգ եցաք այսպէս »), « պայման » զայս պայման արարին »), « հրաման » զայս հրաման մատանեցին »), « գիր » վասն առաւել հաստատութեան գրոյս »): Ըստ այսմ՝ աւելի հաւանական է ենթադրել, որ մեր ունեցած վերտառութիւնը նոյնպէս գրուած է Աղուէնի ժողովի արձանագրութեան բնագիրը՝ Հայոց կանոնագրքի ժողովածոյ ընդգրկողի կողմից:

Ուսումնասիրողների միահամուռ կարծիքով, Աղուէնի կանոններն ընդգրկուած չեն եղել Յովհաննէս Օձնեցու կազմած Հայոց կանոնագրքի առաջին ժողովածոյի մէջ ( որն ունեցել է 24 կանոնախումբ ), սակայն դրանք եղել են արդէն այն ժողովածոյում, որն իր 38 կանոնախմբերով ծանօթ է եղել Անանիա Մոկացի կաթողիկոսին Ժ դ. կէսին: Յենուելով նախորդ հետազօտողների քննութեան վրայ՝ հաւանական է ենթադրել, որ Վաչագան արքայի կանոնների բնագիրը « յայտնաբերուել է » Ը դ. երկրորդ կէսին՝ 768 թ. Պարտաւի եկեղեցական ժողովի գումարման առիթով Հայոց Սիոն Բաւոնեցի կաթողիկոսի՝ Արեւելից կողմերն այցելութեան ժամանակ ( ըստ Ն. Ակինեանի՝ « Այն պարագան, որ Միքայէլ Աղուանից կաթողիկոս, երբ քննութեան կ՚առնէր Շամքորի Բերդոյ վանքին մէջ 705- ին Վարազոյ իշխանին մերձամուսնութիւնը , վկայութեան չէ կոչած Աղուէնի ժողովին Սահմանադրութեան ԺԷ կանոնը , եւ դարձեալ Յովհաննէս Իմաստասէր կաթողիկոս Աղուէնի ժողովին Կանոնները իր կազմած Կանոնագիրքին մէջ չէ առած ( իբր 725- ին ), ենթադրել կու տայ, թէ Ը դարուն առաջին կէսին տակաւին հրապարակի վրայ մատչելի չէին այս Կանոնները, ուստի անոնք գտնուած ըլլալու են Ը դարու երկրորդ կէսին կամ Թ դարում որ եւ է վանքի խուլ անկիւնը »): Առաւել ենթադրելի է, որ հէնց այդ օրերում այն վերցուել է Պարտաւի կաթողիկոսական դիւանից եւ արտագրուել Հայոց կանոնագրքի մի նոր ժողովածոյի մէջ՝ Պարտաւի ժողովում ընդունուած կանոնների հետ միասին: Այս ժողովածոյին յանգող մի ձեռագրից, որը Ժ դ. երկրորդ կէսում պահուած է եղել Աղուանից կաթողիկոսարանի դիւանում, Աղուէնի կանոններն իր երկի մէջ է արտագրել նաեւ Մովսէս Դասխուրանցին:

Ինչպէս ձեռագրերի մանրակրկիտ քննութեամբ պարզաբանել է Վազգէն Յակոբեանը, Կանոնագրքի շուրջ 200 օրինակների մեզ հասած երկու ձեռագրախմբերը ծագում են Ժ դ. վերջում (992-997 թթ. միջեւ ) կազմուած մէկ ընդհանուր մայր տարբերակից, որն ունեցել է 40 կանոնախումբ: Նրանից են ծագում Հայոց կանոնագրքի հնագոյն երկու ձեռագրերը՝ A գրչագիրը՝ արտագրուած 1098 թ. տէր Խաչիկի օրինակից ». Նոր Ջուղայի ձեռագիր ), եւ B գրչագիրը՝ արտագրուած, ըստ ամենայնի, միեւնոյն մայր օրինակից ԺԳ դ. ։ Դրանցից կատարուած տասնեակ ընդօրինակութիւնները կազմում են Հայոց կանոնագրքի ձեռագրերի Ա խումբը ( մենք նկատի չենք ունեցել դրանք ): Ժ դ. վերջի այդ տարբերակից են արտագրուել նաեւ Հայոց կանոնագրքի ձեռագրերի Բ խմբի մեզ հասած երեք ենթախմբերի մայր գրչագրերը: Այդ մայրերից ոչ մէկը մեզ չի հասել, ուստի Բ խմբի մայր օրինակի ընթերցումների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նախապէս վերականգնել բոլոր երեք ենթախմբերի ձեռագրերի մայր գրչագրերի ընթերցումները՝ այդ ենթախմբերից իւրաքանչիւրի բոլոր օրինակների տուած նիւթի համեմատական քննութեամբ: Կատարելով այդ աշխատանքը ( Վ. Յակոբեանի համեմատական հսկայածաւալ աշխատանքի օգնութեամբ ) ՝ ենթախմբերը պայմանականօրէն անուանել ենք K a ( acdkmpsv ձեռագրեր՝ ԺԶ - ԺԷ դդ. ), K b ( befgq ձեռագրեր՝ ԺԶ - ԺԸ դդ. ) եւ K r ( hloru ձեռագրեր՝ ԺԷ դ. ): Ընդհանուր առմամբ, Վ. Յակոբեանի մանրակրկիտ համեմատական աշխատանքի շնորհիւ իւրաքանչիւր ենթախմբի նախնական ընթերցումների վերհանումը լուրջ խնդիրներ չի յարուցում, նոյն կերպ նաեւ ( դրանից յետոյ ) ՝ Ա եւ Բ խմբերի մայր տարբերակի ( Ժ դ. վերջ ) ընթերցումների վերհանումը ( կանոնագրքային ընդհանուր ընթերցումները նշանակում ենք՝ K = ABK abr ): Որոշ կասկածելի դէպքերում շահագրգիռ ընթերցողն ինքը կարող է դիմել Վ. Յակոբեանի քննական - համեմատական հրատարակութեան տողատակերի մատուցած սպառիչ նիւթին:

Պատմութիւն Աղուանից ի ձեռագրերի երկու խմբերի ( a ձեռագիր եւ bclr ձեռագրեր՝ bl եւ cr ենթախմբերով ) եւ Հայոց կանոնագրքի ձեռագրախմբերի ընթերցումների համադիր օգտագործմամբ կազմուած Վաչագանի կանոնների քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա վեցերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Պատմութիւն Աղուանից ի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի, ինչպէս նաեւ Հայոց կանոնագրքի ՝ ենթախմբերի մայր օրինակ չհանդիսացող ձեռագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են կա՛մ մեր կողմից օգտագործուած ձեռագրերից որեւէ մէկից, կա՛մ կանոնագրքային Բ խմբի ձեռագրախմբերի ( վերականգնուած ) մայր օրինակներից, ուստի չեն կարող օգտակար համարուել Աղուէնի կանոնների ինքնագրի վերականգնման հարցում: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանից ի համեմատական հրատարակութեան հեղինակ Վարագ Առաքելեանի եւ Հայոց կանոնագրքի քննական հրատարակութեան հեղինակ Վազգէն Յակոբեանի կատարած աշխատանքից։

Ալեքսան Յակոբեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Հ. Ներսէս Ակինեան, Մովսէս Դասխուրանցի ( կոչուած Կաղանկատուացի ) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վիեննա, 1970 ։

2. Կանոնագիրք Հայոց, աշխատասիրութեամբ՝ Վազգէն Յակոբեանի, հտ. Ա, Երեւան, 1964. հտ. Բ, Երեւան, 1971 ։

3. Կիմ Ղահրամանեան, « Պատմութիւն Աղուանից աշխարհի » երկի աղբիւրները ( թեկնածուական ատենախօսութիւն ), Երեւան, 1974 ։

4. Ասատուր Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1966 ։

5. Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկուա, 1860 ։

6. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը Վարագ Առաքելեանի, Երեւան, 1983 ։

7. Ալեքսան Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու « Աղուանից պատմութեան » ձեռագրերը, ԲՄ, 1986, թիւ 15 ։

8. Ալեքսան Յակոբեան, « Վաչագանի վէպ »- ը եւ Արշակունեաց թագաւորութեան խնդիրը Դ - Զ դարերի Աղուանքում, ՀԱ, Վիեննա, 2003 ։

9. Սմբատ Յովհաննիսեան, Աղուէնի սահմանադիր ժողովի կանոնները եւ նրանց աղերսը Աշտիշատի կանոնների հետ, ՊԲՀ, 1967, թիւ 4 ։

10. Բագրատ Ուլուբաբեան, Դարձեալ Աղուէնի ժողովի գումարման տարեթուի մասին, « Լրաբեր », 1969, թիւ 6 ։

11. Հենրիկ Ս. Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու « Աղուանից պատմութեան » աղբիւրները, ՊԲՀ, 1972, թիւ 2 ։

12. The History of the Caucasian Albanians by Movs e s Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London, 1961.

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

a ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակ՝ 1289 թ.

b ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակ՝ 1675 թ.

c ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակ՝ 1664 թ.

l Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակ՝ 1678 թ.

r Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակ՝ ԺԷ դ.

A Նոր Ջուղայի ձեռ. թիւ 131 ( ՄՄ լուսանկարների հաւաքածոյ, թիւ 203), ժամանակ՝ 1098 թ.

B ՄՄ ձեռ. թիւ 6409, ժամանակ՝ ԺԳ դ.

K a, K b, K r Հայոց կանոնագրքի Բ խմբի ձեռագրախմբերի վերականգնուած մայր օրինակների ընթերցումներ ( ըստ Վազգէն Յակոբեանի համեմատած նիւթի )