Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՊԱՏՈՒԷՐԴ
      
       Պատուիրեցիր որ չծխեմ,
       Չեմ ծխեր.
       Միտքդ ի՞նչ է,
       Չե՛ս ըսեր.
       Զրկա՞նք, բարի՞ք,
       Չեմ գիտեր։
       Միայն թէ,
       Ամէն անգամ որ կը մեկնիս դուն քովէս,
       Կը թուի թէ հոգիս է
       Որ կը մխայ ծուխին հետ։
       Ու դարձեալ
       Ամէն անգամ որ կ’երեւաս հեռուէն,
       Կը թուին թէ հոգերս են
       Որ կը ցնդին ծուխին պէս։
       Պատուիրեցիր որ չխմեմ,
       Չեմ խմեր։
       Միտքդ ի՞նչ է,
       Չե՛ս ըսեր,
       Զրկա՞նք, բարի՞ք,
       Չեմ գիտեր։
       Միայն թէ,
       Ամէն անգամ որ շրթներս կը հպին
       Գինեփրփուր բաժակին,
       Կը թուի թէ շրթներուդ
       Ծիրանն է որ կը քամեմ։
       Ու դարձեալ,
       Ամէն անգամ որ մրուրը կը քամեմ,
       Ու բաժակը բիւրեղ բռնած կը դիտեմ,
       Կը թուի թէ աչքերդ են
       Որ կժպտին աչքերուս,
       Ու ծիծաղդ կը ցոլցլայ բաժակէն։
      
       1918 Օգոստ. Կեդր. բանտ, Պոլիս