Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՆԻԾԷ, ՄԱՅՐ…
      
       Անիծէ՛, մա՛յր,
       Ես իմ բանտս շինեցի։
      
       Բանուոր եղայ, բանտի բանուոր
       Վաղուան բանտը կառուցի։
      
       Հող փորեցի, խիճ կրեցի,
       Բանտին հիմը ես բացի։
      
       Քար կշռեցի, աղիւս տուի,
       Բանտին պատը հիւսեցի։
      
       «Վարպետ Մանուկ, այստեղ ի՞նչ է»։
       - «Խօվուշ, տղա՛յ, շո՛ւտ փորէ»։
      
       Անիծէ՛, մա՛յր,
       Ես խցարգել՝ բանտախուցը փորեցի։
      
       «Վարպե՛տ Մարգար, այստեղ ի՞նչ է»։
       - «Զնտա՛ն, տղայ, դե՜ քար հասցուր»։
      
       Անիծէ՛, մա՛յր,
       Ես լուսաբաղձ կալանաւոր
       Գետնախշտի կազմեցի։
      
       «Վարպե՛տ, Օհա՛ն, այստեղ ի՞նչ է»։
       - «Աշխատանո՛ց։ Միւտիւրն եկաւ,
       Դարձուր, դարձո՛ւր տոլապը»։
      
       Անիծէ՛, մա՛յր,
       Տաժանակիր աշխատանքի
       Ես դժոխք մը կառուցի։
      
       - «Իգնա՛տ, ընկե՛ր, այստեղ ի՞նչ է,
       Երկու օր է կը փորենք»։
       - Այստե՞ղ, այստե՞ղ, միտքդ չի՞ գար,
       Խոստովանանկ պիտ’ ըլլանք…»։
      
       Անիծէ՛, մա՛յր,
       Ի՜նչ շուտ մոռցայ,
       Նոր տանջարան կերտեցի։
      
       Ի՞նչ պոռչտուք է, տղա՛ք, ի՞նչ կայ.
       - Տասնապետը մահակով
       Ուժգնօրէն, գազանօրէն կը ծեծէ
       Հեթանոս մը անօթի որ ուժաբեկ թմրած էր…
      
       Անիծէ՛, մա՛յր,
       Ես հեռուէն դիտեցի
       Սեւ տանջանքը բրածեծ,
       Ես իմ բանտս շինեցի…։
      
       1918 Օգոստ. Կեդր. բանտ, Պոլիս