Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ասորիների թիւը
       Տաճկաստանում պաշտօնապէս վիճակագրական տեղեկութիւններ կանոնաւորապէս չեն հաւաքւում, ուստի անհնարին է ճիշտ որոշել Վանի վիլայէթի ասորիների թիւը։ Ես անձնապէս կազմեցի Ջուլամերիկի շրջանի, ուրիշ խօսքով՝ աշիրաթային ասորիների վիճակագրութիւնը, այն էլ ոչ թէ հոգիներով հաշուած, այլ ծխով , որովհետեւ գիւղերում յայտնի է միայն, թէ քանի ծուխ կամ տուն են իրենք։ Ի նկատի ունեցայ նաեւ Վիտալ Քինէի, Մաեվսկու եւ մանաւանդ Շոլկովնիկեանի կազմած վիճակագրութիւնները ։
       Ասորիները ապրում են գլխաւորապէս Տաճկաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ամերիկայում եւ ցրուած են համարեա ամեն տեղ։
      
       Ասիական Տաճկաստանում հաշւում է  863, 000
       Պարսկաստանում   76, 000
       Ռուսաստանում   2, 000
       Այս երեք երկրների մէջ՝   941, 000
      
       Այս երեք պետութեան մէջ ապրողները ըստ կրօնի բաժանւում են այսպէս.
      
       1) Նեստորականներ   135, 000
       2) Քաղդէա-կաթոլիկներ   23, 000
       3) Յակոբեաններ   125, 000
       4) Լիվանեան կաթոլիկներ (մարոնականներ)   525, 000
       5) Սիրիական կաթոլիկներ   100, 000
       6) Քաղդէական լուտերականներ եւ բողոքականներ   1, 000
       7) Պրովասլաւներ   32, 000
      
       Տաճկաստանի ասորիներից միայն Վանի վիլայէթում ապրում են 79, 000 հոգի, որոնք շնչին բացառութեամբ նեստորականներ են եւ տեղաւորուած են այսպէս.
      
       Հաքեարի սանջակի Ջուլամերիկ կազայում 41, 000
       Գեաւառ   15, 000
       Աղբակ   12, 000
       Օրամար   7, 000
       Վանի սանջակի Շատախ.   2, 000
       Վանի սանջակի Խոշաբ    2, 000
       79, 000
      
       Մենք գլխաւորապէս կանգ ենք առնելու Ջուլամերիկի կազայի ասորիների վրայ, որոնք մեր անձնապէս կազմած վիճակագրութեամբ 4, 855 տուն են, կամ մօտաւորապէս 41 հազար հոգի։
       Այս ասորիները իրենց, Ջուլամերիկի կազայի բնակչութեան 95 % են կազմում, Հաքեարի սանջակի 37%, իսկ Վանի վիլայէթի 17%։