Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զ. Բազի մելիքութիւն
       Բազի աշիրաթի մասին պատմւում է, թէ Աթուր քաղաքից փախել, եկել են Արտուշի Շիվախալէ գիւղը, ուր մի քանի դար մնալուց յետ քրդեր հալածանքից ստիպուած տեղափոխուել են այժմեան բնակավայրը, որ նրանց անունն է կրում։ Ամենահին մելիքը, որի մասին դեռ եւս պահպանուել է յիշատակութիւն, մելիք Եւնանն է, որ յետ է մղել Փիզանի միր Մստաֆա-բէկի յարձակումը Բազի վրայ։
       Մելիք Եւնանից յետոյ յիշւում է մելիք Դարեաւուշը, որ կրճատուած ձեւով Դարուիշ է կոչուել։ Սա՛ կռիւ է մղեզ Մուսուլի Մուզուլ քրդական աշիրաթի դէմ, որ կամեցել է տիրապետել այս կողմերին եւ դուրս քշելով նրան այստեղից միահեծան կառավարել է։
       Սրան յաջորդել է մելիք Իոբը (Յոբ ), որ կառուցել է Բազի եկեղեցին։
       Սրա յաջորդ Քանուն մելիքը յետ է մղել Ջուլամէրիկի միր Ռաշիդ-փաշայի յարձակումը եւ սպանել նրան պատերազմի դաշտում։
       Այս յաղթութիւնից յետոյ Ջոլամէրիկի նորընտիր միր Աբդըլլահ-բէկը բարեկամացել է սրա յաջորդ մելիք Սողոմոնի հետ միասին յարձակուել են Բոտանի Ջիզիր քուրդ աշիրաթի վրայեւ մեծ կոտորած տուել, սակայն այս կռւում էլ մելիք Սողոմոնն է սպանուել։
       Սրան յաջորդել է թէպէտ նոյն Եաւնան, մելիքական տնից, բայց Շաուտա գիւղից մելիք Շահէն, որի ամենագլխաւոր գործը այն է եղել, որ կարողացել է յետ մղել Փինիանիշ քրդական աշիրաթի յարձակումը։
       Սրան յաջորդել է մելիք-Եաւնան Բ-ը։ Պէտք է ասել, որ մելիքները, որպէս տաճկահպատակ, մի փոքրիկ հարկ են վճարելիս եղել Ջուլամերիկի միրին, սակայն մելիք-Եաւնան 8 տարի շարունակ հարկ չէ տուել, եւ միանգաման ինքնագլուխ կառավարել է իւր ժողովուրդը, սակայն յետոյ Ջուլամիրիկի միր Նուրիբէկը տեսակցութիւն է նշանակել Քոյ գիւղում եւ համոզել է զուր արիւնահեղութիւնների տեղիք չտալ եւ վճարել հարկ, սա էլ յանձն է առել։
       Սրա յաջորդ մելիք Ղաւշարան միայն 9 օր մելիքութիւն է արել, գահընկեց լինելով Ջուլամիրիկի միրից, որ 9 ջորի էլ տուգանք է առել, նրա ցոյց տուած անհնազանդութեան համար։
       Սրան յաջորդել է մելիք Շահէ, Բ . ։ Սրա ժամանակ մի ձմեռ, երբ Բազի տղամարդիկ, սովորութեան համեմատ, պանդխտած են լինում Մուսուլի կողմերը աշխատելու՝ Փինամիշ , Օրամար եւ այլ քրդական աշիրէթներ յարձակուել են այս Բազի վրայ եւ աւերել ու կողոպտել են։ Գարնանը, երբ պանդուխտները վերադարձել են, մելիք Շահէն կազմել է մի մեծ գունդ, յարձակուել այս քրդերի վրայ, 80 մարդ սպանել եւ ահագին աւար խլել նրանցից։
       Սրան յաջորդել է մելիք Աւդիշը, որի միակ, յիշատակելի գործը այն է եղել, որ միջնորդել է կառավարութեան առաջ եւ վճարուող 60 լիրայի հարկը կիսով չափ պակասացրել։ Սրանցից յետոյ յաջորդաբար մելիք են դարձել Զատու, Շմոն, Եաղուբ, Եաւնան Գ. եւ Իշահա, որոնք մի առանձին, յիշատակելի գործ չեն արել։
       Այժո մելիք է Համօն, որ մի քանի անգամ քաջութեամբ յետ է մղել Օրամարի քուրդ աշիրէթի յարձակումները։ Այս մելիքը այժմ հարկաւոր դէպքում կարող է մինչեւ 900 կամաւորներ դուրս բերել կռուի։