Տէր Եղիշէ Սարբանկացու Հրոյ Երկիր «ճանապարհորդութեան» հայերէն նորայայտ թարգմանութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ
       XV-XVII դարերը համաշխարհային պատմութեան մէջ բնութագրւում են որպէս Աշխարհագրական յայտնագործութիւնների ժամանակաշրջան: Ծովային համարձակ ճանապարհորդութիւնները ունեցան կարեւոր բացայայտումներ, մեծապէս ընդլայնեցին ու ճշգրտեցին մարդկութեան մինչ այդ ունեցած պատկերացումները երկրագնդի աշխարհագրական նկարագրի ամբողջական ու բազմակողմանի ուսումնասիրութեան բնագաւառում: Նման ձեռնարկումները շարունակուեցին նաեւ հետագայ XVII-XVIII դարերում` առաւել հանգամանօրէն իւրացնելով ու գործնական հողի վրայ դնելով աշխարհագրական յայտնագործումների արդիւնքները: Նոր մայրցամաքի յայտնագործումն ու իւրացումը հանգեցրեց համաշխարհային սոցիալական ու տնտեսական, գիտական ու քաղաքական կարեւոր վերափոխումների: Համաշխարհային այդ գործընթացի մէջ ընդգրկուած էին նաեւ հայազգի գործիչներ, որոնք մինչ այդ էլ կարեւոր դերակատարում ունէին Արեւելք-Արեւմուտք բազմակողմ փոխյարաբերութիւններում: Հեռաւոր ծովագնացութեանն ու աշխարհագրական յայտնագործութիւններին հայոց մասնակցութիւնը հայագիտութեան չլուսաբանուած հարցերից է:
       Միջերկրածովեան աւազանի երկրների հետ հայոց յարաբերութիւնները առաւել յաճախացել էին Կիլիկեան հայոց պետութեան ստեղծումից յետոյ: Կիլիկիայի Այաս նաւահանգիստը Արեւելքը Միջերկրածովեան աւազանի երկրների հետ կապող գլխաւոր օղակներից մեկն էր *:
       Հայ վաճառականութիւնն ու աշխարհագրագէտ-ճանապարհորդները եւս ընդգրկուած էին աշխարհի տարբեր երկրամասերի ուսումնասիրութեան գործին, որի արդիւնքներից մէկն ու վկայութիւնն է «Անուանք քաղաքաց Հնդկաց եւ Պարսից» երկի ստեղծման փաստը դեռեւս XII դարում *: Քաղաքակրթական առաջընթացի գործընթացին հայազգի գործիչների ընդգրկուելուն ուշ միջնադարում նպաստել են նաեւ հայ բնակչութեան ունեցած մշտական կապերը եւրոպական կեանքին, Եւրոպայի տարբեր երկրներում նրանց բնակութիւն հաստատելու պարագան:
       Արդէն իսկ XIV դարում հայ բնակչութեան առկայութիւն է արձանագրւում Մորէայում *:
       1395 թ. Բարսեղի որդի Անտոնի թողած կտակից յայտնի է դառնում, որ բնակուելով Վենետիկում, նա զբաղուել է հեռաւոր նաւագնացութիւններով *: Վենետիկի նաւաշինարանում ու նաւահանգստում աշխատել են հայազգի վարպետներ, իսկ ոմն Եղիայի որդի Պետրոս յիշւում է որպէս նաւապետ (Capitan): Ուշագրաւ է, որ 1484 թ. Մորէայի Սապիենցա կղզու մօտ Օսմանեան պետութեան դէմ տեղի ունեցած նաւամարտում Վենետիկեան նաւատորմի երրորդ խմբի առաջնորդն էր Հայ-Աղուան (Armenio Alban) կոչված անձնաւորութիւնը: Վենետիկում եղել են հայազգի այլ նաւատէրեր ու նաւավարներ: XVI դարում Վենետիկի նաւարանում ջրասոյզ նաւերը ծովի հատակից բարձրացնելու իր յայտնագործած միջոցներով յայտնի է եղել հայազգի Անտոն Սուրեանը:
       Կիլիկեան պետութեան կործանումից յետոյ Միջերկրածովեան աւազանում առաւել յաճախացել է ջուղահայ վաճառականութեան գործունէութիւնը *: Նրանք կարեւոր դերակատարում են ունեցել Արեւելք-Արեւմուտք առեւտրական հարաբերութիւններում` ունենալով ինչպէս սեփական ծովային նաւեր, այնպէս էլ յաճախ դիմելով օտար նաւերի վարձակալումների:
       Երուսաղէմի հայոց միաբանութեան անդամ Եղիա Բեթղեհեմցին 1690-1699թթ. նուիրակութեամբ այցելելով Իսպանիա *, Գալիայի եւ Իսպանիայի թագաւորներին է տարել Երուսաղէմի հայոց պատրիարքարանի նամակը, որտեղ խնդրւում էր գերի չվերցնել եւ չստրկացնել բռնագրաւուած նաւերում եղած հայ նաւաստիներին, այլ ազատ արձակել, որպէս քրիստոնեայ եւ բարեկամ ժողովրդի զաւակների: Պատրիարքարանի խնդրանքով Իսպանիայի թագաւորին միջնորդագիր էր յղել նաեւ Հռոմի պապը` առաջարկելով բաւարարում տալ հայոց պատրիարքարանի խնդրանքին: Օգոստինոս Բաջեցին իր ճանապարհորդութեան ընթացքում այցելելով Մադրիդ, այնտեղ հանդիպել էր հայազգի մի եպիսկոպոսի, որի մասին ասւում է, թէ «Մէկ հայի եպիսկոպոս կայր այս քաղաքումս. Ա [1]. շաբաթ հետն կացի. Աստուած իւր բարի տայ, խիստ լաւ ընկալաւ մեզ»:
       Միջերկրականից Հոլանդիա նաւարկութեան ժամանակ, Ատլանտեանի ափամերձ քաղաքներում առեւտրական գործունէութիւն ծաւալելու պարագայում եւ կամ ուխտագնացութիւնների ընթացքում հայ վաճառականները յաճախ են հանգրուանել նաեւ Կադիքսում *: Հայերի անընդմէջ առկայութիւնը այնտեղ ոչ միայն հանգեցրել է հայ համայնքի ձեւաւորմանը, այլեւ արձանագրել նրանց թողած պատմական յիշատակների գոյութիւնը. «Ամենէն խօսուն հետքը, որ երեք հարիւր տարի առաջ այստեղ ապրող մեր ազգակիցները ձգած են իրենց ետեւ` կը մնան հայկական արձանագրութիւններ կրող հախճապակեայ քառակուսի սալիկները, որոնք կը ծածկեն քաղաքին հնագոյն եկեղեցիներէն Սանտա Մարիայի գլխաւոր մատուռին պատերը... » : Իսպանիայում XV-XVIII դարերում մշտատեւ աչալուրջ վերաբերմունք էր հաստատուել օտարերկրացիների նկատմամբ:
       XVIII դարում եւս Կադիքսում ազգային իրաւունքներից կարող էին օգտուել միայն այն օտարերկրացիները, որոնց անունները իւրաքանչիւր տարի օտարերկրեայ հիւպատոսարանների կողմից ներկայացւում էին տեղական նահանգապետարան: Իւրաքանչիւր տարի յունուարի 1-ի դրութեամբ հիւպատոսները պարտաւոր էին նահանգապետին ներկայացնել իրենց ստորագրութիւններով ու կնիքներով հաստատուած տուեալ քաղաքում իրենց բոլոր քաղաքացիների ցուցակները: Օտարերկրացիները, որոնք քաղաքում կէս տարուց աւելի մնում էին առանց իրենց պետութեան հիւպատոսարանի կողմից արձանագրուելու, կարող էին արտաքսուել քաղաքից որեւէ չնչին առիթով անգամ, իսկ հիւպատոսարանները այլեւս չէին կարող հովանաւորել այդպիսիներին *: Կադիքս ժամանած Ռուսաստանի հիւպատոս Բրանդենբուրգին են ներկայանում առեւտրական զբաղմունքի հայեր եւ յոյներ, խնդրելով ընդունել իրենց Ռուսաստանի հիւպատոսութեան հովանաւորութեան ներքոյ եւ պաշտպանել իրենց իրաւունքները, քանզի իրենք որեւէ այլ հովանաւոր չունեն: Հիւպատոս Բրանդենբուրգը դիմում է Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիա հարցումով. կարո՞ղ է ինքը նրանց վերցնել իր հովանու ներքոյ, որպէսզի նրանք օգտուեն այն բոլոր իրաւունքներից ու արտոնութիւններից, ինչ ունեն ռուսահպատակները: Ստացած դրական պատասխանի հիման վրայ Կադիքսում Ռուսաստանի հովանաւորութիւն են ստանում. 1767 թ. - 18 մարդ, 1768 թ. - 20, 1769 թ. - 19, 1771 թ. - 12, 1772 թ. - 25, 1774 թ. - 23, 1783 թ. - 21 մարդ:
       Հայազգի նաւավարների կողմից Միջերկրածովեան աւազանից դուրս նաւարկելու եւ Ատլանտեանով դէպի Ամերիկայի նորայայտ մայրցամաք, որ երկար ժամանակ պարզապէս անուանւում էր Նոր աշխարհ կամ Նոր Երկիր, ուղեւորուելու մասին առաջին հաւաստի վկայութիւն է XVII դարի ստորեւ հրատարակուող նկարագրութիւնը: Նոր մայրցամաքի գոյութեան ու նրա բնիկների հետ Հին աշխարհի յարաբերութիւնների մասին փաստեր յայտնի էին դեռեւս մինչ աշխարհագրական յայտնագործութիւնների դարաշրջանը *, ուստի միանգամայն տրամաբանական է նաեւ նախորդ դարաշրջաններում այցելուների կողմից այնտեղ գրաւոր արձանագրումների առկայութիւնը: Աւելին, XVI դարի յայտնագործութիւնները դեռեւս չէին հանգեցրել մայրցամաքի զանգուածային բնակեցմանը եւ աստիճանաբար յայտնագործւում էին մայրցամաքի նորանոր հատուածներ: Հայոց կատարած ճանապարհորդութիւնները դէպի Արեւմուտք պայմանաւորւում կամ թելադրւում էին ոչ միայն առեւտրա-տնտեսական, այլեւ քաղաքական, մշակութային ու եկեղեցական խնդիրներով :
       XV դարի վերջերին Մարտիրոս Երզնկացի եպիսկոպոսը, անցաթուղթ ունենալով Հռոմի պապի հանձնարարական նամակը եւ այցելելով Կոմպոստելայի սուրբ Յակոբ, Իսպանիայի հիւսիսային ափերով հայրենիք վերադարձի ընթացքին Կենդարիա (Quetaria) քաղաքում նաւ նստելով եւ 67/68 օր Ատլանտեանում նաւարկելուց յետոյ ափ իջնելով Կադիքսում, բաժանուել է դէպի անյայտ եզերքներ նաւարկելու համար նախապատրաստուած նաւից, 1495թ. այցելել Սեւիլիա, տեսել Իզաբելա թագուհուն եւ վերադառնալով` բռնել տունդարձի ճանապարհը:
       Առաւել ուշագրաւ են Մարտիրոս Երզնկացուց հարիւր տարի անց Իսպանիայում ճանապարհորդած Սարգիս Աբեղայի «Ուղեգրութեան» մէջ եղած վկայութիւնները: Սարգիս Աբեղան ոչ միայն գիտի Նոր Հնդկաստանի մասին, այլեւ պատմում է այնտեղ ոսկու առաջացման իր լսած հրաշապատումների եւ այնտեղից դէպի Եւրոպա բերուող հարստութիւնների մասին: Սեւիլիայում «առջեւ քաղքին մեծ գետ մն կայ, նաւեր շատ կանկնել է թագաւորն Իսբանեայու, որ Նոր Հունտուստան գտաւ: Տարին Ե/5/ կամի կու գայ, ըստակ ու ոսկի կու բերէ: Այտ այն ոսկին-արծաթ է, որ ինքն իրեն կու բուսանի, զարմանք բան է: Շատ ձի, շատ ջորի, կով, ոչխար կու մորթին, լաշն կու տանին այն տեղն կու ձգին, որ ոսկին-արծաթն կու բուսնի. ան տեղն մեծ մռջիմ կու լինի, մեծութիւնն քանձ շան ձաք, մռջիմներն կու ելին ոսկուն միջէն, լաշն ուտել կու երթան Գ-ԴՃ /3-400/ ձիաւոր կտրիչկու երթան, ի մէջն կու մտնուն, վայր ի վեր կու վազեցընեն, ոսկի-արծաթն կու մանտրի մինչեւ մռջիմն գայ, մռջիմն լաշն կուտէ ու դառն[այ] գայ իր տեղն, տես[ն]ու մա[ն]տրած է ոսկին ու արծաթն. մռջիմն բան տեղ կու շինէ, կու տանի հեռու տեղ: Կու առնուն ու կու տանի[ն]` ի նաւըն կու լնուն ու կու բերին: Նաւին մեծութիւնն ԺԲ /12/ տապաղա [է], ԺԴ/14/ տեղ առագաստ կու բանան, եկեղեցի կայ ի մէջն, պահէզ կայ ի մէջն, ջրհոր կայ ի մէջն` քար ու կիր պատած, անձրեւ որ գայ` ի մէջն կու լցվի, խասաֆ կայ, ԵՃ /500/ նաւավար կայ, Զ /6/ ամիսն կու հասնի Սիվիլիա»: Սարգիս Աբեղան անցնելով Մադրիդ եւ տեսնելով, որ «թագաօրն հօն չէր», անցնում է Էսկուրիալ ու գրում է, թէ «թագաւորն ի մօտ գնացի, ողորմութիւն առի. թուղթ առի, ելայ գնացի Ալխալայ... »:
       Առաւել զուսպ ձեւով է արձանագրում Ամերիկայի յայտնաբերման փաստը XVII-XVIII դդ. գիտնական Աւետիք Տիգրանակերտցին. «Ի թուին հայոց ՋԽԶ. /1497/ Ամերիգայ նոր աշխարհ գտեալ եղեւ յիտալացի Քրիստափօրօս Գօլումպօնէ. յետոյ ֆլօրէնցացի Ամերիգոս եգիտ զմասունս նորա եւ Ամերիգոս կոչեցաւ ըստ անուան նորա: Սա է ի ներքոյ աշխարհիս` հակոտնեայ մեզ եւ մեծ է քան զերիս մասունս, որ այս աշխարհիս բաժինն, որոց տիրէ արքայն Սպանիացւոց եւ կոչի Ենկի Տիւնեայ, որ է Նոր Աշխարհ» *:
       1882 թ. Հ. Ղ. Ալիշանի հայերէն թարգմանութեամբ «Բազմավէպ» հանդէսում լոյս էր տեսել հայազգի Տէր Եղիշէ Սարբանկացու ճանապարհորդութեան նկարագրութիւնը իտալերէն բնագրի վերատպութեան հետ միասին, սակայն եւ հետագայում մատնուել անուշադրութեան:
       Հրատարակութեանը որպէս «Ազդ» կցած մուտքի խօսքում Ղ. Ալիշանը ձեռնպահ մնալով ծաւալուելու իր հրապարակած Ճանապարհորդի ու Ճանապարհորդութեան շուրջ, ծանուցում է, թէ «Ծանօթ է ամենուն մերազգեաց բազմաշրջիկ սովորութիւնն ալ, ըլլայ վաճառականութեան պատճառաւ, ըլլայ ուրիշ դիտմամբ, եւ աշխարհիս ամեն կողմն ալ գնացող Հայք եղած են անցեալ դարուց մէջ, բայց շատ տարօրինակ երեւցաւ մեզ այս Տէր Եղիշէի ճամբորդութիւնն, որ արժանի համարուած է տպագրութեան` գրեթէ երեք դար յառաջ, իտալերէն լեզուաւ. եւ հազուագիւտ ըլլալուն համար եւ նոյն իսկ Իտալացւոց հետաքննելի, կը հրատարակեմք հանդերձ նոյն բնագրով, ընթերցողաց կամաց թողլով որչափ պէտք է հաւատք ընծայեն չհաւատալեաց. չկարենալով ստուգել, ինչպէս որ փափագէինք, գրուածոյն բուն հեղինակը, եւ ի՞նչ նպատակաւ գրելը, եւ Հայու մը ընծայել զայն» *:
       Տէր Եղիշէի ճանապարհորդութեան մասին շարադրանքը Անանուն գրառողի կողմից ներկայացուած է իր իսկ ճանապարհորդի պատմածների ու նկարագրութիւնների հիման վրայ` երրորդ դէմքով: Ակնյայտ է Անանուն գրառողի ձգտումը` շարադրելու նախնական ու համառօտ մի տեղեկատւութիւն ճանապարհորդութեան մասին, պահպանելով Ճանապարհորդի կողմից բանաւոր հաղորդումների եւ յայտնած տեղեկութիւնների ճշգրտութիւնն ու հարազատութիւնը: Իտալերէն բնագրում նկարագրութիւններից մէկի առիթով ասւում է, թէ «այս մասին իր (իմա` Տէր Եղիշէի - Պ. Չ. ) գլխաւոր պատմութեան մէջ աւելի երկարօրէն պիտի խօսուի»: Ուստի չի բացառւում, որ իրօք ստեղծուած լինի ճանապարհորդութեան նկարագրութեան աւելի ընդարձակ տարբերակ, որը պարունակել է լրացուցիչ տեղեկութիւններ կատարուած ճանապարհորդութեան մասին: Ուշադրութեան արժանի է այն փաստը, որ իտալերէն հրատարակութիւնը եւս տեղի է ունեցել ճանապարհորդութիւնից շատ տասնամեակներ, գուցէ եւ արդէն ճանապարհորդի ու Անանուն գրառողի մահից յետոյ: Պահպանուած նկարագրութեան հրատարակութեան փաստով ընդգծուել է Տէր Եղիշէի ճանապարհորդութեան այն արժէքն ու կարեւորութիւնը, որ նա ունեցել է իր ժամանակին կատարուած ճանապարհորդութիւնների շարքում: Ճանապարհորդութեան նկարագրութիւնը արժէքաւոր ու վստահելի է դառնում նաեւ իր այն նշումով, որ արձանագրում է ճանապարհորդի ոչ առաջին այցելուն լինելու եւ այդ երկրում իրադրութեան թելադրանքով յայտնուելու փաստը: Ճանապարհորդութեան մէջ իր դարաշրջանին յատուկ երանգով նկարագրուում է հիմնականում այն զարմանահրաշը, ինչին վիճակուել էր ականատես լինելու ճանապարհորդին: Այդ առումով ուշագրաւ է հայազգի ճանապարհորդին ոչ միայն որպէս հարստութեան հետամուտ, այլեւ հնախօս-հետազօտող ներկայացնելու փաստը:
       Այդ ամենով հանդերձ, սակայն, չենք կարող հաստատել, թէ Տէր Եղիշէն ծանօթ չէ եղել Անանուն գրառողի կողմից ստեղծուած նկարագրութեանը, ուստի եւ Նկարագրութեան հեղինակ կարող ենք համարել բուն Ճանապարհորդին եւ նրա հեղինակ պէտք է դիտել նաեւ Անանուն գրառողին:
       Ուշագրաւ է, որ այդ նկարագրութիւնը արդէն իսկ XVII դարում գրաւել է հայ ընթերցողի ուշադրութիւնը եւ հրատարակութիւնից քիչ անց այն թարգմանուել ու վերաշարադրուել է հայերէն: Իտալերէն հրատարակութեան մէջ բացակայում է բնագրի հրատարակութեան թուականը: Այդ բացը լրացնում է Մաշտոցի անուան Մատենադարանի ձեռագրերից մեկում * Ճանապարհորդութեան նորայայտ հայերէն թարգմանութիւնը, որտեղ նշւում է, թէ իտալերէն հրատարակութիւնը կատարուել է 1665 թ., իսկ հայերէնի վերածումը` նոյն թուականին, Իզմիրում: Ուշագրաւ է, որ իտալերէն բնագրի paleolog բառը հայ թարգմանիչը ընկալել է որպէս յատուկ անուն եւ համոզուած է, թէ իտալերէն բնագրում Տէր Եղիշէ (Դոն Էլիզեօ) կոչուած անձնաւորութիւնը նոյն ինքը ջուղայեցի Բարղամն է, որը «ֆռանկեւար» կոչուել է « Սարբանկ դի Բալալակաւ Արմենի» : Հարկ է յատուկ ընդգծել, որ Ջուղայեցի հայազգի թարգմանիչը իտալերէնից հայերէնի վերածելով տպագիր Նկարագրութիւնը, չի զբաղուել գրագողությամբ եւ չի թաքցրել Տէր Եղիշէի անունը, այլ ընդամէնը իր ունեցած եւ, իր կարծիքով, հաւաստի փաստերի հիման վրայ նա համոզուած է եղել Տէր Եղիշէ-Բարղամ նոյնութեան մէջ` անտեսելով իտալերէն բնագրում առկայ թուականը, որը եւ բացակայում է հայերէն իր թարգմանութեան մէջ: Հայերէնի թարգմանչի համոզումը այնքան խորն է ու ամուր, որ նա այդ Նկարագրութիւնը անվերապահ վերնագրել է «Այս է Աշխարհացոյց Պալալակենց Բարղամն»` ընդունելի համարելով անգամ Պալեոլոգ-Պալալակենց անուանման օգտագործումը: Արդեօ՞ք այդ փաստը հիմք չէ ենթադրելու, թէ Բարղամ Ջուղայեցին եւս ճանապարհորդել է դէպի Հարաւային Ամերիկա եւ այցելել Հրոյ երկիր:
       Ջուղահայ վաճառականութեան ծաւալած գործունէութեան աշխարհագրական ընդգրկումի մասին Գրիգոր Դարանաղցին վկայում է, թէ «տարածեալ ընդ ամենայն երեսս երկրի մինչ ի Հնդիկս ներքինս եւ յԵթովպիա եւ յԵգիպտոս եւ յամենայն աշխարհս ֆռանգաց եւ ի Կոստանդնուպօլիսս եւ յամենայն աշխարհն Թրակացւոց եւ Գութացոցն, որ են Լեհաց եւ Ուռուսաց եւ Մոսկոֆաց եւ Վրկանաց եւ ընդ ամենայն աշխարհն Թուրքաց եւ Քրդաց եւ Քաղդէացւոց եւ ամենայն Պարսկաստանաց եւ արեւելայս` մինչեւի Չինն եւ Մատչինն, ի Թօնն եւ ի Թօնչան եւ յԱնդալիան եւ յամենայն աշխարհին Տաթարաց եւ Ափխազաց, մինչեւ ի ծագս աշխարհաց անծանօթից…» : Գրիգոր Դարանաղցին թէեւ դէմ է նման շատաշրջիկութեանը, սակայն եւ համաձայն է իր ժամանակի մտայնութեանը, «եթէ առանց վաճառականից ոչ գոյ հնար լինելոյ ի վերայ երկրի, զի նոցա երթեւեկութեամբն եւ շրջագայութեամբն լինի ամենայն իրաց պատուականաց գիւտից ընդ ամենայն տեղիս»:
       Նորայայտ թարգմանութիւնը, որի վերջում թէեւ ընդգծուած է, թէ «Էստոնք ոխչ ըստամբուն սուրաթն այ», սակայն իտալերէն բնագրից ունի էական մի շարք տարբերութիւններ: Բնագրագիտական համեմատութիւնը պարզում է, որ այդ տարբերութիւնները մասամբ պայմանաւորուած են ինչպէս հայերէնի թարգմանչի կողմից Բարղամ Ջուղայեցու մասին ունեցած տեղեկութիւններով, որոնք, հաւանական է, XVII դարի երկրորդ կէսին բանաւոր կերպով յայտնի են եղել Անանուն թարգմանչին` արդէն իսկ Տէր Եղիշէ Սարբանկացու ճանապարհորդութեան նկարագրութեան հրատարակութեան տարում, եւ մասամբ` իտալերէն բնագրի ոչ ճիշտ ընկալումներով կամ իւրովի մեկնաբանութիւններով: Այդ վերաբերում է առաջին հերթին Ուղեգրութեան հեղինակի անուանը, ճանապարհորդութեան թուականին ու ելակէտին, Իսպանիայի թագաւորին այցելելու եւ դեռեւս այնտեղ լինելու * մասին նշումին եւ այլն:
       Հետաքրքիր է հայերէն նորայայտ թարգմանութեան մէջ այն նշումը եւս, թէ վերադարձից յետոյ Բարղամը ներկայացել է Իսպանիայի թագաւորին եւ պատմել ու գովել այն ամենը, ինչին ականատես է եղել ինքը: Ճանապարհորդութեան մէջ չի նշւում, թէ ինչպէ՞ս է ստեղծուել արշաւախումբը, ովքե՞ր են հովանաւորել այն, սակայն Իսպանիայի արքունիք այցելելու հնարաւորութիւն ստանալու փաստն ինքնին ուշագրաւ է:
       Եթէ հաւատ ընծայուելու լինի Տէր Եղիշէ-Բարղամ Ջուղայեցի նոյնացմանը, ապա դատելով ճանապարհորդութեան իրականացման թուականից, որ առկայ է իտալերէն շարադրանքում (1606 թ. ), գուցէ եւ պէտք էր նկատի ունենալ միայն Հին Ջուղայի վաճառականութեանը *, քանզի այդ թուականին Իսպանիայից ձեռնարկուած ճանապարհորդութիւն կատարելու համար, Բարղամ-Տէր Եղիշէն այնտեղ արդէն փորձառութիւն եւ որոշ վարկ ունեցող անձնաւորութիւն պէտք է լինէր` ամենայն հաւանականությամբ գուցէ եւ դեռեւս անտեղեակ հայրենիքում այդ թուականներին տեղի ունեցած ինչպէս շահաբասեան բռնագաղթի, այնպէս էլ Պարսկաստանում Նոր Ջուղայի հիմնադրման փաստի մասին:
       Սակայն Տէր-Եղիշէ Սարբանկացու «Ճանապարհորդութեան» նորայայտ թարգմանութեան մէջ թարգմանչի կողմից աւելացուած լրացում-մեկնաբանութիւնները իրենց բովանդակութեամբ միանգամայն հակադիր ու անհամատեղելի են թարգմանուած բնագրին եւ ակնյայտօրէն ցուցադրում են նաեւ միջնադարեան Ուղեգրութիւնների ստեղծմանը ուղեկցող գրական մի յատուկ երեւոյթ, երբ յաջորդ ճանապարհորդները իրենց Ուղեգրութիւններում օգտագործում են նախորդ հեղինակների Նկարագրութիւնները, որը նաեւ մեծապէս դժուարացնում է Ուղեգրութիւնների ուսումնասիրութեան խնդիրը` դիւրացնելով վրիպելու հաւանականութիւնը: Նման փաստ հայ ուղեգրական մատենագրութեան մէջ յայտնաբերել եւ արձանագրել էր ակադ. Լ. Ս. Խաչիկեանը` Սարգիս Աբեղայի Ուղեգրութեան իր ուսումնասիրութեան ժամանակ` պարզելով Մարտիրոս Երզնկացու Ուղեգրութեան հատուածները Սարգիս Աբեղայի անունով յայտնի ստեղծագործութեան մէջ *:
       Թէեւ մեզ անյայտ է, թէ հետագայ ի՞նչ ճակատագիր է ունեցել հայազգի ճանապարհորդ Տէր-Եղիշէն, սակայն միանգամայն որոշակի է, թէ անհնար է, որ 1606 թ. ճանապարհորդութիւն իրականացրած անձնաւորութիւնը 1665-ին Իսպանիայում սպասէր թագաւորի կողմից օժանդակութեան` նոր ճանապարհորդութիւն իրականացնելու համար: Ելնելով այն հանգամանքից, որ ոչ մի հիմք չունենք կասկածի տակ առնելու ինչպէս իտալերէն բնագրում, այնպէս էլ հայերէն նորայայտ թարգմանութեան մէջ եղած թուականների ճշտութիւնը, ուստի մնում է ենթադրել, թէ մենք գործ ունենք երկու տարբեր ճանապարհորդութիւնների արհեստական միաձուլման հետ` ճանապարհորդութեան մէկ նկարագրութիւնը մէկ այլ անձի վերագրելու միջոցով: Միաձուլման համար բնականաբար հիմք կարող էր ծառայել ինչպէս Տէր Եղիշէի, այնպէս էլ Ջուղայեցի Բարղամի դէպի Նոր աշխարհ կատարած ճանապարհորդութիւնների փաստը: Ամենայն հաւանականութեամբ, Բարղամ Ջուղայեցու ճանապարհորդութեան մասին բանաւոր աղբիւրներից տեղեակ թարգմանիչը նրան է վերագրել Տէր Եղիշէի Ճանապարհորդութեան նկարագրութիւնը:
       Չի բացառւում, որ Բարղամը եղել է արդէն Նոր Ջուղայի հայ վաճառականութեան ներկայացուցիչ եւ, հաւանաբար, կապերը չէր խզել իր հայրենակիցներից, ինչի մասին կարող են վկայութիւն համարուել նորայայտ թարգմանութեան հեղինակի հաղորդած այն տեղեկութիւնները, որոնք բացակայում են իտալերէն տպագիր շարադրանքում: Բարղամը եւ Տէր Եղիշէն այսպիսով, եղել են միանգամայն այլ անձնաւորութիւններ եւ թարգմանիչն է միայն նրանց նույնացրել` Բարղամի մասին իր ունեցած տեղեկութիւնները վերագրելով Տէր Եղիշէին` ելնելով միայն նրանց գործունէութեան մասին տեղեկութիւնների զուգադիպութիւնից: Բարղամին վերագրելով Տէր Եղիշէի ճանապարհորդութեան մասին եղած նկարագրութիւնը, Անանուն թարգմանիչը, ըստ էութեան, միաձուլել է իր ունեցած բանաւոր ու գրաւոր տեղեկութիւնները` միանգամայն անյայտ թողնելով Բարղամ Ջուղայեցու Ճանապարհորդութեան կոնկրետ երթուղին: Այլ խօսքով, մենք գործ ունենք դէպի Ամերիկեան մայր ցամաք XVII դարում իրականացուած երկու տարբեր ճանապարհորդութիւնների հետ, որոնք կատարուել են հայազգի ճանապարհորդների կողմից:
       Վերջին ենթադրութիւնը անհաւանական չէ, քանզի յայտնի է նաեւ, որ Եւրոպական մայրցամաքից դէպի Նոր Աշխարհ ճանապարհորդութիւնը տեւելով 6-12 շաբաթ, արդեն 1600-ական թուականների սկզբին մեծացրել էր Եւրոպայից Հիւսիսային Ամերիկա գնացող գաղթականների հոսքը:
       Կարելի է ենթադրել, որ Տէր Եղիշէի պատմածները գրի են առնուել կաթոլիկ հոգեւորականներից որեւէ մէկի կողմից եւ որպէս զեկուցագիր ուղարկուել Հռոմ ու մեզ յայտնի հրատարակութիւնը կատարուել է տարիներ անց Հռոմ ուղարկուած այդ զեկուցագրի հիման վրայ:
       Հրոյ Երկիր կատարուած ճանապարհորդութիւնների եւ Նկարագրութիւնների հեղինակների շարքում Տէր Եղիշէ անունով անձնաւորութիւն փաստօրէն արձանագրուած ենք տեսնում միայն արաբալեզու մատենագրութեան մէջ: Ուշագրաւ է, որ հեռաւոր ճանապարհորդութիւնների նկարագրութիւններով հարուստ արաբալեզու մատենագրութեան մէջ XVII դարի ճանապարհորդական միակ նկարագրութիւնը պատկանում է ասորի հոգեւորական Իլիաս իբն Խաննա ալ-Մաուսիլիին, որը եւս ճանապարհորդել է դէպի Հարաւային Ամերիկա եւ եղել Հրոյ երկրում *: Ի. Կրաչկովսկու ենթադրութեամբ, չի բացառւում, որ ճանապարհորդութիւնը իրականացուած լինէր դրամահաւաքութեան նպատակով, սակայն «պապի եւ իսպանական իշխանութիւնների հովանաւորութիւնը խօսում են այն մասին, որ նա կարող էր ունենալ նաեւ յատուկ յանձնարարութիւններ, որոնց մասին, հաւանաբար գիտակցօրէն չի յիշատակում» * ։
       Անձնանունների զուգադիպութիւնը Տէր Եղիշէի հետ այս դէպքում թէեւ գայթակղիչ կարող էր լինել երկու ճանապարհորդների նոյնացման վարկածների համար, սակայն անձնանունների այդ նմանութիւնն ու երթուղու մօտաւոր համընկումը այս դէպքում միայն պատահական է, որովհետեւ եթէ հայազգի Տէր Եղիշէի ուղեւորութիւնը տեղի է ունեցել 1606 թուականին, ապա Իլիասի ուղեւորութիւնը Բաղդադից սկսուել է միայն 1668 թուականին: Իլիասը այնուհետեւ այցելել է Երուսաղէմ, եղել Հալէպում, անցել է Ալեքսանդրետ, այնուհետեւ նաւարկել Վենետիկ, Հռոմում ընդունուել է Կղեմէս IX պապի կողմից, Ջենովայից անցել Մարսել, եղել Իսպանիայում եւ Պորտուգալիայում, որտեղ եւ որոշել է վերջնականապէս ուղեւորուել դէպի Ամերիկա: Մադրիդում ներկայացել է Կառլոս II թագաւորին եւ Կադիքսից 1675 թ. փետրուարին ճանապարհուել Ամերիկա: Ամերիկայից նա վերադարձել է 1683 թ., ներկայացել Հռոմի պապին *, իսկ ուղեգրութիւնը տպագրուել է միայն 1905-06 թթ. *: Ուշագրաւ է, որ Իլիասի աշխատութեան մէջ խօսւում է նաեւ մինչ եւրոպացիների կողմից Ամերիկայի յայտնագործումը այնտեղ քրիստոնէութեան հետքերի առկայութեան մասին:
       Այցելութիւնների ու գաղթականների հոսքի մեծացմանը զուգահեռ Ամերիկեան մայրցամաքի մասին հաղորդումները աստիճանաբար ձերբազատուել են հրաշապատումներից, ստացել աւելի իրական տեսք ու գործնական բնույթ: Նման նկարագրութիւններից է, մասնաւորապէս, լատիներէնից Ղուկաս Խարբերդցու կողմից XVIII դ. առաջին կէսին հայերէնի թարգմանուած «Սահմանագրութիւն Նոր Ամերիգայի մասին, որ եւ ասի Նոր Աշխարհ եւ Ենկի Տիւնեայ` ըստ այլազգացն լեզուն» աշխատութիւնը: Չի բացառւում, որ հետագայ փնտրտուքները ի յայտ բերեն նշուած, իսկ գուցէ նաեւ այլ ճանապարհորդութիւնների մասին նոր տեղեկութիւններ, որոնք հնարաւորութիւն կը տան առաւել լիարժէք պատկերացում կազմել, ինչպէս Ամերիկեան մայրցամաք հայերի ներհոսքի եւ այնտեղ բնակութիւն հաստատելու, այլեւ աշխարհագրական յայտնագործութիւններին հայ գործիչների մասնակցութեան վերաբերյալ:
       Ստորեւ անփոփոխ զետեղում ենք նաեւ Տէր Եղիշէի ճանապարհորդութեան նկարագրութիւնը ըստ «Բազմավէպ» հանդէսում վերատպուած իտալերէն բնագրի եւ Հ. Ղեւոնդ Ալիշանի կողմից կատարված հայերէն թարգմանութիւնը` իր բոլոր ծանօթագրութիւններով հանդերձ:

ՊԱՒԵԼ ՉՈԲԱՆԵԱՆ