Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

       Ահա մի տօն, որ ունի բուն ժողովրդական բնաւորութիւն. Քրիստոսի ծննդից մինչեւ Համբարձում, ինչպէս տեսանք վերեւ, բոլոր երգերն ու սովորութիւններն ունին ըստ մեծի մասին կրօնական բնաւորութիւն։

       Համբարձման տոնը զարմանալի ընդհանրացած է հայ ժողովրդի մէջ եւ թէպէտ կատարւում է Քրիստոսի համբարձման օրը, բայց տօնակատարութիւնը ամենեւին կապ չունի համբարձման հետ։ Հեռու ամէն կրօնական զգացմունքներից՝ ժողովուրդը անձնատուր է սիրոյ զգացումներին, ինչպէս տեսնում ենք «Ջան գիւլումի» մէջ։
       Ջան գիւլումի տօնը պատկանում է միայն կանանց սեռին, նորանք են կատարում ու նորանց երիտասարդ հարսներն ուաղջիկներն են գլխաւոր տօնակատարները։ Երեւում է որ «ջան գիւլում» բանաստեղծութիւնը կանանաց հեղինակութիւնն է։

       Շարուրի հայ գիւղերում (Ուլիա, Նորաշէն), Երեւանում եւ այլ տեղեր զատկից մինչեւ համբարձումը կանայք երեկոները կար, գործ եւ սորա նման զբաղմունք չեն կատարում, որպէս զի «հաւկուր» չլինեն։ Համբարձման երեկոյին հաւկուրը շըրջում են- «հաւկուրը շուռ են տալի»- այսինքն վիճակ ձգելու առարկաները (մատանի, դանակ, կօճակ, մատնոց եւ այլն) որ ջան գիւլումի ծաղիկների հետ միասին լինում են պղուղի մէջ, թափում են մազի կամ այլ բաց ամանի մէջ եւ ասում այս խօսքերը.

       «Ըսկլա, ըսկլա պատին տամ,
       Հաւկուրը, շուռ տամ
       Վախենում եմ քնեմ քունս տանի,
       Ընկորս տանուլ տամ»։

       Նոյն Շարուրի հայ գիւղերում զատկից մինչեւ համբարձում կաթնապուր չեն եփում, որպէս զի կովերի կաթը չպակասի։ Բայց համբարձման կիրակի օրը կաթնապուր եփելը իւրաքանչիւր տան համար անհրաժեշտ է։
       Համբարձման նախընթաց օրը արդէն պատրաստութիւն են տեսնում հարսները եւ աղջկերքը, որ միւս օրը ջան գիւլումը պատրաստ լինի։ Դորա համար նորանք քաղում են զանազան ծաղիկներ, գնում են մի պղուղի մէջ, ուր ածում են եւ աղբիւրի ջուր։ Այդ պղուղի մէջն են դնում նաեւ վիճակ հանելի առարկաներ, ով ինչ կամենայ, մատնոց, մատանի, դանակ ուլունք, եւ այլն։ Ապա աշխատում են որ այնպէս թագցնեն պղուղը որ տղայքը չգողանան։
       Ղազախում աղջիկները գնում են միասին դաշտ ջան գիւլումի համար ծաղիկ քաղելու եւ փնգելու, որի ժամանակ երգում են այս։

       Քնացի ծաղկի,
       Վխցայ մատս ծակի,
       Հարսներին քաղել տուի,
       Մոնթերին փնջել տուի,
       Գզրին փայ անել տուի,
       Գզրի փայը կտերը,
       Ծլվըլալայ ծտերը,
       Տիւս պի մի թեփշի նուռը.
       Որ չգնամ ես խանի դուռը։

       Շարարուրի հայ գիւղերում այդ երեկոյին շատերը աշխատում են փորձել իւրեանց բաղդը «վիճակի ջրի» վերայ։ Երկու երիտասարդ հարս, որոնք անպայման պէտք է լինին ծնողաց անդրանիկները, պղուղից ջուր են ածում ֆինջանի մէջ, որ կոչւում է վիճակի ջուր եւ երկու հարսը ձեռքերի միայն մեծ (բոյթ) մատերի վերայ պահում են ֆինջանը։ Բաղդ փորձողը մատը մօտեցնում կպցնում է ֆինջանի շրթունքին ու իւր մտքում մի խորհուրդ է խորհում։ Եթէ խորհուրդը կատարուելու է, ֆինջանը պտտում է աջ կողմի վերայ, եթէ չէ կատարուելու, շրջւում է ձախ կողմի վերայ։

       Հետեւեալ օրը, այն է համբարձման օրը հարսները եւ աղջիկները միասին գնում են դաշտ, այգի, կամ այլ տեղ, ուր յարմար է, զբօսնում են, ուտում են տարածները, ուրախանում են, երգում եւ ապա մի յարմարին տեղում խմբւում են ու սկսում ջան գիւլում երգն ասել մի մի տուն։

       Մի փոքրիկ աղջիկ, երեսը անթափանց քողով ծածկած նստեցնում են խմբի մէջ տեղը եւ վիճակի պղուղը տալիս են ձեռքը, որ հարկաւոր ժամանկա մատով հանում է պղուղի միջից մի առարկայ։

       Երգիչ հարսները եւ աղջիկները երկու խմբի են բաժանում։ Առաջին խումբը անշուշտ երգ գիտցողներ, ասում է իսկական երգի խօսքերը, որ կազմում են չորս տող, իսկ միւս խումբը, առաջինից յետոյ, կրկնում է միայն ջան գիւլում ջան, ջան։ Երգի տները, առանց հետեւողութեան ասում են, որը մտներն է ընկնում եւ ասելուց յետոյվիճակահուն փոքրիկ աղջիկը պղուղի միջից հանում է ձեռքն ընկած մի առարկայ։ Վերջինը ում պատկանում է, արտասանած երգեն էլ, լաւ կամ վա, նորա տիրոջը կըվերաբերի։

       Այժմ յիշատակեմ այն երգերը, որոնք երգւում են զանազան հայ կետրօններում։