Բողոքի ձայն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Կովկասեան հայերի «քաղաքական» բանտարկութիւնը 50 տարվան պատմութիւն ունի արդէն։

Առաջին քաղաքական կարեւոր բանտարկեալը եղաւ հայ ականաւոր հրապարակագրող-բանաստեղծ Միքայել Նալբանտեան, 1864 թւին։ Նրա յանցանքը այն էր, որ շարադրեց մի քանի հոգաշունչ ոտանաւորներ, նւիրած ազտաութեան եւ ժողովրդին վերածնութեան, եւ Լօնտօն գնացած՝ ծանօթացաւ քաղաքական նշանաւոր ռուս գործիչ Գերցենի հետ։ Բանտի դժոխային պայմանների տակ՝ հայ գրողը թոքախտ ստացաւ, եւ երբ տեսան, թէ մահը անխուսափելի է տենչա՜նքը ոստիկանի նրան արձակեցին, որպէսզի բանտի մէջ «ապրելուց» յետոյ՝ «ազատութեան» մէջ մեռնի։

Եւ քանի մի ամսից՝ Նալբանտեան մեռաւ, հաւատարիս իր նշանաւոր խօսքերին.

«Ես մինչ ի մահ, կախաղան,

Մինչեւ անարգ մահու սիւն՝

Պիտի գոռամ, պիտի կրկնեմ

Անդադար Ազատութի՜ւն»։

Անցաւ մօտ 15 տարի, քիչ շատ խաղաղ։

Թիւրքիայից, սահմանի միւս կողմից, հասնում էին Կովկասի հայութեան ականջին, Եղեռնի սարսռիչ լուրեր։ Համիտեան անարգ րէժիմի ներքոյ հիւծող հայ ժողով»դի ճիչը եւ արեան հոտը, հակառակ շղթաների եւ խստութեան, հասնում էին մինչեւ Արարատեան դաշտը։ Այդ միջոցին էր, 1877ին, որ Ալեքսանդր II պատերազմ յայտարարեց Թիւրքիային, յանուն Արեւելքի Քրիստոնէութեան։ Սակայն այդ պատերազմը չարդարացրեց Փոքր-Ասիական քրիստոնէութեան յոյսերը, եւ երբ Ռուսական զօրքերը, Բերլինի Կօնգրէից յետոյ, յետ քաշւեցին Օսմանեան Երկրից, Համիտ խորհեց եւ որոշեց՝ վրէժը լուծել քրիստոնեայ հայերից։ Եաթաղանը փայլեց։ Հայաստանը դարձաւ սուգի եւ արեան ծով...

Այդ քաղաքական արիւնոտ տագնապը ցնցեց եւ մորմոքեց Կովկասի հայութիւնը։ Դրդված եղբայրական պարտքի տարրական զգացմունքից, Կովկասից սկսեցին ուղարկել՝ դրամ՝ աւերվածների համար, զէնք՝անպաշտպանների համար, մարդիկ՝ աջակցութեան համար։ Սակայն ցարի կառավարութիւնը, որ պատերազմ յայտարարեց, յանուն քրիստոնէութեան, պատերազմից յետոյ, յանկարծակի այլակերպման ենթակայ, փոխեց իր դիրքը, վերաբերմունքը, լեզուն, եւ ծառացաւ իբրեւ թշնամի «քրիստոնեայ» թիւրքահայերին օգնելու ամէն փորձի։ Նա ոչ միայն չօգնեց հալածական ժողովրդին՝ սոսկումի եւ ջարդի սեւ օրերին, այլ եւ սկսեց հարւածել այն Կովկասահայերին, որոնք օգնութեան ձեռք էին ուզում կարկառել, տանջւող արիւնակիցներին...


1884-ին տրվեց հարւածը։

Երեւանի մէջ, ի մեծ զարմանք ամբողջ քաղաքի, կատարվեցին խմբական խուզարկութիւններ։ Արեւելքի ննջուն այդ քաղաքը տակնուվրայ եղաւ։ Մի քանի շաբաթ շարունակ, գիշերները մանաւանդ, շատ քաղաքացիների բնակարանները դարձան ահաբեկման վայրեր։ Հարւածվեցան հայ բնակիչների բոլոր խաւերը եւ կալանքի ենթարկւեցան փաստաբաններ, պաշտօնեայ, կին, բժիշկ, վաճառական։ Բանտերի մէջ շատերի «մեղքերը քաւել տալուց» յետոյ՝ աւելի քան 20 հոգի աքսորվեցին Ռուսաստանի հեռաւոր քաղաքները, եւ նրանցից ոմանք աքսորի մէջ էլ մեռան, առանց հայրենիքը վերատեսնելու բաղդին [1].....

Դա առաջին խմբական կալանաւորումն էր։

Դրա միւս գործողութիւնը կատարվեց Թիֆլիս։ «Քաղաքական կապ» գտնելով Երեւանի եւ Թիֆլիսի հայերի մէջ, Թիւրքահայերին աջակցելու «յանցաւոր» գործում, 1884-ին ոստիկանութիւնը եւ ժանդարմական իշխանութիւնը միացած՝ խստագոյն խուզարկութիւն կատարեցին բնակարանում Գրիգոր Արծրունու ականաւոր հայ հրապարակագիր եւ հիմնադիր «Մշակ» լրագրի։ Խուզարկութիւնը տեւեց երել օր։ Կնքեցին եւ տարան բոլոր թղթերը։ Նոյն վիճակին ենթարկւեց եւ Ռաֆֆին, նշանաւոր վիպագրողը, անդամը «Մշակ»ի խմբագրութեան։ Խելակորոյս ոստիկանութիւնը Րաֆֆիի վէպերի ձեռագիրները գրաւեց, իբրեւ «կարեւոր ապացոյցներ» նրա քաղաքական վտանգաւորութեան... ։

Սպառնական նշան էր այդ։

Երկու ականաւոր ու վերին աստիճանի ժողովրդական հայ գրողների խուզարկումից յետոյ՝ ոստիկանութիւնը սանձարձակ ձեռք առաւ գաւառական քաղաքները, եւ այդ թւականից սկսած ապահովութեան պաշտօնեաները՝ Անդրկովկասի մէջ ստանձնեցին մի նոր ֆօնկսիօն խուզարկութեան պաշտօնը, որ եղաւ յարաճուն երկիւղի մշտական պատճառ նահապետական ազգաբնակութեան մէջ։

***

1890-ին խստութիւնը տասնապատկվեց։

Երբ Հայաստանից Կովկաս հասնող լուրերը դարձան ծայրայեղօրէն ահարկու եւ խեղդիչ, մի խումբ երիտասարդ հայեր, ուսանողներ, ուսուցիչներ, արհեստւաոր եւ գիւղացի, դրդված անմիջական օգնութեան զգացմունքից, խումբ կազմեցին, զինւեցին, որպէսզի սահմանը անցնեն, մտնեն Թուրքաց Հայաստան, եւ պաշտպանեն խաղաղ ժողովուրդը՝ Քրդերի եւ Համիդական սպանիչների դէմ։ Սակայն դեռ սահմանը չանցած, շրջապատվեցին ռուսական սահմանապահ զինւորների կողմից, ձերբակալւեցին բոլորն էլ, մօտ 50 հոգի։ Նրանց շղթայի զարկեցին ու նետեցին բանտը՝ խստագոյն պայմանների մէջ։ Ապա դատի ենթարկեցին, իբրեւ «քաղաքական ագետատօրներ՝ հայկական ազատութեան հետապնդողներ»։ Այդ փաղանգը յայտնի է «Կուկունեանի Խումբ» անունով, որ անունն էր իր շէֆի, նախկին ուսանող Պետերպուրգի համալսարանի։ Բանտարկվածաներից ոմանք մեռան բանտի մէջ, դեռ դատավարութիւնը չաւարտած՝ նմացածներն էլ անմեղօրէն դատապարտվեցին տաժանակիր աշխատանքների Սիբիրի մէջ, եւ 20 տարի՜ ժամանակով։ Մի մասը այդ անբաղդ երիտասարդների՝ մեռան դեռ Սիբիր չը հասած, միւսները քշւեցին այդ սոսկաբեր Երկիրը, մազարաների եւ շղթայի մէջ քաւելու իրանց ծանր յանցանքը զոհաբերել անձը եղբօր համար......

.... Աստիճան առ աստիճան ոստիկանութեան հալածանքը խստացաւ ո՛չ միայն «կենդանի եղբօրը» օգնողների դէմ, այլ եւ նրանց դէմ, որոնքուզում էին .... «մեռած եղբօրը» արժանաւորապէս թաղել։ Թաղումն էլ դարձաւ քաղաքական յանցանք։

Դրա փաստը ունեցանք 1892-ին։

Մեռաւ Գրիգոր Արծրունին։ Սգաւոր Կովկասի հայութիւնը, ցնցւած ու տխրասիրտ, ուզեց վերջին յարգանք մատուցանել ամենաժողովրդական հայ գործիչին։ Սկսւեց անսովոր շարժում՝ թաղման համար, հայ աշխարհի բոլոր կողմերից պատգամաւորներ եւ պատգամաւորութիւններ, 480 պսակ։ Հազարաւոր հեռագիրներ։ Հոգեհանգիստներ եւ վիշտ ամենուրեք։

Դեկտեմբերի 27-ին էր։ Թիֆլիսի Գօլօվինսկի պողոտան մարդկային ծով էր ներկայացնում։ Դագաղի յետեւից քայլում էին 60 հազար մարդ, տխուր եւ սրտաբեկ։ Համաժողովրդական սուգը՝ ստացել էր համաժողովրդական յարգանքի պատկեր։ Դագաղի շուրջը ծովացած բազմութիւնը՝ լուռ էր, ինքնամփոփ եւ յարգալից... ։ Ու յանկարծ ճամբի կէսին ծառացաւ ոստիկանութիւնը, ձիաւոր եւ հետեւակ։ «Յետ գնացէք, այս փողոցով չէ, պէտք է անցնել միւս փողոցը»։ Ծովանման ժողովուրդը չէր կարողանում հասկանալ էութիւնը։ Ինչո՞ւ այլ փողոցով, եւ ոչ թէ քաղաքի գլխաւոր փողոցով, որի վրայ գտնւում էր Արծրունու տոհմական մեծ շէնքը, ուր կրօնական ըմբռնումով, ուզում էին «աղօթք» արտասանել։ Խնդրեցին, բացատրեցին, սակայն ոստիկանութիւնը մնաց անյողդողդ։ Համբերատար ժողովուրդը գրոհ տւեց, զինւորները սուր հանեցին։ Արարողապետը, հայ եպիսկոպոսը, մարեց այդ անակնկալից... ։ Սակայն միակամ ժողովուրդը ճեղքեց շղթան եւ անցաւ իր ճամբան։ Հանդէսը հասաւ, առանց ո՛եւէ դէպքի, գերեզմանատուն, եւ մեծ գործողի դիակը յանձնւեց հողին... ։

Սակայն, թարմ գերեզմանի առջեւ անգամ յարգալից լինելու զգացմունքն չունեցաւ բռնաւոր կառավարութիւնը եւ նոյն օրն իսկ, գիշերւան ժամին, քաղաքի մէջ ծայր տւեց խուզարկութիւնն ու բանտարկութիւնը։ Սուգին աւելացաւ՝ սոսկումը։ Խուզարկութիւնը՝ բոլոր թաղերում։ Պատգամաւորներից շատերը անմիջապէս մեկնեցին քաղաքից բանտ չգնալու համար։ Եւ գիշերւան ուշ ժամին տասնեակներով մարդիկ գրողներ, պրօֆէսօր, պաշտօնեայ, խմբագիր, նկարիչ մասնագէտներ քշւեցին բանտերը, իբրեւ հակակառավարական ցոյցի հեղինակներ եւ վտնագաւոր ագիտատօրներ.....

Անհաւատալի է, բայց փաստ է։

Ահա եւ 1895 թւականը,

Որ եղաւ բանտերի եւ խստութիւնների նոր շրջան։ Նորից Հայաստանից հնչող լուրերը մութ կերպարանք առան։ Յեղափոխական հատւածների եւ Եւրոպական ճնշման ազդեցության ներքոյ, Ելտըզի Ներոնը համաձայնութիւն տւեց «Մայիսեան Ծրագիր» կոչւած հայկական րէֆորմներին, բայց ճիշդ այն պահուն, երբ ոճրագործ գահակալի գործակալները, Շաքիր Փաշայի ղեկավարութեամբ Հայաստան գնացին «բարենորոգումների ծրագիրը» գործադրելու, երբ Անգլիական նախարարութեան խոստումներից ոգեւորւած, Էրզրումի Հայոց Եպիսկոպոսը վարդանման խոսքերով աւետում էր «ազատութեան ծնունդը ստրուկ Հայաստանի մէջ», նոյն միջոցին հնչեց ընդհանուր ջարդի ահազանգը։ Սուլթան Համիդ այդ օրերին եղաւ անսանձ, աւելի քան երբ եւ իցէ։ Նա իր արիւնոտ ձեռքերի մէջ ունէր անուղղակի աջակցութիւնն ու համաձայնութիւնը ցարի արտաքին գործերի նախարարի, Լօբանօվ-Րօստովսքի, որը ուզում էր «Հայաստան առանց հայերի»։ Եաթաղանը բարձրացաւ աննախընթաց կատաղութեամբ... ։ Ու երբ հայկական ջարդի սոսկումներից աշխարհ սասանեց եւ երկինք անգամ կարմրեց, ցարական կառավարութիւնը շտապեց փակել սահմանագլուխը, լռութիւն տարածել ամբողջ մամուլի եւ Կովկասի վրայ, որպէսզի սահմանի միւս կողմը խողխողւող ժողովրդի մահատագնապի աղաղակը չը հասնի Կովկասեան հայութեան ականջին, եւ օգութեան ու բողոքի փորձեր չի լինին... ։ Խստութիւնը սանձարձակ էր։ Քիչ յետոյ՝ հայոց մամուլը իրաւունք չունէր ո՛չ միայն բողոքելու ոճիրի դէմ, այլ նոյնիսկ տպելու «Հայաստան» կամ «Թիւրքաց Հայաստան» բառերը։ Հսկայական պատ քաշվեց արիւնակից ժողովրդի մէկ եւ միւս մասի մէջ։ Ոչ մի հանգանակութիւն։ Ոչ մի զէնք։ Ոչ մի կարեկցական շարժում։ Դրա փոխարէն խմբական եւ առանձնակի բանտարկութիւններ, Թիֆլիս, Բագու, Երեւան, Շուշի, Գանձակ քաղաքներում։ Քաղաքներից յետոյ եւ գիւղերի մէջ որպէսզի բանտային փականքի տակ լռութեան մատնւեն յեղափոխական եւ ըմբոստ բողոքողները։ Դիրք եւ ազդեցութիւն ունեցող հայ գործողների մեծագույն մասը կալանաւորութեան ենթարկվեցին, աւելի քան 100 հոգի։ Շատերը աքսորվեցան ռուսական ներքին գաւառները։ Միւսները հնար ունեցան արտասահման ապաւինելու։ - Եւ դա եղաւ հալածանքի ու բռնութեան սեւ թւականներից մէկը, Կովկասի քաղաքական ժամանակագրութեան մէջ։ [2]

Այդպէս տեւեց մինչեւ 1896 թւականի վերջերը, երբ Պետերբուրգեան բռնապետութիւնը հրճուանքով եւ յաղթանակօրէն համոզվեց, թէ վիրաւոր հայութեան վէրքը այնքան խորն է եւ մահացու։ որ նա այլեւս անկարող է վերապրել. ։ «Այո՛, ասում էր մի օր Ամերիկացի մի միսիօներ, երկար ժամանակ Վանում ապրող, երբ տեսանք բլրացած դիակները եւ ծով արիւնը՝ այդ անապատում սոսկումն ու խելագար փախը, ասացինք, այլեւս չը կայ Հայաստան, չը մնաց հայ ժողովուրդ... »։

1895-96ը գերեզմանն էր հայութեան։ Եւ գերեզմանափորերի մէջ՝ «ցարական քլունգը» առաջին տեղը բռնեց։

Որպիսի՜ սեւ պատիւ։



[1]            Աքսորվածների թւում էին՝ Վարդանեան, նօտար, Եղիազարեան, փաստաբան, Տիկին Մատակեան, տեսչուհի օրիորդաց դպրոցի, Մատակեան, պաշտօնեայ, Տէր-Զաքարեան, պաշտօնեայ, Մհերեան, քործակատար, Չալալեան, իրաւաբան, Տիգրանեան, բժիշկ ևայլն։

[2]            Կալանաւորները պատկանում էին հետևեալ խմբերին՝ մանկավարժներ 22, գրողներ 7, ուսանողներ 10, պետական պաշտօնեաներ 8, գործակատարներ 20, հոգեւորականներ 4, արհեստաւոր 21, վաճառական 8, ազատ պրօֆեսիօն 12։