Բողոքի ձայն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Այդ «քաղաքական» նախամշակած սիստէմը ինքնին գուշակել է տալիս, որ հսկայ եւ դժբաղդ այս գործը հիմնված պիտի լինի ո՛չ թէ դատաստանական լուրջ քննութեան վրայ, օրէնքի եւ խղճի սահմաններում, այլ՝ ընդհակառակը, պիտի ղեկավարուի լոկ քաղաքական նենգ տեսակէտով, բարձր-գաղտնի ոստիկանութեան կողմից տրուած հրահանգի համաձայն։

Այդպէս էլ եղաւ։

«Գործը» յանձնուեց քննիչ Լիժինի։

Ով եւ ինչ է Լիժին։

Տիպը արկածախնդիր Չինովնիկի, որ մի նպատակ ունի բարձրանալ, մի փառք բարձրանալ, մի ճամբայ բարձրանալ։ Ոստիկան՝ բայց ոչ օրէնսգէտ, խուզարկու, եւ ո՛չ քննիչ։ Կեղծարար, բայց ո՛չ ուսումնասիրող։ Աննշան մի քննիչ, նա հռչակ ստացաւ այն գործի մէջ, որի անունն է «Նօվօրօայսկի Հանրապետութիւն» երբ կեղծեց փաստաթղթերը, ստեղծեց չեղած վտանգն ու գրութիւններ, մեղադրւողներ ցուցմունքներին կցեց քմահաճ յաւելումներ, ու այդ բոլորի համար, փոխանակ դատի ենթարկվելու, ինչպէս պահանջեցին նոյնիսկ Դումայի ամբիոնից, գովաբանվեց «Արդարութեան Մինիստր» Շչեգլօվիտօվի բերանով, ու դարձաւ ոստիկան-կառավարութեան սիւներից մէկը . . Եւ երբ բազմաթիւ անմեղներ՝ այդ ոճրագործ քննիչի շնորհիւ դատապարտվեցին կախաղանի եւ աքսորի, նա, իբրեւ վարձատրութիւն, ստացաւ նոր քաղաքական գործը», իր եռանդը նորից հրապարակ բերելու համար, եւ յոյս ունի՝ Պետերբուրգի րէակսիօնէր օլիկարշիին ցոյց տւած նոր ծառայութեան համար, բարձրանալ՝ պաշտօնի արիւնոտ սանդուխներով քայլել դէպի վեր, դէպի պետական դատախազի պաշտօն, ո՜վ գիտէ, դէպի մինիստրական բազկաթոռ, ա՜յնքան շահաւէտ եւ այնքան աստեղազարդ է արդի Ռուսաստանի մէջ։

Դատաւոր-ոստիկանի յանցապարտ արարքների դէմ արդար բողոքներ եղան, սրտաբուղխ տրտունջներ լսվեցին բոլոր բանտարկեալների եւ հասարակութեան կողմից, սակայն նա մնաց իր «դեր»ի մէջ, պաշտպանված վարձու լրտեսների բազմապիսի խմբերով... ։

Ու շարունակում է, անխիղճ ու անպատկառ, եզակի թեթեւութեամբ, սուգ ու սուտ տարածել Հայ ժողովրդի բոլոր խաւերի մէջ, «ամրացած» իր ոստիկանապատ միջնաբերդի մէջ, ոստիկանը յանցապարտ որոշումների, որտեղից արձակում է հրամաններ մինը միւսից ոճրալից, վերջինը առաջինից սգաւոր։


Ահա եւ առաքինութիւնը։

Նոյնատիպ դաւն ու «զաւեշտը», որ կատարվում է արդարութեան դիմակի տակ, ամէն օր եւ ամէն տեղ։»Նստած իր բազկաթոռի մէջ քննիչը, անմարդկային ցասմամբ, իրեն զգում է փոքրիկ ցար՝ մեծ Ռուսաստանի։ Դիմացը տեղ է բռնել ժանտարմական օֆիծերը, մշտական վարպետը դաւերի ու կալանաւորման։ Անկիւններում թարգմանները հոտառու քթով, ամենահպատակ գլխով մշտապատրաստ մեքենաներ, անմահացնելու թղթի վրայ ամէն մի սուտ։ Եւ ի լրումն՝ արդարութեան ներկայացուցիչը, պրօկուրօրը, լուռ, խորհրդաւոր... ։

Եթէ մինիստր լինէի, մռնչաց քննիչը՝ խելագարի նման տեղից վեր ցատկելով, կ’ոչնչացնէի Հայոց լեզուն, գրականութիւնը եկեղեցին, թատրոնը, կը ցրւէի Հայերը Ռուսաստանի բոլոր կողմերում, եւ դա կը լինէր վախճանը Հայկական շարժման, պետական այս մեծ վտանգի... ։

Տանջւողը դուք չէք, Պ. Քննիչ, այլ մենք, անմեղ մեղաւորներս, որ դարձել ենք քաղաքական դաւադիրներ, ենթակայ բանտարկութեան, ու աքսորի, մարդասիրական պարզ համակրութեան համար, ուղղած բազմատանջ ժողովրդի արդար դատին։

Պրօկուրօրը միջամտեց։ Փոթորիկը անցաւ։

Դուք մեղաւոր էք հետեւեալ կէտերում, վերսկսեց րոպէաբար խաղաղւած քննիչը, –ապօրինի ճանապարհով զէնք էք գնել, զինել ժողովուրդը եւ մի մասն էլ ուղարկել Թիւրքաց Հայաստան, կազմակերպել էք զինուած խմբեր, հիմնել էք գաղտնի տպարան, ու հրատարակել արգիլւած թերթեր՝ գաղտնի կազմակերպութեան անունից, որի մի անդամն էք դուք։ Ի վերջոյ՝ մեղաւոր էք՝ մի շարք տէրրօրների համար, կատարված պետական պաշտօնեաների դէմ։

Այդ հանրածանօթ բանաձեւն է պատրաստւած ժանժարմական դարչութեան մէջ եւ առաջարկւած բոլոր կալանաւորներին, դեռ շատ ու շատ տարիներ առաջ, երբ հանդէս եկաւ «Հայկական անկախ թագաւոր»ի ցնորական կասկածը։ Պետական ապահովութեան Կովկասեան ներկայացուցիչները տեղեկագրեցին կենտրօնին, որ Անդրկովկասն է շարժման աղբիւրը, եւ ամէն մի Հայ երիտասարդի բնակարան զէնքի, պրօկլամասիօնների եւ ռազմիկների շտեմարան է։ Հրաման տրվեցաւ Պետերպուրգից՝ ու սկսեցին խուզարկութիւններ, համոզւած, որ հազարներով հրացաններ կը բռնեն, հարիւր հազարներով փամփուշտ, որ կը բանան ռումբի եւ դինամիտի պահեստներ, գաղտնի տպարաններ եւ ի լրումն՝ դաւադրական կազմակերպութիւն՝ ուղղած պետական կազմի ու Կառավարութեան դէմ, անջատական ծրագրով...

Ժանդարմական յոյսերը չարդարացան։

Եւ դա նրանց կատաղութեան աղբիւրն էր։

Եթէ դուք մեզ հարցաքննութեան էք կանչում, Պ. Քննիչ, միայն նրա համար, որ անվերջ մեղադրանքներ բարդէք մեզ վրայ, առանց ականջ դնելու մեր բացատրութիւններին, այն ժամանակ անօգուտ է այս բոլորը, փակեցէ՛ք մեզ բանտում կամ ուղարկեցէք աքսոր, ինչպէս արդէն...

–Վերադարձէ՛ք բանտ, ընդմիջեց վայրագաբար քննիչը, գիտեմ, դուք ուզում էք անկախ Հայաստան ստեղծել եւ մեզ՝ Ռուսներիս նման՝ ուրիշների վրայ իշխել։ Բայց դուխ չարաչար սխալւում էք։ Անգլիայի բարեկամութիւնը ձեզ չի օգնի, եւ մենք Հայաստանը ձեզ չենք տար։ Կը տիրապետենք նրան եւ կը միացնենք Կովկասի։ Տեսէ՛ք սահմանագլխի երկաթուղին վաղուց պատրաստ է, եւ մենք միայն առիթի ենք սպասում Թիւրքիա զօրք մտցնելու համար...

Եւ քիչ յետոյ աւելացրեց.

Եթէ մինչեւ երեք օր չը խոստովանէք բոլորը, ես ձեզ կը փակեմ բանտի մէջ մի տարի, երկու տարի, կը զրկեմ կերակրից եւ անկողնուց, չեմ թոյլ տայ մի հատիկ բողոք կամ խնդրագիր, կ’արգիլեմ ամէն մի տեսակցութիւն, կ’անեմ ինչ կամենում եմ, բայց նպատակիս կը հասնեմ...

Ու արեց ինչ կամեցաւ։ –«Լուն ուղտ շինեց» հնարեց չեղածը –եւ շարադրեց ամբողջ պատմութիւն, մի էջը աւելի տխուր՝ քան միւսը։


Պատկերը լրացնելու համար, դարձեալ քանի մի գծեր, առնված ինչպէս միշտ, իրականութիւնից։

Ականաւոր Հայ գրող Ահարոնեան բռնվեց եւ երկու տարի բանտի մէջ մաշվեց նրա համար, որ՝ իբրեւ անդամ Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակված պատգամաւորութեան, ներկայացել էր Լահէի ժողովին եւ նոյն՝ այդ ժողովի Նախագահին Ռուսաց Ցարի դեսպան Նելիտովին։

Հայ միլիոնատէր Մելիք Ազարեան, վաթսուն ամեայ ծերունի, նետվեց բանտը այն «կարեւոր» պատճառով, որ քանի մի անգամ իր գրասենեակի միջոցով գումարներ էր փոխադրել։

Բժիշկ Աթաբէգեան բանտի մէջ մնաց մօտ երկու տարի, մեղադրվելով որ Շուշի քաղաքում յանցաւոր գործեր է կատարել, մինչ նա անհերքելի փաստեր էր ներկայացնում, որ այդ «յանցանքի» գործման ժամանակ, ինքը, եղել է ո՛չ թէ Շուշի, այլ Բագու քաղաքում։

Մի պատանի, Բ. Մ. այժմ 18 տարեկան, բանտարկված է խստօրէն, 1905-ին գործած «տէրրօրներին» համար, այսինքն այն ժամանակ երբ այդ ահաւոր տէրրօրիստը 13 տարեկան էր։

Քաջածանօթ բժիշկ Օհանջանեան, որ 3 տարուց ի վեր մաշվում է բանտի մէջ՝ մեղադրվում է, իմիջի այլոց, իբր մասնակցող Վլադիկավկազի մէջ կայացած մի ժողովի, ինչ նա այդ քաղաքում չէ էլ եղած, ուրեմն ժողովին մասնակցիլ չէր կարող։

Պաշտօնեայ Թադէոսեան երկու տարի բանտ վայելեց, լոկ այն պատճառով, որ մի քանի «կասկածելի» հեռագիրների մէջ «Թադէոսեան» անունն է յիշված։

Եօթանասնամեայ մի ծերունի, Ետիգարեան, բռնվեց, բանտի մէջ չարչարվեց, եւ հազիւ ազատված ահագին գրաւականով, մեռաւ լոկ այն յանցանքի համար, որ նրա մերձաւոր պաշտօնեաներից մէկը վտանգաւոր յեղափոխական է...

Քանի քանինե՜ր յիշատակենք, վախճան չկայ։

Ոչ մի alibi, ոչ մի վճռական փաստ, նոյնիսկ պաշտօնական, որ մեղադրվողը, այսինչ ժամանակ Կովկաս չէր, նշանակված քաղաքի մէջ չէ եղել, կարեւորութիւն չեն գտնում ոստիկան-քննիչի կողմից։ Նա հրամայում է բանտարկել, շրջապատել բանտարկեալը խորհրդաւոր լռութեամբ, ահ ազդող ակնարկներով գուցէ մի բան իմանայ։

Եղան եւ անուղղակի հալածանքներ։

Գանձակի նահանգի քանի մը գիւղերի մէջ սպառնացին կալանաւորել կանանց, եթէ նրանց ամուսինները չը ներկայանան ոստիկանութեան։ Շատ տեղ անմեղ եղբօրը կալանաւորեցին՝ որպէսզի ստիպեն մեղադրվող միւս եղբօրը՝ բանտը գալ։ Մի քանի վայրերում, ոստիկանութիւնը սպառնաց գիւղի ամբողջ համայնքը հալածանքի եւ տուգանքի տակ դնել, եթէ նրանք չը բռնեն եւ չը յանձնեն մեղադրւողը։ Մի նամակ, մի պատահական թղթակցութիւն, բաւական էր բանտարկութեան հրաման արձակելու։ Երեւանի շրջանի գիւղերից մէկին մէջ՝ կալանաւորեցին մի խեղճ քրիհտար, որի յանցանքը եղած է իր ձիով մի ճամբորդ փոխադրելը։ Յայտնվեց, որ ճամբորդը «յեղափոխական» է եղած։

Բնորոշ մի դէպք։

Մի օր, երիտասարդ մի քննիչ, դեռ չապականված ոստիկանութեան մթնոլորտի մէջ, խօսակցում էր Գանձակի Նահանգապետի հետ, մի հայ վարդապետի կալանաւորման առիթով:

Ո՛չ մի դրական փաստ չը կայ ասում էր քննիչը, եւ չէր վստահանում ձերբակալութեան հրաման տալ։

Երիտասա՞րդ է վարդապետը, հարցրեց նահանգապետը։

Այո՛, երիտասարդ է, հազիւ 29 տարեկան։

Եթէ երիտասարդ է մեղաւոր կը լինի, բռնեցէ՛ք…։

Լիժինեան «մէթոտ» է այդ…

Ուրիշ պատկեր։

Մի գիշեր, ոստիկանութիւը, լիժինի հրամանով ներս է խուժում մի տիկնոջ բնակարանը։ Աղմուկ, իրարանցում, երախաների ահ ու դողը, լաց։

Ի՞նչ էք կամենում, հարցնում է տանտիկինը, ընդունելով այս ահաւոր այցելուներին։

Ո՞ւր է ձեռ ամուսինը, Պ. Դաւթեան, նրան ենք որոնում…։

Տիկինը այլայլված եւ արտասուքը աչքերին, պատասխանում է.

Ո՜հ, ո՛րքան բաղդաւոր պիտի լինէի, եթէ կարենայի ձեզ էլ նրա մօտ ուղարկել… նա գերեզմանի զոհ է։

Դաւթեան մեռած էր՝ 8 տարի առաջ, 1903ին եւ թաղված Թիֆլիսի Խօջեվանք կոչված գերեզմանատուն։

Սակայն ո՛չ այդ «ամօթալի պարտութիւնը», ո՛չ էլ հարիւրաւոր պարտութիւններ չը կանգնեցրին խուզարկու քննիչը, ընդհակառակը նա դարձաւ աւելի ամբարտաւան. մեռածների տեղ բռնել էին տալիս կենդանիներին, անհետացողների փոխան՝ ազգականներին… առանց քննութեան, առանց փաստի, առանց վայրկենական մտահոգութեան…

Քննութիւն իրօք չը կար, բայց Լիժինական «քննութիւնը» տեւեց աւելի քան 2 1 / 2 տարի։ Շարադրվեց 100 հատոր։ ամէն մի հատորի մէջ աւելի քան 1000 էջ, յաւիտենական արձանը սուտի ու կեղծիքի։