Բողոքի ձայն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1908-Ի ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐԸ

Նոր օրերը՝ հիները մոռցնել տւին։ 1908ից հիմնաւորւած «քաղաքականութեան» հանդէպ նախկին բանտարկութիւնները իրօք նսեմացան։ Խմբական, տեւական եւ համատարած կալանաւորումները, որոնց շրջանը բացվաց 1907-1908 թւականներից, եզական են Կովկասեան հայերի գուցէ եւ ռուսական տարեգրութան մէջ։ Ռուսների, Լէհերի, Հրեաների, Ֆինների շրջանում շատ աւելի մեծ եւ բռնաշունչ բանտարկութիւններ եղան, բանտարկութիւններ վիթխարի եւ ապշեցուցիչ, բայց երբէք չէր տեսնւած, նոյնիսկ ցարական թագաւորութեան մէջ, որ մի ամբողջ ազգ, մի ամբողջ ժողովուրդ, իր բոլոր խաւերով, միմիանց հակադիր եւ յաճախ միմիանց դէմ պայքարող, դառնար յեղափոխական եւ կասկածելի, եւ մեղադրւողների նստարանի վրայ բազմեցնէին ո՛չ թէ մի դասակարգ, մի շրջան, մի կուսակցութիւն, այլ մի ամբողջ ժողովուրդ։

Եւ իրօք։ 1908-ից ծայր տւած կալանաւորումները ազատ չը ձգեցին եւ ոչ մի շրջանը հայ ժողովրդի։ Խուզարկութեան ենթարկվեց ե՛ւ քաղաքական կուսակցութեան անդամը, եւ հայոց կաթողիկոսի ապարանքը, ներկայացուցիչը մի ամբողջ եկեղեցու, ե՛ւ գրողը, որ քարոզում է նոր կեանք եւ նոր միտք, եւ ամենատգէտ գիւղացին, որ նոյնիսկ կարդալ չը գիտէ, եւ միլիօնատէրը, որ վայելում է, եւ բանուորը, որ տանջւում է, եւ վաճառականը, որ խանութից դուրս աշխարհ չէ ճանաչում, եւ պրօֆէսօրը, որի գործելավայրը միայն դասարանն է, եւ կղերականը, որ գահերի հաստատութեան ջերմ աղօթարարն է, եւ ուսանողը, որ դրօշակակիրն է յեղափոխութեան, եւ բժիշկն ու փաստաբանը, որ ազատ պրօֆէսիօնի մարդիկ են, եւ գաւառապետն ու պաշտօնեան, որ կառավարութեան սպասաւորներն են, եւ կին եւ մարդ, հարուստ եւ աղքատ, եւ տեղացի եւ եկւոր, քաղաքացի եւ գիւղացի մի խօսքով Անդրկովկասը՝ մի ծայրից միւսը, եւ այնտեղ բնակող հայութիւնը, մի խաւից մինչեւ միւսը... ։

Դա է բնորոշող գիծը այս նոր «արկած»ի մէջ։

***

Առաջին նշանը տւեց 1908 Դեկտեմբերին, Թիֆլիսում, եւ 1909 ի սկզբին հասաւ իր խստագոյն աստիճանին։ Խուզարկուների թիւը քանի մի հազարից անցան։ Կալանաւորւեցան աւելի քան 500 հոգի, եւ փակվեցան այլեւայլ բանտերի մէջ, Կովկաս թէ՛ Կովկասի սահմաններից դուրս։

Բանտարկվածների մէջ կային, ի միջի այլոց՝ գրողներ 8, բժիշկներ, փաստաբաններ, եւ այլ մասնագէտներ 22, պրօֆէսօրներ եւ դասատուներ 24, պաշտօնեաներ եւ ծառայողներ 30, վաճառականներ 45, արհեստաւորներ 70, մեծ թւով գիւղացիներ եւ բանւորներ, ինչպէս նաեւ հոգեւորականներ, կանայք եւ նոյն իսկ աշակերտներ... ։

Կասկածի տակ դրվեցան աւելի քան 300 հոգի, եւ եթէ կասկածի տակ դրված ու խուզարկութեան ցուցակների մէջ մտցրած շատ անձինք կը շտապէին խուսափել այդ խելագար հալածանքից Ռուսաստանի մէջ պաշտօնեաներ կաշառքով գաղտնիքներ ծախելու մեծ վարժութիւնն ունին ապաստանելով ո՛չ միայն Եւրոպա, այլեւ Երեւակայեցէք, երեկեան բռնավայրերը, Թիւրքիա եւ Պարսկաստան, անկասկածօրէն Կովկասեան մեծաթիւն բանտերը իրանց հարիւրաւոր խցերով իսկ տեղ չը պիտի ունենային պարփակելու այդ հազարաւոր «հիւրերը»։

***

Ձերբակալումնարի քանակը չէր միայն՝ որ վրդովիչ էր, այլեւ խուզարկումների որակը։ Իրաւական եւ օրինական տեսակէտից այդ ամբողջ գործը ախտաւոր է, եւ նոյնիսկ շինծու հիմքերի վրայ դրած։

Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ ձերբակալութիւնները հետեւանք չեն օրինական կերպով պատճառաբանված խուզարկութեան եւ տեսանելի ապացոյցների, այլ թէ՛ խուզարկութիւնները եւ թէ՛ կալանաւորումները նախօրօք որոշված եւ թելադրված են, կեդրոնական կառավարութեան կողմից, քաղաքական տեսակէտներով։

Երբ Պետերպուրգի մէջ, կեդրոնական կառավարութիւնը որոշեց քաղաքական որոշ նպատակով, հալածանք սկսել Կովկասի հայութեան դէմ, դրանից միաժամանակ հրահանգ ուղարկվեց Կովկաս՝ - ստեղծել հայկական դաւադրութիւն, եւ սկսել հարուածը։ Կովկասում, ինչպէս ամէն տեղ, դեռ հպարտօրէն գոյութիւն ունի Նապօլէօնի ոստիկան-մինիստրի տիպը, որ «միշտ գրպնաում որեւէ դաւադրութեան ծրագիր կը պահէ»։ Եւ ահա այդ մշտապատրաստ գործակալները, ոստիկան, սպայ, թէ դատախազ, որ շատ լաւ են հասկանում կեդրոնական կառավարութեան տւած նշանները, ինչպես եւ քաջ կը ճանաչեն միմիանց, մեկտեղ եկան, ծրագրեցին եւ սկսեցին։ Երկու ամիս, երկու տարի առաջ միանգամայն խաղաղ, լօյալ, օրինապահ ճանաչված ժողովուրդը յայտարարվեց իբրեւ հակապետական, յեղափոխամիտ եւ հայկական անկախութեան ձգտող, եւ հարուածը տեղաց աջ ու ձախ։

Խուզարկութիւնների սարսռիչ «պատկերը» արդէն վերը տեսանք։ Բաւական չէր, սակայն, խուզարկել եւ սարսափ գձել, պէտք էր կառավարական պատիւը գէթ արտաքուստ փրկելու համար, քանի մի «հաստատիչ փաստեր»։ Եւ ինքը դատարանական քննիչը, լիազօր եւ ամենակարող, ձեւակերպում, կարգաւորում է այդ փաստերը, եւ յանձնում լրտես-գործակալներին, իրականացնելու հրամանով։

Քանի մի օրինակ։

Երեւանում սկսված էին խուզարկութիւններ։ Չարագուշակ մի գիշեր շրջապատում են տներից մին, եւ ներս խուժում։ Տանտէրը՝ անմեղ եւ անտեղեակ մի մարդ, ապշեց եւ ասաց. «բայց ի՞նչ է իմ մեղքը»։ Եւ ահա տան ներքնայարկի մէջ՝ ոստիկանը գտաւ մի շատ վտանգաւոր թռուցիկ, իբրեւ մեղադրութեան շառաչալից փաստ։ Շատ ու շատ դառն օրերից յետոյ միայն պարզվեց, որ «այդ վտանգաւոր թռուցիկը» նետված էր տան մէջ՝ ոստիկանապետի կարգադրութեամբ... ։

Մի օր, Թիֆլիսի մէջ՝ գիշերվան պահուն, ոստիկանութիւնը մտաւ համեստ մի գործակատարի բնակարանը, Գալստեան անունով, դուրս քաշեց նրան անկողնից եւ սկսեց մանրազննին խուզարկութիւն։ Քանդեցին, տակնուվրայ արեցին ամէն ինչ։ Ոչինչ գտան՝ կասկածելի։ Ժանտարմական սպայի հրամանով խեղճ կասկածեալը «կնուտի» տակ առան, եւ սկսեցին գազանային ծեծ։ Ո՞ւր է արկղը, ցոյց տուր, «ո՞ւր թագցրիր, կրկնում էին կնուտի հերոսները։ «Ի՜նչ արկղ մրմնջում էր կապտած անմեղը, խնայեցէք ինձ, ես արկղ չեմ տեսել»։ Շաբաթներ յետոյ յայտնվեց՝ մի ոճրային թիւրիմացութիւն։ Լրտեսը՝ իր անմիտ յափշտակութեան մէջ, յայտարարած է եղել գաղտնի ոստիկանութեան, թէ Գալստեանի մօտ պահվում է տինամիտով լի մի արկղ»։ Ոստիկանութիւնը, արբեցած իր անելիք գիւտով, վրայ տւեց եւ բռնեց Գալստեանի կոկորդէն... եւ պարզվեց որ սա բոլորովին ուրիշ Գալստեան է, միանգամայն անմեղ եւ անտեղեակ ո՛եւէ արկղից, նոյնիսկ անդինամիտ . .

Մի ուրիշ դէպք, դարձեալ Թիֆլիսում, մայրաքաղաքը Կովկասի։ Յանկարծ հրաման է գալիս խուզարկել հայ բանաստեղծ Իսահակեանի բնակարանը։ Եւ ի՛նչ, բագի մէջ գտնում են մեծաքանակ փամփուշտներ... Ուրեմն մեղաւորութիւնը աներկբայ է։ Սակայն այս անգամ ոճիրի հեղինակը շատ անյաջող էր կատարել իր տխուր դերը եւ կեղծիքը շուտ բացվեց։ Թիֆլիսը իմացաւ այդ, բայց չափշեց չէ որ սովորական «ձեւերից» մէկն է այդ...

Այդ օրինակ փաստերը բազմաթիւ են։

Այդ չարամիտ ու ոճրային «քաղաքականութեան» շնորհիւ տեղի ունեցան շփոթումներ որոնք են եւ կը մնան ռուսական դատավարութեան համար, իբրեւ մշտական նախատինք, աննախընթաց դատաստանական տարեգրութեան մէջ։ Անմեղներ բռնվեցին մեղադրւողների փոխարէն, մէկը տուժեց միւսի փոխարէն, եւ այդ՝ անհաւատալի թեթեւամտութեամբ։ Քննիչը իր սեփական քմահաճոյքով կարգադրում է ձերբակալել մի շարք հայեր, նրանց չէին գտնում։ Այն ժամանակ Լիժին խուզարկել եւ բանտարկել էր տալիս բոլորովին անմեղ մարդիկ, որոնք պատահաբար կրում են փնտռվածի անունը կամ ազգանունը։

Փաստերը թող խօսեն։

1. Ոստիկանութիւնը որոնւոմ էր «Իշխան» կեղծ անունով մէկ «յեղափոխական»։ Եւ ահա մի օր կալանաւորում են Երեւանի մէջ եւ բանտարկում Իշխան Արղութեանին որը, ինչպէս տեսնում էք, անբաղդութիւնն ունէր իր ազգանւան հետ կրելու Իշխան տիտղոսը։ Մարդը զարմանում, բողոքում է։ Ունայն։ Ամիսներ յետոյ պարզվեց, որ որոնվածը այլ «Իշխան» է, որ այդ միջոցին գտնվում էր Կովկասի սահմաններից դուրս՝ Վանի մէջ, եւ յայտնի է այն տեղ իբրեւ քաղաքական-հասարակական գործիչ։ Վանի «Իշխանը» բարոյական պարտք է համարում, ռուսական հիւպատոսի միջոցով, յայտնել քննիչ Լիժինին, որ ինքը Թիւրքիան է, եւ ուրիշին կալանաւորելը անարդարութիւն։ Սակայն, Լիժին մնում է անդրդուելի իր սխալի մէջ, եւ Իշխան Աղութեան տանջվեց բանտում... Երկու տարի եւ դեռ ով գիտէ ի՜նչքան պիտի տանջվի։

2. Մի օր, ծայրայեղ խստութեամբ կալանաւորեցին Ներսէսեան Դրոցի ուսուցիչ Մալխասեանին, որ ոչ միայն յեղափոխական կուսակցութեան մասնակից չէր, այլ յայտնի է, իբրեւ հակառակորդ քաղաքական յեղափոխական գործելակերպի։ Բայց եւ այնպէս բանտարկեցին եւ ամիսներ պահեցին բանտի մէջ, միայն այն պատճառով, որ նրա նախանունը նոյնն էր ինչ մի ուրիշ Մալխասեանի, որին ոստիկանութիւնը որոնում, բայց չէր գտնում։ Այս Մալխասեան չը լինի, այն լինի ի՜նչ տարբերութիւն։

3. Որոնում են Թիֆլիսում Գէորգ Օրտոյեան անունով մէկ հայ, եւ նրան չգտնելով՝ բանտարկում են մի ուրիշ Գէորգ, Գէորգ Առաքելեան։ Առաջինին եղբայրը եւ ազգականները վկայում են որ իրանց Գէորգը վաղուց սպանված է Պարսկաստանում, եւ նոյնիսկ Պարսկական հիւպատոսարանի պաշտօնական վաւերացումն են ցոյց տալիս։ Սակայն բոլորովին ի զուր։ Քննիչին հաճելի էր կապանքի տակ պահել սի հայ, Գէորգ անունով, «Եթէ Գէորգ Օրտոյեան սպանված է, թող նրա տեղ նստէ Գէորգ Առաքելեան» վճռեց արդարութեան սեւ պաշտօնեան։ Եւ ահա երեք տարուց ի վեր Գէորգ Առաքելեան փակված է բանտի մէջ՝ եւ ներելի միամտութեամբ կըսպասէ . . . արդարութեան։

4. Բաթումի մէջ փնտռվում էր Հրանդ Սարաֆեան անունով հայը, Տրապիզօնցի, արհեստով կօշկակար։ Սակայն նա վաղուց հեռացած էր այդ քաղաքից։ Բայց միթէ չըկա՞յ Բաթումի մէջ Հրանդ անունով մէկը հարցրեց քննիչը։ Չարաբաղդ զուգադիպութեամբ, Բաթումի հայոց հովիւ Մելեան քահանայի որդին կոչվում էր Հրանդ, նրա բռնեցին եւ բանտարկեցին։ Եւ ինչո՜ւ չը բանտարկել, ուսանող մարդ, անունը Հրանդ, եւ այն էլ հայ քահանայի որդի... Լիժինի «արդարութեան» հոգը չէ բնաւ որ սա Հրանդ Մելեան է, իսկ փնտռվածը Հրանդ Սարաֆեան, սա ուսանող է, նա կօշկակար, սա Բաթումցի է, նա Տրապիզօնցի։ Բաւական է, որ անունը Հրանդ է. թո՛ղ փտի բանտի մեջ! դրանից աշխարհ չի քանդվի...

5. Երեւանի թշուառ գերեզմանոցը ունէր տարիներից իվեր մի խեղճ գերեզմանապահ, ծերունի, ուժասպառ, հազիւ կարող շարժվելու, նոյնքան անվտանգ, որքան գերեզմանը, անունը Հաջի Յակոբ Աւետիսեան, Կեսարացի։ Ու մի սեւ օր այդ զառամեալ անբաղդը քաշվեց ոստիկանական պահակարանկ եւ այն տեղից՝ բանտը։ Խեղճը չէր կարողանում հասկանալ թէ ինչ պատահեց։ Նա լաց էր լինում, գլուխը յուսահատօրէն խփում պատերին, իր ոսկրացած ձեռքերով պատուհանի երկաթներն էր ուզում «պոկել», եւ օրն ի բուն ճչում էր, կրկնելով իր աղեխարշ երգը. «Ի՜նչ է իմ մեղքս. ի՜նչ եմ արել ես... » Եւ անմեղ գերեզմանապահը չէր կարող երեւակայել, հարկաւ, որ ինքը բռնված է մի այլ Հաջի Յակոբի փոխարէն, որը Հաջի Յակոբ է, այո, բայց Հաջի Յակոբ Կօդօեանց, եւ ո՛չ թէ Աւետիսեան, Մուշեցի եւ ոչ թէ Կեսարացի, երիտասարդ եւ ոչ թէ զառամեալ, զինակիր եւ ո՛չ թէ գերեզմանապահ, եւ որը վաղուց արդէն հեռացած է Երեւանից, գնացել է իր Վաթանը Տարօն։ Յուսահատ գերեզմանապահը կիսախելագար եղաւ, սակայն նրան շարունակեց պահել բանտի մէջ, այդ է պահանջում պետութեան շահը... ։

6. Նոյն արդարութեամբ եւ ձեւով՝

ա) Վռամ վահանեան, Տրապիզօնցի, բայց Թիֆլիսաբնակ, բանտարկված է Վահան Փափազեանի փոխարէն, Վանեցի, այժմ անդամ Օսմանեան Պարլամէնտի։ բ) Գարեգին Գէորգեան, Հին-Նախիջեւանից, բանտ է նստեցրած Գարեգին Միրաքեանի փոխարէն։ գ) Դեւոնդ Մելքոնեան, Գանձակի բնակիչ, բանտարկված է, Արտաշէս Մելքոնեանի փոխարէն, Թիֆլիսցի։ դ) Բագուաբնակ Նիկօլա Տէր-Յովհաննէսեանի պատճառով, որին որոնում են, բայց չեն գտնում, Բագուի մէջ բանտարկված էին չորս հոգի, չորսն ալ Նիկօլա, բայց տարբեր ազգանուններով, տարբեր քաղաքներից, տարբեր զբաղմունքի տէր .... ։ Անունը Նիկօլա այդ արդէն յանցանքկ ապացուցող փաստ էր... ։

Ու այդպիսի փաստերը ո՛չ թիւ ունին եւ ո՛չ վախճան։ Հարկաւոր է միայն սիրտ ունենալ՝ եւ գրի անցկացնել այս վրդովիչ օրինակները, որ այնքան ընտանիքներ սուգի եւ վշտի ենթարկեցին։ Այսքանն էլ, սակայն, բաւ է՝ ճշգրիտ գաղափար տալու, թէ ի՜նչ խելագար ամբարտաւանութեան է հասել «զաւեշտաբարոյ» հալածանքը, դրված դատական քննութեան դիմակի տակ... ։