Բողոքի ձայն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԻԱՊԵՏԱԿԱՆ ՌՈՒՍ ԲԻՒՐՕԿՐԱՍԻՆ

Կար ժամանակ, որ Անդրկովկասը հնոցն էր Ռուսասիրական հովերի։ Բոլոր ցեղերը եւ բոլոր Քրիստոնեայ ազգերը իրանց աչքերը դարձրել էին դէպի Հիւսիսի արծիւը։ Պատմական մի անմեկնելի անմտութեամբ, 19-րդ դարու սկզբներին՝ Կովկասը, «վայրենի աշխարհը», աքսորավայր էր Ռուսների համար. ան տեղ էին քշում անպէտք պաշտօնեանրը, այն տեղ էին ուղարկում վատ սպաները։ Կովկաս աքսորվեցին «անհանգիստ» պօէտները Պուշկին, Լերմօնդով իրանց «մեղքերը» քաւելու համար։ Դարձեալ Կովկաս աքսորվեցին 1863-ին Լեհ քաղակական գործողները, իրանց ազատասիրութիւնը հեռու աքսորավայրերու մէջ ողբալու... ։

Սակայն եկողները՝ ատելու փոխարէն սիրեցին «աքսորավայրը»։ Տեսան գեղանի երկիրը իր սիրուն լեռներով, աննման «Մասիս»ը, սպիտակ թագը գլխին, հպարտ Կազբեկ՝ ապաշխարհավայրը անյաղթ պրօմէթէոսի, որ երկնքից ազատութեան կրակը խլեց։ Գեղեցիկ Կուրը՝ մշտածիծաղ, Արաքսը՝ իր տխուր յիշատակներով։ Տեսան վարդերի եւ սոխակի հայրենիքը եւ սիրեցին։

Տեսան եւ բազմալեզու, բազմատարազ ժողովուրդները՝ լի սիրով դէպի Սպիտակ Ցարը, հաւատալով՝ դէպի շէկ Հիւսիսականները, նոյնիսկ դէպի «Քրիստոնեայ» կոզակները։ Ու եկւորները ամէն տեղ քաղաքներում թէ գիւղերի մէջ, վայելում էին սէր, յարգանք, անվերապահ մտերմութիւն։ Եւ ո՛չ մի հարսանիք, հեռաւոր գիւղերում, ո՛չ մի մկրտութեան հանդէս, քաղաքի մէջ, ո՛չ մի համախմբում չէր անցնի առանց օրհնանքի, առանց յիշատակութեան, երբ ծերունի քահանան առաջին բաժակը առած, կ’արտասանէր, խօսքը սրտաբուղխ հաւատարմութեան՝ «Թո՛ղ Աստուած հաստատ պահէ Ռուս թագաւորի թախտը... »։

Իսկ ա՞յժմ։

Այժմ՝ ատելութիւն, դէպի Ռուս Չինօվնիկը, թշնամանք դէպի Ռուս պաշտօնեան, զինւորական թէ քաղաքացիական, ցաւ՝ դէպի անցածը, քէն՝ գալիք օրերի համար։

Եւ գլխաւոր պատճառը՝ Ցարական բիւրօկրատի սպանիչ ոգին, նրա անվերապահ հալածանքը, դէպի այն բոլորը՝ ինչ Ռուսական չէ, այլ տեղական, մի ոգի, որ նեղ է ինչպէս կօզակի միտքը, բիրտ՝ ինչպէս սօլտատը, եւ գրգռիչ՝ ինչպէս մեծաւորը։ Այդ ոգին մի մարմնացած խտրութիւն է. անարգանք դէպի տեղացու լեզուն, թշնամանք դէպի նրա գիրը, ատելութիւն դէպի նրա ազգութիւնը, արհամարհանք դէպի նրա կրօնը։

Ու դրա հետ միատեղ՝ այդ Չինօվնիկը՝ մեծ թէ փոքր, կամ կաշառակեր է, ծոյլ, հեղգ, եւ կամ չար ու հալածասէր, անծանօթ այն երկրին՝ որը պիտի կառավարէ, եւ այդ պատճառով՝ ատելութեան ներշնչող՝ դէպի այն բոլորը, ինչ Ռուսական է եւ կառավարական։

Ռուսական տիրապետումի անցած պատմութիւնը Կովկասի մէջ, պարզեց մի դառն ճշմարտութիւն. Ռուսը զօրեղ էր եւ գրաւիչ իբրեւ զինւորական ոյժ։ Թառած երկու Մահմետական պետութիւններու սահմանի վրայ, թէ՛ Հայ եւ թէ՛ Վրացի ժողովուրդը, ճնշված, ստրկացած Շահերի եւ Սուլթանների բռնութեան տակ, աներկբայ տենջացող էին Քրիստոնեայ Ռուսաստանի տիրապետութեան, իբրեւ միջոց՝ քաղաքական հանգստութեան։ Եւ գաղտնիք չէ, որ Կովկասի Վրացիներն էին, որ Հայերի աջակցութեամբ եւ խրախուսանքով, հարթեցին Ռուսական տիրապետութեան ճամբան դէպի Կուրի եւ Արաքսի հովիտները։ Թիֆլիսի մէջ, քաղաքի կենտրոնում կառուցած «փառքի տաճար»-ի ճակատին որ մուզէոմն է Ռուսական զինւորական յաղթանակի դրօշմված են, Ալեքսանդր I. ի հրովարտակի հետեւեալ խօսքերը, ուղղված Վրաստանին, 1801-ին.

«Ո՛չ շահասիրութեան եւ ո՛չ էլ մեր սահմանները ընդլայնելու նպատակով է, որ մենք վերցնում են մեզ վրայ Վրաց թագաւորութիւնը կառավարելու ծանրութիւնը։ Այլ՝ մարդկայնութիւնն ու ազնւութիւնն է միայն որ դնում է մեզ վրայ սրբազան պարտականութիւն, ականջ դնել տանջւող ժողովրդի աղերսանքին եւ հիմնել Վրաստանում արդարադատ կառավարութիւն»։

Եւ առաջին շրջանում, որ զինւորական շրջանն էր, Ռուսական տիրապետութիւնը գրաւիչ էր, Ռուս զօրքը սիրված։ Զինուորականութիւնը, նորանւաճ երկրում ոտք հաստատելու համար, գուցէ եւ անկեղծօրէն, գիտէր յարգել երկրի բնիկ ժողովուրդը, նրա կեանքը, նրա սովորութիւնները։ Բարձր կառաւորութիւնը եւս առիթը ձեռքից բաց չէր թողնում մտերմութիւն հաստատելու, ծայրագաւառի եւ կեդրոնի մէջ։ Ալեքսանդր I ինքը անձամբ գնաց Էջմիածին, Հայոց կրօնական կեդրոնավայրը, պաշտօնական այցի։ Թիֆլիս Վրաց ազնւականութեան եւ արքայական տան մէջ հաստատվեց մտերմական բարեկամութիւն։ Հայոց կաթողիկոսը, ազդեցիկ Արեւելքի կրօնական կեանքի մէջ, եւ Կովկասեան փոխարքան յաճախ լաւագոյն բարեկամներ էին, օրինակ Ներսէս եւ Վօրօնցով։ Ներսէս Կաթողիկոս ինքը, անցած Հայ կամաւորների գլուխը, 1827-ին կռւեց ընդդէմ Պարսկաստանի, Ռուսական տիրապետութիւնը մինչեւ Հին-Նախիջեւան, մինչեւ Արաքս հասցնելու համար։ Վրացիները տւեցին Ռուսակա բանակին փայլուն զօրավարներ Արեւելեան Կովկասը տիրապետելու համար։ Եւ Հայերից դուրս կեան ականաւոր զինւորականներ Լօրիս Մելիքով, Լազարեան, Տէր-Ղուկասով, եւ Շիշկօվնիկեան Թուրքիայի դէմ 187ին պատերազմ մղելու եւ յաղթանակելու համար։

Սակայն երբ սկսվեց երկրորդ՝ իբրեւ թէ խաղաղ զարգացման շրջանը, չինովնիկային շրջանը, ամէն ինչ տակնուվրայ եղաւ։ Ռուս զինւորականութեան յաջորդող պետական ոյժը՝ բիւրօկրասին, «շինածը քանդեց»։ Ցարաշունչ չինօվնիկը անկարող է ստեղծելու եւ կառավարելու, գիտէ միայն հրամայել, «ռուսացնել», անանցանելի անջրպետ բանալ այլեւայլ տարրերի մէջ։ Ո՛չ միայն սուրը եւ էպօլէտը, այլ եւ օրէնքը պաղութեան աղբիւր եղաւ։ Դատարան, վարչատուն, ոստիկանոց դարձան վայրեր խաբի, վախի ու կաշառքի։ Արհամարհված եւ խաբված ժողովուրդը սկսեց վախնալ, խորշիլ, ու ատել։ Ատել ու մեկուսանալ։

Աւելացրէք այդ բոլորին նորագոյն Ռուս պաշտօնեայի հակազգային, հակառամկավար, հակաժողովրդական ոգին, որը կազմում է ցարական բիւրօկրասիի ուղն ու ծուծը։ Նա ատում է տեղական ժողովուրդների ազգութիւնը, քաղաքական շարժումը, նրա ինքնուրոյնութեան որ եւ է նշանը։ Լեհաստանում՝ նա Լէհին է թշնամին, Ֆինլանտիայում՝ ատում է Ֆիննին, Կովկասի մէջ՝ նա տեսնել չէ կարող Հայը։ Եւ այդ բոլորը միասին, իբրեւ սիստէմ եւ րէժիմ, ստեղծեցին այն, ինչ տեսնում ենք այժմ, բարեկամութեան փոխարէն թշնամանք, համակրանքի տեղ՝ ատելութիւն, քէն ու ֆշշոց... ։

Փոքրիկ մի համեմատութիւն։

Հին շրջանում Երկիրը յանձնում էին Վօրօնցօվին, գրաւելու տեղական տարրերը, նոր շրջանում՝ յանձնում են Գօլիցինին, տանջելու տեղական ազգերը։ Վօրօնցով դպրոցներ էր բանում. Գօլիցին միայն մի տարում 260 Հայ դպրոց գոցեց։

Անցեալի մէջ կառավարութիւնը շաղկապն էր տեղական ցեղերի, այժմ՝ պառակտող թոյնը։

Պետերբուրգից եւ Մոսկուայից երբեմն պաշտօնեաներ էին գալիս, օրէնք հաստատելու. այժմ հազարներով լրտեսներ են գալիս, բանտերը լեցնելու։

Երբեմն Հայ եւ Վրացի կամաւորներն էին զարդը պաշտօնական ընդունելութեան եւ կամ մեծ թաղումների ժամանակ, իսկ այժմ ոստիկանութիւնը մտրակով է քշում ժողովուրդը, կառավարչապետին կամ նահանգապետին ընդունելութիւն անելու։

Մի ժամանակ ամբողջ Թիֆլիսը ոտքի էր կանգնում ընդունելու Էկզարքը, –Օրթօտօքս եկեղեցու պետը , իսկ 1908-ին Ռուս Էկզարքը տէրրօրի ենթարկվեց վրացուց եւ թաղմանը ոչ ոք կար, բացի ոստիկանութիւնից եւ պաշտօնէութիւնից։

Հին օրերին, վտանգի ժամանակ մարդիկ դէպի ժանտարմն ու ոստիկանը էին վազում, իսկ այժմ փախչում են նրանցից, իբրեւ ժանտախտից։

Մինչեւ 1870-ը Ռուսական տիրապետ մը երկրի բարձրացման խթանն էր, իսկ այժմ կաշկանդող շղթան։

Ցանկալի հիւր էր երբեմն այդ կառավարութիւնը, բայց այժմ... ։

Մի ծերունի Հայ պաշտօնեայ, որի պապը կռւել էր Ռուս զօրքերի շարքում, Ղարաբաղը տիրելու ժամանակ, ասում էր, թափ տալով ալեզարդ գլուխը.

Ա՜խ, չը մեռնիմ, տեսնեմ այդ Ռուսների փախը Կովկասից, էլ տարտ չիմ ունենայ, կը մեռնիմ հանգիստ... ։

Պապերը կանչեցին Ռուսներին։

Որդիք նրանց փախն են երազում... ։

Ահա պտուղը՝ կառավարութեան բռնաւոր, սպանիչ սիստէմին. նա իր սեփական տանը դժբաղդացրեց Ռուս ժողովուրդը, այդ ովկիանո՜սը վշտի եւ տգիտութեան, եւ դուրս եկած տան սահմաններից՝ ատելութիւն եւ թոյն է տարածում ե՛ւ օտար ժողովուրդների մէջ, ամէն տեղ, ուր ոտք է դնում ապիկար Բիւրօկրասին, ուր հասնում է շունչը բռնապետ րէժիմի... ։