Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

V. ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ XVI-XVIII ԴԴ.

Եթե քաղաքական առումով մեզ հետաքրքրող ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու ենթաշրջանների (1500-1747 թթ. եւ 1747-1800 թթ. ), ապա հասարակական հարաբերությունների առումով այդ երեք դարերը մի միասնական ժամանակաշրջան է, որը փաստորեն իր մեջ ընդգրկում է նաեւ XIX դարի առաջին տասնամյակները՝ մինչեւ Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։

Երեւանի խանությունը սեֆեւյան (կամ սեֆյան) Պարսկաստանի կազմում կարեւոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական առումով։ Սարդենի վկայության համաձայն, Երեւանի խանությունն ամբողջ պարսից պետության մեջ համարվում էր ամենաեկամտաբեր եւ ամենաանշանավոր կուսակալությունը [1] ։ Նա գրում է, որ Երեւանի խանությունը տարեկան «բերում է երեսուներկու հազար թուման եկամուտ, որը կազմում է... հինգ հարյուր հազար էքյու, չհաշված հարկադիր տուրքերը, նվերները եւ կողմնակի ճանապարհներով ձեռք բերված հարստությունները, որոնք կլոր թվով բերում են եւս երկու հարյուր հազար էքյու» [2] ։ Այդ պատճառով էլ ֆրանսիացի վաճառական-ճանապարհորդը Երեւան այցելած իր ժամանակվա խանին՝ Սեֆի-Ղուլիին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ եւ ամենաերջանիկ ազնվատոհմ իշխանը» [3] ։ Այլ կերպ ասած, Սեֆի-Ղուլիի ժամանակներում (XVII դ. 70-ական թվականներ) խանի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմում էր 46 հազար թուման կամ ավելի քան 466000 արծաթ ռուբլի (յուրաքանչյուր թումանը հաշվելով 10 ռուբլի 12 եւ կես կոպեկով)։

Ճիշտ է, Երեւանի խանությունն ուներ բարեբեր ընդարձակ հողատարածություններ, իսկ նրա խանը զանազան եղանակներով ստանում էր հսկայական եկամուտներ, բայց դրանք դեռեւս չափանիշ չէին կարող լինել երկրի տնտեսական վիճակի համար։ Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համապատասխան պայմաններ էին անհրաժեշտ, որպեսզի բնականից արգավանդ Երեւանի խանությունը տնտեսապես բարգավաճեր։ Իսկ այդպիսի պայմաններ չկային։ Պարսկաստանն ու Թուրքիան հետամնաց ֆեոդալական երկրներ էին։ Նրանց ծանր տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում եւ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին աննպաստ դրության մեջ։ Կողոպտիչ հարկային քաղաքականությունը, հետամնաց ֆեոդալական հարաբերությունները, կամայականություններն ու կաշառակերությունը, պարսկական խաների ու թուրքական փաշաների ընչաքաղցությունը մեծ հարված էին հասցնում երկրի եւ նրա կենտրոն Երեւան քաղաքի տնտեսական կյանքին։ Սակայն դրանցով չեն սահմանափակվում երկրի տնտեսական առաջխաղացումն արգելակող ազդակները։ Երկրի տնտեսական կյանքը կործանիչ հարվածներ էր ստանում թուրք-պարսկական երկարատեւ ու ավերում բերող պատերազմների, խաների եւ փաշաների միջեւ մղվող ֆեոդալական կռիվների, լեզգիների ու ջալալիների ասպատակությունների եւ կիսանկախ խաների տիրապետության շրջանում Հերակլ թագավորի արշավանքների հետեւանքով։ Երեւանի խանությունն ու նրա կենտրոնը քաղաքական այդ մղձավանջային ժամանակաշրջանում բազմիցս ավերվել են հակառակորդ բանակների արշավանքների եւ գերեվարության ու զանգվածային բռնագաղթի պատճառով։ Մենք տեսանք, թե սկզբնաղբյուրները ինչպիսի կսկիծով են նկարագրել երկրի ամայացումը, բնակչության գերեվարումը եւ կոտորածները։ Տասնյակ գրիչներ իրենց թողած հիշատակություններում նկարագրելով թուրք-պարսկական պատերազմների արհավիրքները՝ գրում են, որ իրենք ապրել են այդ «նեղ եւ դառն» ժամանակներում։ Առանձնապես ուշագրավ է Հակոբ Կարնեցու մի ընդարձակ հիշատակությունը, ուր հեղինակը նկարագրելով թուրք-պարսկական պատերազմների ընթացքում երկրի կրած տառապանքներն ու ավերումը գրում է. «ամենայն աւուր եւ ամենայն տարի, բազում զօրօք (թուրքերը Թ. Հ. ) ասպատակէին եւս գնացեալ երկիրն Երէւանայ, Լօռու, Չօրսայ եւ Բամպակայձորու առհասարակ ասպատակէին, մանկունսն գերի վարէին եւ զծերսն սրոյ ճարակէին եւ զտեղիսն հրով կիզուին, նոյնպէս եւ Պարսիկքն քան զսոսայն անողորմքն չար եւ բարբարոսք են, ատելիք Աստուծոյ եւ մարդկան, ամենայն կողմանց ելանէին գաղտագողի ասպատակեալ քանդէին եւ աւերէին առհասարակ... զի այնպէս անապատ արարին այս սահրաթ երկրներս, որ Արզրումայ հետ մինչեւ Էրէվան միայն բերթորեայքն ի շէն մնացին» [4] ։

Հ. Կարնեցու այս վկայությունից երեւում է, որ 1639 թվականի հաշտությանը նախորդած կռիվների ժամանակ կանգուն են մնացել միայն բերդերը, որոնց թվում պետք է հասկանալ նաեւ Երեւանի բերդը։ Երեւանը, Էջմիածինը եւ մի քանի գյուղեր համեմատաբար քիչ են տուժել նաեւ XVIII դ. 70 80-ական թվականների եւ Աղա-Մամադ խանի արշավանքների ժամանակ։ Դրանք, ինչպես նկատում է Վ. Գրիգորյանը, միայն առանձին «օազիսներ» էին «ավերումների» լայնատարած «անապատում» [5] ։

Սակայն Երեւանի համար այդ բացառություն էր։ Թուրք-պարսկական պատերազմների կիզակետը Երեւանն էր եւ այն պարբերաբար ենթարկվում էր ավերման։ Երեւանի համար առանձնապես ծանր էր Շահ-Աբաս I-ի արշավանքը եւ նրա կազմակերպած զանգվածային բռնագաղթը։ Պարսից այդ բռնակալի արշավանքի հետեւանքով ամբողջ երկրի, Հին Ջուղայի եւ ուրիշ քաղաքների հետ միասին ամ ա յացվեց նաեւ Երեւանը [6] ։

Սակայն մեր ստեղծագործ ու աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատեւ խաղաղության շրջան օգտագործում էր տնտեսությունը վերականգնելու, գյուղերն ու քաղաքները վերականգնելու ու վերաշինելու, իր մշակույթը զարգացնելու համար։ Երկրի տնտեսական կյանքի համար կարեւոր նշանակություն է ունեցել սուլթանական Թուրքիայի եւ սեֆեւյան Պարսկաստանի միջեւ կնքված 1639 թվականի խաղաղության դաշինքը, որի հետեւանքով մինչեւ հաջորդ դարի առաջին քառորդի վերջերը երկրում ընդհանուր առմամբ խաղաղություն էր տիրում, առժամանակ ընդհատվել էին թուրք-պարսկական երկարատեւ պատերազմները եւ որոշ չափով նպաստավոր պայմաններ էին ստեղծվել տնտեսական կյանքի աշխուժացման համար։ Համընդհանուր ավերում բերող երկարատեւ պատերազմներից հետո հաստատված խաղաղությունը բնական է, որ մեր հեղինակների կողմից պետք է ներկայացվեր եւ իրոք ներկայացվում է որպես բարենպաստ պայման մեր ժողովրդի համար ազատ շունչ քաշելու եւ իր տնտեսոuթյունը որոշ չափով զարգացնելու։ Զաքարիա Սարկավագը հետեւյալ կերպ է գնահատում 1639 թվականի հաշտության դաշինքը. «Սուլթան Մուրատ թագաւորն Տաճկաց գնացեալ էառ զԲաղդատ ի ձեռաց Պարսից. է մինչ էր ի Բաղդատ, անդուստ առաքեաց դեսպան առ թագաւորն Պարսից Շահ-Սաֆի, զի արասցեն խաղաղութիւն ի մէջ իւրեանց։ Եւ Շահն եւս առաքեաց դեսպանս առ խոնթկարն՝ այր մի՝ որ ասէին Ջաղաթա-Քօթուկ-Մահմատ խան. եւ արարին հաշտութիւն եւ խաղաղութիւն. եդին պայման ամս է (30) մնալ խաղաղութեամբ։ Եւ իսկոյն մեռան երկոքին թագաւորքն։ Յետ սուլթան Մուրատին՝ թագաւորեաց եղբայր իւր Իպրահիմ։ Եւ ետ նորա որդին Մահմատ։ Եւ յետ նորա որդին Խրան։ Եւ ետ նորա զեղբայր նորա Մուստաֆայ, որ կայ այժմ, եւ վարէ զթագաւորութիւնն։ Յետ Շահ-Սաֆուն՝ թագաւորեաց որդին իւր Աբաս։ Ել յետ նորա Սաֆի։ Եւ յետ նորայ Սուլեյման։ Եւ յետ նորա Հիւսէին։ Սոցին պատմութիւնս յետոյ ասասցուք։ Այսքան թագաւորացս ժամանակ խաղաղութիւն է ի մէջ Պարսից եւ Տաճկաց։ Զի է ՌՁԸ (1639) թուէն մինչ ի ՌՃԽԷ (1798) թիւս՝ յորում էմք այժմ, է հաշտութիւն եւ խաղաղութիւն։ Զի ի Կոստանդնուպօլսէ մինչ ի Ասպահան երթեւեկութիւն է առանց երկիւղի ահու» [7] ։

Ինչպես տեսնում ենք, պատմագիրը մեծ նշանակություն է տալիս 1639 թ. հաշտությամբ հաստատված խաղաղությանը եւ նշում, որ դրանից հետո ապահով պայմաններ են ստեղծվել Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսից մինչեւ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահան աներկյուղ երթեւեկության համար։ Այդ խաղաղությունն ընդհանուր առմամբ շարունակվում է նաեւ XVIII դ. առաջին երկու տասնամյակներում։ 1639 թ. հաշտությամբ առժամանակ հաստատված խաղաղության մասին նույն կերպ են արտահայտվում նաեւ մեր մյուս պատմագիրներն ու հիշատակագիրները։ Հակոբ Կարնեցու արտահայտությամբ այդ պայմանագրով կողմերը պարտավորվել էին՝ «միմիանց թուր չըքաշեն, վաճառականք եւ շինականք աներկուղ գայցեն եւ գնայցեն. հոտք սոցա եւ նոցայ այժմ խառնին ընդ միմիանս... ։ Զի խաղաղութիւնն Աստուծոյ նախախնամութեամբն եղե, եւ այսպէս, որ ազատեցալ ազգս Հայոց իր երկուց կողմանց, զի այն կողմի բնակիչք երկրին ամենայնք Հայք էին եւ են \\ եւ յայս կողմըս ամենայն Հայոց ազգէն էին, Յոյնք եւ Տաճիկ բազում, զի Մուստաֆայ վէզիրն այն ողորմութեամբն Աստուծոյ եւ խաղաղացոյց ընդ միմիանս եւ բարի անուն ժառանգեաց» [8] ։

Իրավացի է ժամանակագիրը։ Պարսկա-թուրքական երկարատեւ պատերազմների ընդհատումը եւ կողմերի միջեւ 1639 թվականին կնքված դաշնադրությունը մի տեսակ «աստվածային նախախնամություն» էր հատկապես մեր ժողովրդի համար, որովհետեւ այդ պատերազմների հիմնական ու մշտական ոլորտը մեր երկիրն էր եւ դրանց հետեւանքով ամենից շատ այն էր ավերվում։

Խաղաղ տարիներ եղել են նաեւ ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 եւ այլ թվականներին կնքված պայմանագրերի ժամանակամիջոցներում, սակայն դրանք շատ կարճատեւ են եղել եւ շուտով նոր ուժով բռնկվել են ստեղծածը կործանող պատերազմները։ XVIII դ. 20-ական թվականներին նորից բռնկվեցին թուրք-պարսկական պատերազմները, իսկ սրանց հաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորի կրկնակի հարձակումները եւ ապա դարավերջին Աղա-Մամադ խանի ավերիչ արշավանքը, որոնց հետեւանքով նույնպես երկիրը ենթարկվում է ավերման ու կողոպտման եւ գերեվարվում են բնակչության զգալի զանգվածներ։

Այնպես որ XVI—XVIII դարերում Հայաստանում տնտեսական զարգացման համար ընդհանուր առմամբ չկային բարենպաստ պայմաններ։ Մերթ ընդ մերթ կարճ ժամանակով խաղաղություն հաստատված տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը, երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Մեծ չէր առաջադիմությունը նաեւ 1639 թվականին հաջորդած մոտ 80 տարվա խաղաղության շրջանում, որովհետեւ տնտեսապես հետամնաց Պարսկաստանում եւ Թուրքիայում անհնար էր ու պայմաններ չկային այդպիսի առաջադիմության համար։ Այդ վերաբերում էր ոչ միայն Երեւանի խանությանն ու Երեւան քաղաքին, այլ նաեւ ամբողջ Արեւելյան Հայաստանին եւ Արեւմտյան Հայաստանին։

Այնուամենայնիվ առանձին խաների օրոք Երեւանի խանությունն ու Երեւան քաղաքը ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսի մասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրդունա-խանի օրոք (1604-1625)։ Զաքարիա Սարկավագի հիշատակության համաձայն, նրա ժամանակ վերականգնվել են ավերված քաղաքներն ու գյուղերը, վերակառուցվել է Երեւանի բերդը, այնտեղ կառուցվել են hոյակապ ապարանքներ, տնկվել են այգիներ, բուրաստաններ ու պարտեզներ, hանվել են ոռոգման առուներ, որոշ չափով թեթեւացվել է գյուղացիությունից գանձվող հարկը եւ այլն [9] ։ Խանը դեպի Կարին եւ Վան ու Մուշ կատարած երկու արշավանքների ընթացքում բազմաթիվ գերիներ է բերել եւ բնակեցրել Երեւանի խանության տարբեր շրջաններում ու շենացրել Արարատյան աշխարհը [10] ։ Տնտեսական առումով Երեւան քաղաքն ու Համանուն խանությունը որոշ առաջադիմություն են կատարել նաեւ Խոսրով-խանի, Զալ-խանի եւ մի քանի այլ խաների ժամանակ։ Պարսից տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում, սակայն, քաղաքը եւ Երեւանի խանությունը համեմատաբար բարձր զարգացում են ունեցել վերջին խանի՝ Հուսեին-Ղուլիի ժամանակներում XIX դ. առաջին տասնամյակների ընթացքում, որի մասին ամենայն մանրամասնությամբ խոսվում է մեր սույն աշխատության 1801-1879 թվականներն ընդգրկող գրքում [11] ։

Չնայած աննպաստ պայմաններին, այնուամենայնիվ XVII-XVIII դդ. Հայաստանում գոյություն ունեին մի ամբողջ շարք քաղաքներ, որոնք արհեստագործության շատ թե քիչ նշանակալից կենտրոններ էին։ Արեւմտյան Հայաստանում ու դրան հարակից հայաշատ շրջաններում այդ դարերում հայտնի էին Կարինը (Էրզրում), Երզնկան, Վանը, Կարսը, Մուշը, Բիթլիսը, Խարբերդը, Սեբաստիան, Մալաթիան եւ ուրիշ ավելի փոքր կենտրոններ։ Դրանցում գործում էին տասնյակների հասնող արհեստներ՝ մետաղագործություն, ջուլհակություն, մանածագործություն, զինագործություն, ոսկերչություն եւ այլն, եւ այլն։ Երկրի ներսում եւ նրանից դուրս հայտնի էին հայ արհեստավորների արտադրած կտավները, մահուդները, մետաքսյա գործվածքները, գորգերը, կապերտները եւ ուրիշ արտադրանքներ։ Քանի դեռ Թուրքիան զբաղված էր արտաքին երկրներում զավթողական պատերազմներ մղելով՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքները տնտեսապես բավական բարձրանում էին՝ թուրքական բանակներին Հանդերձանք, պարեն եւ որոշ սպառազինության մատակարարելով։ Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ այդ դարերում դարձել էին առեւտրի խոշոր կենտրոններ։ Դրանք կարեւոր դեր էին խաղում ոչ միայն տարանցիկ եւ արտաքին առեւտրի, այլ նաեւ ներքին առեւտրի մեջ։ Առեւտրով առանձնապես հայտնի էին Կարինը եւ Վանը։

XVI-XVIII դարերում մի ամբողջ շարք քաղաքներ գոյություն ունեին նաեւ Արեւելյան Հայաստանում եւ Անդրկովկասում։ Այստեղ առեւտրի ու արհեստագործության կենտրոններ էին Հին Ջուղան, Շամախին, Նուխին, Գանձակը (Գյանջա), Թիֆլիսը, Նախիջեւանը եւ այլն։ Դրանք արհեստագործության, արտաքին ու տարանցիկ առեւտրի նշանակալի կենտրոններ էին եւ բանուկ ճանապարհներով կապված էին իրար ու հարեւան երկրների հետ։ Առեւտրական առումով նշանակություն էին ձեռք բերել նաեւ մի շարք խոշոր բնակավայրեր՝ Կարբի, Գավառ, Ագուլիս, Գառնի եւ այլն, որոնցից շատերը հիշատակվում են որպես մեծ ավաններ կամ գյուղաքաղաքներ։

Արեւելյան Հայաստանի առավել խոշոր կենտրոնը Երեւանն էր՝ Երեւանի ընդարձակ խանության կենտրոնը։ XVI-XVIII դարերում Երեւանը տասնյակների հասնող արհեստների, ծավալուն տարանցիկ ու արտաքին առեւտրի կենտրոն էր, որն ուներ ներքին աշխույժ առեւտուր եւ բավական զարգացած գյուղատնտեսություն՝ այգեգործություն, խաղողագործություն, բանջարաբուծություն եւ անասնապահություն։



[1]            Путешествие Шардена по Закавказью, էջ 256։

[2]            Նույն տեղում։

[3]            Նույն տեղում։

[4]            Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց . Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565-566)։

[5]            Վ. Ռ. Գրիգորյան, Երեւանի խանությունը 18-րդ գարի վերջում, էջ 40։

[6]            Տե´ս Петрос ди Саркис Гиланенц, Дневник осады Исфагани, афганцами, веденный Петросом ди Саркис Гиляненц в 1722 и 1723 гг., СПб, 1870. . Պատկանովի առաջաբանը, էջ XIV)։

[7]            Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. II, էջ 25 26։

[8]            Հակոբ Կարնեցի, Տեղագիր Վերին Հայոց . Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 565)։

[9]            Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. I, էջ 45-46։

[10]          Նույն տեղում, էջ 46։

[11]          Տե՛ս Թ. Խ. Հակոբյան, Երեւանի պատմությունը (1801-1879 թթ. ), էջ 32-183։