Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅ ԳԻՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ.

Գաւառիս գիւղացիների բնակարանները շատ աննախանձելի դրութեան մէջ են։ Գիւղի մէջ ոչ մի կանոնաւոր լայն փողոց չկայ, բոլորն էլ ծուռ ու մուռ եւ նեղ են։ Սրանց համեմատ եւ տները խառնի խուռն, միմեանց կից եւ դռները զանազան կողմ ուղղուած։

Հին շինութիւնները գրեթէ գետնափոր են, մօտ 25 տարի առաջ շինուածները կէս գետնափոր, իսկ այժմեանները համարեա թէ գետնի վրայ։

Ամբողջ թաղի կտուրները միմեանց կից են, ուստի եւ ծառայում են որպէս ճանապարհ եւ որպէս ժողովատեղի։

Բնակարանները շինում են իրենք տան տէրերը, երբեմն միայն մի որմնադիր կամ մի քարտաշ հրաւիրելով, այնպէս որ գրեթէ բոլոր գիւղացիներն գիտեն շինել բնակարաններ։

Բնակարանները շինում են հասարակ, անտաշ քարով, միայն հարուստները տան ճակատը եւ «եազլըղի» երեւացող պատերը շարում են տաշած քարից։

Պատերի բարձրութիւնն առ առաւելը լինում է 5 արշին, որից մօտ մի արշինը հիմքն է կազմում։ Հաստութիւնը մի արշին է, մէջը խիճ եւ ցեխ ածած։

ԲԱԿ ԿԱՄ ՇՈՒԱՔ.

Բակը լինում է մօտաւորապէս 2 1/2 սաժէն երկարութեան, մէկ սաժէն լայնութեան եւ չորս արշին բարձրութեան։

Ծածկը տափարակ (դիւղտապան) է եւ ունի մի հերթիկ 1/4 արշին մեծութեան։ Այս փոքրիկ հերթիկը հազիւ աղօտ լուսով լուսաւորում է այդ՝ երբեմն շատ երկար բակը, ուր անծանօթ այցելուն խարխափելով է առաջ գնում։

Ժատուհանները չլինելու եւ հերթիկների փոքրութեան գլխաւոր պատճառն ապակի չգործածելն է, ցերեկը բաց են անում լուսամուտի տեղ թողնուած այդ ծակերը եւ գիշերը խոտով ու չորով ծածկում։

Բակը դնում են լուծ, արօր, տաշի, խուշկի, աթար եւ այլն։ Բակից բացւում են դռներ դէպի տուն, դէպի գոմ եւ դէպի եազլղ։

ՏՈՒՆ.

Տունը բաղկացած է երկու բաժանմունքից, տուն եւ թնդրօճախ։

Տունը միշտ քառակուսի է լինում, պատերի երկարութիւնը 15-24, իսկ բարձրութիւնը 21/2-3 արշին է լինում։ Պատերի մէջ ոչ մի պատուհան չունի, միայն մի դուռ բացւում է դէպի բակը։

Ծածկը ղառնաուճ է, այսինքն միշտ անկիւնների հանդէպ, միմեանց վրայ ձգւում են քառանկիւնի տաշուած գերաններ, որոնք հետզհետէ բարձրանալով եւ կարճանալով, վերջանում են մի քառակուսի արշին մեծութեան բացուածք թողնելով, որ կոչւում է հերթիկ (պատուհան)։

Կան մէջ, պատերին կից լինում են դարակներ, որոնց վերայ շարւում են կաւէ եւ պղնձէ ամաններ, փայտէ գշեր եւ այլն։ Դարակների տակ դրւում են կարասներ, որոնց փայլեցնում են շատ անգամ ձու քսելով եւ որոնցից շատերը յաճախ դատարկ են լինում։

Կան մի անկիւնում յաճախ գրուած է լինում ալիւրի ամբարը, վերան կամ կողքը հացի տաշտ։

Թնդրօճախը տան յատակից 1/2-1 արշին բարձր եւ յաճախ բոլորակաձեւ է լինում։ Սրա ծածկը եւս տան ծածկի պէս ղառնաուճ է, միայն փոքր ինչ ցածից դրած։ Ուղիղ մէջ տեղում թողնուած է 1-1/4 քառյակ. արշին մեծութեան հերթիկ։ Հերթիկի անմիջապէս տակը, գետնի մէջ մինչեւ բերանը թաղուած է թոնիրը, որի սնուածքը միշտ նայում է դէպի դուռը, որպէսզի այստեղից քամի խաղայ։ Թոնիրի շուրջը կոչւում է թնդրափ։ Պատերի մէջ սովորաբար լինում են երկու փոքրիկ անդուռ պահարան, որոնց մէջ դրւում են թթխմորը, բաթաթը, գրդընակը, թաթակիշը, դաստրակը եւ այլն։ Մի անկիւնում էլ դրուած է լինում շիշն ու ակիշը։

ԳՈՄ.

Գոմերը լինում են 2 1/2 մինչեւ 3 արշ. լայնութեան եւ 3 մինչեւ 5 սաժէն երկարութեան։ Պատերի բարձրութիւնը մի սաժէն է լինում, ծածկը ղոշպաշի։ Գոմի երկարութեամբ, երկու պատերին կից, գետնից մի արշին  բարձր 1/2 արշ. լայնութեան եւ 1/4 արշին խորութեան մսուրք է շինուած։ Սրանց վերայ, միմեանց բաւական մօտ, կապուած են 1/2 արշին երկարութեան բարակ շղթայ կամ թոկ - (կապ) - որոնց ծայրին ամրացած է փայտէ բարձր 1/2 արշնաչափ ծամ, փալուտի աղեղնաձեւ ճիւղ, որը անց են կացնում կենդանիների վիզը, եւ ծամրղաթով - կաշէկապ - երկու ծայրերը րկի մօտ միացնում։ Մսուրքների առջեւ մի մի սաժէն լայնութեան տեղ յատկացրած է կենդանիներ կապելու, որը եւ կոչւում է ղալդրըմ։ Սրանց առջեւից ձգւում է 1/4 արշին լայնութեան արխ։

ԵրկուՂալդրըմների միջի տարածութիւնը, որ մօտաւորապէս մի սաժէն է լինում եւ ղալդրըմներից 3 վերշոկ ցածր է, քարուած է եւ կոչւում է կոմիէրէս կամ տափնէրէս։

ՕԴԱ.

Գոմի մի ծայրում, սովորաբար դռան հանդէպ, գտնւում է օդան. սրա մէջ տեղում, պատի մէջգտնւում է մի բուխարի, որ գետնից 1/2 արշին բարձր է լինում։ Բուխարու երկու կողմից, միեւնոյն բարձրութեամբ ձգւում են 1. 1/4 արշին լայնութեան երկու թաղթ, որ կոչւում են սատր։ Հարուստների օդաներում սատրների կողքին 1/2 արշին բարձրութեամբ եւ երկու արշինից աւելի լայնութեան ուրիշ երկու թաղթեր էլ ն ձգւում, որոնք ամուսիններին իբրեւ մահճակալ են ծառայում։ Օդան գոմից ոչինչով չի բաժանւում եւ իսկապէս կենդանիների տաքութեամբ է տաքանում։ Կտուրը սատրների միջի տարածութեան չափ եւ անմիջապէս նրա վերեւ հետզհետէ բարձրանալով, վառարանի հանդէպ կտուրի եւ այդ բարձրութեան միջեւ մի փոքրիկ պատուհան է բացւում, որ այժմս միայն սկսել են ապակի ձգել։

Օդան յատկացուած է գլխաւորապէս տղամարդկանց, իսկ տունը՝ կանանց։ Հիւրերը միշտ ընդունւում են օդայում եւ հրաւիրւում նստել օճխի գլուխը, երբ արդէն մի ներքնակ եւ մի բարձ ձգած են լինում սատրի վրայ։

Միայն հարուստ տներում սատրները ծածկուած են լինում քաշաներով եւ կամ կապարներով։

ԵԱԶԼԸՂ.

Միմիան հարուստ աներն ունին եազլըղ-ամառուայ սենեակ, սա սովորաբար տաշած քարից, երբեմն բաւական բարձր շինուած մի սենեակ է լինում, որ երկու կամ երեք պատուհան է ունենում ոչ թէ կտուրից, այլ պատի մէջ։ Ամառն փոխարինելով օդային եազլըղը ձմեռը բոլորովին փակ է մնում, որովհետեւ վառելիքը թանգ արժելով չեն տաքացնում։