Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԻՑ

Ճապոնացու բարքերը ուսումնասիրելիս, մարդ ամենից առաջ ձեռք պէտք է վերցնի եւրոպական չափից եւ մօտենայ նրանց առանց կանխակալ կարծիքների։

Ճապոնական քաղաքակրթութիւնը զարգացել է բոլորովին առանձնակի եւ դրա համար նրանց կեանքի ու հայեացքների մէջ շատ բան մեզ բոլորովին խորթ է թւում եւ նոյն իսկ յաճախ վիրաւորում է մեր բարոյականի կամ պատշաճի զգացումը։

Միեւնոյն բանը զգում է եւ ճապոնացին մեր վերաբերմամբ հէնց որ մօտիկ է շփւում եւրոպացու կեանքին։ Նա էլ զարմանքով բացականչում է, որ բոլոր եւրոպացիք թարս են, անում են եւ ասում ճիշտ հակառակը, ինչ որ Ճապոնում պատշաճ ու բնական է համարւում։

Մեր ու ճապոնացու մէջ եղած տարբերութիւնը մանաւանդ շատ խիստ աչքի է ընկնում այսպէս ասւած՝ քաղաքավարական ձեւերի մէջ։

Ամենամեծ հաճոյախօսութիւնը որ տղամարդը կարող է անել մի ճապոնուհու, հետեւեալ հարցն է.

«Քանի՞ տարեկան էք»։

Հագուստները հագնել ու շտկել հակասեռ հիւրերի առաջ համարւում է բոլորովին comme ilfaut. մինչդեռ կօշիկով սենեակ մտնելը բացարձակ անկրթութեան ամենամեծ նշանն է։

Նրանց համար ամենեւին անպատշաճ չի համարւում, եթէ հիւրերից մէկը ճաշի ժամանակ վերցնէ ուտելիքից մի կտոր ու դնէ իր ահագին գրպանը, որ գտնւում է լայն թեւի ցածի մասում։ Հեշտ է երեւակայել, թէ այս սովորութիւնը որքան ծիծաղելի դէպքերի առիթ է տալիս, մանաւանդ եթէ իրար դէմ են գալիս ճապոնացին եւ անգլիացին, որ ինչպէս յայտնի է՝ մի մազ անգամ չի շեղւի երբէք իր սովորութիւններից եւ որ ընդունել անգամ կարող չէ, թէ աշխարհի երեսին ուրիշ կերպ կարելի է ապրել։

Ճապոնացու հայեացքով ուտելիքից վերցնելն ու միասին տանելը մի մասնաւոր պատիւ է համարւում տանտիկնոջ համար, քանի որ դա մի շատ պարզ ու շօշափելի ապացոյց է, թէ հիւրը գոհ է մնացել նրա սեղանից։

Դա հերիք չէ. տուն տանելու համար տանտիկինը ճաշից յետոյ դեռ տալիս է հիւրերին բարակ տաշեղներից շինած մի-մի փոքրիկ արկղիկ, լիքը եփած բրինձով։

Ճաշի ժամանակ կերակուրները բերելու կարգն անգամ բոլորովին հակառակ է մերինին։

Քաղցրեղէնը բերում են ձկան, բանջարեղէնի եւ ապուրի հետ խառն։ Ամենից վերջը հրամցնում են հում ձուկ, նորից տուն տանելու համար։ Ինչպէս տեսնում էք Ճապոնում հիւր գնալը բաւական ձեռնտու բան է։

Ճապոնացիք չեն գործածում ոչ միս, ոչ կաթ եւ ոչ հաց։ Բայց եւրոպացու համար ծախում են։ Նրանց գլխաւոր ուտելիքը բրինձն է, ձուկը, բանջարեղէնը եւ ձուն։ Ի դէպ՝ ձուն էլ շատ տարօրինակ է. կճեպը այնքան փափուկ է, որ սեղմելիս ներս է ընկնում։ Ճապոնում կիրը քիչ է. այդ պատճառով էլ ձուի կճեպը չի պնդանում։

Ճապոնացիք լողանալ շատ են սիրում։ Բաղանիսները ընդհանուր են. տղամարդիկ եւ կանայք լողանում են միասին։ Շատ եւրոպացու համար դա մի նշան է համարւում բարքերի ծայրայեղ անկման, մինչդեռ իրանք՝ ճապոնացիք, այդտեղ վատ ոչինչ չեն տեսնում, դրա մասին չեն էլ մտածում եւ ընդհանրապէս լողանալու արարողութեան վերաբերւում են շատ լուրջ, իբրեւ մի սրբազան ծէսի։ Մերկ մարմնի տեսքին նրանք արդէն վարժւած են, եւ մեղքը եւրոպացուն է, եթէ նա չէ կարող ուղիղ աչքով մերկութեանը նայել։

Ամեն տուն ունի լողանալու յատկացրած իր տակառը, ուր ամեն օր մկրտւում է ամբողջ ընտանիքը. միակ անյար­մարութիւնն այն է, որ բոլորն էլ, մեծ ու փոքր, տէր ու հիւր, միեւնոյն ջրի մէջ են մտնում իրար ետեւից։

Ճապոնացիք իրար վերաբերմամբ չափազանց քաղա­քա­վարի են ու սիրալիր։ Կասկած չկայ, որ աշխարհիս ամենա­քաղաքավարի ժողովուրդն է դա, եւ այդ զգացումը նրանք մօր կաթի հետ են ծծում։

Դեռ շատ մատաղ հասակից երեխային ներշնչում են, թէ ի՛նչպէս պէտք է իրան պահէ դէպի ծնողները, մեծերը, եւ ընդհանրապէս իր շրջապատողները։

Այդ քաղաքավարութիւնը տիրում է հասարակութեան բոլոր խաւերի մէջ անխտիր։ Ամենահասարակ կօշկակարը, նոյն իսկ մուրացիկ կինը իր խօսքով ու ձեւերով իրան ճիշտ այնպէս է պահում, ինչպէս մեր մի ազնւական տիկին իր հանդիսաւոր երեկոյթի ժամանակ։

Մասնաւորապէս քաղաքավարի են դէպի մեծերը։ Ծերութիւնն ու հնութիւնը շատ է յարգւած Ճապոնում։ Բայց այդ յարգանքի զգացման մէջ ամենեւին անձի ստորացում չկայ. դա գալիս է սրտից ու բղխում է ուրիշներին վիշտ չը պատճառելու անկեղծ ցանկութիւնից։

Ճապոնացի ու կոպտութիւն իրար չը բռնող բառեր են։

Թէեւ քիչ-քիչ եւրոպական ազդեցութեան տակ ճապո­նացու բնաւորութիւնն էլ սկսել է արդէն փոփոխութեան ենթարկւել, դժբախտաբար՝ ոչ դէպի լաւը։ Դա մանաւանդ նկատելի է նաւահանգիստ քաղաքներում, ինչպէս են Նագասակի, Հօբէ, Իօկօհամա։

Եւրոպացիների հետ մշտական շփումը ճապոնացուն դարձնում է քծնող ու խոնարհամիտ, կամ նա անգլիացուն հետեւելով՝ մի անթափանցելի սառնութիւն ու անտարբերութիւն է առնում իր վրա։ Անտանելի է այդ տեսակներին հանդիպելը։ Գործից դուրս դրանցից ոչ մի աւելորդ բառ չես լսիլ եւ ամեն բառ չափած ու ձեւած է. մարդ ուղղակի սառչում, մնում է։

Բայց բոլորովին հակառակն է ներքին նահանգներում, ուր եւրոպացիք քիչ մուտք ունեն. այդտեղ ճապոնացին պահել է անխախտ իր նախկին սիրալիրութիւնը եւ մի տեսակ զուտ մանկական բացսրտութիւն, որ անմիջապէս քաշում է մարդուն։

Նրա հետ խօսելիս պէտք է հետեւես նրա քաղաքավարու­թեանը եւ չխրտնեցնես նրա զգացումը, ինչ որ եւրոպացիք յաճախ մոռանում են, եւ այն ժամանակ նա շատ պարզ է քեզ հետ ու սիրով խօսակցում։

Նա սիրում է խօսել ամեն բանի մասին, ինչ կատարւում է աշխարհիս երեսին, մանաւանդ քաղաքականութեան, որով նա շատ է հետաքրքրւում։

Ճապոնական քաղաքավարութիւնը այն աստիճանի է հասնում, որ մինչդեռ մեզանում վիրաւորանքը սրբելու համար թափում են հակառակորդի արիւնը կամ գոնէ մի ապտակ են տալիս, ճապոնացին իրան է սպանում։ Նա հրաւիրում է իր բոլոր ազգականներին ու բարեկամներին, պատմում է իրան հասցրած վիրաւորանքը, որից յետոյ էլ ապրել կարող չէ, եւ բոլորի ներկայութեամբ դանակով ճեղքում է փորը, մի արարողութիւն, որ կոչւում է «խարակիրի»։ Ասենք՝ այդ սովորութիւնը արդէն աւելի մօտաւոր անցեալի պատմութեանն է պատկանում, քան թէ ներկային, որովհետեւ այժմ արգելւած է կայսերական հրամանով։

Ընտանեկան կեանքը Ճապոնում հոսում է իր պարզ ու որոշ հոսանքովը։ Ընտանիքի անդամների փոխադարձ յարաբերութիւնը մեղմ է ու ընկերական, թէեւ շատ պարզ զգալի է հօր վերին իշխանութիւնը։ Նա է, որ հսկում է բոլորի վարքին ու հետեւում խստիւ, որ բոլորն էլ իրար հետ լինեն բարի, սիրալիր ու հոգածու։

Եթէ մէկը անկիրթ է կամ վատ քաղաքացի, հանրային կարծիքը նրա հօրն է դատապարտում։

Հայրը կատարեալ իրաւունք ունի որդուն տնից դուրս վռնդելու ու զրկելու նրան բոլոր իրաւունքներից, եթէ տեսնում է, որ իր խրատները իզուր են անցնում։ Նրա տեղը նա մի որդեգիր է վերցնում։ Որդեգիրը ընդհանրապէս մի շատ սովորական երեւոյթ է Ճապոնում։

Որդին էլ վարւում է նոյն կերպով. երբ հայրը նրա հետ չափազանց անհոգ է վարւում, նա հրաժարւում է իր հօրիցը ու հայրագրում մի ուրիշի։

Որդուն պսակելով հայրը տալիս է նրան տան կառավարութիւնը եւ կարծես ինքը մտնում է նրա հովանա­ւորութեան տակ, ի հարկէ՝ վերապահելով խորհրդատուի դերը։ Բայց դրանով նա ոչինչ չի կորցնում, քանի որ, ինչպէս յիշեցի, ծերութիւնը խիստ մեծ յարգ ունի Ճապոնում։

Տիրոջ ու իր ծառայողների յարաբերութիւնը խիստ պարզ է ու մտերիմ։ Տան աշխատաւորը ընտանիքի անդամ է համարւում եւ դրա բոլոր գործերի մէջ ջերմ մասնակցութիւն ունի։

Պէտք է տեսնել ճապոնական ընտանիքը աշխատանքի ժամանակ։ Բոլորն էլ բանում են գոհ ու զւարթ։

Աշխատանքը ամենքի համար գրաւիչ է երեւում։ Նրանցից մէկը սովորաբար միշտ կատակելու վրա է, պատմում է, խօսում ու բոլորին ծիծաղացնում։

Բայց որչափ առաջ է գնում նոր քաղաքակրթութիւնը եւ որչափ որ գործարանները դուրս են մղում տնային արդիւնագործութիւնը, այնչափ էլ հին, նահապետական կարգերը աստիճանաբար տեղի են տալիս նորերին։

Այն մասերում, ուր տիրում է արդէն գործարանը, բանւորական հարցը ստացել է արդէն շատ սուր կերպարանք, մանաւանդ որ հին կարգերից նորերին անցնելը կատարւել է ու կատարւում է շատ արագ եւ ժամանակ չի տալիս նոր վիճակի համար անհրաժեշտ եղող պայմաններ մշակելու։

Եւրոպական ճամփորդները մեծ գովեստով են խօսում ճապոնուհու մասին։

«Առէք գթութեան քրոջ դէմքը, երբ նա անձնւիրաբար իր պարտքը կատարում է. առէք դերատի աղջկայ ժպիտը, երբ սպասում է իր նշանածին. առէք մանկան սիրտը, որը երբէք չի տեսել մօր զրկանքը. խտացրէք այս բոլորը մի փոքրիկ շնորհալի մարմնի մէջ, պսակեցէք սեւ փարթամ մազերով՝ եւ կը ստանաք ճապոնուհի»։

Այսպիսի հիացումով է նկարագրում մի անգլիացի՝ Henry Normen։

Կլասիկ մտքով վերցրած՝ ճապոնուհուն չի կարելի գեղեցիկ անւանել, բայց նա սաստիկ գրաւիչ է, մանաւանդ իր փափուկ ժպիտով, որ երբէք չի հեռանում նրա դէմքից։ Զւարթ ու կենսուրախ, եռուն ու հրապուրիչ մի արարած է դա, խիստ կանացի ու շնորհալի շարժումներով։ Իզուր չէ, որ նրան «արեւելքի ֆրանսուհի» են անւանել։

Շատ շուտ են ամուսնանում ու դժբախտաբար շատ շուտով էլ խամրում։

Պատանեկան հասակից հասուն տարիքի անցնելը կատարւում է խիստ արագ։ Միջին շրջան գրեթէ չկայ։ Բոլոր քեզ հանդիպողները կամ թարմ ու դերատի նորապսակներ են, կամ թառամած ու կնճռոտ պառաւներ։

Իբրեւ ամուսին, ճապոնուհին յայտնի է իր հաւատարմութեամբ։ Այդ հաւատարմութիւնը ցոյց տւող մի հին սովորութիւն է «սեւ ատամները». մի խիստ տգեղ բան, որ բարեբախտաբար հետզհետէ վերանում է։

Ներկած ատամներով երիտասարդ կնոջ գրեթէ չեմ հանդիպած. դրանք բոլորն էլ մեծ մասով պառաւներ են, որոնք արդէն շատ քիչ հաւանականութիւն ունեն ուրիշին դուր գալու։

Դա վերջին խորամանկ միջոցն է՝ այս տեսակ զոհաբերութեամբ իրանց ամուսնու սիրտը նորից կապւած պահելու։ Մանաւանդ որ ապահարզան ստանալն էլ Ճապոնում շատ է հեշտ։

Եթէ բնաւորութիւնները իրար չեն բռնում, եթէ յագենում են միմեանցից, կատարում են մի քանի պարզ անհրաժեշտ ձեւականութիւններ եւ բաժանւում են խաղաղ, առանց աւելորդ կռիւների ու աղմուկի։

Ամեն մէկը նորից սարքում է իր կեանքը իր ուզածի պէս։ Յաճախ է պատահում, որ նախկին մի զոյգ, փողոցում հանդիպելով, հանգիստ խօսքի են բռնւում եւ հարց ու փորձ են անում միմեանց իրանց նոր ընտանեկան կեանքից։

–Հը՞, մարդդ ի՞նչպէս է։

–Ոչինչ։ Իսկ քո՞ կինդ։

–Հիանալի։

Ու գնում են նորից, ամեն մէկն էլ իր բանին։

Ճապոնում ամուսնութիւնը բնաւ կրօնական բնաւորու­թիւն չունի։ Դա քաղաքացիական մի պարզ պայմանագիր է, որ կնքում ու խզում են երկու կողմերի փոխադարձ համաձայնութեամբ։

Նրանց ամուսնութիւնը անհատական էլ չէ. անձնական հակումն ու սիրահարութիւնը շատ քիչ դեր են խաղում։ Հարսն ու փեսան յաճախ բոլորովին չեն էլ ճանաչում իրար։ Ամուսնութիւնը Ճապոնում մի ընտանեկան պարտաւորութիւն է։ Ընտանիքը ինքն է հոգում իր անդամների ամուսնութեան մասին, ցեղի յարատեւութիւնը ապահովելու համար։

Ճապոնում այդ հարցը մի առանձին նշանակութիւն է ստանում շնորհիւ նախնիքների պաշտամունքի, որ նրանց հաւատի հիմքն է կազմում։

Այդ պատճառով այնտեղ չամուսնացած կին ու տղամարդ չկայ։ Բոլորը պէտք է ամուսնանան, եթէ չեն ուզում վրդովել իրանց նախնիքների հոգիները էն, միւս աշխարհում։

Ամուսնութեան ժամանակ մեծ դեր է խաղում միջնորդը, որ Ճապոնում մեծ յարգ ու պատիւ է վայելում, իբրեւ նոր տան օճախը վառող։ Ծնողները նրան են յանձնում ամբողջ գործը։

Նա է, որ ծանօթացնում է երիտասարդներին ու համաձայնութիւն կայացնում երկու տների մէջ։

Հարսանիքի ծէսը շատ է պարզ։ Հարսնացուն ամբողջապէս սպիտակը հագած, որ խոր սգի նշան է, թողնում է իր հօրանց տունը եւ ուղեւորւում է պատգարակի մէջ դէպի իր նոր ընտանիքը միջնորդի ու նրա կնոջ առաջնորդութեամբ։

Եւ այդ աղջիկը իր ընտանիքի համար այլեւս մեռած է համարւում։ Հօրանց տանը նրա գնալուց անմիջապէս յետոյ աւելում են սենեակները։ Իսկ տան մուտքի մօտ վառում են սուգի ճրագը, ճիշտ այնպէս, ինչպէս մեռելը դուրս տանելուց յետոյ։

Մինչդեռ փեսայի տանը ուրախութիւն է։

Հարսն ու փեսան խմում են «սակէ», բրնձի արաղ, երեք փոքրիկ գաւաթիկներից, երեք-երեք կում. նրանից յետոյ հարսնացուն փոխում է իր սուգի հագուստը, հագնում է տօնի զգեստներ, եւ ամեն-ինչ վերջանում է ընդհանուր խնջոյքով։

Աշխատանքի մէջ ճապոնացի կինը իր մարդու առաջին օգնականն է։ Նա մասնակից է դաշտային աշխատանքին, օգնում է առեւտրական գործերի մէջ եւ ընդհանրապէս կատարում է նրա հետ ամեն տեսակ աշխատանք։

Ճապոնուհու սիրած գործերից են երգը, նւագը, նկարչական եւ գրական աշխատանքը, որոնց մէջ նա շատ յայտնի է. մանաւանդ գրականութեան մէջ։ Առանձին հռչակ է վայելում բանաստեղծուհի Օնօնա Կօմաչ։ Եւ ընդհակառակը՝ շատ բան, որ մեր հասկացողութեամբ բացառապէս կնոջ գործ է համարւում, նա չէ կատարում. այսպէս օրինակ, լւացքը, կարը տղամարդկանց ձեռքն է։

Թէեւ այսպիսով կնոջ դրութիւնը Ճապոնում անհամեմատ աւելի լաւ է քան միւս բոլոր ասիական երկրներում, բայց եւ այնպէս նա դեռ միշտ տղամարդուց ստոր է դասւած։


ՆԿԱՐՉՈՒՀԻՆ

Կնոջ վերաբերմամբ եւրոպական մտքով քաղաքավարու­թիւնը բոլորովին խորթ է ճապոնացուն։

Այսպէս օրինակ՝ մի տեղ գնալիս տղամարդը միշտ առաջն է ընկնում, առանց ուշ դարձնելու իր ետեւից եկող կնոջը։ Կինը մարդու հետ չի նստում ճաշի, այլ վերջը առանձին, ամուսնու հոգսը քաշելուց յետոյ։

Այստեղ պարզ նկատւում է չինական քաղաքակրթութեան ազդեցութիւնը։ «Ովնա-Դայ-Գաքօ» գրքի մէջ, ուր յիշւած են կնոջ բոլոր բարոյական պարտաւորութիւնները, ասւած է, որ նա լինի հնազանդ ու հպատակ՝ աղջիկ ժամանակ հօրը՝ ամուսնանալուց յետոյ՝ մարդուն եւ երբ այրի է որդուն։

Կնոջ դաստիարակութեան մէջ գլխաւոր տեղը տրւած են բնաւորութեան կրթութեանը։ Կինը պէտք է լինի միշտ ուրախ, հաճելի, հանգիստ եւ հանդարտ տրամադրութեան մէջ, պէտք է լաւ իմանայ իր պարտքն ու բարոյական պարտաւորութիւնները դէպի իր շրջապատողները, ինչպէս եւ առօրեայ կեանքի անհրաժեշտ ձեւականութիւնները։

Իբրեւ մայր ճապոնուհին շատ է քնքոյշ. եւ մեծ հռչակ է ստացել նաեւ իբրեւ դայեակ։

Նա լաւ է հասկանում երեխայի սիրտը եւ նրա ներքին աշխարհը, գիտէ նրա հետ վարւել հանգիստ։ Ճապոնում երեխայի լաց չես լսիլ։ Եւ ընդհանրապէս նրան հիանալի է պահում։

Սենեակը ազատ է ու բաց. կահ-կարասիք չկայ, երեխան կարող է ցատկել ու վազվզել, որչափ կամենայ, նրա աչքի տակ չեն դնում մեզպէս հազարաւոր փայլփլուն իրեր ու առարկաներ, խստիւ արգելելով դրանց ձեռք տալ։ Եւ վերջապէս՝ նրան չեն խեղդում ձանձրալի համբոյրներով, որոնք մեզանում մեր փոքրիկների չարչարանքն են կազմում։

Երեխաների կեանքը հոսում է այնտեղ հանգիստ ու զւարթ, մօր ու քոյրերի քնքոյշ խնամքի տակ։

Իզուր չէ, որ Ճապոնը երեխաների դրախտ են կոչում։

Ճապոնումն էլ է արդէն սկիզբն առել կանանց ազատա­գրութեան շարժումը։

Արդէն գոյութիւն ունի մի կանանց միութիւն, որ եռանդուն պայքար է մղում։ Նրանք արդէն մի քանի անգամ ներկայացրել են կառավարութեանը իրանց պահանջները հազարաւոր ստորագրութիւններով. ձգտում են, որ կանանց համար էլ մատչելի լինեն հետզհետէ այն բոլոր պաշտօնները, որ մինչեւ այժմ միայն տղամարդկանց են վերապահւած, եւ արդէն մասամբ էլ ձեռք են բերել։

Այսպէս նրանք ընդունւած են պօստ - հեռագրական ծառայութեան մէջ, ինչպէս եւ երկաթուղու։ Երևի շուտով կը տեսնենք ասպարէզի վրա եւ կին փաստաբան։

Օրէնսդրութեան մէջ հետզհետէ մտնում են բարեփոխութիւններ ի նպաստ կանանց։

Օրէնքը այլեւս հարճ չի ճանաչում, որ մի ժամանակ ընտանիքի մէջ երկրորդ տեղն էր բռնում օրինաւոր կնոջ կողքին։ Եթէ կինը ամուլ էր, օրէնքը թոյլ էր տալիս, որ հարճ պահեն, եւ նրանից ծնւած երեխաները համարւում էին օրինաւոր։ Նոյն իսկ թագաժառանգը մի հարճի որդի է։

Բայց միւս կողմից այդ նոր կանայք շատ դժգոհ են ապահարզանի օրէնքից։ Եւ իրաւացի են։

Ամուսինների բաժանումը թԷեւ շատ հեշտ է, բայց բոլոր առաւելութիւնները, ինչպէս եւ Եւրոպայում, մնում են տղամարդու կողմը։ Երեխաները պատկանում են հօրը։

Պրօպագանդիստ կանանցից ոմանք յայտնի են եւ Եւրո­պայում, օրինակ Ուսմէ Ցուցան, որ մասնակցել է միջազ­գային կանանց կօնգրէսներին եւ արժանաւոր աջողու­թեամբ։

Ճապոնական կեանքում շատ հետաքրքիր երեոյթ են կազմում այսպէս կոչւած Գէյշաները, երգչուհիները, որոնք Աթէնքի հետերաների նման խնջոյքների ու տօների զարդն են կազմում իրանց սրախօսութեամբ ու նուրբ ձեւերով։

Գէյշաները իրանց կրթութիւնը ստանում են թէյատներում, ուր սովորում են պար, երգ, նւագ, գրականութիւն, այսպէս ասած՝ անցնում են մի գեղարւեստական դպրոց։

Նրանք մասնաւոր սէր են ցոյց տալիս գրականութեան մէջ եւ գրում են երբեմն բաւական աջող։

Ես առիթ ունեցայ նրանց այցելելու մի քանի ծանօթներիս հետ։ Մեզ ընդունեցին շատ սիրալիր եւ հրաւիրեցին վեր։ Գուլպաներով բարձրացանք սանդուխներից, որ մարդու ապշեցնում են իրանց մաքրութեամբ, եւ մտանք սենեակ խոր բարեւներով։

Իսկոյն կաշւէ բարձեր բերին, որ եւրոպացիներիս համար չոքած նստելը աւելի յարմար լինի։

Գէյշաները բոլորն էլ հագնւած էին գեղեցիկ. հագուստի կտորը գոյնզգոյն, որի վրա բանւած էին քմահաճ պէյզածներ, սարեր ու ձորեր, տուն ու կամուրջ։ Նրանք չէին իմանում եւրոպական լեզուներ, եւ այդ թերին աշխատում էին լրացնել առատ ժպիտներով։

Շուտով բերին սամիսենը, որ եռալար գիտարի մի տեսակն է, եւ սկսեցին երգն ու պարը։

Չեմ կարող ասել, թէ մի մեծ հաճոյք ստացանք։

Աւելի ճչում էին, քան երգում ու արագ անցնում էին piano-ից forto, ու հակառակը։ Առհասարակ իմ տպաւորութիւնս այն էր, որ ճապոնուհիների երաժշտական զգացումը թոյլ է։


ԳԷՅՇԱՆԵՐ

Գէյշաների մէջ կային մի քանի շատ փոքրեր։

Սրանցից մէկը, մօտ ١١-١٢ տարեկան, մասնաւորապէս աչքի էր ընկնում իր աշխուժովն ու չարաճճիութեամբ։ Նրա նշաձեւ աչիկները խելք ու ծաղր էին առկայծում։ Մի վայրկեան անգամ հանգիստ չէր նստում մի տեղը. դառնում էր մեր շուրջը ու ճօճւում անընդհատ, անզուսպ ծիծաղ պատճառելով իմ ընկերակից նաւսպաներին, որոնք քիչ-միչ հասկանում էին ճապոներէն։

Դեկուսկէ-սան, բացականչեց նաւսպաներից մէկը. ապա՛ ցոյց տուր շնորհքդ, տեսնե՛նք, ինչպէս ես ուրիշներից ձեւ առնում։

Նա գլխով արեց. չարաճճի մի բան փայլեց նրա աչքերում։ Եւ մի վայրկեանի մէջ բոլորովին կերպարանափոխւեց, կծկւեց, կնճիռներ եկան դէմքին եւ դարձաւ մի փնթփնթող ծերուկ, որ իր համար կերակուր է պատրաստում։ Եփում էր, խառնում էր կերակուրը, երեւակայական ամանի մէջ, համն էր առնում, դժգոհութեամբ շարժում էր գլուխը ու շարունակ փնթփնթում։ Ձայնը դուրս էր գալիս մի տեսակ խուլ ու սեղմւած, կարծես իսկապէս բերանը կերակուրով լիքը լինէր։

Վերջապէս թողեց, քրքչաց երեխայական հնչուն ծիծաղով եւ հոլի պէս սկսաւ պտոյտ գալ։ Նա զգում էր, թէ այդ վայրկեանին բոլորի սիրելին էր։

Յետոյ ներկայացրեց մի ամբողջ տեսարան, փոխնիփոխ դառնալով բարկացկոտ ամուսին, քմահաճ կին եւ նրանց ծառա։ Սաստիկ ծիծաղաշարժ կերպով կիտում էր յօնքերը, բուռն շարժումներ էր անում, ամուսինը ներկայացնելիս, պճրանքով շուռ ու մուռ էր գալիս սենեակում հովանոցը ձեռքին, երբ կնոջն էր ներկայացնում, եւ ամենալուրջ ձայնով խրատներ էր կարդում, երբ դերը հասնում էր ծառային։

Շատ բնորոշ էր նոյնպէս մի տեսարան, որ պատմում էր ու ներկայացնում մի՝ կախարդական աշխարհն ընկած ճամփորդի։ Կախարդը նրան երկար տարիներ իր մօտ պահելուց յետոյ արձակում է եւ տալիս է նրան, իբրեւ հրաժեշտի նւէր, մի արկղ, պատւիրելով, որ չը բանայ։ Բայց ճամփորդը շատ երիտասարդ, ուրեմն եւ չափազանց հետաքրքիր լինելով՝ բաց է անում արկղը. դուրս է գալիս, որ այնտեղ պահւած է նրա՝ կախարդի մօտ ապրած տարիները, եւ նա իսկոյն դառնում է ալեւոր ծերուկ, այսպիսով անմիջապէս պատիժ ստանալով իր հետաքրքրութեան համար։

Միւս աղջիկները չունէին նոյն աշխոյժը եւ Դեկուսկէի առջեւ բոլորովին կորչում էին։

Բայց շատ գեղեցիկ էր ջրվէժների պարը, որ նրանք բոլորը միասին կատարեցին։ Ամեն մի աղջիկ ձեռքին ունէր սպիտակ շորի մի նեղ փաթեթ, որը պարի ժամանակ արձակում էր, որպէս մի երկար շերտ. շերտերը ծածանւում էին գեղեցիկ գալարումներով եւ ճշմարիտ որ նմանում էին քմահաճ վիժումով թափւող ջրվէժին։

Այդ միջոցին մեզ համար քաղցրեղէն բերին մանրիկ պնակների վրա դրած, որոնց ձեռք տալ սակայն վախում էինք, այնքան անհրապուրիչ էր նրանց տեսքը։ Իմ ուշադրութիւնս գրաւել էին խիստ փոքրիկ, կլորիկ խնձորները։

Ի՞նչ էք կարծում, ի՛նչ բան է սա. հարցրեց ինձ՝ մօտս նստած տիկինը, իմ հետաքրքրութիւնը նկատելով։

Խնձո՛ր, ասացի ես։

Ապա փորձեցէք, ժպտաց նա։

Ես ձեռք տւի մէկին եւ անմիջապէս ետ քաշեցի ակամայ զզւանքով։ Կարմիր մաշկը ներս ընկաւ մատերիս տակ։ Դրանք՝ կճեպը հանած, պինդ խաշած ձուեր էին, cocotte-ի նման քսւած ու ներկւած, իսկ մէջը խրած կոթը բոլորովին խնձորի տեսք էր տալիս նրանց։

Բոլորը ծիծաղեցին, ու ոտքի ելանք։

Գէյշաները մեզ նոյն սիրալիր ժպիտով ճամփայ դրին, որով եւ ընդունել էին։

Դուրսը խոր գիշեր էր արդէն։

Ես նայեցի շուրջս. ամեն բան նոր էր թւում ինձ ու անծանօթ, կարծես բոլորովին մի նոր քաղաք էի ընկել։

Փողոցները դատարկ էին բոլորովին. ճամփան լուսաւորում էր իր դողդոջուն, աղօտ լոյսով մեր թղթէ մեծ լապտերը, որ կախւած էր կառքի առջեւից։ Ամենից շատ ինձ զարմանք էր պատճառում տների մելամաղձոտ ու սառն տեսքը։

Ցերեկը նրանք բոլորը բաց էին ու կենսալից. իսկ այժմ պատերը պինդ քաշած ու փակած, լուռ ու հանդարտ, առանց կեանքի մի նշոյլի. ո՛չ դուռ, ո՛չ պատուհան, նաւահանգստում իրար կողքին ու իրար վրա շարւած ապրանքների արկղների պէս։

Խխունջը մտել է իր պատեանը. լսւեց իմ ետեւի կառքից ընկերներիս մէկի մեղմ ձայնը, կարծես նա վախենում էր խանգարել շրջապատող լռութիւնը։

Ջինը վազում էր անընդհատ, լապտերը ճօճ էր գալիս իր միակերպ, տխուր լոյսովը։

Աչքերս յառել էի այդ լոյսին, որի մէջ հոլի պէս պտոյտ էր գալիս Դեկուսկէ-սանի կայտառ կերպարանքը, ծիծաղում էր, ծռմռւում, ժպտում ու փոփոխւում, այնպէս կենսուրախ, այնպէս անփոյթ ու մանկական անհոգութեամբ։

Ու չը գիտեմ՝ ինչո՞ւ, մի խոր տխրութիւն իջաւ վրաս։

Ի՞նչ է դառնալու բնութեան զւարթ աղջիկը մի քանի տարի յետոյ։ Գուցէ մի փայլուն գէյշա՝ հռչկաւի, ամբողջ Ճապոնում տարածւած։ Գուցէ մի կոմս կամ իշխան կին վերցնի նրան, քանի որ ճապոնացու համար նշանակութիւն չունի կնոջ անցեալը եւ բարձրաստիճան անձերի ամուսնութիւնը գէյշաների հետ այնչափ էլ հազւադէպ չէ։

Բայց բոլորին չի վիճակւում այդ «բաղդը»։

Որչա՜փ, որչա՜փ մեծ է այդ «մեծ մասի» թիւը, որոնք մի կերպ քաշ են տալիս իրանց ողորմելի կեանքը, երբ երիտասարդ տարիները թռել-փախել են, իրանց հետ տանելով եւ հրապոյրը, եւ զւարթութեան հմայքը։

Եւ Աստւած իմ, ի՞նչ մայր պիտի լինի, եւ կամ ի՞նչ պայմանների տակ ճնշւած, որ ինքն իր հարազատ դուստրը նետէ այս ճամփի վրա. որովհետեւ ծնողներն են ընդհանրապէս, որ բերում են իրանց աղջիկներին ու վարձու տալիս թէյարանում, եւ յաճախ պարզապէս ծախում։ Արդէն ճապոնական կեանքի ամենասեւ կէտերից մէկն է դա։

Նոր հոսանքի ազդեցութեան տակ կառավարութիւնն արգելեց այդ անբարոյական առուտուրը, բայց ճապոնացիք չը զիջեցին եւ հեշտութեամբ դուրս եկան օրէնքի տակից։

Փոխանակ պայմանագրով «ծախելու», տալիս են նրան իբրեւ գրաւ իրանց վերցրած գումարի փոխարէն, որ առհասարակ անվճար էլ մնում է։

Խե՜ղճ աղջիկներ։

Ու հայեացքս անթարթ մեխւել էր լապտերին, որի վրա նոյնպէս պար էր գալիս մի նկարւած աղջիկ իր երիտասարդութեան պարը. երեւի դա էլ մի գէյշա էր։

Նագասակիից մի քիչ վեր լեռների դալար լանջին պառկած է գերեզմանոցը, որի կողքին հսկում են տաճարները։

Մահկանացուների քաղաքին անմիջապէս յաջորդում է անմահների քաղաքը, եւ պէտք է ասեմ, որ այդ յաւիտենական հանգստի վայրերը քաղաքի լաւագոյն մասերն են կազմում, ամբողջովին կանաչի մէջ թաղւած։

Այդ տաճարներից ամենահետաքրքրականն է շինտօյեան աղանդի Օսովա կոչւած տաճարը։

Մի շատ երկար, ուղիղ ու լայն քարէ սանդուխ տանում է վեր. ճամփին տեղ-տեղ հարթակներ կան դադարի համար։ Ինչպէս ներքեւը, սանդուխի սկզբին, այնպէս էլ այդ հարթակներից ամեն մէկի վրա շինւած են քարէ կամար-դռներ, որոնք «տօրի» են կոչւում եւ ընդհանրապէս կազմում են սրբավայրի արտաքին մուտքը։

Սանդուխի բարձրից հրաշալի տեսարան է. հայեացքը տիրում է ամբողջ քաղաքին, որ դէպի սարն է սողում, եւ նեղ, կապոյտ գեղանկար ծովին, ուր թափւած են բանաստեղծական անկարգութեամբ կղզեակներն ու շոգենաւերը իրանց կայմերի անտառներով։

Վերջին հարթակի վրա բարձրանում է ինքը տաճարը, որ ոչ իր փարթամութեամբն է աչքի ընկնում, ոչ էլ իր մեծութեամբը։

Դա խիստ պարզ ու հասարակ փայտէ մի շէնք է, ինչպէս ընդհանրապէս բոլոր շինտօյեան տաճարները։ Նրա միակ զարդն է կազմում գեղեցիկ գոգաւոր տանիքը իր յատուկ ոլորուն կերտւածքով, որի վրա շատ աշխատած է լինելու ճարտարապետի երեւակայութիւնը։

Տաճարի մուտքի մօտ մի փոքրիկ զիլ զանգակի լեզւակից կախ է ընկած մի պարան, որը ամեն մի ճապոնացի գալիս-քաշում է, երբ իր աղօթքն է սկսում։


«ՏՕՐԻ» ՕՍՈՎԱՅԻ ՄՈՒՏՔԸ

Շինտօն Ճապոնի ազգային կրօնն է, որ գոյութիւն ունէր Ճապոնում բուդդհիզմի գալուց դեռ շատ ու շատ առաջ։

Բուդդհիզմը մտաւ Ճապոն Չինաստանից Կօրէայի միջոցով, ընդունեց շինտօյի շատ գծերը եւ մասամբ էլ խառնւեց նրա հետ։ Նոյնը եւ շինտօն, այնպէս որ հիմա շատ դժւար է որոշելը, ի՞նչն է իսկապէս պատկանում մի կրօնին եւ ի՛նչը միւսին։

Ճապոնացին անխտիր միեւնոյն յարգանքով մտնում ու աղօթում է թէ բուդդհիստի եւ թէ շինտօյի տաճարներում։

Նա ծնւելիս մտնում է մի շինտօ աստծու հովանաւորութեան տակ, բայց այդ նրան չի խանգարում, որ թաղւի բուդդհիստ ծէսերով։

Վերջերս միայն նկատւում է մի խոր հակում հին, պարզ ու զուտ շինտօյականը վերականգնելու, իբրեւ բուն ազգային կրօն։

Շինտօ կրօնի հիմքը բնութեան աստւածացումն է, այլ եւ նախնիքների ու հերոսների պաշտամունքը։ Շինտօն իր հետեւողների վրա շատ քիչ ծիսական պահանջներ է դնում։ Որոշ տօներին պէտք է այցելեն տաճարը եւ կատարեն հանգուցեալների յիշատակը, ուրիշ ոչինչ։

Սա մի վերին աստիճանի կենսուրախ կրօն է։

Այստեղ բացարձակապէս չկայ այն բոլորը, ինչ որ ահ ու դող է պատճառում ուրիշ ազգերին։

Նրա բոլոր էութիւնը մի ձգտում է դէպի երջանիկ կեանքի իրականացումը այս աշխարհիս վրա, երջանիկ, զւարթ եւ ախորժելի, թէ իր եւ թէ ուրիշների համար։ Իսկ այդ կեանքին նրա դաւանանքով կարելի է հասնել միմիայն մաքուր հոգով ու հանգիստ խղճով։

Շատ եւրոպական հետախոյզներ խիստ ցած են դասում շինտօ կրօնը, առարկելով թէ նա չունի կազմակերպւած ու զարգացած բարոյական օրէնքներ, աւելի բարձր աստիճանի կրօնների նման։

Այս կարծիքի դէմ ջերմօրէն բողոքում է Լաֆկադիօ Հիրն (Lafcadio Hearn), որ երկար ժամանակ Ճապոնում ապրելով կարողացել է խոր կերպով թափանցել ու ըմբռնել նրանց կեանքն ու հոգին։

Եւրոպացին փնտրում է շինտօյի էութիւնը ոչ այնտեղ, ուր պէտք է. նա դիմում է խիստ սակաւաթիւ կրօնական գրքերին, մինչդեռ շինտօն ուժեղ է հէնց նրանով, որ գրքի հետ գործ չունի, այլ ապրում է բուն իսկ ժողովրդի սրտում։


ՕՍՈՎԱՅԻ ՏԱՃԱՐԸ

«Շինտօ դա նշանակում է հաստատուն կամք, արիու­թիւն, պատիւ, սիրալիր վարք եւ մանաւանդ ազնւութիւն։ Այդ կրօնի ոգին է կազմում որդիական սէրը եւ սկզբունքի համար իր անձը զոհելու պատրաստականութիւնը։ Նրա ստեղծագործութիւնն է ճապոն կնոջ քնքոյշ սիրտը։ Դա մի տեսակ պահպանողական ոյժ է, որ ամեն կերպ արգելում է ժողովրդին իր անցեալի լաւ կողմերը բաց թողնել՝ օտար նորութիւններին յարելու համար։ Այդ կրօնը այնքան խոր է թափանցել ժողովրդի սիրտը, որ արդէն մի ժառանգական բարոյական դրդիչ է դարձել, մի ղեկավարող բնազդ»։ Glimpses of Unfamiliar Yapan Lafcadio Hearn »)։

Մեռածն ու ապրողը Ճապոնում սերտ կապւած են իրար հետ անտեսանելի խորհրդաւոր հանգոյցներով։

Նրանք հաւատում են, որ մեռնողի հոգին շարունակում է իր գոյութիւնը մեզ շրջապատող մի աներեւոյթ աշխարհի մէջ։

Այդ հոգիները սաւառնում են տաճարների վրա, իրանց նախկին բնակարանների շուրջը, ուրախանալով իւրայինների ուրախութեամբը եւ վշտակցելով նրանց վշտին։ Նրանք շարունակ խառնւում են ընտանիքի գործերին եւ մինչեւ անգամ ճնշում են գործ դնում մարդկանց արարքների վրա՝ այս կամ այն միտքը ներշնչելով նրանց։

Բայց դա երբեք չի ազատում ճապոնացուն իր վարմունքի պատասխանատւութիւնից. նա պէտք է ընդունակութիւն ունենայ կշռելու իր սրտում եղած վատ ու լաւ աստւածների ազդեցութիւնը։

Այնպէս որ մարդու խիղճն է գերագոյն չափը, նա է միակ անկաշառ դատաւորը եւ շիտակ անաչառ ուսուցիչը։

Նախնիքների պաշտամունքը սրբութեամբ կատարում է ամեն ճապոնացի, անխտիր թէ շինտօ, թէ բուդդհիստ։

Ամեն տուն ունի իր փոքրիկ ընտանեկան խորանը, ուր պահւում են փայտէ փոքրիկ տախտակներ, որոնց վրա գրւած է ընտանիքի հանգուցեալ անդամի անդրաշխարհիկ անունը։

Որոշեալ օրերին խորանի առջեւ կանթեղ են վառում, դնում են թէյ ու կերակուր այն համոզումով, որ հոգիները կարող են այդ բոլորը վայելել, միայն ի հարկէ՝ ո՛չ նիւթապէս, այլ միայն կերակուրների ոգին։

Մեռելների հոգսը քաշելը այն աստիճան խոր է նստած ճապոնացու մէջ, որ հնում հաւատարիմ ծառաները անձնա­սպան էին լինում, որպէս զի նոր մեռած տէրը ծառայութեան կարօտ չը մնայ միւս կեանքում։

Մեռելոցը մասնաւորապէս մի հանդիսաւոր տօն է եւ տեւում է երեք օր, յուլիսի ١٣-ից մինչեւ ١٥-ը։

Ընտանեկան խորանը գեղեցիկ կերպով զարդարում են ծաղիկներով, իսկ տան մուտքի մօտ արեւը մայր մտնելուն պէս վառում են մի լապտեր, որպէս զի հոգիների գալու ճամփան լուսաւոր լինի. լապտերների ամբողջ մի երկար շարք վառում են նաեւ ծովի ու գետերի ափին հոգիների գալը տօնելու համար։

Հոգիները պիտի գան ջրով, որովհետեւ ճապոնացու համոզումով ջուրը անմիջապէս հաղորդակցութիւն ունի հոգիների ստորերկրեայ աշխարհի հետ։

Գիշերը մեծ կենդանութիւն է տիրում գերեզմանոցում, ուր բոլոր շիրիմները ունեն իրանց ծաղիկն ու լապտերը։

Սգւորները նւէր են բերում, խունկ ծխում ու նւիրական իւղ են թափում ջուրը։

Ամենից հետաքրքրականը վերջին գիշերն է, հոգիների հրաժեշտի գիշերը։

Յարդէ մանրիկ նաւակների մէջ դնում են ուտելիք, վառում են մի ճրագ եւ գիշերը իջնելուն պէս ծով են գցում։ Այնպէս որ ծովի ամբողջ մակերեւոյթը ծածկւում է այդ հազարաւոր փոքրիկ լոյսերով, որոնց հեռու ու հեռու է քշում մեղմ քամին դէպի հոգիների աշխարհը։

Մի խոր միստիկ բան ունի այս տեսարանը։

Իջնող գիշերւայ խոր լռութիւնը, մութ երկնակամարի վառւող աստղերը եւ ծփուն ծովի վրա այդ շողշողուն ճրագների անընդհատ սայթաքելը դէպի խորհրդաւոր հեռուն՝ այս բոլորը միացած մի ջերմ ներդաշնակութիւն են կազմում եւ յուզում հոգին, կարծես հեռուից մեկնող հոգիները իրանց հրաժեշտի բարեւն են ուղարկում մեզ։

Բուդդհիստների հաւատով հոգիները ապրում են ստորերկրեայ աշխարհում, Սայ-Նօ-Կաւարա։

Մահից յետոյ ամեն մի հոգի ներկայանում է սրտատրոփ Էմմա-Օ, դժոխքի դատաւորին։ Նրա առջեւ կարդում են գործած մեղքերի երկար ցուցակը, մինչդեռ դէմը բռնած հայելիի մէջ նա տեսնում է իր բոլոր վատ արարքները։

Բուդդհիստի դժոխքն ու արքայութիւնը քիչ են տարբերւում քրիստոնէականից։ Նոյն տանջանքները ու նոյն երանութիւնը, միայն անշուշտ այս բոլորը ճապոնական շրջապատի մէջ։

Ոգիների խորհրդաւոր աշխարհում ամենից հետաքր­քրական է Ժիզօի կերպարանքը. երեխաների հովանաւորն է նա, որովհետեւ խեղճ փոքրիկ երեխաները նոյնպէս ընկնում են ստորերկրեայ աշխարհը։

Նրանք պարտաւոր են այնտեղ կառուցանելու մանր քարերից փոքրիկ աշտարակներ, բայց չար ոգիները շարունակ գալիս են, քանդում ու խեղճ երեխաներին հանգիստ չեն տալիս։

Իսկ Ժիզօն երկար ձողը ձեռքին օգնութեան է վազում, վերցնում է երեխաներին իր լայն թեւերի տակ ու հեռու է քշում չար ոգիներին։

Դրա համար էլ Ժիզօի արձանի մօտ ծնողները քարի կոյտեր են դիզում միշտ, աղաչելով, որ չը թողնի իրանց մեռած երեխային անօգնական։

Այս հաւատը խիստ որոշ ցոյց է տալիս մի աւելորդ անգամ ճապոնացու քնքոյշ սէրը դէպի փոքրիկները։ Նա մի հոգատար է որոնում իր երեխայի համար նոյն իսկ այն միւս աշխարհում, որտեղ իր խնամքը արդէն հասնել չի կարող։