Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՎ

Նագասակիից Կօբէ անցանք ճապոնական «Nigo-Maru» շոգենաւով, որ մշտական երթեւեկ ունի Կօբէի, Նագասակիի եւ չինական Նիու-Չանգ նաւահանգստի մէջ։

Նաւը փոքր էր, մաքուր ու կոկիկ։ Ճաշի սրահում առաստաղից կախւած էր ահագին պանկերը, այսինքն պաստառի մի լայն կտոր, որ անդադար հովհարելով զով էր տալիս սեղանակիցներին։

Այդ յարմարութիւնը դեռ չի մտած ռուսաց կամաւոր ֆլօտի շոգենաւերի մէջ, ուր ճամփորդները մինչեւ այժմ սաստիկ չարչարւում են տօթից, տրօպիկներն անցնելիս։

«Գրեթէ բոլոր նաւաստիներն ու նաւապետները բացառապէս ճապոնացի են։ Ճապոնը եւրոպական քաղաքակրթութեան նորութիւնները իւրացնելուց յետոյ ամեն կերպ աշխատում է իր ձեռնարկութիւններից հեռու պահէ եւրոպացիներին։

Ճապոնացիք նախ ձգտում են գործին տէր դառնալ, իրանք իրանց ոտին կանգնել, եւ յետոյ արդէն ճարպիկ եւ աննկատելի կերպով հետզհետէ իրանց եւրոպացի ուսուցիչներին փոխանակում են տեղացիներով։ Եւ սրանով էլ խուսափում են նրանք բազմաթիւ զեղծումներից, թէեւ ի հարկէ գրգռում են եւրոպացիների դժգոհութիւնը։

Մեր շոգենաւի հասարակութիւնը մեծ չէր, բայց երփներանգ էր. եւրոպական մի քանի ազգութիւններ ունէին այդտեղ իրանց ներկայացուցիչները, իսկ աւելի մեծ մասը ճապոնացի էր, պաշտօնեայ կամ զինւորական։

Վերջինների թւում մասնաւորապէս խիստ տիպիկ էր մի գնդապետ, որ ամբողջ օրերով փռւած էր մէջքին long-chaise-ի վրա, իր անշարժութեամբ կարող էր իր ազգի անվրդով աստւածների նախանձը շարժել։ Նա ոչ մի ցանկութիւն ցոյց չէր տալիս եւրոպացիների հետ խօսակցութեան բռնւելու եւ ընդհանրապէս վերաբերւում էր իր շուրջը կատարւածին բացարձակ ու միակերպ անտարբերութեամբ։

Սրա կատարեալ հակատիպն էր ներկայացնում մի երիտասարդ, կոմս Հիսամատսուն, որ պատկանում էր ճապոնական մի յայտնի ազնւական ընտանիքի։ Նա իր կրթութիւնը առել էր Ֆրանսիայում, ուր մինչեւ իսկ մի տարի ծառայած էր իբրեւ սպայ։ Այժմ զինւորական գլխաւոր հրամանատարի կցորդ էր նա։

Հագնւած էր Պարիզի վերջին մօդայով. աչքի էր ընկնում ընդհանրապէս նրա մասնաւոր պճնասիրութիւնն ու զւարճասիրութիւնը։ Ֆրանսիայով նա ուղղակի ոգեւորւած էր եւ անւանում էր իր երկրորդ հայրենիքը։

Ես սիրով ամբողջ կեանքումս Ֆրանսիայում կապրէի, ասում էր նա, եթէ պարտականութիւնս ինձ հայրենիք չը կանչէր։ Ժամանակ անցկացնելու համար չէր, որ ինձ արտասահման են ուղարկել։ Ինչ լաւ բան որ ես այնտեղ իւրացնել կարողացայ, պէտք է գործադրեմ այստեղ, հայրենիքումս։

Նա վերին աստիճանի նւիրւած էր իր հայրենիքին եւ մինչեւ անգամ միամտօրէն զարմանք էր արտայայտում, թէ մի՞թէ աշխարհում կարող են լինել մարդիկ, որ հայրենասէր չը լինեն։

Միայն հաւատն էր այն կէտը, որի մասին նա բնաւ խօսել չէր սիրում։ Երբ ասացի, թէ նրանց տաճարները ազդել էին վրաս, նրա դէմքից մի ինչ-որ կասկած ու հեգնութիւն անցաւ. լռեց մի վայրկեան ու յետոյ ասաց ժպտալով.

Գիտէք, մեր գրող Ֆուկուզավան ասում է. «կրօնները տարբերւում են իրարից այնքան, ինչքան թէյի տեսակները։ Միսիօնարներն են միայն, որ փոքրիկ խանութպանի նման՝ իրանց թէյն են գովում»։

Երրորդը ճապոնացի մի պաշտօնեայ էր, կրթութիւնը Ռուսաստանում առած։ Նա պատմում էր, թէ ինչ դժւարութիւնների էր յաղթել, մինչեւ յարմարւել էր ռուս կեանքի սովորութիւններին ու լեզւին։

–Դուք երեւակայել անգամ չէք կարող, ասում էր նա, թէ ինչպէս դժւար է մի ճապոնացու համար, երբ առաջին անգամ ոտ է դնում Եւրոպա։ Խորթ է ամեն ինչ. ոչ միայն օտար լեզուն, այլ եւ բարքն ու սովորութիւնները, որոնք հիմնովին օտար ու անհասկանալի են մեզ, քանի որ ձեր կեանքը ամենեւին նման չէ մերինին։ Մենք ստիպւած ենք մեր ամեն մի քայլը հաշւի առնելու եւ ուշի ուշով հետեւելու մեզ շրջապատողների վարմունքին, մի սխալ բան չանելու եւ ծիծաղ չը յարուցանելու համար։ Ես երբէք չեմ մոռանալ անյարմար դրութիւնս, երբ ռուս ծառան առաջին անգամ ներս բերեց սենեակս ցոլցլուն ու եռացող ինքնաեռը։ Ուղղակի չէի հասկանում, թէ դա ի՞նչացու է, եւ միեւնոյն ժամանակ վախենում էի տգիտութիւնս ծառայի առաջ ցոյց տալուց։

–Ի սկ ռուսերէն շո՞ւտ սովորեցիք, հետաքրքրւեցի ես։

Բաւական շուտ. ուսուցչիս տւած դասը հերիք չէր ի հարկէ։ Ես սովորում էի տանը, դուրսը, ամեն տեղ. որոշում էի սիւնեակներով բառեր, որ անդադար կրկնում էի Պետերբուրգի փողոցները շրջելիս։ Եւ կարծեմ բաւական օտարոտի տպաւորութիւն էի թողնում, որովհետեւ ինձ հանդիպողներից շատերը կանգնում ու ետ էին նայում։

Որքան մօտենում էի իմ ճապոնացի ուղեկիցներիս, այնքան համակրանքս աւելանում էր եւ այնքան էլ ինձ զար­մանք էր պատճառում մեզ հետ եղող միւս եւրոպացիների դէպի նրանց ցոյց տւած վերաբերմունքը։ Վերջինները մեծ մասով վաճառականներ էին, ներկայացուցիչներ արեւելքում յայտնի առեւտրական տների։

Ճապոնացիք հաճոյքով էին խօսակցում նրանց հետ եւ իրանց պատրաստականութիւնն էին ցոյց տալիս ամեն կերպ նրանց օգտակար լինելու, մինչդեռ եւրոպացիների վարմունքը աւելի քան տմարդի էր։ Ճապոնացիների ներկայութեամբ խօսում էին նրանց հետ, ծիծաղում ու կատակում. իսկ հէնց որ առանձին էին մնում, ծաղրում էին նրանց ու հայհոյում։ Դա այն աստիճան ինձ անախորժ էր, որ վերջապէս դիմեցի մի շիկահեր գերմանացու.

Ինչո՞ւ էք այդպէս վարւում նրանց հետ. մի՞թէ չէք սիրում ճապոնացիներին։

Նա ժպտաց։

Ինչո՞ւ չեմ սիրում։ Օ ոչ. սխալւում էք։ Ես շատ եմ սիրում ճապոնուհիներին։ Իսկ ճապոնացո՞ւն, էհ, այնպէս անախորժ է այդ ժողովուրդը։ Դուք դեռ նրան չէք ճանաչում։ Մի՛ գրաււէք նրանց սիրալիր ժպիտով։ Ա՜, այդ ժպիտի տակ ի՜նչեր է թագնւած։ Հազար անգամ գերադասում եմ չինացու հետ գործ ունենալ քան ճապոնացու։ Առաջինի հետ գոնէ գործը մի կերպ կը կարգադրես, իսկ ճապոնացին հոգիդ բերանդ կը բերէ եւ գործից էլ ոչինչ դուրս չի գայ։ Է՜, դուք չը գիտէք. նրա ժպիտը միայն դէմքի վրա է, իսկ սրտումը թշնամութիւն միայն ունի դէպի եւրոպացին։

Այս ասելով շուռ եկաւ ու հեռացաւ։

Գերմանացու պատասխանը մեծ զայրոյթ պատճառեց մօտս նստած մի պառաւ անգլուհու, որ երկար ապրել էր Ճապոնում, ինչպէս ինքն էր ասում։ Նա արհամարհոտ մի հայեացք գցեց գերմանացու երեսին. բայց միայն ուսերը թափ տւաւ եւ ոչինչ չը պատասխանեց։

Սրանց նմաններին ի՞նչու համար պիտի սիրի ճապոնացին, բացականչեց նա՝ չարացած ինձ դառնալով։ Մի՞թէ կարելի է աւելի անկեղծ վերաբերմունք ցոյց տալ եւրոպացուն, երբ տեսնում ես, որ նա միայն խլել ու տիրել է ցանկանում. եւ ճապոնացին շատ լաւ է հասկացել եւ հիանալի պաշտպանւում է, իսկ այս պարոններն էլ ի հարկէ չարանում են։ Ա՜խ, որքան կը կամենային իրանց թաթը դնել այս կապոյտ ծովի վրա էլ, դնել իրանց թաթը այս ջօնկերի ու այս խաղաղ ձկնորսների վրա։

Եւ նա վրդովմունքից աչքերը փակեց մի վայրկեան։ Յետոյ բացաւ ու շարունակեց աւելի ջերմ.

Հաւատացէք, օրիորդ, ճապոնացիք հրաշալի ժողովուրդ են. երբ նրանք զգում են ձեր վերաբերմունքի անշահասէր ու անկեղծ լինելը, նրանցից աւելի սիրալիր ու սրտակից մարդ չէք կարող գտնել աշխարհումս։

Նագասակիից մինչեւ Կօբէ միայն մի կայան կայ, Սիմօ­նօսէկի, որ յայտնի է պատմութեանը 1895-ի Չին-Ճապոնական դաշինքովը։

Քաղաքը զետեղւած է նույնանուն նեղուցի վրա, որ բաժանում է Նիպպոնի կղզին Կիու-Սիուից, Ճապոնի ծովը կապում է գեղանկար Միջերկրական ծովի հետ։

Սիմօնօսէկիում շոգենաւը մի երկու ժամ է կանգնում միայն ուղեւորներ առնելու։


ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ

Ճապոնի Միջերկրական ծովը իրաւամբ կարելի է անւանել աշխարհիս ամենագեղեցիկ վայրերից մէկը։ Արդէն իր անունը ցոյց է տալիս, որ ամեն կողմից շրջապատւած է ցամաքով, միայն մի քանի նեղ նեղուցներով միանալով բաց ծովի հետ։

Նա զետեղւած է երեք մեծ կղզիների մէջ, որոնք են՝ Նիպպոն, Կիու-Սիու եւ Սիկոկհ. ի Ինքն էլ ծածկւած հազարաւոր աւելի մանր կղզեակներով։ Ծովի ամենամեծ լայնքը հազիւ է հասնում ٤٠ անգլիական մղոնի՝ Բունգո նեղուցի դիմաց, իսկ միւս մասերում ընդհանրապէս 8 մղոնից աւելի չէ։

Տեղ-տեղ անցքը այնքան նեղ է, որ իրար հանդիպող շոգենաւերը հազիւ են անցնում։ Նաւը շարունակ լողում է կղզիների մի ամբողջ ցանցի միջով, մերթ մանրիկ, մերթ քիչ աւելի մեծ կղզիների, երբեմն հարուստ բուսականութեան մէջ թաղւած, երբեմն նկարչական մերկ ժայռերով ծածկւած. բայց միշտ էլ քմահաճ ու կենսուրախ, միշտ տաճարներով պսակւած եւ ձկնորսների ցրիւ խրճիթները ափին։

Բացառիկ կերպով թափանցիկ օդը տալիս է տեսարանի եզրագծերին մասնաւորապէս պարզ ու փափուկ մի շեշտ։

Մշտական անդորրութիւնն ու հանգիստը թագաւորում են այ ծովի վրա։ Տեղի չունեն այնտեղ փոթորիկն ու մրրիկը։ Ջրերի կապոյտ մակերեսին ուրախ ու անփոյթ սլանում են սպիտակ ջօնկերը։

Սրանք երբեմն այնքան մեծ բազմութեամբ են հաւաքւում գիշերները ձկան որսի, որ նրանց ճրագները լոյսի մի անընդհատ երիզ են կազմում մեր ճամփի երկու կողմից. կարծես մի հսկայական լուսավառութիւն լինի՝ մեր շոգենաւի մուտքը տօնելու համար։

Միջերկրական ծովի հետ կապւած են անթիւ առասպելներ, որոնք բոլորն էլ պատկանում են ճապոնական դիցաբանութեան նախնական շրջանին։ Աւանդութիւնը բանաստեղծօրէն պատմում է, թէ ինչպէս Իզանագի ու Իզանամի աստւածները, երկնքի շարժական կամուրջի վրա կանգնած, ցած են խրում ջրի մէջ իրանց ադամանդի նիզակը ու խառնում, մինչեւ որ հեղուկը պնդանում է նիզակի ծայրին։ Նիզակը քաշում են ետ, իսկ նրա ծայրից կաթող պնդացած հեղուկից գոյանում են կղզիները։ Դրանցից մէկն է ահա գեղեցիկ Ավաջի կղզին, ուր եւ առաջին անգամ ոտք են դնում Ճապոնի արարիչ այդ երկու աստւածները։


ՋՕՆԿԵՐ

Երկու օրից յետոյ հասանք Կօբէ։

Դա մի բոլորովին եւրոպական քաղաք է ճապոնական Հիօգօին կից։

Մենք այստեղ մնալու չէինք, եւ անմիջապէս անցանք կայարան, ուր առաջին մեզ հանդիպող մարդը մի ոստիկան եղաւ՝ ամբողջապէս սպիտակ հագած, որ իսկոյն պահանջեց մեր ճապոնական անցագրերը։ Այդ անցագիրը անհրաժեշտ է ամեն եւրոպացու, որ կամենում է ներքին գաւառները ոտք դնել։ Տոմսակ գնելիս՝ նոյնպէս հարցրին այդ անցագիրը։

Դեռ բաւական ժամանակ կար մեր գնացքին։ Ուզեցի ելնել հարթակը, չը թողին։ Ստիպւած էի բաւականանալու կայարանի պատուհանով։ Գնացքները անընդհատ գնում էին ու գալիս։ Շարժումը մեծ էր։ Ճապոնացին ճամփորդութիւն սիրում է։ Վագօնները լի էին բերնէ բերան։

Երբ հերթը վերջապէս մեզ հասաւ, սրահի դռները լայն բաց արին ու մենք խուռն բազմութեամբ դուրս թափւեցինք հարթակը. մեր առաջը փակած էր վանդակով. ուղեւորների համար մի նեղ անցք կար միայն, ուր կանգնած էր կօնդուկտօրը եւ ստուգում էր տոմսակները։

Ամենքը խռնւում են դէպի այդ մուտքը, հրում, սեղմում, մինչեւ որ վերջապէս դուրս են գալիս վագօնների առաջ եղած ազատ տեղը, բոլորովին ուժասպառ ու ժմըռտւած։

Ուղին նեղ գիծ է, վագօնները փոքր, նստարանները պատի տակ։

Գնացքը կայարանից դուրս սողաց թէ չէ, մեր առաջ բացւեց ծովը իր բոլոր գեղեցկութեամբ եւ հեռուն կանգնած շոգենաւերով։

Հետզհետէ այդ կապոյտ շերտը սկսեց նեղանալ, հեռանալ, մինչեւ որ իսպառ կորաւ աչքից։ Առջեւս փռւած էր այժմ լայն դաշտը, ամբողջապէս ծածկւած բրնձի կանաչ տունկով։ Արդէն ծանօթ տեսարան։ Նոյն ջրով ծածկւած մարգերը, նոյն բանւորները մինչեւ ծունկը ջրի մէջ աշխատելիս։ Չկային միայն առուները իրանց կարկաչով, որ այնքան կենդանութիւն էին տալիս տեսարանին։ Տեղը բոլորովին հարթ էր եւ ջուրը քաշում էին հորից մի ահագին անիւով, որ դրսից աստիճաններ ունէր, որոնց վրա շարունակ քայլեր էր փոխում մի բանւոր, կարծես բարձրանալու համար, եւ այդ Սիզիֆեան աշխատանքով շարժեցնում էր անիւը։


ԲՐՆՁԻ ԴԱՇՏ

Յանկարծ այս բոլորին փոխանակեց մի երկար ցանկապատ, ծածկւած ահագին յայտարարութիւններով, ուր վիթխարի հասակով մի ջենտլմէն իր գարեջուրն էր առաջարկում՝ Օսակա beer։ Ահա եւ ինքը գործարանը, որ ծխի մի սեւ ամպ էր տարածում երկաթուղու հէնց գծի կից։

Օսական գործարանական մի մեծ քաղաք է եւ Ճապոնի արդիւնագործական ամենայայտնի կենտրոններից մէկը։ Դրան վկայ՝ քաղաքի գլխին ցցւած անհամար ծխնելոյզների բազմութիւնը։

Կայարաններում բուֆետ չկայ. գնացքներն էլ զուրկ են ճաշարան-վագօնից, այնպէս որ պէտք է քաղցած մնայինք, եթէ նախապէս հետներս ուտելիք վերցրած չը լինէինք, հետեւելով բարի մարդկանց խորհուրդին։

Ճապոնացիք իրանց ուտելիքը գնում են կայարանի հարթակի վրա ձեռքի ծախողներից, մեծ մասով եփած բրինձ կամ ձուկ, որ դրած է լինում փայտէ բարակ շերտերից շինած փոքրիկ ու սիրուն տփերի մէջ, հետն էլ երկու նուրբ փայտիկ՝ բրինձ ուտելու համար։

Հարթակի վրա կարելի է գնել նաեւ թէյ, որ ծախում են ամանն էլ հետը։ Վաճառողը մի ձեռքում բռնած ունի ահագին լիքը թէյի ամանը, իսկ միւս ձեռքում տախտակի վրա շարած մանրիկ սիրուն թէյամանները, որոնց մէջ, ծախելիս, ածում է թէյը, ծածկում սիրուն գաւաթիկով ու հրամցնում է ձեզ։ Այդ բոլոր պատմութիւնը արժէ ٣ կոպէկ, ամանները հետը հաշւած։ Յաջորդ կայարանում դուք կարող էք ձեր դատարկ թէյամանը փոխանակել մի լեցունի հետ, ١ կոպէկ վերադիր վճարով։

Թէյից ոչ պակաս վաճառւում է սառուցը։ Ճապոնացիք առնում են ու դնում իրանց բաժակի ջրի մէջ եւ ջուրը խմելուց յետոյ այնպէս ախորժակով կրծում են սառուցը պակսիմատի պէս, որ մարդ ակամայ նախանձում է նրանց ատամներին։

Այդ ձեռքին ծախողները բազմաթիւ են, վազ են տալիս հարթակի երկայնքով, մէկը միւսից առաջը կտրելով, գլուխները ներս են կոխում վագօնի պատուհանից, կանչելով իրանց հնչուն ձայնով։ Մէկը պոռում է. «ի կորի՛-կորի՛» (սառուց). նրա ետեւից լրագիր ծախողը « շեմնա՛յ, շեմնա՛յ»։ «Չա, չա» ( թէյ), աղաղակում է երրորդը։ Եւ բոլորը վազում են իրար անցած, արագ ու աղմկելով։ Բայց այդտեղ էլ դուրս է ցայտում նրանց դէպի ներդաշնակութիւնն ու գեղեցկութիւնն ունեցած հակումը։ Իրար չեն ընդհատում երբէք, չեն պոռում բոլորը միասին, այլ կանչում են իրար ետեւից, այնպէս որ ինքնօրինակ մի եղանակ է ստացւում, որ ոչ-բոլորովին զուրկ է գրաւչութիւնից։

Վագօնում իսկոյն որոշւում են եւրոպացիք, որոնք յայտնի են իրանց դէպի կինն ունեցած թեթեւ ու անզուսպ վերաբերմունքով, մանաւանդ այստեղ, մտածելով, որ եւրոպացուն ամեն ինչ թույլատրելի է Արեւելքում։ Յաճախ նրանք ներս են խուժում վագօն կիսահարբած, խօսում են բարձր ու հրհռում, ու մարդ ակամայ իր փեշերը հաւաքելով կրթւած եւրոպացու կողքից կուչ է գալիս դէպի անկիրթ ասիացին, որ հանգիստ ու զգաստ նստած է իր տեղը, ո՛չ հայեացքով, ոչ էլ խօսքով որեւէ մէկին նեղացնելով։