Մի պտոյտ Ճապոնում

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԷՊԻ ՏՈՒՆ

Տօկիօից անցանք գեղանկար Նիկկօ, որ յայտնի է իր դամբարան-տաճարներով, որոնք կառուցւած են Ճապոնի սիրած ու մեծարած հերոս Իէասի յիշատակին։

Այդտեղից Նագասակի արդէն ստիպւած էինք խիստ շտապել, որպէս զի Վլադիվօստօկ մեկնող կամաւոր նաւա­տորմղի շոգենաւին հասնել կարողանանք։ Եւ հազիւ հասանք։

Մեկնող շոգենաւի տախտակամածի վրա դարձեալ եռում էր նոյն առեւտուրը։ Եւ ես դժւարութեամբ անցայ յատակին փռած բազմատեսակ ապրանքների միջով, մինչեւ հասայ նաւի ծայրը, ու մի վերջին հայեացք ձգեցի քաղաքին ու կապոյտ ծոցին, որոնք մայր մտնող արեւի ճառագայթների տակ մի առանձին ոսկեզօծ փայլ էին ստացել։

Լսւեց շոգենաւի սոյլը։ Վաճառականները մի ակնթարթում հաւաքեցին իրանց իրերը, կապեցին. ու, խոր-խոր գլուխ տալով, արագ անհետացան նաւի սանդուխից։

Խարիսխն ահա քաշւած է արդէն, ու մենք շարժւեցինք առաջ։

Կամաց անցնում, ետ - ետ են գնում ու կորչում աչքերիցս ցած ու հարթ ծովեզրն ու քարափը իր փայտէ տներով, ջօնկերն ու նաւակները իրանց բեռներով, ու վերջն էլ զմրուխտի կղզեակները իրար ետեւից լողում են, անցնում ու քիչ-քիչ թաղւում կապոյտ ու մթնող հեռաւորութեան մէջ։

–Սայնարա՛ (մնաս բարով), Ճապոն, ասում եմ ես ակամայ, եւ զգում եմ, որ տխուր եմ։

Մեքենան արագացրեց իր կանոնաւոր դղրդիւնը։ Զով քամին դէմ վազեց մեզ, բաց ծովն էր մեր առաջ իր լայն ալիքներով, որոնց վրա խտացող գիշերը վառում էր իր անթիւ անհամար մանրիկ ճրագները։


ՖՈՒՋԻ ԵԱՄԱ ԵՒ ԼԻՃ ՀԱԿՈՆ

Աչքերս յառած՝ նայում էի մութին, ու իմ երեւակայութեանս մէջ «ծագող արեւի» կղզիներն էին դեռ միշտ եւ նրանց բնակիչների փոքրիկ շնորհալի կերպարանքները, որոնք ինձ իրանց գրաւիչ ժպիտն էին ուղարկում եւ մի առանձին հմայքի տակ էին պահում հոգիս։ Եւ ինչքան խորասուզւում էի իմ յիշողութիւններիս մէջ, այնքան աւելի առեղծւածային ու անբացատրելի էր թւում ինձ այդ ժողովրդի հոգին։ Ի՜նչ հմայքով նա հասել է իր այդ զարմանալի հոգեկան պարզութեանն ու իր այդ անվրդով փիլիսոփայութեանը, որ մտել թափանցել է մինչեւ ժողովրդի հոգու խորքը։ Եւ ի՜նչ հրաշքով նրա փափուկ, քնքուշ ու կանացի սիրտը ձուլւել է այդ վսեմ արիութեան ու դիմացկունութեան հետ, որ ոչ մի անջրպետի առաջ կանգ առնել չը գիտէ, չի սիրում կէս ճանապարհները ու գնում է առաջ արագ եւ վստահ, ճակատագրական անողոքութեամբ։

Քամին բուռն ոյժով խփեց դէմքիս, ու ես սթափւեցի։ Խոր մութն էր արդէն ծովի վրա։

Շուռ եկայ ու ուղղւեցի դէպի խցիկս։

Սայնարա՛, Ճապոն։