Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի Աղցմիքը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Բ.

Պօլիսը Խորէնի ծննդավայրն էր. այնտեղ էին. ապրում նոր ընտանիքը, ազգականները, այնտեղ էր ապրում եւ նորա սիրելի Վարդուհի քույրը, որ ամուսնացած էր Պետրոս բէյ Մարկոսեանի հետ։ Բնական էր, ուրեմն, այն սէրը, որ նա տածում էր դէպի Բոսֆորի գեղածիծաղ ափունքը, բնական էր, որ նա ամեն մի յարմար միջոցում այցելում էր իւր այդ երկրորդ հայրենիքը, երկար միջոցներով ապրում էր այնտեղ եւ առանց հարկեցուցիչ պատճառի չէր ուզում բաժանուել նորանից, բնական էր, որ նա իւր բանաստեղծութիւնների մէջ իրան «Հէգ պանդուխտ» եւ իւր քնարը «Պանդխտի քնար» էր կոչում, բնական էր, վերջապես, որ նա 64 թուին թողնելով կամ ստիպուած լինելով թողնել Թէոդոսիան, մեկնում է Պօլիս եւ այնտեղ է հաստատում իւր մշտական բնակութեան տեղը, մտնելով Տաճկահայոց կուսակրօն հոգեւորականութեան շարքն, ազգային պատրիարքարանի իրաւասութեան ներքոյ։

Թող տարօրինակ չթուի այն հանգամանքը, որ մենք այստեղ խոսում ենք մի հայ վարդապետի, մի որ եւ իցէ տեղ մշտական բնակութիւն հաստատելու մասին, մի հայ վարդապետի, որ բնականապէս մշտական բնակութեան տեղ էլ չպէտք է ունենալ, որ իւր բնակութեան տեղ պետք է համարէ ամեն մի տեղ, որտեղ միայն հայ եկեղեցի, հայ ժողովուրդ եւ հայ վանք կայ։ Բայց Տաճկահայոց կեանքի պատմական հանգամանքներն այնպես են կազմակերպուել, այնպես են յարմարուել, որ հոգեւոր կենդրոնական վարչութեան տեղը դարձել է բուն հայրենիքից հեռու մի քաղաք, եւ, որ գլխաւորն է, հայ վարդապետների ու եպիսկոպոսների մէջ առաջ է եկել մայրաքաղաքում, թէ գաւառներում պաշտօն վարելու ցաւալի խնդիրը: Մի տեղ գաւառներում խառնիճաղանճ տգէտ ամբոխ, բազմաթիւ ազգային կնճռոտ խնդիրներ, տգէտ, անսանձ, վայրենի հակումներով դեկավարուող տէրութենական պաշտօնեաների հետ յարաբերութիւն, նիւթական անապահով դրութիւն, անշուք, լի նեղութեամբ եւ տանջանքով՝ կեանք եւ մի տեսակ անձնազոհութիւն, միւս տեղ Պօլսում համեմատաբար աւելի քաղաքակրթուած ժողովուրդ, մայրաքաղաքներին յատուկ հարմարութիւններ, շքեղ, փայլուն եւ նիւթականապէս աւելի ապահովուած կեանք, առանց տանջանքի, առանց նեղութեան եւ, իհարկէ, առանց անձնազոհութեան։

Պօլսում ապրելը հայ վարդապետների ու եպիսկոպոսների համար, բացի վերոյիշեալ յարմարութիւններից, ունի եւ մի մեծ առաւելութիւն. նոցա գործունէութիւնն ու պաշտօնավարութիւնն այդտեղ միշտ հրապարակի վերայ է, միշտ լրագրութեան քննադատութեան եւ գովաբանութեան նիւթ է լինում, հռչակւում, միշտ ազգային վարչութեան, պատրիարքարանի եւ ժողովրդի ազդեցիկ մասի աչքի առաջն է, ուրեմն, եւ աւելի շանս կայ այդտեղ առաջադիմելու, գնահատուելու եւ հետզհետէ եկեղեցական նուիրական ամենաբարձր աստիճաններին՝ եպիսկոպոսութեան, արքեպիսկոպոսութեան, պատրիարքութեան եւ մինչեւ իսկ կաթողիկոսութեան հասնելու, ազգային եկեղեցական վարչութեան մէջ էր մեծամեծ պաշտօնների՝ կրօնական ժողովի անդամութեան, պատրիարքի փոխանորդութեան, Թաղական եկեղեցիների քարոզչութեան, զանազան կրօնական-ազգային հաստատութիւնների նախագահութեան եւ միւս բարձր պաշտոններին տիրանալու։ Այն ինչ գաւառներում նոցա գործունէութիւնը չի նկատուում եւ յաճախ նոցա առաւելութիւնները ծածկում են, իսկ պակասութիւնները չափազանցրած ծաւալով ու ձեւով նոցա հակառակորդների ձեռքով գրուած ամբաստանագրերի միջոցով հասնում, լցնում են պատրիարքարանի դիւանը, չենք ասում արդէն այն, որ շատ անգամ արժանաւոր հոգեւորականները հէնց նոյն տէրութեան ձեռքով հեռացուում են գաւառներից եւ պատժի ենթարկում, որով եւ արգելք է դրուում, նոgա յառաջադիմելու առաջն առնում։

Մենք հեռու ենք այն մտքից, որ կարծենք, թէ գաւառներից խուսափող եւ Պօլսում պաշտօնավարող մեր կուսակրօնները միայն իւրեանց անձնական շահի վերայ են մտածում, թէ նոքա միայն կարիեր անելու, նպատակով ու մտքով են հոգեւորական դարձել, ոչ նոցա մէջ էլ եղել են եւ կան շատերը, որոնք սրտացաւ են եղել եւ են ընդհանուր շահերին, որոնք մեծամեծ ծառայութիւններ են մատուցել եւ մատուցանում եկեղեցուն եւ ազգին, բայց չենք կարող այստեղ մատնացոյց չանել այն մեծ տարբերութեան վերայ, որ կայ դոցա եւ գաւառներում պաշտօն վարողների մէջ նոյն եկեղեցուն ու ազգին ծառայութիւն անելու տեսակէտից։ Այնտեղ այն հեռաւոր անկիւններում փոխանորդն ու առաջնորդը, վանահայրն ու գործակալը նոյն վիճակին են ենթարկուած, որին եւ ժողովուրդը. նոքա ամեն բանում իւրեանց ժողովրդի հետ են, նոցա վշտերին վշտակից են, նոցա ուրախութիւններին ուրախակից, չենք ասում արդէն այն, որ նոքա իբրեւ ժողովրդի առաջնորդ ու ներկայացուցիչ եւ ազգային գործերի կառավարիչ յաճախ նոյն իսկ աւելի են տանջուում, չարչարուում, քան թէ նոյն իսկ ժողովուրդը, մի յանգամանք, որ մայրաքաղաքում չկայ եւ չի էլ կարող լինել։

Պօլսում բաւական է, որ հոգեւորականն իւր սանին յատուկ բարոյականն ունենալ, չափաւոր ընդունակութեան տէր լինի, չափաւոր գիտութիւն ձեռք բերած լինի եւ մի յայտնի աստիճանի եռանդ ու ձգտումն ցոյց տալ գործելու, հասարակաց շատերին ծառայելու, եւ ահա՛ համբաւը պատրաստ է, հռչակը շատ անգամ մինչեւ իսկ չափազանցրած ձեւով ընդհանրացել է եւ, ուրեմն, կարիերն արուած է եւ հոգեւորականն առաջացած ու առաջանալու շաւղի վերայ է: Մի ընդհանուր ճշմարտութիւն է, որ տատասկոտ դաշտում, առապարներում ու խորտ ու բորտ տեղերում առ աջ գնալն աւելի դժուար է, քան թէ ծաղկաւէտ մարգերում, լիութեան ու առատութեան մէջ: Հասկանալի է, ուրեմն, որ այսպիսի հանգամանքներում մեր տաճկահայ կուսակրօն հոգեւորականութիւնը հետզհետէ պիտի հաւաքուէր պատրիարքարանի չորս կողմը, կենդրոնանար Պօլսում եւ սակաւ լինէր նոցա թիւը, որոնք ցանկանային գաւառներն երթալու եկեղեցական-վարչական պաշտօն վարելու: Ամեր ժամանակ, ամեն տեղ եւ ամեն ազգի ու հասարակութեան մէջ անձնուէր ու անշահասեր մարդկանց թիւը շատ սահմանափակ է եղել։ Հայ ազգն էլ իւր հոգեւորականութեամբ այդ ընդհանուր կանոնից բացառու թիւն չի կազմել:

Խորէն հայր սուրբն իւր խառնուածքի ու բնաւորութեան յատկութեամբ, ըստ ամենայնի, պատկանում էր Պօլսաբնակ հոգեւորականների շարքին, ուստի հէնց՝ սկզբից, Թէոդոսիայից գալուն պէս, նա անցնում է նոցա կարգ, որոշելով ընդ միշտ մնալ Պօլսում։ Հոգու մեղք է ասել, թէ նա ազգասէր չէր. չէր սիրում իւր ազգային եկեղեցին եւ փախչում էր հայութեան համար աշխատելու գործից, ոչ. նա ջերմ կերպով սիրում էր իւր հայրենիքը, իւր եկեղեցին, իւր լեզուն ու գրականութիւնը, բայց նորա այդ սէրը մի բոլորովին վերացական, պլատոնական բան էր. նա ոչ մի շօշափելի բանով չէր արտայայտում իւր այդ սէրը, նա բուն գործը, աշխատանքը թողնում էր, կամ, լաւ է ասել, ուզում էր, որ ուրիշներն անեն, իսկ ինքը միայն սիրում էր երգել, դրուատել, արտասուք թափել, սրտառուչ դամբանականներ խօսել, ազգային հանդէսների մասնակցել, գեղեցիկ, ոգեւորիչ քարոզներ խօսել, եւ այլն եւ այլն։ Այս պատճառով էլ ահա նորա գրուածները մեծ մասով վերացական են, մեծ մասով սրտի, զգացմունքի զեղմունքով այն աստիճան յորդուած բաներ են, որ կարծես, ինքը հեղինակն էլ խեղդւում է իւր այդ զեղմունքի մէջ։ Բայց ափսոս, այդ բոլորը խօսքեր են, ճիշտ է, գեղեցիկ, սիրուն խօսքեր, բայց ապարդիւն, աննպատակ եւ միայն դատարկ խօսքեր: Այդ նորա մանկութեան թեթեւ ու անտարբեր դաստիարակութեան եւ վանական կաթոլիկ կրթութեան հետեւանքն էր։ Այդպէս են եղել Մխիթարեաններից շատ շատերը. նոքա իւրեանց ամբողջ կեանքում հայրենիքի անունով են երդուել, հայրենիքի հողն ու ջուրն երգել ու գովաբանել, բայց իւրեանց մտքով էլ չեն անցկացրել մէկ օր իւրեանց ասածները, գրածները եւ քարոզածները գործով էլ արդիւնաւորել: Այդ պէս են եղել Ջախջախեանները, Բագրատունիները, Հիւրմիւզեանները, Այտընեանները եւ, ցաւ է ասել, մինչեւ իսկ Հայոց նահապետ պատկառելի Ալիշանը, որ իւր երկար կեանքի ընթացքում մեկ անգամ էլ չկարողացաւ այցելել, տեսնել իւր այնքան սիրած հայրենիքը եւ մօտից շօշափել նորա վէրքերը՝ Մկրտիչ Պէշիկթաշլեանի սէրն էլ դէպի հայրենիքը բոլորովին վերացական էր, չէ որ նա էլ Մխիթարեանց աշակերտներից էր. Սրբուհի Տիւսաբն էլ այդ շարքին էր պատկանում, վերջապէս, այդ մի մեծ դպրոց էր, որի գլուխ կանգնած էին Մխիթարեանք, իսկ միւսները նոցա մերձաւոր աշակերտները եւ հեռաւոր հետեւողներն էին։

Ճիշտ է, այդ դպրոցը տուել է մեր գրականութեան բազմաթիւ քանքարաոր եւ հայրենասէր հեղինակներ, բայց նոքա բոլորեքեան էլ իւրեանց գրուածներում վերացական հայրենասէրներ են եղել, գործնական կեանքից խուսափող, ախ ու վախով, վիշտ ու հառաչանքով բաւականացող։ Մեզ կարող են ասել, թ է ամեն տեղ, ամեն ազգի ու հասարակութեան մէջ էլ եղել է մի այնպիսի ժամանակամիջոց, երբ խօսելու, ոգեւորելու կարեւորութիւն է եղել միայն, իսկ գործելու համար հողը տակաւին պատրաստ չի եղել. Մխիթարեանց դպրոցը մեր կեանքում նախապատրաստողի դեր է կատարել: Այո, այդ այդպէս է եւ լաւ է, եթէ միայն նոցա խօսքերին հետեւէր եւ գործն ու քարոզածը գործնականապէս արդիւնաւորելու հանգամանքը. բայց դժբաղդաբար երբ խօսելու միջոցն անցել է, երբ հասել է գործելու ժամանակը, նոքա մնացել են դարձեալ նոյն ախ ու վախ քաշողը։ Շատ մօտ անցեալում, երբ մեզ համար մահուան եւ կեանքի խնդիր էր վճռուում, երբ շատերը նոյն իսկ Մխիթարեանց հեռաւոր հետեւողներից թողին իւրեանց հառաչանքները եւ նետուեցին կեանքի գործունէութեան ասպարեզը, Մխիթարեանք իւրեանց մերձաւոր աշակերտներով մնացին եւ մնում են լոկ հանդիսատես եւ շարունակում են իւրեանց «երեմիականները» [1] ։ Արդարութիւնը պահանջում է ասել, որ Խորէնն իւր կեանքի վերջին տարիներում շատ էր փոխուել: Ռուս-Տաճկական պատերազմը եւ դորա ազդեցութեան ներքոյ Տաճկահայոց մէջ առաջ եկած շարժումները, ձգտումները եւ ազգային հոսանքը նորան եւս ոգեւորեցին, նորան եւս տարան։ Ամենքին յայտնի է, թէ նա ի՞նչ մեծ դեր խաղաց վերոյիշեալ պատերազմի վերջանալու եւ Բերլինի վեհաժողովի ժամանակները, թէ գործելով, թէ քարոզելով եւ թէ գրելով։ Եւ զարմանալին այն է, որ այդպիսի կենդանի գործունէութեան ազդեցութեան ներքոյ նորա խօսքերն էլ, գրածներն էլ արդէն ուրիշ բնաւորութիւն, ուրիշ գործ էին կրում, ուրիշ համ ու հոտ ունէին։ Բայց դժբաղդաբար արդէն ուշ էր. նա մարդ էր կազմակերպուել էր, ամրացել էր յիշեալ ուղղութեան մէջ եւ կարճ ժամանակամիջոցում դժուար էր նորան իսպառ փոխուել, նամանաւանդ որ կարճատեւ ոգեւորութեան ժամանակներին էլ յաջորդեց մեր կեանքում հիասթափումն եւ մի տեսակ ապատիա։

Խորէն վարդապետը յամառութեամբ մերժում էր այն գաւառների խնդիրքը, որոնք ընտրում եւ կամ կամենում էին նորան իրանց առաջնորդ տեսնել։ Նորան ընտրում եւ հրաւիրում է առաջնորդ Իզմիրը, բայց նա նոցա ընդրութիւնը չի ընդունում եւ եկած հրաւիրակներին քաղաքավարութեամբ ճանապարհ է դնում, նա մերժում է Տիգրանակերտցւոց, նոյն նպատակով նորան արած առաջարկութիւնը, իսկ Ռօդոստացւոց, որոնք հետեւելով Իզմիրցւոց եւ Տիգրանակերտցւոց օրինակին, նոյնպէս կամենում են նորան իրանց առաջնորդ ունենալ, այնպիսի պայմաններ է առաջարկում, որ համահաւասար է լինում մերժման, Խորէնին ձեռք չէր տալ թողնել Պօլիսը եւ գաւառներն երթալ, որովհետեւ նա միտք էր դրել կարիեր անելու, հասնելու այն մեծամեծ պաշտօններին եւ հոգեւորական նուիրական աստիճաններին, որ միայն կարող էր տալ նորան Հայոց եկեղեցին, իսկ այդ նպատակին կարելի էր միայն հասնել, մնալով մայրաքաղաքում եւ ամենքի աչքի առաջ գործելով: Դորա համար չէր պակասում նորան ոչ ջանք ու աշխատանք եւ ոչ գիտութիւն։ Նա դորա համար, կարծես, բոլոր պահանջուած յարմարութիւններն ունէր. նա ե՛ւ պերճախօս քարոզիչ էր, ե՛ւ օտար լեզուներ գիտէր, եւ կրօնական ու արտաքին գիտութիւններին հմուտ էր, եւ բարձր հոգեւոր պաշտօններին յատուկ դիւանագիտական նրբութիւնները գիտէր եւ, վերջապես, ամեն մի վարչական անձի համար հարկաւոր քաղաքավարական կանոներին ծանօթ ու տեղեակ էր: Բայց, զարմանալի բան, նորան այդ չյաջողեց. նա միշտ իւր բոլոր կեանքի ընթացքում աշխատեց վեր բարձրանալ եւ այնտեղ բարձրութիւնից հրամայել, իշխել, ղեկավարել, բայց միշտ էլ ցած իջաւ, ինչպէս այդ պատահում է ամեն մէկի հետ, որ թեք մակերեւույթի վերայ է կանգնած լինում, որ իւր ոտքի տակ հաստատուն յենարան ու հող չի ունենում, որ, վերջապես, աւազով ու խճով ծածկուած սարի վերայ բարձրացող մարդու պէս անդադար վերելակում, բայց եւ անդադար աւազի ու խճի հետ միասին սահում, վայր է ընկնում եւ երբէք գագաթին չի հասնում:

Պօլսում հաստատուելուն պես, Խորէնը 1864 թուին կարգուեց Բերայի քարոզիչ, բայց մի քանի ժամանակից յետոյ, թաղականների մէջ նորա առթիւ ծագած խռովութիւնների պատճառով ստիպուեց հրաժարուել. 1867 թուին նա Պէշիկթաշի քարոզիչ անուանուեց եւ դորա հետ միասին նոյն թաղի դպրոցների վերատեսչութեան պաշտօնն ստանձնեց, բայց մի քանի ամսից նա հարկադրուեց եւ այդ պաշտօնները թողնել, որովհետեւ թաղեցւոց խռովութիւններն այնքան սաստկացան, այնքան սուր բնաւորութիւն ստացան, որ անբաւականները մինչեւ անգամ քարոզչի եւ վերատեսչի պաշտպան «Մասիս»-ի խմբագրի տան պատուհանների ապակիները կոտրեցին. 1876 թուին Հակախրիմեանական կուսակցութեան շնորհիւ եւ օգնութեամբ կրօնական ժողովի ատենապետ ընտրուեց, բայց այդ պաշտօնն էլ երկար չկարողացաւ վարել, որովհետեւ, ինչպէս հեգնօրէն ասում է հանգուցեալ Պարոնեանը, այնպիսի հակասական վճիռներ արձակեց, որ ամենքին զարմացրեց,

Ի՞նչ էր դորա պատճառը։ Դորա պատճառը, մեր կարծիքով, նորա անձի այն երկուորութիւնն էր, որ ամեն մի սուր դիտողի աչքին էր ընկնում, նորա մէջ կանացի մեղկութիւն կար, նորա բնաւորութեան մէջ մի տեսակ թեթեւութիւն, մի տեսակ, եթէ կարելի է այսպէս ասել, մակերեւոյթականութիւն էր երեւում, նա վերին աստիճանի փառասէր էր, ցուցամոլ էր, եւ, որ գլխաորն է, նոր մէջ դոքա, այդ յատկութիւններն այնքան զարգացած էին, որ չէին կարողանում ծածկուել, թաքնուել նորա արտաքին կեղեւի, հոգեւորականութեան լրջութեան, ծանրակշռութեան դիմակի եւ կրօնաւորի ս բեմի լոկ: Նա պճնուում, զարդարուում էր, առատութեամբ գործ էր ածում զանազան հոտաւէտ օծանելիքներ եւ ջրերը, ինչպէս մի պչրոտ կին, նա հասարակութեան մէջ հարուստների սալօններում իրան այնպէս էր պատում, որ, կարծես, նազանք ծախող մեծաշուք օրիորդներից մէկը լինէր եւ ոչ մի համեստ հայ վարդապետ։ Պատմում են, որ Խալիբեան դպրոցում, երբ նա իւր սենեակում իւր արդ ու զարդն էր անում եւ մազերի սանրուածքն էր յարդարում, աշակերտներից մէկը միշտ ներկայ էր գտնւում եւ երկար ու բարակ նորա միրուքի ձարերն էր կարգի բերում. պատմում են նոյնպէս, որ նոր սպիտակեղենը, վերարկուները եւ, զգեստի միւս մասերը, որ նուրբ կտաւից ու մետաքսեղէնից է եղել կարուած-պատրաստուած, այնքան շատ, այնքան բազմատեսակ է եղել, որ նորա Թէոդոսիայից այնպէս անակնկալ կերպով մեկնելուց յետոյ, արդէն արկղ՝ արկղ նորա յետեւից են ուղարկել նորա աշխարհասիրութեան ցանկութիւնները, հակումները, որոնք նորա անձի մեղկութեան հետեւանքն էին, նորա մէջ այնքան վառ են եղել, որ չի կարողացել ծածկել նոցա ոչ թէ միայն այն շրջանից, որի մէջ նոր միշտ լինում էր, հասարակութիւնից, որի մէջ նա գործում էր, այլ եւ Հայկազեան եւ Խալիբեան դպրոցների սաներից, որոնց ուսուցիչն ու դաստիարակն է եղել։ Թէոդոսիայում, ինչպէս ասացինք, նա յաճախ գիշերները դպրոցում չէր անցկացնում, որտեղ գտնում էր նորա բնակարանը, այլ քաղաքում. նա ստէպ ստէպ դպրոցի կառքով զբօսանքի էր դուրս գալիս քաղաքի շրջակայքը զանազան շատ էլ բարի համբաւ չվայելող ընկերութիւնների հետ, եւ այլն եւ այլն: Այս բոլորը , իհարկե, այնպիսի յայտկութիւններ էին, որ չէին կարող չխրտնեցնել եւ չսառեցնել հասարակութիւնը նորանից, բայց ամենագլխաւորը, որ ստիպում էր ամենքին երես դարձնել նորանից, այդ այն էր, որ նորա խօսքերի ու գործերի մէջ ամենեւին նմանութիւն չկար։ Նա իբրեւ դաստիարակ աշակերտներին յաճախ հայրական խրատներ էր տալիս, բարոյականի դասեր էր կարդում, բայց ինքը նոյն իսկ աշակերտների աչքի առաջ ոչ մէկն էլ իւր ասածներից գործով չէր արդարացնում. նա իբեւ վարդապետ եւ եպիսկոպոս յաճախ քարոզում էր եկեղեցիներում եւ, պէտք է ասել, լաւ էր քարոզում, գրաւիչ կերպով էր խոսում, զգացմունքով էր վարդապետում, բայց կեանքի մէջ իւր անձնական կենդանի օրինակով իւր այդ քարոզները չէր իրագործում։

Խորէնն իւր ամբողջ կեանքում միայն երկու անգամ իւր բնաւորութեան ու խառնուածքին յարմար պաշտոն ստանձնեց եւ յաջողութեամբ կատարեց: Առաջինը Գէորգ Դ. կաթուղիկոսի ընտրութեան ժամանակն էր, երբ նա 1867 թուին եկեղեցական պատգամաւոր կարգուելով, ուղեկցեց նորընտիր կաթուղիկոսին Ս. Էջմիածին, Այդ ժամանակն էլ հէնց նա երջանկայիշատակ ուսումնասէր կաթուղիկոսից եպիսկոպոս ձեռնադրուեց, ճանապարհորդեց նորա հետ Ռուսաստանի հայաբնակ քաղաքները եւ վերադարձաւ Պօլիս։ Երկրորդը Ռուս-Տաճկական պատերազմի վերջանալու միջոցումն էր, երբ նա 1878 թուին ուղարկուեց իբրեւ ազգային նուիրակ Բերլինի վեհաժողովը եւ այնտեղից էլ նոյն պատուիրակութեան պաշտօնով այցելեց Պետերբուրգն ու Մոսկուան։ Մենք հէնց այդ ժամանակ առիթ ունեցանք նորան տեսնելու: Մի կիւրակի օր էր. լուր էր տարածուել, թէ Խորէն Նարպէյը Պետերբուրգից եկել է Մոսկուա եւ պիտի պատարագ մատուցանէ եկեղեցում, ուստի եւ մայրաքաղաքի համարեա ամբողջ հայ գաղութը շտապել էր եկեղեցի, լցուել, խռնուել էր եկեղեցու գաւիթն ու ընդարձակ բակը։ Ասեղ ձգելու տեղ չկար. պատարագը հանդիսաւոր էր եւ պատուիրակ սրբազանը եպիսկոպոսական ճոխ զգեստներով պաճուճուած եւ երկճղի խոյրը գլխին դրած կատարում էր ս. խորհուրդը տաճկահայ հոգեւորականներին յատուկ ձեւով ու եղանակով: Սեղանի վերայ դրուած էր մի զարդարուն բազկաթոռ, որի վերայ երբեմն բազմում էր եպիսկոպոսը։ Պատարագի վերջում սրբազանը մի խորհրդաւոր քարոզ խօսեց, բնաբան ընտրելով «Օ՜ն արիք գնասցուք աստի» խօսքերը [2] ։

Թէեւ մի հոգեւորականի բերանում, որ իւր բոլոր կեանքն անց էր կացրել հայրենիքից դուրս եւ նոյն իսկ միշտ հրաժարուել էր պաշտօնով մինչեւ անգամ գուառներն երթալու, մի փոքր տարօրինակ էր հնչում «Օ՜ն արիք գնասցուք աստի» խօսքերը հայրենիքից չգաղթելու, հայրենիք վերադառնալու իմաստով, բայց եւ այնպէս նորա քարոզը մեծ տպաւորութիւն թողեց: Նա ազատ էր խօսում, չէր ծամծմում բառերը, լաւ էր զարգացնում, ամփոփում իւր խօսքի միտքը եւ կարողանում էր իշխել իւր ունկնդիրների եթէ ոչ մտքի, գոնէ, նոցա սրտի ու երեւակայութեան վերայ, այնպէս որ ամեն մի անհատ, որ չէր ճանաչում քարոզչին, որ անծանօթ էր նորա կեանքի հանգամանքներին, կը յափշտակուէր նորա խօսքերից: Տպավորութիւնն այնքան զօրեղ էր, որ պատարագը վերջանալուց յետոյ էլ, դեռ ժողովուրդը չէր ցրուում, այլ խռնուած եկեղեցու բակում, սպասում էր եպիսկոպոսի դուրս գալուն, եւ, երբ որ նա դուրս, եկաւ, բոլորեքեան յօժարակամ մերկացրին իւրեանց գլուխները ի պատիւ եպիսկոպոսին: Այդտեղ այդ դէպքում անկասկած ներգործող դեր կատարեց, բացի եպիսկոպոսի բարեկիրթ ձեւերից ու նորա տուած քարոզի ջերմութիւնից, եւ նորա գիտականութեան համբաւը, որ ամեն տեղ տարածուած էր, եւ գլխաւորապես այն գործը, որի անունով նա ճանապարհորդում էր Եւրոպայում եւ բաղխում հզօրների դռները։ Ո՞ւմ յայտնի չէ, որ 78 թուականը Հայերիս համար յոյսերի, երազների ժամանակ էր, բայց Բիսմարկներն ու Բիկոնսֆիլդները խորտակեցին այդ յոյսերը եւ պատճառ դարձան այն արեան հեղեղին, որ 95-96 թուականներին ծածկեց Տաճկահայի դժբաղդ հայրենիքը։

Այդ ժամանակներից 11–12 տարի անցնելուց յետոյ, Խորէն եպիսկոպոսը նորից այցելեց Ռուսաստան եւ պատահեց Ս. Էջմիածնում, Թիֆլիզում եւ ուրիշ տեղեր։ Նորա այդ ժամանակները Ռուսաստան գալու պատճառները մեզ համար անյայտ մնացին. լուրեր էին տարածուած, թէ Նար-բէյն այդ անգամ եկել է ընդ միշտ մնալու Ռուսաստանում, թէ նա պէտք է նշանակուի Թիֆլիզի թեմի առաջնորդ եւ այլ ուրիշ շատ այսպիսի բաներ, բայց դոցանից եւ ոչ մէկն արդարացաւ, իրագործուեց, եւ նա նորից վերադարձաւ Պօլիս: Մեր ձեռքին գտնուում է հանգուցեալ Ռափայել Պատկանեանցի Թիֆլիսից իր Նախիջեւանի բարեկամներից մէկին գրած նամակներից մէկը, որի մեջ մենք տեղեկութիւն ենք գտնում եւ Խորէնի մասին, որին հանգուցեալ բանաստեղծը պատահել էր 1890 թուի օգոստոսին Թիֆլիսում, «Տեսնուեցայ, գրում է նա այդ նամակում, Խորէն Նար-պէյի հետ։ Ուրիշ անգամ կը պատմեմ նորամէն լսածներս, գաղտնաբար խօսեցանք, պայմանաւ, որ ծածուկ պահեմ հաղորդած տեղեկութիւնները» [3] ։

 

Իր կեանքի վերջին տասնեակը Խորէն եպիսկոպոպոսը համեմատաբար խաղաղութեամբ անցկացրեց։ Նորա անունն այդ ժամանակները շատ էլ չէր լսւում, նա քաշուած կեանք էր վարում, աշխատում էր հրապարակում շատ չերեւել, շատ աչքի չընկնել, Պօլսի պարբերականներն էլ, կարծես, ուզում էին նորան հանգիստ թողնել, այնպես չէին քաշքշում նորա անունը , ինչպէս առաջ։ Երբեմն միայն Պօլսից գրած թղթակցութիւնների մէջ պատահում էին ակնարկութիւններ հանգուցեալի այս կամ այն արածի մասին, այս կամ այն քարոզի, դամբանականի առթիւ: Խորէնն այդ ժամանակները քարոզչի պաշտօն էր կատարում Բէշիկթաշում, նախագահում էր զանազան հանդէսները, մասնակցում էր հայ մեծատուն, վսեմաշուք, վսեմափայլ հանգուցեալների յուղարկաւորութեան, դամբանականներ էր խօսում, ճառեր արտասանում, յօդուածներ էր գրում այս կամ այն լրագրում, եւ այլն եւ այլն։ Սակայն նոր կեանքի այդ համեմատական խաղաղութիւնը նմանում էր այն անհանգիստ անդորրութեան, որ սովորաբար տեղի է ունենում բնութեան մէջ խռովայոյզ ալէկոծութիւններից առաջ. Նորա կեանքում այդ խաղաղութեան օրերին պատրաստում էր մի ահռելի փոթորիկ, որ պիտի բարձրանար, մրրկէր նորա կեանքի եւ գործունէութեան հորիզոնը եւ չարաչար խորտակէր նորան իւր զօրաւոր հարուածների տակ:

Ժամանակները չար էին, կացութիւնը դժուար. մօտենում էին 95-96 թուականների ահռելի օրերը, հանգամանքներն որոշ կերպով եւ ուղղութեամբ փրթուելիք փոթորկի նշաններ էին ցույց տալիս։ Պէտք էր զգոյշ լինել, շատ զգոյշ: Բայց Խորէն եպիսկոպոսն այդ զգուշութիւնը չունեցաւ. մի անզգոյշ թղթակցութիւն տրտասահմանի լրագրներից մեկում, որի մէջ քննադատում էր Թուրքիոյ եւ նոյն իսկ փադիշահի պալատական կարգերը, եւ ահա սպասելիք փոթորիկը փրթեց Պատրիարքը Աշըկեանը խստութեամբ վարուեց, նա զրկեց Խորէնին բոլոր պաշտոններից, բանադրեց նորան եւ պատուաւոր բանտարկութեան ենթարկեց, թէ եւ մեղաւորն արդէն մեղայական տալով, քալել էր իւր յանցանքը նորա առաջ, որի առաջ նա մեղանչել էր. Եւ զարմանալին այն է, որ այս դէպքում հայ պատրիարք Աշըկեանն աւելի խիստ, գտնուեց, քան թէ նոյն իսկ թուրք վեհապետը [4] ։

Այս ողբերգութեամբ վախճան է դրւում Խորէնի ոչ միայն գործունէութեան, այլ եւ նոյն իսկ նորա կեանքին, ճիշտ է, դորանից յետոյ էլ նա մի քանի ամիս դեռ ապրում է, բայց նորա այդ կարճատեւ կեանքն ինքն ըստ ինքեան արդէն մի կենդանի մահ է լինում: Միայնութեան դատապարտուած, աշխարհից կտրուած, ամենքից մոռցուած, շրջապատուած լրտեսների մի ամբողջ ոհմակով, ապրում էր նա Բանկալթիում իւր քրոջ տանը, եւ կարելի է ասել, կամաց-կամաց, օրէցօր մեռնում էր։ Հետզհետէ փլատակւում էին նորա յոյսերը, բաղձանքները եւ դորա հետ միասին կազմալուծւում, քայքայւում էր եւ նորա ֆիզիքական կարողութիւնը։ Անկումն շատ անակնկալ էր եւ նա չկարողացա դիմանալ նորա հարուածներին: Նա շատ էր սիրում աշխարհը, որ կարողանար երկար ժամանակ նորանից անջատուած ապրել: նա խիստ վառ ասէր ու պատուասէր էր, որ կարող լինէր երկար ժամանակ վատ ռազուրկ մնալ. միակ ելքը մահն էր եւ նա շուտով հասաւ եւ ազատեց, հանեց նորան անելանելի դրութիւնից:

Հանգուցեալն ինքն էլ զգացել է, որ օրէ ցօր մօտենում է գերեզմանին, ինքն էլ մարգարէաբար գուշակել է, որ իւր օրհասը հեռու չէ: Դորան ապացոյց կարող է լինել «Հիւանդին մրմունջը» [5] խորագիր կրող ոտանաւորը, որ նա այդ ժամանակները գրել է Յակովբ Գուրգէնի խնդիրքով եւ որ նորա վերջին գրուածքն է: Դորա մէջ նա նկարագրելով գարնան վերջանալը, ամառուայ շոգ օրերի ժամանելը, խորշակից գարնան ծազիկների՝ մանուշակի, վարդի ու շուշանի թառամելը, աշնան մօտենալը եւ ծաղիկների իւրեանց բոյրը կորցնելը եւ համեմատելով այդ բոլորը իւր կեանքի ետ, հարցնում է թռչնիկին, թէ ահա մօտեցաւ աշունը, իսկ երբ որ հասնի ձմեռը, նա իրան արդեօք կենդանի կը գտնի։ Եւ հասկանալով, որ այդ չի կարող լինել, թէ.. նա կուզէր մի անգամ էլ անցկացնել ձմեռը եւ Ապրիլը տեսնել, նա իսկոյն եւ եթ աւելացնում է, թէ սիրուն թռչնիկն երբ գարնանը գայ, մարդիկ արդէն իւր տապանն էլ մոռացած կլինեն։ Բայց արժէ կարդալ ամբողջ ոտանաւորը, որ մի կողմից մեզ լիակատար գաղափար է տալիս հանգուցեալի վերջին մտածմունքների մասին, միւս կողմից էլ իւր մէջ պարունակած զգացմունքի տաքութեամբ ու թարմութեամբ, գրութեան ձեւի համեմատաբար անարուեստ պարզութեամբ, բանաստեղծական պատկերների ու նմանութիւնների գեղեցկութեամբ մի ամենաընտիր նմուշ կարելի է համարել նորա աշխարհաբառով գրուած ոտանաւորների։

 

Գարնանային սիւք ցօղաթեւ
Ահա վերջին տուաւ բարեւ
Ջերոտ աւուրց հասաւ խորշակ,
Թառամեցոյց խեղճ մանիշակ.
Վարդ եւ շուշանն լուսաթոյր
Ահա զանոյշ կորուսին բոյր,
Եւ իմ աչքեր արտասուագին
Հետզհետէ կը նըւաղի՜ն... ։


Թռչնիկ իմ սիրուն,
Մօտեցա աշուն,
Երբ հասնի ձմեռ,
Ողջ զիս գըտնես դեռ:

 
Ո՜Հ, ալ չունի սիրտս ո՛չ մի լոյս,
Մարի ճըրագ թըշուառ հոգւոյս,

Եւ տերեւոց մէն մ՚ի թօթափ
Կարծեմ աւուրց իմ պակսի չափ,
Իմ կարճ կենաց մէն մի վայրկեան
Քայլ մ՚ալ վարէ զիս ի տապան...:
Կ՚ըղձամ նորէն տեսնել զԱպրիլ,
Բայց, ո՜հ, կ՚ուզեմ ես դեռ ապրիլ,

Թըռչնիկ իմ սիրուն,
Մօտեցաւ աշուն`
Երբ հասնի ձըմեռ,
Ողջ զիս գըտնես դեռ:

Երբ նորաբոյս գարուն զուարթ
Գալ ի ճակատ պըսակազարդ,
Պիտի կըրկնես դու հրճուագին
Ըզճըռուողիւն քո զառաջին
Պիտի տեսնես բլուրն ու անտառ

Եւ ոստոստես ծառէ ի ծառ.

Բայց ես տի ոչ տեսնեմ, աւաղ,
Ոչ վարդ, առուակ եւ ոչ քո խաղ…

 

Թըռչնիկ իմ սիրուն,
Մօտեցաւ աշուն.
Երբ Տասնի ձըմեռ,
Ողջ զիս գըտնես դեռ:

Սիրուն թռչնիկ, քիչ օրէն, ասէ,
Յիմ սիրելեաց կը բաժնէ մահ…
Վերջի՜ն անգամ քո դայլալիկ
Ես կը լըսեմ մելամաղձիկ...
Գուցէ քընած հողոյս վերեւ
Ուրուր ագռաւ սաւառնեն թեւ.
Լըսուին բուին գուցէ եղեր է,
Այլ սըրտառուչ, ա՜հ, ոչ քո երգ... ։

Թըռչնիկ իմ սիրուն,
Երբ գաս ի գարուն,
Մարդիկ զիս մոռնան...
Յիշէ զիմ տապան:

 

Խորէնի գուշակութիւնն արդարացաւ. նա ոչ թէ միայն չհասաւ գարնան եւ չկարողացաւ նորից տեսնել Ապրիլը, ինչպես ցանկանում էր, այլ ձմեռուան էլ չհասաւ. նա մեռաւ 1892 թուի աշնանը եւ թաղուեցաւ Շիշլիի գերեզմանոցումը։

Հանգուցեալի յուղարկաւորութիւնը համեմատաբար շատ անշուք է լինում։ Ականատեսներից մենք լսել ենք, որ կողմնակի դիտումներ չճանաչող եւ միայն զգացմունքով ղեկավարուող հասարակ ժողովուրդն է գլխաւորապէս խռնուած գնացել նորա դագաղի հետեւից եւ շուք տուել թաղման տխուր հանդիսին, իսկ նորա բազմաթիւ բարեկամներից, որոնց հետ նա այնքան տարի հաց էր կերել, հայ վսեմաշուքներից, էֆենդիներից, որոնց սալօնների զարդն էր եղել նա երկար ժամանակ, ազգային հաստատութիւնների ներկայացուցիչներից, որոնց հետ նա գործել էր նոյն ասպարիզում, բարձր եկեղեցական դասից, որոնց հետ նա իբրեւ հոգեւոր եղբայց միշտ յարաբերութեան մէջ էր եղել, նորա բազմաթիւ աշակերտներից քչերը, շատ քչերն են գտնուել որ հոգու այնքան արիութիւն են ունեցել, որ մի կողմ թողնելով բոլոր կողմնակի դիտումները, մասնակցել են յուղարկաւորութեան եւ այդպիսով իւրեանց բարոյական պարտքն են հատուցել հանգուցեալի յիշատակին։ Պատմում են, որ դոքա, այդ քչերն էլ, որ համարձակութիւն են ունեցել ուղեկցելու հանգուցեալին մինչեւ գերեզմանոցը, այնպես են պահում եղել իրանց, որ կարծես, ուզում են եղել, թաքնուել, պահուել, որ ոչ ոք նոցա չտեսնէ ու չիմանայ, որ նոքա ընդհանուր հոսանքին հակառակ են գնացել: Այդ դէպքում, իհարկե, ոչ պակաս դեր են խաղացել եւ ժամանակի ու տեղի քաղաքական հանգամանքները. չէ որ ով որ մասնակցէր կամ մի որ եւ իցէ բանով իւր համակրութիւնը ցոյց տար հանգուցեալին, կարող էր անբարեմիտ չտմտրուել Թիւրք կառավարութեան առաջ [6]:

Ո՜հ, Աստուած մի արասցէ, որ մեր մէջ մէկն իւր բարձրութիւնից վայը ընկնի –հարստականն աղքատանայ բարոյական համարուածը մի որ է բանում անբարոյական նկատուի, պատիւ ու լարգանք վայելողը մի ուր եւ. իցէ սխալ քայլով յանկարծ զրկուի պատուից ու յարգանքից: Ամենքը, ամենքը, մինչեւ անգամ եւ նոքա, որոնք ընկածի ոտքին չարժեն, այդ ժամանակ գլուխ կրարձրացնեն, կաշխատեն ինքեանք էլ աքացի տալ, ցեխի մէջ թաթախել, հողին հատսարեցնել հաւանական է, որ հէնց այդպիսիներին է ի նկատի ունեցել իւր վերոյիշեալ մահագուշակ բանաստեղծութեան մէջ հանգուցեալը, երբ ասել է թե թռչիկին,

 

Սիրուն թռչնիկ, քիչ օրէն, ա՛հ,

Յիմ սիրելեաց կը բաժնէ մահ…

Վերջի՜ն անգամ քո դայլալիկ

Ես կը լըսեմ մելամաղձիկ...

Գուցէ քընած հողոյս վերեւ

Ուրուր ւագռաւ սաւառնեն թեւ,

Լըսուին բուին գուցէ եղերք,

Այլ սըրտառուչ, աչ, ոչ քո երգ…

 

Նա, որ իւր այդ ընկած օրերին լաւ էր տեսնում պատրիարքի եւ միւսների - Ուրուրների, ագռաւների եւ բուերի դէպի ինքը բռնած դիրքը, հաւանական է, որ հեշտութեամբ էլ կարողանար գուշակել եւ նոցա բռնելիք դիրքը եւ վերաբերումը դէպի իւր յիշատակը եւ իւր մահից յետոյ [7] ։



[1]     Ուշադրութեան արժանի հանգամանքն այն է՝ որ Մխիթարեանք իւրեանց հայրենակիցներին եւ հայրենիքին չասած ամենամեծ աղէտների ժամանակ միշտ անտարբեր են մնացել։ Նոքա միշտ «Ժամանակնիս չար է», ասելով, ձայն չեն հանել յօգուտ իւրեանց թշուառ եղբայրակիցների. նոքա իւրեանց տպագրական օրգաններով չեն բողոքել, չեն պաշտպանել իւրեանց հայրենիքի շահերն Եւրոպայի առաջ, թէեւ ինքեանք Եւրոպայի սրտում ապրելով եւ կաթոլիկ լինելով, գուցէ, կարողանային ազդել կաթոլիկ աշխարհի կարծիքների վերայ։ Այս մասին ես հանգուցեալ Գ. Արծրունու «Մխիթարեան միաբանութիւնը եւ Հայերը» խորագրով առաջնորդողը «Մշակի» 1878 թուի 81 համարում:

      Ներկայումս մի փոքրիկ փոփոխութիւն է նկատուում Մխիթարեանների գործողութիւնների մեջ։ Թէեւ ջնդոյեանները շարունակում են իւրեանց կորստաբեր առաքելութիւնները, րայ եւ Նոյն ժամանակ Մխիթարեան երիտասարղ սերնդի մէջ: կարծ ես, երեւ ան է լալիս գոտուն դուրս գալու, աւանդական րուտինայից եւ ծառայելու ընդհանրութեան շահերին Մխիթարեանները սկսել են հրատարակել «Գեղունի» անունով՝ «Բազմաւէպի» պատկերազարդ յաւելուածը, որը վաճառումից գոյացած գումարը յատկացրել են Հայոց որբերի օգտին առանց կրոնի խտրութեան, Հ. Ս. Երեմեանը «Բազմավէպի» ներկայ խմբագիրը, կարծես, աշխատում է հայոց այս հնօրեայ ամսագիրը դարձնել հասարակութեան բերան, թարմութիւն ու կենդանութիւն ներշնչել նորա մէջ եւ ծառայեցնել ազգի շահերին։ Մենք ի սրտէ ողջունում ենք Մխիթարեան Հայրերի այդ քայլը եւ ցանկանում ենք նոցա այդ գործունէութեան յարատեւութիւն, ժամանակ է հասկանալու, որ կրօնը մարդուց հոգու, սրտի եւ համոզմունքի խնդիր է եւ այս կամ այն դաւանութեան ճշմարիտ կամ թիւր լինելու դատաւորը մենք մահկանացուներս չենք, այլ Վերին-Դատաւորը։ Այն էլ բաւական է, որ մենք կարողանանք պահպանել մեր հայրենական նուիրական աւանդները եւ չխրամատենք մեր միութեան միակ ցանկը ազգային եկեղեցին։ Կրկին եւ կրկին շեշտում ենք, որ հասարակ ժողովուրդը, տգէտ ամբոխը միայն դաւանութեամբ է հասկանում, դաւանութեամբ է ջոկում ազգութիւնները։ Հայադաւան, Հայ-կաթոլիկ, Հայ-բողոքական, Հայ-Հոռոմ նոր հասկացողութիւններ են, զարգացած դասից գործածութեան մէջ մտցրած. ամբոխը միայն Հայադաւաններին է հայ համարում, իսկ միւսներին ոչ, այլ կաթոլիկ, ֆռանկ, լեմսէ, ֆառմասօն, եւ այլն եւ այլն:

[2]     Խորէն սրբազանը Մոսկուայում եղած միջոցում, այցելեց եկեղեցիները եւ Լազարեան Ճեմարանը, համոզեց հայ գաղութի երեւելիներին հանգանակութիւն բանալու եւ նիւթականապէս օգնելու Զէյթունցիներին եւ իրան հանդիսաւոր ճաշ տալու համար հաւաքուած 800 ռուբլի գումարը, փոխանակ ճաշի, խնդրեց յատկացնել Պոլսի ազգային մատենադարանին։ Պ. Գր. Խ-Ն Մոսկուայից գրած իւր թղթակցութեան մէջ, որ տպուեց «Մշակի» 1878 թուի 175 համարում, առաջ բերելով Նար-Բէյի քարոզից մի ընդարձակ հատուած, չգիտենք, ի՞նչ պատճառով չի իջել նորա քարոզի գլխաւոր բնաբանը, որ հէնց քարոզի գլխաւոր աղն էր կազմում, «Օ՜Ն արիր երթիցուք աստի» խօսքերի իմաստը եւ դորա գործադրութիւնն այդ ժամանակները Տաճկահայոց գործերի գլուխ կանգնած մարդկանց մտածմունքի գլխաւոր առարկան էր, ես այդ մասին «Պոլսի ազգային Ժողովի նիստը», «Ս. Պատրիարքի նախագահութեան Ճառը եւ յատկապէս «Ս. Պատրիարք հօր ատենախօսութիւնը», որոնցից առաջինը տպագրուած է «Մշակի» 1878 թուի 133 համարում, երկրորղը–141 համարում եւ երրորդը –159 համարում։

[3]     Աւելորդ եւ անշահեկան չենք համարում դնել այստեղ հանգուցեալ բանաստեղծի այդ նամակն ամբողջութեամբ, բացի մի փոքրիկ հատուածից, որի տպագրութիւնը ներկայումս՝ դեռ անժամանակ ենք համարում, «Օգոստոսի 6-ին (1890 թ. ) երեկոյեան ժամը 6-ին հասայ Թիֆլիս բաւականին թուլացած ճանապարհի ցրտերից (սարերի վրայ), տօթերից (հովիտներում) եւ խղդուկ փոշից (ճանապարհի վրայ)։ Քոյրս Սոփիան եւ նորա՝ երգչուհի դուստրը Մագդալինան ինձանից մէկ օր առաջ հասել էին Թիֆլիս եւ իջել էին նոյն իսկ հիւրանոցում` (Северные номера), ուր որ ես սովորութիւն ունիմ միշտ իջնելու: Այս երեկոյ բաւական զուարթ եւ ուրախ անցուցի, վասն զի շրջապատած էի իմ արենակիցներով, որոնց իմ այստեղ գալը ոգեւորեց եւ սիրտ տուաւ։ Հետեւեալ օրը (7-ին) ինչ ասես մարդիկ եկան, ես եւս գնացի մէկ-երկու տեղ. Թիֆլիսը ամբողջը տեղափոխուած է Կօճօռ (մեծաւ մասամբ), Պօրժօմ (նշանաւոր քանակով) եւ Մանգլիս եւ այլ զով տեղեր— մասամբ իւիք։ Թիֆլիսի տօթերը մերերի հետ համեմատութիւն չունին. մերերը բարեխառնում են քամիներով, իսկ Թիֆլիսում տաք օրերը օդը միշտ անշարժ է, ճրագի բոցը (գիշերները) անգամ` չի տատանում։ Տեսնուեցայ Խորէն Նարպէյի հետ (ուրիշ անգամ կը պատմեմ նորամէն լսածներս, գաղտնաբար խօսեցանք, պայմանաւ որ ծածուկ պահեմ հաղորդած տեղեկութիւնները)։ Յետոյ մտայ Մամբրէ Ս. սենեակը (սոքա երկուսն էլ կենում են առաջնորդարանում)։  

      Վերջինը կուզէր Կիւրեղի անունը տալու, ես սարսափելի քիթ ու պռունգ արի. մարդու խոսքը պաղեցաւ բերանում եւ բոլոր մնացած ժամանակը ակնածութեամբ էր խօսում։ Վերջինից ինչ ասես մխիթարական բաներ իմացայ ի միջի այլոց եւ այս, որ մեր Ա. դպրոցը չի ընկնում ծխականների քաթեկորայի տակ: Սուրբ Աթոռում ինձ սպասում են եւ այլն: Ճաշերէ բացէ ի բաց հրաժարուեցայ ես տեղով գիտեմ, որ հէնց կուշտ-քուր ուտեմ` ու 2-3 գաւաթ խմեմ, հէնց տեղն ի տեղ շնչասպառ պիտի ընկնեմ մեռնեմ։ Այս նամակը աւարտած չաւարտած պիտի Կօճօռ չուեմ, որ Թիֆլիզէն 2 1 / 2 ժամուայ ճանապարհ է։ Քրոջս դստեր քօցէռթները, կարծում եմ, իմ ճանապարհորդութիւնս պիտի ծանրացնէ. իսկ անտէր թողնել այդ որբերին սաստիկ խղճահարւում եմ։ «Արզրումի կոտորածը» այստեղ հասած չէ. Ճանապարհին կորել է: Խնդրեմ Պապասինեանէն կամ Չիլինկիրեանէն առնուս եւ կայծակի արագութեամբ ուղարկես։ Այժմ պիտի երթամ, ինչպես վերը ասացի, Կօճօռ. իսկ յետոյ Ելիսավեթապօլ (Թեմուրեանին), Պաքու եւ այլն։ Էջմիածին կմնայ ամենավերջը: Այդ մտնում է իմ հաշուի մէջ Կ. անունը այստեղ ոչ ոքին յայտնի չէ, իսկ եթէ յայտնի է՝ այն էլ «սատանայի օջլէն»։ Մի բանի բարեպաշտներ նորա համար կողկողագին пащада խնդրում են ինձանից, ասելով, որ «Թող ողորմելին մի կտոր հաց ուտէ»։ Ես ոչ ոքի չի սպառնացայ ոչ վրէժ եւ ոչ խոստացայ գութ. մեռելային լռութիւն պահեցի եւ ամեն հարց թողի անպատասխան. Շտապում եմ, ձիերը եկել սպասում են»։

 

[4]     Խորէնի արտասահմանի լրագրներին թղթակցելու շարժառիթը պէտք է որոնել այն նիւթական միջոցների սղութեան մէջ, որից այդ ժամանակները նա նեղւում է եղել։ Պէտք է առհասարակ նկատել, որ Բէշիկթաշի քարոզչութեան պաշտօնը շատ բան չէր տալիս նորան, որովհետեւ հաստատ ռոճիկ չկար, այլ միայն պատահական եկամուտներ, որ նա ստանում՝ էր այս կամ այն մեծատան ընտանիքի մեջ կատարուող կրօնական ծիսակատարութիւններին մասնակցելուց։ Հասկանալի է, որ Խորէնի պէս մարդուն, որ սովոր էր լաւ ապրել, այդ երբեմնական եկամուտները բաւականութիւն էին տալիս, ու ստի եւ նա աշխատում էր իւր նիւթականի պակասը լրացնել կողմնակի եկամուտներով նորա հայկական գրական վաստակները եւ հայ լրագրներին աշխատակցելը, յայտնի բան է, նորա, ոչ մի շահ չէին տալիս, մնում էր նորան աշխատակցել արտասահմանի լրագրներին, որոնք եւ լիակատար կերպով վարձատրում էին նորա աշխատանքը։ Դորա համար նա ունէր ամեն յարմարութիւն ե՛ւ լեզուների գիտութիւն, ե՛ւ հետաքրքրական նիւթի ազատութիւն, որովետեւ ծանոթ էր մայրաքաղաքի բոլոր ազդեցիկ շրջաններին եւ նոյն իսկ պալատում ունէր շատ ծանոթներ ու բարեկամներ, որոնք առատ եւ հետաքրքրական նիւթ էին հաղորդում նորան արքունիքի ներքին կեանքից եւ կառավարչական շրջաններից։ Ահա այդ տեսակ թղթակցութիւններից մէկն է լինում, որ բռնում է եւ պատճառ է լինում նորա անկման։ Պատմում են, որ առաջին նուագ Խորէնն աշխատում է արդարանալ Սուլթանի առաջ, ուրանալով ու չընդունելով յօդուածի իւր գրածը լինելը, բայց երբոր ցոյց են տալիս նորան յօդուածի բնագիրը նորա իսկական ստորագրութեամբ, նա ստիպուած է լինում խոստովանել ճշմարտութիւնը եւ ներումն է խնդրում վեհապետից։ Սուլթանը, որ մասնաւոր համակրութիւն է տածում եղել դէպի Խորէնը, ներում է նորան, ասելով. «Ես Ներեցի, Աստուած թող դատէ»։ Դատաւորի դերը, սակայն, չգիտենք, ի՞նչ իրավունքով, իւր վերայ է առնում Աշըկեան պատրիարքը, որ իւր «հռչակաւոր կոնդակով» զրկում է նորան բոլոր պաշտօններից եւ մինչեւ իսկ եկեղեցու, մէջ հրապարակով աղթելու ու պատարագելու իրաւունքից։ Չի կարելի առանց զայրոյթի յիշել Աշըկեանի բռնած դիրքը Խորէնի վերաբերութեամբ եւ այն ժամանակ, երբ բարոյապէս եւ նիւթականապէս ընկճուած արքեպիսկոպոսը վճռում է պատրիարքից ներումն խնդրելու, խոստովանելով իր կատարած յանցանքի ծանրութիւնը։ Ասում են, որ Խորէնն իմաց է տալիս, թե կամենում է այդ նպատակով ներկայանալ պատրիարքին, բայց Աշըկեանը չի ուզում առանձին ընդունել նորա, եւ ստիպում է նորան գալ խառն ժողովը եւ իւր ասելիքն այդտեղ ամենքի առաջ ասել, Խորէնը կատարում է նորա եւ այդ ցանկութիւնը եւ խառն ժողովում ամենքի առաջ ներկայանում է նորան եւ աղաչում, խնդրում ներումն շնորհել իրան, բաւական համարելով իր կրած բարոյական եւ նիւթական տանջանքը։ «Գթացէ՛ք, սրբազան հայր, աւելացնում է նա, անօթի եւ... » «Լիմ անապատ գնա՛, Կտուց անապատ գնա՛», պատասխանում է պատրիարքը։ Սրբազան Հայր, կը պաղատեմ, անապատ չեմ կրնար երթալ: Եւ պատրիարքը կատաղութեամբ հրամայում է վռնդել նորան, որ եւ ճշտութեամբ կատարում են պատրիարքարանի բարապանները։

      Չենք կարող ասել, թե ո՜րքան ճիշտ է, բայց մենք լսել ենք, որ Խորէնի եղբայր իշխան Գուիդոն Լուսինեանը իւր ժամանակին բողոքել է երջանկայիշատակ Մակար կաթուղիկոսին Աշըգեանի գործողութիւնների մասին, եւ ճշմարիտ, ի՞նչպէս եւ ի՞նչ իրավունքով Աշըգեան պատրիարքը ինքը միայն արքեպիսկոպոս լինելով, գործ է դնում մի ուրիշ արքեպիսկոպոսի վերաբերմամբ այնպիսի ֆունկցիաներ, որ ինքը չէր կարող ունենալ։ Նա իբրեւ պատրիարք միայն իւր վարչական իրաւունքներով բարձր էր միւս բարձրաստիճան հոգեւորականներից, ուստի եւ նա կարող էր զրկել Խորէնին միայն նորա ունեցած զանազան վարչական պաշտօններից, բայց որ նա զուտ կրօնականին վերաբերեալ իրաւունքներ էլ բանեցնէր զրկէր հրապարակով աղօթելու եւ մինչ եւ իսկ պատարագելու իրաւունքից, այդ նորա իշխանութիւնից վեր էր այդ միայն եւ միայն ամենայն Հայոց կաթուղիկոսի իրաւունքն է։

[5]     «Հիւանդին մրմունջը» ոտանաւորը, որ Խորէնը գրել է Յակովբ Գուրգէնի «Պատկեր աշխարհիկ գրականութեան» գրքի երկրորդ հատորի համար, իջեցնում է մեզ Millevoye-ի (1782-1816) «La chute des feuilles» ոտանաւորը, որ թարգմանուած է եւ հայերէն։ Տես այդ մասին եւ առհասարակ Խորէնի երկասիրութիւնների մասին «Տ. Խորէն Արքեպիսկոպոս Նարպէյ» յօդուածը, որ տպագրուած է «Արաքս» հանդիսի 1893 թուի Բ. գրքում։

[6]     Նար-բէյի դագաղի վերայ չի դրուում ոչ մի պսակ, չի կարդացուում ոչ մի դամբանական, մինչեւ իսկ նորա մահուան եւ յուղարկաւորութեան ժամանակի մասին ծանուցում եւս չի լինում լրագրներում, այնպէս որ ժողովրդի մեծ մասն այդ բոլորն իմանում է միայն այն ժամանակ, երբ ամեն բան վերջացած է լինում եւ երբ Շիշլիի գերեզմանոցի մի աննշան անկիւնում հասարակ փայտ է խաչով մի նոր թումբ աւելացած լինում։ Յուղարկաւորութեան մասնակցում են գլխաւորապէս Բերայի թաղեցիք, որոնց մատուռում հանգուցեալն իրաւունք էր ստացել մասնաւոր կերպով աղօթելու իւր ընկած օրերում։ Խորէնի անկման, դատապարտութեան եւ մահուան մասին տե՛ս «Մահ Խորէն Նար-պէյ արք-եպիսկոպոսի» խորագրով թղթակցութիւնը Պօլսից, որ տպուեց «Արաքս»-ի 1802 թուի երկրորդ գրքում։

[7]     Գրելով այս կենսագրական ակնարկը, մենք հաւակնութիւն չենք ունեցել ներկայացնելու Խորէն Գալֆայեանի կեանքի ամբողջ պատկերն իր բոլոր մանրամասնութեամբ։ Այդ ոչ մեր նպատակն է եղել, ոչ էլ դորա համար մենք մեր ձեռքի տակ ունեցել ենք հարկաւոր նիւթերը: Մենք միայն կամեցել ենք դորանով մէջ բերած լինել հանգուցեալի կեանքի գլխաւոր կէտերն իբրեւ բացատրական կամ օժանդակ հանգամանք, որովհետեւ առանց դորան նորա հասարակական եւ գրական գործունէութիւնից շատ բան անհասկանալի կմնար մեր ընթերցողների համար։ Այդ համառօտ կենսագրական ակնարկը կազմելու համար, մենք ի միջի այլոց, օգտուել ենք, նախ, «Յաւելուած ի վերադարձն, վերադարձ եւ չորրորդին՝ Տ. Խորենայ Խ. Գալֆայեան քերթող վարդապետի. Փարիզ 1858 թ., գրքոյկից, երկրորդ, «Արք-եպիսկոպոս Խորէն Նար-բէյ Հայոց պատգամաւոր Պետերբուրգում» կենսագրական յօդուածից, որ տպագրուեց «Մշակ» լրագրի 1878 թուի 92 եւ 93 համարներում, թարգմանուելով , «Тифлис. вестник»-ից, եւ, երրորդ, «Խորէն Արեւ-եպիսկոպոս Նար-բէյ» յօդուածից, որ տպուեց «Արձագանք» լրագրի 1893 թուի 6 համարում, թարգմանուելով , «Ecհo Contemporain»-ից։