Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի Աղցմիքը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Թ.

Այն ժամանակ, երբ լոյս էր տեսնում Թէոդոսիայում Խալիբեան դպրոցի տպարանից Խորէնի «Վարդենիք»-ը, Նալբանդեանցը դատապարտուած առանձնութեան, իւր ամենանեղ, ամենադժուար օրերն էր անցկացնում Պետերբուրգում։ Սակայն ոչ այդ առանձնութիւնը, ոչ էլ այդ դժուար օրերն էին արգելք լինում Հայոց քանքարաւոր հրապարակախօսին հետաքրքրուելու իմանալու, թէ ինչ է կատարում հայ մտաւոր աշխարհում. նորա սրատես աչքերը թափանցում, հասնում էին եւ այդ հեռու հիւսիսից ամեն տեղ եւ ի նկատի առնում, կարդում, քննադատում էին ամեն մի երկ, որ դուրս էր գալիս հայ հեղինակների գրչից։ Նալբանդեանցը ստանում էր ամեն լեզուով գրուած, ամեն տեսակ գրքեր, կարդում էր, պարապում էր. լեզուաբանական եւ պատմագիտական հետազօտութիւններ էր անում, շարադրում էր եւ այդ միջոցով մի կողմից նա բաւականութիւն էր տալիս իւր հարցասիրութեան, միւս կողմից էլ մեղմացնում, աննկատելի էր դարձնում իւր միայնութեան տխուր, երկար օրերը։ Պահպանուել, մեր ձեռքն են հասել հանգուցեալի մի շարք վերին աստիճանի հետաքրքրական նամակները, գրուած ռուսերեն լեզուով եւ իւր եղբօր միջոցով ուղղուած բժիշկ Անանիա Սուլթանշահին, որոնց մէջ հայ գրականութեան այդ անխոնջ աշխատաւորը հաշիւ է տալիս իւր պարապմունքի, իւր մտածմունքների, իւր այս կամ այն գործի կամ խնդրի մասին ունեցած հայեացքների եւ կարդացած գրքերի մասին։

Թէեւ ոչ այդ նամակների եւ ոչ էլ նորա Պետերբուրգից գրած մեզ յայտնի միւս նամակների մեջ մենք չենք պատահում մի այնպիսի տեղեկութեան կամ ակնարկութեան, որից երեւէր, թէ նա այդ ժամանակները կարդացել է, եւ Խորէնի «Վարդենիք»-ը, բայց մենք հաստատ կարող ենք ասել, որ Վարդենիքը լոյս ընծայելուց յետոյ, իսկոյն հասել է Պետերբուրգ, եւ Նալբանդեանցը կարդացել եւ ուսումնասիրել է նորան։ Դորան ապացոյց կարող է համարուել հանգուցեալի «Աղցմիք» երկը [1], որ գրուած լինելով Վարդենիքի առթիւ եւ ընծայուած լինելով նորա հեղինակ Խորէն Գալֆայեանին, հէնց դոյն այդ ուսումնասիրութեան արդիւնքն է։ Որ «Աղցմիք»-ը գրուած է Վարդենիքի առթիւ եւ ընծայուած է Խորէնին, այդ երեւում է այն չորս տող ոտանաւոր ընծայականից կամ «Ուղերձից», որ գրուած է այդ գրուածքի սկզբում, յառաջաբանից առաջ.

 

«Որում Խորէն հանապազ

Լարակտուց եւ քնարին`

Վարդենեաց ոչինչ նիազ

Գողտրիկ անդրադարձութիւն»:

 

Իսկ որ «Աղցմիք»-ը գրուած է Պետերբուրգում, երբ Նալբանդեանց առանձնացած էր այնտեղ, այդ էլ երեւում է այն հանգամանքից, որ, նախ, Խորէնի Վարդենիքը լույս է ընծայուել 1863 թուին. ուրեմն եւ, Նալբանդեանցի առանձնացած կամ առանձնութեան մէջ եղած միջոցում, երկրորդ, նա Պետերբուրգից դուրս գալուց յետոյ, իւր հիւանդութեան սաստկանալու պատճառով, բացի նամակներից, այլեւս ոչինչ չի գրել։

«Աղցմիք»-ը Նալբանդեանցի մինչեւ վերջին ժամանակները կորած համարուած երկերից մեկն է, դորա մասին մենք մինչեւ վերջերս, բացի մի քանի հատ ու կտոր տեղեկութիւններից, ոչինչ չգիտէինք։ Մենք գիտէինք այն էլ միայն Ղազարոս Աղայեանցի «Իմ կեանքի գլխաւոր դէպքերը» գրուածքից, որ դուրս եղաւ «Մուրճ» ամսագրի 1893 թուականի համարներում, թէ «Աղցմիք»-ը գրաբառ բանաստեղծութիւնների մի հաւաքածու է եղել, որի մէջ նշանաւոր տեղ է բռնելիս եղել «Արկածք Ադամայ» խորագրով քերթուածը, որ եւ գլխէգլուխ բերան արած, սովորութիւն է ունեցել այստեղ ու այնտեղ արտասանել Մ. Բուդաղեանցը։ Գիտէինք նոյնպէս, դարձեալ Աղայեանցի նոյն գրուածքից, թէ «Արկածք»-ը հրաշալի գրաբառով է գրուած եղել եւ թէ նորա մէջ նկարագրուած է եղել բնականի կռիւն ունի անբնականի հետ —Ադամը կռուելիս է եղել հրեշտակի հետ, որ չի թոյլ տալիս եղել նորան սիրելու Եւային, հրաշալի է եղել նամանավանդ սիրահարուած Ադամի եւ Եւայի նկարագրութիւնը։

Սորանից երկու տարի առ աջ, 1900 թուին, մեզ յաջողեց, վերջապէս, մի օրինակ այդ գրուածքից ստանալ մեր Հաշտարխանցի բարեկամ պ. Մկրտիչ Պոպովից, որ իւր հերթով ընդօրինակել է դորան Հաշտարխանցի Եաղուբեան Տէր-Յարութիւն քահանայի ձերքում գտնուած օրինակից: Մեր բարեկամի կարծիքով, Տէր-Յարութիւնի ձեռքին եղած «Աղցմիք»-ի օրինակը, նայելով ձեռագրի հանգամանքներին, պէտք է որ հէնց հանգուցեալ Նալբանդեանցի իսկական ձեռագիրը լինի, թէեւ իւր, հեղինակի անունը եւ ազգանունը գրութեան թուականի հետ միասին քերուած, ջնջուած է ձեռագրի վերայից։ [2]

«Աղցմիք»-ի մեր ընդօրինակութիւնը բաղկացած է երեք մասից՝ վերոյիշեալ համառօտ ոտանաւոր «Ուղերձից», մի կարճ յառաջաբանից եւ բուն գրուածքից, որ իւր հերթով բաղկացած է (12) մանր բանաստեղծութիւններից եւ մի մեծ քերթուածից- պոէմայից։ Մանր բանաստեղծութիւնների ցանկը հետեւեալն է.

Ա Առաւօտուց.

Բ. Անցք.

Գ. Հրեշտակն աղօթից.

Դ. Տեղի տան տխրութիւնք.

Ե. Օրհնեալ լիցիս, քո՛յր

Զ. Մոգպաշտէն յազէ.

Է. Ոչ հանից արտաքս.

Ը. Հիմէն, ո՛վ կոյս

Թ. Այս է հանգիստ իմ

Ժ. Քերողն քերթող.

ԺԱ. Յիշեա զիս, .

ԺԲ. Կիկօռիկօ՜օ՜օ՜

 

Իսկ քերթուածը կրում է «Արկածք նախահօրն» խորագիրը, բաղկացած է 340 տողից եւ բաժանում է է երկու մասի՝ Ա եւ Բ։

Դոքա, այդ թէ մանր բանաստեղծութիւնները եւ թէ քերթուածը բոլորն էլ բացի մի երկուսից, պատկանում են քնարերգական բանաստեղծութեան այն ճիւղին, որ երգում է երկու սիրող սրտի սիրային յարաբերութիւնը, որ նկարագրում է կանացի գեղեցկութիւնը բնութեան հրաշալիքների հետ միասին։ Սիրահարական մասն այդ գրուածքի մէջ այն քան զօրեղ եւ աչքի ընկնելու տեղ է բռնում, որ շատ տեղ դա, կարելի է ասել, մօտենում է սիրահարական երգերի էրոտիքական տեսակին: Թէեւ այդ գրուածքի ամեն մի կտորից, ամեն մի երգից փչում է այն հոտը, ստացուում է այն համը, որ յատուկ է Նալբանդեանցի գրուածներին, թէեւ նորա ամեն մի մասի մէջ էլ երեւում է մտքի սոյն սրութիւնը, այն ոգեւորութիւնը, այն հումորը, այն ընթերցողի սիրտն իւր հետ կապելու կաշկանդելու յատկութիւնը, որ նորա գրական մեծ քանքարի յատկանիշն է, թէեւ, վերջապէս, դա իւր ամբողջութեմբ էլ իբրեւ գրական գործ մի արժանաւոր բան է, բայց դորա մէջ առանձնապէս արժանի է ուշադրութեան «Արկածք նախահօրն» քերթուածը, որ մի ամփոփ զուտ բանաստեղծական գործ է։ Նալբանդեանցը, ինչպէս յայտնի է, իւր գրական գործունէութեան ընթացքում բաւականաչափ ոտանաւոր բանաստեղծութիւններ է յօրինել, բայց դոցա մէջ շատ քչերը կան, որ յաջողել են, որ իսկական բանաստեղծութիւն են։ Այդ նորագիւտ «Արկածք»-ը գալիս է այժմ աւելացնելու, հանգուցեալի յաջողած սակաւաթիւ բանաստեղծութիւնների թիւը մի ընտիր բանաստեղծական կտորով. ափսոս միայն, որ դա, գրաբար լեզուով գրուած լինելու պատճառով, ժողովուրդը չի կարող շահուել դորանից։

«Արկածք»-ը, ճիշդ որ, ներկայացնում է մեզ բնականի մաքառումն անբնականի հետ, բնական հակումների, զգացումների մրցումը վերացականի, խորհրդաւորի հետ եւ առաջինի յաղթանակը վերջինի վերայ։ Դոյն իսկ գաղափարը, որ Նալբանդեանցը մանրամասնաբար եւ ընդարձակօրէն մշակել, զարգացրել ու արտայայտել է Արկածքի մէջ, նա իւր վերոյիշեալ մանր բանաստեղծութիւնների մէջ էլ գլխաւոր հիմք եւ մի էական մոտիւ է դարձրել։ Ամեն տեղ առաւելութիւն է տրուած բնութեան գեղեցկութեան, սիրող սրտերի միմեանց հպելու բնականութեան, ամեն տեղ զոհ է մատուցուած, դրուատիք է հիւսուած սիրող սրտերի սիրային հարաբերութեան, որ աղբիւր է կենդանութեան, որ մարդկութեան անսպառ եւ յարատեւ գոյութեան միակ առհաւատչեան եւ կեանքի ու կենդանութեան անընդհատ յարատեւելու միակ գրաւականն է: Թո՛ղ լռէ բարոյախօսը, որ կկամենայ իւր բարոյախօսական կեղծ ու պատիր խրատներով պատուար կանգնեցնել մարդկութեան այդ ամենաբնական հակումների դէմ, թո՛ղ լռէ «անսէր անկրօնը», որ ինքը սէր չունենալով, կամենում է, քարոզում է, որ ուրիշները եւս չունենան։ Մարդկութեան սէրն Աստուած ինքն է օրհնել եւ սրբագործել, ստեղծելով նորան այնպես, ինչպէս որ նա կայ, ուստի եւ. մարդը, ով մի չնչին որդն է Բարձրեալի վեհութեան առաջ, չպիտի ժպրհի արգելք լինելու իւր նմանների մէջ գործող այդ բնական, այդ աստուածադիր օրէնքին:

Այս հանգամանքի վերայ է ակնարկում Նալբանդեանցը, երբ նա նկարագրում է իր «Առաւօտուց» բանաստեղծութեան մէջ գեղեցիկ կուսին, որ առաւօտեան կանուխ քնից զարթնելով, իջնում է բուրաստանը եւ թիթեռնիկի նման ծաղկէ ծաղիկ թռչելով, ծաղիկ է ժողովում, փունջ է կապում, թրջելով իւր փափուկ մատերը վաղորդեան ցօղի մէջ.

«Զի՜ գեղեցիկ,

Զի ընդ առաջ յայգորել

Բերի յուշիկ,

Եւ զվարդունս համբուրել

Սիրատոչոր

Եւ սրտացեալ հրեշտակ, եւ ի բոսոր

Վառ ի կուսին պերճ գիտակ,

Համբոյրք խաղան...

Եւ ի վանդակս կրծոց

Սիրտք թռթռան

Բիւր երանի արդարոց:

Վճիտ ի սէր

Զոր ցանգ եւ գիր պատուիրէ ,

Հրեշտակն մեր

Սիրէ զկոյսն ի սրտէ։

Եւ ի ծաղկանց

Համասպրից թոյր ի թոյր,

Քնքուշ մատանց

Կազմեալ պսակ բազմաբիւր

Սրտացելոյն

Վառեն զճակատ եւ հնչէ 

Եղբօրորդւոյն

Քնար ւ՚աղանեակն զի՜ մնչէ…

Եւ ի թաւուտս

Սաղարթախիտս պարտիզկան

Ընդ առաւօտս.

Կանխեն ամոլք միաբան. -

«Ո պատմեսցէ

Զորոց սիրոյն հանեն ձօն»...

Մի՛ մեղիցէ

Նոցա՝ անսէրն անկրօն»։

 

Արդ հանգամանքի վերայ է ակնարկում նա, երբ իւր միւս «Տեղի տան տխրութիւնք» բանաստեղծութեան մէջ նկարագրելով երիտասարդի եւ կոյսի գրկախառնութիւնը վարդենու մօո, ցօղոտ դալարիների մէջ, հիացած աւելացնում է. -

 

«Քանի՜ վսեմ, զի վայելուչ, մեծ ես, Տէր,

Սիրոյդ ի շունչ որ զտիեզերս առլցեր. ՝

Եւ ժպիրհիցի ստգիւտ դնել ի գոծ քոյ

Որդն չնչին, բանիւ անդուռն բերանոյ»:

Յորդան կարմիր ի շրթանց լարս կուսանին

Ժպիտ փայլի, յայտս գոհար վարդք վառին,

Հաւատարիմ մնալ սակայն լռութեան…

Ես ի՞մ անդէն. եթէ ոչ սուրբ բնութեան։

 

Նոյն բնականութեան եւ բնական օրենքի յաղթութեան վերայ է, վերջապէս, ակնարկում նա, երբ իւր «Կիկօռիկօ՜օ՜օ՜» ոտանաւորի մէջ զաւէշտօրէն նկարագրում է որձակի եւ մարիի սիրային յարաբերութիւնը թուխս գալու նպատակով.

 

«Կուտ, կուտ, կուտ, կուտ, կուտ, կուտ»

Մարին կուտ կուտայ...

  Ծի՜փ, ծի՛վ, ծի՜փ, ծի՜փ,

Մինչ ես գամ ի Թուխս՝

Ծիփծիփեմ նմա...

Մարին գայ եւ գգուի

Սէր եռանդն, յիս բորբոքի:

«Գողացան զձուս,

Ո՜ տայր ինձ որդիս,

Յիս, որձակ, քաջ, լիս»։

Ասէ, եւ կուտակուտայ՝

Եւ անդէն իսկ գառանայ

Mary, գէթ զերկուս

Ունիմ ես զձուս,

Իցեն քեզ հերիք

Իմ այս երկուորիք.

«0, yes, please, vory qvod!»

Եւ ճեպն լեալ սորամուտ

«Կուտ, կուտ, կուտ, կուտ, կուղղ»,

Սարին կուտկուտայ

Յուռթի լիցի ուղխ.

Արբեալ ես ցնա։

Եւ ի ձայն բարձր ազդոյ

Հնչեմ զիմ կիկօռիկօ։

 

Սակայն, ճիշդ որ, «Արկածք նախահօրք», ինչպէս ասում է, Աղալեանցը, մի սիրուն, մի գրաւիչ բան է բովանդակութիւնը հետաքրքրական, գործողութեան տեղի եւ հանգամանքների պատկերացումը ճիշտ նկարագրութիւնը վառ, առաջին մարդու խօսակցութիւնը, զգացածը, մտածմունքը բնական: Նստած է Ադամ կենաց ծառի տակ, սրովբէներով շրջապատուած, եւ տխուր ու տրտում է նորա երեսը. «Եւ ինչու համար, ասում է, ես ստեղծուեցայ, ինչու համար է այս փափկութեան դրախտը, ինչու ես բոլոր արարածների վերայ տէր եւ իշխան կարգուեցայ, ինձ ինչ պէտք են եթերի լուսանnրոգ աստղները, ինչու համար են քերովբէների բանակը եւ երկանային զօրութիւնները, քանի որ այն փոքրիկ նաւակը, որ իմ սրտիս մայկոյկն է, անոյշ սիւք չունենալու պատճառով չի կարող առագաստել»։ Ասում է, եւ նորա աչքերը ցողում են մարգարիտ. այդ առաջին արցունքն էր, որ թափում էր մարդն այս տրտմութեան հովտում։ Եւ սերովբէն որ կանգնած էր նորա մօտ, իւր թեւով սրբելով նորա աչքերի ցողը եւ գգուելով ու սաւառնելով նորա չորս կողմը, եդեմայ բարբառով խօսում է նախահօր հետ։ «Մխիթարուիր, տէր Ադամ, ասում է նա, որ քո սրտին չտրուեց այն շարժական սիւքը, որի մասին խօսում ես, այդ միայն նորա համար էր, որ եթէ Տէրն այն բոցն ու կրակը փչէր, լցնէր քո սիրտը, դու այնուհետեւ իսպառ կկորցնէիր հոգուդ անդորրութիւնը, այն ժամանակ դու ում վերայ կթափէիր այն բոցն ու կրակի այրող շանթերը եւ դու կկարողանայիր արդեօք հանդուրժել, դիմանալ նորա ցոլմունքին, եւ ո՞վ կհոգար, կխնամէր քեզ, որն է այն էակը, որ ընդունակ լինէր ժողովել քո կայծակների ամպրոպը, շանթն ու փայլակը»։ «Եւ ինչու ունայն պատճառներ ես առաջ բերում, պատասխանում է Սերովբէին նախահայրը, դու բնաւ իսկ անզգայ ես համարում մարդուն. մի՞թէ Աստուծոյ ձեռքով ստեղծուած տիեզերքը, որի մէջ դրուեցայ ես, իմ աչքիս առաջը չէ, միթէ ինքն Եհովան չէ, որ ամեն օր արշալուսին երթեւեկելով այցելում ու ողջունում է ինձ, եւ մի՞թէ նա ինձ բաւական չէ: Ես զարմանում եմ քո անհանճար խօսքերիդ վերայ, Սերովբէ. քո կարծիքով, մարդու սիրտը դէպի ամեն մի վսեմ բան իսպառ qou է. մի՞թէ ես չեմ կարող այդ սիրով սիրել Տիրոջը կամ Նորա անվեհեր արարածներին, նորա ձեռքի գործերը՝ արեւը, լուսինը, աստղները, երեկոն, առաւօտը, զով, խաղաղ գիշերները , ցերեկուայ պարծառ լոյսը, չեմ կարող սիրել բոյս, տունկ, գեղանի եւ քնքոյշ ծաղիկը, թփի վերայ ճոխ յեռուած վարդերը, գարնան շուշանը. չեմ կարող սիրել կենդանիների ուրախ երամները, սոխակի անոյշ երգը, որով ուրախանում է համայն բնութիւնը: Դու մի առաջ տուր ինձ սէր, լցրու իմ սրտի ամայութիւնը, յետոյ դու կտեսնես կսայթաքի՞ բնաւ մարդու բնութիւնը։ Ես իմ սիրտը վայրաքաշ կրքերի չեմ ծառայեցնիլ. այդ բանի համար անսուտ խոստումն եմ տալիս»։ «Քաւ լիցի, տէր իմ Ադամ, կրկնում է Սերովբէն, դու բնաւ չպետք է շնչես այն բոցեղէն օդը, որին չի կարող դիմանալ մարդը», հեգնելով պատասխանում է Ադամ Սերովբէին, եւ նորա դէմքի վերայ մի վայրկեան խաղում է դժպիտի ժպիտը։ «Նա, որ ինքը մարդ չէ հողեղէն, ասում է նա, ի՜նչպես կարող է այդպէս ճանաչել մարդուն բնութիւնը, որտեղից է Սերովբէին այդ գիտութիւնը»: Սերովբէն յօժարութեամբ համբերում էր մարդու թերութիւններին, որովհետեւ Արարչից պատուէր ունէր նորա կամքին հնազանդելու: Այդ պատճառով էլ ամենեւին չվիրաւորուելով Ադամի դժպհելուց, սաւառնելով, դարձեալ թեւարկում է նորա չորս կողմը, ժպտում է եւ գգուում է: Բայց որովհետեւ Ադամը կատակով չէր, որ վշտանում էր սէր չունենալուց, այդ պատճառով էլ սերովբէն հանգիստ քուն է իջեցնում նորա աչքերին, եւ Ադամը զեփիւռի մեղմ հովանու տակ ննջում, քնում է, իսկ նորա չորս կողմը դրախտը հնչում է սոխակի քաղցր դայլայլիկով։

Սերովբէն շարժելով թեւերը, թռչում, սլանում է աստղների կաճառների միջից, սլանում է հրեղէն երկնակամարի վերայով եւ բարձրանում, հասնում է մինչեւ Արարչի Աթոռի սահմանները, ծխում է մարդու արտասունքը Տիրոջ սեղանի վերայ եւ հրաման է ստանում տալ մարդուն նորա ցանկացածը։ Վեցթեւեանը ծխած սեղանի վերայից ունելիքով առնում է սիրո բոցավառ կայծակը եւ իջնելով երկիր, ճենճերում է Ադամի անփորձ սիրտն, որ քաղցր քուն էր վայելում տակաւին կենաց ծառի ստուերի տակ։ Եւ այդ սիրով բոցավառ կրակի զօրութիւնն այնքան մեծ, այնքան զօրեղ է լինում, որ նախաստեղծին շրջապատող կենդանիների երամակները մինչեւ անգամ միայն տեսնելով այդ կայծակը, ինքեանք եւս մասնակից են լինում նորան, եւ զոյգ զոյգ լինելով, ցրուում, թագչում են մենաւոր վայրերում։ «Այժմ շտապիր, ասում է Սերովբէն քնի մէջ ընկղմուած Ադամին, իւր գործը կատարելուց յետոյ, աշխատիր մտօրէն նաւելու, որովհետեւ տիեզերասաստ հուրն ու բոցը լցրեց քո սրտի առագաստը, տեսնենք, այժմ կազատուի՞ քո մակուկիկը»։

Ադամ սէր զգալուց յետոյ, կամենում է ունենալ եւ մի ընկեր, եւ Տէրը ստեղծում է նորա համար կնոջը, միայն որ նա սիրէ նորան, այդ կնոջը վերին սիրով, ինչպէս որ խոստացել էր, եւ իւր սիրտն երկրային մեղկ ախտին չծառայեցնէ։ Եւ Ադամը դարձեալ կրկնում է իւր ուխտը՝ սիրել, վերին սիրով միայն սիրել Աստուած եւ նորա արարածներին։ Սակայն Սերովբէն, որ գիտէր մարդուս սրտի կազմուածքը, զարհուրելով նորա տուած խոստումից , ակնարկում է Ադամին ներումն խնդրելու, իւր տուած երդման համար, բայց նկատելով, որ նա դժկամակում է, թողնում, հեռանում է նորանից եւ բերում է նորա մօտ Եւային։

Եւ սկսուում է այնուհետեւ նախահօրը մէջ մի զօրեղ մաքառումն իւր տուած խօսքի եւ մարդկային բնութեան հակումների մէջ։ Լուսեղէն հարսնածուի բերած Եւան գեղեցիկ էր, իսկ մարդկային բնութիւնը թոյլ։ Հասկանալի է, ուրեմն, թէ այդ մաքառման մէջ, վերջապէս, ո՞վ պիտի պարտուէր եւ ի՞նչը պետք է լավ յաղթահարուէր։ Առաջին մարդու զօրեղ կամքը խորտակւում է կնոջ գեղեցկութեան հրաշալիքների առաջ, եւ կատարուում է բնութեան, սիրոյ առաջին պատարագը։ Մարդկութիւն ի դէմս Ադամ-Եւայի արտաքսուում է փափկութեան դրախտից եւ դատապարտւում է ապրելու փշերի ու տանջանքների աշխարհում, որտեղ մինչեւ ցայսօր էլ դեռ, թէեւ Մեսիան արդէն եկել է, Եւան ծնում է ցաւով եւ Ադամն իւր երեսի քրտինքով վաստակում է իւր աւուր պարէնը։

Գեղեցիկ է նամանաւանդ այդ քերթուածի այն կտորը, որի մէջ հեղինակը նկարագրում է հրեշտակի երկնքից նախահօրը սիրով կրակն իջեցնելու, հանգամանքը։

 

Թեւապարեալ սերովբէն

՚նդ աստեղոյ կաճառսս լանայր,

Եւ ընդ կամարն հրեղէն

Անցեալ ճեպէր համբառնայր,

Մինչ յաթոռոցն ի սահման

Ի քերուբից պարառեալ,

Արարչին կալ յանդիման,

Եւ Տէր՝ Աթոռն վերօրհնեալ:

Վեցթեւանն անդ երկոքումբք

Քօղեալ զդէմս պակուցեալ,

Զոտսն՝ ներքին այլ թեւովք

Իսկ միջնովքն թռուցեալ,

Ծխէ զմարդոյն արտասուս

Տեառն ի հոտ անուշից,

Հնչեն երկինք յալելուս

Համակ զօրութեանց երկնից:

Եւ հոտոտի Տէր ի խունկ,

Զոր արկանէր սերովբէն.

Բանին ականջք զգայունք

՚նդ երկնից մաղթանս համօրէն՝

Եւ աջն՝ հաւակ էութեանց

Ի վայր լերկիր կարկառի

Եւ առ. Ադամ մատուցեալ

Նստի լահեկէ կուսէ.

Եւ զարտաշէկն փայլակեալ

Ի նա մերձեցուցանէ,

Ծխի մարմնոյն փափուկ մորթ

Եւ ճենճերի սիրտ անփորձ,

Ծառանալ ծուխ ընդ ուղղորդ

Յերկինս ի վեր խառն  ընդ բոց»։

Եւ բարեխօսք ի շրթանց,

Զայս գէթ լսեն, թէ «տացի»

«Սուրբ, սուրբ , սուրբ ես,

Տէր, Որէն,

Լի են երկինք փառօք քովք»,

Նուագս յօրինէ Սերովբէն,

Եւ մատուցեալ, ունելեօք

Առնու զկայծակն բոցավառ,

Ի սեղանոյն ծխելոյ.

Եւ ի յերկիր ի խոնարհ

Անդրէն լինի փոյթ ուղւոյ

Ոչինչ գիտէմ մերս Ադամ,

Զի ի քուն կալ տակաւին,

Թող զ՚ի թօթափել ական

Յառաջագրեալքս կատարին

Տակաւ զնովաւ, կենաց ծառ՝

Արկեալ ի զով զիւր ստուեր,

Շնչոյն դիւրէր տուրեւառ.

Եւ սերովբէն հասանէր,

Որ զԱդամաւն կենդանեաց

Ընդ սոսկ տեսիլ կայծականն

Շրտուցեալ երամակաց,

Առնուն, ասեն, սիրոյ զմասն.

Եւ զկծեալ զոյգ ի զոյգ

Ամոլք խուսեն խայտուցեալ

Ի մենաւոր վայրս անփոյթ

Առ ինչ այդ չէ ասացեալ՝

 

Շատ սիրուն է եւ Ադամ-Եւայի սիրահարութեան եւ բնութեան յաղթութեան նկարագրութիւնը.

 

Թեւ ի թեւ էգ կուսութիւնք.

Սուրան գլին տագնապաւ

Եւ լուր լինի դատակնիք՝

«Անմեղութիւն, երթ բարեաւ»։

- Իսկ զի՞նչ հարսն, իսկ զինչ քոյր

«Ոհ, ցնցէին մկանունք,

Եւ խլրտէր եւ գելոյր

Եւ շողային վառ, աչկունք։

Մերթ ի գիրկս կուսական

Ճնշէր, պրկէր, մերթ թողոյր,

Մերթ շօշափէր նա զԱդամ,

Մերթ հիանայր, մերթ ուռնոյր.

Եւ թռչէին ի սրտէն

Թառանչք հեշտինք, եւ հոսէր

Բնութեան ի հոտ անուշից,

Եւ ամոլք գտան արտաքս

Ըստ գրգարանն հեշտալից,

Յաշխարհ փշոց, ուր Եւայ

Քիրտն ընդ կուրծս գետօրէն»…

Իսկ Ադա՜մ, «ինչ ո՛չ կասէր.

Էր երբեմն զի համբոյր

Կնքէր կուսին ի շրթունս,

Մերթ հատկլէր, զի ծփիւր,

Ճնշեալ զվարդադեղ պտկունս՝

Ուռուցելոց ըստ նռանց

Ստեանց, ՚ի փայլ ի գոյն ձեան,

Կրծովք իւրովք լուսազգեաց

- Եւ բա՜բէ երանութեան

Զի տարուբերս անդ, մարմաջ

Հեշտին՝ անօթն ընտրութեան

Զգայ... ՚ւ ՚ի մեղմ յոյժ աւաղ

Վարդի արհին բալասան...

Ամէն, եղեւ պատարագս՝

Ցարդ իսկ ցաւօք ծնանի,

Թէեւ եկեալ Մեսիայ,

Իսկ Ադամ, «Տակաւ քրտնի»:

 

Բայց հատուածներով դժուար է գաղափար տալ կամ կազմել այդ քերթուածի գեղեցկութեան մասին։ Պէտք է կարդալ դորան ամբողջովին. դա գեղեցիկ է իւր ամբողջութեամբ։

Մենք, որ այդ քերթուածն իւր ամբողջութեամբ կարդացինք ոչ թէ միայն երկիցս ու երիցս, այլ եւ ուսումնասիրեցինք դորա ամեն մի տողը, խոստովանում ենք որ հոգով եւ սրտով զգացինք այդ գեղեցկութիւնը Դորա հետ միասին մենք զգացինք մեր սրտում եւ մի ուրիշ բան, ոչ պակաս քաղցր եւ գեղեցիկ, քան թէ այն, որ մարդ զգում է մի նոր գեղարուեստական գրական երկ կարդալուց. մենք մտաբերեցինք ու վերանորոգեցինք մեր սրտում մի հին, անցած գնացած քաղցրութիւն, համարձակապես ասում ենք, մենք ստացանք այն համն ու հոտը, որ երբեմն ստացել էինք մի ուրիշ այդպիսի գրուածքից, աւելի հզօր գրչից արտադրուած, աւելի տաք սրտից բղխած, մենք յիշեցինք անմահ Միլտոնի «Կորուստ Դրախտին» [3] ։ Այո, Նալբանդեանցի «Արկածք նախահօրն» նմանում է անգլիացի մեծ բանաստեղծի դրախտերգակին։ Մենք հեռու ենք այն մտքից, որ կարծենք, թէ Նալբանդեանցը գրական փոխարինութիւն է արել, ոչ. ամբողջ նիւթը մշակուած է ինքնուրոյն, ինքնատիպ եղանակով, առանց մի տող փոխ առնելու, առանց մի որեւէ բանաստեղծական պատկեր մուրալու: Նմանողութիւնն ընդհանուր է. նման է պատմելու ձեւը. նկարագրելու եղանակը, նիւթի մշակութեան հանգամանքը, գաղափարը, նիւթր։ Անկասկած է, որ Նալբանդեանցը կարդացել եւ ուսումնասիրել է Կորուստ Դրախտին եւ նորա ազդեցութեան ներքոյ յօրինել է իւր քերթուածը [4]:

Միլտոնի գրուածքը, ի հարկէ, մի մեծ ամբողջութիւն է, որի մէջ հրաշալի պարզութեամբ պատմուած է Արարչի սքանչելի ստեղծագործութիւնը կեանքն ու մահը, լոյսն ու խաւարը, չարն ու բարին, մի խօսքով սկիզբն ու կատարածը իւր բոլոր մանրամասնութեամբ, նկարագրուած, յայտնուած է վիպասանօրէն, վառ պատկերներով ամենամեծ փիլիսոփայական գաղափարը, մարդու գոյութեան խորհուրդը, չարի եւ բարու, մաքառումը եւ փրկութեան յոյսը։ Նալբանդեանցն այդ չի արել եւ չէր էլ կարող անել, այդ վեր էր նորա բանաստեղծական շնորհից. դորա համար պէտք էր Միլտոնի հսկայական բանաստեղծական ձիրքը, քանքարը։ Նալբանդեանցը միայն առել է նիւթի մի մասը, մի փոքր կտորը, բայց ամենագլխաւորը, որ ծառայել է իբրեւ, ատաղձ, սաղմ եւ Միլտոնի համար, որ այդ սաղմը զարգացնելով, հիւսել է նորա չորս կողմը իւր անմահ վիպասանութիւնը։

Ծննդոց գիրքը պատմում է աշխարհիս եւ բոլոր արարածների ստեղծագործութիւնը զրոյցի պարզութեամբ եւ միամտութեամբ. նայի միջի այլոց, պատմում է եւ մարդու ստեղծագործութեան մասին, իբրեւ պսակ բոլոր արարածների: Երկնքի թագաւորը դնում նախաստեղծ մարդուն փափկության դրախտի մէջ եւ տալով նորան օգնական-կին, պատուիրում է տէր լինել համայն արարածների, օգտուել նոցանից եւ միայն ու միայն զգուշանալ մի բանից` չուտել ծառ գիտութեան բարւոյ եւ չարի պտղից, որը մահ չմտնի մարդու կեանքի մէջ։ Նախաստեղծն իւր բնութեան յատուկ թուլութեամբ չի կարողանում կատարել Արարչի այդ պատուէրը, եւ անմեղութեան կապանքը քակուում, վայր է ընկնում նորա աչքերից եւ նա ճանաչում է չարն ու բարին, որի համար եւ նա արտաքսւում է դրախտից ու, դատապարտւում է իւր քրտնքի աշխատանքով ապրելու, տքնելու: Ահա այն ատաղձը, սաղմը, որից օգտուել են անգլիացի բանաստեղծը եւ մեր Նալբանդեանցը։

Միլտոնը հրաշակերտել է իւր քրիստոնէական վիպասանութիւնը, ըստ ամենայնի, հաւատարիմ մնալով ծննդոց գրքի պատմութեան եւ Աստուածաշնչի վերայ կրթուած իւր հայրենակիցների այն հայեացքներին, որ նորա կազմել էին այդ նիւթի մասին: Դորանից, այդ հանգամանքից է առաջ եկել այն վերացականութիւնը, որ երեւում է «Կորուստ դրախտին»-ի մէջ, այն այլաբանական բնաւորութիւնը, որ կրում են կամ ունին նորա հերոսները Ադամը, Եւան, հրեշտակները, սատանաները եւ միւսները: Դորանից է առաջ եկել եւ հեղինակի բանաստեղծական թռիչքների այն սահմանափակումը, որ աչքի է ընկնում այդ գրուածքում ու զարմացնում նորա բանաստեղծական երեւակայութեան լայն թռիչքների ընտել ընթերցողներին, մի հանգամանք, որից ազատ են եղել Հոմերոսը եւ Դանտէն, որոնց դիւցազներգութիւնների իրականութիւնը եւ ամեն մի սահմանափակումից ազատ լինելը կազմում է հէնց նոցա ամենամեծ գեղեցկութիւնն ու գրակչականութիւնը։ Դորա փոխարեն Միլտոնի այդ գրուածքում հզօր է հովուերգական մասը. նուրբ վրձինով քաշուած է դրախտի գեղեցկութեան պատկերը, չնչիւն տողերով, քաղցր, սիրտ գրաւող լեզուով պատմուած է մարդկութեան առաջին զոյգի եդեմական սիրոյ երջանկութիւնը, նկարագրուած է նոցա անմեղութեան, սրբութեան օրերը նոցա շրջապատող բնութեան հրաշալիքների հետ միասին եւ նոցա վիշտն ու դառնութիւնը եւ դրախտից արտաքսուելու հանգամանքները։

Մի կատարեալ հրաշակերտ է նամանաւանդ առաջին երգը, որի մէջ բանաստեղծը նկարագրել է Արարչից պարտուած ու անդնդոց սանդարամետը գահավիժուած «սատանին», որ գոռոզացած ու ամբարտաւանացած իւր դոյն իսկ պարտութեամբ, հաւաքում, կազմում է իր ամբողջ սատանայական զօրութիւնը եւ սպառնալիք է կարդում դժոխքի խորքից երկնքին։ Միլտոնի Կորուստ դրախտին-ի հէնց այդ առաջին երգն է իւր մէջ ներկայացրած դիւականութեան գոռոզ պատկերով եւ բնաւորութեամբ, որը ծառայել է իբրեւ դեմոնականութեան սկզբնական աղբիւր անգլիացի միւս ոչ պակաս նշանաւոր բանաստեղծ Բայրոնին եւ բոլոր ռոմանտիքներին ընդհանրապէս։ Կորուստ դրախտին-ի ամենամեծ խորհուրդը պէտք է որոնել նորա երկնքի եւ դժոխքի մաքառման հրաշալի պատկերի մէջ. Միլտոնը կարողացել է ստեղծել սատանայի վեհագույն պատկերը, որի ազատ լինելու անպարագրելի եւ անհուն ձգտումն ու ցանկութիւնը հասցրել է նորան մեծագոյն չարութեան-ապստամբելու Արարչից եւ մաքառելու նոր դէմը [5] ։

Նալբանդեանցը դոյն նիւթից մի մեծ վէպ չի գրել, մի ամբողջ դիւցազներգութիւն չի յօրինել, այլ միայն մի փոքրիկ վէպիկ, մի սիրուն վիպական քերթուած։ Նա առաջին զույգի պատուիրանազանցութիւնն ու սիրային յարաբերութիւնն է նկարագրել, շեշտելով մարդկային բնաւորութեան թուլութեան, մարդու եւ կնոջ միմեանց սիրելու բնականութեան վերայ: Եւ այդ բոլորը- ոչ վերացական, երեւակայական պատկերներով, ինչպէս արել է Միլտոնը, այլ զուտ երկրային, իրական հանգամանքներով: Նալբանդեանցի Ադամ եւ Եւան ոչ մի այլաբանութիւն չունին. նոքա մարդ են մարդկային բոլոր պակասութիւններով ու առաւելութիւններով, նոքա ապրում, զգում, եւ ուզում են միմեանց սիրել, մինչեւ իսկ նորա սերովբէներն էլ օժտուած են իրականութեան հանգամանքներով։ Այդ կողմից ու տեսակէտից Նալբանդեանցն իւր այդ գրուածքով աւելի նմանում է Հոմերոսին, Դանտէին եւ միւս միջնադարեան դիւցազներգական վէպերի հեղինակներին, քան՝ թէ Միլտոնին։

Որ Ադամն ու Եւան պատժուել են իւրեանց պատուիրանազանցութեան համար, այդ հասկանալի է, որովհետեւ երկնային թագաւորը ստեղծելով եւ ամենամեծ բարի բները վայելելու տալով առաջին մարդուն, միայն մի բան էր պահանջել նորանից, որ նա չուտէ բարւոյ եւ չարի գիտութեան պտղից, իսկ նա չէր կատարել այդ պատուէրը։ Բայց թէ ինչ էր այդ ծառ գիտութեան բարւոյ եւ չարին, որի պտուղը «բարի էր ի կերակուր եւ հաճոյ աչաց հայելոյ եւ գեղեցիկ ի տեսանել», կամ թէ ինչ վնաս կար այն բանում, որ մարդկութիւնը ճանաչէր իւր չարն ու բարին ու կարողանար զգուշանալ չարից եւ միշտ բարի գործել, դոքա այնպիսի խնդիրներ են, որը լուծելու կամ մեկնելու համար մինչեւ ցայսօր գիտնականները շատ թանաք են սպառել, շատ գրիչ են կոտրել, բայց տակաւին չեն կարողացել վճռել։

Ս. գիրքն ու եկեղեցին, ասում են աստուածաբանները, ընդունում են կամքի ազատութիւնը, ուրեմն, մարդս ազատ էր. եթէ ուզենար, կարող էր նա չմեղանչել եւ պատուիրանազանց չգտնուել, եւ այն ժամանակ չէր վերանալ անմեղութիւնը, սրբութիւնը, չէր առաջ գալ չարի գոյութեան գիտակցութիւնը եւ մահն էլ չէր մտնիլ մարդկութեան կեանքի մէջ: Բարի է, հակաճառում են հակառակորդները, այն ժամանակ թող չստեղծէր, գոյութիւն չունենար չարը, իսկ եթէ սատանայի գոյութիւնն անհրաժեշտ էր մարդուս փորձելու համար, թո՛ղ մարդն էլ ստեղծուէր այնպիսի էութեամբ, որ բնութեան թուլութիւն չունենար, որ չմատնուէր, չենթարկուէր փորձանքի։ Եւ յետոյ, ինչո՞ւ մի զոյգի պատուիրանազանցութեան համար ամբողջ մարդկութիւնը պիտի դատապարտուէր մահուան, մի՞թէ ծնողների կատարած յանցանքն անցնում է նոցա սերնդի վերայ եւ որդիքը պատասխանատու են իւրեանց ծնողների արածների համար, եւ այլն եւ այլն: [6]

Ոչ ոք սակայն չի վիճում, որ մարդկութեան տրուած է հայր ու մայր լինելու յատկութիւնը, որից կախեալ է ծննդաբերութիւնը եւ մարդկային ցեղի աճելութիւնը: «Աճեցէք եւ բազմացարուք» - ահա՛ այն խօսքերը, որով Ստեղծողը մի անգամ ընդ միշտ սրբագործման եւ վաւերացման անքակտելի կնիք է դրել մարդկալին սիրոյ եւ զուգաւորութեան վերայ Նալբանդեանցը հէնց այդպես էլ հասկացել է առաջին զոյգի ստեղծուելու եւ գոյութեան խորհուրդը եւ իւր Ադամին դուրս է բերել կատարեայ մարդ, բայց բոլոր մարդկային թուլութիւններով։ Նալբանդեանցի Ադամը պատրաստ է եւ ուխտել է իսկ կատարելու Ստեղծողի պատուէրը, ուստի եւ խնդրում է սէր ոչ թէ նորան վայրաքարշ կրքերի ծառայեցնելու համար, այլ նորանով սիրելու Ստեղծողին եւ նորա արարածները, բայց նա թոյլ է իբրեւ մարդ, ուստի եւ չի կարողանում չմերձենալ արգելուած ծառին, որի պտուղներն այնքան ակնահաճոյ էին երեւում։ Ադամի, իբրեւ մարդու, այս թուլութիւնը գիտէ եւ Նալբանդեանցի սերովբէն, որ համոզում է նորան այդ բոցն ու կրակը չուզենալ, որովհետեւ նա թոյլ է, նա չի կարող դիմանալ սիրոյ կայծակներին, եւ, որ զլխաւորն է նա, համոզում է նորան չուխտել, երդում չտալ, այլ ներումն խնդրել Արարչից... Նալբանդեանի Ադամը զուրկ է երեւում եւ փրկութեան յոյսից, այն յոյսից, որ իբրեւ փարոսի առաջնորդող լոյս անցնում է Միլտոնի ամբողջ գրուածքի միջից եւ կազդուրրիչ ու սփոփիչ տպաւորութիւն է թողնում ընթերցողի վերայ։

 

Ըստ գրգարանն հեշտալից,

Հաշխարհ փշոց, ուր Եւայ

Ցարդ իսկ ցաւօք ծնանի,

Թէեւ եկեալ Միսիայ,

Իսկ Ադամ. տակաւ քրտնի»:

 

Ակներեւ է, որ Նալբանդեանցը պատկանել է հակառակորդների բանակին եւ աստուածաշնչական նիւթի վերայ նայել է բոլորովին ուրիշ, ներհակ տեսակետից, քան թէ Միլտոնը:



[1]     «Աղցքիք» բառը Հայկազան բառարանը մեկնում է այսպէս, «Աղցմի, Աղցմիք եաց, գ. այսինքն յաղուհացսն մի ասեր։ Այն են շարականք ի կարգի հարցիցն աղուհացից՝ յաւելեալք եւ պահեալք ի պէտս միջոցի ապայից եւ այլն։

[2]     Աղցմիքի մեր ընդօրինակութիւնը, բացի Աղցմիքից, ունի իւր մէջ եւ «Մամիկոնեան Մեծ Վահանի պատասխանը» եւ «Յիշենք»-ը «Հիւսիս» լրագրի դէմ։ Տետրակի առաջին թերթի առաջին երեսի վերայ գրուած է. «Գրուածք (ազգանունը քերած) Ս. Պ. Բուրգ՝ գործ հանգուցեալ Միքայէլ Նալբանդեանցի բանտարկութեան մէջ ընդդէմ Վարդենիքի անուամբ գրքոյկին Խորէնի Գալֆայեան Թէոդոսիա»։ (Երկրորդ թերթի առաջին երեսին գրուած է. վերը՝ «Աղցմիք». իսկ տակը Վոլտէրի հետեւեալ խօսքերը. «Nos prêtres ne sont point ce qu'en vain peuple pense, Notre crédulité fait toute leur science». Դոյն թերթի երկրորդ երեսին գրուած է Ժան-Ժակ Ռուսսօյի (Confession) հետեւեալ խօքերը «Le veux montrer à mes semblables un homme dans toute la vérité de la nature». Երրորդ թերթի առաջին երեսին` գրուած է, վերը՝ «Ուղերձ», տակը քառատող ընծայականը «Compte rendu!» խորագրով: Եւ, վերջապէս, «Առ ընթերցանելիս» վերնագրով յառաջաբանի վերը գրուած է Ժան Ժակ Ռուսսօյի Nouv. Heloise-ից առած խօսքերը. «Je ne veux pas passer pour meilleur que je ne suis» եւ Բեռանժէի, «Non mes amis, non, je ne veux rien êtrede mon berceau près de bénir la paille. En me créant, Dieu m'a dit ne sois rien»։

[3]     Միլտոնի «Կորուստ Դրախտին», երկու անգամ է թարգմանուած հայերէն առաջին անգամ արձակ թարգմանութեամբ եւ հեղինակի մասին կենսագրական տեղեկութեամբ 1824 թուին, երկրորդ անգամ անյանգ ոտանաւորով 1861 թուին, Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունու ձեռքով։

[4]     Միլտոնի Ադամը խօսում է Ռափայէլի հետ, Նալբանդեանցինը Սերովբէի հետ. Միլտոնի Ադամը սէր է խնդրում ուղղակի Արարչից, Նալբանդեանցինը –Սերովբէի միջնորդութեամբ, Միլտոնի, Ադամը բնութեամբ թոյլ է, ուստի եւ Ռափայելը Տիրոջ հրամանով խրատում ու համոզում է պինդ կենալ եւ չենթարկուել չարի փորձութեան, Նալբանդեանցինը կարօտում է Սերովբէի մխիթարանքին ու խրատին զգոյշ կենալու սիրոյ հրապոյրից. Միլտոնի Ռափայէլը վեցթեւեան է, Նալբանդեանցինը

      «Վեցթեւեանն անդ երկոքումբք

      Քօղեալ զդէմսն պակուցեալ,

      Զոտսն՝ ներքին այլ թեւովք,

      Իսկ միջնովքն թռուցեալ» եւ այլն եւ այլն:

[5]     Միլտոնի եւ նորա «Կորուստ դրախտին»-ի մասին տե՛ս Энциклопедический словарь Брокгауза, томъ ХІХ.

[6]     Կամքի ազատութեան կամ մարդուս անձնիշխանութեան եւ չարի ու սատանայի մասին շատ հետաքրքրական են Եզնիկ Կողբացու դատողութիւնները։ Մարդուն անձնիշխան լինելու մասին, օրինակի համար, նա մի տեղ ասում է. «Նա եւ զմարդոյ յիրաւի, ասեմք, կրել պատուհաս ընդ որոց գործիցէ քանզի կամաւ երթայ յուսումն այնպիսի իրաց, յորոց յորժամ եւ կամիցի՝ եւ մեկնել կարող է, քանզի եւ կամելոյն եւ չկամելոյն ունի, իշխանութիւն, զորոյ զհետ երթայ եւ կարելն զոր ինչ կամիցի առնել»։ Սատանայի մասին նա ասում է. «Զի զսատանայ մեր ոչ Աստուծոյ սատանայ եղեալ գիտեմք. այլ զսատան անուն՝ վասն խոտորելոյն էառ իւր անուն, քանզի սատանայ զեբրայեցւոց եւ Ասորւոց լեզուէ խոտորեալ թարգմանի. այլ զօրութիւն իմն զգայուն լաւութեանց հաստատեցաւ յԱստուծոյ, եւ ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյ՝ իւրն կամօք եղեւ բանսարկու. թողեալ զԱստուծոյ հպատակութիւն՝ սկսաւ անսաստել, եւ հակառակ կալ Աստուծոյ հրամանացն ուսուցանել մարդկան, եւ իբրեւ զապստամբ յետս կացեալ թիւրեցաւ յԱստուծոյ։ Եւ վկայ է բանիս աստուածական բարբառն, որ ապստամբ վիշապն կոչէ զնա՝ եթէ հրամանաւ սպան զապստամբ վիշապն: Եւ արդարեւ իսկ բանն Աստուած սպան զսատանայ, այնու զի կոխելոյն զնա ետ իշխանութիւն»: Չարի մասին ընդհանրապէս նա ասում է. «Եւ արդ սկիզբն չարեաց զնախանձն ասեմք, եւ զնախանձն յառաւել զմարդն տատուելոյ, եւ զչարիսն յանհնազանդութենէն. Զի Աստուած այնպէս առաւել զմարդն պատուեաց, եւ նորա անսաստեալ՝ զընկէց զպատուիրանն։ Ուստի զամենայն ինչ որ լինի չար, ոչ բնութեամբ չար գիտեմք, այլ զի առանց կամացն Աստուծոյ գործին իրք ինչ՝ լինին չար»։ Տես Եզնկայ վարդապետի Կողբացւոյ «Եղծ աղանդոց հեթանոսացն»: