Տոմսեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱՅԵՐԷՆԷ ՀԱՅԵՐԷՆ…
      
       Նարդունին կը շարունակէ թարգմանել…
       Ի՜նչ: - «Խորհրդային Հայաստան», եւ ուրիշ ինչ որ կը հրատարակուի կարմիր գիծէն ներս։
       Բայց հայերէն չէ՞ «Խորհրդային Հայաստանը»։
       Հայերէնէ հայերէն… Կարդացէք որեւէ էջ խմբագրական յօդուած, թարգմանութիւն, լուր թէ խորագիր։
       - «Յերկաթուղային տրանսպորտի լրտեսական դիվերսիոն կազմակերպության դատավարությունը։
       - «Հայմատառի դիրեկցիան թիւ 101 գրութեամբ դեռ Մարտ 9ին կարգադրել էր Ղարաքիլիսայի իր բաժանմունքին բաց թողնել Ստեփանավանի շրջանի «Ստալին-Շահումյան կոլտնտեսությանը յերկու վագոն շինափայտ՝ գոմաշինարարության համար»։
       - «Ղարաքիլիսայից գրում են վոր հակառակ Անդրյերկոմի պլենումի վորոշման, տեղական տնտեսության բաժինը Քաղկոոպին պատկանող շէնքն ապորինի կերպով վերցրել եւ հանձնել են ֆիզկուլտ կազմակերպությանը»։
       - «Շախմատի փոքր չանպիոնատի վերջնական արդիւնքները»։
       - «Դիլիջանի շրջանային բարդ ասորտիմենտի խանութի դիրեկտորի նամակը բոլոր շրջանային խանութների դիրեկտորներին ու գյուղկոոպների նախագահներին»։
       Շարք մըն ալ առանձին բառեր. -
       Զոտեխնիկ, կոնտինգենտ, զոռվետմասնագետներ, պոեզիա, լիրիկական, էնտուզիազմ, ֆանատիկոս, էֆեկտիվություն, տերիտորյալ, ոբյեկտ, մոբելիզացիա, ակտիվություն, կոնկրետ, տրոպիկական, տուբերկուլյոզային, կինոմատոկրաֆիա, կուլտուրա, հոնորար, որիգինալ, կոմպոզիտոր, դիվերտիսմենտային, եստրատային, սեանս, բրիգատային…
      
       Փնտռէ որքան կ’ուզես։ Նոյնիսկ աչքերդ գոց։
       Երեւակայեցէք ոչ միայն ընթերցողին, այլեւ գրաշարին վիճակը, եթէ հարկադրուէինք նոյնութեամբ արտատպել խորհրդային ո՛րեւէ հրատարակութիւն, զեկուցում կամ լուր։
       Տուած նմոյշներս շարած ատեն, գրաշար Արամը վեր վազեց եւ խոնարհաբար դիտել տուաւ.
       - Խորագիրը «հայերէնէ հայերէն» գրած էք, սխալ չէ՞. կարծեմ «չինարէնէ հայերէն» ըսել կ’ուզէք…
       Եկուր եւ համոզէ գրաշարը, «վորակյալ բանվոր», որպէսզի «թշնամական» դիրք չբռնէ Երեւանցիներուն դէմ։
       Ուրեմն, ստիպուած ենք խմբագիր մը յատկացնել, որպէսյի հայերէնէ հայերէն թարգմանէ խորհրդային հրատարակութիւնները, ինչպէս կ’ընենք «Թան»ի, «Թայմզ»ի, «Լոքալ Անցայկըր»ի կամ «Ճիւմհուրիէթ»ի համար։
       Այլապէս, վստահ եմ, որ ո՛չ իսկ աչքէ պիտի անցընէք Հայաստանի վերաբերեալ ո՛րեւէ լուր կամ զեկուցում, ինչքան ալ շահեկան ըլլայ։
       Փորձը կը տեսնեմ ամէն օր։ Ոեւէ մէկուն յանձնեցէք «Խորհրդային Հայաստան» մը, «Պրոլետար» մը կամ ուրիշ հրատարակութիւն, - հազիւ աչք մը նետած, մէկդի կը դնէ ջղագրգիռ։
      
       17 Փետր. 1935