Տոմսեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
«ՏԱՎՈՒԼ-ԶՈՒՌՆԱ»Ն ԱԼ ՄԱՏԱ՛Ղ
      
       Ո՞վ կ’ըսէ թէ միայն խարազանը կը շաչէ Խորհրդային աշխարհի մէջ, ահ ու սարսափի մատնելով նոյնիսկ այդ իշխանութեան հիմնադիրներն ու գործակալները։
       Խարազանին հետ զուգընթաց, «տավուլ- զուռնա»ն ալ կը թնդայ գոնէ Կովկասի եւ մասնաւորապէս Հայաստանի մէջ։
       Նոր տօն մը սարքուած է վերջերս, «ժողովրդական ստեղծագործութեան օլիմպիադ»ը, եւ ամէն օր նկարագրութիւններ, նոյնիսկ պատկերներ կ’երեւան Երեւանի թերթերուն մէջ։
       Ժողովուրդը կ’երգէ, կը պարէ, կը խաղայ, կը ցատկէ, «տավուլ-զուռնա»ն ալ առջեւը ձգած։
       Մասնաւոր աշխատակիցներ նշանակուած են, նկարագրելու համար այս ուրախութիւնը։ Շինարարական աշխատանք մըն ալ այս, քանի որ բանաստեղծ կ’արտադրէ։ Հասարակ բանուորներ, այր, կին, մանուկ, ուրախ եւ երջանիկ օրեր տեսնելով, անմիջապէս թուխսի կը նստին եւ կ’երգեն։ Ամէն օր երգեր կը հիւսեն, «ուղղուած ժողովուրդների իմաստուն հօրը, նրան որ կռեց ու կոփեց այս վսեմ երջանկութիւնը»։
       Ահա պատանի Պօղոսն ու Պետրոսը - երկուորեակ - իրենց նոր երգով . Հայաստան, 23 Մարտ). -
      
       Պողպատից ամուր ես, ազնիւ ղեկավար,
       Առողջութիւն քեզի, սիրելի Ստալին,
       Թող մեր կեանքը մատաղ երթայ քեզ համար,
       Ապրես, զուարթանաս, գովելի Ստալին։
       Մանկութիւնից անշեղ, դու քաջ ղեկավար,
       Սոցիալիզմն արել ես քեզի նպատակ,
       Գործով աջողակ ես ամէն ժամանակ,
       Բոլոր երկիրներում սիրելի Ստալին։
       Ցաւդ թող գայ մեզի, դուն ապրես շա՜տ, շա՜տ,
       Խելացի ղեկավար, մեր հայր հարազատ,
       Մենք Պօղոս Պետրոսն ենք, առողջ պատանիք,
       Առողջութիւն քեզի, գովելի Ստալին։
      
       Նորէն տղայ մըն է, որ կ’երգէ, քիչ մը աւելի գրական, քանի որ աշակերտ է (Արտաւազդ Գասպարեան, Ազիզբէկովի միջնակարգ վարժարանէն. Խ. Հայաստան, 24 Մարտ). -
      
       ՍՏԱԼԻՆԻՆ
      
       Մեր լեռնային աղբիւրների
       Կարկաչախինդ ջուրը քեզ,
       Ծաղկածիծաղ բլուրների
       Անմահական բոյրը քեզ։
       Մեր դաշտերի անծայրածիր
       Մով արտերի հուրը քեզ,
       Եւ անթառամ պարտէզների
       Բուրումնալից վարդը քեզ։
       Մեր սրտաբուխ երգիչների
       Սիրոյ անհուն երգը քեզ,
       Ժողովրդիս անվերջ ուրախ
       Եւ բոցավառ սիրտը քեզ։
      
       Երկիրը տուինք, իշխանութիւնը տուինք, հուր, ջուր, սէր, արեւ, լուսին, վարդ, «խալիչա¦ - բոլորը տուինք «ժողովուրդներու իմաստուն հօրը», - գոնէ «տավուլ-զուռնա»ն մեզի ձգէր, որպէսզի մեր գիտցածին պէս երգէինք…
      
       17 Ապրիլ 1937