Library

Abraham, Aghbatanetsi (of Aghbatan)

ԱԲՐԱՀԱՄ ԱՂԲԱԹԱՆԵՑԻՆ ԵՒ ԻՐ ԹՂԹԵՐԸ Աբրահամը ծնուել է Ռշտունիքի Աղբաթանիք գիւղում եւ եղել այդ գաւառի եպիսկոպոսը։ Կաթողիկոս է ընտրուել 607 թ. Դուինում տեղի ունեցած յայտնի ժողովում, որին մասնակցում էր նաեւ Պարսից Խոսրով Փարուէզ արքայից արքայի յատուկ ներկայացուցիչ (նուիրակ) Սմբատ Բագրատունին՝ Վրկանի մարզպանը։ Ուխտանէսի բնութագրմամբ՝ Աբրահամ կաթողիկոսը «էր այր հեզ եւ իմաստուն եւ երկիւղած, եւ բարի, եւ հաւատարիմ, եւ հաստատուն ի հաւատս ճշմարիտ, եւ նախանձախնդիր ուղղափառ հաւատոյ, եւ լի գիտութեամբ Տեառն» (Բ, էջ 62)։ Աբրահամը եռանդուն քայլեր է ձեռնարկել կայսրութեան տարածքում գտնուող թեմերը եւ Հայոց եկեղեցու գերագահութեան համակարգից («առաջինը հաւասարների մէջ») դուրս գալուն հակուած Վրաց եւ Աղուանից կաթողիկոսութիւնները երկաբնակութիւնից հետ վերադարձնելու համար՝ շարունակելով իր նախորդի՝ Մովսէս Եղիվարդեցու ջանքերը։ Նրա ջանքերն են արտացոլուած Ցուրտաւի Մովսէս եպիսկոպոսին եւ Վրաց Կիւրոն կաթողիկոսին ուղղուած՝ ստորեւ ներկայացուող Թղթերում։ Ի վերջոյ Աբրահամը համոզւում է, որ Կիւրոնն այլեւս դարձ չունի, ուստի ընդարձակ շրջաբերականով (Թուղթ Շրջագայական) դիմում է «ամենեցուն՝ կացելոց ընդ այսմ հովուական իշխանութեամբ», վրացիներին դիտել իբրեւ հոռոմների եւ «ամենեւիմբ մի հաղորդել ընդ նոսա»։