Anania Shirakatsi (of Shirak)
Անանիա Շիրակացին Է դարի նշանաւոր գիտնական է՝ մատենագիր եւ Հայաստանում բնական կամ ճշգրիտ գիտութիւնների հիմնադիրը. ապրել է շուրջ 610-690 թթ., կոչուել է նաեւ Շիրակուանցի, Շիրակունի, Անեցի, ծնուել է Շիրակ գաւառի Շիրակվան (Շիրակաւան՝ Երազգաւորս) կամ Անանիա (Անանք) գիւղաքաղաքում (ըստ երրորդ տեսակէտի՝ Անիում)։ Նրա կեանքի առաջին շրջանին վերաբերող տեղեկութիւնները պահպանուել են իր ինքնակենսագրական՝ Վասն որպիսութեան կենաց իւրոց գործի մէջ։ Նախնական կրթութիւն ստանալուց յետոյ Շիրակացին ութ տարի Տրապիզոնում աշակերտել է հայերէնագէտ յոյն իմաստասէր Տիւքիկոսին, նրանից սովորել համարողութեան արուեստ (մաթեմատիկա), աստղագիտութիւն, տոմարագիտութիւն եւ յարակից այլ գիտութիւններ, ապա վերադարձել է Հայաստան եւ հիմնել իր դպրոցը, որտեղ ուսուցանել եւ զարգացրել է նոյն գիտութիւնները։ Հայկական գիտական գրականութեան ամենակարկառուն գործիչներից է եւ, որպէս համարող (մաթեմատիկոս), աստղագէտ ու տոմարագէտ, մեծ հռչակ է ունեցել թէ՛ իր կեանքի օրօք եւ թէ՛ հետագայ դարերում։ Անաստաս կաթողիկոսը 665 թ. նրան յանձնարարել է հայկական տոմարի բարեկարգման, այսինքն՝ շարժական տոմարը անշարժի վերածելու խնդիրը, որ կաթողիկոսի մահուան (667 թ.) պատճառով մնացել է չիրագործուած։
Շիրակացու գրական ժառանգութեան մէջ նշանաւոր են Խոստումն աշակերտացն կամ Հրաման աշակերտացն խորագրով միաւորները, որոնք Յաղագս դար եւ կոճատ թուոց եւ Յաղագս վեցհազարեկի կոչուածների հետ միասին կազմում են հեղինակի թուաբանութեան դասագիրքը, որ իր ընդգրկմամբ եւ ամբողջականութեամբ այս տեսակի համաշխարհային գրականութեան մէջ հնագոյնն է։ Նրա մասը կամ շարունակութիւնն է համարւում Յաղագս հարցման եւ լուծմանը, որ թուաբանական խնդիրների ժողովածու է եւ բաղկացած է 24 յօդուածից։ Յաղագս կշռոց եւ չափուցը եւ Յաղագս ընթացից արեգական եւ համարոյ չափուցը (երկբայելի) չափագիտական արժէքաւոր սկզբնաղբիւրներ են։
Շիրակացուց մեզ հասած տոմարագիտական ժառանգութեան թանկագին յուշարձաններն են՝
Յաղագս Իննեւտասներեկի Լուսնի երկը, Լուսնացոյց աղիւսակը
ՇԼԲ. բոլորակը եւ
Ի Յայտնութիւն, Ի Զատիկ ճառերը։
Առ խոստացեալսն, Յաղագս կենդանատեսակաց, Վասն ընթացից արեգական ըստ կենդանատեսակացն եւ եօթն գօտեացն գործերը կազմում են Շիրակացու տիեզերագիտական աշխատութիւնների շարքը եւ, որպէս այդպիսիք, հայ մատենագրութեան թանկագին յուշարձաններ են։