Yeremia Chelepi Qeomurdjian
Քեօմիւրճեան ընտանիքը, Արեւելեան Հայաստանից գալով, հաստատուել է Դարանաղի գաւառի Խոճայից գիւղում: Ուսումնասիրողների կարծիքով Քեօմիւրճեան ընտանիքի նախահայրերը, նեղուելով ջալալիների ասպատակութիւններից, Գելիպոլիս են գաղթել Ակնից, կամ էլ Կամախի Ապուշտա գիւղից:
Երեմիա Քեօմիւրճեանը ծնուել է Գելիպոլսում 1637 թուականի մայիսի 12-ին. իր հօր՝ Տէր Մարտիրոսի եւ մօր Յուդիտայի անդրանիկ զաւակն էր։ Տէր Մարտիրոսը, որ Վլանկայի սուրբ Սարգիս եկեղեցու քահանան էր, ունէր 3 արու եւ 1 աղջիկ զաւակ` Երեմիա, Գէորգ (հօր մահից յետոյ՝ քահանայ), Կոմիտաս (հետագայում Սուլու Մանաստիրի Սուրբ Գեւորգ եկեղեցու աւագերէց), եւ դուստրը՝ Երինեկ (Իրենէ):
1651-ին Տէր Մարտիրոսը իր գրած Յիշատակարանի մէջ իր Երեմիա որդուն անուանում է «դպիր», ուստի երեւում է, որ Երեմիան, ըստ ժամանակի սովորութեան, եկեղեցական 4 աստիճանները ընդունել էր 12-13 տարեկան հասակում: Դրանով աւարտուեց Երեմիայի հոգեւորական դառնալու ցանկութիւնը, նա հրաժարուեց աւելի բարձր եկեղեցական կարգ ստանալ: Երեմիան, սական, մնալով աշխարհիկ մարդ` հաւատացեալ էր, եւ իր կեանքի ընթացքում բազմիցս միջամտեց եկեղեցական գործերին` պայքարելով եկեղեցականների անհարիր բարքերի դէմ:
13 տարեկան հասակում նա իր պապի՝ Ամբակումի հետ ուխտ է մեկնում Երուսաղէմ, նաեւ այնտեղ Փիլիպոս կաթողիկոսին հանդիպելու համար: Այս ուղեւորութիւնը տեւեց մօտ 1 տարի եւ աւարտուեց է 1650 թուականի մայիսի 27ին:
Երեմիան ունեցաւ երեք արու զաւակ՝ Գրիգորիս (աւազանի անունը՝ Ամբակում), Յովսէփ (մահացաւ 14 տարեկանում) եւ Մաղաքիա։
Պապի՝ Ամբակումի մահից յետոյ Երեմիային իր հովանաւորութեան տակ է վերցնում նշանաւոր վաճառական Աբրահամ (Ապրօ) Չելեբին: Երեմիան շատ վաղ տարիքում` մօտ 23-24 տարեկան հասակում արդեն խառնւում էր ազգային եւ եկեղեցական գործերին: Մահտեսի Ամբակումի եւ Ապրօ Չելեբիի միջոցով նա ծանօթացաւ շատ երեւելի մարդկանց հետ` ազգային եւ օտար գործիչների` Եղիազար կաթողիկոս, Մարտիրոս Ղրիմեցի պատրիարք, Փիլիպոս կաթողիկոս, Գրիգոր Պարոն-Տէր, Մարսիլյի եւ այլն:
Երեմիան, չափահաս դառնալով, ազգային գործերում միշտ հանդէս եկաւ յաշտարարի դերում: Նա կարեւորագոյն դեր ունեցաւ 1660-ականներին Հայ եկեղեցու մէջ առաջացած խզումը թոյլ չտալու, Եղիազար Այնթափցու Թուրքիայի հայոց կաթողիկոսութիւն հիմնելու ծրագրերը խափանելու եւ Հայոց կաթողիկոս Յակոբ Ջուղայեցուն սատարելու գործում։
1677-1678 թթ. Երեմիան Կ.Պոլսում հիմնեց տպարան ուր հրատարակեց մի քանի անուն գրքեր՝ «Գիրք որ ի մնացորդացն Յիսուս Որդւոյ գրոցն Տեառն Ներսիսի Կլայեցւոյ» գիրքը (1677 թուականի սեպտեմբերի 14, [Կ. Պոլիս], 96 էջ), «Տեղեաց Տնօրինականաց Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի» աշխատութիւնը (1687, [Կ. Պոլիս], 62 էջ) եւ այլն:
1685 թուականին Երեմիան, որդուն՝ Գրիգորիս վարդապետին տեսնելու համար ճանապարհւում է դէպի Էջմիածին: Դէպքերի բերումով որդուն չհանդիպելով, նա լինում է Արարատեան աշխարհում` Կարբիում, Օհանավանքում Անիում, Կարսում, Կարինում եւ այլուր: 1 տարի մնալով Արարատեան աշխարհում` նա վերադառնում է Կ.Պոլիս, ուր գտնում է ազգային եւ հոգեւոր գործերը աւելի խաթարուած: Նա որոշում է հեռանալ քաղաքական ասպարեզից եւ կեանքի վերջին տասնամեակը անցկացնում գրքերի մէջ:
Երեմիան մահանում է 1695 թուականին եւ թաղւում Կ.Պոլսում: Գերեզմանի տեղն անյայտ է: