Library

Nerses Bagrevandtsi

Ներսէս Բագրեւանդացին ծնուել է դարավերջին Բագրեւանդի Աշտարակ գիւղում, կաթողիկոսական աթոռը զբաղեցրել է 548-557 թթ.: Նրա գործունէութեան մէջ ներդաշնակուած են դիւանագէտի նրբատեսութիւնն ու Եկեղեցու ներքին կեանքով, դաւանական ինքնուրոյնութեամբ մտահոգ հովուապետի նախանձախնդրութիւնը: Այս յատկանիշները լաւագոյնս դրսեւորւում են այն քաղաքականութեամբ, որ վարում էր նա: Ներսէս Բ հայրապետն օգտագործում է այն դրական վերաբերմունքը, որ Պարսից արքունիքը, յանձին Խոսրով Անուշիրուան թագաւորի, տածում էր հակաբիւզանդական կողմնորոշում որդեգրած Հայոց եկեղեցու նկատմամբ: Ներսէս Բագրեւանդացու ջանքերով էր, որ պարսիկ նախարար Դենշապուհ Նիխորականի կողմից հայերի նկատմամբ իրականացուող կրօնափոխութեան կոշտ ընթացքը փոխարինուեց նորանշանակ Վշնասպ Վահրամի մեղմ քաղաքականութեամբ: Եկեղեցաքաղաքական յարաբերութիւններում նմանապէս Ներսէս Բագրեւանդացին կարողացաւ ճիշտ օգտագործել Պարսից արքունիքի դրական դիրքորոշումը Հայոց եկեղեցու հանդէպ: Ուժեղացնելով նեստորականութեան դէմ պայքարը՝ Ներսէս Բագրեւանդացի հայրապետը դաւանական հովանու տակ է վերցնում Հայոց եկեղեցուն դիմած ասորիներին եւ նրանց համար եպիսկոպոս ձեռնադրում Աբդիշոյին: Պատասխան Թղթում Ներսէս հայրապետը, Հայոց եկեղեցու ընդունած սկզբունքներին համերաշխ, ուղղափառ ու վաւերական է նկատում ասորիների հակասեւերեան եւ հականեստորական դաւանանքը՝ նրանց յորդորելով «հաստատուն ունել զնոյն ամենայն քաջութեամբ ոչ երկնչել ի սպառնալեաց նոցա» (նեստորականներին): Թերեւս առաջին անգամ լինելով՝ Թղթում յանձնարարւում է երից սրբասացութիւնը («խաչեցարիւ»): Ի մտի ունենալով այս Թղթի դաւանական կարեւորութիւնը՝ նրանից մի հատուած ներառնուած է Կնիք հաւատոյ ժողովածոյի մէջ: Նեստորականներից զգուշանալու կոչ-ահազանգ է հնչեցւում նաեւ Տեառն Ներսէսի հայոց կաթողիկոսի թուղթ մեղադրութեան առ եպիսկոպոսունս գրուածքում: Այստեղ արձանագրուած է, որ «վաճառաշահութեան» պատրուակով Հայաստան ներթափանցած նեստորականները, աշխուժանալով նոյնիսկ իրենց «առաջնորդ չեպիսկոպոս կարգեալ», ձգտում են հայերին շեղել իրենց ուղղափառ դաւանութիւնից: Ուստի եկեղեցաքաղաքական այս կարգավիճակի թելադրանքով 554 թ. Ներսէս Բագրեւանդացին գումարում է Դուինի երկրորդ ժողովը, որին մասնակցում են նաեւ ասորիները Աբդիշո եպիսկոպոսի գլխաւորութեամբ: Այստեղ ընդունուած Միաբանութեան ուխտի մէջ յիշատակւում են առաջին երեք տիեզերաժողովները, նզովքի են ենթարկւում նեստորականութիւնը, մծղնէութիւնը, եւ կարգադրւում է «ամենեւին մի վիճել ընդ նոսա հակառակաբանութեամբ, այղ հեռանալ ի նոցանէն՝ արդարեւ որպէս ի թշնամեաց Քրիստոսի Աստուծոյ»: Ժողովում սահմանւում են 37 բարենորոգչական կանոններ, որոնք վերաբերում են գլխաւորաբար քահանայական պաշտօնավարութեանը, եկեղեցի-հասարակութիւն յարաբերութեան կարգաւորմանը: