Վէրք Հայաստանի Ողբ Հայրենասիրի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԱՆԳԻ

1

Ինչպէս մէկ կատաղած վիշապ` երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մէկ տուտը Սեւանի հանդարտ ծովումը, մէկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված, մազերը քեալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն աւազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փընչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով` մէկ թեւն իր ծոցի, էն սեւ՛, մութն ու չանգը կոխած, խեւանդ-խեւանդ կտրատած փորն ու դօշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մէկ թեւն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւր կաքաւասարի տակիցը որ ական թօթափել դուս չի՛ պրծնում, վազում, ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խոնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վէմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով` վառված, կրակված աչքերը արնով լիքը, եալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրայ պրծած որ չի՛ գալիս ամեհի Ջանգին ու Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տուողին, մեր նախնեաց մաքուր գերեզմանները քանդողին, կործանողին, մեր նահատակաց սուրբ, անմեղ, արդար արինը թափողին, կխչորողին, մեր Աստուածաբնակ տաճարները, եկեղեցիքը աւերողին, ապականողին, մեր հօակապ թախտերը, քաղաքները խլողին, փչացնողին, մեր անճար, օրվան հացին կարօտ, եթիմ, ցրված, սասանած, գերի ընկած, յարամու, թշնամու ձեռին կոտորված, երկրէ-երկիր կորած, փչացած, խեղճ, անտէր ազգի տունը քանդողին, հողի հետ հաւասարողին` ու մեր չար յարամու բունը, անօրէն թշնամու տունը, մեր արինը խմողի թախտը, մեր աշխարքը քանդողի ամարաթը, նրա արինաշաղախ բերդը, նրա ոսկորաշէն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը` քանդի՛, տապալի՛ Փշրի՛, աւերի՛, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի՛, քարեքար, պատեպատ տա՛յ, հիմնատակ, բրիշակ անի՛, կլանի ու` նրանց միջի ըլողներին, դրսի, թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին` քշի՛, տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա-թիքայ, փառչա-փառչայ անի՛ ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի աղի արտասունքը սրբի՛, էրված, խորովված սիրտը հովացնի՛, զովացնի՛, մեր հազար տարվան թունալից, անբժշկելի եարեն կտրի՛, վերջացնի՛, որ հազարների, բիւրաւորների ցաւամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ-սաղ, դալար ու զվարթ` էս անգո՛ւթ ազգին, անողո՛րմ գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր տալիս, վերջացնում:

Գիշերվան մութը գետինն առած ժամանակին, որ մարդ իր շվաքիցն էլ սասանում, սարսափում ա, ու բազի դիւահալած, մահատագնապ անցաւոր` երեսին խաչ հանելով, Հաւատով խոստովանիմն ասելով, սրբոց, մարգարէից անունը տալով որ Զանգվի կարմնջի վրովը անց չի կենում ու Կոնդի չոր դարդուսը նի ըլում, սարսափը ջանն աոած, լեզուն բերնումը սառած, աջու կողմն` Երեւանու զարհուրելի բերդն ու թուրքի գեօռխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմն` գնդերը, ջաղացները, որ չեն ձորումը թխթխկացնում, չխչխկացնում, ու փոքր ինչ հեռու չանգը կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը` փոսումն ընկած, ձէնըները փորըները քցած, առաջին` Երեւանու Շհարը, տրտում, դառնավարամ սգի քօղն երեսին փռած, որ չե՛ն երեւում, հէնց իմանաս, բոլորն անդունդն ա գնում, բաթմիշ ըլում, քան մարդ բարձրանում ա, վեր ըլում, ու հեռըւանց որ արթուն շները տների կտրներիցը չեն վնգվնգում, օռնում, հաչում, ղշղրու տալիս, էլի ձէնները փորըները քցում, բարակ ձգում, զլում ու քթերիցը իրանց տխուր, սարսափելի կոնգոռնալը դուս թողում, նվում, -որ սուր սուր սարերի, թափեքանց գլխներիցը, տակըներիցը սովամահ գիլանը ֆորսի հոտն առած, փրփրած, անկուշտ բողազներն ու ռխըները չե՛ն բան քցում, ոռնում, շան պէս կոնձկոնձում, որ նրանց խաբեն, մօտ գան, ներս մտնին` կամ իրանց գզգզեն, պատառեն, խեղդեն, դաղըթմիշ անեն, կամ մէկ անմեղ գառն, մէկ կաթնակեր, ճամփեն մոլորած, տունը կորցրած ֆորթ, կամ մէկ նախրիցը ետ ընկած, քուչում կամ քարի տակի կուչ էկած արդար կով, կամ առըխ եաբու, կամ ծնած ղսրաղ, կամ մէկ բէզարած, իրան համար հանգիստ, խաթրջամ նստած արոճող ոչխար գտնեն ու լափեն, կամ մէկ շատ բանացրած, հալից իսպառ ընկած, տիրոջիցը խռոված, տանից դուս արած, էստեղ-էնտեղ չոր-չօփ, ծերը սուր փուշ կրծելով, ծամելով, ղոթուր անկաջները թափեթաւ, տալով, իր սեւ օրիցը բէզարած, ձէոք վերցրած, անատամ, անպոչ, անլեզու, հայվան` մէկ խղճալի է՛շ, պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունգ-ծլունգ ըլին, ջահէլութիւնը միտքը քցեն, որ մէկ քէֆը բացվի, սազը քօքի, ու յետոյ իրանք իրանց բանը տեսնին, մաքրազարդեն: Սրանց սոսկալի ձէնի հետ էլ որ ձորերի միջիցը, քարափների արանքներիցը, ապառաժների գլխներիցը, բաշերիցը, թփերի, քոլերի տակերիցը, դզերիցը, չօլերիցը, բներիցը մէկ կատաղած արջ կամ խորամանկ աղուէս, կամ վախլուկ չախկալ, կամ մէկ ամեհի քաֆթառ, կամ գլխիցը ձեռք վերցրած ալապաստրակ իրանց սոսկալի, զարզանդելի ձէներն իրար չեն խառնում, գոռում, մոռում, բըռռում, մնկմնկում, ճնկճնկում, ճչում, խառանչում, բառանչում, բղղում, ճղղում, կամ անքուն աքլորները իրանց տիրոջը կամենալով արթուն պահպանիլ լեղապատառ, սասանահար վախտ-բեվախտ որ չեն թրպըրտում, թեւըները թափեթափ տալիս ու ճղլանի ձէնները նեղ բողազներիցը` մէկ խոր ձորից, մէկ փոսից, մէկ բաշից եա կտրից հանում, կանչում, անկաջ դնում, էլ ետ ծղրտալով կանչում, կամ հիմիկ ռսի սալդաթը, էն ժամանակը թուրքի ղարաւուլ սարվազը, ինչպէս գերեզմանիցը նոր դուս էկած, դիւանոնց ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սարն առաջին հանած, մահապարտ մեղաւորի պէս որ ուզում ըլին` հոգին հանեն, թէ բերանը բաց անի եա ծպտայ, սեւամորթ փափախը խոր, քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր, կամաց, սուս, փուս ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ արշտոտալով մէկ մութը պուճախից կամ մէկ բուդկի տակից որ գլուխը չի՛ հանում ու խուլ, խոր, զարհուրելի, փորն ընկած ձէնով «սլու-շա՜յէ՜ կամ «խաբար-դա՜՜ր, սար-հե՜-սա՜բէ՜ գոռում, կանչում, որ քամին մէկ կողմից, բուքն ու բորեազը միւս դեհից, ինչպէս կատաղած դահիճ, սրարձակ ղամշով, մաթրախով, թօփով, մզրախով` սարերի գլխըներիցը, ձորերի միջիցն թօ՛զ, աւա՛զ, հո՛ղ, ա՛ղբ, զիբի՛լ առաջն արած` փոսերիցը հանում, պատեպատ չի՛ տալիս, գետնիցը պոկում, քարափին խփում ու` ծառերը ջարդելով, խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մէկ ճուղք միւս ճղքի, մէկ պատ միւս պատի, մէկ տախտակ միւսին չի՛ սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, զրխկզրխկացնում, մէկ էս քարափին քարով բռնցքում, մէկ էն սարի գլխին դմբզում, բամբաչում, զրխկացնում, թրխկացնում ու մէկ կիտուկ հող, աւազ` շունչդ քաշելիս կամ աչքդ բանալիս, էրկու ձեռով բերանդ ու բաց քիթդ չի՛ խցկում, լցնում, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում, աչքերդ խաւարացնում ու անկաջիդ տակին թօփի գիւլլի պէս կամ սուր նետի նման վզվզալով, դզդզալով ետ դառնում շուտով, երեսիդ Էնպէս խփում, որ աչքերդ մթնած` կեծակին են տալիս, ու դու տեղնուտեղդ չե՛ս շշմում, շշկլում, թմբըրում, սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում, ու աներեւոյթ թշնամիդ էլ ետ ձին չափ քցած, էլ ետ հրեղէն բոցով որ չի՛ սարերի, ձորերի ջանին ղաստ անում, հասնում, թակում, մեյդանը բաց անում ու` թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում, դռնչում, գլուխը թափեթափ տալիս, նայում, ձէնը կտրում, որ աչքդ կիրացած, ջանդ սասանահար, խելքդ թռած` յանկարծ, ինչպէս մէկ խոր քնից, գլուխդ ահիւ, սասանմամբ չե՛ս բարձրացնում, առաջըդ քցում ու` ամէն մէկ խորից, փոսից, ամէն մէկ ճեղքից, մութը արանքից էս կողմն, Էն կողմն` հէոու տեղերից, ծառերի տակից, բաղերի միջից, սարերի գլխից, զանգվի ղրաղներիցը ծիրանի փետի չաղ ալաւը, կրակի վառ բոցը հրեղէն ձողու պէս վռվռալով, խաւար գիշերը թրի պէս ճղելով, սեւ մութը, թանձրամած ծուխը, պէծն ու վառ կայծակը վերըւեր չե՛ն խփում, ձորերն ու երկինքը կրակում ու` խաւարը կոխած սեւ խոռոչների, բերանները բաց էրերի, օձի պէս ոլորված ճեղքերի, քաջքի պէս ճոլոլակ էլած, չանգըները դես ու դէն քցած, մազերը խճճված, ծամերը կախ ընկած, դօշ ու ծիծ ետ ճոթռած` բարձր ծառերի, դիւի պէս երեսը դէմ տված կանգնած, անահ, անվախ, սուր, ցից, իրար վրայ թինկը տված, երես-երեսի դրած, բերան-բերնի խփած, խաւարադէմ ծոցըները բաց արած, ատամները սրած զարհուրելի քարափների սոսկալի սֆաթները չե՛ն բաց անում ու էլ ետ խփում, ու էլի` խելքը ցնդած, ընկնաւորի (թուլացկոտ) պէս շատ թրպրտալուց, ծեծվելուց, դես ու դէն գլորվելուց, ղրճտացնելուց, ղնջռտացնելուց յետոյ իրանց-իրանց էլ ետ աչքըները չեն խփում, տազ անում, անշունչ, անսաս մնում, դադարում:

Ու է՛ս հադաղին, է՛ս սարսափելի սհաթին, որ բազի վախտ էլ երկինքը իր ալեկոծութիւնը չի՛ սկսում, սարերը ջարդում, ամպերը տրաքացնում, կեծակի լախտին աշխարքի չորս կողմի գլխին վեր հատում, փշուր-փշուր անում, ու Զանգին, սարսափելի Զանգին էլ որ մէկ կողմից չի՛ գոռում, մռնչում ու թուլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալի՛ս թօզ, դուման անում, բառանչում, ու քամու վզվզոցը, երկնքի տրաքոցը, քարափի ճռճռոցը, սարերի դրմբդրմբոցը, ձորերի դրնգդրնգոցը, ծառերի խշխշոցը, էրերի խռնչոցը, դնգերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքոցը, շների, գիլանոնց, արջերի, ղարաւուլների, աքլորների ծղրտալը, ճչալը, ծվալը, բառանչիլը, խառանչիլը, վնգվնգոցը, կոնձկոնձալը, ճնկճնկալը իր ահագին ձէնի հետ չի՛ խառնում, ոլորում, փորը քաշում, էլ ետ, մէկ րոպէից յետոյ, հազար կողմերով դուս փչում, ցանում ու սարերի, ձորերի, քարափների բերանը էլ ետ լեզու դնում, էլ ետ շունչ տալիս, որ իր քաղցր ձէնը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քէֆն արամիշ անեն, պար գան, ծափ, ծիկայ տան, ծղրտան, ղիժինա քցեն, քէֆ անեն, խնդան, ցնծան, էս հադաղին, որ աստուած ո՛չ շհանց տայ, մէկ անծանօթ անցաւոր որ Կոնդի դուզը չի՛ նի ըլում եա Ապրանքափոսիցը վեր գալիս, որ Զանգվի վրովն անց կենայ, աչքը շաղվում ա, գլուխը շվարում, ու հէնց իմանում ա, թէ մէկ ահագին սար վրէն փուլ Էկաւ: էլ ո՛չ աոաջն ա տեսնում, ո՛չ ետեւը: Քարացած, փետացած` մնում ա տեղնուտեղը սառած, ցցված: Ինչպէս երազում` մէկ հեռու, խոր տեղից մէկ խուլ ղղրդոց անկաջդ ընկնի, ու հէնց իմանաս, թէ երկինք, արեգակ, լուսին, աստղեր իրարոցով դիպան, փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին ու գռգռալով, գոռռգոռալով, պատռելով, պատռվելով վեր թափեցին, ու` անդո՛ւնդ, դժոխք, արքայութիւն, տարտարոս, հրեշտակք, դիվանք, սերովբէք, քերովբէք, Սադայել, Սադանայել, սասանած, սփրթնած` հրեղէն սրով, բոցեղէն թրով, ամպով, կայծակով թօթափում են, վեր ընկնում, որ աշխարհս վերջացնեն ու յետին դատաստանի տեղը պատրաստեն, որ Աթոռ աստուածութեանը իջանի, բազմի ու անիրաւ մարդիցը հեսաբ պահանջի, որ հէնց իմանում ա, թէ աշխարքն իրն ա, ինչ ուզենայ, է՛ն պէտք է անի, էսպէս ա ողորմելի անցաւորի հոգին ու սիրտը խառնվում, երկրից երկինքը գնում, իր վախճանը տեսնում ու արեան քրտինքը երեսիցը` մեղայ, ասելով, իր մեղքն յիշելով սրբում, երբ աչքի առաջին կամ Քանաքեռ ա բացվում, կամ Նորագեղի դուզը:

2

էսպէս մէկ սարսափելի գիշեր էր, որ Ապովենց Յարութիւնը` Քանաքռու ազնվական անձանց մէկը, Ապրանքափոսիցը դուս էկաւ, մտաւ իրանց մենծ իգին, տեսաւ կատեպանները (բաղմանչի) բոլոր քնած են, էլ ղիմիշ չարաւ, որ նրանց վեր կացնի, ինքը, քեահլան ձին տակին, ասեց` մէկ Գորգոչանը դիպչի եա բանդը գնայ, տեսնի, թէ ջուրն ընչի՞ չի՛ գալիս: Մութն էնպէս էր գետինն առել, որ մատդ կը ռխէիր մարդի աչքը, չէ՛ր իմանալ: Բայց բոլոր քարերն էլ, որ բերանները բաց անէին, նրան չէի՛ն կարող վախացնիլ, է՛ն աներկիւղ սիրտն ունէր մեր քաջ հայազգին: Թուրք ու հայ էսօր էլ կասեն, թէ նրա ո՛չ սրտին, ո՛չ լեզվին սարն էլ չի՛ դիմանալ: Բաղերի գլխովը տվեց մեր սրտոտ իգիթն ու հասաւ Գորգոչանի գլուխը, ջրի բաժանվելու տեղն էս էր: Տեսաւ, որ էստեղ էլ ա ջուրը պակաս: Հէնց Վերի եկեղեցու գլխովը պտտեց, որ մէկ բանդին հասնի, ջուրը կապի, աչքը որ ետեւը չքցեց, մնաց տեղնուտեղը սառած: Չէ՛ր գիտում, թէ ի՞նչ տեղ ա: Ուզում էր ետ դառնայ, սիրտը չէ՛ր տալիս, ամօթ էր համարում իր գլխին. ձիուն էր զօռ անում, ձին անկաջները խլշացնում, փընչացնում էր, ետ վազում: Չորս կողմը բոլոր մութն ու խաւարը կոխել էր, բայց եկեղեցու գլուխը արեգակի պէս փայլում, ճաճանչում էր:

Սո՛ւրբ Մարիամ Աստուածածին, քեզ եմ կանչել, ասեց բարեպաշտ հայազգին, ձիուցը վեր էկաւ, մէկ ղրաղ տեղ կապեց, ու երեսին խաչակնքելով` մտաւ գերեզմանատունը: Աստուած ձեր հոգին լուսաւորի, ա՜յ արդար ննջեցեալք, ասեց ու մտաւ ժամի հայաթը:

Քանի Քանաքռու աստղը ծռվել, հազար հարուստ տանիցը քառասուն տուն էին մնացել ու էն էլ աղքատ, ողորմելի, օրէն հացին կարօտ, էս սուրբ եկեղեցին էլ մնացել էր ամայի: Տարենը մի անգամ էին էնտեղ ժամ ասում, էն էլ սուրբ Ասաւածածնի տօնին: էստուր համար դուռ ու հայաթ բաց էր մնացել: Հէնց մէկ քանի ծունր դրեց, էրեսին խաչ հանեց ու ուզում էր, որ սեղանն էլ համբուրի, գնայ իր բանը, էնպէս գիտես, թէ թեւիցը քաշեցին: էնպէս որ սառած, կանգնած մնաց ո՛չ, յանկարծ մէկ երեխի ձէն ընկաւ անկաջովը: Կարծում էր, թէ երազ ա տեսածը, եա միտքն ա իրան խաբում: Մի քիչ էլ որ անկաջ դրեց, մէկ ուրիշ ձէն էլ ընկաւ անկաջը, ու պարզ լսում էր, որ մէկ երեխայ` ձէնը փորն ընկած, հեկեկում էր:

Նանի՛ ջան, նանի՛. ա՛խր մի աչքդ էլա բա՛ց, ա՜յ քո չարը տանիմ: Մեզ ո՞ւր բերիր էստեղ, էս մեռելները հօ մեզ կուտեն, մեր ճարն ո՞վ կըլի, որ դու էլ քնում ես, աչքդ չե՛ս բաց անում: Վե՛ր կաց, գնա՛նք տուն, քանի՞ լաց ըլիս, քանի՞, մեր ափուն հօ կորել չի՞, էլ ետ կը գայ, ի՞նչ էս էդքան սուգ անում: Մեզ թաղի՛ր, նանի՛ ջան, մեզ մորթի՛ր, ջուրն ածի՛ր. մեզ հարամին կը գայ, կը տանի, մեզ ի՞նչ կանէս էս չօլումը: Նանի՛ ջան, նանի՛. Էդ սիրո՛ւն երեսիդ ղուրբան, ընչի՞ չես մէկ խօսք էլա ասում, ախր քո երեխեքը չե՞նք, ի՞նչ արինք, որ էդպէս մեզանից նեղացար: էլ քո սիրտը չե՛նք կոտրիլ, քո հոգուն մատաղ, թաք ըլի մեզ սիրես, մեզ պահես, մեզանից էլ չխռովիս:

Ա՜խ, էնպէս զարհուրելի սհաթին ո՞ւմ անկաջն էս ձէնն ընկնի, որ սիրտը չտրորվի, չխորովվի: Նազլուն էր, ա՜յ իմ սիրելի կարդացող, էս մերը, որ երեխեքը սուգ էին անում: Թէ դու էլ սիրտ ունիս, չե՛ս ասիլ, թէ շինովի ա էս պատմութիւնը:

Սէրը՛, սուրբ սէրը՛, որ բալասանի պէս կենդանացնում ա մարդի սիրտը, ու թրի պէս կտրատում, սէրը՛, ի՞նչ ասես, որ չանի: Ի՞նչ կրակ կարայ անսէր սիրտը տաքացնիլ. Ի՞նչ ջուր կարայ սիրով վառված հոգին դինջացնիլ, հանգցնիլ: Սիրով վիրաւորված սիրտը ո՛չ հողից կը վախենայ, ո՛չ գողից, ո՛յ չ ահ գիտէ, ո՛յ չ վախ. ո՛չ սրից երեսը կը դարձնի, ո՛չ ջրից: Քանի շատ ա սէրը, էնքան քաղցր ա տանջանքը: Սէրին ի՞նչ կը դիմանայ, որ մահից վախենայ: Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պէ ցցվում, քաշած շունչդ էլ ա քեզ կրակ դառնում, էրում, փոթոթում, քո մարմինը քեզ գերեզման դառնում, քո սիրտը` քեզ դժոխք, քո աչքը` քեզ արեան ծով, քո ձէնը` քեզ ամպ ու որոտումն, մրրիկ, փոթորիկ, բաս Նազլուն կարո՞ղ էր առանց Աղասուն կենալ, ասած խօսքը, նրա հետ կապած ուխտը չկատարի՜լ: Ճշմարիտ, սիրողի մեծ մուրազն հէնց էն ա, որ իր սիրելու խաթէր մեռնի. Նազլուի սիրելին էր հողումը, է՛ն թագաւոր տէրը, է՛ն աշխարքի աչքի լիսը, բաս նա կարո՞ղ էր, առանց նրան, աչքը բաց ու խուփ անի՞լ կամ մեռած, գնացած շունչը երկար քաշի՞լ: Գլուխը դրել էր գերեզմանի վրայ, երեխեքն առել դօշի տակը, լիսն էկել էր, չորս կողմը բռնել, բայց ողորմած երկինքը դեռ չէ՛ր կամեցել նրա սուրբ հոգին առնի, ընչանք էն անմեղ էրեխեքանցը մէկ տէր լիս կընկնէր: Նա էլ հօ գլխըներին կանգնած էր: Մէկ ախի՜ց աւելի էլ ոչի՛նչ չիմացաւ էս էկողը: Երանի՜ էն գերեզմանին, որ Էսպէս կը սիրեն: Երանի՜ Էն հողին, որ երկու սիրելու մարմինը Էսպէս իստակ, անարատ կը տանի, կը պահի, որ աստուծոյ առաջին պարզէրես դուս գան, մեր երկիրն էլ, որ երկնքի քիրն ա, մեր հոգին էլ, որ աստուծոյ սուրբ պատկերը:

Նազլուն էլ գնաց, Աղասին էլ, նրանց էրեխեքանց տէրն էլ աստուած հասցրեց, աստուած կը թողա՞յ, որ իր որդիքը կորչի՞ն: Մենք էլ մէկ օր կերթանք, մե՛նք էլ, ա՜յ իմ սիրելի հայրենակիցք. Ասա՛, որ Աղասու գերեզմանն էսօր քո աչքիդ առաջին էլ ըլի, դու չե՞ս ա՜խ քաշիլ, ողորմի տալ ու մտքումդ ասիլ. «ի՞նչ կըլէր, ես էլ քո ընկերների մէկն էի էլել, իմ Հայրենիքը սիրել, իմ ազգին լաւութիւն արել, որ ինձ էլ էսպէս սիրէին, իմ անունն էլ էսպէս աշխարքի միջումը փայլերէ:

Գանձ ու հարստութիւն, պատիւ ու նշան, իշխանութիւն ու մեծութիւն մինչեւ գերեզմանի ղրաղն են մեզ հետ ընկեր եւ ո՛չ բարեկամ: Սառը պատանը երբ որ աչքդ փակեց, էդ հոգելից աչքին ղուրբան, ա՜յ իմ Հայկայ ազնիւ զաւակ, տխուր զանգակը երբ որ քեզ ժամը տարաւ, քո պայծառ երեսը երբ որ մահվան դեղնութիւնն առաւ, քո անոշ լեզուն երբ որ փետացաւ, սիրուն արեւդ երբ որ մեր մտաւ, գագաղդ` գերեզմանը, մարմինդ` հողը, հոգիդ երկինքը գնացին, դինջացան, Էն սգաւորքն էլ կը դինջանան, որ քո խաթէր իրանց սպանում էին, ու նրանք էլ որ մեռնին, խունկն ու մոմն էլ վրիցդ կը պակսի, ժամ-պատարագն էլ: Կարելի ա, որ Էն քո վրայ անսիրտ, անջիգեար ման Էկողների, խնդացողների շատը նրանք են, որ հացդ ուտելիս, բարութիւնդ վայելելիս քո սաղ վախտը ուզում էին ոտդ համբուրեն: Աշխարքն Էսպէս ա: Քո գործքը՛, քո գործքը՛ միայն քո անունը կը պահեն: Հայրենասիրութիւնը միայն քո յիշատակը կտօնի, ազգասիրութիւնը` քո արածը կենդանի կը պահի, քեզ սրբի տեղ պաշտիլ կը տայ: Հայրենեաց հողը քո անգին ոսկերքը, քո սուրբ գերեզմանը ամէն անց կենողի առաջին կը կանգնացնի ու մատով ցոյց կը տայ.

Թէ ուզում ես քեզ էլ Էսպէս սիրեմ, գգվեմ, դու էլ ինձ սիրի, ինձ պայծառացրու` ի՛մ սիրելի որդեակ:

Աղասու սուգն արինք, պրծանք, ա՜խ, նրա պէս հայազգի յիշատակը, նրա պէս աննման հսկայի պատմութիւնը ե՞ս չպէտք է գրէի: Երանի՜ էն սհաթին, որ մէկ ազնիւ հայի ծնունդ իմ անպիտան լեզվի վրայ բարկանայ, իմ անպիտան գրութիւնը դէն քցի ու ինքը նորէն էնպէս գրի մեր քաջ հայերի պատմութիւնը, որ լսող-կարդացող վառվի, բորբոքի, զարմանայ, հիանայ ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպէս Պետրարքինը, մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի: Սէրն էր, որ ինձ համարձակութիւն տվեց, որ գրեցի, թո՛ղ կարդացողը պակասութիւնս երեսովս չտայ:

Գնա՛նք մէկ Զանգուի ղրաղն էլ, մէկ մեր սուրբ Զանգին էլ տեսնի՛նք, մէկ նրա ձորն էլ օրով տեսնի՛նք, չունքի գիշեր էր, որ վրովն անց կացանք, գիշերվան տեսածն ու ցերեկվանը մէկ չի՛ ըլիլ. մէկ էլ մեր սուրբ Հայրենեաց Հողը մտնինք, յետոյ ձեռ-ձեռի տա՛նք, սիրտ-սրտի, իրար գրկե՛նք, դօշ-դոշի տա՛նք, ու որ արտասունքը մեր աչքը կալնի, ցաւն ու կսկիծը մեր բերանը փակի, սար ու ձոր մեր ձէնը խլեն, ու թէ մէկսումէկս երկնքումն ըլի, միւսը` գետնքումը, ո՛ր լուսնի տակին որ կանգնի, ո՛ր աստղին որ նայի, ո՛ր ծովի ղրաղին նստի, ո՛ր սարի գլխով անց կենայ, աչքը երկինքը քցի, ձէնը` փորը, ու առաջին ախը՜, առաջին կաթը, որ թափի կամ բերնիցը դուս գայ, է՛ն ըլի, որ ասի.

Բարեկա՛մ, բարեկա՛մ, դու գնացիր, ես մնացի, ասած խօսքդ գետինը չի՛ քցեցի, Հայրենեաց սէրը միշտ սրտումս ունիմ, Հայրենեաց ուղուրին կեանքս ետ եմ դրել: Չի՛ դարդ անես, չի՛ ցաւիս, ինձ յիշես, կարողութիւն խնդրես:

3

Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛: Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձէնը լսելիս, քո սուրբ ջուրը բերան առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զօրավար ափների ղրաղին, քո սիպտակ, լուսաթաթախ փրփրի տակին, քո պարկեշտ Մամբռու ափին, քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկների միջին, քո Էդ տրտում, դառնավարան լացի, բօթի, սգի ձէնն առնելիս, քո սիրուն աչքերի աղի արտասունքը տեսնելիս բաս ի՞նչ կըլէր, որ քո բախտաւոր, վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած մեծազն, քաջազօր, աշխարհասասան, անյաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառոյց թագաւորաց, մեծազօր, քաջաբազուկ հսկայից, տարաբախտ, վատաբախտ, թշվառացեալ, գերեվարեալ. տատանեալ, տարտամեալ, զուրկ, թափուր, սրախողխող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորոյս, տնանկ, սգաւոր, աղքատ, չքաւոր որդիքը ու թոռունքը մէկ միտք անէին, գլխըներին վա՜յ տայի, իրանց սեւ օրը լաց ըլէին, թէ ո՞վ քեզ առաջ` ուրախ ձայնիւ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայեաց աչօք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիւ ողջոյն տվեց, քո համն առաւ, «քո լեզուդ ծծեց, քո ջուրը խմեց», քո ծաղկըներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, որ քաղցրահամ պտղըները ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին Էկաւ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը ողջագուրելով, խանդազատելով քաղեց, «ծոցը դրեց», ու պերճ դիմոք, վսեմ ծանրութեամբ իր քաջ բազուկը վրեդ մեկնելով, տարածելով ու` իշխանական զօրութեամբ, խորհրդածու ուշիմութեամբ էդ սուրբ ափներիդ, էդ ազնիւ ձորերիդ, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալեացդ երկա՜ր հիացեալ, ապշեալ մնալով` խրոխտ ձայնիւ, հզօր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբէական լեզուով գոչեաց.

Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետեւ նազելի՛ բնակարան:

Այս քա՛ջ բազուկ, այս լայնալի՛ճ աղեղն, այս նետ երեքթեւեա՛ն, այս կուրծ քաջակո՛ւռ, ամո՛ւր, այս աշխարհասասա՛ն, անընկճելի՛, անվանելի՛ հսկայից սիրագումա՛ր դասք, քե՛զ լիցին եայսմհետէ պահապա՛ն, պաշտպա՛ն` սխրալի՛դ իմ Հրազդան: Ցնծա՛յ, զվարճացի՛ր, բերկրէա՛ց, փարթամացի՛ր, հրճուէա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան: Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից ուռճասցի՛ն, ծաղկասցի՛ն. Ընձխղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարաւորս, սերմանիս բիւրաւորս` ի կերակուր իմ սերընդոց, ի ցնծութիւն իմ զաւակաց, ի վայելչութիւն իմ ազանց դիւցազանց: Իմ տո՛հմք ժառանգեսցե՛ն եայսմհետէ զայս դաշտ երկնատիպ, իմ շառաւի՛ղք եղիցի՛ն քեզ թշնամայա՛ղթ խնդակիցք: Այս լերի՛նք երկնամբարձք եղիցի՛ն իմ պատվարք մշտահաստատք. այս դաշտավա՛յր չքնաղադէմ` իմ քաղցր օթեւան: Քո ձո՛ր ծաղկածին` իմ նազելի զբօսարա՛ն: Իմ անուն կնքեսցէ՛, դրոշմեսցէ՛ զայս մաքուր, վայելչագեղ սահման, զի ո՛չ գտի երբէք ի բոլոր ուղիս, յերկարատեւ չուս իմ բացական` սմա յանգունատիպ տեղի եարանման, սա՛ կոչեսցի՛ այժմ եւ յայսմհետէ, մինչեւ, ցօրն յաւիտենակա՛ն` Հայաստա՛ն...

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի՛ իմ Զանգի՛. սի՛րտ իմ մորմոքի, աղի՛ք իմ գալարին, ոսկե՛րք իմ քստմնին, ո՛ւշ իմ աղմկի, հոգի՛ իմ բորբոքի. Տվայտի՛մ ի ցաւս, վարանիմ ի ծուփս, հառաչե՛մ լալով, հայցե՛մ ողբալով, ա՛ռ զիմ արտասուս, տո՛ւր ինձ սփոփ, յոյս: Քանի՜ցս, քանի՜ցս կանգնեալ ի վերայ ահեղատեսիլ քարաժայռից քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի` զմայլեալ, ապշեալ, մերթ եւս զարհուրեալ, սասանեալ յահեղ-գեղեցիկ դէմս քո զայրագին, ահիւ, սարսափմամբ, կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ խնդութեամբ, ցնծութեամբ եալիս քո կայտռէի, այժմ թանձր հառաչք եւ թախիծք «հոգետանջք»` կուտակեալք ի մրրկայոյզ, վարանեալ սրտէս, առ քե՛զ համբառնան, առ քե՛զ գոչեն, ի քե՛զ մեռանին, ի քե՛զ կարկամին:

Զանգի՛, Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ, կաթնահա՛մ ստինք մօր իմոյ սիրելւոյ եւ գորովագութ ծնողի` Մեծինն Հայաստանի: Ու՞ր ձեր տիեզերատուն անո՛ւն, ո՞ւր այն ոսկեղէն դա՛րք, ո՞ւր դիւցազանց բո՛յլք, ո՞ւր հսկայից կաճա՛ռք, ո՞ւր աթոռանի՛ստք, ո՞ւր քաղաքք, ամբարտա՛կք, «ուր» բրգունք, ապարանք, կրկէսք երկնահրոսք, տաճարք պանծալի՛ք, շէնք զվարճալիք` որք զձէօքն պնդագոյն զօդիւ, հզօր ձեռամբք, ամուր բազկօք, քնքուշ սրտիւ, խանդակաթ սիրով, գորովաժպիտ դիմօք պաշարեալ, պատեալ` խանդաղատէի՛նն, փարէի՛նն, ողջագուրէի՛նն, փաղաքշէի՛նն եւ գիրկս արկեալ զանուշահամ, երկնատի՛պ ձերովք լանջօք` համբուրէի՛նն զնոսայ ի համբոյր սրբութեան, ի նշան սիրո՛յ մշտական, ի ջերմեռանդն ուխտ մտերմութեան, հարազատութեան:

Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մասի՛ս, Ալագեա՛զ.
Դեռ կանգնիք անմռո՛ւնչ,
Դեռ հայիք անշշո՛ւնջ:
Գնայք միամիտ, հոսէք ի մեր հովի՛տ,
Սպառնայք ամպո՛ց, խիզախէք ձորո՛ց,
Վարսագեղ ալէօ՛ք, կատաղի դիմօ՛ք,
Ոմն ձիւնափա՛յլ, ոմն արծաթափա՛յլ,
Ոմն ի փողփողիւն, ոմն ի փրփրիւն,
Ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին,
Ոմն ի ձիւնեայ պսակ, ոմն ի ծաղկանց թագ`
Յարշալոյսին տես, լուսնին ի պայծառ, հեզ
Ողջունէք միմեա՛նց, համբոյր տայք շրթանց
Ձեր սուրբ ստորոտաց` խնկածին դաշտաց
Հայկազա՛նց վայրեաց, «սուրբ անդաստանաց»:
Երկիր` աւերա՛կ, դաշտք մեր` անբնա՛կ,
Անսի՛րտք, անողո՛րմք` հի՞մ եղէք վկայք
Կորստէան ազգի՛, աւերման դաշտի՛
Չքնա՛ղ քաղաքաց, հզօ՛ր իշխանաց,
Որոց զարմ եւ ճիոյ ի ձեռս թշնամեաց,
Ի բանտ, դառն եօճիր, անօրէն ազգաց
Զոհ եղէն ի սուր, մտին ի բոց, հուր,
Թողին զմեզ ի սուգ, յարեան արտասուք,
Վտարիլ յայլ աշխարհ, զսուրբ Հայրենեաց վայր,
Սգալ, ողբերգել, կոծել, հեծեծել
Ի հեռուստ աչօք` արտասուօք մաշեալ,
Աղէկէզ սրտիւ, կարօտով մեռեալ:
Զանգի՛, Զանգի՛, քա՛ղցր իմ Զանգի՛.
Ի քոյդ հայեցեալ անեօղդողդ ճակա՛տ,
Վառէինն ի զէնս հսկայք քաջամարտ.
Հայկազեան տոհմի ընտիր պատանեակք
Զքօ ալիս տեսեալ ահեղ-աղուորակ,
Մղէին ի մարտ, վանել քաջայաղթ,
Զինակո՛ւռ բազկաւ, տիգօք, ասպարաւ,
Ապեղա՛մբք վառեալք, զրահիւ՛ք զարդարեալք`
Զբելայն գունդ ահեղ սրոյ մատնեալ ի զոհ.
Ելին յասպարէզ, թշնամեաց ետուն գրոհ.
Ոսկեթել վարսիւք, դաբնեայ պսակօք,
Պսակեալ զիւրէանց գլուխ անվախճան փառօք,
Ճեմեալ յերկնից խումբս` զվերինն վայելեն
Զկէանս անտրտում, յերկրի կանգնելով
Զանմահից անուն «գրաւեալ անձանց»`
Ի դարըս անանց, անհոլով ամաց:
Զանգի՛, Զանգի՛, հրաշագե՛ղդ «իմէ Զանգի.
Դու զքոյդ սուրբ նախանձ տակաւին տածես,
Դու ահե՛ղ թնդմամբ տակաւին հերքես,
Դղրդաս յարձակմամբ, մեծաձայն գոչես.
«Ելէ՛ք, Հայկազեան սերո՛ւնդք քաջազունք,
Առէ՛ք զէն, զասպա՛ր` զաւա՛կք բարեսնո՛ւնդք.
Հարէ՛ք, փշրեցէ՛ք զթշնամեաց ձեր գունդ,
Տո՛ւր հոգի հոգւոյ, թիկն ընդ թիկուն,
Ջախջախեսցի՛ թող գազա՛նն նկուն.
Ռուսիա՛յ հզօ՛ր բազուկ եղիցի՛ ձեզ նիգն,
Նմա՛ զոհ լինիլ լիցի՛ ձեր միշտ ճիգն:
Վօլգա՛յ` իմ մեծ քեռ, ես եւ՛ իմ քոյր Երասխ
Համբո՛յր մատուսցուք ի Կասպեան կոհակ:
Նա զիւ՛ր բարութիւն, ես զի՛մ խեռութիւն
Ի մի մեր մօր ծոց ընդ միմեանս խառնեսցուք:
Ես զի՛մ Սեւանայ օրհնութեան մաղթանս,
Ես զի՛մ սուրբ Մասսայ ողջոյն հայրական
Տարա՛յց, մատուցից սիրելւոյն իմ քեռ,
Բերի՛ց ձեզ զողջոյն նորա աւետաբեր:
Ո՛չ ես խղճալի օրիօրդս էի պարտ,
Զի չր թշնամին եմուտ ի մեր դաշտ,
Այլ քոյրս զառամեալ` հին աւուրցն Արազ,
Թո՛յլ ետ նոցայ գալ` բռնի, ինքնահաս:
Տեսեա՛լ զծերունի սկեսրայր իմ Մասիս`
Ծածկեմ զիմ գլուխ, փակեմ զիմ երես,
Զի մի՛ ալեւորն աղու, ձիւնահեր,
Յալիս հասակի լիցի՛ դառնաւէր:
Թէ քոյր իմ Երասխ անհաշտ բնութեամբ
Ո՛չ տայ խղճալւոյն հանգիստ եւ դադար.
ճեղքէ, պատառէ զոտս նորա ցայտմամբ,
Ե՛ս պարտիմ զայս վէրս փարատել իսպառ:
Իմ չե՛ն բայց այդ շնորհք, զի դաշտք, անդաստանք
Ետուն զիս կոչել` Զանգի ոսկեհանք,
Այլ սուրբ Սեւանայ, հօր Լուսաւորչի`
Որոյ արդար նշխարք աստ իմ առաջի
Կան եւ պահպանեն, օրհնեն, խնամեն
Զիմ անզօր ձեռաց զարդիւնս, որք աստ են:
Բացէ՛ք զճակատ ձեր, ցնծացէ՛ք յամայր,
Իմ քաղցր Վօլգայ քոյր հոգայ միշտ զծեր ճար:
Ես զի՛մ մտերմութիւն ցուցից նմա համակ,
Նա զիւ՛ր քաղցրութիւն տացէ՛ ձեզ, որդեա՛կք:
Այս կա՛պ անխզուն, այս սէ՛ր սրբազան
Մնասցէ՛ ի մէջ մեր ի կեանս եաւիտէան:
Դո՛ւք զօրացարու՜ք, որդի՛ք Արամէան,
Եղերո՛ւք ընդ միմեանս սիրով միաբան.
Սէր, խաղաղութիւն պահեն զամենայն
Զազգս եւ զազինս ի բարօրութեան: