Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

21. ԽՈՍՔ ԹԵ ԳՈՐԾ

Մենք հայերս բացառություն չենք կազմում ուրիշ հասարակություններից:

Ամեն հասարակություն, որ նոր է սկսում կանոնավոր կերպով զարգանալ, նախ եւ առաջ արդյունաբերում է խոսքի մարդիկ եւ այնուհետեւ՝ գործի մարդիկ…

Խոսքն է, որ միշտ եղել է եւ միշտ կլինի գործի առաջնորդողը, գործի կարապետը:

Մենք դեռեւս զարգացման այն ստոր աստիճանի վրա ենք կանգնած, մեր ամբոխը դեռեւս այն աստիճան թմրած, քնած դրության մեջ է, որ գործը դեռ չէ ներգործում նրա վրա, այլ նախ եւ առաջ խոսքով պետք է զարթեցնել նրա քնած ուժերը, խթանել, գրգռել, դրդել, արթնացնել նրան…

Հայոց տարրին, նրա ամբողջ պատմության մեջ, միշտ մի բան պակաս էր, եւ այդ գուցե այն պատճառով, որ հայությունը միակերպ տարրից է բաղկացած… Հայոց ոգուն, հայոց բնավորությանը, հայոց տարրին մի նոր կյանք, մի թարմ ուժ տալու համար գուցե հարկավոր կլիներ, որ հայերը խառնվեին ուրիշ ազգությունների հետ, իհարկե  առանց կորցնելու իրանց ազգությունը եւ մայրենի լեզուն:

Հայերին, ասում ենք միշտ մի բան պակաս էր՝ հայը չուներ երբեք բանաստեղծություն, չուներ նույնպես քարոզչի, առաքյալի բնավորություն, բայց միեւնույն ժամանակ ուներ գիտնական ծանր, դրական գրականություն, ուներ միշտ փիլիսոփայական ոգի, որ ստեղծեց ճոխ պատմական եւ աստվածաբանական գրականությունը…

Եվ այդ գրականությանը միշտ պակաս էր ժողովրդական ուժ, ժողովրդի վրա ազդելու ընդունակություն… Հայը չէ ժողովրդացնում իր գիտեցածը, չէ ներգործում ինչպես հարկն է իր ամբոխի վրա… նա այդ շնորհը չունի…

Հայության մեջ նոր են սկսում, գուցե տասը, տասնեւհինգ տարի, երեւան գալ այնպիսի ձեռնարկություններ, ինչպես լրագրություն, թատրոն, ուսումնարաններ, դասախոսություններ, որոնք նպատակ  ունեն խոսքի միջոցով առաջ մղել ազգը, զարթեցնել նրան խոսքի միջոցով եւ ավելի ընդունակ անել նրան՝ մտավոր եւ բարոյական պաշարը ստանալուց հետո՝ բարվոքել իր նյութական, տնտեսական եւ հասարակական դրությունը…

Կյանքի մեջ պատերազմելու համար հարկավոր է լավ զինավորված լինել, հարկավոր է ձեռքում զենք ունենալ, իսկ այդ զենքը, մի ազգի համար նրա մտավոր եւ բարոյական կրթությունն է:

Բայց ինչո՞վ է ստացվում, ինչո՞վ է ձեռք բերվում այդ կրթու-   թյունը, խոսքի միջոցով:

Այո, մեզ հարկավոր են գործնական մարդիկ, բայց գործնական մարդիկ առանց խոսքի, միմիայն գործի մարդիկ անհասանելի, անմատչելի, անհասկանալի են մի թմրած ժողովրդի համար. նրանք դժբախտապես չեն ընդունվում այդ տեսակ հասարակութենից, չեն    աջողվում եւ չեն կարողանում իրանց գործը տեսնել, մինչեւ որ նրանց դրական գործունեության համար հողը պատրաստած չէ խոսքի մարդիկների ձեռքով…

Ուրեմն դեռ գուցե երկար ժամանակ մեզ հարկավոր են, թեեւ   իհարկե գործնական մարդիկ, բայց խոսքի մարդիկ… Մեզ հարկավոր են խոսքի գործնական մարդիկ…

«Մշակ», 1877, 6

22. ՄԵՆՔ ՍՏՐՈՒԿՆԵՐ ԵՆՔ

Անհերքելի է, որ ստրկության մեջ դարերով մնացած մի ազգ կորցնում է իր մարդկային ամենաազնիվ, ամենանուրբ հատկությունների գլխավորները, ավելի կոշտ, կոպիտ, նյութապաշտ է դառնում:

Մարդկության կյանքի առաջադիմության եւ զարգացման ամենազորեղ, անհաղթելի եւ ինքն միշտ հաղթող գործիչը, մարդկության ամբողջ պատմության մեջ, միշտ եղել է սերը:

Սիրել՝ նշանակում է ապրել. սիրել՝ նշանակում է գործել մարդկության համար. սիրել՝ նշանակում է զոհվել իրան նմանների համար:

Սերը հասարակական գործիչ է, նա խթանող է ամեն նշանավոր, կարգից դուրս երեւելի գործերի մարդկության մեջ:

Եթե սերը չլիներ, չէին լինի մարդկային կրոնական եւ բարոյական վարդապետությունները, մարդկությունը չէր ծնի փիլիսոփայու- թյունը, չէր ունենա քրիստոնեությունը… Սերն է, որ եղել է ավետարանի պարգեւողը, նա առաջինն է եղել, որ քարոզել է մարդկությանը՝     ազատության, հավասարության, եղբայրասիրության հասարակական գաղափարները:

Սերն է, որ ստեղծել է հասարակությունը: Սիրո զգացմունքի դրդմամբ ծնունդ է տեսել մարդկության մեջ գիտությունը…

Ո՜ր կողմ եւ նայենք, ո՜ր մարդկային հիմնական գաղափար, ո՜ր հասարակական կազմակերպություն եւ հետազոտենք, ամեն տեղ կնշմարենք սեր, որպես զորեղ ստեղծագործական ուժ՝ կրոն, ընտանիք, գիտություն, փիլիսոփայություն, գրականություն, բանաստեղծություն, արհեստ, շքեղ արվեստ, երաժշտություն, մանկավարժու-   թյուն, հասարակական կազմակերպություններ՝ ինչպես ընկերակցու- թյուններ, աղքատանոցներ, վանքեր, ուսումնարաններ, մշակ դասի փոխադարձ օգնության ընկերություններ, - բոլորի սկզբնական դրդող   ուժը, սկզբնապատճառը՝ մարդու դեպի մարդկությունը ունեցած սիրո զգացմունքն էր…

Առանց սիրո զգացմունքի՝ մարդկությունը ոչինչ է: Առանց սիրո՝ հասարակությունը կլիներ մի մեռած մարմին:

Որքան մարդկությունը ավելի ազատ է զարգանում, այնքան սիրո զգացմունքը դառնում է զորեղ եւ գիտակցական…

Միայն ստրուկ հասարակության մեջ իզուր կորոնենք սիրո զգացմունքի հետքերը:

Հայոց ազգը, որ ինչպես ասացինք, դարերով ստրուկ է եղել, կարծես կորցրել է սիրո զգացմունքը, այդ մարդկային հասարակական ամեն գործողության համար անհրաժեշտ հասարակական գործիչը:

Իզուր կորոնենք սեր հայոց հասարակության որեւէ շրջանում, հայերի հասարակական որեւէ գործողության եւ կազմակերպության մեջ, հայոց մտքի եւ ոգու որեւէ արտահայտության մեջ, հայերի միմյանց հետ որեւէ հարաբերության մեջ…

Հայոց ընտանիքը հիմնված չէ սիրո զգացմունքի վրա, այլ     ասիական բռնավոր եւ եսական կոպիտ իշխանության սկզբունքի վրա: Հայ մարդու հարաբերությունը դեպի հայ կինը չէ պայմանավորվում սիրո բարոյական զգացմունքով: Հայը նայում է կնոջ վրա, ինչպես իր սեփականության վրա եւ տեսնում է նրա մեջ միայն երկու արժանավորություններ՝ կամ արտաքին գեղեցկությունը, մարմինը, կամ նյութական հարստությունը: Որոնեցեք հայոց թե՛ հին, թե՛ նոր գրականության եւ ժողովրդական երգերի մեջ սեր դեպի կինը, եւ դուք կգտնեք միմիայն անասնական սեր, սեր դեպի կնոջ մարմնի հրապուրիչ գեղեցկությունները, եւ ոչ թե իդեալական, բարոյականացնող, բարձրացնող սեր…

Հայը սեր չունի դեպի իր ազգությունը՝ նա իրան երբեք չի զոհի ազգության համար:

Հայի սերը դեպի իր նմանները կեղծավոր է, սուտ է՝ հայը պատրաստ է իր նմաններին հարստահարել իր անձնական նյութական շահերի համար: Հայը աղքատացնում է ուրիշ հայերին, որ ինքն հարստանա, այդ ընդհանուր երեւույթ է հայոց հասարակության մեջ: Այդպես է վարվում քաղաքացին գյուղացու հետ, վաճառականը երկրագործ արդյունաբերողի հետ, եղբայրը եղբոր հետ, մինչեւ անգամ ծնողները զավակների հետ:

Հային օտար է հասարակական սերը: Գուցե ոչ մի ազգ աշխարհիս երեսին այնքան հակումն չունի դեպի գաղթականությունը, դեպի միմյանցից ցրվելը, միմյանցից փախչելը, ինչքան հայերը: Հայը լավ է համարում բախտավոր ապրել օտարության մեջ, քան թե ազգի շրջանում բաժանել իր արյունակիցների հետ նրանց բոլոր ցավերը եւ ուրախությունները: Այդ է եղել միշտ հայի թուլությունը, եւ Հայաստանի, որպես քաղաքական մարմնի, անկման պատճառը: Հայը վերջապես չունի սեր դեպի հայրենիք՝ նա առաջին անախորժ դիպվածում փախչում է իր հայրենիքից եւ հետո միայն հեռվից սկսում է կեղծավոր կերպով անհամ սիրահարական երգեր երգել իր հայրենիքին…

Այն ազգը, որի մեջ սիրո զգացմունքը մեռած է, նա ստրուկ է, իսկ ստրուկը ընդունակ չէ որեւէ բարոյական եւ հասարակական առաջադիմության:

«Մշակ», 1877, 9

23. ՊԱՏԵՐԱԶՄ

Երկար ժամանակ սպասած պատերազմը հայտնված է ուրեմն եւ արդեն սկսված է:

Թագավոր Կայսրը հայտնել է զորքին Տիրասպոլի մեջ հետեւյալ նշանավոր խոսքերը, ինչպես հաղորդում է «Правит. Вести» լրագիրը. «Ես ափսոսում էի գցել ձեզ գործի մեջ, այդ պատճառով, Ես, որքան կարելի էր, ուշացնում էի: Ափսոս էր թափել ձեր՝ Ինձ համար թանկագին արյունը, բայց մի անգամ, որ Ռուսաստանի պատիվը ձեռնամուխ է եղած, Ես հավատացած եմ, որ ամենքս մինչեւ վերջին մարդը կիմանանք պաշտպանել նրան:

Աստված ձեզ հետ է, ցանկանում եմ ձեզ կատարյալ աջողու-  թյուն»:

Այժմ ավելորդ են ուրեմն դատողություններ: Քրիստոնյաների պաշտպանության գործը ընդդեմ մահմեդական տարրի բարբարոս ճնշման, այն անվերջանալի արեւելյան խնդիրը թագավոր Կայսրի կամքով կվճռվի ոչ թե անորոշ դիպլոմատիական բանակցություններով, այլ սրով եւ արյունով:

Սկզբունքով կարելի է համակրել կամ չհամակրել պատերազմին, բայց մեկ բան չէ կարելի չխոստովանել, որ կան ազգեր, որոնք ենթարկվում են նոր մտքերին, ընդհանուր մարդկային առաջադիմու- թյան անհրաժեշտությունը ընդունում են միայն սրի եւ հրացանի միջոցով, հասցրած լինելով այդ անհրաժեշտությանը: Կան հարցեր, որոնք այլ կերպ չեն կարող վճռված լինել, եթե ոչ պատերազմի միջոցով:

Թուրքիան պատկանում է այդ տեսակ ազգերին, արեւելյան խնդիրը այդ տեսակ դժվար լուծելի խնդիրներից մինն է

Եթե այսօր չլիներ պատերազմ, նա մի օր լինելու էր: Արեւելյան խնդիրը առանց պատերազմի երբեք չէր կարող իր լուծումն ստանալ:

Ռուսաց զորքը հանդես է դուրս գալիս պատերազմական բեմի վրա ճնշված ազգերը, քրիստոնեությունը, ազատությունը եւ ընդհանուր մարդկային առաջադիմությունը եւ լուսավորությունը պաշտպանելու դիտավորությամբ:

Ցանկանանք մեր զորքերին աջողություն, որից կախված է արեւելքի ազատությունը, նրա բնակիչների խաղաղ, ապահով դրու-  թյունը եւ երկար ժամանակ ճնշման տակ մնացած քրիստոնյա ազգերի բարոյական, տնտեսական եւ մտավոր վերանորոգությունը:

Ռուսաց զորքերը կոչումն ունեն այս րոպեիս եվրոպական քաղաքակրթությանը մի լայն ճանապարհ բաց անելու դեպի արեւելքը:

   «Մշակ», 1877, 26

24. ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱ

Արեւմտյան Եվրոպան կարծես բոլորովին մոռացել է, թե բացի եվրոպական Թուրքիայից կան քրիստոնյաներ եւ այդ պետության      ասիական բաժնում: Եվ այդ քրիստոնյաները սակավաթիվ չեն ասիական Թուրքիայում: Հայաստանը, քրիստոնեության այն օրորոցը, կարծես բոլորովին մոռացված է արեւմտյան Եվրոպայից: Ի՞նչ են արել հայերը, ո՞ւմ են վնասել նրանք, բացի իրանց սեփական անձից, որ եվրոպական հասարակական կարծիքը, եվրոպական լուսավորությունը, եվրոպական քաղաքականությունը չէ էլ հիշում, թե նոքա կան աշխարհիս երեսին, թե նոքա էլ մասն ունեն արեւելյան խնդրի մեջ, թե նոքա էլ ուզում են ապրել, շունչ քաշել, իրավունք ունեն մարդավայել կյանք վարել…

Հայերը իրանք են մեղավոր, որ ամբողջ լուսավորված աշխարհը նրանց մոռացել է: Նոքա իրանց մասին չեն խոսում, ձայն չեն բարձրացնում, անչափ ստրկական ոգի, ստրկական բնավորություն ունեն:

Եվ այժմ, երբ ռուսաց զորքերը Հայաստանը մտնելով հայտնում են թագավորի կամքը փոխարքայի բերանով՝ թե գալիս են ճնշվածներին եւ նեղացածներին պաշտպանելու համար, անգլիական ինտրիգան ձայն է բարձրացնում, հավատացնելով, որ Անգլիան երբեք չի թույլ տա, որ Ռուսաստանը վերցնե Հայաստանը: Այդ անգլիական արձագանքը մենք գտնում ենք գերմանական “Külnische Zeitung” լրագրում: Այո, այդ լրագիրը հավատացնում է, որ Ռուսաստանը դիտավորություն ունե միացնել իրան Հայաստանը, բայց ավելացնում է լրագիրը, Անգլիան երբեք չի թույլ տա, որ այդ տեսակ բան կատարվի…

Հասարակ եւ բնական առողջ դատողությամբ կուզենայինք հարցնել արեւմտյան Եվրոպային. ի՞նչ փույթ Հայաստանը ում ձեռքը կլինի: Կարծես թե նա, այդ լուսավորված Եվրոպան, եւ մանավանդ Անգլիան, շատ է հոգացել Հայաստանի քրիստոնյաների վրա, որ այժմ նրա համաձայնությունն էլ անհրաժեշտ կլիներ Հայաստանը Թուրքիայի ձեռքից խլելու համար: Կամ հարցնող լինի՝ ի՞նչ մխիթարու-    թյուն է արեւմտյան Եվրոպայի եւ մանավանդ Անգլիայի համար, որ Հայաստանը էլի ստրկացած մնա մահմեդականության ճնշման տակ…

Ի՞նչ օգուտ է բերել Հայաստանին Եվրոպան, մանավանդ Անգլիան: Ե՞րբ է հոգացել Եվրոպան Հայաստանի ճնշված քրիստոնյաների համար Թուրքիայից մարդկային իրավունքներ պահանջելու… Անգլիան միշտ հետեւում էր իր անձնական օտուտներին, իր նյութական շահերին… Իսկ Ֆրանսիան, երբ Նապոլեոն III-ի ժամանակ ամենակարող էր Թուրքիայում, ի՞նչ արավ թուրքահպատակ քրիստոնյաների համար, բացի կղերական երկպառակությունները նրանց մեջ գրգռելուց, կաթոլիկության եւ պապականության ազդեցությունը արեւելյան քրիստոնյաների մեջ տարածելուց…

Վերջապես ի՞նչ է արել մեզ արեւմտյան Եվրոպան, ի՞նչ օգուտ է բերել մեզ, ե՞րբ է հոգ տարել ասիական քրիստոնյաների վրա, որ այժմ իրավունք ունենար խորհրդակցական ձայն ունենալ հայերի քաղաքական վիճակը վճռելու մեջ:

«Մշակ», 1877, 30

25. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ

Թուրքիայի վերջին ժամը հասավ: Թուրքիա կազմող բոլոր երկիրները կտոր-կտոր ընկնելու են՝ այդ երկիրներից ամեն մինը կամ կմիանա մի ուրիշ երկրի հետ, կամ կկազմի մի անկախ փոքրիկ պետություն:

Այսպես կլինի երեւի եվրոպական Թուրքիայի հետ:

Բայց ի՞նչ կդառնա ասիական Թուրքիան, ի՞նչ կդառնա Հայաստանը…

Արդյոք եվրոպական քաղաքականությունը ոչնչացնելով Թուրքիան, որպես եվրոպական պետություն, կուզենա այնուամենայնիվ պահպանել նրան որպես ասիական պետություն…

Արդյոք Եվրոպան ազատելով եվրոպական Թուրքիայի ազգերին, մինչեւ այն աստիճան անսիրտ կլինի, որ թողնելով Թուրքիան որպես ասիական պետություն, դարձյալ կթողնե նորա ձեռքում ասիական քրիստոնյաներին, հայերին…

Եվ ոչ թե միայն ասիական քրիստոնյաները, բայց Հայաստանի մահմեդական ազգաբնակությունն էլ զզված է թուրքաց տիրապետութենից, այնպես որ ոչ թե միայն ռուսաց զորքերից այս րոպեիս նվաճված երկիրը, բայց եւ ամբողջ թուրքաց Հայաստանը սրտով կուզենար միանալ Ռուսաստանին:

Բայց եթե այդ պատահելու չէ, եթե Ռուսաստանը չի ուզենա միացնել իրան այդ երկիրները, նպատակ չունենալով նվաճումներ   անելու, ի՞նչ պետք է դառնա այդ խեղճ երկրի վիճակը:

Հայաստանը սրտով կուզենար միանալ, կամ միացած լինել Ռուսաստանին, բայց եթե վիճակը այլ կերպ է կարգադրել, եթե այդ լինելու չէ, եթե Թուրքիայի հայերի այդ ցանկությունը իրագործվելու չէ, որքան եւ անպատրաստ, անընդունակ լիներ Հայաստանը ինքնուրույն կյանքին, ինքնավարությանը, այնուամենայնիվ լավ է թող ինքնավարություն ստանա, քան թե նորից վերադարձած լինի թուրքաց բարբարոս, ճնշող, ոչնչացնող տիրապետությանը:

Հայաստանի առաջին նպատակը, պատերազմից հետո, պետք է լինի խնդրել, ամեն միջոցներով աշխատել Ռուսաստանին, Անդրկովկասին միանալու, իսկ եթե այդ իրագործվելու չէ, Հայաստանի հույսը դարձյալ եւ միմիայն Ռուսաստանի վրա է՝ որ նա իր հզոր ձեռքով կօգնե հայերին իրանց անհրաժեշտ, մինչեւ այժմ բռնաբարված մարդկային իրավունքները հետ ստանալու, կազատե Հայաստանը թուրքաց տիրապետութենից, չի ուզենա թողնել բազմաչարչար հայոց ազգը Թուրքիայի անողորմ ճնշման տակ, մի խոսք կասե, եւ հայերը Կրիտյան կղզու բնակիչների, հերցեգովինցիների, բոսնիացիների եւ բոլգարացիների պես կստանան իրանց ինքնավարությունը:

Այսպես թե այնպես մեր բոլոր հույսը միմիայն Ռուսաստանի վրա է:

   «Մշակ», 1877, 33

26. ՄԻԱԿ ԵԼՔԸ

Մեկ հզոր, լուսավորված եւ բարեկարգված պետության համար, ինչպես Ռուսաստանն է, շատ հաճելի չէ որպես հարեւան ունենալ Թուրքիայի պես անկարգ, խառն եւ միշտ խռովյալ դրության մեջ գտնվող մի պետություն:

Ինչպե՞ս կվերջանա, կվճռվի արեւելյան խնդիրը, ի՞նչ վերջ կունենա սկսած պատերազմը, մեզ հայտնի չէ: Արդյոք կլուծվի՞, կտոր-կտոր կընկնի՞ Թուրքիան, իր լիկվիդացիա կանե՞, եւ Ռուսաստանին հարեւան երկիրները նախկին Թուրքիայից կանջատվեն, Ռուսաստանի թե մի այլ պետության ձեռքը կանցնեն, մենք չգիտենք… Կամ Թուրքիան չի ընկնի որպես պետություն, կշարունակե, թեեւ բավական կերպարանափոխված իր գոյությունը… Նույնպես չգիտենք:

Խոսենք Թուրքիայի այն մասի վրա, որ մեզ, հայերիս, իհարկե ավելի պետք է հետաքրքրե, քան թե եվրոպական Թուրքիան, խոսենք Թուրքիայի ասիական մասի, Հայաստանի վրա:

Դիցուք թե պատերազմից հետո Թուրքիան, թեեւ հաղթված, կշարունակե իր գոյությունը որպես առանձին պետություն, թեեւ մասամբ կերպարանափոխված, այն ժամանակ, մենք հավատացած ենք, Ռուսաստանը, որ իր դրոշակն է բարձրացրել արեւելյան քրիստոնյաների ազատության համար, նրանց ազատության համար իր արյունն է թափել, կպահանջե նույն մարդկային անհրաժեշտ իրավունքները հայերի համար էլ, ինչ իրավունքներ կպահանջե սլավյանների համար, եւ եթե այդ վերջինների համար կառավարչական ինքնավարություն կպահանջե, նույնը կպահանջե հայերի համար:

Բայց դիցուք թե պատերազմից հետո Թուրքիան ընկավ, կտոր-կտոր բաժանվեցավ, անհետացավ որպես անկախ պետություն, այն ժամանակ երկուսից մեկը կարող է պատահել՝ Հայաստանը կանցնե կամ Ռուսաստանի, կամ՝ Անգլիայի ձեռքը…

Լավ է եթե Ռուսաստանը ուզեցավ միացնել իրան Հայաստանը, լավ է եթե չթողեց Անգլիային տիրապետել այդ իրան հարեւան երկիրը: Բայց եթե Ռուսաստանը իր քաղաքականության ընդդեմ համարելով դարձյալ լայնանալ, իր քաղաքականության հակառակ համարելով որեւէ նվաճումներ անել, միայն ընդհանուր մարդկային սկզբունքները պաշտպանելու եւ ոչ թե նվաճումներ անելու նպատակով հանած կլինի իր սուրը, թափած կլինի իր արյունը, այն ժամանակ վտանգ կա թե ասիական քրիստոնյաների երկիրները Անգլիան կտիրապետե…

Իսկ այդ տեսակ ելքը մի կողմից հայերի համար շատ դժբախտ կլինի, որովհետեւ Անգլիան նրանց կհարստահարե, իսկ մյուս կողմից Ռուսաստանի համար ավելի էլ անհաճելի կլինի Թուրքիայի պես վայրենի հարեւանի տեղ՝ Անգլիայի պես նենգավոր հարեւան ունենալ…

Եթե Թուրքիան կանհետանա աշխարհի երեսից որպես պետություն, Թուրքիայի հայերը պետք է ամեն ջանք գործ դնեն Ռուսաստանին միանալու: Բայց եթե, ասում ենք, նվաճումներ անելը Ռուսաստանի քաղաքականությանը եւ սկզբունքներին հակառակ է, հայերը  ամեն ջանք պետք է գործ դնեն, որ չընկնեն նենգավոր, եսական Անգլիայի ճնշող եւ հարստահարող ձեռքը, որ վերեւ հիշած դիպվածում, Թուրքիայի ընկնելուց հետո, կդառնա Թուրքիայի նախկին ասիական նահանգների տիրապետող…

Այն ժամանակ Թուրքիայի հայերին կմնա միակ ելք՝ այն է ձգտել դեպի անկախությունը եւ այդ հանգամանքի մեջն էլ նոցա միակ հույսը պետք է լինի միմիայն Ռուսաստանի օգնության վրա:

Եվ Ռուսաստանի համար էլ ավելի լավ է ունենալ որպես հարեւան մի փոքրիկ անկախ Հայաստան, Ռուսաստանին միշտ հավատարիմ եւ երախտագետ Հայաստան, քան թե Անգլիայի պես նենգավոր, եսական, հարստահարող եւ միշտ թշնամի հարեւան:

   «Մշակ», 1877, 35

27. ՀԱՅԵՐԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Մեր լրագրի թղթակիցներից հաղորդված լուրը թե քուրդերը եւ բաշիբուզուկները անխնա կոտորում են Հայաստանի քրիստոնյա ազգաբնակությունը, ստուգվում է այժմ հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլից հաղորդված պաշտոնական հեռագրով, որի մեջ ասված է, թե գեներալ Տեր-Ղուկասովը մտնելով Բայազետ, գտավ այդ քաղաքը այնպիսի մի ավերակ դրության մեջ եւ այնքան ծածկված բնակիչների դիակներով, որոնց թուրքերը բոլորին էլ անխնա կոտորել են, որ զորքի այնտեղ մնալը անհնարին եղավ:

Ուրեմն Թուրքիան կոտորում է իր սեփական հպատակներին:

Թուրքահպատակ քուրդերը եւ բաշիբուզուկները միանալով Պարսկաստանին հպատակ Մակուի խանութենից եկած բազմաթիվ արյունարբու քուրդերի հետ, սկսեցին ավերել հայոց գյուղերը, բռնաբարել կանանց եւ սպանել մարդիկներին: Թուրքաց տերությունը, որ հարկ է վերցնում իր հպատակ հայերից, միեւնույն ժամանակ ոչինչ չէ անում իր այդ հպատակներին քուրդերի եւ բաշիբուզուկների դեմ պաշտպանելու համար, անզոր է զսպել նրանց կատաղի արշավանքները հայոց ազգաբնակության դեմ: Թուրքաց տերությունը իրան պատասխանատու չէ համարում քուրդերից եւ բաշիբուզուկներից Հայաստանում գործված բարբարոսությունների համար:

Ո՞վ է կառավարում ուրեմն Հայաստանը:

Հայերը անհամբերությամբ սպասում են ռուսաց զորքի գալուն, եւ, որտեղ որ զորքը գալիս է, հայոց ազգաբնակությունը ընդունում է ռուսաց զորքը իր հոգեւորականության առաջնորդությամբ խաչով եւ խաչվառով: Բայց հենց որ ռուսաց զորքը հեռանում է այս կամ այն տեղից ստրատեգիական որեւէ կարգադրության պատճառով, իսկույն թուրքերը եւ քուրդերը մտնում են ռուսաց զորքից թողված տեղերը եւ անխնա կոտորում են բոլոր քրիստոնյա բնակիչներին:

Եվ այդ անողորմ, անլսելի կոտորվածքի վրա մի՞թե լուսավորված Եվրոպան պետք է անտարբեր աչքով նայե, եւ այդ բավական չէ՝ մի՞թե Անգլիան պետք է շարունակե օգնել Թուրքիային իր փողով, զինվորական եւ ուտելիքների պաշարով, կատարելագործված զենքերով եւ ուսումնական օֆիցերներով, որոնցով, ասում են, լի է Փոքր     Ասիայի թուրքաց զորքը:

Ուրեմն թուրքաց տերությունը իրան պատասխանատու չէ համարում քուրդերից գործված բարբարոսությունների համար, ասելով, որ ոչինչ պաշտոնական, կառավարչական ներգործություն չունի թեեւ իրան հպատակ, բայց իբր թե անկախ թափառական քուրդերի վրա:

Ասում են, որ նույնը պատասխանել է եւ Պարսկաստանը, երբ, ինչպես մեզ գրում են, Վանի նահանգապետի առաջարկությամբ թուրքաց տերությունը Պարսկաստանի տերությանը հարց էր արել, թե ի՞նչ է նշանակում, որ Մակուի խանության պարսկահպատակ քուրդերը թափվելով թուրքաց պետության սահմանները, ավերում են գյուղերը եւ կոտորում են թուրքահպատակ ժողովուրդը: Այո, պարսից տերու-   թյունը, ասում են, նույպես պատասխան է տվել, թե ոչինչ ներգործու- թյուն չունի իր հպատակ քուրդերի վրա եւ չէ կարող, ուժ չունի զսպել նրանց կատաղի արշավանքը թուրքաց Հայաստանում:

Ուրեմն եթե ոչ Թուրքիան եւ ոչ Պարսկաստանը պատասխանատու չեն իրանց մոլեռանդ, կատաղի, վայրենի հպատակներից գործված բարբարոսությունների համար, չնայելով որ այդ պետությունները վերցնում են հարկեր իրանց հպատակներից, ուրեմն պետք է պարտավորվեին կառավարել եւ պաշտպանել խաղաղ քաղաքացիներին, ո՞վ է, ուրեմն, Հայաստանի տերը, ո՞վ է կառավարում այդ երկիրը… ոչ ոք:

Այժմ, երբ որ զարթել է արեւելյան հարցը, երբ հայտնվել է պատերազմը, երբ Ռուսաստանը, որի վրա է հայերի ամբողջ հույսը, դրոշակ է բարձրացրել արեւելյան քրիստոնյաների պաշտպանության համար, վստահանում ենք կարծել, որ հայերն էլ իրավունք ունեն լուսավորված աշխարհի ուշադրությունը իրանց ողորմելի դրության վրա դարձնելու, ոչ թե միայն որպես քրիստոնյա ազգ, բայց եւ որպես աշխարհիս առաջին քրիստոնեական ազգ: Հայտնի է, որ Հայաստանը աշխարհիս բոլոր ազգերից ամենից առաջ է ընդունել քրիստոնեու-    թյունը:

Այո, Հայաստանում քրիստոնեությունը սկսել է տարածվել դեռ Քրիստոսի կենդանության ժամանակ:

Եվ մի՞թե դորա համար է պատժվել միշտ եւ պատժվում է Հայաստանը, որ հանդգնել է ամենից առաջ ընդունել քրիստոնեությունը:

Հայաստանը քրիստոնեությունը ընդունելուց հետո, նորան շրջապատող արեւապաշտ եւ հեթանոս ազգերը եւ հետո մահմեդականները նորա անխնա թշնամիներ են դարձել:

Այդ բանը նոքա երբեք չկարողացան ներել Հայաստանին: Քրիստոնեությունը ընդունելու օրից Հայաստանը մինչեւ այսօր տանջվում եւ չարչարվում է քրիստոնեության համար:

Այդ դեռ բավական չէ: Մնացած քրիստոնեական ազգերը թշնամացան Հայաստանի դեմ: Բյուզանդիայի հունադավան եկեղեցին երբեք չկարողացավ ներել հայերին, որ նոքա չմիացան նորա հետ, այլ հիմնեցին եւ պահպանեցին իրանց ազգային եկեղեցին: Կաթոլիկությունը թշնամացավ Հայաստանի դեմ, որովհետեւ համոզվեցավ, որ չէ կարողանում ընդունել տալ հայերին կաթոլիկությունը, եւ մինչեւ այժմ կաթոլիկ հայերը  մի շատ աննշան սակավություն են կազմում հայոց ազգի մեջ:

Եվ եթե վերջին ժամանակները կաթոլիկ Ֆրանսիան Նապոլեոն III-ի ժամանակ իր արեւելյան քաղաքականության մեջ ցույց էր տալիս իր համակրությունը դեպի հայերը, այդ համակրությունը կեղծ էր: Ֆրանսիան համակրում էր միմիայն կաթոլիկ հայերին, եւ ոչ թե մինչեւ անգամ բոլոր կաթոլիկ հայերին, այլ գլխավորապես հասունյաններին, այսինքն պապի անսխալության պաշտպաններին:

Ճնշված, ջարդված, անարգված, կողոպտված, ոտնակող       արած, կոտորված, մեռցրած Հայաստանը վերջին օգնության աղաղակ է գցում դեպի Ռուսաստանը եւ արեւմտյան Եվրոպան, դեպի ամբողջ լուսավորված աշխարհը:

«Մշակ», 1877, 49

28. ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՆԱԼ

Բոլոր եվրոպական պետություններից միայն Ռուսաստանն է, որ թե՛ խոսքով եւ թե՛ գործով համակրում է թուրքաբնակ քրիստոնյաների վիճակին, իսկ ուրիշ եվրոպական երկիրներում թեեւ երեւում են այս կամ այն համակրական ցույցեր թե՛ միտինգներում եւ թե՛ մամուլի մեջ, բայց այդ համակրությունը մասնավոր է եւ բացի սորանից գլխավորապես ուղղված է դեպի սլավոնական եւ հունաց ցեղը: Մեզ, հայերիս վրա, շատ քիչ են մտածում Եվրոպայում…

Ճշմարիտ է, վերջին ժամանակ սկսեցին երեւալ եվրոպական լրագիրներում հայերի մասին համակրական հոդվածներ, մանավանդ Հայաստանում պատահած սարսափելի կոտորվածից հետո, բայց այդ բավական չէ, հարկավոր է, որ մենք ինքներս աշխատենք պարզել մեր դրությունը եվրոպական, մանավանդ անգլիական հասարակական կարծիքին, կամ գոնե եվրոպական հասարակության մտածող, առաջադեմ, լուսավորված, զգացող, մարդասեր մասին, դրդենք եվրոպացիների մարդասիրական եւ արդարասիրական զգացմունքը, գրավենք նրանց համակրությունը:

Ճնշված թուրքաբնակ հայերը կարող են հասնել այդ նպատակին միայն այն ճանապարհով, որով հասել են Եվրոպայում բոլոր ճնշված ազգությունները՝ իտալացիները, հույները, սերբիացիները, բոլգարացիները, րումինացիները եւ այլն… Նոքա անդադար ուղարկում էին իրանց երիտասարդ լուսավորված մարդիկներին եվրոպական մայրաքաղաքները, որտեղ նոքա ամեն միջոցներով պրոպագանդա էին անում իրանց հայրենիքի վրա եվրոպական հասարակական կարծիքի ուշադրությունը դարձնելու համար, եվրոպական հասարակության լուսավորված մասի համակրությունը գրավելու համար:

Բայց այդ տեսակ գործի համար հարկավոր է քիչ թե շատ դրամական միջոցներ ունենալ: Իտալացիները, հույները եւ սլավոնները չէին խնայում իրանց դրամական միջոցները իրանց այդ նպատակին հասնելու համար:

Մի՞թե հայերը կխնայեն նվիրել իրանց կարողության ամենաանշան մասը, որ հասնեն նույն նպատակին, մի՞թե կզլանան         իրանց հաշվով ուղարկել մեկ-երկու երիտասարդ՝ ճնշված, ջարդված, ոտնակոխ արած, անարգված հայրենիքի դրությունը եվրոպական հասարակական կարծիքին ներկայացնելու համար եւ եվրոպացիների համակրությունը դեպի մեր խեղճ ազգը գրավելու համար:

Մի՞թե մեր ունեւոր մարդիկների մեջ ամեն ազգասիրական եւ մարդասիրական զգացմունքը մեռած է…

Թող մտածեն հայերը՝ կամ այժմ պետք է այդ տեսակ գործ գլուխ բերենք, կամ երբեք էլ չի աջողվի մեզ այդ անհրաժեշտ քայլն անելու:

Մենք հավատացած ենք, որ մեր մեջ կան երիտասարդներ,     որոնք պատրաստ են եւ ընդունակ են այդ տեսակ գործ կատարելու եւ գուցե կկատարեն նրան ավելի լավ, քան վերեւ հիշված ազգությունների ներկայացուցիչները կատարել են, բայց ուրիշ ազգությունների մեջ բացի երիտասարդութենից կային եւ սիրտ, զգացմունք, սեր դեպի ազգություն եւ մարդկություն ունեցողներ, իսկ մեր հարուստները ապրում են միմիայն իրենց փորի համար եւ իրանց անձնական զվարճության համար…

Ամո՜թ մեր հարուստներին, հազա՜ր ամոթ… թող չմոռանան, որ այդ տպված տողերի միջոցով կդրոշմվի հայոց թշվառ ապագա սերունդների մեջ զզվանք դեպի այն մեր հարուստները, որոնք ժամանակակից լինելով հայ ազգի այդ ծանր ճգնաժամի, ոչինչ չարեցին   ագի թշվառ վիճակին որեւէ դարման տալու համար:

«Մշակ», 1877, 59

29. ՍՈՒՏ Է ԱՍՈՒՄ

Երեւի ընթերցողը հիշում է «Մշակի» հոդվածների շարքը, որտեղ կրկին հարություն առած արեւելյան խնդրի առիթով թուրքաբնակ հայերի մասին խորհրդածություններ անելով, մենք զարմանում էինք, թե մինչեւ որ եվրոպական Թուրքիայի քրիստոնյաները, չկարողանալով համբերել օսմանյան պետության անտանելի լուծը, զենքը ձեռին ոտի էին կանգնում եւ ապստամբվում էին թուրքաց բարբարոսության դեմ, Ասիայի քրիստոնյաները, հայերը, սլավյաններից եւ հույներից    ավելի անտանելի ճնշման տակ գտնվելով, երբեք չէին ապստամբվում եւ ստրկական համբերությամբ կրում էին մոնղոլների հրեշավոր լուծը:

Այդ մեր հոդվածներից հետո շատ ամիսներ անցան, հայերը կրեցին ամեն տեսակ անասելի եւ անլսելի չարչարանքներ եւ տանջանքներ, որոնց նման գուցե ոչ մի ազգ աշխարհիս երեսին երբեք կրած չէր, բայց այնուամենայնիվ, հավատարիմ մնացին իրանց պատմական, հնադարյան բնավորությանը:

Մենք կարող ենք, այնուամենայնիվ, այն համոզմունքի մնալ, որ թուրքաց տերության պես վայրենի, բարբարոս տերութենից մարդկային իրավունքներ պահանջելու համար ուրիշ ճանապարհ չկա, եթե ոչ զենքը ձեռին արյունը թափելով, բայց ուրիշ կողմից չենք կարող չխոստովանվել, որ մի քանի լրագրական հոդվածներով չէ կարելի փոխել մի ազգի դարեւոր բնավորությունը…

Անկարելի է, որ թուրքաց տերության գոնե փոքրիշատե լուսավորված մասը հասկացած չլիներ հայի ոգին, համոզված չլիներ, թե հայի բնավորությունը վերին աստիճանի պահպանողական, համբերող, հնազանդ եւ հավատարիմ է:

Արդյոք պե՞տք է ընդունել, որ թուրքաց տերությունը ըմբռնեց վերջապես այդ ճշմարտությունը, արդյոք տեսնելով, որ սուլթանը շնորհում է հայոց պատրիարքին թուրքաց ամենաբարձր աստիճանի պատվանշանը, նշանակում է հային ներքին գործերի մինիստր, ընդունում է Վասպուրականի նահանգապետից սարսափելի դառն բողոքներ հայերի թշվառ դրության վրա, պատմել է տալիս մի քանի քուրդերին եւ չերկեզներին, կարելի՞ է հաստատ ասել թե թուրքաց տերությունը վերջապես համոզվեցավ որքան հնազանդ, համբերող, պահպանողական եւ մինչեւ անգամ ամենաանպիտան տերությանը հավատարիմ է հայը, կարելի՞ է կարծել, որ Բ. Դուռը հասկացավ որքան թանկ եւ օգտավետ պետք է լինի ամեն պետությանը հայոց ազգի պես աշխատասեր, ընդունակ եւ խաղաղ բնավորություն ունեցող ազգը, կարելի՞ է բոլոր վերեւ հիշված ցույցերը ընդունել որպես ապացույց, թե թուրքաց տերությունը վերջապես զղջում է իր կատաղի վարմունքի մասին հայերի դեմ եւ կամենում է կրկին գրավել հայերի համակրությունը…

Չենք կարծում:

Եվ մի՞թե կարելի է ամբողջ մի ազգ խեղդելուց, ոտնակոխ     անելուց հետո, կրկին գրավել նրա համակրությունը ոչ թե ամբողջ ազգին լայն մարդկային իրավունքներ շնորհելով, այլ այն ազգի մի քանի անհատներին առանձնաշնորհություններ տալով եւ հավատացնելով թե ինքն միշտ համակրած է եղել ազգին, թե գազանություններ եւ բարբարոսություններ գործողը ինչպես Հայաստանում, այնպես էլ սլավյան երկիրներում ինքը չէր, այլ զանազան բաշիբուզուկներ,     չերկեզներ եւ քուրդեր, որոնց ինքն ուժ չունի զսպելու…

Սուտ է ասում Թուրքիան, որ ուժ չուներ զսպելու այդ գազաններին: Ոչ, նա ինքը մի առանձին սատանայական քաղաքականությանը հետեւելով բաց թողեց թե՛ հայոց ազգի եւ թե՛ սլավյան ցեղերի վրա վայրենի գազանների խուժանը:

Նույն Թուրքիան, որ ամեն միջոցներով աշխատում է Եվրոպայի առջեւ՝ նրա դիպլոմատիայի եւ եվրոպական թուրքասեր լրագրության բերանով զորեղ քաղաքական, սահմանադրական մարմին երեւալ, նույն Թուրքիան, որ երկու տարի շարունակ կարողացավ ընդդիմանալ ամեն տեսակ ներքին խռովություններին, ճնշել Բոսնիայի, Հերցեգովինայի, Բոլգարիայի ապստամբությունը, հաղթել պատերազմի մեջ Սերբիային եւ Չերնոգորիային եւ դարձյալ շարունակել պատերազմը եվրոպական ամենահզոր պետություններից մինի դեմ, մի՞թե նույն Թուրքիան այնքան ուժ չունե, որ զսպե քուրդերի պես վայրենի ցեղի անիրավությունները եւ պաշտպանե իր քրիստոնյա հպատակներից   ամենաաշխատասեր, արդյունաբերող ազգերին…

Պարզ բան է, որ նա չէր կամենում զսպել, պարզ է որ նա սուտ էր ասում: Արդյոք կհասկանա՞ վերջապես Թուրքիան, որ ոչնչացնելով իր քրիստոնյա հպատակներին, նա անձնասպանություն է գործում:

«Մշակ», 1877, 63

30. ԱԶԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՃԱՐԸ

Եթե դուք կամենում եք իմանալ, թե ի՞նչ գլխավոր հատկու-    թյունների տեր է այս կամ այն ազգը, ի՞նչ  է մի ազգի գլխավոր հատկությունը, ի՞նչ է նրա հանճարը, պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ տեսակ, ինչ հատկության տեր մարդիկ գլխավորապես է արդյունաբերում այս կամ այն ազգը:

Մենք ընդհանրապես ասում ենք, որ հրեաները ամեն բանին շնորհ ունեն, ամեն բանին ընդունակ են: Եվ ճշմարիտ, հրեաներից կան Եվրոպայում ամենատարբեր, ամենածայրահեղ հատկություններ ունեցող նշանավոր մարդիկ… Հրեաներից կան երեւելի մաթեմատիկոսներ եւ երաժիշտներ, դերասաններ եւ բանկիրներ, նկարիչներ եւ պետական մարդիկ, իրավաբաններ եւ երգիչներ… Առհասարակ համոզված էին, որ հրեաները շնորհ չունեն դեպի զինվորական արհեստը, բայց վերջին ֆրանս-գերմանական պատերազմը մեզ ապացուցեց հակառակը՝ թե՛ Ֆրանսիայի եւ թե՛ Գերմանիայի կողմից հայտնվեցան հրեաներից երեւելի զինվորներ հասարակ սոլդատներից սկսած մինչեւ զորապետները:

Մինչեւ վերջին ժամանակները հայոց ազգի մասին ամբողջ աշխարհը համոզված էր, թե այդ ազգը ունի խելք, ընդունակություններ, արդյունագործական, առեւտրական ոգի եւ այլն, բայց որ հայերը վախկոտ ժողովուրդ են եւ զուրկ բոլորովին զինվորական հատկություններից, այդ ձեւով համոզմունք կազմված ուներ ամբողջ աշխարհը հայոց ազգի հանճարի մասին:

Ներկա թուրքաց-ռուսաց պատերազմը ապացուցեց մեզ հակառակը: Այն ազգը, որ հայտնի էր որպես զինվորական ոգի կորցրած, առեւտրական, վախկոտ ժողովուրդ, հանկարծ արդյունաբերում է անթիվ քաջեր, սկսած հասարակ սոլդատներից, միլիցիայի զինվորներից մինչեւ զորքի գլխավոր առաջնորդները, մինչեւ առաջնակարգ զորապետները:

Կարելի՞ է արդյոք, որ մի վախկոտ բնավորություն ունեցող ազգից դուրս գային անթիվ քաջեր, կարելի՞ է արդյոք, որ հետեւանքը ծնունդ առնե առանց պատճառի, կարելի՞ է արդյոք, որ ջուրը վազի  առանց աղբյուրից դուրս գալու… Անկարելի է:

Այն ազգը, որ հարկավոր ժամանակ ընծայում է այդքան թվով քաջ եւ ընդունակ զինվորականներ, ինչքան վերջին պատերազմում հայերը ընծայեցին ռուսաց զորքին, այդ տեսակ ազգը վախկոտ չէ կարող լինել: Այդ տեսակ նշանավոր, աչքի ընկնող երեւույթ ակամա ստիպված ենք համարել մեր ազգի հատկությունը, մեր ազգության հանճարը:

Բայց եթե գտնվում են նախանձոտ, կույր, կրքով լի հիմարներ, որոնք դիտմամբ չեն կամենում ակներեւ ճշմարտությունը տեսնել, շոշափելի երեւույթն ընդունել, որոնք դիտմամբ չեն կամենում համոզվել, այդ տեսակների վրա մենք ավելորդ ենք համարում անգամ ուշադրություն դարձնել:

«Մշակ», 1877, 93