Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

41. ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱՑ ԱՆԵՆՔ ԱՉՔԵՐԸ

Անգլիան անկասկած ամենաազատ եւ լուսավորված երկրներից մինն է: Նա իր հիմնարկությունների եւ կառավարության ձեւի կողմից մինչեւ անգամ միապետություն չէ, այլ հանրապետություն կարող է անվանվել: Թագուհու իշխանությունը այդ երկրում մի բոլորովին կրավորական ուժ է: Այո՛, նա գրեթե հանրապետություն է, բայց ի՞նչ տեսակ հանրապետություն… Կալվածատեր ազնվականության եւ գումարատեր բուրժուաների, արիստոկրատիայի եւ բուրժուազիայի հանրապետություն է:

Պարզ է, որ այդ տեսակ պետություն միշտ հիմնվում է ժողովրդի պահպանողական տարրերի վրա: Ժողովրդի ստորին դասի մեծամասնության իրավունքը գրեթե ոչինչ է այդ տեսակ պետության մեջ: Գուցե ոչ մի երկրում ստորին, աշխատող դասը այնքան ճնշված, աղքատ, ողորմելի դրության մեջ չէ, այնքան հարստահարված չէ, որքան Անգլիայում:

Ինչպես Անգլիան վարվում է իր սեփական երկրի մեջ, այնպես էլ վարվում է նաեւ իր երկրից դուրս, իր նվաճած երկրներում: Այդ      եր-կրները իրան հավատարիմ պահելու համար Անգլիան, նրանց ձեռք գցելուց հետո, նրանց մեջն էլ աշխատում է ուժ տալ ժողովրդի հարուստ, հարստահարող, տիրող, ուրեմն պահպանողական դասակարգերին, աշխատում է հաստատել, օրենքով սրբացնել ամբոխի վրա գուցե եւ անարդար ճանապարհներով առանձին անհատների ձեռք բերած իրավունքները: Այդպես վարվեց Անգլիան Հնդկաստանի մեջ. նա այդ երկիրը տիրելուց հետո, իսկույն աշխատեց մշտապես եւ օրինական ճանապարհով հաստատել հարուստների, հողատերերի, իշխանների ժամանակավոր, բռնի իրավունքները ի վնաս ժողովրդի հարըստահարված մեծամասնության: Այդպիսով Անգլիան կարող է հավատացած լինել, որ իր տիրապետությունը Հնդկաստանի վրա մշտապես ապահոված կլինի…

Ինչպես Անգլիան վարվեց Հնդկաստանում եւ իր ուրիշ նվաճած երկրներում, այնպես էլ իհարկե նա կվարվի եւ խեղճ Հայաստանի հետ, որ այժմ ընկել է նրա ձեռքը:

Եվ արդեն այդ քաղաքական նենգավոր ուղղության նշանները երեւում են:

Անգլիան իհարկե կպաշտպանի Թուրքիայի ամբողջությունը եւ չի ուզենա այդ երկրի զանազան քրիստոնյա նահանգներին անկախություն տալ, որովհետեւ Թուրքիան նրա պարտապանն է, եւ շահասեր Բրիտանիան ամեն միջոցներ գործ կդնի, որ պարտապանին ընդունակ դարձնի իր պարտքերը վճարելու:

Բայց այդ բավական չէ: Թուրքիայում առաջադեմ, շարժվող, անբավական տարրը՝ քրիստոնյաներն են, իսկ անշարժ, հարստահարող, պահպանողական տարրը՝ մահմեդականներն են: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը պահանջում է պաշտպանել հարուստներին աշխատողների դեմ, կալվածատերերին մշակների դեմ, հարստահարողներին հարստահարվածների դեմ, պահպանողական, իր դրությամբ բավական տարրը անբավականների, առաջադեմ ձգտումներ  ունեցողների դեմ:

Նա այդպես էլ կանի եւ արդեն անում է… Դիցուք Հայաստանում անգլիացիները կգտնեն թուրք կամ քուրդ բեգերին, որոնք բռնի ուժով իրանց ձեռքն են գցել այս կամ այն հայ գյուղի հողերը: Անգլիական քաղաքականությանը հավատարիմ մնալով, բրիտանական լուսավորված ազգը հարգանքով կվերաբերվի դեպի քուրդ կամ թուրք կալվածատիրոջ ապօրեն իշխանությունը եւ կշտապի օրինական ճանապարհով ճանաչել կալվածատիրոջ իրավունքը, հաստատել նրան իր իրավունքի մեջ մշտապես… Այսպիսով բոլոր բռնի եւ ժամանակավոր իրավունքները կճանաչվեն անգլիացիների ձեռքով, նրանք, ինչպես ամեն տեղ, կջանան եւ Հայաստանի մեջ ստեղծել արվեստական կերպով մի ազնվական, արիստոկրատական դասակարգ, բռնության իրավունքի վրա հիմնված, որպեսզի հեշտությամբ կարողանան կառավարել երկիրը եւ երկրի հարստահարող, պահպանողական տարրի մեջ մի հաստատ նեցուկ գտնեն իրանց քաղաքականության համար:

Ահա թե ինչ է սպասում թուրքաց Հայաստանին անգլիական տիրապետության տակ: Թուրքը եւ քուրդը գոհ կլինեն, միայն հայը ավելի ճնշված եւ ավելի հարստահարված կլինի, քան թե առաջ:

Այդ վտանգին, մեր կարծիքով, կարող է եւ պետք է առաջն առնի Ռուսաստանը, որին անհրաժեշտ կլիներ զարթեցնել իր սահմաններին կից երկրի՝ Հայաստանի մեջ բնիկ ժողովրդի, հայերի ինքնաճանաչության եւ ինքնագործության գիտակցական զգացմունքը, ամեն միջոցներով ուժ տալ հայերին անգլիացիների հետ մրցություն անելու նրանց ընդունակ դարձնելու համար եւ պատրաստել հայերին ապագայի համար, ինքնավարության համար:

Եթե ոչ, վտանգ կա, որ անգլիացիների շնորհով Ռուսաստանին հարեւան երկրի մեջ ավելի եւ ավելի ուժ կստանա եւ վերջապես սպառնող կդառնա մահմեդական տարրը:

«Մշակ», 1878, 204

42. ԴԱՌՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի հայերը անցյալ տարի սպասում էին իրանց հայրենիքի վերածնությունը Եվրոպայի ձեռքից: Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը խոստանում էր նրանց նոր կյանք շնորհել…

Բայց մինչեւ այժմ ի՞նչ ստացան հայերը. ոչինչ: Ընդհակառակը, նրանց դրությունը վատացավ, ավելի անտանելի դարձավ:

Եվ ահա այժմ ամեն կողմից մեզ հաղորդում են, եւ նույն լուրերը կարդում ենք եւ օտարազգի լրագիրների մեջ, որ Հայաստանի հայ ազգաբնակությունը եկող գարնան պատրաստ է ցրվել, գաղթել ուր որ պատահի: Երեւում է, որ թափառական եւ գազանաբարո քրդերի    հարստահարությունը էլ չափ ու սահման չունի, թուրքաց վարչության պաշտոնյաների կողմից ժողովրդի վրա ներգործած ճնշումը հասել է անասելի աստիճանի:

Բայց Հայաստանի հայերը չեն միայն, որոնք պատրաստվում են գաղթել իրանց հայրենիքից, նույ դիտավորությունն ունեն եւ Հայաստանում բնակվող ստորին, մանավանդ երկրագործ դասին պատկանող մահմեդականներն էլ:

Ուրեմն երեւում է, որ Հայաստանի բնակիչների կրած անասելի նեղությունները ընդհանուր են եւ նույն աղբյուրից են ծագում: Երեւում է, որ գաղթականության ոգին հայոց հատկություն չէ միայն, այլ ծագում է ավելի խոր եւ ընդհանուր պատճառներից, որոնք կապ ունեն թուրքաց պետության ընդհանուր տագնապի հետ: Դա տեղական մի հիվանդություն չէ, ուրեմն, այլ սերտ կապ ունի պետական կազմվածքի ընդհանուր հիվանդոտ, օրհասական դրության հետ:

Այդ տեսակ ցավերի դեմ, ինչպես բժշկականության մեջ, հարկավոր է գործ դնել ոչ թե տեղական, մասնավոր հնարներ, այլ ընդհանուր, խիստ եւ արմատական միջոցներ:

Հասկացե՞լ է արդյոք Եվրոպան, որ թուրքաց պետական մարմինը կատարյալ քայքայման պրոցեսի մեջ է գտնվում…

Կամայականություն պետական պաշտոնյաների կողմից, ավազակություններ վայրենի ցեղերի կողմից, պետական հարկերի չափից դուրս բարձր լինելը, ընդհանուր չքավորություն ամբոխի մեջ, շատ տեղերում սով եւ հիվանդություններ, ճանապարհների պակասությունը, կրեդիտի բացակայությունը, բնության հարստություններից օգուտ քաղելու անկարողությունը գումարների պակասության պատճառով, պետական օրենքների հնացած եւ անժամանակակից լինելը, քաղաքացու անձնական եւ կայքի անապահով լինելը, պետության ղեկը ձեռքում բռնող բարձր պաշտոնյաների վարչական անընդունակությունը, նրանց զեխ եւ անբարոյական կյանքը, ամենքի կաշառակերությունը, իրավունքների անհավասարությունը օրենքի առջեւ, վերանորոգու-   թյուններ երկրի մեջ մտցնելու կառավարության անընդունակությունը եւ նրա դեպի ամեն նորությունները զզվանքը մահմեդական կույր ֆանատիկոսության պատճառով, - ահա, մի քանի լայն գծերով, Օսմանյան պետության տնտեսական եւ վարչական տխուր պատկերը…

       Եվ դեռ գտնվում են քաղաքականության մեջ միամիտ, կամ մարդկության առջեւ հանցավոր դիպլոմատներ, որոնք խոսում են՝ Թուրքիան որպես պետություն պահպանելու անհրաժեշտության մասին:

«Մշակ», 1879, 8

43. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ

Գիտե՞ք, ընթերցող, ինչ են ասում հայերը, մանավանդ թիֆլիսցիները, մինչեւ անգամ նրանք, որոնք անցյալ տարի գրված էին «Մշակին», երբ նրանց առաջարկում են գրվել մեր լրագրին: «Այս տարի չարժե գրվել լրագրին, ասում են նրանք, որովհետեւ պատերազմ չկա եւ հայոց խնդիր չկա…»:

Ուրեմն անցյալ տարի հայերը գրվում էին լրագրին, կամ հատով առնում էին հայոց թերթը, այն պատճառով, որ լրագիրը տպում էր հետաքրքիր հեռագրեր, հետաքրքիր լուրեր: Ուրեմն նրանց համար դա զվարճություն էր եւ ժամանակը անցնելու միջոց, եւ ոչ թե պահանջ, ոչ թե բարոյական պարտավորություն…

Երբ երկու տարի սրանից առաջ զարթեցավ հայոց խնդիրը, այսինքն թուրքաց հայերի դրության բարվոքման խնդիրը, մեր թուրքա- բնակ ցեղակիցները հասկացան, որ նրանք անպատրաստ են այդ խնդրի աջողակ լուծվելուն եւ նրան բարի վախճանի հասցնելուն նպաստամատույց լինել: Ուրիշ կողմից Ռուսաստանի եւ Պարսկաստանի հայերը միայն այն ժամանակ համոզվեցան, որ անծանոթ լինելով իրանց թուրքաբնակ արյունակից եղբայրների դրության հետ, անկարող են, նրանց ճգնաժամի րոպեին, օգնել նրանց նյութապես եւ բարոյապես:

Թուրքաց հայերը, քսան տարի է, որ իրանց ձեռքումն ունելով այդպես անվանված սահմանադրությունը, մի տեսակ ինքնավարու-  թյուն եկեղեցական եւ վարչական գործերում, այդ ժամանակի ամբողջ ընթացքում ոչինչ չարեցին, անպատրաստ մնացին:

Պարսկաստանի հայերը իրանց բոլոր թե՛ բարոյական եւ թե՛ նյութական հարաբերությունները ռուսաստանցի եւ թուրքիացի ցեղակիցների հետ կտրած, մնացին դարերով մեռելության մեջ:

Իսկ այդ ժամանակ, ռուսաստանցի հայերը, հայոց ազգի միակ մասը, որ ամբողջ դարի ընթացքում, ապրելով ռուսաց խաղաղ տիրապետության տակ, բարեկեցություն էր վայելում, ռուսաց հայերը չմտածեցին ուսումնասիրել իրանց թուրքիացի արյունակից եղբայրների դրությունը: Բարոյապես եւ նյութապես ապահոված լինելով, նրանք չմտածեցին այդ երկար եւ խաղաղ ժամանակամիջոցում այնպես պատրաստել իրանց ամբողջ հասարակական ուժերը, որ հարկավոր րոպեին կարողանային բարոյապես եւ նյութապես օգնել իրանց արյունակից թուրքիացի եղբայրներին:

Հասավ ճգնաժամը թուրքաց հայերի համար, հասավ մի րոպե, որ թուրքաց հայերի պես մի կորած ազգին ներկայանում է հազիվ թե մի անգամ հազար տարվա ընթացքում, եւ նրանք պատրաստ չէին:

Ո՞վ պետք է նրանց քաջալերեր, ո՞վ պետք է մեկներ նրանց օգնության ձեռքը, եթե ոչ նրանք, որոնք գտնվում էին նրանցից աջողակ դրության մեջ: Հայոց մամուլը Ռուսաստանում զարթեցրեց թուրքաց հայերի մեջ մարդկային ինքնաճանաչությունը, մամուլը տվեց նրանց մի դառն դաս, հասկացրեց նրանց թե դարերով անգործ էին մնացել…

Նրանք, կարծես, հասկացան զղջացին, խոնարհությամբ ընդունեցին իրանց տված դառն դասը, ամենքը աղաղակեցին թե պատրաստ չենք, պետք է այսուհետեւ պատրաստվենք, պետք է մեզ կրթենք, լուսավորենք, մեզ ինքներս հետազոտենք, ուսումնասիրենք, եւ այլն, եւ այլն, բայց անցավ ճգնաժամը, եւ բոլորը կրկին մոռացվեցավ: Այժմ չկա պատերազմ, այլեւս չկա հայոց խնդիր, չկա Բեռլինի ավագաժողով, չկան հետաքրքիր հեռագիրներ եւ թղթակցություններ լրագիրների մեջ, ասում են հայերը, առհասարակ. ուրեմն ի՞նչ հարկավոր է կարդալ լրագիրները, հետաքրքրվել մեր թուրքահպատակ եղբայրակիցների դրությամբ, ուսումնասիրել նրանց կյանքը, ասում ենք մենք, ռուսաստանցի հայերս:

Ուրեմն անուշադիր թողնենք նրանց: Իսկ մինչ այդ ժամանակ, թո՛ղ Թուրքիայի հայերը, տնտեսական եւ վարչական անտանելի հանգամանքներից ստիպված, գաղթեն իրանց հայրենիքից, ցրվեն աշխարհիս չորս կողմը, թող դատարկվի հայի հայրենիքը՝ Հայաստանը, եւ երբ կրկին (ո՞վ գիտե երբ) կներկայանա նրանց համար մի պատեհ րոպե, թո՛ղ նրանք կրկին անպատրաստ լինեն հարմար դեպքից   օգուտ քաղելու, թույլ լինեն հանդիպած արգելքների առաջն առնելու: Երբ կներկայանա սպասված րոպեն, թող ոչ մի հայ էլ չլինի Հայաստանում…

Եվ, ճշմարիտ, մենք ռուսաստանցի հայերս ապահոված եւ խաղաղ ապրելով, ի՞նչ հարկավորություն ունենք կարդալ լրագիրները, ի՞նչ հարկավոր է մեզ իզուր գրգռվել, մեր հանգիստ քունը խանգարել, հետաքրքրվել մեր թուրքիացի եղբայրակիցների թշվառ դրությամբ…

Ավելի լավ չէ՞, որ յուրաքանչյուր հայ մտածի միայն իր անձի եւ իր ընտանիքի հանգստության եւ նյութական շահերի վրա՝ հայ վաճառականը հաշվի թե երկու թուման եւ երկու թուման չորս թուման է անում, հայ պաշտոնյան աշխատի լավ վարձատրված պաշտոններ ձեռք բերել, հայ կապալառուն իր ամբողջ ուժերը լարի շահավետ գործեր ճանկելու, հայ ադվոկատը անքուն գիշերներ անցնի վերցրած պրոցեսներից ոչ թե իմաստը ուսումնասիրելու, այլ ստացված վարձատրության գումարը համրելու, հայ բժիշկը իր գրպանները իր վիզիտներից ստացած փողերով լցնի, հայ բանկիրը իր կյանքի նպատակը դնի աշխատել յուրաքանչյուր տարի ավելի դիվիդենտներ եւ շահ ստանալու բանկային օպերացիաներից, - ի՞նչ հարկավոր է իր Թուրքիայի ցեղակից եղբայրների դրությունը եւ կյանքը ուսումնասիրելու, ի՞նչ հարկավոր է հետաքրքրվել նրանց ապագայով…

Թո՛ղ հայոց լրագիրները ինչ ուզում են գրեն, թող հայոց լրագրապետները կանչեն, աղաղակեն… Պարտավորություն…

Մենք ուրիշ պարտավորություն չենք ճանաչում, բացի մեր պարտավորութենից դեպի մեր գրպանը:

«Մշակ», 1879, 18

44. ԽԱՂԱՂ ՊԱՏԵՐԱԶՄ

Ռուսաց “թՏսՏր” լրագրի 58-ի առաջնորդող հոդվածի մեջ հայտնած միտքը հայոց խնդրի մասին մի նոր լույս է գցում այդ խնդրի վրա:

Թուրքիայի հետ մեր պատերազմը, ասում է ռուս լրագիրը, պետք է լինի խաղաղ, կուլտուրական, քաղաքակրթական: Մեզ հարկավոր է թուրքաբնակ քրիստոնյա ժողովրդի այն կողմը պահել, որ    ավելի քաղաքակրթական հիմնավոր հատկություններ ունի, որ բարոյապես եւ տնտեսապես ավելի զարգացած է: Դորան պատկանում են եւ պետք է պատկանեն մեր համակրության բոլոր զգացմունքները:

Այդ է ռուս լրագրի գլխավոր միտքը:

Եվ “թՏսՏր” լրագիրը վերջացնում է իր հոդվածը ասելով, որ հույներից եւ սլավյաններից հետո հերթը գալիս է թուրքաց հայերին, հերթը հայոց խնդրին է պատկանում:

Եվ այդ իր գլխավոր մտքից եզրակացություն դուրս բերելով, ինքը ռուս լրագիրը հայտնում է, թե պետք է ուսումնասիրել Հայաստանը, նրա բնակիչների հակումները, հատկությունները, նրանց տնտեսական եւ կուլտուրական հատկությունները:

Եվրոպան, լուսավորված աշխարհը մեզ չէ ճանաչում: Եթե այժմ արեւելյան խնդիրը կատարելապես վճռելու համար Եվրոպան անհրաժեշտ է համարում ուսումնասիրել թուրքաց պետության մինչեւ այժմ իրան անծանոթ եղած ասիական մասը, Փոքր Ասիան, եւ գլխավորապես Հայաստանը, իր բնակիչներով, ամենից առաջ մեր, հայերիս պարտավորությունն է արձագանք տալ այդ մարդասեր հրավերքին:

Ո՞վ ավելի լավ կարող է ծանոթ լինել Հայաստանի հետ, նրա բնակիչների բարք ու վարքի հետ, նրանց կյանքի բոլոր կողմերի, տնտեսական, բարոյական եւ մտավոր, վերջապես քաղաքակրթական բոլոր հատկությունների հետ, եթե ոչ իրանք՝ հայերը:

Ռուս լրագրի բերանով լուսավորված աշխարհի դեպի մեզ ուղղված հրավերքը կարդալով, մեր, հայերիս պարավորությունն է այժմ ավելի էլ ուսումնասիրել հայերին, Հայաստանը, թուրքաց հայերի դրությունը, նրանց կյանքը, նրանց քաղաքակրթական ոգին, - եւ այդ բոլորը ճշտությամբ եւ անդադար ուսումնասիրելուց եւ հետազոտելուց հետո, ծանոթացնել Եվրոպային մեր անկողմնապահ ուսումնասիրու-թյան պտուղների, մեր հետազոտությունների արդյունքի հետ:

Եվ հայ ազգը կարծես ճշմարիտ, իր բոլոր հատկություններով, իր բոլոր քաղաքակրթական հակումներով, ստեղծված է խաղաղ կուլտուրական մաքառման համար, ստեղծված է նրա համար, որ լինի  եվրոպական լուսավորության եւ քաղաքակրթության միջնորդ Եվրոպայի եւ Ասիայի մեջ, ստեղծված է նրա համար, որ եվրոպական լուսավորության ներկայացուցիչ լինի արեւելքում:

«Մշակ», 1879, 35

45. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆՑ

Ներկա համարում տպում ենք մեր սեփական թղթակցից ստացած մի հեռագիր Մոսկվայից, որ հաղորդում է թե մեր հայտնի գրող եւ հայագետ, Ստեփանոս Նազարյանցը վախճանվեցավ այս ապրիլի  26-ին:

Նա ծնվել է Թիֆլիսում, 1812 թվին, ուրեմն 67 տարեկան էր:

Նազարյանցի ընտանիքը ծագումով Պարսկաստանից էր, որտեղից նրանք եկան ներկա դարի սկզբում: Նազարյանցի հայրը քահանա էր: Տեր Եսայի քահանան եւ տիկին Մանուշակ նրա ամուսինը, ունեին չորս զավակ, որոնցից ամենից կրտսերը Ստեփանոսն էր:

Փոքրիկ Նազարյանցն սկսեց իր ուսումը Թիֆլիսի մեջ բնակվող մի ղարաբաղցի Պողոս վարդապետի մոտ, որին հանձնել էր նրան իր հայրը, եւ որի մոտ ամբողջ ուսումը պարունակվում էր Չամչյանի քերականության մեջ:

Ինչպես է պատրաստվել Նազարյանցը համալսարան մտնելու համար, մեզ հատնի չէ, բայց հայտնի է, որ 1832 թվին, նա ուղեւորվեց Թիֆլիսից դեպի Դորպատ: Իր բարձրագույն կրթությունը Դորպատի համալսարանում ստանալով, ուրեմն բոլորովին գերմանական ոգով կրթվելով, նա մտցրեց իր գիտնական եւ ազգային գործունեության մեջ գերմանացուն հատուկ ծանր, հիմնավոր, կրիտիկական ոգին:

Թե՛ ռուս, թե՛ եվրոպական գիտնականների շրջանին Նազարյանցը հայտնի է որպես լեզվագետ: Նա ունի մի քանի ուսումնական գրվածներ: Նա պրոֆեսոր էր Կազանի համալսարանում, հետո Մոսկվայի Լազարյան ճեմարանում:

Բայց հայերին նա հայտնի է որպես «Հյուսիսափայլ» ամսագրի խմբագիր եւ հրատարակիչ: Այդ ամսագիրն սկսեց հրատարակվել 1858 թվին Մոսկվայում: Մի տաղանդավոր աշխատակցի, Միքայել Նալբանդյանցի գործակցությամբ, «Հյուսիսափայլը», թեեւ ընթերցողների փոքր շրջանից էր կարդացվում, կարելի է ասել, հեղափոխություն գործեց ռուսահայոց նոր գրականության մեջ, թե՛ նոր, կենդանի աշխարհաբար լեզուն գրական գործածության մեջ մտցնելով եւ թե՛ կրիտիկական հայացք գցելով մեր ազգային մի քանի հնացած հիմնարկությունների եւ գաղափարների վրա: Դորանով բացատրվում է այն կատաղի թշնամությունը, որ հարուցեց իր դեմ Նազարյանցն իր գործունեությամբ: Հոգեւորականները եւ միշտ հետադեմ «Մեղու Հայաստանի» լրագիրը նրա ամենաանհաշտ, ամենակատաղի թշնամիներն էին:

Արդեն 1864 թվին զանազան հանգամանքների շնորհով «Հյուսիսափայլը» դադարեց եւ էլ երբեք չվերականգնեցավ:

Յոթանասուն թվականներում Նազարյանց հրավիրվեցավ Թիֆլիս որպես Ներսիսյան հոգեւոր-ազգային դպրոցի տեսուչ, բայց երկար չկարողացավ դիմանալ Թիֆլիսի հայ ինտելիգենցիայի խեղդող շրջանի մեջ…

Մոսկվա վերադարձած, նա կրկին ընդունեց Լազարյան ճեմարանի արեւելյան լեզուների պրոֆեսորի պաշտոնը, որի մեջ եւ մնաց մինչեւ մահը:

  Կարող ենք ասել, որ Նազարյանցը, ինչքան էլ մեծ գործ կատարեց հայ գրականության համար իր «Հյուսիսափայլ» ամսագիրը հրատարակելով, բայց նա ավելի գիտնական մարդ էր, քան թե ժողովրդական գործող, քան թե պուբլիցիստ: Դորան ամենալավ ապացույց այն կարող է լինել, որ զզվելով հասարակական գործունեության մեջ պատահող դժվարություններից, Նազարյանցը մինչեւ իր կյանքի վերջը չկարողացավ շարունակել պուբլիցիստական գործունեությունը: Անհերքելի է, որ նա հուսահատվեց, ընկճվեց հալածանքների, ինտրիգաների եւ թշնամության հարվածի տակ:

Իսկ մամուլի մեջ գործողի հատկությունն է, ինչքան էլ դժվարություններ, արգելքներ լինեին, երբեք չթուլանալ, մինչեւ որ ֆիզիկական ուժերը չսպառվեն, երբեք չենթարկվել, չխոնարհվել անաջող հանգամանքների առջեւ…

Եվ ահա այդ պատճառով հայտնվեցավ մի զարմանալի, անսովոր երեւույթ: Գործողը, կենդանի մարդը, իր հասարակական ասպարեզը թողած, մոռացվում է ամենքից… Նա կենդանի է մնում երկար տարիներ, բայց ամենքը նրան մոռացել են…

Եվ միայն, երբ Նազարյանցի մահվան լուրը կտարածվի հայերի մեջ, թե՛ ռուսաստանցի եւ թե՛ թուրքիացի հայերը կհիշեն նրան, կհասկանան, որ Նազարյանցը մեծ կռվողներից մեկն էր, որ նա հայոց ժամանակակից գրական ասպարեզում վերանորոգիչ էր եւ հեղափոխիչ:

Այո՛, մտքով, ուղղությամբ, գիտնական զարգացմամբ, տոկունությամբ նա վերանորոգիչ էր, բայց իր համեստ, մեղմ, փափուկ բնավորությունը հակառակում էր իր գործունեությանը…

Կռվողի համար, վերանորոգիչ, հեղափոխիչ լինել ցանկացողի համար հարկավոր է ունենալ ավելի զորեղ, ավելի համարձակ, ավելի հանդունգն բնավորություն, որպեսզի այդ տեսակ գործողը կարողանա դիմանալ կյանքի ամեն տեսակ արգելքներին, մարդկանց ամեն տեսակ կեղտոտություններին եւ իր հասարակական գործունեության կես ճանապարհի վրա չկանգնի, չիջնի իր ասպարեզից, դեռ կենդանի ժամանակ, մահից շատ տարիներ առաջ, մեռած չհամարվի այն ազգի մեջ, որի մեջ գործել է, որի հնացած գաղափարների դեմ երկար ժամանակ կռվել է:

Կյանքի ժամանակ իջնել ասպարեզից, նշանակում է իր թուլությունը խոստովանել, նշանակում է իրան դատապարտել հասարակական մահվան, նշանակում է իրան հաղթված խոստովանել…

Իսկապես Ստեփանոս Նազարյանց վախճանվել է հայության համար ոչ թե 1879 թվին, այլ արդեն 1864 թվին…

Թո՛ղ հայոց հասարակությունը ինքն իրան մեղադրի, որ իր ձեռքերով սպանում է իր սեփական գործողներին, իր անտարբերու-   թյամբ եւ թշնամությամբ իր գործողների ամենալավերին, դեռ նրանց կենդանության ժամանակ, դատապարտում է հասարակական մահվան:

«Մշակ», 1879, 62

46. ԹՈՒՐՔԱՑ ՀԱՅԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հրապարակական դասախոսություն, որ տեղի ունեցավ Թիֆլիսի Արհեստավորների ընկերության մեջ մարտի 11-ին եւ Թիֆլիսի Սոբրանիայի դահլիճում մարտի 25-ին, 1879 թվին:

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 

Հայաստանի դիրքը: -  Գլխավոր կետերը Մեծ, Փոքր - Հայաստանի եւ Կիլիկիայի: - Վարչական բաժանումն Մեծ - Հայաստանի:    - Էրզրում քաղաքը որպես կենտրոն տրանզիտի ճանապարհի: - Հանքերը եւ միներալական հարստությունները Կիլիկիայում: - Հանքային հարստությունները եւ Սողանլուխի անտառը Ռուսաստանին նոր միացած Ղարսի նահանգի մեջ: - Անտառները եւ վառելիքը Հայաստանում: - Ալաշկերտի դաշտավայրը: - Կենդանիներ: - Արոտատեղեր: - Տնային կենդանիներ: - Խաշնարածություն եւ անասնապահություն: - Երկրագործություն: - Բուսական հարստություններ: - Գինեգործություն, կաթնային տնտեսություն, շերամապահություն, այգեգործություն եւ պարտիզպանություն: - Ազգաբնակություն. թուրքերը, հայերը եւ քրդերը:     - Երեք ցեղերի մոտ կնոջ դրությունը: - Արհեստները: - Հայուհին որպես աշխատող կին: - Հայերը, որոնք անխառն են բնակվում մահմեդականներից: - Խոտորջուրի համայնքը: - Զեյթունի ընկերական ոգի:

 

Տիկիններ եւ պարոններ

 

Ուզենալով ծանոթացնել ձեզ Հայաստանի տնտեսական դրության հետ, ես որքան կարողացա, աշխատեցի, հավաքեցի տեղեկություններ եւ վերաստուգեցի այդ տեղեկությունները Հայաստանից բազմաթիվ եկողների եւ Հայաստանին ծանոթ իմ մի քանի բարեկամների օգնությամբ: Այդ տեղեկությունները, որոնցից ես աշխատեցի կազմել Հայաստանի մի կենդանի պատկեր, իհարկե դեռ շատ պակասություններ ունեն:

Բայց եթե ես կարողանամ ձեզ որեւէ, ամենաթեթեւ, ամենաթույլ, ամենափոքրիկ հասկացողություն տալ Հայաստանի բնական      հարստությունների եւ նրա ժողովրդի տնտեսական դրության վրա, ես ինձ շատ բախտավոր կհամարեմ:

Այնուհետեւ թող ուրիշները լրացնեն իմ առաջին աշխատանքի պակասավոր տեղերը, որ ինչպես ամեն առաջին փորձ, միշտ թույլ, պակասավոր եւ անհաստատ է լինում:

Մեր խոսակցության առարկա կլինի թուրքաց Հայաստանը եւ գլխավորապես Մեծ կամ Բարձր Հայաստանը: Ձեր առաջ դրած Հայաստանի գեղեցիկ քարտեզը, որ հատկապես իմ դասախոսության համար նկարել է իշխան Միքայել Բեհբությանը, կազմելով այդ քարտեզը Կովկասյան Զինվորական վիճակի 1877 թվի եւ Վենեցիայի Մխիթարյանների 1849 թվի քարտեզների վրա, ներկայացնում է ձեզ Հայաստանի թե՛ քաղաքական բաժանումը եւ թե՛ նրա պատմական բաժանումը: Մի կողմից նշանակված են այդ քարտեզի վրա ռուսաց, թուրքաց եւ պարսից Հայաստանի սահմանները, իսկ մյուս կողմից երեւում են, ահա Հայաստանի պատմական սահմանները: Անդրկովկասից դեպի հարավ գտնվում է Մեծ-Հայաստանը, նրանից դեպի արեւմուտք տարածվում է Փոքր-Հայաստանը, որ Մեծ-Հայաստանից ավելի նվազ հայոց ազգաբնակություն ունի, իսկ այդ վերջին երկրից դեպի հարավ գտնվում է Կիլիկիա, որ հայտնի է իր քաջ լեռնաբնակ հայերով:

Իշխան Բեհբությանի քարտեզի վրա նշանակված են Հայաստանի գլխավոր գետերը եւ այդ երկրի գլխավոր կետերը, այն կետերը միայն, որոնք հարկավոր էին իմ դասախոսության համար եւ որոնք նշանավոր են կամ որպես բնակատեղի վալիի, կայմակամի եւ մյուդիրի (վՈփՈսՖվՌՍՌ չցոպՐվՌռ, ՏՍՐցչՏՉ Ռ ցպջՊՏՉ), կամ որպես մեծ կենտրոններ եւ այս կամ այն արդյունաբերության տեղեր:

Սրանք են Մեծ-Հայաստանի գլխավոր կետերը. Էրզրում, Հասան-Ղալա, Նարիման, Խնիս, Երզնկա, Բայբերդ, Հիսբիր, Կիսկիմ,     Ալաշկերտ, Բայազետ, Վան, Բաղեշ (Բիթլիս), Մուշ, Սղերթ, Դիարբեքիր (Տիգրանակերտ), Եդեսիա, Խարբերդ: Այդ բոլոր նշանավոր կետերը շրջապատված են երկու-երեք հարյուր գյուղերով, որոնց երեք չորրորդականը գրեթե հայաբնակ են: Փոքր-Հայաստանում ես կհիշեմ հետեւյալ տեղերը. Արապկերտ, Կամախ, Գյումուշ-Խանե, Տրապիզոն, Րիզե, Եվդոկիա (Թոխատ), Սվազ (Սեբաստիա), Կարահիսար, Կեսարիա, Ամասիա Փոքր-Հայաստանի արեւմտյան ծայրում եւ Մարաշ Կիլիկիայի սահմանի վրա: Կիլիկիայում դուք տեսնում եք նշանակված     Ադանա, Այնթափ եւ Զեյթուն տեղերը: Փոքր-Հայաստանից դուրս, բուն Փոքր-Ասիայում նշանակված եք տեսնում Անգորա քաղաքը:

Վերջապես քարտեզի վրա դուք նշանակված եք տեսնում մի քանի ամենանշանավոր տեղեր Ռուսաստանին նոր միացած Ղարսի նահանգի մեջ, որոնք են՝ Ղարս, Կաղսման, Օլտի եւ Բաթում:

Մեր խոսակցության առարկան, ինչպես ասացի, կլինի գլխավորապես Մեծ կամ Բարձր Հայաստանը: Ամբողջ Հայաստանը շատ բարձր դիրք ունի, շրջապատված ամեն կողմից սարերի շղթաներով, որ եւ առիթ է տվել մի գերմանացի նշանավոր աշխարհագրին անվանել Հայաստանը մի օդային սարոտ կղզի (eine luftige Berginsel): Բայց ամենաբարձր դիրքն ունի Մեծ-Հայաստանը, որ իր Էրզրում քաղաքով, կազմում է Հայաստանի միջին կետը: Մեծ կամ Բարձր Հայաստանը, թուրքաց տերության տակ գտնվելով, բաժանվում է երեք վիլայեթների վրա՝ Դիարբեքիրի, Վանի եւ Էրզրումի վիլայեթների վրա: Էրզրում (կամ Կարին) քաղաքը, մինչեւ վերջին ռուս-թուրքաց պատերազմի սկիզբը եւ վերջը, եղել է Թուրքիայից Պարսկաստան եւ փոխադարձապես անցնող տրանզիտի ճանապարհի կենտրոն: Քարավանի Ճանապարհի միջին կետը Էրզրումն էր կազմում, իսկ երկու ծայրական կետերը՝ Տրապիզոն եւ Բայազետն Էին: Այդ էր պատճառը, որ տրանզիտի այս ճանապարհը չխափանելու համար Անգլիան ամեն ջանքեր գործ դրեց Բեռլինի կոնգրեսի ժամանակ, որ Բայազետը ետ տրվի Թուրքիային: Այդ կետը գրեթե չունի ուրիշ նշանակություն, բացի առեւտրական հաղորդակցության կետ լինելուց: Այսպիսի մի կենտրոնում, ինչպես է Էրզրումը, Կ. Պոլսից եկող ապրանքը պատահում էր Պարսկաստանից անցնող անմշակ, հում բերքերի հետ: Այդտեղ թափվում էին, նույնպես,    ամեն կողմերից Հայաստանի թե՛ բնական բերքերը եւ թե՛ գավառացի հայոց ազգաբնակության ձեռքերի վաստակը, աշխատասեր հայի եւ հայուհու արդյունագործությունները: Այսպիսով, թե՛ բնիկ եւ թե՛ օտարական հայ առեւտրականներ, նույնպես եւ պարսիկ, հույն, երբեմն եւ եվրոպացի վաճառականներ հավաքվելով Էրզրումի մեջ, տալիս էին այդ քաղաքին կյանք եւ առեւտրական նշանակություն:

Անցնելով Հայաստանի բնական հարստությունների նկարագրության, ես կսկսեմ հանքերից: Ամբողջ Հայաստանը լի է հանքային ջրերով եւ հանքերով: Շատ տեղ մարդը միայն գուշակել կարող է, որ գետնի տակ պահված են հարուստ հանքեր, որովհետեւ ամեն քայլափոխում հոսում են առատությամբ հանքային ջրերը:

Էրզրումից 30-40 վերստ հեռավորությամբ կան նավթի առատ աղբյուրներ Հասան-Ղալայի շուրջը: Նավթը շատ առատ է երեւում եւ այդ նյութը կարելի էր հավաքել հորերից, ինչպես Բաքվի շրջակայքում, մշակել նրան եւ պատրաստել նրանից նուրբ ֆոտոգեն: Բայց մշակողներ չկան, իսկ բնիկ ժողովուրդը օգտվում է այդ նյութից ամենանահապետական ձեւով: Բնակիչները իջեցնում են հորերի մեջ փալասներով փաթաթած փայտեր, եւ երբ որ նավթը բավական ծծվել է փալասների մեջ, տանում են տուն եւ գործ են ածում այս ձեւով հավաքած նավթը թե՛ վառելիքի եւ թե՛ լուսավորության համար: Նավթի այդ նահապետական արդյունահանությամբ պարապում են Հասան-Ղալայի շուրջը գտնված բոլոր գյուղերը, թե՛ քրիստոնյա եւ թե՛ մահմեդական: Հասան-Ղալայի մոտ գտնվում է եւ մի ծծմբային հանք: Նույն Հասան-Ղալայից ոչ հեռու դեպի Նարիմանի կողմը գտնվում են թաղված քարածուխի շատ ընդարձակ պահեստներ: Էրզրումի չորս կողմը գտնվում են անթիվ ծծմբային եւ երկաթային հանքային ջրեր, որոնք համարվում են բժշկական բնական միջոցներ, մանավանդ կանանց հիվանդությունների դեմ: Այդ տեղերից ես կհիշեմ ամենանշանավորները՝ Իլիջա, Աղդաղ, Սղըրլը: Ղարսի նահանգում, որ պատերազմից հետո միացավ Ռուսաստանին, գտնվում են նույնպես հանքեր. օրինակ Կաղսմանի մոտ կան հարուստ աղահանքեր: Նույն Կաղսմանից ոչ հեռու մեծ քանակությամբ կա մարմարիոնի պես մի քարի տեսակ, որ գույնզգույն է լինում եւ գետնից հանելու ժամանակ այնպես փափուկ է, որ նրան հեշտությամբ կարելի է դանակով կտրել, բայց օդի ազդեցությանը ենթարկվելով, սաստիկ պնդանում է, Օլտիի կողմը գտնվում է մի տեսակ սեւ սաթ, որի նմանը ասում են, աշխարհիս ոչ մի տեղ չկա: Այդ քարը իր արտաքին տեսքով նման է գիշեր ասված ընտիր քարածուխի տեսակին, բայց իր հատկություններով բոլորովին նման է սաթին (ÿվՑՈՐՖ), եւ տեղացիներն էլ անվանում են այդ քարը քահրուբար, որ թուրքերեն սաթ է նշանակում: Նորերումս սկսեցին   ուշադրություն դարձնել եւ Վանի նահանգում գտնված նավթի հարուստ աղբյուրների վրա: Էրզրումի վիլայեթում, Երզնկայից ոչ հեռու, Կամախ անվանված տեղի շրջակայքում կա մի աղահանք եւ նույնպես պատահում են այդտեղ քարածուխի հանքեր: Կամախի մոտ գտնված ժայռոտ սարի մի կողմից բխում է մի աղի աղբյուր, իսկ նույն սարի մյուս կողմից բխում է մի հանքային աղբյուր, որ ձմեռ ժամանակ տաք է լինում, իսկ ամառ ժամանակ այնքան սառն, որ ժայռից բխելուն պես սառույց է կտրվում: Էրզրումից 70 վերստ Դերջան ասված տեղի մոտ նույնպես մի աղահանք կա: Բայց ամենահարուստ աղահանքերը գտնվում են Մուշի կողմը: Շատերի կարծիքով այդ հանքերը այնպես հարուստ են, որ եթե ամբողջ Ասիայի աղահանքերը սպառվեին, Մուշի աղահանքերը բավական կլինեին թե՛ ամբողջ Ասիային եւ թե՛ Եվրոպային աղը հայթայթելու: Մուշը Փոքր Ասիայի Կողբն է (Կուլպ): Այդ հանքերից բխում են աղի աղբյուրներ, որոնք միանալով կազմում են մի   աղի գետակ, որ իր թանկագին նյութով, աղով, դժբախտաբար          ապարդյուն կերպով է վազում, որովհետեւ ընկնելով Մուրադ-չայ գետի մեջ խառնվում է նրա ջրերի հետ եւ վերջապես անհետանում Եփրատի ջրերի մեջ: Մուշից անցնելով Բիթլիս մենք գտնում ենք նրա շրջակայքում զռնեխի մի հանք (րցՐՖՎՈ), որ բնակիչներին դեղին ներկ է տալիս: Բիթլիսի եւ Դիարբեքիրի գրեթե կես Ճանապարհի վրա քանի մի տարի կա, որ գտնվեցավ մի հարուստ պղնձի հանք: Առհասարակ պղնձի եւ երկաթի մադանները շատ բազմաթիվ են Հայաստանի ամբողջ տարածության վրա: Կհիշեմ այստեղ, օրինակ, Եվդոկիայի կողմերի Ակնի մոտ գտնված պղնձի մադանները: Երկաթի եւ պղնձի առատ մադանները, թեեւ անմշակ թողված, երեւում են Հիսբիրի եւ Կիսկիմի շրջակայքում, որտեղ եւ ոսկու հին հանքերի հետքեր են նկատվում: Հավատացնում են, որ այդ երկրից (որ Էրզրումի եւ Տրապիզոնի գրեթե կես ճանապարհի վրա է գտնվում եւ հին Սոփերք է), իսրայելացիների Սողոմոն  իմաստուն թագավորը ոսկի էր բերել տալիս, գործածելով այդ նյութը Երուսաղեմի տաճարի շինության զարդարանքների վրա: Արծաթի    ամենանշանավոր հանքը գտնվում է Գյումյուշ-Խանե ասված տեղում, Էրզրումի վիլայեթի սահմանում: Արծաթի այդ հանքը տեղացիներից շատ քիչ եւ ամենանահապետական ձեւով է մշակվում: Կիլիկիան էլ իր միներալական հարստության կողմից պակաս չէ  մնացած Հայաստանի հարստություններից: Համեմատաբար աննշան տարածության վրա դուք կգտնեք Զեյթուն քաղաքից ոչ հեռու երկաթի    առատ հանքեր որոնք, մշակվում են, որովհետեւ լեռնաբնակ հայ ժողովուրդը այդ երկաթից իր համար զենքեր է պատրաստում, նույն տեղ եւ մի արծաթի հանք կա, որ անմշակ է թողնված: Քաղաքի չորս կողմը կան բազմաթիվ հանքային, մանավանդ ծծմբային ջրեր: Անթափ քաղաքից ոչ հեռու գտնվում են սեւ եւ սպիտակ մարմարիոնի պահեստներ: Սպիտակ մարմարիոնը, ասում են, շատ ընտիր է:

Հայաստանը հարուստ է այն բուսականության կողմից, որ զարգանում է եւ պահպանվում է մարդու ձեռքով, բայց աղքատ է բնական բուսականության, անտառների կողմից: Եթե Հայաստանի մի քանի տեղերում կան էլ հարուստ եւ խիտ անտառներ, նրանցից օգուտ քաղել, ճանապարհների պակասության պատճառով գրեթե անհնարին է: Ամենահարուստ անտառներից մինը, Սողանլուխի անտառը անցել է պատերազմից հետո Ռուսաստանի ձեռքը: Այդ անտառը հայթայթում էր, թե՛ շինության, եւ թե՛ վառելիքի համար, փայտ ամբողջ Էրզրումի վիլայեթին: Այժմ Էրզրումի թե՛ քրիստոնյա եւ թե՛ մահմեդական ազգաբնակությունը մնացել է գրեթե առանց վառելիքի, եւ բնակիչները չեն կարող նույնպես նոր շինություններ կառուցանել եւ հները նորոգել: Այս դրության մեջ սարոտ եւ ցուրտ Էրզրումը, որ շատ բարձր դիրք    ունի (6000 ոտնաչափ ծովի մակերեւույթից բարձր), զրկված է մնացել իր ամենաանհրաժեշտ պիտույքից, վառելիքից եւ ասում են, որ վիլայեթի թե՛ քրիստոնյա եւ թե՛ մահմեդական ազգաբնակությունը գաղթելու է այդ պատճառով: Լսվում է, որ Էրզրումի վիլայեթի բնակիչների խնդիրքի հիման վրա թուրքաց տերությունը դիմեց մեր տերությանը, խնդրելով թույլ տալ վիլայեթի բնակիչներին նշանակված վարձով օգտվել Սողանլուխի անտառի փայտից: Ճշմարիտ է, գյուղերի վառարանները հարմարեցրած են աթարի գործածության, որպես վառելիքի, բայց քաղաքների մեջ դա անհնարին է: Ցույց տալու համար թե որչափ զգալի կերպով հայտնվում է փայտի պակասությունը այդ երկրում, ես կհիշեմ այստեղ, որ այդ պատճառով արդյունագործությունը Հայաստանի այդ մասում կանգ է առել: Օրինակ, Էրզրումի վիլայեթում գտնված Շաբանյան եղբայրների սպիրտի գործարանը ստիպվեցավ փակվել փայտի պակասության պատճառով, իհարկե կարելի էր փայտի տեղ, որպես վառելիք գործածել նավթի մնացորդներ, ինչպես     անում են Բաքվի մեջ, որտեղ բոլորովին փայտ չկա. կամ նույնպես քարածուխ, որի հարուստ պահեստներ Հայաստանի ամեն քայլափոխում կան, բայց թե՛ քարածուխի հանքերի եւ թե՛ նավթի աղբյուրների արդյունահանելու գործը մի մարդու ուժերից վեր է, այլ դրա համար հարկավոր է ընկերություններ կազմել եւ հաստատել: Բայց կարող են են արդյոք ընկերակցություններ գոյություն ունենալ թուրքաց կառավարության կամայականության տակ, չեմ կարծում: Նարիմանի մոտ գտնվում է թեեւ բավական մեծ անտառ, բայց նա չունի հարմարություն ճանապարհների կողմից դեպի Էրզրում: Անտառներ կան Էրզրումի վիլայեթի Կիսկիմ եւ Հիսբիր գավառում, Խոտորջուրի Վսերք եւ Ջրանց գյուղերի շրջականերում, կան թուփերից բաղկացած անտառներ եւ Խնիսի կողմը, բայց բոլորն էլ մնում են առանց արդյունաշահվելու, դարձյալ հարակցության քիչ թե շատ օրինավոր ճանապարհների բացակայության պատճառով: Էրզրումի եւ Երզնկայի մեջտեղ գտնվող Քղիի կողմերում կան մեծ քանակությամբ ընկույզի ծառեր, որտեղից կոճ (կուչկուռ, վՈտսօՉ) է ստացվում: Այդ արդյունքը օտարները վաճառահանում են Հայաստանից: Կան անտառներ նույնպես Թորթումի կողմերում եւ Վանի վիլայեթում: Բայց եթե էրզրումցիները ավելի եռանդոտ լինեին եւ հետեւեին հայերի հնադարյան սովորության, նրանք կարող էին զարգացնել իրանց երկրում արհեստական անտառներ, ինչպես վերջին ժամանակներումն էլ հայերը Խարբերդի կողմը բուսցրել են մի հիանալի ցանովի անտառ բարդի (ՏրՌվՈ) ծառից: Այդ բանի մեջ հայերը հայտնվում են ասիական գերմանացիներ: Արվեստական կերպով անտառների բուսցնելը նոր բան չի երեւում հայերի մեջ: Երեւում է, որ այդ գործը նույնքան սովորական էր հին հայերի համար, որքան արվեստական ջրանցքներ անցկացնելը: Օրինակ, ժողովրդական    ավանդություն կա, որ եւ Սողանլուխի ահագին անտառը, որի մեջտեղ գտնվում է դեռ այժմ մի ավերակ հին եկեղեցի, արվեստական կերպով զարգացած է եղել մի հայոց թագավորի հրամանով: Վերջապես Էրզրումի բնակիչները կարող էին իրանց փայտը ստանալ, եթե ճանապարհներ լինեին, Բայբերդի եւ Տրապիզոնի մեջտեղ գտնվող հարուստ անտառներից, կամ թուրքաց տիրապետության տակ մնացած           Աջարըստանի մասից, այն է Րիզեի կողմերի կուսական անտառներից: Անտառի պակասությունը, մանավանդ, զգացվում է Ալաշկերտի դաշտավայրի վրա, որ թեեւ հարուստ է սեւ, բերրի հողով եւ առատ արոտներով, բայց կատարելապես զուրկ է անտառներից: Որեւէ հաստության փայտի գտնելը Ալաշկերտի բնակիչներից մինի տանը, գրեթե հրաշք է համարվում այդ դաշտավայրի գյուղերի մեջ, որտեղ վառելիքն է աթարը, մասամբ էլ մի տեսակ եղեգն (ՍՈՎօՔ), որ թուրքերեն անվանում են եղջյուրի պոչ (սըղըն կույրուղի): Այս փայտանման հաստ եւ ամուր      եղեգնը, որ գործ է ածվում աթարի հետ միասին, որպես նրան վառող նյութ, գործ է ածվում, նույնպես, հողի կտուրների տակ դարսելու համար, իբրեւ առաստաղ: Այդ պատճառով կտուրները լինում են այնչափ թույլ, որ ամենեւին չէ կարելի նրանց վրա ման գալ: Հայերը, որոնք, ինչպես ամեն տեղ, մշտաբնակ կամ հաստատաբնակ են, իրանց տների պատերը Ալաշկերտի դաշտավայրումն էլ շինում են քարից եւ հողից, իսկ քրդերը, որոնք աստանդական եւ վրանաբնակ կյանք են վարում, իրանց բոլոր բնակարանների պատերը շինում են այդ եղեգնից, ուրեմն նրանց տունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի մեծ վանդակ եղեգնից գործված: Ալաշկերտը չէ կարող օգտվել ոչ Սողանլուխի, ոչ էլ Վանի նահանգի անտառներից, հեռավորության եւ ճանապարհների բացակայության պատճառով:

Վերջացնելով անտառների հետ, պետք է հիշեմ կարճ կերպով այն կենդանիներին, որոնք գտնվում են Հայաստանի անտառներում: Այդ կենդանիները գլխավորապես սրանք են՝ արջ, գայլ, չակալ (շնագայլ), եղջերու, վայրի այծ (քոշ), վայրի խոզ, վայրի ոչխար (ՑցՐ), գրեթե ամեն անտառներում: Խոտորջուրի անտառներում առատու-   թյամբ գտնվում է կուզ (ՍցվՌՓՈ), իսկ Երզնկայի եւ Խարբերդի մեջտեղ գտնվող այն բարձրությունների վրա, որտեղ բնակվում է Տերսիմի քրդերի ցեղը, պատահում է անտառներում եւ հովազը (ոՈՐր), Կարահիսարի եւ Երզնկայի մեջ, մանավանդ Հաբեշ ասված սարի վրա լինում է վագր (ՑՌչՐ), եւ գյուղացիները վկայում են, որ նույնտեղ տեսած են եւ առյուծ (սպՉ):

Եթե մի կողմից Հայաստանը զրկված է բնական մի հարստութենից, անտառներից, ուրիշ կողմից բնությունը պարգեւել է այդ երկրին առատ ջրեր եւ հարուստ արոտատեղեր (տՈրՑոՌքՈ): Հայաստանը դեռ հին պատմության մեջ հայտնի էր իր պարարտ, հոտավետ, հարուստ արոտներով: Հին ժամանակներում Հայաստանից վաճառահանվում էին ձիեր, ամենաազնիվ տեսակի (նժույգ): Հայտնի է, որ փյունիկցիները Հայաստանից էին տանում զտարյուն ձիեր: Իրավ, կարելի է ասել, որ Հայաստանի արոտները անսպառելի են: Վերջին պատերազմի ժամանակ միմիայն Էրզրումի վիլայեթը կարողացավ մի տարի ու կեսից ավելի իր առատ խոտով կերակրել թե՛ մեր զորքի եւ թե՛ թուրքաց զորքերի ձիերին, եւ այնուամենայնիվ խոտը չպակասեց եւ գյուղական ժողովրդի անասունների համար էլ: Դժվար է ասել, թե Հայաստանի որ կողմը առանձնապես հայտնվում է իր գերազանց արոտներով: Հայաստանի ամեն տեղն էլ արոտները հրաշալի են եւ շքեղ, ցողած առատ ջրերով, ամենագեղեցիկ, հոտավետ ծաղիկներով լի, պարարտ խոտով ծածկած: Դորան թող վկա լինեն Վանի նահանգի հրաշալի արոտները, կամ Խնիսի կողմերի Բյուրակնյան (հազար աղբյուրների) սարերի (Բինգյոլի) արոտատեղերը, կամ Էրզրումից մոտ 40 վերստ հեռու, Եփրատի աղբյուրների մոտ գտնվող Խաչափայտի սարերի երեւելի արոտները: Բայց, չնայելով հարուստ բնական արոտների, աշխատասեր հայը շատ տեղ բուսցնում է արհեստական արոտներ, ցանովի բազմատեսակ եւ հոտավետ խոտով, մանավանդ գործածելով դրա համար յոնջա (ՍսպՉպՐ) ասված խոտի սերմերը:

Իր աննման, գեղեցիկ արոտներին է պարտական Հայաստանը իր հարուստ խաշնարածությամբ եւ անասնապահությամբ: Խաշնարածությամբ պարապում են թե՛ հայերը եւ թե՛ քրդերը: Բայց եւ այս պարապմունքի մեջ, ինչպես ամեն բանում, հայը չէ բավականանում դրանով, ինչ որ տվել է բնությունը, այլ աշխատում է որքան հնար է, լավացնել, ազնվացնել կենդանիների տեսակները: Էլ չեմ խոսում այնպիսի տնային կենդանիների վրա, ինչպես կովերը եւ եզերը, որոնք զարմացնում են տեսնողին իրանց խոշոր տեսքով. կհիշեմ այստեղ ոչխարների մասին, որոնք շատ ընտիր են Հայաստանում, օրինակ Վանի նահանգում, որտեղ ոչխարները այնքան չաղ դմակ ունեն, որ շատ անգամ կենդանին դժվարությամբ կարողանում է իր ետեւից քաշել իր հրեշավոր դմակը, այնպես որ հնարագետ հայ գյուղացին կապում է ոչխարի մեջքից երկու անիվների վրա դրված, փայտից շինված մի փոքրիկ սայլակ, որի վրա դրվում է ոչխարի դմակը եւ հեշտացնում է կենդանուն արոտներում ման գալը: Ոչխարները մեծ քանակությամբ վաճառահանվում են Հայաստանից: Հայտնի է, օրինակ, որ ամբողջ  Եգիպտոսը կերակրվում է գրեթե միմիայն Հայաստանից բերվող ոչխարի մսով: Շատ տներ, օրինակ Էրզրումի մեջ, վաճառահանելով տարին յուրաքանչյուր 20-30 հազար գլուխ ոչխար, հարստացել են այդ առեւտրով: Կհիշեմ այստեղ, որ Հայաստանի այլեւայլ տեղեր հայտնի են մասնավորապես իրանց այլեւայլ տնային կենդանիներով: Օրինակ Հիսբիր-Կիսկիմի վիճակը հայտնի է իր խոշոր տեսակի, ուժեղ ջորիներով, միեւնույն ժամանակ Խնիսը հայտնի է իր ահագին գոմեշներով եւ ձիերի զտարյուն տեսակով, Մուշը նույնպես իր ձիերի անթիվ   երամակներով: Հայը չէ բավականանում առանձին խնամքով եւ մինչեւ անգամ քնքշությամբ հոգալ իր կենդանիների մասին, օրինակ շաբաթը մի անգամ անպատճառ յուղ քսել գոմեշների կաշու վրա, նրան կակուղ պահպանելու եւ կենդանուն թե՛ ցրտի եւ թե՛ արեգակի տաքության դեմ պաշտպանելու համար, բայց աշխատում է ազնվացնել կենդանիների տեսակը, նրանց մեջ կապակցությունների միջոցով, կամ, օրինակ, կռվացնելով իրար մեջ գոմեշներին, որպեսզի զորեղները հայտնվեն, եւ այդ զորեղներին իրավունք տրվի ընտիր ցեղը շարունակելու: Վանի նահանգը գլխավորապես հայտնվում է անասնապահու- թյամբ: Այդտեղ հայտնի են ազնիվ տեսակի, սպիտակ մազ ունեցող այծեր, որոնց տեղացիները ֆուլիկ են անվանում: Այդ կենդանին իր մազի հատկությամբ պակաս չէ Սպանիայի մերինոս ասված ոչխարներից: Նույն տեսակը կա եւ Սղերթի եւ Բիթլիսի մեջ, թեեւ ոչ այնքան մեծ քանակությամբ: Եթե այծերի այդ տեսակը հայերը զարգացնեին, դա մեծ հարստություն կլիներ Հայաստանի համար: Ֆուլիկ կա եւ Փոքր   Ասիայի Անգորա քաղաքի շրջականերում, որտեղ նրան մեծ քանակությամբ են պահում հայերը, եւ այծի այդ տեսակը շատ հայտնի է, բայց այնտեղ այդ կենդանին ուրիշ անուն է կրում:

Վերջացնելով անասնապահության հետ եւ անցնելով երկրագործությանը եւ արհեստներին, կհիշեմ այստեղ երկու խոսքով, որ Հայաստանի գետերը, գետակները եւ լճերը լի են բազմատեսակ եւ համեղ ձկներով, իսկ անտառները եւ արտերը՝ բազմատեսակ թռչուններով:

Հայաստանի երկրագործությունը, այդ բառի լայն նշանակությամբ, չնայելով որ երկիրը շատ վատ կառավարված է եւ որ իր դիրքով նա կտրված է բոլոր լուսավորված երկրներից, կարելի է ասել, որ համեմատաբար շատ ծաղկած դրության մեջ է հողի բերրիության եւ հայ ժողովրդի աշխատասիրության շնորհով: Հայաստանում ծաղկում է բուն երկրագործությունը, նույնպես այգեգործությունը, գինեգործու- թյունը, պարտիզպանությունը (ՏչՏՐՏՊվՌփպրՑՉՏ), շերամապահությունը, մեղվապահությունը եւ այլն: Եվ ամբողջ երկրագործությունը, քիչ բացառությամբ, հայերի ձեռքումն է: Վանի նահանգը եւ Ալաշկերտի դաշտավայրը հայտնի են ցորենով եւ գարիով: Դրանք են հաթհայթում հացը ամբողջ Թուրքիային եւ կարող էին ավելի էլ ընդարձակ երկրներին մատակարարել կյանքի առաջին պիտույքը, եթե վաճառահանու-թյան համար միջոցներ լինեին: Վանը արդյունաբերում է նույնպես գինի եւ ընտիր մրգեր: Նշանավոր է Վանի նուռը, որ իր պատվավոր տեղն է բռնում սուլթանների սեղանի վրա, նույնպես կան այդտեղ առանձին տեսակի, մեծ խնձորներ (շահալմասի), որտեղ կորիզները շարժվում են, երբ մարդը քիչ շարժելով միրգը, տանում է նրան իր ականջին:    Ալաշկերտի մեջ բացի ցորենից, բուսնում է սուսամ (ՍցվՊՋցՑ) եւ կտավատ (սպվ): Բիթլիսը հայտնի է իր ծխախոտով, բայց մանավանդ Մուշը, որի ծխախոտը պակաս չէ սամսոն ասված տեսակից: Բիթլիսը (Բաղեշ) հռչակավոր է նույնպես իր գղթորով (փպՐվՌսՖվօպ ՏՐպՔՍՌ),   որի բեռները գնում են մինչեւ Եվրոպա: Այդ բերքը առատ է եւ Սղերթի մեջ, բայց Սղերթի հարստությունը այդ չէ միայն. նրա մեջ դուրս է գալիս սաստիկ շատ տորոն : Ինչպես Մուշ եւ Բաղեշ մեղրի հայրենիքն են, որոնց անթիվ փեթակներից հավաքվող մեղրը գնում է մինչեւ Կ. Պոլիս, այսպես էլ Սղերթ մանանայի հայրենիքն է: Շատերը մեզանից կարդալով Աստվածաշնչի մեջ մանանայի մասին, առասպելական կհամարեին երկնքից թափվող բնության այդ տուրքը, մինչդեռ նրա գոյությունը Հայաստանում իսկական է: Գարնան եւ աշնան, վաղ առավոտները, գլխավորապես կաղնի ծառի տերեւների վրա, գոյանում են ցողանման մեղրահամ կաթիլներ, որոնք փոքր առ փոքր պնդանում են օդի եւ տերեւների սառցնող ազդեցությամբ: ԲՆակիչները հավաքում են այդ հատիկները, եւ այդպիսով ստացվում է մի պատրաստ հալվա, որ վաճառահանվում է ամբողջ Փոքր Ասիա: Կարծում են, որ դա ծաղիկների հյութն է, որ գոլորշիանում է գիշերներով եւ դիպչելով ծառերի սառցնող տերեւներին, գոյացնում է քաղցր ցողանման հատիկներ: Այդ կերակուրը մի լավ դեղ է համարվում թոքային հիվանդության դեմ: Մենք պարծենում ենք մեր կովկասյան գինիներով, բայց ոչ մի գինի, իմ կարծիքով, չէ կարող համեմատվել Խարբերդի գինու հետ, որ ստացվում է մի գերազանց խաղողից: Ես առիթ ունեցա նորերումս ինքս այդ գինին փորձելու. նրա գերազանց համը, նրա արոմը, եւ միեւնույն ժամանակ թնդությունը աննկարագրելի են: Կարող եմ միայն այն ասել, որ նա իմ կարծիքով, միջին տեղն է բռնում խերեսի եւ մադերայի գինիների մեջ: Խարբերդի հայերը չեն բավականանում գինեգործությամբ պարապելով, այլ պարապում են նույնպես ընդարձակ շերամապահությամբ: Նույնտեղ ցանվում է եւ առատորեն հավաքվում Է բամբակ եւ բրինձ: Շերամապահությունը տարածված է Եվդոկիայում եւ Տրապիզոնում, բայց շերամապահության հայրենիքը Դիարբեքիրն է (Տիգրանակերտ), որ նույնպես նշանավոր է բրինձի լայնատարած դաշտերով: Սեբաստիա մեծ քանակությամբ բուսցնում է ճակնդեղ (րՉպՍսՏՉՌՓՈ), Հիսբիր եւ Կիսկիմ հայտնի են խաղողով, նույն տեղերը, նույնպես Թորթում եւ Ակն հայտնի են իրանց ընտիր, բազմատեսակ մրգերով, մանավանդ թութով: Պարտիզպանություն (բոստաններ, բանջարանոցներ) երեւելի է թե՛ Վանի եւ թե՛ Էրզրումի վիլայեթներում, բայց մանավանդ Տիգրանակերտի կողմերը, որտեղ գլխավորապես նշանավոր է իր քաղցր համով սեխը եւ իր թե՛ հրեշավոր մեծությամբ եւ թե՛ համով ձմերուկը: Ասում են, որ եթե մի 8-10 տարեկան երեխա նստի ձմերուկի վրա, ոտները գետնին չեն հասնում:

Հայաստանում բնակվում են գլխավորապես երեք ցեղեր՝ թուրքերը, հայերը եւ քրդերը: Քուրդը խաշնարած է եւ մասամբ արհեստավոր, Թուրքը մասամբ երկրագործ է եւ մասամբ արհեստավոր, իսկ հայը ամեն բան է. նա խաշնարած է, երկրագործ է, արհեստավոր է եւ մեծ քաղաքներում վաճառական, կապալառու եւ արդյունագործ: Քրդի կինը մասամբ մասնակցում է մարդու պարապմունքների մեջ, նույնպես պարապում է մի քանի արհեստներով, ինչպես օրինակ՝ գորգեր, շալեր եւ կարպետներ գործելով, թեեւ քուրդ կանանց գործածը իր նրբությամբ երբեք չէ կարող համեմատվել հայ կանանց ձեռքի աշխատանքի հետ: Թուրք կինը բոլորովին ոչինչ չէ անում եւ թե՛ աղքատ եւ թե՛ հարուստ դասակարգերում ստեղծված է միմիայն մարդու բավականության համար. թուրք կինը հարեմի զարդն է միայն, թուրքերը թեեւ պարապում են երկրագործությամբ, մեղվապահությամբ եւ մասամբ պարտիզպանությամբ, բայց երբեք չեն հասնում հայերի աշխատասիրության եւ նրանց աշխատանքի գերազանցության: Թուրքը պարապում է միայն հետեւյալ արհեստներով. կաշվագործությամբ, կոշկակարությամբ, այն էլ կոպիտ, երկու կրունկների վրա կոշիկներ (ջիսմա) պատրաստելով, որ ստորին ժողովուրդն է գործածում, կամ ձիու թամբեր (թամքեր), լկամներ ու ձիու զարդարանքներ գործելով: Մի քանի տեղ թուրքերը զինագործությամբ էլ պարապում են, բայց նրանց շինած զենքերը հայի շինած զենքերից իրանց հատկությամբ ստոր են: Նույնպես թուրքերը փայտի վրա կոպիտ քանդակագործություն են անում: Հայերը սրանից էլ օգուտ են քաղում. նրանք թուրքերի փայտյա քանդակագործությունները (գդալներ, մանուկների օրորոցներ եւ այլն) առնում են   էժան գնով, մաքրում, գեղեցկացնում, նրբացնում են եւ ավելի թանկ են ծախում: Ինչպես երկրագործական բոլոր նուրբ պարապմունքները՝ գինեգործությունը, շերամապահությունը, կաթնային տնտեսությունը, հայերի ձեռքումն է, այնպես էլ Հայաստանի բոլոր նուրբ արհեստները հայի եւ հայուհու ձեռքերից են դուրս գալիս: Կաթնային տնտեսության վրա խոսք գցելով, պետք է հիշեմ այստեղ հայի եւ հայուհու ձեռքով պատրաստվող բազմատեսակ եւ ընտիր պանիրը, օրինակ, Հիսբիրի, Խոտորջուրի եւ Համշենի բուրդի պես պանիրը, կամ Էրզրումի նահանգի Բասեն վիճակի բարակ թելերից բաղկացած պանիրը, կամ բարակ, թղթի պես, թերթերից պատրաստվող սերը (րսՌՉՍՌ), վերջապես կոնսերվի պես պատրաստվող չորացած մածունը, որ կարելի է եփել եւ նրանից թան շինել (բազկաթան): Ճշմարիտ, զարմանալի եւ հրաշալի են այն բոլոր աշխատանքները, որ կատարում է հայուհին: Բացի տնային, ծանր տնտեսությունից, տնային հոգսերից յուրաքանչյուր հայ աղջիկ եւ կին, հարուստ թե աղքատ, արհեստներով է պարապում: Յուրաքանչյուր հայ ընտանիքը հագնում է իր տան մեջ պատրաստած քաթանի, կտավի շապիկները եւ բուրդի հագուստեղենը: Բացի սորանից հայուհին գործում է, մանում է քաթանեղեններ, կտավեղեններ, բամբակեղեններ, բուրդի եւ մետաքսի կերպասներ է գործում եւ ծախելու համար: Եվ այդ բոլորը նա գործում է տնային, փայտյա ամենանահապետական մեքենաներով, որոնք շինվում են տանը նույնիսկ հայերի ձեռքով: Եթե եվրոպացին տեսնի հայուհիների ձեռքով գործված քաթանի բարակ շապիկները, կամ բամբակի բրդոտ, բաղնիսի համար շապիկները եւ բրդոտ երեսսրբիչները, որ մեծ մասամբ Տրապիզոնի, Եվդոկիայի եւ Երզնկայի հայուհիներն են պատրաստում, կամ Բիթլիսի հայ կանանց ձեռքով գործած կտավեղենները (տՏսՏՑվՏ), Սվազի հրաշալի գորգերը, խալիչաները եւ կարպետները, Երզնկայի բամբակագործությունը, նույն տեղի բրդյա գուլպաները, որոնց վրա ինչպես մագաղաթի վրա կարելի է թանաքով գրել, Վանի ֆուլիկի ազնիվ մազից գործված շալերը, նույն մազից պատրաստվող անձրեւը չանցկացնող կերպասներ, որոնք ճանապարհի վերարկուների համար են գործածվում, Եվդոկիայի, Տրապիզոնի եւ Դիարբեքիրի շքեղ մետաքսագործությունը, - այդ բոլորը տեսնելով, ասում եմ, եվրոպացին չի հավատա թե այդ կերպասները դուրս են եկել Հայաստանի կանանց ձեռքերից, գործվեցան ամենանահապետական մեքենաների վրա, եւ ոչ թե եվրոպական մի գործարանից… Հայ կինը ունի իր ազգի բոլոր հատկությունները. նա աշխատասեր, խնայող եւ հաշվող է: Աղքատ հայուհին այդպես է սկսում իր աշխատանքը, նա խնայում է մի փոքրիկ գումար, այդ գումարով առնում է, դիցուք, մի պուդ բուրդ (կամ բամբակ) մանում է այդ բուրդը, եւ որովհետեւ մանածը ավելի թանկ արժե, քան թե հումը, նա փոխանակում է մանած նյութի մի փուդ մեկ ու կես փուդի վրա, կրկին մանում է եւ ստանում է դարձյալ երկու փուդ, եւ այլն, մինչեւ որ այնքան ունի, որ կարող է արդեն սկսել կերպասներ պատրաստել: Հայ կինը Հայաստանում մի րոպե չէ կարող մնալ առանց աշխատանքի: Դիցուք մի կնոջ դատարան են կանչում մի գործի համար. հայուհին գիտե, որ ժամանակ պետք է կորցնի, եւ նա դատարան գնալով իր հետ տանում է իր թել, բուրդ կամ բամբակ մանելու մեքենան: Մինչեւ որ նրան կկանչեն, մինչեւ որ դատավորը դուրս կգա, ժամանակ չկորցնելու համար հայուհին դատարանի մեջ նստած մանում է, գործում է… Այդ մեզ չի՞ հիշեցնում միթե աշխատասեր գերմանուհուն, չի՞ հիշեցնում մեզ Գերմանիա, որտեղ կանայք հասարակության մեջ էլ, թատրոնում, հրապարակական դասախոսության մեջ գուլպաներ են գործում… Հեռու Ասիայում, կտրված լուսավորված աշխարհից, աշխատասեր հայ ազգը իրագործել է իր ձեւով կնոջ աշխատանքի խնդիրը… Հայաստանի բոլոր վարպետները, արհեստավորները հայեր են: Հյուսներ, քարտաշներ, պղնձագործներ, երկաթագործներ, ոսկերիչներ, փորագրողներ, փայտի վրա նուրբ քանդակագործներ, արծաթագործներ, նկարիչներ, ճարտարապետներ, - բոլորն էլ հայ են: Եվդոկիա հայտնի է իր պղնձագործությամբ եւ մասամբ արծաթագործությամբ. այդ պղնձի նուրբ ամանները նորանով են հայտնի, որ ամենաթեթեւ կրակով կերակուրը նրանց մեջ եռ է գալիս: Այդտեղ շինվում են չամադաններ, գդալներ, եկեղեցական անոթներ: Երկաթագործությամբ եւ նուրբ, զանազան գաղտնիքներ ունեցող կողպեքներով հայտնի են Տրապիզոնը եւ Էրզրումը: Էրզրումի մեջ ամենանուրբ կերպով փորագրում են ոսկով պողպատի վրա (րՑՈսՖ): Դիարբեքիրը հայտնի է իր գեղեցիկ ոսկեթել եւ արծաթաթել մանվածներով: Հայերն են պատրաստում Թուրքիայում ամենալավ զենքերը, այդ զենքերը այն հատկու-  թյունն ունեն, որ նրանց կարելի է պահել անձրեւի տակ եւ ջրի մեջ անգամ դնել, բայց այնուամենայնիվ հրացանը կամ ատրճանակը չեն փչանում եւ թաց լինելուց հետո նրանցից կարելի է իսկույն արձակել: Այդ զենքերի մետաղի բաղադրությունը այնչափ վարպետությամբ է պատրաստած, որ եթե սխալմամբ հրացանը կամ ատրճանակը երկու անգամ լցնեք, այնուամենայնիվ կարող եք արձակել եւ զենքի բունը չի Ճաքի: Պատերազմի ժամանակ Էրզրումի հայերը տեսան եվրոպական եւ ամերիկյան կատարելագործված հրացաններ եւ իսկույն սկսեցին    իրանց շինվող հրացանները կատարելապես նմանեցնել Մարտինիի, կամ ուրիշ սիստեմայի հրացաններին: Էրզրումի հարուստ տներում դուք կտեսնեք պատերը եւ առաստաղները փայտից նուրբ կերպով քանդակագործված. դա հայերի ձեռքի աշխատանքն է: Վարպետները բոլորն հայեր են. ոչ մի թուրք վարպետ չկա: Հայերն են ամբողջ երկրում միակ ճարտարապետները. դորան թող վկա լինի այն, որ ոչ թե միայն հայոց եկեղեցիների հրաշալի շինվածները, բայց եւ մուսուլմանների բոլոր մզկիթները եւ մինարեները հայ ինքնուս ճարտարապետներն են կառուցել: Հայաստանի եկեղեցիներում եւ մասնավոր տներում կտեսնեք պատերի եւ առաստաղի վրա նկարչություններ, - դրանք ինքնուս հայ նկարիչների ստեղծագործություններն են: Շատ ժամանակ չէ Էրզրումի վիլայեթի մի գյուղացի հայ, առանց երբեք տեսած լինելու եվրոպական կատարելագործված երկրագործական մեքենաները, ինքն իր խելքով հնարել էր մի հնձելու մեքենա: Բայց իհարկե այդ գյուտը անուշադիր է թողել թուրք կառավարությունը: Վերջապես հայերը քանդակագործում են զանազան փոքրիկ եւ գեղեցիկ ամենօրյա կյանքին հարկավոր իրեղեններ մարմարիոնից, փոքր դիրքով մարմարիոնից եկեղեցիների եւ մզկիթների օրինակներ են շինում, եղջյուրից շինում են դանակի կոթեր, սեւ սաթից փոքրիկ չիբուխներ եւ մունդշտուկներ: Այդպես, ուրեմն արհեստների մեծ մասը, ամենանշանավոր եւ ամենանուրբ արհեստները Թուրքիայում հայերի ձեռքումն են: Այստեղ ավելորդ չեմ համարում հիշել մի մահմեդականի, Խուրշիդ-էֆենդիի, կարծիքը թուրքերի մասին, որ 1862 թվին նա հայտնել է իր «Սիահեթ-Նամե- Ի- Խուդուդ» վերնագրով գրքի մեջ: Հեղինակը, այժմ Խուրշիդ-փաշա եւ մուշիր, ուղարկված էր որպես պաշտոնական անձն, այսինքն որպես քարտուղար, այն հանձնաժողովի, որ պաշտոն ուներ Պարսկաստանի եւ Թուրքիայի սահմանագիծը որոշելու: Գիրքը թարգմանել է ռուսերեն լեզվով պ. Գամազով եւ 1877 թ. հրատարակել է նրան այսպիսի վերնագրով “հՌՈւպՑ-ծՈՎֆ- Լ-ղցՊցՊ. ԿտՌրՈվՌպ տցՑպՔպրՑՉՌÿ տՏ ՑցՐպՓՍՏ-տպՐրՌՊրՍՏռ չՐՈվՌՓպ. հ. կ. ը. տպՐ. Ծ. թՈՎՈջՏՉՈ. 1877 չ. : Ահա ինչ է ասում հեղինակը Վանի նահանգի մասին. «Այստեղ բոլոր արհեստավորները եւ երկրագործների մեծ մասը հայեր են: Թուրքերը բաղկալներ են միայն, եւ այն էլ մի քանի հոգի միայն: Մինչեւ անգամ ոչ թե վարպետներ, բայց եւ օրական մշակներ չկան մահմեդականների մեջ: Հայերը աշխատող ժողովուրդ են, իսկ մահմեդականները ընդհակառակը: Առաջ նրանք ապրում էին իրանց հողերի արդյունքով, կամ պետական ծառայության մեջ էին: Մինչեւ այժմ չեն կարող հրաժարվել աղայութենից եւ անգործ ժամանակ են անցնում, մեծ մասամբ պանդոկներում եւ սրճանոցներում: Մահմեդականները (թուրք եւ քուրդ) անհոգ կյանք են վարում, բայց տեսնելով այդ տեսակ կյանքի ապարդյուն լինելը, վերջապես, հույս կա, որ ստիպված կլինեն գործով պարապելու»: Ահա մահմեդականի կարծիքը մահմեդականների մասին:

Նշանավոր է, որ հայ ժողովուրդը իրագործել է գրեթե իր բոլոր պարապմունքների մեջ աշխատանքի բաժանությունը: Արհեստները անցնում են հորից որդի: Ոչ թե միայն այլեւայլ քաղաքներ պարապում են այլեւայլ արդյունագործության ճյուղերով, բայց եւ գյուղեր մասնավորած են իրանց աշխատանքը: Բավական է հիշել Էրզրումի վիլայեթի Չիֆլիկ գյուղը, որ միմիայն հյուսներից է բնակեցրած, կամ նույն վիլայեթի Օզնի գյուղը, որի բոլոր բնակիչները քարտաշներ են: Թուրքիայի հայերը պարապում են նույնպես ե՛ւ քաղցրեղենների, ե՛ւ այլ     ուտելեղենների պատրաստությամբ: Արապկերտ հայտնի է իր քաղցրահամ պաստեղներով, Հիսբիր, Թորթում եւ Ակն իրանց չորացած մրգերով, մանավանդ հռչակված է այդտեղի չորացած թութը: Հայերի ձեռքիցն է դուրս գալիս Դիարբեքիրի սուջուխը (չուրչխելա), հայերն են պատրաստում մսի ապուխտ (ՍՏսոՈրՈ) եւ նույնպես երեւելի բաստուրման՝ այդ ասիական մսեղեն չորացած կոնսերվը, որ պահվում է առանց փչանալու մի ամբողջ տարի: Հայերի ձեռքիցն է դուրս գալիս եւ ղաուրման (չորացած ոչխարի միս), որը գործ է ածում թուրքաց զորքը, որպես ուտելիք պաշարեղեն, մի տեղից մյուս տեղ չվելու ժամանակ: Հարուստ մահմեդականները գործ են ածում այդ չորացած մսեղենները, մանավանդ բաստուրման, իրանց օրուջի (պասի) ժամանակ, որպես ամենասննդարար կերակուր:

Որտեղ հայերը ապրում են, ամեն տեղ հայտնվում են նրանց ձիրքերը, ընդունակությունները, տնտեսական, ընկերական ոգին եւ կուլտուրական (քաղաքակրթական) հատկությունները: Բայց ուշադրության արժանի է, որ ավելի էլ հայտնվում են այդ հատկությունները, երեւան են գալիս ավելի պարզ եւ համոզիչ կերպով, որտեղ հայերը ապրում են անխառն, ազատ քրդի կամ թրքի ապականող ազդեցու-  թյունից: Դորան ամենալավ ապացույց կարող են լինել այնպիսի տեղեր, ինչպես Զեյթուն կամ Խոտորջուր: Խոտորջուրի յոթ թե ութ գյուղեր ներկայացնում են զուտ հայոց տարրից, թեեւ կաթոլիկ հավատով, բաղկացած փոքրիկ հանրապետություն: Զարմանալի բարօրություն եւ ընկերական ոգի է տիրապետում Խոտորջուրի համայնքի մեջ: Կոպիտ, մեծ մասամբ անգրագետ լեռնաբնակ խոտորջուրցիները, որոնց ներկայացուցիչներին մենք շատ անգամ տեսնում ենք Թիֆլիսում հացթուխների (փռնչի) պարապմունքի մեջ, ունեն իրանց հայրենիքում հետեւյալ ընկերական կանոնները. երբ նրանցից մի ընտանիքի հայր գնում է օտարության մեջ, նրա համայնքը պարտավորվում է պահել եւ կերակրել իր հաշվով գաղթականի ընտանիքը, մինչեւ նրա վերադարձը, կամ մինչեւ որ նույն ընտանիքի մի արական զավակ հասակ կառնի եւ կկարողանա իր աշխատանքով պահպանել իր ընտանիքը: Երբ որդին մեծանում է եւ կարողանում է իր ընտանիքը իր ձեռքերի վաստակով պահել, կամ եթե պանդուխտ հայրը չէ մեռնում օտարության մեջ, այլ վերջը վերադառնում է հայրենիքը, հասարակության հաշվով պահված ընտանիքը, որպես վարձատրություն իր համայնքի կողմից իրան արած լավության փոխարեն, պարտավոր է մի որեւէ նվեր անել եկեղեցուն: Հասարակության սովորությունները այնպես են, որ եթե մի կին այրիացավ եւ կամենում է կրկին մարդու գնալ, նա պիտի այդ քայլը մեծ զգուշությամբ անի, որովհետեւ եթե իր զավակների թվում գոնե մի տղա զավակ կա, այն ժամանակ կնոջ համար երկրորդ անգամ պսակվելը պարսավելի է համարվում: Հարսանիքի ժամանակ նվագածուները (խոտորջուրցիները առանձին ձիրք ունեն դեպի երաժշտու- թյուն), երբեք դրամական վարձատրություն չեն առնում, որովհետեւ    ուրիշի ուրախության ժամանակ, նրանց համոզմունքով, չի կարելի շահասիրական ակնկալություններ ունենալ: Եթե մի խոտորջուրցի իր սեփական ջաղաց չունի, որ կարողանա իր ցորենը աղալ, հարեւանը, երկրի սովորությամբ, պետք է թույլ տա նրան իր ջաղացի վրա անվարձ աղալ ցորենը: Եթե մեկը եզներ չունի, որ հավաքած հունձը դաշտից բերի, հարեւանները պետք է նրան իրանց եզները տան, եւ այլն: Խոտորջուրցիները իրանց աշխատասիրությամբ, իրանց տոկունու-  թյամբ շատ նման են մեր ագուլեցիներին: Նույն ընկերական ոգի, որ կա Խոտորջուրի մեջ, տիրապետում է եւ Զեյթունի հայերի մեջ, որոնք նույնպես անխառն են բնակվում: Զեյթունի մեջ, օրինակ, պատերազմի ժամանակ, բոլոր բնակիչների ունեցածը, զենքը, վառոդը, հացը, ուտելիքները, բնակարանները, - բոլորը դառնում է ընդհանուր սեփականություն

Ես վերջացրի փաստերի, իրողությունների հետ, վերջացրի իմ դասախոսությանս նկարագրական մասը: Եվ նախքան անցնեմ ընդհանուր հայացքներին, թուրքաց հայերի տնտեսական ընդհանուր դրության նկարագրությանը, իմ սեփական դատողություններին եւ հավաքած փաստերից դուրս բերած եզրակացություններին, պարտավորություն եմ համարում հիշել այստեղ, որ իմ հավաքած տեղեկությունների վերաստուգելուն գլխավորապես ինձ օգնել են երկու պարոններ: Մինն է պ. Կարապետ էֆենդի Շաբանյան, որ ինքն էրզրումցի, ուրեմն հայաստանցի լինելով, լավ ծանոթ է Հայաստանի հետ, մյուսը «Մշակի» աշխատակից պ. Գրիգոր Նիկողոսյան, որ որպես ռուսաց զորքի օֆիցեր, վերջին պատերազմի ժամանակ զորքի հետ Հայաստան էր գնացել, ուրեմն նույնպես լավ ծանոթացել է Հայաստանի հետ:

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

Ծագումը, լեզուն, ուսումնարաններ եւ կուլտուրական սկզբունքներ: - Հայոց հնությունները: - Երկու գծեր հայոց պատմութենից. ճորտության բացակայություն եւ կրոնական ազատություն: - Ինչի՞ հայերը Թուրքիայում պակասում են թվով: - Հայ մահմեդականները Քրդերի եւ թուրքերի հարաբերությունը դեպի հայերը: - Հարկեր եւ հողային հարաբերություններ: - Բեգեր: - Թուրքաց օրենքներ եւ թուրքաց կամայականություն: - Բեռլինի կոնգրեսը: - Եվրոպայի անծանոթությունը հայերի քաղաքակրթության հատկությունների հետ: - Եվրոպական քաղաքական սկզբունքը: - Զենքեր եւ ապստամբություն, որպես պայման ազգերի վերածնության: - Հայոց բնավորության հատկանիշ մի գիծ. խաղաղ կուլտուրական մաքառումն, փոխանակ զինված կռվի:

---------

Այժմ ինքն իրան հարց է առաջարկվում. ինչի՞ հայերը, որոնք այդքան նշանավոր կուլտուրական հատկություններ ունեն, չեն կարող հաղթող հանդիսանալ իրանց շրջապատող, զարգացմամբ իրանցից հազար անգամ ստոր, կիսավայրենի ցեղերից, նրանց մեջ մտցնել քաղաքակրթություն: Քաղաքակրթության գործի մեջ հաղթող են հանդիսանում այն ցեղերը, ազգերը եւ անհատները, որոնք ֆիզիկապես, բարոյապես եւ մտավորապես ավելի զորեղ են: Հայը, համեմատելով Թուրքիայում իրան շրջապատող ուրիշ ցեղերի հետ, ունի բոլոր կուլտուրական հատկությունները: Ասենք թե հայը ունի եւ խոշոր պակասություններ իր մեծ արժանավորությունների հետ միասին. անմիաբանություն, անհաշտ ոգի, ոխ, նախանձ, բայց դրանք բոլորն էլ դարեւոր ստրկության հետեւանք են մահմեդական տիրապետության տակ:       Ազատությունը չէ կարելի սովորել ստրկության մեջ, միայն ազատու- թյունը վարժեցնում է ազատության մեջ: Եթե հայը կազատվեր թուրքաց տիրապետութենից, եւ նրա այդ անմխիթար հատկություններն էլ կանհետանային: Ո՞վքեր են հայի հարեւանները. թուրքերը եւ քրդերը: Ոչ թուրքը եւ ոչ քուրդը չունեն անցյալ, չունեն պատմություն, չունեն գրականություն, չունեն ուսումնարաններ, չունեն տնտեսական, արդյունագործական ոգի, չունեն աշխատասիրություն: Բնությունը չէ ստեղծել բոլոր ցեղերը միակերպ ընդունակ ուղեղով: Գոյության համար կռվի մեջ ազգի որքանությունը, բազմությունը, թիվը այնքան նշանակություն չունի, որքան նրա հատկությունները: Ոչ թուրքը եւ ոչ էլ քուրդը չունեն քաղաքակրթական, զարգացման ընդունակ լեզու: Կան լեզուներ, որոնք ինչքան էլ զարգանային, տարրական, կամ շատ շատ միջնակարգ դպրոցի գաղափարներից բարձր չեն կարող զարգանալ: Ամեն լեզվին վիճակված չէ դառնալ քաղաքակրթական լեզու: Այդ պատճառով մարդկության ընդհանուր երջանկության համար անկուլտուրական ազգերը պետք է կուլ գնան քաղաքակրթական ազգերի մեջ, պետք է խմբվեն զորեղ խմբերի հետ, պետք է լուծվեն վերջինների մեջ: Եվ զորեղ բառով չպետք է հասկանալ բազմաթիվ բառը: Փոքրաթիվ ազգությունը, եթե նա քաղաքակրթական բոլոր հատկություններ ունի, կարող է կլանել ավելի բազմաթիվ ազգությանը: Թիվը այդտեղ ոչինչ նշանակություն չունի: Բայց եւ թվով հայը իր բուն հայրենիքում, Մեծ-Հայաստանի մեջ, ավելի բազմաթիվ է, քան թե նույն երկրում բնակվող ուրիշ ցեղերը, միասին վեր առած: Եթե ի նկատի առնենք այն երեք վիլայեթները (Վան, Էրզրում, Դիարբեքիր), որոնց համար հայոց պատգամավորները Բեռլինի կոնգրեսում ինքնավարություն էին խնդրում, կհայտնվի կոնգրեսին նրանց ներկայացրած «Օրգանական կանոնադրութենից», որ Մեծ-Հայաստանի ազգաբնակությունը, հանելով ընդհանուր թվից Ռուսաստանին նոր միացրած Ղարսի նահանգի ազգաբնակության թիվը, հետեւյալ մեծ խմբերի վրա է բաժանվում: Ընդհանուր թիվը երեք վիլայեթների ազգաբնակության 2, 062, 300 է, որից հայերը 1, 330, 000 են, թուրքերը 530, 000 են, միայն, քրդերը 120, 000 եւ ուրիշ մանր ազգություններ միասին 82, 300 են:     Ուրեմն թվով էլ հայերը գերազանցում են ուրիշ ազգությունների թվից իրանց հայրենիքում: Դեռ այս թվերի մեջ հիշված չեն բազմաթիվ մահմեդական հայերը:

Բայց ի՞նչ են հայի քաղաքակրթական հատկությունները, համեմատելով իրան շրջապատող մյուս ազգերի հատկությունների հետ: Հայը ցեղով պատկանում է եվրոպական ընտանիքին, այդ ընտանիքի ամենահին ճյուղերից մինին, հայը ունի հին փառավոր կլասիկային լեզու, որ ազգակից է եվրոպական լեզուներին եւ որ վաղուց է, որ իր վրա դարձրել է եվրոպացի գիտնական լեզվագետների ուշադրությունը, հայը ունի ճոխ հին գրականություն, հարուստ, ձգական ժամանակակից կենդանի լեզու, անթիվ կենդանի բարբառներով, նոր զարգացող եւ ընդունակ ժամանակակից մամուլ, հայը ունի իր հնադարյան ազգային եկեղեցին, հայը միակ ազգն է, որ ամբողջ Փոքր Ասիայում  ունի փոքր ի շատե օրինավոր ուսումնարաններ, հայի ընտանիքը, իր բարք ու վարքով, իր աշխատասեր կանանցով, իր նահապետականությամբ, իր խնայողական ոգով գերմանական ընտանիքի նախատիպն է, հայը ունի ամեն տեսակ ձիրքեր, արդյունագործական եռանդոտ տնտեսական ոգի, ունի անսպառելի աշխատասիրություն եւ տոկունություն: Կտրված ամբողջ լուսավորված աշխարհից, հայը Ասիայում եվրոպացի է. նա չէ ավերում, չէ սպառում բնության հարստու-    թյունները մնացած ասիական ազգերի պես, այլ իր ուժերով նորոգում է եւ միշտ նորոգել է, իր կարողության չափ, բնության ուժերը: Հայը ջրանցքներ է շինում, որտեղ ջուր չկա, ցանում է անտառներ, ցանում է արոտներ, լավացնում է բույսերի եւ կենդանիների տեսակներ, ինչպես ամենակիրթ եվրոպացին է անում:

Հայի անցյալ պատմության փառքը վկայում են Հայաստանի մեջ մինչեւ այժմ մնացած փառավոր շենքերը եւ նրանց ավերակները: Դուք կարծում եք, որ ես անպատճառ կխոսեմ Անիի ավերակների վրա, որոնք միակ հայտնի են Եվրոպային եւ որոնց մասին նորերումս մի գերմանացի հեղինակ՝ պ. Կիրխով, խոսել է իր գեղեցիկ գրվածքի մեջ, անվանելով այդ ավերակները «Վերերկրյա Պոմպեյ»: Բայց ինքն Անին ոչինչ է համեմատելով Հայաստանի ճարտարապետության ուրիշ հրաշալիքների հետ: Ի՞նչ կասեին Անի տեսնողները, եթե տեսնեին Թորթումի հրաշալի եկեղեցին, կամ Սվազի Ս. Նշան վանքը, որի ամբողջ ներսը մոզաիկից է կազմված, կամ Քեոպրիքեոյի կամուրջը, որի մի կամարը կոտրվելով, ոչ ոք չկարողացավ նորոգել եւ թուրքերը հրամայեցին այդ կամարը քարերով եւ ավազով լցնել ներքեւից մինչեւ վերեւը: Ավանդությունը ասում է, որ մի հայ իշխանուհի է շինել տվել այդ կամուրջը: Այդ ահագին, հոյակապ, միեւնույն ժամանակ թեթեւ քարյա շինվածքը, որի կամարների ներսը դարդակ է, զարմացնում է ամեն տեսնողին: Ի՞նչ կասեին եվրոպացիները, եթե այցելեին Եփրատի եզերքին, Կամախի մոտ գտնվող ստորերկրյա զորանոցները եւ պալատները, որոնք տաշած են ամբողջապես միակտոր ժայռի մեջ: Տեսնողները ասում են, որ Կամախի ստորերկրյա ժայռի մեջ տաշած զորանոցների առջեւ, որտեղ կարող են տեղավորվել հազարավոր զորքեր, ստորերկրյա իշխանական պալատների առջեւ, իրանց հրաշալի դահլիճներով, սրահներով եւ ննջարաններով՝ նսեմանում է Անիի փառքը: Զարմանում են թե անգլիացիները տոնել են շինել Տեմզ գետի տակ, իսկ մի քանի հարյուր տարի սրանից առաջ հայոց հանճարը    իրագործել է Կամախի ստորերկրյա պալատներից եւ զորանոցներից, Եփրատ գետի տակով մի անցք, որտեղ մի ձիավոր ազատ կարող է անցնել: Ճանապարհը Եփրատի տակով անցնելով տանում է դեպի գետի մյուս ափին գտնվող, նույնպես ժայռի մեջ տաշած եկեղեցին:

Եթե հայերի վերեւ հիշված բոլոր քաղաքակրթական հատկություններին ավելացնենք երկու, երեք գծեր հայոց պատմութենից, դուք անշուշտ կհամոզվեք, որ հայոց ազգը Թուրքիայում կատարելապես իրավունք ունի ձգտել դեպի ինքնավարությունը, իրավունք ունի եւ կարող է, ընդունակ է քաղաքական կյանքով ապրելու: Աշխարհիս    ամենալուսավորված ազգերը մի ժամանակ ունեցել են ստրկություն, կամ գոնե ճորտություն, իսկ հայերը իրանց պատմության ամբողջ ընթացքի ժամանակ երբեք չեն ունեցել ոչ ստրկություն, ոչ էլ ճորտություն: Ամեն ազգ ունեցել է կրոնական մոլեռանդության պերիոդներ, երբ անհամբերող է եղել դեպի այս կամ այն կրոն, հալածելիս է եղել այս կամ այն հավատ: Իսկ հայոց քաղաքական անկախության ժամանակ, թե՛ կրակապաշտության եւ թե՛ քրիստոնեության ժամանակ, տիրապետել է միշտ կրոնի կատարյալ ազատությունը: Հայերը պատերազմել են, արյուն են թափել իրանց կրոնը պաշտպանելու համար, բայց ուրիշ կրոնը երբեք չեն հալածել: Ոչ մի ազգ չկա աշխարհիս երեսին, որ մի ժամանակ հալածելիս չլիներ հրեաներին, իսկ հայերը իրանց քաղաքական անկախության ժամանակ, թե՛ կրակապաշտության եւ թե՛ քրիստոնեության ժամանակ, հրեաների բազմաթիվ գաղթականներին իրանց մնացած հպատակների հետ կատարելապես հավասար քաղաքական իրավունքներ էին տված: Հայերը աշխարհիս    երեսին քրիստոնեական վարդապետությունը ընդունող առաջին ազգն էին, բայց միեւնույն ժամանակ նրանք երկրագնդիս վրա միակ ազգն էին, որ երբեք չհալածեցին հրեաներին: Այդ էր պատճառը, որ Հայաստանի հրեաների մեծ մասը հայերի հետ ձուլվեցան:

Եթե հայերը ունեն այդ բոլոր քաղաքակրթական հատկությունները, ունեն այդքան հասունացած քաղաքական ոգի, ինչի՞ նրանք հաղթող չեն հանդիսանում թուրքերից եւ քրդերից, այլ ընդհակառակն հայը Հայաստանում անդադար թվով նվազվում է, տարուց տարի   ոչնչանում է, գաղթում է իր հայրենիքից, կամ հայերի ամբողջ վիճակները թրքանում են, մահմեդականություն են ընդունում, ինչպես օրինակ, Օլտիի գրեթե ամբողջ գավառը, որ այժմ Ռուսաստանի ձեռքն է անցել, կամ Թորթումի վիճակը, կամ Համշենը, որոնք բնակեցրած են մահմեդականացած հայերով: Համշենի հայերը շատ հին ժամանակներում ընդունեցին մահմեդականությունը, իսկ Օլտիի վիճակի հայերը մի հարյուր տարի սրանից առաջ թրքաց բռնի ուժի բարբարոսության տակ ստիպվեցան ընդունել իսլամը: Մինչեւ այժմ Էրզրումի վիլայեթի մահմեդական գյուղերից շատերը, որոնց բնակիչները կոչվում են Ալի-Պողոս, Կարապետ-Օղլի, կամ Հովհաննես-Մահմադ-Օղլի, իրանք էլ կրում են բուն հայոց անուններ, ինչպես՝ Ագարակ, Ամռագոմ, Պարտեզ, Երիցաձոր, Քարեկամուրջ, Այգեպատ, Պատնաշեն, Ս. Օհան, Համշեն եւ այլն…

Ինչի՞ հայերը, որոնք բացի իրանց կուլտուրական հատկու-    թյուններից, ամեն տեղ, որտեղ նրանք ապրում են, չնայելով աջող կամ անաջող տնտեսական հանգամանքների, հակումն ունեն դեպի կանոնավոր բազմանալը, ինչի՞ Թուրքիայի հայերը, ոչ թե միայն չեն բազմանում, այլեւ օրից օր պակասում են թվով: Այդ այն պատճառով է, որ Թուրքիայի հայը չունի ազատ մրցելու իրավունք, որ նրա վրա ճնշում է արվեստական, սիստեմական վարչական ճնշում, որին չէր դիմանա, այդքան դարերի ընթացքում, եվրոպական ազգություններից ոչ մին, այն ազգություններ, որոնց մեծ մասի ներկայացուցիչները այդքան արհամարհանքով մերժեցին թուրքաց հայերին իրանց պահանջած ինքնավարությունը:

Քուրդը թափառական, վրանաբնակ կյանք է վարում: Նրա գլխավոր պարապմունքը ավազակությունն է: Որտեղ քուրդը բնակվում է հայի հետ, նա հայի ծառա է, նրա ոչխարների հովիվ է, կամ նրա ձիերի երամակների պահող է: Քուրդը իրան ձեւացնում է հայի բարեկամ, հային հավատարիմ. նա խոսում է հայերեն, աղոթում է հայոց    եկեղեցու մեջ. մատաղ է անում հայի սրբերին, մնում է հայի տանը, որպես նրա ամենահավատարիմ ծառա տարիներով, բայց հենց որ կներկայանա մի աջող դեպք, քուրդը հանկարծ փախչում է հայի տանից, հավաքում է ավազակների մի խումբ, կամ միանում է ավազակների մի արդեն կազմված խմբին եւ վերադառնում որպես հայի թշնամի, կողոպտում է հային, սպանում է նրան, բռնաբարում է նրա կնոջ եւ աղջկան եւ սեփականացնում է հայի ամբողջ կայքը, ավերում է նրա տունը, կրակ է տալիս նրա դաշտերն եւ այգիները: Թուրքը անգործ, անհոգ, ձրիակեր մի էակ է: Նա սովոր է միմիայն հրամայելու, նա պահանջում է, որ ուրիշները նրան հնազանդվեն: Նա հավատացած է, որ ստեղծված է հրամայելու, իսկ ուրիշները ստեղծված են աշխատելու: Նա աշխատանքը ստոր պարապմունք է համարում: Թուրքը ապրում է հայի հաշվով:

Հայը վճարում է տերությանը օրենքով հաստատված գլխահարկը, որ թուրք պաշտոնյա հարկահանը կամայական կերպով շատ անգամ սահմանված չափից ավելի է վերցնում հայից: Հայ գյուղացին, բացի գլխահարկից վճարում է տերությանը իր բերքերից տասանորդն էլ: Վալին տասանորդի հավաքելը հանձնում է մի որեւէ կապալառուի, որ իհարկե, զեղծումներ է գործում եւ տասանորդից ավելի պահանջում, մանավանդ որ ինքն վալին նպաստում է այդ զեղծումներին: Փաշան մի պայմանով միայն հանձնում է կապալառուին տասանորդի հավաքելը, որ սա պարտավորվի հավաքածից մի մասը իրան տալ: Հայ քաղաքացին մի առեւտրական գործ, մի արդյունագործական ձեռնարկություն է սկսում, մի արքունի կապալ է հանձն առնում, փաշան, կայմակամը, մյուդիրը, փաշայի օգնականը, նրա քարտուղարը… ամենքը իրանց մասն են պահանջում հայից, որովհետեւ հայը շահվում է: Հայը իրավունք չունի շահվել ոչ մի աշխատանքի, ոչ մի ձեռնարկության մեջ, առանց իր շահերի մի մասը թուրքին տալու:

Հողերը Թուրքիայում լինում են մուլք (սեփականություն), թափու (կապալով վերցրած, վարձված), վակֆ (մզկիթների եւ եկեղեցիների սեփականություն) եւ մահլուլ (անտեր, անժառանգ մնացած հողերը): Հայ գյուղացին Թուրքիայում, թեեւ ունի սեփական հողեր, բայց այդ նրա իրավունքի դեմ, ինչպես իսկույն կտեսնենք, զեղծումներ են գործվում: Այն հողերը, որոնք մահլուլ են մնացել (անտեր, անմշակ, անժառանգ), տերությունը սեփականացնում է եւ գյուղացիներին, կամ կալվածատերերին ծախում է, թափու է տալիս, հանձնելով միեւնույն ժամանակ առնողին մի կալվածագիր, բայց առնողը սեփականատեր չէ դառնում, այլ վայելում է միայն հողի գործադրությունը, իսկ թափու տված հողի տերը դարձյալ տերությունն է մնում: Վակֆ համարվում է մզկիթների եւ առհասարակ եկեղեցիների սեփականություն, բայց երեւում է, որ քրիստոնեական եկեղեցիները եւ վանքերը իրավաբանական անձնավորություններ չեն համարվում, որովհետեւ, ինչպես տեսնում ենք Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնական տեղեկագիրներից, հայերը անդադար գանգատվում են, որ վանքերի եւ եկեղեցիների կալվածները մահլուլ են հայտնվում եւ տերությունը առանց այլեւայլության նրանց ծախում է եւ թափու է տալիս մասնավոր անձանց: Արոտները, առհասարակ տերության սեփականությունն են համարվում. դորան ապացույց թող լինի այն ծանր հարկը, որ վերցնում է տերությունը յուրաքանչյուր ոչխարից, իբր իր արոտների վրա արածացնելու իրավունք ունենալու համար: Յուրաքանչյուր ոչխարից տերությունը տարեկան 3 ղրուշ (20 կոպեկ) հարկ է վերցնում: Հայ գյուղացին վճարում է տերությանը գլխահարկ, վճարում է իր բերքից տասանորդը, վճարում է զինվորական հարկ (որովհետեւ զինվոր չէ տալիս եւ այդ հարկը պահանջելու ժամանակ նույնպես անթիվ զեղծումներ են կատարվում), վճարում է ոչխարի հարկ, վերջապես կալվածական հարկ: Ահա ինչ է երեւում տասանորդի հարկի մասին պատրիարքարանի գանգատներից, երբ որ բերքը ծախվում է, լավ գին ունի, տասանորդի հավաքող կապալառուն ստանում է առավելությամբ, իսկ երբ որ նա գին չունի, կապալառուն թանկ գնահատելով բերքը, փողն է պահանջում: Կալվածական հարկի հավաքման մեջ հետեւյալն է պատահում: Մի վիճակից, կամ մի գյուղից, որտեղ հայերը խառն են բնակվում մահմեդականների հետ, մի որոշված չափով կալվածական հարկ է պահանջվում, որ բաժանվում է կալվածատեր հայերի եւ թուրքերի վրա (բաժանողական հարկ, repartitions Steuer): Բայց հայի կալվածները միշտ թանկ են գնահատվում, քան թե մուսուլմանների կալվածները եւ հայը միշտ ստիպված է ավելի վճարելով լրացնել պահանջվող հարկի ընդհանուր գումարի մեջ այն, ինչ որ կողմնապահությամբ հարկահան պաշտոնյան պակաս է պահանջել մահմեդականից:

Հայ գյուղացին բնակվում է կամ իր սեփական հողի վրա, կամ թափու առած պետական հողի վրա: Բայց  պատրիարքարանի պաշտոնական տեղեկագիրների մեջ անթիվ գանգատներ կան, որ հայի հողը շատ անգամ անիրավությամբ անցնում է թուրք կամ քուրդ բեգերի ձեռքը եւ նրանց սեփականություն է դառնում: Այդպիսով հայը, որ իր պատմության մեջ երբեք ճորտություն չի ունեցել, դառնում է դերեբեգերի ճորտ: Եվ հայը բեգի հողի վրա ապրելով, բացի բոլոր վերեւ հիշված հարկերից, ստիպված է եւ իր բեգին վճարել կալվածական հարկը եւ իր բերքերից տասանորդը: Գանգատներից երեւում է, որ հայերի մասնավոր հողերը ապահոված չեն կամայականության դեմ: Հայը վճարում է տերությանը պահանջվող հարկերը, օրենքով սահմանված չափից ավելի, ստիպված լինելով վալիին, կայմակամին, մյուդիրին եւ վերջին զապթիեին կաշառքներ տալ, նա վճարում է հարկ բեգին, կերակրում է նրան, իսկ բեգը ձեռները ծալած անգործ նստած է. բացի սորանից նա պետք է զորք պահի, որ իր գյուղով է անցնում, բայց այդ զորքը, որին նա պահում է, չէ պաշտպանում նրան քրդի ավազակու- թյան դեմ: Քուրդ ավազակը խլում է նրա ունեցածը, անարգում է նրա ընտանիքը… Իսկ վերջին ժամանակները հարկերը դարձյալ դորանով դժվարացան, որ տերությունը էլ չէ ընդունում թղթադրամ հարկատուներից…

Հայը իրավունք չունի շահվել ոչ մի գործի մեջ, առանց իր շահերի մի մասը տերության պաշտոնյաներին տալու: Հակառակ դեպքում նրան սպասում է բանտը կամ աքսորանքը: Կամ եթե հայը իր խելքով, իր ճարպիկությամբ, իր եռանդով մրցում է մի նշանավոր թուրք անձնավորության հետ, նրան լույս ցերեկով սպանել կտան, ինչպես, օրինակ, սպանել տվեցին քանի մի տարի սրանից առաջ, փաշայի ներկայությամբ էրզրումցի Խաչատուր էֆենդի Բաստուրմաջյանին, երկրի մեջ ամենահարուստ, ամենանշանավոր, ամենամեծ հեղինակություն ունեցող մարդուն…

Այդ տեսակ հանգամանքներում ի՞նչ հնար կա առաջադիմու- թյան սպասելու, ի՞նչ հնար կա արդյունագործական ընկերություններ, շահավետ ձեռնարկություններ, բաժանորդական կամ այլ ընկերակցություններ իրագործելու…

Ասում են, որ Թուրքիայում գրված օրենքներ կան: Բայց այդ   օրենքները մնում են մեռած տառեր: Հայը որպես քրիստոնյա իրավունք չունի Թուրքիայում զենք կրելու, իրավունք չունի, որպես քրիստոնյա դատարաններում վկայություն տալու:

Այստեղ եւս պարտավորություն եմ համարում հիշել, որ Թուրքիայի մեջ հողային հարաբերությունների մասին տեղեկությունները եւս գլխավորապես քաղեցի Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի տեղեկագիրներից եւ «Մշակի» մեջ անցյալներում տպված պ. Մելիքզադեի հոդվածներից: Իսկ թե՛ հողային հարաբերությունների եւ թե՛ հարկավորության մասին տեղեկությունների ճշտությունը ինձ օգնեց վերաստուգելու թուրքաց հայերի մեջ հայտնի մի գրող, պ. Ծերենց:

Ուրեմն հայի մի կողմը կանգնած է նենգավոր, բարբարոս,      ավազակ քուրդը, մյուս կողմը ձրիակեր, ծույլ, կաշառակեր թուրքը, իսկ նրա վրա, իշխում է մի տերություն, որ նայում է հայի վրա ինչպես մի կաթնատու կովի վրա, մինչեւ անգամ առանց հոգալու, լավ տնտեսի պես, օրինավոր կերակրելու եւ խմացնելու այն կովը, որից նա ավելի կաթ է պահանջում, քան թե նա կարող է տալ:

Թուրքերը շատ լավ են հասկանում հայի արժանավորությունները, բայց այնուամենայնիվ աշխատում են նեղել հայերին, եթե կարելի է, ջնջել նրանց երկրիս երեսից: Բարեկամներիցս մինը պատմում էր ինձ հետեւյալը: Երբ որ ռուսաց զորքերը պետք է դուրս գային Էրզրումից եւ լուր տարածվեցավ, որ Էրզրումի հայերը գաղթելու են մեր զորքերի ետեւից դեպի Ռուսաստանի սահմանները, թուրքաց տերու- թյան ներկայացուցիչ Էրզրումի մեջ՝ Ալի-էֆենդի Արաբզադե, բացականչեց մի մասնավոր խոսակցության ժամանակ. «Թող կորչեն այդ հայերը, իսկ նրանց տեղ թող գան այստեղ ռուսահպատակ մահմեդականները, մենք գոնե խիտ մահմեդական ազգաբնակություն կունենանք, ազատ քրիստոնեական տարրից»: Այդ խոսակցությանը ներկա է գտնվում Էրզրումի պարսից հյուպատոս Միրզա Ալապկեր-խանը. «Շատ բարի, ասում է պարսից կոնսուլը, ասենք թե հայերը բոլորն էլ գնացին Հայաստանից եւ նրանց տեղը եկան մահմեդականները. բայց հարցնում եմ ձեզ, այն ժամանակ ո՞վ կաշխատի, ո՞վ արհեստներով կպարապի այս երկրում, ո՞վ կմշակի երկիրը, ո՞վ կտա տերությանը հարկի մեծ մասը… Հայերից, այդ աշխատող տարրից զրկվելով, կզրկվեք ձեզ կերակրողներից, ձեզ կարող է սով սպառնալ»: Ալի-էֆենդին փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց. «Այդ էլ ճշմարիտ է»:

Եվ այդպես նայում են հայերի վրա Թուրքիայի պետական     ամենաբարձր շրջաններումն անգամ: Թուրքերը գիտեն, շատ լավ են հասկանում, թե որքան հայերը հարկավոր են, անհրաժեշտ են Թուրքիային, բայց այնուամենայնիվ ատում են նրանց եւ սիստեմական կերպով ճնշում են նրանց:

Իսկ Եվրոպան չէ ճանաչում Հայաստանը եւ հայերին: Եվ հայոց խնդրի հարուցվելու ժամանակ Եվրոպան ուշադրություն չդարձրեց հայ ազգի արժանավորությունների վրա, այլ պահանջում էր իր դիպլոմատիական ագենտներից միմիայն թվեր հայերի մասին: Մի ազգի մասին տեղեկություն ունենալու համար չէ կարելի բավականանալ միմիայն թվերով, վարվել ազգի հետ ինչպես մի հոտի հետ, հաշվել ինչպես տավարի գլուխներն են հաշվում… Եվ կոնսուլները անճիշտ տեղեկություններ էին տալիս: Օրինակ, Էրզրումի ֆրանսիական կոնսուլ պ. Ժիլբերը տեղեկություն տվեց իր տերությանը, որ ամբողջ Հայաստանում կես միլիոն հայ կա միայն… Նշանավոր է, որ պ. Ժիլբերը ինը տարի է, որ ապրում է Հայաստանում:

Ցավալի է, որ Բեռլինի կոնգրեսին ներկայացրած հայ պատգամավորները հոգեւորականներ էին: Բայց եթե այդ պատգամավորները աշխարհական, լուսավորված մարդիկ լինեին, եթե փոխանակ ներկայացնելու այն անկենդան, մեռելածին օրգանական կանոնադրությունը, որտեղ Եվրոպայի ուշադրությունը դարձնվում էր Հայաստանում բնակվող հայերի թվի վրա նիայն, մեր պատգամավորները ներկայացնեին հայոց ազգի տնտեսական, կուլտուրական հատկությունների նկարագիրը, նկարագրեին հայերի քաղաքակրթական արժանավորությունները, ներկայացնեին Հայաստանի պատկերը, ինչպես նա կա, հայերի, Ասիայի խորքերում բնակվող այդ եվրոպացիների նկարագիրը, ինչպես նրանք կան, - գուցե արեւմտյան Եվրոպան կհամոզվեր, որ Հայաստանը նույնքան արժանի է ազատվելու թուրքաց տիրապետութենից եւ անկախ քաղաքական կյանքով ապրելու, որքան այն երկիրները, որոնք ազատվեցան թուրքաց տիրապետութենից:

Ամբողջ Եվրոպայից գուցե միայն Անգլիան շատ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, լավ է ուսումնասիրել այդ երկրի բնական հարստությունները, այդ երկրի բնակիչների քաղաքակրթական հատկությունները: Բայց Անգլիայի թուրքասիրությունը եւ հայերի պաշտպան չհանդիսանալը, մեզ գուշակել է տալիս, որ Մեծ Բրիտանիայի նպատակն է ոչ թե օգնել քրիստոնյաներին, այլ ձեռք գցել հարուստ երկիրը, Հայաստանը, աշխարհի չորս կողմը ցրվել տալով նրա ընդունակ բնակիչներին, հայերին, եւ բնակեցնել նրանց տեղ, նրանց հայրենիքում, նրանց ժառանգական հողերի վրա անգլիացի երկրագործներին եւ բանվորներին, անգլիական քաղցած պրոլետարիատը, որից նրանց մայր-երկիրը շատ ուրախ կլիներ ազատվելու, սոցիալական խնդրի սպառնող ճգնաժամից ազատվելու համար:

Շատ քիչ ցեղերին աշխարհիս երեսին վիճակված է եղել պատմության մեջ ավետել մարդկությանը մի որեւէ նոր, բարոյական սկզբունք: Ամեն ազգ ունի, իհարկե, իր կոչումը, խաղում է մի հայտնի դեր մարդկության մեջ, բայց ամենքը, օրինակ, հրեաներ, ֆրանսիացիներ կամ գերմանացիներ չեն… Հրեաստանի հողի վրա երկու անգամ ծնվեցան մարդկության երկու ամենամեծ աստվածային վարդապետություններ՝ Մովսիսականություն եւ Քրիստոնեություն: Ֆրանսիացիները իրանց մեծ հեղափոխության ժամանակ ավետեցին մարդկու- թյանը մարդու իրավունքների գաղափարը: Գերմանացիները ընծայեցին մարդկությանը բողոքականությունը…

Գուցե եւ հայերին վիճակված է, թեեւ ոչ այնքան բարձր, բայց նույնպես մի նոր, քաղաքական սկզբունք ավետել մարդկությանը, այն է, որ կարելի է հասնել ազատությանը քաղաքակրթական խաղաղ պատերազմով, առանց ապստամբվելու, առանց զենք բարձրացնելու: Դարեւոր տանջանքներով, ամենօրյա աշխատանքով, կուլտուրական խաղաղ կռվով, տոկուն կերպով մարտնչում են հայերը բարբարոսու-թյան եւ կամայականության, տգիտության եւ ֆանատիկոսության, մի խոսքով բռնավորության դեմ: Գուցե հայերին վիճակված է իրանց բռնած ընթացքով ոչնչացնել այն ժամանակակից բարոյական սկզբունքը, որ մեր լուսավորված տասնեւիններորդ դարում դեռեւս տիրապետում է Եվրոպայում, որ լուսավորված աշխարհի սկզբունքն ու դեվիզն է. “Je m՚insurge, done je suis” (ես ապստամբվում եմ, ուրեմն ես գոյություն ունեմ): Իսկ հայերը կարծես, ասում են. «Ես աշխատում եմ, ես տանջվում եմ, ուրեմն ես գոյություն ունեմ»: Ահա, կարծես, հայերի նշանաբանը: Եվ ճշմարիտ, ո՞րն է ավելի դժվարը՝ ապստամբվել եւ մի քանի ամիս, գուցե մեկ երկու տարի իր եւ թշնամու արյունը թափել, թե հազար տարի շարունակ ամենօրյա կուլտուրական պատերազմ վարել ճնշող ուժի դեմ: Գուցե հայերին, արեւմտյան լուսավորված Եվրոպայի ժամանակակից անմարդասեր գաղափարի դեմ այդ կենդանի բողոք ներկայացնող ազգությանը, վիճակված է ոչնչացնել այն անբարոյական սկզբունքը, որ պահանջում է ճնշված ազգից, իր գոյությունը ապացուցանելու համար զենք վերցնել, ապստամբվել, արյուն թափել, ուրեմն գործ դնել, ճնշող ուժից, բարբարոսութենից  ազատվելու համար, նույն զենքերը, որ նույն իսկ ճնշող ուժը, բարբարոսությունն է գործ ածում…

Եթե Թուրքիայի հայերը չկարողանան հաղթող հանդիսանալ, կոչնչանան, կամ կգաղթեն իրանց հայրենիքից, եթե նրանց հայրենիքը կդատարկվի իր բնիկ ազգից, այն ժամանակ ամոթ այն Եվրոպային, որ չօգնեց նրանց իրագործել մարդկության ապագա քաղաքա-կրթության սկզբունքը:

Իսկ եթե նրանք, չնայելով բոլոր արգելքներին, բոլոր տանջանքներին, հաղթող կհանդիսանան, նրանք կվաստակեն լուսավորված աշխարհին նոր սկզբունք, նոր նշանաբան ավետելու փառքը՝ «Քաղաքակրթական, կուլտուրական, աշխատանքի պատերազմ, արյունի պատերազմի փոխանակ»: Այն ժամանակ հայոց ազգը իր օրինակով կամաչացնի լուսավորված եւ մարդասեր աշխարհը:

  Արդյոք կարողություն, համբերություն կունենա Թուրքիայի հայը իր հազար տարվա կուլտուրական պատերազմը մինչեւ վերջը նույն ձեւով առաջ տանելու եւ բախտավոր վախճանին հասցնելու, թե հուսահատվելով, համբերություն կորցնելով, կշեղվի նա իր բնությանը հատուկ բռնած ընթացքից, իր պատմական կոչումից եւ կդիմե այն միջոցին, զենքին, որ ժամանակակից լուսավորված աշխարհը միակ դրական եւ օրինավոր միջոց է համարում մի ազգի համար իր գոյու-   թյունը վկայելու…

Պետք է խոստովանել, որ հայը ապացուցեց դեռ շատ հին ժամանակներից, որ հարկավոր դեպքում, երբ պետք էր կամ իր հավատը պաշտպանել, կամ մի պետության հպատակ լինելով, հարկավոր էր արյուն թափել, մտնելով այն պետության զորքերի շարքը, որ իր ձեռքը նույնքան ընդունակ եւ վարժ է զենք գործ ածել, որքան արորը եւ բահը: Եվ նույնիսկ այս րոպեիս Զեյթունը արյուն է թափում Թուրքիայի դեմ իր մարդկային իրավունքները ձեռք բերելու համար:

Վերջին ժամանակ մեր լրագրերի թղթակիցները հաղորդում են, որ Թուրքիայի հայը գրեթե ամեն տեղ սկսում է զինվել: Բայց արդյոք դորանով նա ընդդե՞մ է գնում իր բռնած պատմական ընթացքին… Չեմ կարծում: Եթե հայը Թուրքիայում զինվում է միայն նրա համար, որ բռնավորության դեմ պաշտպանողական դիրք բռնի միայն, եւ ոչ թե հարձակողական, եթե Թուրքիայի հայը մի ձեռքով մուրճ, արոր կամ բահ բռնելով, մյուս ձեռքով հրացան կբռնի, - այդ գուցե կլինի միակ միջոց թուրքաց տիրապետության տակ ճնշված հայոց ազգի համար պաշտպանել եւ ապահովել իր ազգային գոյությունը:

Ես վերջացրի իմ դասախոսությունս եւ ինձ մնում է այժմ, տիկիններ եւ պարոններ, շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր ինձ շնորհած ուշադրության համար: Եթե երկու ժամ շարունակ դուք համբերություն ունեցաք լսել իմ խոսքը, ես այդ ձեր համբերությունը վերաբերում եմ ոչ թե դասախոսությանս ձեւին, բայց մի կողմից նյութի հետաքրքրությանը, ձեր ազգասիրական զգացմունքներին եւ գլխավորապես այն բարեգործական նպատակին, որ մեզ ամենքիս այսօր միացրել է այդ դահլիճի մեջ:

«Մշակ», 1879, 72-75

47. ԱՆԳԼԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայոց խնդրի հարուցվելու րոպեից մինչեւ այսօր ոչ մի պետություն չէ խաղացել Հայաստանի վերաբերությամբ այնպիսի կեղծավոր եւ երկդիմի դեր, ինչպես Անգլիան:

Մի կողմից, նայելով Անգլիայի մեջ կայացվող Հայաստանին համակրող բազմաթիվ քաղաքական միտինգներին, անգլիական մամուլի մեջ գրվող հայոց ազգին համակրող անթիվ հոդվածներին, նայելով անգլիական դիպլոմատիայի, Մեծ Բրիտանայի պետական մարդիկների կողմից հայերին տրված ջերմ խոստումներին, վերջապես աչքի առաջ ունելով Հայաստանին համակրող այն բարձրահնչյուն ճառերը, որոնք ասվեցին անգլիական պառլամենտում, կարելի էր կարծել, որ Անգլիան բոլոր եվրոպական պետություններից ամենից շատ է համակրում Հայաստանին, միակ պետությունն է, որ պետք է անկեղծ կերպով օգնե թուրքաց Հայաստանին մոնղոլական անտանելի լծից ազատվելու համար…

Իսկ ուրիշ կողմից նույն Անգլիան Բեռլինի կոնգրեսի ժամանակ Հայաստանի ամենամեծ թշնամի էր հանդիսացել, ավելի անհաշտ թշնամի, քան թե մի քանի երկրորդական պետություններ, որոնք կոնգրեսից առաջ անտարբերությամբ էին վերաբերվում դեպի հայերը: Այդ բավական չէ. հայերին արտաքուստ համակրող Անգլիան իր Կ. Պոլսի դիպլոմատիական ներկայացուցչի օգնությամբ աշխատում էր վնասել հայերին, նրանց հարգը վայր գցել, բարձրաձայն խոստովանել մահմեդականների գերազանցությունը, նրանց նախապատվել հայերին…

Համակրական միտինգներ Անգլիայում, եւ մյուս կողմից՝ Բեռլինի կոնգրեսի ժամանակ անգլիական ներկայացուցիչների անհոգի վարմունքը դեպի հայերը. պառլամենտի մեջ հօգուտ հայերի ասված ջերմ, պաշտպանողական ատենաբանություններ, եւ մյուս կողմից՝ Լայարդի, այդ նախկին հայասեր անգլիացի ուսումնականի անամոթ ինտրիգաները թուրքաց հայերից պահանջված ինքնավարության դեմ… Ահա Անգլիայի երկդիմի, ահա նրա ստոր եւ անարժան քաղաքականությունը…

Եվ այժմ շարունակվում է նույն քաղաքական անամոթ կատակերգությունը… Մինչեւ որ պառլամենտի մեջ լորդ Կարնարվոն հայտնում է, թե Բ. Դուռը չէ կատարել իր հանձն առած պարտավորությունները Հայաստանի վերաբերությամբ, Կ. Պոլսի անգլիական ներկայացուցիչը պաշտոնապես մերժում է Հայաստանին ինքնավարության   ամենասկզբնական իրավունքները, բացասելով հայ պատգամավորությանը Հայաստանի մեջ հայ նահանգապետի նշանակելը…

Թող վերջապես հասկանան Թուրքիայի հայերը, թե ինչ արժեք ունեն Հայաստանի վերաբերությամբ անգլիական ազգի համակրական ցույցերը, երբ այդ ցույցերը ուրիշ բան չեն, եթե ոչ մի դիմակ արեւելքի քրիստոնյաների վերաբերությամբ անգլիական պետության կողմից բռնած անսիրտ, անմարդասեր եւ նենգավոր քաղաքականությունը ծածկելու համար:

«Մշակ», 1879, 97

48. ԱՅԺՄ ԺԱՄԱՆԱԿ Է ԻՐԱԳՈՐԾԵԼ

Հայը հասցնում է իր անհատականությունը մինչեւ վերին ծայրահեղությունը: Յուրաքանչյուր հայ ջոկ վեր առած գուցե եւ խելոք է եւ օրինավոր մարդ է, բայց ընկերակցության մեջ անտանելի է: Հայը բոլորովին զուրկ է ընկերական ոգուց: Այն գործերը, որոնք պետք է կատարվեն ընկերակցությամբ, երբեք չեն աջողվում հայերի մեջ:

Վեր առնենք, օրինակի համար մեր բոլոր ընկերությունները, մեր զանազան հանձնաժողովները եւ մասնաժողովները, նրանցից ո՞րը աջողվեցավ, կամ կարողացավ փոքրիշատե օրինավոր գործ կատարել… ոչ մինը:

Որտեղ երեք, չորս հայ են հավաքվում, այնտեղ պետք է անպատճառ կռիվ, անբավականություն, երկպառակություն, թշնամու-   թյուն ծագի:

Բայց առանց ընկերակցության, առանց խմբովին գործելու երբեք ոչ մի հասարակական գործ առաջ տանել չէ կարելի: Հայի զզվելի, հակաընկերական բնավորության շնորհիվ մեզանում երբեք չեն   աջողվում որեւէ ընկերություններ, ընկերակցություններ, մասնաժողովներ…

Վեր առնենք, օրինակի համար, մեր հայոց լրագրությունը, մեր թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Թուրքիայի մամուլը: Լրագրերից կամ ամսագրերից յուրաքանչյուրը ջոկ կյանքով է ապրում, թե՛ ուղղության եւ թե՛ լեզվի կողմից: Ոչինչ համերաշխություն, ոչինչ շոշափման կետեր չկան մեր բոլոր պարբերական հրատարակությունների մեջ: Ամեն մեկը իր կողմն է քաշում:

Նոր գրական աշխարհաբար լեզուն կարծես յուրաքանչյուր գրողի կամայականության արդյունք լինելով, ոչինչ միություն չունի: Ամեն մի լրագիր, ամեն մի ամսագիր իր ձեւով է գրում, իր սեփական քերականական կանոններն ունի, կամ ավելի լավ է ասել՝ ոչինչ քերականական կանոններ չունի: Մեր հայոց թե՛ թուրքիացի եւ թե՛ ռուսաստանցի մամուլը չունի միություն եւ ազգային, հասարակական նշանավոր խնդիրների քննության վերաբերությամբ:

Մենք գրողներս երբեք միմյանց հետ չենք տեսնվում, միմյանց հետ չենք հանդիպում, մեր մամուլի ներկայացուցիչները միասին չեն գումարվում, որ կարողանան շատ խնդիրների վերաբերությամբ համաձայնվել, որ կարողանան իրանց գործունեության եղանակի մեջ թե՛ նշանավոր խնդիրների, թե՛ լեզվի ձեւերի վերաբերությամբ փոքրիշատե միություն հաստատել, որ կարողանան մի քանի հարցերի մասին ընդհանուր պրոգրամ կազմել:

Այդ պատճառով մենք առաջարկում ենք մեր հայոց թե՛ թուրքիացի եւ թե՛ ռուսաստանցի մամուլի ներկայացուցիչներին, ժամանակ առ ժամանակ, գոնե հինգ վեց տարվա մեջ մի անգամ գումարվել քանի մի շաբաթով այս կամ այն քաղաքում, թե՛ լրագրության գործունեության եղանակի եւ նշանավոր ազգային կամ հասարակական խնդիրների քննության մեջ մեր կարողության չափ համերաշխություն մտցնելու նպատակով եւ թե՛ լրագրության մեջ գործածվող, մին մյուսից տարբերվող լեզվի, ոճերի, բարբառների մեջ որչափ հնարավոր է միություն հաստատելու նպատակով:

Այդ տեսակ լրագրական կոնգրեսներ ամեն երկրում լինում են, բայց մանավանդ այդ տեսակ ժողովներ անհրաժեշտ են մեր նոր ծնվող ազգային մամուլի կանոնավոր զարգացման համար:

«Մշակ», 1879, 113

49. ԻՆՉԻ ՄԵՋՆ Է ՎՏԱՆԳԸ

Ամենամեծ վտանգը մի ազգի մտավոր եւ բարոյական գոյու-    թյան համար մտածողների մեծ մասը նրա մեջ են տեսնում, երբ մի ազգություն այլեւս չէ արդյունաբերում ինքնուրույն, անկախ, ինքնագո բնավորություններ, երբ պատմական հանգամանքների շնորհով մի ազգի բոլոր անդամները միմյանց նման են դառնում, կորցնում են     իրանց անհատական տարբերությունները, միակերպ են դառնում:

Այն ժամանակ, այդ միակերպության պատճառով, ազգն էլ չէ արդյունաբերում ոչինչ նոր, ոչինչ ինքնուրույն բաներ ո՛չ արհեստի, ո՛չ գեղարվեստի, ո՛չ գիտության, ո՛չ գրականության ու լրագրության մեջ: Բոլորը ընկնում է անշարժության եւ մեռելության մեջ… Ազգը այլեւս ընդունակ չէ դառնում ինքնուրույն ստեղծագործության, նրա մեջ չեն հայտնվում անհատներ, որոնք ուրիշ կերպ մտածեին, քան թե մտածում է մեծամասնությունը, ուրեմն չեն էլ կարող անկախ կերպով արդյունաբերել, ստեղծագործել, այլ ամենքը մտածում են հայտնի ձեւով, բոլորի մտածողության եղանակը մի հայտնի շրջանակների մեջ է սահմանափակված, ամեն մարդ, գուցե կարծելով էլ, որ նոր միտք է հայտնում, անգիտակցաբար կրկնում է մի անգամ սովորած, անգիր առած, մանկությունից արյունի մեջ մտած ժառանգական մտքեր, վախենալով, միջոց չունենալով վերաստուգել այդ արդեն դարերով եւ    ավանդությամբ սրբացրած, սերունդից սերունդ անցնող գաղափարների ստուգությունը կամ անստույգ լինելը…

Մեր հայոց ազգը իսկ եւ իսկ այդ տեսակ դրության մեջ է: Մեր հասարակական եւ ընտանեկան կյանքի մեջ մենք ունենք մեր սեփական կլասիցիզմ, մեր գրականության ու լեզվի մեջ մենք ունենք մեր սեփական սխոլաստիզմ, որոնցից հեռանալը, որոնցից փոքր-ինչ շեղվելը ոչ թե միայն հանցանք է համարվում, բայց եւ անհնարին է լինում մեզ, որովհետեւ մենք այն աստիճան կաշկանդված ենք լինում մեր պատմական ավանդություններով, որ անզոր ենք մեր սեփական ուժերով խախտել այդ մեր մեջ արմատացած ավանդությունները…

Մեր բոլոր հասարակական գաղափարները անգիտակցաբար անգիր արած, սերտած ավանդական մտքերն են, որոնց ոչ ոք իրան նեղություն չէ տալիս եւ չէ էլ կարող վերաստուգել: Մեր ազգը ոչ թե միայն աղքատ է ինքնուրույն մտածողներով, այլ այդ տեսակ մտածողներ, որոնք փոքր-ինչ ուրիշ կերպ են մտածում, քան թե մտածում է ազգի մեծամասնությունը, բոլորովին բացակա են մեր հասարակութենից:

Ինչքան բարձրագույն ուսում էլ ստացած լինի հայը, հարցրեք նրան՝ ի՞նչ է հայությունը, եւ նա ձեզ կպատասխանի, որ հայությունը լուսավորչական կրոնի մեջն է միայն, իսկ հայ բողոքականը կամ հայ կաթոլիկը հայեր չեն: Հարցրեք նրան՝ ինչի՞ վրա է կայանում ազգու-  թյունը, եւ նա ձեզ կպատասխանի՝ ոչ թե ցեղական հատկությունների վրա, այլ եկեղեցու վրա, եւ այլն…

Եվ երբ որ այդ տեսակ անշարժ, միակերպ հասարակության շրջանի մեջ պատահմամբ հայտնվում է մեկը, որ հանկարծ ուրիշ մտքեր է հայտնում, քան թե հայտնում է մեծամասնությունը, նրան համարում են հասարակական թշնամի, ազգի վնասակար անդամ, նրան անարգում, հալածում են: Նա համարձակվել է ուրիշ կերպ մտածել, ուրիշ կերպ գրել, քան թե մեծամասնությունն է մտածում եւ գրում, նա համարձակվել է ուրիշ լեզու գործածել, քան թե գործ են ածել պապերը, նա համարձակվել է ուրիշ իդեալներ ունենալ, քան թե ուներ ազգը երրորդ դարից սկսած մինչեւ տասնեւիններորդը, նրան պետք է հալածել, նրան պետք է աշխարհիս երեսից ջնջել…

Երբ որ մի ազգություն հասել է այդ անշարժության կետին, երբ նա այլեւս ոչ մի ինքնուրույն, մի օրիգինալ մարդ չէ արդյունաբերում, կամ պատահմամբ ուրիշ շրջանում ծնված, ուրիշ հանգամանքներում կրթված հայրենակից մարդուն ամեն ջանք է անում վիժել իր շրջանից, - այդ տեսակ հասարակությունը կամ ազգությունը մոտ է իր մտավոր կատարյալ անկման, նրան սպառնում է մեծ վտանգ…

Մի ազգության մտավոր եւ բարոյական գոյության համար վտանգը միակերպության մեջն է:

Իսկ միակերպությունը հասարակական կյանքի մեջ մեռելու-   թյուն է նշանակում:

Այդ հոդվածը մենք նվիրում ենք մեր ռուսաստանցի եւ թուրքիացի հայ կրթված երիտասարդությանը, այդ երկու երկրների հայ ինտելիգենցիային, որ փտել, մնացել է իր անշարժական միակերպության մեջ, նվիրում ենք Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» լրագրի պես մեր հասարակական ապուշ օրգաններին:

«Մշակ», 1879, 144 

50. ՀՆԱՄՈԼՆԵՐԻ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն մի հայ, որ հեռու է ապրում հայության գլխավոր կենտրոններից, վաղուց օտարացել է, ծանոթ չէ հայոց հասարակության ժամանակակից կյանքի հետ, իրան իրավունք է համարում խորհուրդներ տալ նույիսկ հայ ազգաբնակության մեջ ապրող հասարակական գործողներին, արհամարհանքով վերաբերվել դեպի նրանց գործունեությունը…

Երեւակայեցեք ձեզ մի հայ, որ ամբողջ կյանքը անցնում է, օրինակ, Մոսկվայում կամ Ս. Պետերբուրգում, հեռու հայոց ազգաբնակության կենդանի շրջանից, վաղուց չէ լսել ինչպես հայ մարդը խոսում է, չէ տեսել ինչպես հայը ապրում է, ինչ առաջադիմություն է      անում հայոց մտավոր կյանքը, եւ նա հանդգնում է մշակել, կամ մինչեւ անգամ ստեղծել հայոց գրական լեզուն:

Լեզուն ստեղծել չէ կարելի, նրան կարելի է, այո, մշակել, բայց դորա համար հարկավոր է ձեռքի տակ ունենալ առարկան, հում նյութը, այսինքն ժողովրդի կենդանի բարբառը, հարկավոր է ապրել այն ժողովրդի մեջ, որ ամեն օր խոսում է իր մայրենի լեզվով, ինչպես բնագետի գիտնական, թեորիական հետազոտությունների համար հարկավոր է ձեռքի տակ ունենալ հետազոտության առարկան, բնական արդյունքը:

Դուք ապրում եք հայերի մեջ, լսում եք ամեն օր ինչպես հայը գործ է ածում իր մայրենի լեզուն իր հասարակական եւ ընտանեկան կյանքի մեջ, լսում եք ինչպես նա հին, մեռած ձեւերի եւ ոճերի փոխանակ հետզհետե սկսում է գործածել նոր, ավելի հասարակ, ավելի հասկանալի, ավելի կենդանի ոճեր եւ ձեւեր, լսում ենք, օրինակ, ինչպես նա փոխանակ «ըստ իս» գործ է ածում «իմ կարծիքով», փոխանակ վերա, նորա, յուր, ամեն օր գործ է ածում վրա, նրա, իր բառերը, բայց օտարացած, հայութենից անջատված հայը, անտես առնելով, որ դուք հայ ժամանակակից կյանքի հետ ավելի ծանոթ եք, քան թե ինքը, հանդգնում է ձեզ խորհուրդներ տալ, ձեզ հանդիմանել, թե դուք հեռանում եք գրաբարից եւ փչացնում եք հայոց լեզուն:

«Ձեր նպատակն է գրաբարից հեռանալ, իսկ իմ նպատակն է աշխատել մոտենալ գրաբարին», - գրում էր մեզ նորերումս օտարու- թյան մեջ ապրող հայերից մեկը:

Կարծես թե կարելի է արհեստական կերպով ստեղծել լեզուն:

Եթե մենք չգրեինք ժողովրդական, կենդանի բարբառով, երբեք մեր թերթը այն աջողությունը չէր ունենա, ինչ որ ուներ նա յոթ տարվա ընթացքում նոր սերնդի շրջանում:

«Ես միշտ կգործածեմ նորա, վերա եւ ոչ թե նրա, վրա եւ այլն», - գրում է մեզ մեր ծանոթը:

Կարծես թե կարելի է բռնի կերպով գործ ածել հին, կլասիկային լեզվի այս կամ այն ձեւը, երբ նոր լեզվի մեջ կան արդեն կենդանի նոր ձեւեր: Ինչքան կամենում եք գործածեցեք հին ձեւերը եւ ոճերը, բայց ժամանակակից հոսանքը ձեզ կհաղթե եւ կստիպե գործածել գրական լեզվի մեջ ժողովրդական ոճերը եւ ձեւերը:

Այսպես է կազմվում ամեն տեղ, ամեն ազգի մեջ գրական ժամանակակից լեզուն, մաքրելով, այո, ռամկական բարբառները, բայց միեւնույն ժամանակ օգտվելով նրանց կենդանի ձեւերից եւ ոճերից:

Թող հնամոլները համառեն իրանց երազական ցնորքների մեջ՝ կենդանացնել դիակը, այսինքն ստիպել հային խոսել մեռած լեզվով, իսկ մենք կարծում ենք, որ կենդանի կյանքի համար հարկավոր է կենդանի խոսք:

Իսկ կենդանի խոսքը մենք կարող ենք գտնել միմիայն ժողո-վըրդի ժամանակակից կյանքի մեջ:

Ինչ կասեիք, ընթերցող, եթե մի բժիշկ հիվանդից մի քանի հազար վերստ հեռու գտնվելով, հանդգներ հրահանգներ տալ հիվանդին, առանց երբեք նրա կազմվածքը ուսումնասիրած լինելով, առանց նրա կյանքի հետ ծանոթ լինելով: Նույնը անում են մեր կույր հնամոլները. նրանք ապրելով հայությունից հազար վերստ հեռուէ     հանդըգնում են մեզ, հայ ժողովրդի մեջ ապրող գործողներին հրահանգներ տալ, թե ինչպես պետք է մշակենք եւ կազմակերպենք հայոց նոր գրական լեզուն:

Մենք նրանց կպատասխանենք՝ այդ ձեր գործը չէ. իսկ եթե կամենում եք այդ խնդրի մեջ ձայն ունենալ, եկեք ապրեցեք այստեղ, հայ ազգաբնակության շրջանում, եթե ոչ, դուք իրավունք չունեք որեւէ կարծիք հայտնել մի խնդրի վերաբերությամբ, որի հետ ծանոթ չեք եւ չեք կարող ծանոթ լինել:

«Մշակ», 1879, 150