Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՈՐԻՑ ՍԱՐԳԻՍ ՎԱՐՇԱՄՅԱՆՑԻ «ՆԱՄԱԿԻ» ԱՌԹԻՎ

/32/ «Պատմա-բանասիրական  հանդեսում» 1964 թ բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Նանումյանը հանդես եկավ «Մի կարեւոր փաստի վերականգնում» հոդվածով, որով ճշգրտում էր նալբանդյանագիտության առեղծվածներից մեկը [1]: Խոսքը վերաբերում է Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանցի «Նամակին», որը հրատարակվել է «Հյուսիսափայլ» ամսագրում 1860 թ. [2]: Ինչպես հայտնի է, Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի առաջին հրատարակության  խմբագրությունը մտացածին  համարելով  թե՛  Վարշամյանց ազգանունը, թե՛ վայրի անվանումը (Փայտակարան), որտեղից ուղարկված էր «Նամակը», այն համարել է Նալբանդյանի գրչի արգասիքը եւ ընդգրկել նրա երկերի մեջ [3]:

Ռ Նանումյանը սակայն վերոհիշյալ  հոդվածում  հաստատում  է Վարշամյանցի` իբրեւ իրական անձնավորության ինքնությունը եւ նրան անվերապահորեն  համարում  Կոմս  Էմմանուելին`  Նալբանդյանին հղված «Նամակի» հեղինակը:

Վարշամյանցի «Նամակի» բազմակողմանի ուսումնասիրությունը եւ դրան առնչվող փաստերը, սակայն, մեզ հանգեցնում են այն համոզման, որ իրավացի էին Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի հրատարակիչները որոնք հենվելով  այս  կարեւոր  փաստաթղթի  մի շարք առանձնահատկությունների վրա («ընդհանուր շունչը, նամակագրի լեզուն եւ ոճի, տեղ-տեղ պոլեմիկական տոնը եւ այլն») [4], այն համարել են Նալբանդյանի ստեղծագործությունը:

Իսկ ինչպես վարվել Ռ. Նանումյանի բերած փաստարկների հետ, ըստ որոնց` Վարշամյանց ազգանունով գործիչ հիրավի ապրել է Բաքվում, որը 1864 թ. հետո եղել է տեղի Մարդասիրական ընկերության գործունյա անդամներից եւ վարել այդ ընկերության ատենադպրի պաշ/33/տոնը, 1870-1880 թթ. թղթակցել է    «Մշակին» եւ նույնիսկ հեղինակ է մի գրքույկի: Նա, հավանաբար, զբաղվել է նաեւ գրական աշխատանքով. «Մեղու Հայաստանի» թերթում զետեղված է Ի. Ա. Կռիլովի «Ագռավ եւ աղվես» առակի նրա թարգմանությունը, կատարված ժամանակի համար բավականաչափ պատշաճ գրական լեզվով [5]:

Այսպիսով, ըստ Ռ. Նանումյանի, Սարգիս Վարշամյանցը միանգամայն իրական անձնավորություն է եւ հարկ է հավանական համարել, որ նա, իրոք, «Նամակ» է հղել «Հյուսիսափայլի» խմբագրությանը (կամ Կոմս  Էմմանուելին) թերեւս  խնդրելով  բացատրություն  տալ  գրական նոր լեզվի զարգացման հարցում ժամանակի պարբերականների դիրքորոշման վերաբերյալ:

1860 թ. օգոստոսի 12-ի թվակիր «Նամակի» մուտքի խոսքում Ս. Վարշամյանցն ընդհանրացնող գնահատական է տալիս «Հյուսիսափայլի» գործունեությանը` դրա հետ կապելով հայ նոր գրականության սկզբնավորումը, «կենդանի ազգի մեջ կենդանի լեզվով խոսելու եւ գրելու» իրողությունը: Այնուհետեւ նամակագիրն այն միտքն է հայտնում, թե

«Հյուսիսափայլը» պարտավոր է հսկել եւ մյուս թերթերի լեզվի մաքրությանը, անաչառ խոսք ասել դրանց արժանիքների եւ թերությունների մասին: Հիմնական հարցը, սակայն, որ հուզում է Վարշամյանցին, Մսերյանների լեզվական քաղաքականությունն է, նրանց ամսագրի անկանոն լեզուն: «Ճռաքաղը», նշում է նամակագիրը, «աշխարհաբար լեզուն շինել է տիրացուի շիլափլավ կամ ռուսաց պահոց (պասվա) վինեգրետ» [6]:

Նամակագիրը շեշտում է, որ կարդալով «Ճառաքաղը»` հարյուրավոր պարզամիտ ընթերցողներ կարող են ապակոմնորոշվել եւ Մսերյանների հեղինակության  ազդեցության  ներքո  որդեգրել  նրանց  ամսագրի  լե-

զուն, աղավաղել աշխարհաբարը: Վարշամյանցը խնդրում է Կոմս Էմ-

մանուելին  տպագրել  իր  «Նամակը»  եւ  համապատասխան  ծանոթա-

գրություններով զգուշացնել ընթերցողներին` հեռու մնալու «Մսերյանների մատենագրական հերձվածից»:

«Նամակում» վեր է հանվում եւս մեկ գործնական հարց. Մսեր Մսերյանը 1856 թ. Լազարյանների տոհմի պատմությունը գրելով գրաբար լեզվով, իր քայլը բացատրում էր գրաբարի արժանիքներով եւ աշխարհաբարն անվանում «անհամ, թույլ, տգեղ եւ անհեթեթ» [7]: Այնինչ, երկու /34/ տարի   դրանից   անց,   նույն  Մսերյանը                 «Ճռաքաղը» հրատարակում է աշխարհաբար եւ այն էլ աշխարհաբարի այնպիսի մի աղավաղված ձեւով, որն իսկապես «անհամ» էր, «թույլ» եւ «տգեղ»: Խնդիրն այն է, գրում է «Նամակի» հեղինակը, որ եթե աշխարհաբարը դեռեւս չունի իր  քերականությունը այդ չի  նշանակում, թե կարելի է գրել`  ինչպես  պատահի առանց  հետեւելու  ուղղախոսական կանոններին: Ընդհակառակն, ավելի դժվար է գրել այդ լեզվով, քանի որ աշխարհաբարը կենդանի լեզու է եւ ամբողջ ազգը կարող է հանդես գալ գրողի դատավորի դերում:

Վարշամյանցի «Նամակի» տպագրությունից անմիջապես հետո, հնարավորություն չունենալով իսկույն պատասխանել հոդվածին, Մսերյանները շտապում են «Հյուսիսափայլի» խմբագրության նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտել մի գռեհիկ քառատողով, որով ոչ միայն հայհոյում էին Նալբանդյանին եւ Նազարյանին, այլեւ քառատողին կից բնաբանով («Առ ցոփն շրթամբք») ոչնչացնում նրանց վաստակը:

Ահա այդ քառատողը.

Տիրացուի Շիլա-փլավ,

Վարդապետի Քալլա-փաչե…:

Յայս երկուքից թե ո՛րն է լավ

Ճաշակառուն քա՛ջ ճանաչե [8]:

Տողատակի ծանոթագրությամբ («Ի «Հյուսիսափայլն» 1860 ամի, ամսատետր 11, էջ 385») բացահայտելով «Շիլա-փլավ» բառի աղբյուրը` Մսերյանները մեկ անգամ եւս հավաստում էին, որ քառատողն ուղղված է «Հյուսիսափայլի» գործիչների դեմ:

Մեկ ամիս անց «Ճռաքաղում» տպագրվում է Զարմայր Մսերյանի «Դարձված բանից առ Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանց» հոդվածը` ուղղված Ս. Վարշամյանցի դեմ, որից ակնբախ է, որ Մսերյաններն այդ պահին «Նամակի» հեղինակ էին համարում Վարշամյանցին [9]: Զ. Մսերյանը կշտամբում է Վարշամյանցին այն բանի համար, որ «Ճռաքաղի» լեզվի մասին իր դատողությունները Մ. Մսերյանին հայտնելու փոխարեն նա հոդվածն ուղարկել է նրա հակառակորդների պարբերաթերթին` շահելու համար Նազարյանի համակրանքը եւ աչքի առաջ ունենալով անձնական օգուտը:

Այնուհետեւ իրադարձությունները հաջորդում են միմյանց: Բաքվում ստացվում են «Հյուսիսափայլի» եւ «Ճռաքաղի» համարները, որոնց նյութերին  ծանոթանալով`  «Ճռաքաղի»  Շամախիի  գործակալ բժիշկ /35/ Դավիթ   Ռոստոմյանցն   իր  եւ   Ս.    Վարշամյանցի անունից մի նամակով դիմում է Մսերյաններին եւ հայտնում, թե «Հյուսիսափայլում» տպագրված «Նամակի» համար Վարշամյանցը պատասխանատվություն չի կրում: Քանի որ Ռոստոմյանցի նամակը մեզ չի հասել, դիմենք Զ. Մսերյանին, որը վերաշարադրում է այդ շատ կարեւոր նամակի բովանդակությունը: Վարշամյանցին հղած` 1861 թ. հունվարի 18-ի թվակիր նամակում Զ. Մսերյանը գրում է, որ Ռոստոմյանցի` դեկտեմբերի 23-ի թվակիր նամակի «միջեն իմացաք` թե «Հյուսիսափայլի» 11-րդ տետրակում տպագրված Ձեր ստորագրությամբ նամակը` բնավին Ձերը չէ՛, եւ թե` նորա  մեջ  չկան  ո՛չ  Ձեր  բառերը եւ  ո՛չ  Ձեր  իմաստը որո  վասն  եւ խնդրում եք ներողամտություն» [10]:

Այս նույն նամակում Մսերյան-որդին առաջարկում է Վարշամյանցին մամուլի էջերում հրապարակել ճշմարտությունը, այլապես, ինչպես նա գրում է, ինքը կշարունակի իր հոդվածի տպագրությունը` ուղղված, բնականաբար, նրա դեմ` ում ստորագրությամբ տպագրվել էր «Նամակը»: Մինչ այդ Զ. Մսերյանը «Ճռաքաղում» մի ծանուցում էր հրապարակել, որով հայտնում էր, թե առժամանակ դադարեցնում է իր «Դարձված բանից…» հոդվածի շարունակության տպագրությունը մինչ այն պահը, երբ ստանա Վարշամյանցին հղած իր նամակի պատասխանը` «’ի մասին նորա ստորագրութեամբ տպեալ նամակին» [11]:

Սարգիս Վարշամյանցը, որը, հարկ է ենթադրել, գիտեր «Հյուսիսափայլի» արժեքը, Մսերյանի պահանջն անպատասխան է թողնում: Հավաստիանալով, որ Վարշամյանցը չի ցանկանում հանդես գալ «Հյուսիսափայլի» դեմ` Զ. Մսերյանը մայիսի սկզբին տպագրում է «Դարձված բանից…» հոդվածի շարունակությունը: Ի դեպ, հոդվածը, որը նախատեսված էր չորս բաժնից, մնում է անավարտ:

Զ. Մսերյանի հոդվածի երկրորդ հատվածը մարտական մի ելույթ է «Հյուսիսափայլի» խմբագրության դեմ եւ իրենից ներկայացնում է Մ. Մսերյանի լեզվագիտական դրույթների պարզաբանումն ու պաշտպանությունը: Այս հոդվածում ուշադրության արժանի են երկու հարցադրումներ. առաջինն այն է, որ Զ. Մսերյանն իր հոր հետեւողությամբ աշխարհիկ լեզուն համարում է «անհամ», «թույլ», «անհեթեթ», «գեղջուկ» եւ «գռեհիկ»: Երկրորդ խնդիրը, որը տվյալ դեպքում մեծ կարեւորություն է ձեռք բերում` նամակի հեղինակի ինքնության վերաբերյալ նրա ակնարկներն են, որոնց կանդրադառնանք ստորեւ:

/36/ Զ.     Մսերյանի     երկրորդ  հոդվածով      ավարտվում      է Վարշամյանցի «Նամակի» տպագրության եւ դրա շուրջն առաջացած իրարանցման պատմությունը, բայց հենց այստեղ է ծագում ամենամեծ առեղծվածը. ո՞վ էր «Նամակի» հեղինակը:

Ռ.   Նանումյանն   անվերապահորեն   Վարշամյանցին  համարելով Կոմս Էմմանուելին հղված «Նամակի» հեղինակ` հենվում է մասնավորապես հետեւյալ կռվանների վրա.

1. Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանցը մտացածին անուն չէ: Նա Բաքվի հասարակական գործիչներից էր եւ իր զարգացման մակարդակով ընդունակ` գրելու «Հյուսիսափայլում» տպագրված «Նամակը»:

2. «Նամակում կա պատշաճ հարգանքի տոն Մսերյանցի անձի եւ նրա վաստակների նկատմամբ», մի բան, որն անհարիր է Նալբանդյանի խառնվածքին:

3. «Նամակը» թվագրված է օգոստոսի 12-ով, երբ Նալբանդյանն արդեն գտնվում էր Նոր Նախիջեւանում: Ուստի` «Վարշամյանցի Նամակը չէր կարող Նալբանդյանի ձեռքն ընկած լինել»: Եվ քանի որ «Նամակը» հղված էր Կոմս Էմմանուելին, Նազարյանը ոչ միայն այն խմբագրել է այլեւ «հանդես է եկել նաեւ Կոմս Էմմանուելի անունից»:

4. Աշխարհաբարի գնահատականի հարցում Նալբանդյանի հայացքները չեն ներդաշնակում Վարշամյանցի նամակի թեզերին:

Այս  փաստարկներին  հետեւում  է  հեղինակի  եզրակացությունը. «Գտնում ենք, որ այդ Նամակը կապ չունի Նալբանդյանի անվան հետ: Նա պատկանում է Վարշամյանցին եւ հարկ է ուղղել սխալը, հանելով այն Նալբանդյանի Երկերի ժողովածուի երկրորդ հատորից» [12]:

Ընդունելով հանդերձ Ռ. Նանումյանի հոդվածի արժանիքները` մասնավորապես Վարշամյանցի անձի հետ կապված փաստերի հրապարակման  առումով մենք այնուամենայնիվ կփորձենք  վիճարկել նրա առաջադրած փաստարկների հավանականության խնդիրը:

Մեր կարծիքով, Ս. Վարշամյանցը չէր կարող լինել Կոմս Էմմանուելին հղված «Նամակի» հեղինակը, եւ ահա թե ինչու: 1860 թ. երբ հրատարակվում է հիշյալ «Նամակը», Վարշամյանցը դեռեւս չէր դրսեւորել իրեն գրական-հասարակական աշխատանքների ասպարեզում. նա ընդամենը «Մեղու Հայաստանի» թերթում տպագրել էր «Ագռավն ու աղվեսը» առակի թարգմանությունը: Անգամ Զ. Մսերյանն իր առաջին հոդվածում անուղղակիորեն հայտնում էր, որ նա անհայտ անուն է գրական աշխարհում (գրելով այդ նամակը, շեշտում է Մսերյանը, «կամեցար նո/37/րանով  նախ`  հայտնի  անել մեր    ազգին` քո մինչեւ ցայժմ մատենագիտության ասպարեզի մեջ անհայտ մնացած անունը եւ անձը ») [13]:

Բայց այս հարցի մեկ կողմն է: Ուշագրավ է եւ այն, որ «Նամակը» թե՛ արծարծած տեսական հարցերի, թե՛ կառուցվածքի, թե՛ լեզվաոճական առանձնահատկությունների առումով կապվում է «Հիշատակարանի» հետ, մատնում դրանց հեղինակների նույնության փաստը: «Նամակի» մուտքի խոսքը, որտեղ տրվում է «Հյուսիսափայլի» գնահատականը եւ նշվում դրա վաստակը հայ նոր գրականության զարգացման գործում, Նալբանդյանի`  նույն  հարցին  նվիրված  գնահատականների  մի  նոր արտահայտությունն է [14]:

«Նամակում» քննարկվում են ժամանակի հյուսիսափայլյան շրջանակի լուսավորիչներին հուզող` աշխարհաբարի եւ գրաբարի փոխհարաբերության, հայերեն խոսակցական լեզվի եւ գրաբարի զարգացման օրինաչափությունների հետ կապված հարցերը, որոնց գիտական քննությունը հազիվ թե կարող էր մատչելի լինել ամսագրի շարքային մի թղթակցի:

Այնուհետեւ  «Նամակը»  շաղախված  է  նուրբ  հումորի  երանգով  եւ երգիծական արտահայտություններով, որոնք որոշակի հարցերի կապակցությամբ շարունակաբար կրկնվելով, զգալիորեն հզորացնում են հեղինակային խոսքի ներգործուն ուժը: Զուտ հրապարակախոսական մի հնարանք է այս, որը հատուկ էր միայն Նալբանդյանի գրելաձեւին:

Նամակագիրն ուշադրություն է դարձնում այն հարցի վրա, որ Մսերյանները ծրագրել էին ընդհատված «Ճռաքաղի» հրատարակությունը վերսկսել տարվա կեսին: Նրանց այդ վճիռը, որն ուղղակիորեն կապվում էր բաժանորդներ ձեռք բերելու` խմբագրության ճիգերի հետ եւ արժանանում է նամակագրի ծաղրին, ինքնին վկայում է այն մասին, որ հարցի նկատմամբ այդպիսի վերաբերմունք կարող էր դրսեւրել մեկ այլ խմբագրություն: Բաժանորդների առումով «Հյուսիսափայլին» նույնպես  բախտը  չէր  ժպտում ուստի`  տրամաբանական  է որ  դրա խմբագրությունը նկատեր «ճռաքաղցիների» փոքրիկ խորամանկությունը: Մինչդեռ Վարշամյանցին կամ շարքային մեկ այլ գործչի հազիվ հետաքրքրեր այն հարցը, թե երբ է վերահրապարակվելու «Ճռաքաղը»` օգոստոսի՞ց, թե հունվարից:

Ռ. Նանումյանի այն կարծիքը, թե Մսերյաններն իրենց քառատողում եւ այլ գրություններում Վարշամյանց ազգանվան ներքո նկատի են /38/ ունեցել    իրենց    թերթի    Բաքվի    բաժանորդ    Ս.    Վարշամյանցին, կարիք   ունի   որոշ   պարզաբանումների:   Ըստ   նրա`   «Ճռաքաղում» զետեղված քառյակում ակնարկ չկա Նալբանդյանի հասցեին եւ այն, ինչպես եւ Մսերյանի առաջին հոդվածը, ուղղված է Վարշամյանցի դեմ: Հոդվածն, իրոք, ուղղված է Վարշամյանցի դեմ, բայց քառյակը հասցեագրված    է    բացառապես    «վարդապետ»    Նազարյանին    եւ «տիրացու» Նալբանդյանին (հիշենք վերջինիս գործունեության բնույթը Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի հոգեւոր թեմի առաջնորդարանում):

Ժամանակին  մենք  հրապարակել  ենք  Մսերյանների  արխիվում եղած մի ձեռագիր բանաստեղծություն, որը վերագրել ենք Զ. Մսերյանին: Պասկվիլային այդ բանաստեղծության մեջ, չնայած այն բանին, որ հիշատակվում է Վարշամյանցի ազգանունը, մեր խորին համոզմամբ` հեղինակն, այդուհանդերձ, ակնարկում է Նալբանդյանին, թեեւ Ռ. Նանումյանը մեզ առարկում է այդ հարցում: Ահա խնդրո առարկա բանաստեղծության առաջին քառատողը.

«Չարին ծնունդ` Նազարյանց

’Ի չարության գերազանց,

Եվ քո ընկեր Վարշամյանց

Լիրբ է նման հաջող շանց» [15]:

Այս առումով հետաքրքրական է Զ. Մսերյանի առաջին հոդվածում տեղ գտած արտահայտություններից մեկը: Այստեղ նա հանդիմանում է Վարշամյանցին`  իր  «Նամակը»  «Հյուսիսափայլին»  հղելու  համար` «քաջ գիտենալով «Հյուսիսափայլի» թերթերի միջից պ. Նազարյանցի եւ նորա ընկեր` Կոմսի թշնամությունն, նախանձն եւ ատելությունն առ իմ հայրն» [16] Ինչպես  տեսնում  ենք այստեղ  նույնպես ինչպես  եւ  վերը նշված բանաստեղծության մեջ, Կոմսը մատնանշվում է իբրեւ Նազարյանի ընկերը: Մեր կարծիքով, հազիվ թե առաջին անգամ «Հյուսիսափայլին»  նամակ  ուղարկած  մի  թղթակից  հորջորջվեր  Նազարյանի ընկեր եւ նրա հետ մեկտեղ ենթարկվեր Զ. Մսերյանի անողոք քննադատությանը:

Երկրորդ հոդվածում Զ. Մսերյանը, որ մի քանի ամիս ժամանակ էր ունեցել ուսումնասիրելու խնդիրը, արդեն որոշակիորեն խոսում է երրորդ անձնավորության մասին, բացառելով Նազարյանի եւ Վարշամյանցի` «Նամակի» հեղինակ լինելու հնարավորությունը: Այսպես, նա գրում է. «Նախընթաց հոդվածիս մեջ ցույց տվեցի ես պ. Վարշամյանց, քո` կամ քո անունով ստորագրված` մեզ եւ բազմաց հայտնի հեղինակի /39/ իսկական կամքը եւ նպատակը» [17]: Նույն նամակի այլեւայլ հատվածներում դարձյալ դիմելով Վարշամյանցին, նա նշում է. «Աստված կյանք եւ կարողություն տա ձեզ, պ. Վարշամյանց, եւ ձեզ պ. թա՛գ կացած հեղինակ», կամ «պ. Վարշամյանցը եւ նորա քարտուղար հեղինակը», «պ. Վարշամյանցը եւ նորա թագ կացած ընկերը» (ընդգծումները մերն են Մ. Մ. ):

Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ «Հյուսիսափայլի» շրջանակի գործիչների թվում այդ օրերին Նալբանդյանից բացի չկար մեկը որին  «Ճռաքաղի»  խմբագրությունը  «մեծարեր»  «բազմաց հայտնի հեղինակ» անվանումով, ապա պարզ կդառնան Զ. Մսերյանի ակնարկները` նամակի «թագ կացած հեղինակի» հասցեին:

Զ. Մսերյանն ապրում էր Մոսկվայում եւ ակնդետ հետեւում «Հյուսիսափայլի» խմբագրության քայլերին: «Մեղու Հայաստանի» թերթում տպագրված նրա հոդվածում սպրդել են արտահայտություններ, որոնցից պարզվում է, որ Մսերյանները զանազան ճանապարհներով տեղեկություններ էին ձեռք բերում «Հյուսիսափայլի» խմբագրության ներքին գործերի վերաբերյալ [18]: Զ. Մսերյանը հազիվ թե սխալվեր Վարշամյանցի ստորագրությունը կրող «Նամակի» հեղինակի ինքնությունը բացահայտելու հարցում, ուստի հարկ է, որ մենք չթերագնահատենք նրա կարծիքները:

Մեզ հետաքրքրող հարցի կապակցությամբ չենք կարող հաշվի չառնել եւ մեզ հասած ամենահավաստի վկայությունը` Դավիթ Ռոստոմյանցի  տված  բացատրությունը  Մսերյաններին որը  Ռ Նանումյանը սոսկ հիշատակել է` առանց անհրաժեշտ հետեւությունների հանգելու: Նա այն միտքն է հայտնում, թե «Նամակի» հեղինակը, Մ. Մսերյանի աշխարհաբար լեզուն քննադատելով հանդերձ, բարձր է գնահատում նրա վաստակը գրաբարի ասպարեզում. ինչպես գրում է Նանումյանը` Նալբանդյանը չէր կարող, «գլուխ խոնարհել եւ գովասանքի խոսքեր շռայլել այնպիսի հակառակորդի հասցեին, որի գործունեության նկատմամբ նա ուներ իր որոշակի բացասական կարծիքը» [19]: Ծանոթանանք «գնահատականի» այդ խոսքին: Ամենախիստ քննադատության ենթարկելով Մ. Մսերյանի աշխարհաբար լեզուն եւ առհասարակ «Ճռաքաղը» համարելով «եւ՛ գրաբարի, եւ՛ աշխարհաբարի ավերիչ», հոդվածագիրը վերջում ավելացնում է. «Թո՛ղ գերապատիվ մագիստրոսը ներե մեզ վեհանձնաբար, մեր կարծիքը հրապարակելու համար նրա աշխարհաբար լեզվի /40/ վերա: Մեք ոչ միայն  ոչինչ թշնամություն, ոչինչ ատելություն եւ նախանձ չունինք դեպի նա, այլ դորա հակառակ եւ սիրող ենք նորա գրաբար աշխատասիրութեններին» [20] (ընդգծումը մերն է Մ. Մ. ): Նալբանդյանը  «Հիշատակարանում»  սիրո  համանման զեղումներ  է շռայլում  «Հյուսիսափայլի»  երդվյալ  հակառակորդ, մանկավարժ Մովսես Իսահակյանի հասցեին, որին  Շահբեգը նույնիսկ պատրաստվում էր իր զավակների կնքահայրը դարձնել: «Նամակի» հեղինակը դիմում է նույն հնարանքին. հեգնական ձեւով «սեր է բացատրում» հակառակորդին… Բայց ահա, ինչպես եւ «Հիշատակարանում», հեղինակը կտրուկ շրջադարձ է կատարում: Եթե «Հիշատակարանում» նա հրաժարվում է Իսահակյանին  կնքահայր դարձնելու մտադրությունից, ապա «Նամակում»` Մսերյանին խորհուրդ է  տալիս «մեր սիրելի ազգի օգտի համար» հրաժարվել աշխարհաբարից եւ հին բարբառով օգուտ բերել «սուրբ եկեղեցւոյ Հայաստանեայց եւ  լուսածնունդ զավակաց նորին» [21]: Ի դեպ, վերջին արտահայտությունը փոխառված է «Ճռաքաղի» հայտարարությունից, որտեղ նշած էր, թե խմբագրությունն ամսաթերթի հրատարակությունը հանձն է առել «հատկապես ’ի փառս սուրբ եկեղեցւոյ Հայաստանեայց, եւ ’ի հոգեշահ զբոսանս լուսածնունդ զավակաց նորին»: Մեր կարծիքով, այս ամենը շատ հեռու է հակառակորդի հասցեին «գովասանական խոսք» լինելուց:

Ռ. Նանումյանի հաջորդ փաստարկն այն է, թե Վարշամյանցի նամակը թվագրված է 1860 թ. օգոստոսի 12-ով, հետեւապես, մինչ այն Մոսկվա հասներ, չէր կարող ընկնել Նալբանդյանի ձեռքը: Նրա կարծիքով, նամակը խմբագրել է Նազարյանը, դրան տալով «իր ընդհանուր շունչը եւ պոլեմիկական ինքնատիպ ոճը»: Ինչ վերաբերում է Նալբանդյանի  ստորագրությունը  կրող  տողատակի   ծանոթագրություններին,

ապա «պետք է ենթադրել, գրում է Նանումյանը, որ Նազարյանը հանդես է եկել նաեւ Կոմս Էմմանուելի անունից, քանի որ նամակը ուղղված է եղել նրան» [22]:

Նշենք, որ ամեն բանից առաջ, ամսաթիվը կարող էր մտացածին լինել: «Հյուսիսափայլի» պատմությունից մեզ հայտնի են փաստեր, երբ Նալբանդյանը, գտնվելով Մոսկվայում, ամսագրում տպագրված նամակի տակ, իբրեւ գրության վայր, նշել է Փարիզը եւ կամ գտնվելով Լոնդոնում, այն պատրանքն է ստեղծել, թե իբր նամակն ուղարկել է Բեռլինից: /41/ Երբեմն  հետ  ու  առաջ  է  տարել    ամսաթվերը   եւ   այլն:   Ամսաթիվն այս դեպքում ոչինչ չի ապացուցում: Կարեւորն այն հարցադրումն է, որն առաջադրել էր «Հյուսիսափայլի» խմբագրությունը` վերաշարադրելով Վարշամյանցի «Նամակը». այդ հարցադրումը կապված էր XIX դարի 60-ական  թթ ժամանակաշրջանի  հայ  իրականության  ամենակենսական հարցերից մեկի` գրական հայերենի զարգացման ուղիների պարզաբանման հետ:

1860 թ. հունիսին Մսերյանները տարածում են «Ճռաքաղի» հրատարակությունը վերսկսելու վերաբերյալ իրենց պաշտոնական ծանուցումը (ամսագիրը չէր հրատարակվում հունվարից), որի լեզուն առաջին առիթն է ընձեռում խոսելու «Ճռաքաղի» լեզվի «ավերիչ» հետեւանքների մասին: Երկրորդ պատճառը` ամսագիրն օգոստոսից-օգոստոս հրատարակելու գաղափարն էր: Համաձայն ընդունված կարգի` յուրաքանչյուր թերթ սկսում է հրատարակվել տարեսկզբից, բայց Մսերյանները վստահ չլինելով, որ կարող են անհրաժեշտ քանակությամբ բաժանորդներ ունենալ, ընտրում են «հարմար» մի ամիս, երբ հարեւան թերթերի մրցակցության «վտանգը» հասնում էր նվազագույնի:

Մեր  կարծիքով այս  օրերին հունիսի  16-ից  մինչեւ  հուլիսի  6-ը գտնվելով Մոսկվայում, Նալբանդյանը, Նազարյանի հետ մեկտեղ, նախապատրաստել է մի հոդված, որը պետք է ընթերցողներին կողմնորոշում տար «Ճռաքաղի» ուղղության եւ լեզվի վերաբերյալ: Այդ հոդվածի համար իբրեւ հիմք նրանք, հավանաբար, ընդունել են Վարշամյանցի` խմբագրությանն ուղարկած «Նամակը», որը փոխվել է անճանաչելի լինելու աստիճանի` թե՛  «բառերի», թե՛  «իմաստի» առումով, ինչպես վկայում է Ռոստոմյանցը [23]: Ամսաթիվը նույնպես փոխվել է այն դիտավորությամբ, հավանաբար, որ Նալբանդյանի` նամակի հետ առնչություն ունենալու ենթադրությունն անհավանական թվա (նա հուլիսի 6ին պետք է մեկներ Մոսկվայից): Բայց եթե մի պահ ընդունենք, որ նամակը գրել է Վարշամյանցն օգոստոսի 12-ին, ապա այն հազիվ թե Մոսկվա հասներ, ուսումնասիրվեր տեղում եւ Նազարյանի ծավալուն ծանոթագրություններով տպագրության պատրաստվեր ամսագրի 11-րդ համարում: Չէ՞ որ այդ համարի նյութերը Պետերբուրգում գրաքննության կողմից տպագրության էին թույլատրվել սեպտեմբերի 6-ին, իսկ դատելով Ռոստոմյանցի նամակի «անցած ճանապարհից» (դեկտեմբե/42/րի 23-ի թվակիր նամակը Մոսկվա    էր հասել հունվարի 17-ին), լավագույն դեպքում այն կարող էր Մոսկվա հասած լինել օգոստոսի վերջերին:

Ինչ վերաբերում է Ռ. Նանումյանի այն դիտողությանը, թե Վարշամյանցի նամակում արծարծված խնդիրը «ոչ մի կապ չուներ աշխարհաբարի մասին Նալբանդյանի ունեցած պատկերացումների եւ մշակած սկզբունքների հետ», ապա, կարծում ենք, որ այդ եզրակացությունը շտապողականության կնիք է կրում: Նալբանդյանի լեզվական հայացքները, նրա ասույթները եւ այդ հարցին նվիրված հոդվածներն իրենցից ներկայացնում են լեզվաբանական մի բարդ համակարգ, որի քննությունը մասնագիտական առավել լուրջ պայմաններ է ենթադրում:

Այսպես, Սարգիս Վարշամյանցի նամակը ծրագրային մի փաստաթուղթ  է որով  «Հյուսիսափայլի»  խմբագրությունը  լուծում  էր  երկու հարց: Նախ իսկապես բարոյական պատասխանատվություն կրելով ժամանակի  հայ  պարբերականների  լեզվի  համար, խմբագրությունը բացահայտում էր «Ճռաքաղի» խմբագիրների լեզվական քաղաքականության սնանկությունը: Բանն այն էր, որ աշխարհիկ գրական լեզուն նոր էր միայն կազմավորվում, եւ «Հյուսիսափայլի» գործիչները խիստ զգայուն էին այդ լեզվի նկատմամբ ցուցաբերվող անփութությունների հանդեպ: Այս առումով լուրջ տագնապների տեղիք էր տալիս «Ճռաքաղի» ծանուցման լեզուն, որն իբրեւ ամսագրի լեզու, կարող էր անուղղելի դեր կատարել «Հյուսիսափայլի» լեզվական ձեռքբերումները վտանգելու գործում [24]:

Երկրորդ խնդիրը «Հյուսիսափայլի» դիրքորոշման պարզաբանումն էր գրական լեզվի զարգացման հարցում: Այստեղ է, որ հարցի քննարկմանը միջամտում է լեզվաբանական լուրջ գիտելիքների տեր Նազարյանը, որը տողատակի ծանոթագրությունների ձեւով մի ամբողջ գիտական տրակտատ է հրամցնում ընթերցողին: Սակայն, քանի որ այս նամակում  քննարկվում  էին  այնպիսի  ծանրակշիռ խնդիրներ ինչպիսիք էին գրաբարի եւ աշխարհաբարի հնության եւ ապրած բարեշրջման, XIX դարում գրաբարի եւ աշխարհաբարի փոխհարաբերության եւ դրանց ունեցած  կշռի աշխարհիկ  գրական  լեզվի  զարգացման  ուղիների /43/ ճշգրտման     հարցերը,     ապա  առաջին հայ լուսավորիչների եւ լեզվաշինարարների հայացքները նույնպես ամբողջությամբ չէին համընկնում Դա  միանգամայն  օրինաչափ  երեւույթ  է  եւ  պատմական դարաշրջանի  ոգու  արտահայտությունը Խնդրի  լուծման  ուղիներն այնքան բարդ էին ու հակասական, որ Նազարյանի եւ Նալբանդյանի հայացքները չէին կարող համահունչ լինել: Պետք չէ նաեւ մոռանալ, որ նրանց քննության առարկան մի խնդիր էր, որը հետագա տասնամյակներում եւս, ընդհուպ մինչեւ մեր օրերը, մնացել է լեզվաբանների ուշադրության կենտրոնում եւ առիթ տվել բազմաթիվ վեճերի:

Այսպիսով, մեր համոզմամբ, «Հյուսիսափայլի» թղթակից Վարշամյանցը հազիվ թե համարձակություն ունենար հրապարակային պայքարի ասպարեզն իջնելու իբրեւ լեզվի զարգացման հարցում որոշակի կազմակերպված տեսակետի պաշտպան եւ հակառակ թեւի տեսակետները  մերժող  կողմ Մենք  գտնում  ենք որ  Վարշամյանցի  նամակը գրված է բանավիճային այնպիսի ցայտուն ձեռագրով, նոր զարգացող աշխարհաբարի դատի պաշտպանության այնպիսի նպատակասլացությամբ եւ կրքով, որ հազիվ թե դրա հեղինակը լիներ թեկուզ եւ առաջադիմական հայացքների տեր ու զարգացած մի անձնավորություն, ինչպիսին էր «Հյուսիսափայլի» Բաքվի թղթակիցը:

Սակայն, հարկ է ավելացնել, որ նամակը թեեւ պատկանում է Նալբանդյանի  գրչին բայց  Նազարյանի  ծանոթագրություններն այնպիսի գիտական արժեք ու ծավալ ունեն (բուն բնագրին ոչնչով չզիջող), որ նամակն ամենայն իրավամբ ձեռք է բերում երկու հեղինակի համատեղ աշխատանքի նշանակություն:

Ինչպես  արդեն  առիթ  ունեցանք  նշելու ձեռքի  տակ  ունենալով առաջին հիմքը` Վարշամյանցի «Նամակը», «Հյուսիսափայլի» խմբագիրը  եւ  գլխավոր  աշխատակիցը  հնարավորություն  են  ստացել  իրենց ելույթը քողարկելու դրա հեղինակի անվան ներքո` ստեղծելու համար այն պատրանքը, թե ժամանակի հրատապ հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը` «Հյուսիսափայլի» դիրքերից մասնակցում էին նաեւ ժամանակի մտավորականության այլ ներկայացուցիչներ:


 



[1]     . Պ. Նանումյան, Մի կարևոր փաստի վերականգնում. «Պատմա-բանասիրական հանդես» (այսուհետև` «ՊԲՀ»), 1964, թիվ 3, էջ 187-195]

[2]     [«Նամակ»  (ստացված  Բաքվից  «Հյուսիսափայլի» անունով) Փայտակարան. 1860 թվականի օգոստոսի 12-ին. «Հյուսիսափայլ», 1860, թիվ 11, էջ 384-396: ]

[3]     Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. II, էջ 296-301:

[4]     Նույն տեղում, էջ 434:

[5]     «Մեղու Հայաստանի», 1860, թիվ 36, էջ 288:

[6]     Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. II, էջ 296:

[7]     [Յիշատակարան կենաց եւ գործոց Մեծանուն պայազատաց Լազարեան տոհմի: Շարադրեալ ’ի Մսերայ մագիստրոսէ և ասպետէ Գրիգորեան Մսերեանց, Մոսկուա, 1856, էջ X: ]

[8] «Ճռաքաղ», 1860, թիվ 9, էջ 143:

[9]     Նույն տեղում, 1861, թիվ 13:

[10]   Նույն տեղում, թիվ 20, էջ 331:

[11]   Նույն տեղում, թիվ 15, էջ 253:

[12]   Ռ. Պ. Նանումյան, նշվ. աշխ., էջ 195:

[13]   «Ճռաքաղ», 1861, թիվ 13, էջ 218:

[14]   Հմմտ. Միքայել  Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ II էջ  296; նույնի` Հիշատակարան…, նույն տեղում, հ. I, էջ 386:

[15]   Մ. Հ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958, էջ 53:

[16]   «Ճռաքաղ», 1861, թիվ 13, էջ 218:

[17]   Նույն տեղում, թիվ 22, էջ 358:

[18]   Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1860, թիվ 17, 32:

[19]   Ռ. Պ. Նանումյան, նշվ. աշխ., էջ 189:

[20]   «Հյուսիսափայլ», 1860, թիվ 11, էջ 396:

[21]   Նույն տեղում:

[22]   Ռ. Պ. Նանումյան, նշվ. աշխ., էջ 195:

[23] Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ Ռոստոմյանցը, գրելով հանդերձ, թե տպագրված «Նամակը» Վարշամյանցին չի պատկանում, չի նշել, թե վերջինս առհասարակ «Հյուսիսափայլին» նամակ չի հղել: Նա սոսկ արձանագրել է կատարված փաստը. նամակի բառերը և իմաստը Վարշամյանցինը չեն:

[24]   Ահա մի հատված Մսերյանների տարածած` Վարշամյանցի «Նամակում» հղված ծանուցումից, որի լեզուն, նամակագրի արտահայտությամբ, «ոչ գրաբար է, ոչ աշ խարհաբար, այլ մի ինքնահնար, անկանոն լեզու». «’Ի նոյեմբեր ամսեան անցեալ 1859 ամի, մեք ծանուցած էաք` թէ «Ճռաքաղ» բանասիրական ամսագրի տպագրութիւնն առժամանակ մի ’ի յունուար ամսոյ ներկայ տարւոյս պիտի դադարի, և թէ զկնի քանի մի ամսոց ’ի սկսանիլ կրկին անգամ հրատարակութեան նորին, ունիմք առանձին Յայտարարութեամբ ծանուցանել մեր ամենասիրելի Համազգեաց»: