Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼԸ»  ԵՎ «ՄԵՂՈՒՆ»

/107/ XIX դարի 60-ական թվականների հայ մամուլի հիշարժան էջերից է «Հյուսիսափայլ» եւ «Մեղու» պարբերականների բարեկամության պատմությունը: Դժվար է նշել մեկ այլ օրինակ, երբ այդ ժամանակաշրջանի երկու այլ թերթերի խմբագրությունները կապված լինեին գաղափարական եւ ստեղծագործական նման կապերով: Եվ դա հասկանալի է: 60-ական թվականների բուռն ժամանակաշրջանն ազգային կյանքի վերելքի, քաղաքական զարթոնքի եւ ազգային ազատագրական շարժումների լայն ուղիներ էր հարթել երկու հատվածների հայության առջեւ: «Հյուսիսափայլը» եւ «Մեղուն»` ժամանակի լուսավորական դեմոկրատական այդ պարբերականները, ամբողջ պատասխանատվությամբ ղեկավարում էին հայ դեմոկրատական միտքը եւ միաժամանակ, ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման առավել բանական ուղիներ որոնում:

1860 եւ 1861 թթ. այցելելով Կ. Պոլիս եւ կապվելով տեղի առաջավոր մտավորականության  հետ Նալբանդյանը  գործնական  հողի  վրա  է դնում արեւելահայ եւ արեւմտահայ հատվածների ազգային-ազատագրական շարժումների նախապատրաստման ծրագիրը եւ ստեղծագործական կապեր հաստատում «Հյուսիսափայլի» եւ «Մեղուի» խմբագրությունների միջեւ:

Հարություն Սվաճյանը, որը մինչ Նալբանդյանի հետ անձնական բարեկամություն հաստատելը, հետեւում էր «Հյուսիսափայլի» ընթացքին, 1860 թվականից ստանձնում է այդ ամսագրի գործակալի պարտականությունները եւ ամեն կերպ նպաստում դրա բաժանորդագրության կազմակերպմանը: Այնուհետեւ մինչեւ ամսագրի դադարելը, նա Նազարյանի հանդեսի ճակատագրի նկատմամբ դրսեւորում է ամենազգայուն վերաբերմունքը եւ իր ընթերցողներին մշտապես իրազեկում «Հյուսիսափայլի» հրատարակության գործերին:

Մասնավորապես, 1864 թ., երբ մեկամյա դադարից հետո «Հյուսիսափայլը» սկսում է վերահրատարակվել, Սվաճյանը մեծ ուրախությամբ հայտնում է այդ լուրը, նշելով նաեւ, որ Նալբանդյանը նույնպես` Պետրոպավլովյան ամրոցից պետք է աշխատակցի ամսագրին:

/108/ 1860 թ. սկզբից Սվաճյանը    «Մեղու»  հանդեսում  սկսում  է տպագրել Նալբանդյանի եւ «հյուսիսափայլյան» այլ գործիչների ստեղծագործությունները, որոնց միջոցով նա շատ ավելի դիպուկ էր դարձնում  իր  ծավալած  քաղաքական  պայքարը  եւ  ամբողջական` արեւմտահայ ժողովրդական խավերի բարոյական դաստիարակության գործը:

Կ. Պոլսում գտնված օրերին Նալբանդյանը տեղի հայ հասարակությանը հուզող հարցերի առիթով գրում է «Հրաշափառ խայտառակություն», «Նամակ «Մեղուի» խմբագրին» եւ «Ազգային թատրոն Պոլսի մեջ» հոդվածները, որոնք տպագրվելով «Մեղուի» էջերում` ուղղություն էին տալիս արեւմտահայ դեմոկրատիայի գործունեությանը:

1862 թ. Սվաճյանը «Հյուսիսափայլից» արտատպում է Նալբանդյանի հայտարարությունը` Հայաստանի աշխարհագրական քարտեզի տպագրության մասին: 1861-1864 թթ. «Մեղու» հանդեսում նա զետեղում է Նալբանդյանի եւս երեք անստորագիր հոդվածները` նվիրված Գ. Այվազովսկու գործունեության այլեւայլ կողմերին: Խիստ հատկաշական է, որ այդ հոդվածների հետ միաժամանակ եւ դրանց ոգով «Մեղուի» խմբագիրը տպագրում է բազմաթիվ այլ թղթակցություններ, նամակներ, բանավիճային հոդվածներ, որոնցով վերջնականապես մերկացնում է

Այվազովսկու եւ Չամուռճյանի գործունեությունը, օժանդակում` հայ հետադիմական հոսանքի գործիչների դեմ Նալբանդյանի վարած պայքարին:

Սվաճյանը մեծ համակրանքով է արտահայտվել Նազարյանի` 60-ական թվականների հայ խոշոր լուսավորչի մասին, նրան համարել հայ ազգի հազվագյուտ անդամներից մեկը, բարձր գնահատել «Հյուսիսափայլի» խմբագրի ժուռնալիստական տաղանդը, հայրենասիրությունն ու ճշմարտասիրությունը: Մեկ անգամ չէ նա անդրադարձել Նազարյանի անձնուրաց  գործունեությանը խոսել  Նազարյան-խմբագրին  վիճակված տառապանքների մասին, որ համարել է նաեւ իր տառապանքները:

«Մեղուի» խմբագիրն ըստ արժանվույն գնահատել է նաեւ Նազարյանի գրական վաստակը, արտատպություններ կատարել նրա հոդվածներից  («Հայոց  ազգի  լուսավորության  կամ  սուրբ  թարգմանիչների դարը», «Ճշմարտություն»): Սվաճյանն ուշադրություն է նվիրել եւ «Հյուսիսափայլի» այլ հեղինակների հոդվածներին: 1861 թ. նա արտատպել է Մ. Միանսարյանի «Մտածությունք հրապարակախոսության վերա» հոդվածը, որում վերհանվում էին հրապարակախոսության` իբրեւ ժողովրդի  հասարակական-քաղաքական  կյանքի  առաջընթացի  հզոր գործոններից  մեկի  առանձնահատկությունները 1864  թ «Մեղուի»  /109/ էջերում      տպագրվում      է      Գ. Թովմասյանցի «Ընտանեկան դաստիարակության կշիռը եւ խնդիրը» մանկավարժական հոդվածը:

Սվաճյանը 1861-1864 թթ. «Հյուսիսափայլից» արտատպել է նաեւ մի շարք բանաստեղծություններ, որոնցով հարստացրել է իր հանդեսի համապատասխան բաժինը: Այսպես, Սմբատ Շահազիզից նա ընտրել է մի քնարական բանաստեղծությւն եւ «Ազգային վիճակ» բանաստեղծությունը, որը գրված է Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության ակնհայտ ազդեցությամբ: Այն` ժամանակի քաղաքացիական հայ պոեզիայի լավագույն արտահայտություններից էր, տոգորված լույսի ճշմարտության, բանականության հաղթանակի խորին հավատով, ազգի եւ հայրենիքի դառն վիճակի բարելավման` բանաստեղծի անդրդրվելի կամքով:

Սվաճյանի` իբրեւ հասարակական եւ քաղաքական գործչի, հրապարակախոսի գործունեության սպառիչ գնահատականը «Հյուսիսափայլի» էջերում տրված է Նալբանդյանի` 1864 թ. Պետրոպավլովյան ամրոցում    գրած    «Ազգային    թշվառություն»    ուսումնասիրության [1]      եւ  «Ուղերձ» [2] բանաստեղծության մեջ: Նալբանդյանը մեծ ջերմությամբ եւ ամբողջ խորությամբ գնահատել է արեւմտահայ իր զինակցի ժողովրդանվեր   գործունեությունը   եւ   ընդգծել   «Մեղու»   հանդեսի  անգնահատելի դերն արեւմտահայ դեմոկրատական շարժման մեջ:



[1]     [Միքայել Նալբանդյան, Ազգային թշվառություն. Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հ. 5, էջ 288-302: ]

[2]     [Միքայել Նալբանդյան, Ուղերձ. Միքայել Նալբանդյան, ԵԼԺ, հ. 1, էջ 119: ]