Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹԱԴԵՎՈՍ ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆԻ «ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԳՐԱՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

/119/ «Հայկական տպագրությունը եւ ցարական գրաքննությունը» մեծարժեք  մենագրության  մեջ  գրելով  Միքայել  Նալբանդյանի  ժառանգության գրաքննական հետապնդողների մասին` Սալոմե Արեշյանը Սանկտ Պետերբուրգի Պետական պատմական արխիվի նյութերի հիման վրա մատնանշում է նաեւ Թադեւոս Ավդալբեգյանի «Միքայել Նալբանդյան» աշխատության բռնագրավման փաստը` 1913 թվականին [1]:

Թբիլիսիի Կենտրոնական պետական արխիվում մեզ հաջողվեց ծանոթանալ Թադեւոս Ավդալբեգյանի «Միքայել Նալբանդյան» աշխատության գրաքննության ամբողջական պատմությանը, որը եթե մի կողմից բնութագրում է ռուսական առաջին հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիների գրաքննական ահաբեկման պատկերը երկրում, մյուս կողմից բացահայտում է հայ ականավոր տնտեսագետ Թ. Ավդալբեգյանի կյանքի հետաքրքրական էջերից մեկը:

1913 թ. սկզբին Էջմիածնում տպագրվում է հայ երիտասարդ գիտնական, մանկավարժ Ավդալբեգյանի «Միքայել Նալբանդյան. պատմական-գրական վերլուծություն» աշխատությունը: Գրքի առաջաբանում հեղինակը նշում է, որ ինքը դեռեւս 1910 թ. ծրագրած է եղել հայ ընթերցողներին հասու դարձնել այն գաղափարներին, որոնք արծարծված են Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ Սակայն, երբ Ավդալբեգյանին հայտնի է դառնում, որ այդ օրերին տպագրվում են Նալբանդյանին նվիրված երկու այլ հեղինակների աշխատությունները, նա ավելորդ է համարում «հայոց գրական նեղ հրապարակը  դուրս  բերել մի  նոր նույնպիսի մտքեր ամփոփող գրվածք» [2]: Միայն այն բանից հետո, երբ Ավդալբեգյանը ծանոթանում է այդ ուսումնասիրություններին եւ հավաստիանում, որ չի կրկնում մյուս հեղինակներին, ինչպես նաեւ չկարողանալով դիմադրել իր բուռն ցանկությանը, այն է` հարգել հայ Գրակքոսի նվիրական հիշատակը, նրա /120/ գլխավոր երկերի հրատարակության հիսնամյակի (1862-1912)   առիթով   տպագրում   է   իր   գիրքը:   Աշխատությունն ավարտվում է հետեւյալ տողերով. «Օտարներից ու բարբարոսներից, այլեւ յուր հարուստներից ու հոգեւորներից հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ ու քաղցած հայը երբեք չի մոռանա Կամիշինի նահատակին, որը թեեւ վաղ մեռավ, բայց երկար ապրելու է նրանց սրտում, որոնք երկրպագում են ժողովրդի բարօրության վսեմ իդեալին» [3]:

1913 թ. մարտի 28-ին ստանալով գրքի 14 պարտադիր օրինակները` մամուլի գործերի Թիֆլիսի կոմիտեի նախագահը տագնապ է բարձրացնում, քանի որ այդ ժամանակ Պետերբուրգի գրաքննությունը Նալբանդյանի երկերը կրկին առել էր արգելքի տակ: Կոմիտեի նախագահն Էջմիածնի գավառապետին հեռագրով կարգադրում է Մայր աթոռի տպարանից բռնագրավել Ավդալբեգյանի գրքի բոլոր վեց հարյուր օրինակները: Հեռագրի հետ մեկտեղ, նա համապատասխան գրությամբ դիմելով Թիֆլիսի դատական պալատի դատախազին` զեկուցում է տեղի ունեցածի մասին եւ խնդրում հաստատել տալ իր վճիռը: Կոմիտեի նախագահը, ի դեպ, գրում է. «Հեղինակը իր գիրքը կոչել է Մ. Նալբանդյանի 1862 թվականին Փարիզում հրատարակված «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության պատմագրական վերլուծություն: Այդ վերլուծության մեջ հեղինակը հակիրճ կերպով լուսաբանում է հողի մասնավոր սեփականության մասին այն ծայրահեղ վնասակար գաղափարների հիմնական դրույթները, որոնք ընկած են Միքայել Նալբանդյանի աշխատության հիմքում»:

Ապրիլի 25-ին Թիֆլիսի դատական պալատի նիստում լսվում է դատախազի  հայցը`  Ավդալբեգյանի  գրքի  տպաքանակի  բռնագրավման գործը  հաստատելու  մասին Որոշվում  է «Հաշվի  առնելով որ  այդ գրքույկը դատողություններ է պարունակում պետության մեջ գոյություն ունեցող հասարակական կարգերի տապալման վերաբերյալ, եւ որ դրա տարածման մեջ մեղադրվողները պատասխանատվության կկանչվեին 129-րդ հոդվածի առաջին բաժնի երկրորդ կետով, տպաքանակի բռնագրավումը հաստատել»:

Այնուհետեւ սկսվում է գաղտնի գրագրությունների տենդագին մի հոսք` մի կողմից կոմիտեի եւ դատախազի, մյուս կողմից կոմիտեի եւ գավառական վարչությունների միջեւ: Այսպես, Ավդալբեգյանի դեմ դատական գործ հարուցելու համար, դատախազի պահանջով, մամուլի գոր/121/ծերի   կոմիտեի   նախագահը   մի      գրությամբ                     Էջմիածնի գավառապետից պահանջում է ուղարկել «Միքայել Նալբանդյան» գրքի հեղինակի ստույգ հասցեն, ինչպես եւ տվյալներ` նրա տարիքի, կոչման, դավանանքի մասին: Էջմիածնի գավառապետը հայտնում է, թե քանի որ Մեծ Ղարաքիլիսա գյուղը, որի ծխական դպրոցում աշխատում է Ավդալբեգյանը, ընդգրկված է Ալեքսանդրապոլի գավառական վարչության տարածքում, իրեն չի հաջողվել ձեռք բերել պահանջված տեղեկությունները: Դիմում` Ալեքսանդրապոլի գավառապետին: Նա շտապում է պատասխանել, թե Ավդալբեգյանը մեկնել է Թիֆլիս` բուժվելու: Տեղում սկսված որոնումները Թիֆլիսի ոստիկանության ներկայացուցիչներին հասցնում են Արամյան հիվանդանոց: Պրիստավը գաղտնի գրությամբ զեկուցում է կոմիտեի նախագահին, թե Ավդալբեգյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ մեկնել անհայտ ուղղությամբ:

Կրկին շտապ գրություն Ալեքսանդրապոլի գավառապետին: Վերջինս մամուլի գործերի կոմիտեին է ուղարկում Ավդալբեգյանի եղբոր` Խաչատուրի ձեռքով գրված հետեւյալ տեղեկանքը. «Թադեւոս Ավդալբեգյանը 27 տարեկան է, գյուղացու որդի, հայ լուսավորչական, պարսկահպատակ: Գտնվում է Մակուի խանության Քիշմիշ Թափա գյուղում եւ կվերադառնա ոչ շուտ` մեկ ամսից»:

Տվյալները հունիսի 20-ին ուղարկվում են դատախազին: Նրա պահանջով կոմիտեի նախագահը նոր հարցում է ուղարկում. Պարսկաստանից  վերադառնալուց  հետո  որտե՞ղ  պետք  է  բնակվի  Ավդալբեգյանը Այս  հարցմանն  ի  պատասխան` Խաչատուրը գրում է. «Իմ եղբայր Թադեւոս Ավդալբեգյանը Պարսկաստանից վերադառնալուց հետո պետք է բնակվի Սուրմալուիի գավառի Իգդիր քաղաքում»:

Պարզվում է, սակայն, որ ինչ-որ ճանապարհով տեղեկանալով սկսված   ոստիկանական   հետապնդումների   մասին,   Ավդալբեգյանը դրանցից խույս տալով անցնում է Պարսկաստան եւ այլեւս չի վերադառնում: Նա մի քանի տարի ապրում է այնտեղ եւ երբեմն միայն, շատ կարճ ժամանակով, այցելելով Իգդիրում գտնվող ընտանիքին, կրկին վերադառնում է քաղաքական վտարանդիի իր կարգավիճակին: Ավդալբեգյանի «Գործը» թեեւ ընթացք չի ստանում, բայց եւ չի փակվում: Հավանաբար, դատախազը հույսը չէր կտրում այն հեռանկարից, թե օրերից մի օր կկարողանա կիսատ մնացած «Գործն» ավարտել` ըստ իր հայեցողության:

Սակայն կատարվում  է  անսպասելին Վրա  է  հասնում Փետրվարյան հեղափոխությանը նախորդած շիկացած ժամանակաշրջանը Հայ  հեղափոխական  երիտասարդությունը կրկին  սկսում է /122/ ընթերցել Նալբանդյանի ստեղծագործությունները` արդեն անարգել:   1916   թ.   սեպտեմբերին   Թիֆլիսի   դատական   պալատի դատախազը հարցում է ուղարկում մամուլի գործերի կոմիտեի նախագահին, թե  ճշմարի՞տ է արդյոք, որ Նալբանդյանի աշխատություններն ազատ շրջանառության մեջ են, եւ թե չի՞ փորձել Ավդալբեգյանն  իր  գիրքը  որոշ  կրճատումներով  կրկին  տպագրել: Վերջին հարցին բացասական պատասխան տալով` կոմիտեի նախագահը  նշում  է  նաեւ որ  Թիֆլիսի  կոմիտեն  չի  արտոնել  Նալբանդյանի երկերը շրջանառության մեջ մտցնել:

Այնուհետեւ Փետրվարյան հեղափոխությունից հետո, 1917 թ. մարտի 28-ին, արդեն քաղաքական նոր իրադրության պայմաններում, դատական պալատը հերթական նիստում անդրադառնալով Ավդալբեգյանի 1913 թ. «Գործին», այն փակում է նոր ձեւով: Որոշվում է Թադեւոս Ավդալբեգյանի  «Միքայել  Նալբանդյան»  գրքի  վրա  դրված  կալանքը վերացնել  եւ  բռնագրավված  օրինակները  վերադարձնել  Էջմիածնի տպարանին:

1917 թ. ապրիլի 17-ի գրությամբ կոմիտեի նախագահը հայտնում է Էջմիածնի գավառի կոմիսարին, որ «Միքայել Նալբանդյան» գրքի կալանքը  վերացնելու  կապակցությամբ  կոմիսարիատում  պահվող  այդ գրքի 585 օրինակները պետք է վերադարձվեն տպարանին` հեղինակին հանձնելու  համար  (600-ից  14  օրինակ  գտնվում  էր  Թիֆլիսի  կոմիտեում, իսկ մեկը ժամանակին տպարանից վերցրել էր հեղինակը): Հենց այդ օրերին Թադեւոս Ավդալբեգյանը վերադառնում է Հայաստան:



[1]     . Т. Арешян, Армянакая печать и царская цензура, Ереван, 1957, с. 371. ]

[2]     . Ավդալբեգյան, Միքայել Նալբանդյան. պատմական-գրական վերլուծություն, Վաղարշապատ, 1913, էջ Բ: ]

[3]     [Նույն տեղում, էջ 109: ]