Նալբանդյանագիտության հարցեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԵԳԶԱԴԵԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

/110/ Հայ հրապարակախոսական գրականության փայլուն էջերից է Միքայել Նալբանդյանի «Հիշատակարան. Կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» ստեղծագործությունը, որը շարունակաբար տպագրվել է «Հյուսիսափայլ» ամսագրում 1858-1860 թթ.:

XIX դարի 60-ական թվականների լուսավորական շարժման բուռն հորձանուտում Նալբանդյանն այդ ստեղծագործության էջերում քննարկում էր հայ հասարակության առաջընթացի հետ կապված ամենահրատապ խնդիրները: Լուսավորության, բանականության եւ ազատության հաղթանակի համար պայքարի ելած մարտիկն անվարան խորտակում էր կրոնական վարդապետությունների, մոլեռանդության ու նախապաշարումների կուռքերը, անխնա մերկացնում ազգային կյանքում առկա արատներն ու խոցերը, խարազանում հետադիմական գործիչների ժամանակավրեպ  գաղափարները հայ  վաճառականների  գիշատչական գործելակերպը, հոգեւորականության շահատակությունները:

Ժամանակի եւ հետագա տասնամյակների հայ ընթերցողների ամենասիրելի այս երկը, սակայն, որքան էլ վերհանված հարցերով հասկանալի էր ընթերցողին եւ սրտամոտ, ինչ-որ, թեեւ շատ փոքր հատվածներում, մնում էր, այնուամենայնիվ, առեղծվածային: Խոսքը վերաբերում է դրանում տեղ գտած այլաբանական հատվածներին (մանրապատումներ երկխոսություններ երգիծական  պատկերներ  եւ  այլն) որոնք բոլորը չէ, որ առ այսօր վերծանվել են եւ մեկնաբանվել:

Նալբանդյանի` ժամանակին հսկայական աղմուկ հարուցած այս ստեղծագործության դեռեւս չբացահայտված էջերից առավել հետաքրքրություն է ներկայացնում հայ վաճառական Բեգզադեի երգիծական կերպարը, որը հանդես է գալիս «Հիշատակարանի» 4-րդ, 7-րդ, 8րդ եւ 12-րդ գլուխներում: Բեգզադեն պարսավելի վարքագծի տեր մի անձնավորություն է, որին Նալբանդյանը որակում է որպես «մարդկային նախատինք» եւ պայքարը նրա դեմ համարում անհետաձգելի: Իր ժողովրդի պատվի նախանձախնդրությամբ` Նալբանդյանն այն միտքն է հայտնում, որ եթե նման մարդկանց գործերը «նյութ չլինին հրապա/111/րակախոսության, եթե այդպիսի     անքրիստոնյա եւ անբարոյական մարդիկ   դպրության   ձեռքով   չպատուհասվին, բանականությունը, արդարությունը մեզ` գրողներիս կդատապարտե»:

Գրական այս կերպարի ստեղծման հենքի, դրա նախատիպի պատմականության վերաբերյալ հայ բանասիրության մեջ հայտնվել են տարբեր կարծիքներ: Այսպես, Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական առաջին հրատարակության ծանոթագրություններում  այն  տեսակետն  է  առաջադրվել թե  Բեգզադե  «անունը, անշուշտ, մտացածին է», «հավաքական մի տիպ, որի մեջ ընթերցողները կարող էին տեսնել իրենց ճանաչած կենդանի մարդկանց. դա ժամանակի բացասական տիպի գեղարվեստական ընդհանրացումն է» [1]:

Նալբանդյանի Երկերի երկհատորյակի ռուսերեն հրատարակության ծանոթագրություններում Նալբանդյանագետ Խ. Սարգսյանը պարոն Խ. առիթով գրել է. «Այս գործող անձին կոչելով «Պարոն Խ. », հայտնի չէ, թե Նալբանդյանն արդյոք նկատի է ունեցել իր ժամանակակիցներից  որեւէ  մեկին Ամենահավանականն  այն  է որ պարոն  Խ.   «Հիշատակարանի»  գլխավոր  գործող  անձերից  մեկի` Բեգզադեի սկզբնական անվանումն է, որի կերպարը լայնորեն ցույց է տրված 4-րդ եւ հատկապես 12-րդ գլուխներում» [2]:

Ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանն այս առիթով նշել է. «Թերեւս իրական նախատիպ ունեցող, բայց որոշակի տիպականացման հասցված այս կերպարը իր մեջ խտացնում է այն ողջ վատթարը, ինչ, Նալբանդյանի պատկերացմամբ, ուներ ազգային բուրժուազիան: Ընչաքաղցությունը, հոգու դաժանությունն ու նենգությունը, բութ ինքնավստահությունը իր ուժի նկատմամբ… նրան դարձնում են որոշակի սոցիալական միջավայրի եւ հոգեբանության հարազատ արտացոլում» [3]:

Դեռեւս 1958 թ. «Հյուսիսափայլ» ամսագիրը» մենագրության մեջ մենք հրապարակել ենք Զարմայր Մսերյանի մի հոդվածի սեւագրությունը  («Մասնավոր  դիտողությունք  ի  վերա  ընթացից  եւ  նպատակի «Հյուսիսափայլ» սօրագրի») [4], որից երեւում է, որ Բեգզադեն սոսկ հավաքական կերպար չէ, եւ որ նա ունեցել է իր նախատիպը: Այսպես, կոմս Էմմանուելի «Հիշատակարանը» Զ. Մսերյանը համարում է «չնչին եւ ան/112/շահ», որովհետեւ ըստ նրա` դրա էջերում  տեղ գտած այլաբանությունների իմաստը որեւէ մեկը չի կարող հասկանալ, «եթե գիտակցողներից մինն չբացատրե նմա` ասելով, թե այս բանս` այն ինչ մարդո վերա է գրված, եւ այն բանն` այս ինչ մարդո վերա: Ինչպես ես ինքս  եւս  ցորչափ  կոմսի  մերձավորներից  մինն  չէր  ինձ  հայտնած առանձնաբար`  չէի  հասկանում եւ  չէի  կարողանում  գուշակել թե Սխոլաստիկ ո՞վ է երազի մեջ, Մագիստրոս ո՞վ է, այն մարդն` որո վերա գրված է «Հայ մարդո հայրենիքը» վերնագրով ոտնավորն, ո՞վ է, թե Շամիլն ո՞վ է, թե Բեգզադեն ո՞վ է եւ այլն» [5]:

Քանի որ հիշատակված ծածկանունները բոլորը պատկանում էին ժամանակի գործիչներին ու քաղաքացիներին (Առաքել Արարատյան, Մսեր Մսերյան, Հովհաննես Անանյան, Գաբրիել Այվազովսկի), Բեգզադե անունը հազիվ թե բացառություն կազմեր: Այսպիսով, եթե երգիծական այդ կերպարի նախատիպի գոյության հարցը ինչ-որ չափով հաստատվում էր, ապա Բեգզադեի ինքնությունը ճշգրտելու ուղղությամբ կատարած մեր որոնումները չէին հանգեցնում որեւէ արդյունքի: Ի վերջո, այդ առեղծվածի լուծումը հնարավոր դարձավ «Հիշատակարանի» երկրորդ մի ծածկանվան` պարոն Խ. ինքնության վերծանման օգնությամբ:

Մ. Մսերյանը կաթողիկոսին հղած մի նամակի սեւագրության մեջ գանգատվում  է  «Հյուսիսափայլի»  խմբագրության  գործելակերպից, զայրույթ հայտնում այն բանի համար, որ հատկապես Նալբանդյանը հանդուգն արտահայտություններով եւ այլաբանական միջոցներով վիրավորում է ժամանակի պատվավոր քաղաքացիներին եւ բարձրաստիճան հոգեւորականներին: Այդ նամակում, ի դեպ, նա գրում է. «Խորթացեալն այն, ստահակ զաւակ Հայաստանի, ո՛չ միայն զազգ եւ զեկեղեցի մեր  նախատէ  ընդհանրապէս  ի  գրուածս  իւր այլեւ  թափի  անխնայ զմաղձ դառնութեան սրտի իւրոյ ի վերայ այնց անձանց` զորս համարի իւր հակառակորդս: Եւ այսպէս համարձակեցաւ նա պէսպէս այլաբանական գրուածովք յէջս Հիւսիսափայլին իւրոյ երգիծանել զարժանամեծար անձինս եկեղեցականաց մերոց եւ յաշխարհականաց, որ է` զՅ. Ս. Հոնանեանց, զՅ. Պ. Խալիպեանց, զՊ. Կ. Խալաթեանց, զԱ. Արարատեանց, զՍարգիս եպիսկոպոս Ջալալեանց, զորոյ եւ զանունն կամելով յայտնել վեցերորդ տետր, էջ 84) անդրադարձութեամբ տառից, ’ի մէջ բերէ, փոխանակ անունս Սարգիս` գրելով Գիրսաս» [6]:

Այս գրության մեջ Խալաթյան ազգանվան հիշատակությունը մեզ բերեց այն համոզման, որ «Հիշատակարանի» առաջին գլխի առաջին /113/ հատվածում       հանդես       եկող      պարոն Խ. ոչ այլ ոք է, եթե ոչ ինքը, Խալաթյանը: Ահա այդ հատվածը. «Այսօրյան օրագրությունս հարուստ է այն խոսակցությամբը, որ պատահեցավ իմ եւ պ. Խ. մեջ, որ ընդդեմ ամենայն քաղաքավարության եկել էր իմ մոտ գիշերազգեստով ( խալաթով (ընդգծումը մերն է. Մ. Մ. ) [7]:

Միքայել Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական նոր հրատարակության երրորդ հատորի ծանոթագրությունների հետ կապված հարցերով կրկին ու կրկին անդրադարձանք «Հիշատակարանի»  բնագրին  եւ  մեզ  ի  վերջո  հաջողվեց  գտնել  ԲԵԳԶԱԴԵ այլաբանության բանալին: «Հիշատակարանի» 12-րդ գլխում, որը նվիրված է հիմնականում Բեգզադեի յոթ հրաշալիքներին, Նալբանդյանը նկարագրելով իր հերոսի առաջին «սխրագործությունը», վերջում, կարծեք  հարեւանցիորեն ավելացնում  է «Այս  գործողութենից  հետո մի քանի մարդիկ տեսանում են Բեգզադեին, որ նա, քաղաքի նշանավոր փողոցի մեջ, յուր վաճառանոցի առաջեւ, օր ու ցերեկով գիշերազգեստը հագած ման է գալիս մի հրեայի հետ, աշխատելով խաբել, կամենալով մի մուշտակ գնել նորանից» (ընդգծումը մերն է Մ. Մ. ) [8]:

Ինչպես երեւում է, «Հիշատակարանի» առաջին գլխում Նալբանդյանն իր հերոսին` վաճառական Խալաթյանին ներկայացնելով ՊԱՐՈՆ Խ. ծածկանունով, հետագայում նրա գործունեության անսպառ «հնարավորությունների» հիման վրա ստեղծել է գրական ամբողջական մի կերպար, տալով նրան «ԲԵԳԶԱԴԵ» անունը: Տվյալ դեպքում Նալբանդյանը հետագա սերունդների համար թողել է եւ այդ ծածկանվան բանալին` ԳԻՇԵՐԱԶԳԵՍՏ-ԽԱԼԱԹ-ԽԱԼԱԹՅԱՆ եռաստիճան բառախաղը:

Այժմ արդեն, երբ համեմատում ենք «Հիշատակարանի» համապատասխան գլուխները, որտեղ հանդես են գալիս պարոն Խ. եւ Բեգզադեն, տեսանելի է դառնում այդ կերպարների մտավոր եւ հոգեկան ընդհանրությունը, առեւտրական գործարքների եւ գիշատչական գործառնությունների «ձեռագրի» նույնությունը: Այս ընդհանրությունն է, որ բանասերի խորաթափանց հայացքով ժամանակին նկատել է Խ. Սարգսյանը եւ, ինչպես արդեն նշեցինք, հայտնել այն կարծիքը, թե պարոն Խ. , հավանաբար հետագայում  Նալբանդյանի  գրչի  տակ  դարձել է  Բեգզադե:

Թեեւ Խալաթյանի անձնավորության եւ գործերի, մասնավորապես Նալբանդյանի հետ նրա ունեցած շփումների վերաբերյալ առայժմ չունենք որոշակի տվյալներ, բայց հավաստի է եւ այն, որ մեզ հետաքրքրող /114/ ժամանակաշրջանում  այդպիսի   վաճառական, իրոք, ապրել է Մոսկվայում: Այսպես, «Նոր քնար Հայաստանի» մատենաշարի հրատարակիչ    Ոսկան    Տեր-Հովհաննիսյանցը    «Զանազան    երգք» գրքույկների Բ. պրակի վերջին էջերում զետեղել է այն քաղաքացիների ծավալուն ցուցակը, որոնք նյութապես եւ բարոյապես օժանդակել են իր հրատարակությանը: Ի թիվս այլ անձանց, նա հիշատակում է նաեւ հետեւյալ անունը. «ԽԱԼԱԹՅԱՆՑ` Տ. ԲԱԽՇԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, տփխիսեցի, վաճառական,   ի  Մոսկուա» [9] Ի   դեպ,   այն  հանգամանքը,   որ   Մ. Մսերյանի նամակի սեւագրության մեջ Բախշի Խալաթյանի անվան սկզբնատառը Բ-ի փոխարեն նշված է Պ տառով, պետք է բացատրել նամակագրի արեւմտահայ ծագումով:

Երկրորդ հիշատակությունը Խալաթյանիմասին գտնում ենք «Մեղու Հայաստանի» թերթում [10], որտեղ խոսվում է նույն թվականի հունվարի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած հայկական առաջին թատերական  ներկայացման  մասին Հաղորդման  հեղինակը  երախտագիտությամբ է արտահայտվում ոչ միայն մոսկովաբնակ վաճառական Միքայել Ստեփանյանի մասին, որը մշտապես ընդառաջում էր հայ ուսանողներին եւ այդ անգամ եւս սիրով նրանց էր տրամադրել իր բնակարանի դահլիճը, այլեւ վաճառականներ Հ. Հովնանյանի եւ Բ. Խալաթյանի մասին, որոնք նույնպես օժանդակել էին նրանց: Այնուհետեւ շատ հետաքրքական է, որ «Հյուսիսափայլ» ամսագրի առաջին տարվա բաժանորդների թվում է եղել նաեւ Խալաթյանը: Սակայն, ամսագրի առաջին տարվա երեք համարում վարկաբեկված վաճառականը հաջորդ տարիներին չի բաժանորդագրվել, բնականաբար, «Հյուսիսափայլին»:

Դատելով «Հիշատակարանում» շարադրված փաստերից, որքան էլ արգահատելի` շահամոլ եւ բիրտ վաճառականի իր վարքագծով, Խալաթյանն, այնուամենայնիվ, շփվել է հայ հասարակական կյանքին, ազգային գործչի կեցվածք ընդունել, սակայն, առանց շոշափելի նպաստ բերելու հասարակական միջոցառումներին: Ինչպես երեւում է` «Կոմս Էմմանուելի «Հիշատակարանն» ընթերցելուց հետո ոմանք նույնիսկ խնդրել են Նալբանդյանին` հանգիստ թողնել նրան, իսկ ինքը` Խալաթյանը, հավանաբար, փորձել է, թեկուզ դրամական զոհաբերության գնով, դադարեցնել տալ «Հյուսիսափայլի» լույս ընծայումը:



[1]     Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. I, էջ 531:

[2]     Տե՛ս Микаэл Налбандян, Сочинения в двух томах, т. I, Ереван, 1968, с. 474.

[3]     Էդ. Ջրբաշյան, Միքայել Նալբանդյանը և արդիականությունը, Երևան, 1984, էջ 126։

[4]     . Հ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, էջ 237-244: ]

[5]     Մաշտոցյան Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 192, վավ. 123:

[6]     Նույն տեղում, թղթ. 207, վավ. 2119:

[7]     [Միքայել Նաբանդյան, ԵԼԺ, հ. 3, էջ 7: ]

[8]     [Նույն տեղում, էջ 174: ]

[9]     «Նոր քնար Հայաստանի», Մոսկվա, 1859, տետրակ Բ., էջ 151:

[10]   «Մեղու Հայաստանի», 1859, թիվ 10: