Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ը.
       Ինչպէս զարհուրանքով զգում է բանաստեղծը սատանայի ներկայութիւնն իր կողքին, նոյնպէս նրա համար զգալի է եւ ներկայութիւնը Աստուծու, որի ողորմութեան նշոյլները ծագելիս ամեն ինչ դիւական ոչնչացնում է։ Բայց մինչ սատանան գործում է, Աստուած անձնիշխան է թողնում նրան , իր պատուիրանները միայն տուած լինելով մարդուն, թէ ինչպէս կարող է նա փըրկուել։ Բանաստեղծը սակայն գիտակցում է իր թուլութիւնն ու ոչնչութիւնը եւ կը ցանկանար նոյն իսկ անձնիշխան չլինել, միայն թէ չմեղանչէր, եւ իր ու Աստուծու տարբերութիւնն այնպէս անհունապէս մեծ չլինէր, որովհետեւ որքան Աստուած մեծ է, կարող, բարձր ու մաքուր, այնքան ինքը՝ չնչին, թոյլ, ստոր, աղմասիկ ու պիղծ։ Նա երբեմն նոյն իսկ մի տեսակ նախանձով է երգում Աստուծու փառքը, որովհետեւ ինքը չունի այդ.
       Քեզ արդարութիւն հանդերձեցեր , բարերա,
       Եւ ինձ ամօթ եւ պատկառանս պատրաստեցեր,
       Քեզ փառս վայելչականս,
       Եւ ինձ նախատինս յարմարաւորս
       Քեզ քաղցրութեան յիշատակ,
       Եւ ինձ մաղձ քացախեալ ի կատարածի,
       Քեզ բարեբանութիւն անլռելի,
       Եւ ինձ ձայնս ողբոց աղաղակի,
       Քեզ օրհնութիւնս երգոց խնկելի,
       Եւ ինձ մերժումն տարագրութեան,
       Քեզ իրաւունս բազմարժանիս,
       Եւ ինձ պատասխանատւութիւնս ամենավարանս,
       Քեզ բարձրութիւնս անճառ գովեստից,
       Եւ ինձ զաճիւն լիզելոյ պատիժ ձաղանաց։
       (Բան Ի. եր . 46 հտ. )
      
       Դու լոյս ես եւ յոյս,
       Եւ ես խաւար եւ յիմար
       Դու իսկութեամբ բարի գովելի,
       Եւ ես համայնիւն չար ապիկար,
       Դու տէր ստորիցս եւ երկնից,
       Եւ ես անիշխան շնչոյս եւ հոգւոյս
       Դու բարձրեալ ի կարեաց զատեալ։
       Եւ ես տաժանաւոր եւ վտանգաւոր.
       Դու ի վեր քան զկիրս երկրիս
       Եւ ես կաւ անարգութեան գարշութեան…
       (Բան ՁԳ եր. 221)։
       Աստուծու եւ մարդու այս տարբերութեան պատճառն ինքը մարդն է իր ազատ կամքով, թէ չէ՝ Աստուած միայն էութեամբ բարի է եւ մարդուս միայն լաւ է ստեղծել, եւ ինքը մարդն է իր ազատ կամքով ընկել։ Մարդուն մնում է՝ ընած գրութիւնից բարձրանալու հաար՝ ապաշխարել եւ յոյսը դնել Աստուծու բարութեան ու գթութեան եւ ամենակարողութեան վրայ։
       Աստուած բարերար, հզոր , ահաւոր,
       Հայրդ բարի ողորմութեանդ շնորհի,
       Որոյ անունդ իսկ մեծիդ
       Զգթութիւն եւ զընտանութիւն աւետարանէ…
       Թէպէտ քո իցեն պարգեք եւ քո ողորմութիւնք,
       Այլ ոչ ի պարգեւսն ես այնքան հռչակեալ,
       Որքան յողորմութեանդ…
       (Բան ԺԳ եր . 29 հտ. )
       Բայց զարհուրելին այն է, որ այդ բարերար Աստուածը ապաշխարողի բազմատեսակ ու բիւրաւոր աղերսանքների եւ հարցումների դիմաց մի անտարբեր ու խոր լռութիւն է պահում եւ երբէք չի յայտնում, թէ նա արդեօք այս հեծեծանքներից յետոյ պիտի փրկուի, թէ ոչ։ Երբէք չի բացւում «այն աշխարհի » թանձր վարագոյրը։ Բանաստեղծն այս անորոշութեան առաջ տանջւում է, նրա սիրտը նուազում է՝ ցանկանալով իմանալ, թէ արդեօք Աստուած պիտի յիշէ՝ իր բարերարութիւնը. «Անտեսեսցե՞ս զգթասիրելդ, խնամող, այլայլեսցես զմարդասիրելդ, անփոփոխ նահանջեսցես զկենագործելդ անվախճան»… Քանի որ Աստուած ոչինչ չի պատասխանում, բանաստեղծին մնում է միաայն եզրակացութիւններ հանել Աստուծու արարքներից ու ստորոգելիներից եւ նրա հետ մի աղերսախառն դատ վարել, թէ անպատճառ պիտի փրկի իրեն։
       Միւս կողմից սակայն բանաստեղծը սոսկումի մէջ է Աստուծու առաջ, որովհետեւ նա ինչքան բարի այր է, նոյնքան եւ արդար դատաւոր է։ Ուստի կարող է պատահել որ բանաստեղծը ոչ միայն Աստուծոյ հետ չմիանայ, այլ նոյն իսկ մեղաւոր լինի, քանի որ ամենայն րոպէ կարող է գալ վերջին դատաստանը, որ ինչքան էլ հեռու լինի մարդկութիւնից, անհատի համար ամեն վայրկեան գալիս է մահով։ Այս պատճառով Աստուած, իսկապէս Քրիստոս որդին Աստուծոյ, ամենից առաջ եւ աւելի յաճախ ներկայանում է բանաստեղծին իբրեւ «գաղտնիքների տեսնող » դատաւոր, որի ահաւոր ձայնը շարունակ ուժգին հնչում է արդէն նրա ականջին։ Նրա սիրտը դրանից ամբոխւում է, միտքը սասանում. ներսում սկսւում է մի զօրեղ կռիւ չար ու բարի յուզմունքների, որոնք երկու ներհակ բանակի բաժանուած՝ միմեանց հետ միշտ ընդհարւում են, - որովհետեւ դատաստանի սարսափը միշտ կայ նրա առաջ, - եւ նրան ձգում են ամենավարան տարակուսանքի մէջ։ Նա շարունակ զգում է իրեն ինչպէս մի յանցաւոր՝ կանգնած դատաւորի առաջ, ինչպէս մի եղեռնագործ որ առաջուց գիտէ, թէ իրեն սոսկալի պատիժներ պիտի տան, եւ վերջապէս տեսնում է իրեն ինչպէս մի դատապարտուած. «Ահ, գուր եւ որոգայթ անճողոպրելի… տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ՝ զամօթն մշտնջենաւոր աստէն գծագրել »։ Ազատուելու ոչ մի միջոց չկայ, բայց եթէ դարձեալ յուսալով Աստուծու շնորհքին՝ բանալ իր վիրաւոր սրտի խորքը, նկարագրել իր հոգին, խոստովանելով տարածել իր մեղքերը, միաժամանակ եւ գիտակցելով իր ոչնչութիւնը՝ փառաբանել Աստուծու մեծութիւնն ու բարութիւնը։
       Դրա համար է հենց որ նրա խռովայոյզ սրտից բղխում է նրա խօսքն Աստուծու հետ ինչպէս մի «հառաչանքի ձայն, սրտի հեծութիւն, ողբ ու աղաղակ », որից նրա անձը տոչորւում, ճենճերւում ու հալւում է ողջակիզուելով։