Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
Ժ.
       Այս տանջագին վիճակի մէջ բանաստեղծի մեծ երեւակայութիւնը, որ հակուած է աւելի դէպի բնութեան եւ կեանքի մռայլ տեսարանները, աւելի ու աւելի ճնշում է նրան, ստեղծելով միշտ նորանոր զարհուրելի պատկերներ։ Եթէ տաղերի մէջ երեւում է երիտասարդ բանաստեղծն իր թեթեւ ու զուարթ երեւակայութեամբ, Ողբերգութեան մէջ, ընդհակառակն, նա ցաւագին ու տխուր է։ Միայն տարիքը չէ այս տարբերութեան պատճառը, այլ դա առաջանում է աւելի տաղերի ու Ողբերգութեան նպատակների տարբերութիւնից։
       Վանական-կրօնաւորական կեանքի միակ ուրախ ժամանակը եղել է տերունական տօների պայծառ պաշտամունքը, երբ մի կարճ միջոցով, ժամերգութեան ընթացքում գոնէ, թոյլատրւում էր թողնել ողբը եւ ուրախանալ Քրիստոսի ծննդեան ու յարութեան համար։ Նոյն իսկ շարականների մէջ երեւում է այս զուարթութիւնը, եւ շատ շարականներ ունին մինչեւ անգամ ցնծագին փառաբանական բնաւորութիւն.
       Այսօր ցնծան երկինք ի վերուստ
       Մեծապայծառ աւետեօք,
       Եւ արարածք ամենայն
       Զգեցան զհանդերձ փրկութեան։
       Այսօր ցնծան մանկունք առագաստի,
       Քանզի Քրիստոս յարուցեալ՝
       Փարատեաց ըզսուգ եւ զտըրտմութիւն,
       Եւ լուսանւորեաց զաշխարհս։
       Այսպիսի ուրախ տօնակատարութեան ժամանակ ասուելու համար յօրինուած տաղերն էլ, որ կանոնից դուրս երգուելով՝ պիտի առանձին շուք տային հանդէսին, բնականաբար պիտի զուարթ բնաւորութիւն ունենային։ Եւ Նարեկացին իր տաղերի տեսակով իսկապէս միայն այս կարգի շարականներն է զարգացնում։ Մինչդեռ Ողբերգութիւնն, ընդհակառակն, ապաշխարութեան երգ է եւ զգացմունքով ու ձեւով մօտենում է ապաշխարութեան եւ ընդհանրապէս «Ողորմեա » կոչուած շարականներին։ Դա իսկապէս այդ շարականների կատարելատիպն է, միայն ինքնայատուկ ձեւով։
       Դէպի տխուր թէ ուրախ կողմը միտուած՝ նրա երեւակայութիւնը, ինչպէս տեսանք, ունի այն էական յատկանիշը, որ ամբողջական պատկերներ է ընդգրկում։ Նա «տեսանող » է. տեսիլը մեծ տեղ է բռնում նրա հոգու մէջ։ Եւ իրօք, յաճախ նրա աչքին երեւում է ոչ միայն սատանան զանազան կերպարանքներով ու որոգայթներով, այլ եւ վերջին դատաստանը, դժոխքը, իր մահը եւլն։ Եւ նա տեսնում է սովորաբար ոչ թէ հեռուից, ընդհանուր եւ էական ուրուագծերով, այլ մօտից, պատկերի մանրամասնութեամբ եւ բոլոր պայծառութեամբ։ Վերլուծութիւնը, լինի երեւոյթի, մարմնի թէ հոգու, նրա երեւակայութեան ու մտածութեան կարեւոր գիծն է, եւ դրանով է նա ազդում։
       Շատ սրտառուչ է նրա տեսիլն իր մեռնելու, մեռած եւ նոյն իսկ թաղուած ու փոշիացած լինելու.
       Ողորմեա, Տէ՛ր, մահու մեղապարտիս
       Յաւուր արձակման շնչոյս կենդանութեան,
       Մինչեւ աչացս ողորմագին հայեցուած
       Ի բարձունս կողկողիցի,
       Զբազմարկածեան զանզերծ ընթացից զանփախչելին ճանապարհ
       Յաչս բերելոյ մտացս տեսմամբ ամենայնիւ վտանգեալ.
       Եւ ի յերդ բնակութեան յարկիս նկատեալ յելիցն շաւիղ,
       Թշուառացեալ կիսամեռութեամբ,
       Դիմօք այլայլութեան, տատանմամբ մատանցս,
       Կարկամ հառաչմամբ, նուազ հեծութեամբ,
       Նրբական ձայնիւ, յոգի թախծութեան
       Յոգնամասնեայ տարակուսանաց՝
       Ի խորոցս աներեւութից
       Զգործեցելոցս ողբալով հառաչեմ։
       Կարող ես, բարեգո՛ւթ, եւ անդ հրաշագործել
       Յաւէտ զօրութեամբ ասելով,
       Թէ՝ ողջ եղիջիր յոգւոյդ խորտակմանէ…
       Կամ թէ՝ երթ ի խաղաղութիւն սրբեալ ի մեղաց։
       Եւ զոր յայնմ ժամու ոչ ժամանեցից պաղատել,
       Այսօր ընկալցիս մարդասիրապէս,
       Ո՜վ երկայնամիտ, բազմաշնորհ , ամենակեցոյց։
       Տեսարանը փոխւում է, նա արդէն մեռած է։
       Յորժամ, որ այժմս բանապաճոյճ
       Խրոխտաձայն, սիգացող , բարձրապարանոց,
       Անկեալ դնիմ զի անկենդան,
       Կարկեալ ի խօսից, կաշկանդեալ ձեռօք,
       Լքեալ անդամօք, խփեալ շրթամբք,
       Կափուցեալ աչօք, տախտակ անշարժուն,
       Կոճղ կիսայրեաց, արձան անզգայ,
       Պատկեր անբարբառ, գոյութիւն անշունչ…
       Կարօտեալ այլոց մաղթանաց,
       Որք զհաւատոց թշուառիս՝ ձայնիւ նուագեալ՝
       Աղերս հառաչման, ցօղով արտասուաց
       Բարերարիդ գթութեան ի բարձունս տարածանեն.
       Զառ քեզ դարձն յեղանակեն արգահատելով…
       Արդ լքաւ, մերժեցաւ, բարձաւ , տրոհեցաւ,
       Փախեաւ , սրացաւ,
       Տեղի ետ կցորդութիւն զուգութեան կենցաղոյս կենդանութեան,
       Եւ յոյսդ որ ի քէն պարգեւ՝
       Մնացական եւ անջնջական յիշատակարան պահեցաւ,
       Բան ՀԳ եր . 188 հտ.
       Այսպիսի մանրամասն նկարագիր սեպհական մահուան եւ մեռած գրութեան միայն Նարեկացին կարող էր տեսնել։ Նոր բանաստեղծներից Դուրեանն էլ ունի «Իմ մահը », բայց որքան տարբերութիւն երկսի մէջ. մէկն իր յիշատակով է անմահ մնում, նրան ցաւ է պատճառում, որ յիշատակը կարող է մեռնել, իսկ միւսը գիտէ, որ ինքն անմահ է, բայց սարսռում է, որ մի գուցէ Աստուծու հետ միանալու փոխանակ՝ բաժանուի նրանից, եւ ցաւում է միայն, որ փրկուելու համար ինքն այլ եւս չպիտի կարողանայ աղօթել եւ պիտի կարօտի ուրիշների աղօթքին՝ Աստուծուց գթութիւն ստանալու համար։ Բայց այստեղ ես նա յուսահատ չէ. նա ունի իր Ողբերգութիւնը.
       Իսկ ինձ եղիցի պատգամս այս քանի
       Արձանփորագրեալ ամենեւին անեղծանելի,
       Որ փոխանակ իմոյ եղկելւոյս անձին մահացուի՝
       Անդադար հնչմամբ հեծութեան լալոյ
       Առանց լռելոյ միշտ աղաղակէ,
       Լիցի եւ ոսկերացս քակտեցելոց՝
       Ի հողապատեան շիրիմ վերարկուին՝
       Անմռունչ ձայնիւ զայս խոստովանել.
       Հասցէ եւ մարմնոյս ի հող լուծելոյ՝
       Բարբառով իմն անազդելեաւ
       Ծածկատեսիդ զսոյն պաղատել։
       Բան ԿԶ . եր. 108
       Նրա Ողբերգութիւնն ուրեմն երկրաւոր յիշատակի անմահութիւն չէ, այլ աստուածացման մի մաղթանք մշտամռունչ. նրա քակտուած ոսկորներն ու լուծուած մարմինն էլ ձգտում են տիեզերական ոգուն միանալու։
       Վերջին դատաստանի համար Նարեկացին յաճախ յիշատակում է. թէ հեռուից տեսնում է մտքով «զհանդերձելոցն հանդէս ահաւորափայլ », այդ «հրափորձական ընտրութեան օրը»։
       Վերջին դատաստանի նկարագիրը, որ մէ»եծ տեղ է բռնում նրա երկի մէջ, համեմատ է մեր քրիստոնէական հաւատալիքին, բայց եւ շատ բան աճեցրած է համեմատ մեր արդի ժողովրդական հաւատալիքներին, որոնք իրենց կողմից կարող են նոյն իսկ Նարեկացուց ազդուած լինել։ Երկինքը այլայլելով գալարւում է եւ դղրդալով դիպչում երկրիս յատակին, իսկ լայնատարած թանձր գետինն իր հիմքերից սասանւում, տատնւում է, ուժգնակի բախման հետ թնդում են ներքին խորքերը, հարթւում են լեռները, քարերը եւ բոլոր տարերքները հրդեհւում, հալւում եւ, ինչպէս ծովի խռովայոյզ ալիքները, կուտակւում են, որպէս թէ փախչելով։ Փոխւում են բոլոր արարածները նոր կերպարանք ընդունելով. «Ծածկութիւնք գործոցս հրապարակին, եւ աներեւոյթ կրից մեր յայտնի, վարք կրօնից մեր ներգործեցելոց ի մարմմինս մեր նկարին », ինչպէս մեր արդի ժողովրդական հաւատքով՝ հոգին դուրսն է լինում, մարմինը՝ ներսը հոգին ուրեմն պարզ տեսնւում է իր կիրքերով. «Յորժամ դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց… յիւրաքանչիւր մարմինս անպակաս գրութեամբ իսկոյն երեւին, եւ խորութիւնք անճառիցն կնքեցելոց յիմաստից աստեացս առաջի աչաց մերոց կերպարանի (Բան ՀԹ. եր. 210 հտն Այդ ժամանակ երկնքի թագաւորն, անկաշառ եւ անխաբելի, նստում է վերջին ահաւոր դատաստանին , հատուցման վճիռն իր ձեռքին։ Եւ մեղապարտ բանաստեղծը ամբողջ էութեամբ սոսկում է եւ միայն անբաւ թուով վայ տալիս իրեն. «Քանզի սաստիկ յիշատակն իսկ յառաջեալ քան զհանդիպումն »։ Նա չգիտէ, թէ ինչ անէ։ Փախչել է ուզում հապճեպ տագնապով, բայց փախուստն անզերծ է, «ոչ արագմամբ ոտից փախչելի, ոչ թիկանց դարձուցանելի, ոչ դիմաց ընդ երկիր մացուցանելի, ոչ բերանով ընդ հող հաստելի, ոչ ի խորս երկրի ղօղելի (Բան Դ. եր. 10. Բան Խ. եր. 104. ԿԸ. եր. 175 հտ. եւայլն Այդ ժամանակ պահապան հրեշտակը, որ կենակից հզօր ոստիկան է, ամբաստանում է, եւ Հատուցանողն ահաւոր յանդիմանում է։ Նրա սպասաւորները առանց խնայելու խուճապում են, ոմանց կեանքի հրաւիրում, ուրիշներին ամօթի դատապարտում։
       Կիսոց դէմս լցեալս ծաղու ցուցանեն
       Եւ ինձ ահարկուս եւ քստմնելիս երեւեցուցանեն,
       Ոմանց պսակս լուսապաճոյճս մատուցանեն
       Եւ այլոց կորուստ մահու բողոքեն,
       Արդարոցն ձայն աւետեաց
       Եւ ինձ գոյժ անվախճան վշտաց։
       Յորժամ առ բարիսն՝ մահու յաղթութիւն իսպառ մեռանի
       Եւ ինձ՝ չարագործիս կրկին յարակայի.
       Ուր դրանն բախել ոչինչ ազդիցէ,
       Վճար եղեալ գթութեանն առ իս։
       Ողբն ու արտասուքը, որ մեռանելուց առաջ գրաւում են երկինքը, այն ժամանակ իբրեւ ապաժաման ընդունայնութիւն արհամարւում են։ Բանաստեղծը սոսկում է, որ մի գուցէ մեռնելուց առաջ բաւականաչափ հեծութիւն ու հառաչանք ունեցած չը լինի.
       Զտանջանարանսն բազմապատիկս,
       Անձամբ անձին աստէն իսկ պատրաստեցի,
       Զիա՞րդ մխիթարեցոյց համառօտեալս յուսոյ.
       Զի եթէ զօրքն լուսոյ՝ դասուք արդարոցն,
       Որ փառաւորեալք են երանութեամբ, սարսին դողալով,
       Ոչ բաւեն բերել զահաւոր տեսիլ երեսաց մեծ դատաստանին,
       Ես՝ եղկելիս , աւանդակորոյս,
       Սատակման որդիս, ո՞ւր երեւեցոյց,
       Որ ոչ միայն չեմ պսակելոց,
       Այլ եւ պատուհասն իմ անտանելի
       Եւ կորուստն անսպառելի (Բան ՀԹ. եր . 111 հտ.
       Եւ նա տեսնում է դժոխքը, կորստեան խորխորատր, ուր «Հրեղէն են գետքն, անանցանելի վտակքն , թանձրամած խաւարն, եւ արտաքոյ այցելութեան մառախուղն. ապականութեան է գուբն, եւ մշտնջենաւոր է տագնապն, ամենագրաւ տարտարոսն, եւ անզերծ սառնամանիքն», - անտանելի պատուհասների, մի դառն, դժնդակ օթեւանի տեղ մեղաւորի համար, որդներով ու գարշահոտութեամբ լի մի անել արգելարան, մի անփախչելի որոգայթ։ Այնտեղ պատիժները համեմատ են մեղքերին.
       Զի ոչ ջերմն սիրով առ ընկերին կարիս մատուցայ՝
       Յիրաւի ի նախնումն վտանգին տագնապեալ սառնում.
       Եւ զի ոչ զցանկական խրոխտականութիւն սանձեցի՝
       Յարժանի կրեմ եղկելիս զանզովանալի զկիզումն։
       Եւ քանզի ոչ սիրեցի զլուսոյդ աւետիս,
       Արդար հատուցմամբ ի մթութիւն ըմբռնողական
       Միգին կորստեան վրիպեալ դանդաչեմ։
       Եւ զի ոչ խաբեցի զմանունս փոքունց յանցանաց
       Իբր անվնասակարք վարկանելով,
       Պատկանապէս ի խածանողականացն
       Զազիրն զեռոցն խթեալ խոցոտիմ։
       Եւ զի ոչ ձեռն կարկառի առ կիրս վտանգաւորին՝
       այց առնել նմին,
       Ի դէպ իսկ ըստ գծագրութեան այսր օրինակի
       Ապականութեանն գբոյ նուիրեալ մատնիմ։
       Բան ԺԹ . եր. 44.
       Բանաստեղծին, որ իրեն դատապարտուած է տեսնում եւ դժոխքի դռներին, ուրիշ բան չի մնում, բայց եթէ խնդրել Աստուծուն, որ բաւական համարի այս տեսլից կրած տանջանքը եւ շտապի ազատել իրեն։
       Այլ արագեա՛, ամենապարգեւ զօրութիւն անճառ…
       Զի օգնեալ ի Քէն՝ դարձայց միւս անգամ ի դրանց դժոխոց…
       Եւ մի՛ մատնեցայց կորեանցն առիւծուց.
       Որք խնդրեն ի Քէն զիս ի կերակուր՝
       Ծախել ատամամբքըն գաղտնութեան,
       Զի զորովայն լցուցեալ
       Զաստուստպարարեալս անդ ձգեալ հալեն,
       Ուր անսպառ պահի մնացուածմթերիցն
       Ի ծախումն յաւիտենից (Բան ՀԹ . եր. 212)։
       Ինչպէս ասանային դիմաց՝ տժգոյն է Աստուծու պատկերն, որ յաճախ վերացական ընդհանուր ստորոգելիներով է որոշւում , - նոյնպէս եւ Դժոխքի նկարագրի մոտ թոյլ ու տարտամ է Դրախտի կամ Արքայութեան պատկերը։ Բանաստեղծը դրախտի տեսիլ չունի, մինչ ընդհանրապէս նա ուժեղ է յատկապէս Սատանայի եւ Դժոխքի տեսարաններով եւ քստմնելի երեւոյթներ ցուցադրելիս։ Իսկ ինչ որ իր տանջագին վիճակին, իր նուաստացմանն է վերաբերում, նրա երեւակայութիւնն անսահման մեծ է ու բազմադիմի։ Յաճախ նա ստեղծում է խոշոր պատկերներ, իրենց չոր մանրամասնութեամբ որոնք արդէն լոկ նմանութիւններ չեն, այլ անկախ տեսարաններ ու նկարագիրներ։ Այսպէս Բան ԻԵ, եր. 58 հտ, խորտակուած նաւի ընդարձակ տեսարանն, եւ կամ Բան ԾԳ. եր. 138 խեղդուողի պատկերն աւելի կարճ, բայց զօրեղ, «Եւ քանզի ի ծուփս բազմավտանգս…»