Կարմիր օրեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆՑ
(ՄԱՐՏԻԿ ԼԵՒՈՆԵԱՆ)

Իր կեա՞նքը… Երկա՞ր եղաւ միթէ նա… Հազիւ սկսած ծաղկել՝ անգութ մանգաղով նա կտրվեցաւ յաւիտեան։ Մի կեանք՝ եռուն զգացումով, այո՛. մի կեանք՝ ազնուագոյն մտքով տոգորուած, այո՛. բայց մի կեանք այնքա՜ն կարճատեւ, այնքա՜ն արագասահ, որ եկաւ ու անցաւ, ինչպէս երազ, ինչպէս տեսիլ, ինչպէս գարնան մէկ ասուպ, որ հայոց կեանքի հօրիզօնում երեւեցաւ, փայլեց եւ ապա շուտով մարեցաւ… Այդ ազնիւ սիրտը, որ գիտէր բաբախել այնքան ուժգին այն նպատակի համար, որը նրան բաբախեցնում էր. այդ քաղցր ու համեստ, բայց եւ հաստատամիտ ու վճռական բնաւորութիւնը, որ ջերմութիւն ու կրակ էր հաղորդում այն գործին, որին ծառայելու համար էր ստեղծված, այդ միտքը՝ խոհուն ու համարձակ, անխոնջ ու շիտակ, բարձր ու մշակված. ո՛չ, այդ ամենը չը պիտի այդպէս շուտ չքանային, զրկելով իրանցից այն ժողովրդին, որն այնչափ պէտք ունի իր սակաւաթիւ հազւագիւտ զաւակների կեանքին ու աշխատութեան… Եւ սակայն նա չըկայ այլ եւս… եւ նրա ազնիւ կերպարանքը, որ կարծես միշտ մեր առաջն է օրհասական օրից ի վեր, նրա կերպարանքը մի նորոգված կսկիծով ու ցաւով առաջ է բերում մէկ ուրիշ ստուեր, որ երբէ՛ք չէ բաժանվում մեր մտքից։ Մարտիրոս Սարուխանեանց եւ Բարսեղ Զաքարեանց, ի՜նչ քաղցր անուններ. երկուսն էլ գրեթէ միեւնոյն հասակի հազիւ 23 տարեկան, երկուսն էլ ընկան սուրբ գործի պատերազմի դաշտում, մէկը 100 կտրիճ ընկերներով ընդդէմ 20000-ի, միւսը 7 ընկերով ընդդէմ 700-ի, եւ երկուսն էլ կռւելով իբրեւ հերոսներ եւ ընկնելով անձնուրաց ու անմահ նահատակներ՝ մի եւ նոյն ժողովրդային Դատին համար մի եւ նոյն դրօշի, Հնչակեան դրօշի տակ, միեւնոյն յաղթական կոչով դէպի ազատութիւն, դէպի կատարեալ ազատութիւն։ Մէկը Մարզուանում, միւսը Վանում՝ թշնամու հազարաւոր գնդակների կարկուտի տակ, երկուսն էլ խրախոյսն ու քաջալերը, առաջնորդն ու հոգին իրանց ընկերների, որոնք իրանց քաջ մահով կապվեցան նրանց երկուսի անուան հետ յաւիտեան կերպով, անուններ, կրում են փառքի փշէ պսակն իրանց ծաղիկ հասակի ճակատի վրայ։

Մարտիկն, ինչպէս միւսը՝ Բարսեղը, պատկանում էին նոյն խմբին, որ դեռ այդ երկուսն էլ իրանց պատանեկան հասակում կազմել էին Բագուի Րէալական դպրոցում։ Մարտիկն էլ, ինչպէս Բարսեղը, Շուշի (Կովկաս) քաղաքումն է ծնվել։ Մարտիկն էլ, ինչպէս Բարսեղը, ուսանող էր, երբ գալով Հնչակեան Կուսակցութեան Կենտրօնը, իր ջերմ փափագը յայտնեց ու թախանձեց գործել թիւրքաց-Հայաստանում, իր կեանքն ու ապագան ամբողջովին նուիրելով հայ յեղափոխական գործին։ Մարտիկն ուսանող էր Ս. Պետերբուրգի Տէխնօլօգիկական բարձրագոյն դպրոցում։ Վառված յեղափոխական կայծով եւ դարուս ամենաբարձր գաղափարներով, նա, ինչպէս Բարսեղը, յանցանք համարեց դեռ նստած մնալ ուսանողական նստարանի վրայ, երբ իր հայրենիքը հեղեղվում էր արեան մէջ, երբ իր ժողովրդի գոյութեան ու ապագայի խնդիրն էր առաջ դրված, երբ ամեն մի հայ սրբազան պարտականութիւն ունի իր ոյժն ու միտքը այդ օրհասական խնդրի լուծման ծառայեցնել։ Եւ 1895 թ. մայիս ամսին նա գնաց Վան իբրեւ Հնչակեան Կուսակցութեան ներկայացուցիչ։ Նա իրեն կեղծ մականուն ընտրեց Լեւոնեան անունը, իբրեւ յիշատակ իր անմոռանալի ընկերի, Զաքարեանցի, որի կեղծ անունն էր Լեւոն։ Նա գնաց, ուխտելով իր Բարսեղի վրէժն առնել։ Եւ առաւ այդ վրէժը, բայց ի՜նչ ծանր գնով. միւսի սպանման վրէժի համար նա ինքը սպանվեցաւ, եւ սպանւեցաւ Վանի այս ամառւան պատմական կռիւների միջոցին, կռիւներ, որոնց տաղանդաւոր վարողն ինքը Մարտիկն էր, եւ որ անպատմելի հերոսութեամբ կռւեց թշնամու դէմ մինչեւ իսկ այն ժամին, երբ իր բոլոր հարիւր ընկերներն էլ սպանված՝ ինքը մենակ էր մնացել միայն երկու ընկերների հետ պատերազմի դաշտում։ Այն մեծ ծառայութիւնները, որ արել է Մարտիկն իր մի տարւայ գործունէութեան ժամանակամիջոցում Վասպուրականում, այսօր չեն ուրանում իր հակառակորդներն անգամ, եւ ապագան աւելի որոշ չափով կը ծրագրէ այդ անմոռաց ու հազւագիւտ գործչի դերն ու արժանաւորութիւնը Վասպուրականի վերջին տարւայ յեղափոխական գործերում։

Մարտիկի տարաժամ մահը մի խիստ ծանր կորուստ է հայ յեղափոխական գործի համար, որի սուրբ ասպարէզում մէկ առանձին փայլուն ու սրտառուչ շրջանի մէջ է ամփոփվում նրա քաղցր անունն իր ընկեր Բարսեղի քաղցր անուան հետ, մէկ առանձին եւ ուրոյն տեղ գրաւելով հայ յեղափոխական գործի անմահ արձանի վրայ։ Մարդ մի խորին տխրութեամբ է համակվում այդ երկու թանկագին եւ դեռ տաք դիակների առջեւ, որ ծածկված են վատ թշնամու գնդակներով ու սուիններով։ Մարտիկ եւ Բարսեղ, մինչեւ այսօր հայ յեղափոխական գործում նրանք ներկայանում են իբրեւ մէկ առանձին զոյգ, ուրոյն, օժտւած բարձր արժանիքներով, վառվռուն՝ իրանց դեռահաս տաղանդով, անձնուէր՝ իրանց հարուստ ու սիրող սրտերի ամբողջ զօրութեամբ, օրինակելի՝ իրանց մեծ գործով եւ անմահ՝ իրանց մահով։ Բարսեղն այսօր հանգիստ քնած է Մարզուանում, քնած է սառ հողում այն երկնքի տակ, որ այնքան սիրում էր նա։ Մարտիկն… աւա՜ղ, նրա թանկագին ու սիրելի մարմինը կորած է մեզ համար. մենք չը գիտենք, թէ ի՜նչ եղաւ նա բարբարոսների ձեռքի տակ… Վասպուրականի գեղանի դաշտերն ու հովիտներն՝ ամեն մի քայլափոխում միշտ կը յիշեցնեն Մարտիկի հետքը. Վասպուրականի լեռները դեռ երկար, երկա՜ր տարիներ արձագանգ կը տան Մարտիկի խրոխտ ձայնի քաջարի կոչերին. Վասպուրականի հոսուն ջրերը դեռ երկար կը հնչեցնեն հայոց ականջին այն փառքի երգը, որ երգում էին նրանք Մարտիկի ականջին, երբ մերձիմահ փակում էր ընդ միշտ իր արծուի աչքերը. եւ Վասպուրականի այն վայրում, ուր պաղեցաւ նրա անգին մարմինը, այսօր բուսած է նրա ազնիւ արիւնով ներկված կարմիր մի ծաղիկ… Կանգ առնենք դրա դիմաց եւ գլխաբաց ծունր իջնենք այդ ծաղկի առաջ՝ վրէժն ու դառնութիւնը մեր սրտում եւ արտասուքը մեր աչքում։

«ՀՆՉԱԿ»