Կարմիր օրեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ
ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ա.

Յունիս 8-ի Կարմիր Շաբաթ երեկոյեան, Վանի յեղափոխական-ինքնապաշտպանների խմբերը դուրս եկան քաղաքից, համաձայն կառավարութեան հետ, օտար հիւպատոսների միջնորդութեամբ, կապած պայմանների։

Խմբերի հեռանալը կէսօրից որոշուած էր, բայց այս միայն զինակիցներին էր յայտնուած։

Երեկոյեան դէմ երբ յարձակումներ դադարեցին, զինուորները զբաղուեցին ուղեւորութեան պատրաստութիւններ տեսնելու գործով, իւրաքանչիւր ոք վերցրեց նախօրօք պատրաստած ուտելեղէնների տոպրակը, եւ իրենց տան, մինչեւ անգամ մերձաւորների, ոսկի դրամները, զարդերը եւ այլ թանկարժէք իրերը, մտածելով որ իրենց հեռացումից յետոյ երկիրը կատարեալ աւերումի պիտի ենթարկուի, ուրեմն աւելի լաւ էին համարում տանել, քանի որ հաւատում էին անվնաս Պարսկաստան հասնելու գեղեցիկ մտքին։

Երբ յայտնի եղաւ կռուողների մեկնումը, նրանց մերձաւորներից ընկեր, եղբայր, ազգական ու դրացի հարիւրաւորներ, մեծաւ մասամբ անզէն, ընկերացան զինակիր խմբերին, որը թէեւ արգելքի հանդիպեց պատերազմական ատեանի կողմից, բայց անօգուտ, որովհետեւ լսող չեղաւ։

Կէս գիշերի մօտեր բոլոր խմբերը հեռացան այգեստանից ու առանց որ եւ է արգելքի հանդիպելու՝ տեղաւորուեցին Վարագայ բարձունքների վրայ։

Առաւօտ էր։ Վարագայ չքնաղ կուրծքը ուր այդ հսկայական չնաշխարհիկի վիրաւոր ստինքները Վերին Վարագայ դժբաղդ, եւ այդ դժբաղդութեան մէջն իսկ վսեմ աւերակները, տակաւին տքնում են ծանր ու անհանդուրժելի վէրքերի կսկծալի ցաւերից, մռմուռ գալարումները որոնք խլում ալեւոր լեռան ալեւոր գլխի, երկու խոշոր աչերից Աստղիկից ու Գալիլիայից զուլալ, իստակ վտակներ կարկաչուն, մշտահոս արցունքի, որոնք ներքեւում միանալով իրենց նմանների աչերից վազող աղբրակներին, այնտեղ, ձորում, միացեալ ուժով աղաղակում, վայնասուն են բարձրացնում, սիրելի մէրկան վերքերը տեսնելով, ու բողոքում են անօրէն աւերիչի դէմ համարձակ շփշփոցով…

Այստեղ, այս լայնարձակ ու գեղեցիկ լանջը ծածկել են յոգնած-խոնջած հայ քաջերը, հսկայական ապառաժների թեւերի տակ, լեռնային մշտաշունչ զեփիւռը օրօր է ասում, ծաղիկներ ու կանանչներ իրենց փափուկ, երփներանգ ու թաւշեայ բարձ ներքնարկներն են տուել, երկինքը իր թափանցիկ վերմակն է քաշել դադրած քաջերին, որոնք յոգնել են ճշմարտութեան, ազատութեան եւ եղբայրութեան համար մղած անհաւասար մարտում։

Ամբողջ օրը պատերազմական խորհուրդը եւ ուրիշ աչքի ընկնող գործող-կռուողները զբաղուած էին ժողով-խորհրդակցութիւնով։ Ինչ անելիք վճռելը չափազանց դժուար էր, որովհետեւ անզէն երիտասարդների քաղաք վերադարձնելը եւ կամ տանելը խմբի մէջ լուրջ բաժանում էր առաջ բերել։

Ինչպէս քաղաքում, երկրորդ անգամ էլ այստեղ վճռում են միայն դրսեցիների եւ վտանգուած ու ճանաչուած յեղափոխականների Պարսկաստան չուելը, իսկ անզէնների բացարձակ վերադարձը։

Անզէններ տանելու մտքին պաշտպանները բարձրացնում են բողոք-դժգոհութիւն եւ սպառնում նոյն իսկ անախորժ պատահարներ յարուցանել, երբ բողոքականների մօտից հալածուածներից շատերը իրենց մօտ են հասնում եւ մի աստիճան ազդակ են լինում իրենց ասածի պաշտպանութեան։

Վանից՝ որ հայելու նման փայլում է Վերին Վարագից նայողի աչքին, ծուխ ու մուխ է բարձրանում, բոլորը փախչում են, թշնամին խոստումը դրժել է, ի՞նչ անել, ահա՛ դժուարին հարց։

Մարտիկ եւ նրա հետ Պետօն հակառակ են լինում անզէնների միացման, մինչ Աւետիսեանը համամիտ իր փոքրաթիւ հաւատարիմների հետ Մարտիկի մտքին, հարկադրուած, ստիպուած է լինում լսել դժգոհների պատկառելի բազմութեան, որոնք դժբաղդաբար եւ տգիտաբար վճռել էին «առանց անզէնների ո՛չ մի քայլ չառնել, քանի որ զէնք են վերցրել նրանց պաշտպանութեան համար»։

Յաղթանակը տանում են անզէնները եւ նրանց զինուած պաշտպանները։

Տէղի է ունենում աղէտալի բաժանումը։

Մարտիկը իր զինուորների հետ բաժանուելով առանձնանում է երկու հարիւրից աւելի հետեւորդներով։ Պետօն մնալով մինակ իր մի քանի զինուորների հետ, ուզած- չուզած հետեւում է Մարտիկին։ Իսկ Աւետիսեանը բաժանուելով սրանցից՝ կազմում է նոր մարտական խորհուրդ, եւ միեւնոյն ժամանակ իր համամիտների հետ միացած յաջողւում է համոզել մի քանի հարիւրների որ քաղաք վերադառնան։

Ի՞նչ անէր Աւետիսեանը. նրան դժուար էր բաժանուել կարմիր օրերում, կարմիր ուխտով ու գործով միացած ընկերներից, բայց եւ այնպէս չէր կարող եւ չլսել իր իսկ ընկերների բողոքը։ Եթէ միայն վտանգուածների հետ հեռանար, աւելի վատթար հետեւանք կունենար։

Աւետիսեանը իր 300 զինուորներին եւ նոյնքան անզէններին նորից կազմակերպելով՝ հարիւրակների, յիսնակների եւ տասնեակների է բաժանում, ու որոշում երկուշաբթի, Յունիս 10ի առաւօտեան ճանապարհուել դէպի Պարսկաստան Խօշաբ-Բաշկալա տանող գծով։

Բ.

Խումբը առաւօտեան արեւի առաջին ճառագայթներին յանձնեց իր վերջին ողջոյնները Հայրենիքի սիրելի աւերակներին եւ այնտեղ տանջուող իր արիւնակիցներին տանելու։ Ու ճանապարհ ընկաւ։

Առաջապահ գունդը խմբապետ Մուշեղի առաջնորդութեամբ շարժւում էր կէս ժամով հեռու, ապա գնում էր անզէնների հարիւրակներ եւ պահեստի գնդեր կողքերից պաշտպանուած միշտ բարձունքներից գնացող եւ դիրքեր բռնող գնդերով։

Մարտական խորհուրդը մնում էր անզէնների մօտ եւ իր յարաբերութիւնը պահում հեռաւոր խմբերի հետ մշտական սուրհանդակներով։ Որոշուեց նոյնպէս դրօշակներ վերցնել։

Տպաւորիչ եւ միանգամայն խրախուսիչ էր խմբերի ամբողջ տեսարանը, մանաւանդ որ չուն տեղի էր ունենում օր ցորեկով, եւ մինչեւ այդ օր յեղափոխական կեանքում չտեսնուած բազմութեամբ։

Ահա՛ երեւաց մի սպիտակ ձիաւոր։ Ո՞վ է նա։ Թեթեւ քասկէտը գլխին, ճամբորդական պայուսակը մի կողքին, հեռադիտակը միւս կողքին քարշ արած, այնալին ուսին, փամփուշտները աջ ու ձախ, խաչփակ, պսպղուն, զերթ նորահարսի ոսկեմանեակը։ Ո՞վ է, նա Աւետիսեանն է, խմբի յոյսն ու կեանքը, նրա մարմնացումն, նրա իւրաքանչիւր երեւումը բացարձակապէս ոգեւորում էր բոլորին եւ մանաւանդ նրանց՝ որոնք միամտութիւն ունէին ազատ, անվտանգ Աւետեաց երկիր Սալմաստ հասնելու։ Քիչւոր էին նրանք, որոնք իրենց ուղեւորութեան վտանգաւորութեանը գիտակ, բայց դարձեալ անյուսահատ էին։

Խումբը դանդաղօրէն շարժւում էր դէպ առաջ, որովհետեւ մի դժուար վերելք էր կատարում. պէտք էր բարձրանալ նոր-գեղի գեադուկը (կիրճ)։ Քրդերի մի հրոսակախումբ պատահելով առաջապահ գնդին, եւ կարծելով որ միայն նրան հետ գործ ունի, կրակ է բաց անում նրանց վրայ, բայց երբ տեսնում են ետեւից հասնող բազմութիւնը եւ իրենց ընկերների նրանց գնդակներից թաւալգլոր դիակները՝ թողնում ու հազիւ փախչում են։ Մի այդպիսի թեթեւ ընդհարում էլ տեղի է ունենում Հնդստանի մօտերը, այն էլ պատահաբար։ Այս երկու ընդհարումներն էլ ունենում են իրենց բարերար հետեւանքը, անզէնները թուով 150 հոգի վհատուելով յետ են դառնում Վան։

Հնդստանում քիչ հանգստանալուց, ուտելեղէնների ձեռք բերած պաշարը վերցնելուց յետոյ, խումբը շարունակում է ճանապարհը, որի մօտերքը եղած քրդական գիւղերի բոլոր բնակիչները ֆէդաների ահէն լեռներն են քաշուել. երբեմն գիւղերում պատահում էին եւ քիւրդ կանայք, որոնց անձեռնմխելիութիւնը ապահովուած էր։

Մերոնց ուղեւորութեան ընթացքում յաջողւում է ձեռք բերել մի քանի ձիեր, իրենց գլխի եւ շատ անգամ մէկի պաշտպանութեան յանձնուած երամակներից։

Գ.

Յունիսի 13ին, խումբը հասնում է Չուխի արեւմտակողմը ընկած Գիւզալ-Դարա Գեղեցիկ Ձորը։

Կանխապէս պատրաստուած քրդական ցեղերի ձիաւորների ահագին խմբերը կտրելով խմբի ճանապարհը պաշարում են նրան չորս կողմից ամենախիտ շղթաներով ու սկսում կրակ թափել խմբի վրայ։ Կռիւը, որ գնալով դառնում է մի կատարեալ ճակատամարտ, շարունակւում է մինչեւ երեկոյ։

Անզէնները, նրանց հետ եւ պահեստի գունդը մնում է ձորի միջում, իսկ ամենավտանգաւոր դիրքերի պաշտպանութիւնը յանձնւում է Մուշեղի, Ուզունի, Գաբլօի եւ ուրիշների խմբերին։

Գեղեցիկ Ձորի, գեղատես բլուրների վրայ ծփծփում էին գոյնզգոյն դրօշակներ, որոնք ոգեւորում էին միմեանցից ժամերով հեռու դիրքերում ահեղ կռիւ մղող քաջերին, յաճախ սպիտակ ձիաւորի երեւումը եւ միշտ կեդրոնական խմբի ուրախ երգերը խրախուսում էին սոսկալի ճակատամարտը քաջութեամբ տանողներին։ Մերոնց երգերի եւ նոյն իսկ պարերի հետ խառնուող քրդական լէ՜լէ՜ներ, հրացանների հազարաւոր ճարճատիւններ ասես հարսանիք լինէր։ Եւ իսկապէս հարսանիք էր մերոնց համար, նրանք կռւում էին յանուն ազատութեան, իսկ ազատութեան զինուորի համար կռիւը իսկական հարսանիք է, իր վօթած արիւնը՝ ուրախութեան կարմիր գինի, հրացան թնդանօթների որոտումները՝ նուագածութիւն, այդ կռւում գտած մահ կամ յաղթանակը՝ հարս։

Այդտեղ Գիւզալ Դարայում, մերոնց ոգեւորող մի ուրիշ եւ աւելի զօրեղ ու նուիրական ազդակ էլ կար, Գեղեցիկ Ձորի հսկայ դրացու՝ Չուխի կարմիր քարերի տակ, յեղափոխական կարապետ զինուորներից Ագրիպասեանն ու Գօլօշեանը, ժայռերի անհուն ծանրութեան տակ տնքող իրենց շիրիմներից վրէժի երգ էին որոտում, իրենց սկսածը շարունակել էին հրահանգում։

Հայրենի երկրի այդ սրբազան վայրերում վհատուել, թուլանալ չէր լինում։

Թշնամին աշխատում էր իր պաշարողական շղթան նեղացնել եւ դրա համար էլ նա յաճախ կատաղաբար գրոհ էր տալիս մեր դիրքերի վրայ, բայց հանդիպելով զօրեղ ընդդիմադրութեան եւ տեսնելով ընկերների ձիերից գլորուիլը, նա կրկնապատիկ արագութեամբ յետ ու յետ էր փախչում։

Քիւրդը կռւում քաջ չէ, որովհետեւ բացի կողոպուտ-աւարի իդէալից՝ նա ոչնչով չէ ոգեւորւում։

Օրը մթնում էր, բայց թշնամուն դեռ չէր աջողուել մի ոտ անգամ յառաջ գնալ ե՛ւ աւելի զայրագին ու ուժգին յարձակումներ անել։ Այդ ուժգին յարձակումների ժամանակ, այն էլ զօրքերի գնդակներից, ընկան քաջեր՝ Ուզուն, Օհաննէս Ամիրխանեան, ծանրապէս վիրաւորուեց կտրիճ Գաբլօն, որ խնդրում էր ընկերներից հանգստացնել-սպաննել իրեն։ Վիրաւորւում են թեթեւ կերպով Սեդրակ Օտեան, Սահակ Բլնկօեան եւ չորս էլ ուրիշ զինուորներից սպաննւում, մինչ թշնամին փախչում էր կռուի դաշտից այնտեղ 80ից աւելի դիակներ թողնելով։

Յաղթութեան դափնին դարձեալ մերոնցն էր։

Արեւը պարտուած խաւարից, իսկ խաւարի որդի հայերի թշնամիները, յաղթուած հայերից, թողին հեռացան Գեղեցիկ Ձորից։

Հեռաւոր դիրքերից կռուող խմբերը գալիս միանում են կեդրոնականի հետ, ուշանում են միայն Մուշեղի եւ խմբերը, որոնց երկար սպասում է Աւետիսեանը, եւ երբ տեսնում է որ նրանք չեն գալիս եւ ժամանակը ուշ է, հրամայում է առաջ շարժուել։

Քալէ՛ ու կռուէ, քալէ՛ ու կռուէ։

Դ.

Գիշեր է, մթագին ու խաւարակուռ մի գիշեր, խումբը բարձրանում է դէպի Չուխի բարձունքը, որի վերելքը ցերեկով նոյնիսկ սովորական ուղեւորին դժոխային տանջանք է տալիս։ Քռոտ ու քարքարոտ սարալանջերով, սեպ-սեպ քարերի վրայով, այն էլ մութ գիշերին, օրերով քաղցած, անքուն, անհանգիստ ու տանջւած կռուողների համար ահռելի կը լինի։

Քըրը՜փ-շըրը՜փ, ընկնում են ուղեւորները, մէկի ոտն է, միւսի թեւն է, երրորդի՝ հրացանն է քարերի հետ ընդհարւում, մէկը ասես կատաղի գոմէշի նման ախոյեանի դէմ ու դէմ կանգնած գլխամարտ լինի անելիս՝ անգիտակցաբար իր ճամբին ցցուած ժայռին զարնելով. մէկը ա՜յ է կանչում, մէկը վա՜յ, միւսը ա՜խ, չորրորդը վա՜խ։ Բայց ինչ էլ որ լինի, այս բոլորին կը դիմանայ հայ ֆէդան եւ էլի առաջ կերթայ։

Երկինքն էլի յօնքերը կիտեց, քիթ ու պռունկը կախեց, թխպոտ ամպերով զգեստաւորուած սկսեց գոռգոռալ, կարկուտ ու անձրեւ թափել։




Սարսափելի՜ էր։

Հսկայական ժայռերը, փոսերը, դարաւանդները, ամէնուրեք ընկած քարերը, որոնց տեսքը արեւով անգամ զարհուրելի է, այժմ շունչ առին ու հազար լեզւով խօսիլ սկսան, հազար եղանակով երգեր ձայնեցին, ի՞նչ են ասում նրանք, ինչո՞ւ են այդպէս։ Կարկուտը թափւում, զարկւում է, անձրեւը մաղւում, իսկ ճամբորդները այս զարզանդալի միջոցումն անգամ շարունակում են վերելքը։ Պիտի բարձրանալ, միշտ դէպի վե՜ր ու վե՜ր, փրկութիւն ու կեանք միշտ դէպի վերերումն են որոնում, երկրի վրայ չգտածը՝ երկնքումն են փնտռում։

Անէծք էն գիշերին։

Բնութիւնն ու մարդիկ ժողուել իրենց հսկայական ոյժերը, վրէժխնդիր թափով, անհուն ցասումով հալածում էին ազատութեան փոքրաթիւ, բայց միշտ անվհատ զինուորներին։

Վերջապէս հասան լերան գագաթը, ուր հիւսիսի Յունուարեան սառնամանիքը փչում էր ու փչում։

Մինչեւ ոսկորները թրջուած ուղեւորները ցրուեցին այս ու այն քարի տակ, գոնէ չոր հող գտնելու, իսկ ոմանք դէզեր էին ժողւում մեծկակ ժայռերի տակ վառելու համար։

Ամպերի ու փոթորիկների յաւիտենական հարեւան Չուխի բարձունքի վրայ խարոյկները վառուեցան, խաւարը տեղ տեղ փարատուեց վայրկենաչափ։

Ե.

Նախ քան խմբերի Վանից դուրս գալը, թշնամին արդէն կազմ ու պատրաստ սպասում էր նրանց։ Բայց հայ յեղափոխականի անուան սարսափը, նրա առասպելական քաջութիւնը ու անձնուիրութիւնը, եւ Վանում նրանց դիմադրութիւնը, հազարաւորներկց կազմուած հայ բանակի հռչակը նրանց լուրջ երկիւղ էր պատճառել, այնպէս որ ճանապարհի վրայ եղած բոլոր գիւղերը, ինչպէս տեսանք, դատարկուել էին քիւրդերից։ Խօշաբից դուրս էին բերել թնդանօթները, մինչ թիւրքեր ու քիւրդերը խնդրում էին իրենց ապաստան տալ ու պաշտպանել իրենց, երբ ֆէդաներ կը տիրանան Բաշկալին ու Խօշաբին։ Այս բոլորը ի նկատի ունենալով եւ լսելով կառավարութեան հրահանգներին, Շէյխ Համիդ փաշան եւ Շէյխ Հասան, սրբազան կռուի հրաւէր կարդացին, լսեցին հրաւէր ու եկան՝ Նօր-Դուզի, Մոկաց, Ջիւլամերկի, մեծ ու փոքր Խօշաբների, Բարվար ու Բեդարի, Սօմայի, Հարքիի, եւ նոյնիսկ Կորդուաց երկրի քրդերը. Շիկակներ, Հարքիներ, Բէգզադաներ, Գառդարցիներ, Մամադցիներ, Թակուրցիք, Մլանցիք, Շամակցիք, Քօջարներ եւն. եւն. քրդական աշիրաթների բիւրաւոր հեծեալները, միանալու Բաշկալայի, Գեաւառի, Խօշաբի եւ Բարթողմէոսի զօրագնդերին։

Թշնամու այս զարհուրելի բազմութիւնը, պաշարելով հայ քաջերին Գիւզալ-Դարայում եւ չկարողանալով նրանց բնաջինջ անել, որոշում է յարձակողականից պաշտպանողական կռուի պատրաստուիլ, որովհետեւ նա սպասում էր որ Պարսկաստանից էլ հայ խմբեր կը հասնին, եւ իրենց երկու կրակի մէջ կառնեն։

Բայց իրապէս ի՞նչ էր ներկայացնում թշնամու տասնեակ հազարներին այսպէս երկիւղ ազդող հայոց ոյժն ու զօրութիւնը։ Օրերով անքուն, բանջարեղէններով ու խոտով կերակրուած, տանջուած ու իսպառ յոգնած մի բաժան-բաժան եղած խումբ, ռազմամթերքի անբաւական պաշարով, եւ այս բոլորի հետ Չուխի վրայ կարկուտով ու ցուրտով պարգեւատրուած երկնքից։

Ուժերի համեմատութեան տարբերութիւնը իսկապէս հսկայական էր։ Հերոսութեան ու քաջութեան, ճարպիկութեան ու անձնուիրութեան դափնիները, որոնք այնքան էժան են տրւում այս ու այն հասարակ զինուորին ու շքանշաններով զարդարուած, զանազան զօրավար հրամանատարներին, միայն այստեղ իսկապէս դիւցազուն քաջերին է արժանի եւ վայել։

Մինչ Աւետիսեան ու իր հաւատարիմները գտնւում էին այսպիսի ճակատագրական ու ճգնաժամային այս վիճակի մէջ, X. դէպի արեւմուտք՝ Վան էր գնում, ուր հասնելով անվտանգ, յետոյ քաջութիւն ունեցաւ արտասահմանում հրապարակային բեմերից իրեն Աւետիսեանի զինակից յայտարարել… Իսկ Մուշեղի խումբը առաջանալով դէպի արեւելք, Աղբակի Հասփստան գիւղում կռւում է քրդերի հետ, անցնում է Պարսկաստան. երբ մի լուսնկայ գիշեր, Սալմաստի հին քաղաքի վերեր քռեր ասուած բլուրների վրայ պաշարւում է քրդերից, սպաննւում ինքը Մուշեղ եւ 20 ընկերներ։ Ազատւում են 30 հոգի, որոնք կիսակենդան ու մազապուր հազիւ Սալմաստ են հասնում։

Սալմաստում յայտնւում է մեծ խմբի կէս ճամբին յետ մնալը, մինչեւ պատրաստուիլը ու հազիւ Դէրիկ հասնելը, մեծ խմբի բանը վերջանում է։

Զ.

Փոթորկոտ ու խռոված երկինքը հանդարտւում է, զայրացած ու ապա իր զայրոյթի ոճիրին ի տես նա, ասես, ցաւում է իր արարքի վրայ, քնքշանալով բոցավառում է արեւելեան հորիզոնը, քաշում է խաւարահիւս վարագոյրը արեւի երեսից, նրան դրդում է գնալ մխիթարել ու սփոփել իր կատաղութեան թշուառ զոհերին։

Խումբը շարժւում է դէպի ցած, Չուխի ապերախտ ու անհիւրընկալ բարձունքից եւ բաց դաշտում նկատւում է թշնամուց, որը տեսնելով նրա քիչւորութիւնն ու ուժասպառութիւնը՝ ուժեղ ու ամուր շղթայ կազմած, պաշարում է ու յարձակում գործում։

Տղե՛րք, ասում է Աւետիսեանը, այլեւս հասաւ մեր վերջին րոպէն, ահա փայլում է արեւի շողերի փայլից Բարթողի վանքը. գրո՛հ տանք, պատռենք թշնամու շղթան ու տիրանանք վանքի ամրութիւններին։

Բայց հարթութեան վրայ վխտացող թշնամու անհամար խմբերը թափում են հրեղէն կարկուտի կապարէ գնդակները, որոնք հնձում էին կեանքեր մէկը միւսի յետեւից։

Դէ՛, տղե՛րք, ձեզ մատա՜ղ, տղե՛րք, յառա՜ջ, անա՜հ, աներկի՜ւղ։

Ընկնում են քաջերը, մնաս բարեւի, համբոյրի էլ ժամանակ չկայ, կենդանի մնացողները շարժւում, քայլում են կիսամեռ ու անշունչ ընկերների դիակների վրայով եւ յաջողում փշրել թշնամու այն շղթան, որ կապել էր դէպի վանքը տանող ճանապարհը։

Երբ հնչում է օսմանեան չարագուշակ փողը եւ պատերազմական բուռն յարձակման հրաւէրը երգում, հայկական սրբատեղիից դուրս են գալիս կանոնաւոր զօրքերի խմբերը շարան-շարան ու դրդում քրդերին աւելի նեղցնել պաշարողական շղթան ու միանգամից գրոհ տալ։

Յարձակուող թշնամուն դիմադրելու էլ հնար չկար. հրացանների փամփուշտները հատան, այժմ մնում էր մի յանդուգն փորձ ձեռնամարտ սրերով ու ատրճանակներով։

Ու հրացանները ջարդ ու փշուր անելով, Աւետիսեանի շուրջը մնացած մի քանի տասնեակ զինուորների համարձակ, ճակատները թշնամու գնդակներին բռնած՝ յարձակւում են ու սկսում ձեռնամարտը։ Սրերը շողալ ու շառաչել են սկսում, մերթ բարձրանում կարմրած ու արեան կաթիլներով զարդարուած, մերթ իջնում ու կորչում։

Հրացանները տասնեակ հազարներով որոտում են, ամպի նման ծուխն է բռնում կանաչապատ դաշտը, սրերը շառաչում են, վիրաւորները հառաչում են, մէկ մարդը կանգնում է երկու դիակի վրայ, քայլողի ոտներն են կարմրում, արեան լճերը այս բոլորը նկարում են արեւի տակ հայելացած իրենց երեսների վրայ։

Ու քիւրդը ականատես այս կռուին երգում է.

«Մէկ գնդակը, մէկ մարդ է գլորում,

Այսպիսի կռիւ ոչ ոք չի պատմում»…

Ձեռնամարտը շարունակւում է, վայնասուն ու ճիչ, մարտի հրաւէր երգող փողի գոռ ձայնը, ձիերի խրխնջոցը, քրդական լէ՜լէ՜ների մերթ կորովի, ե՛ւ մերթ տխրալի հնչիւնները, վանքի բարձր կտուրներին ապաստանող ստրուկ-անզգայ հայերի ողբն ու կոծը միանալով խռոված Զաբի անհանգիստ ալիքների մորմոքիչ մահերգի հետ՝ կազմում են մի անպատմելի ժխոր, մի խլացուցիչ ռազմերգ՝ քաջերի ու հերոսների վերջին օրհներգը, յետնորդների համար երգած վերջին վրէժ-կտակի խնդրանուագ երգը։

Քիւրդը երգում է.

«Քաջ աշիրներ, ժողուեցէք

Շուտ Աղբակի դաշտ հասէք.

Քաջ Թարլամազ ֆէդային

Պետ հայերի հազարին,

Կռուով գալիս է Վանից

Նա մեզ զրկէ մեր կեանքից…»

 

«Աւետիսեան Մկրտիչ

Կանչեց, ընկե՛րք կտրիճ,

Շո՛ւտ, շո՛ւտ զարկէ՛ք, իմ քաջեր,

Քանի արեւ չի մտեր» ։

Հսկայական ժխորը լռեց, մի րոպե բոլորը ապուշ կտրան… Հայ քաջերն ընկան։

Թշնամին էլի խառնուեց ու վրդովուեց, այս անգամ անշնչացած դիակները ենթարկուեցան նրանց յարձակման։ Պլոկել ու կողոպտել դիակները, ահա քրդին արժանավայել ու սիրելի գործ։

Կողոպուտը վերջացնելուց յետոյ, թշնամին սկսեց հաւաքել իր զոհերի հարիւրաւոր դիակները, որոնք հայերից պակաս չէին իրենց թուով։

Լռեց Աղբակի դաշտը… ամէն ինչ վերջացաւ։ Միայն Զաբը՝ կարմրած գետը, արեան փրփուրներ իր կոհակներին խառնած, մորմոքում էր ու մրմռում։

Կանաչին դաշտի, կարմիր արնալճերի մէջ լողում էին քաջերի սիպտակ ու մօրէ մերկ մարմինները։ Մէկի գլխին, միւսի ճակտին, երրորդի թշին, չորրորդի կրծքին, եւ այսպէս բոլորի վրայ էլ ծաղկել կարմրել էր մի լալա, մէկ ախպրանց արուն՝ վէրքի բերաններ, որոնց բարբարոս քրդուհին անգամ ողբաց, ափսոսաց, ու դառնալով իր տղամարդուն յանդիմանելով երգեց.

«Դո՛ւ աշիր չես, ամօ՜թ քեզ,

Ինչո՞ւ գնացիր կռուի դաշտ.

Դո՛ւ էլ ամօ՜թ, ռօմի պէս

Յօշոտեցիր դիակներ շատ…

Ախը՜ր, ֆէդան յոգնած էր,

Նրան կարկուտ ծեծած էր,

Հօ՛ քեզ չէր նա թշնամի

Ջահէլ-ջիւան ֆէդայի…» ։

Թշնամու խուզարկութիւնները գտնում են հայերից կենդանի մնացած 5 անզէններ, որոնց ձերբակալելով՝ որոնել են տալիս եւ գտնում են Աւետիսեանի մարմինը, որը՝ ի պատիւ իր խմբապետութեան թաղում են մի բլրի վրայ առանձին։ Այժմ քաջերի շիրիմը բարձրացել է ահագին քարակոյտով, որովհետեւ իւրաքանչիւր անցորդ «Ողորմի» ասելու տեղակ, մի քար է ձգում։ Միւս օրը վանքի պարիսպներից դուրս չորս խրամատներ են փորում ու թաղում հարիւրաւոր դիակները։

Աղբակի դաշտի այս պատմական կռւում, Յունիսի 14ին, Աւետիսեանի հետ ընկան, յեղափոխական ուսուցիչ, քարոզիչ, կազմակերպող եւ կռուող՝ Գրիգորիս Աւետիսեան, Ա. Ախիկեան, Ե. Բամբակդիզեան, Սեդ. Օտեան, Կուլողլի եղբայրներ, Սանօեան Կարօն, Շահէն, Սեւ-Լաճ, Քօչար, Մհէրի Տիգրան, Հաֆթվանցի Զաքար, Մարտիրոս, Զէյթունցին, Սեմ եւ 340 նահատակներ։

Է.

Մինչ այս դէպքերը տեղի էին ունենում Գիւզալ-Դարայում եւ Աղբակի դաշտում, Մարտիկ իր 110 զինուորներով, Պետօն իր 10-20 հետեւորդներով, տակաւին մնում էին Վարագայ Կողպանց լեռնամասում, իրենց պաշտպանութեան տակ պահելով քաղաքացի եւ գիւղացի հարիւրաւոր փախստականների։ Կառավարութիւնը իմանալով այդ՝ հեծեալ եւ հետեւակ զօրքերի բազմութեամբ եւ թնդանօթներով գնաց հետամուտ եղաւ, բայց ոչինչ անել չկարողացաւ։

Վերջապէս Յունիսի 15ին Մարտիկ 70 ընկերներով, Պետօն 15 տեղացի ընկերներով մեկնեցին դէպի Պարսկաստան Աղբակ-Սարայի միջին ճանապարհով։ Իսկ մօտաւորապէս 200 անզէններ՝ Տէրօեան Տիգրանի եւ Հնչակեան զէնքեր կրող 30 զինուորների ուղեկցութեամբ՝ Վան են վերադառնում։

Այստեղ միջանկեալ կերպով պիտի ասեմ հետեւեալը։

«Դրօշակ»ը Պետօի նահատակութեան առթիւ, եւ ուրիշ շատ անգամ, նրան փառքի եւ քաջութեան ձրի ու առատ դափնիներ շռայլելուց յետոյ, նրան տալիս է «Վասպուրականի պահապան հրեշտակ» տիտղոսը։ Այժմ հարց. ի՞նչպէս էր պահապան հրեշտակութիւն անում Պետօն՝ իր մի քանի ընկերներով…։

Խումբը ասօրի ուղեցոյց Լազարի առաջնորդութեամբ անվտանգ հասնում է Սալախանայ գիւղի եւ Գարահիսարի մօտերքը՝ Քազի-Դաղ, ուր եւ հանգստանում է։

Ամէնուրեք վխտացող քրդական հեծեալները որոնցից մի խումբ կողոպուտից էր վերադառնում, միւսը հրդեհելու գնում՝ երրորդը կոտորելու, նկատում է ֆէդաների քնած խումբը եւ պաշարում, այսպէս էր պատմում այդ կռուից ազատուած մէկ ասորի՝ Վալատը։ Բայց ի՞նչպէս եղաւ, կռիւն ի՞նչպէս սկսուեց, ի՞նչպէս վերջացաւ դա տակաւին յայտնի չէ, միայն յայտնի է որ այդ կռւում զոհուեցին Հնչակեան Մարտիկի հետ որը Վանում ճանաչուած եւ սիրուած էր իբրեւ լուրջ, անկեղծ եւ բոլորանուէր մի յեղափոխական Ուսուցիչ Ցոլակ, զինուորներ արի եւ կտրիճ՝ Տրդատ, Տիգրան, Վահէն, Վարդան, Լեւոն եւ Ողմեցի Վանիկ ու Մուրատ, դաշնակցական Պետօն եւ մի հոգեւորական, որը միայն այդ դասին պատկանելուն համար յիշատակութեան է արժանանում։ Զոհուեցին Քազի-Դաղի նուիրական վայրերում 85 հայ քաջեր, ազատուեց միայն ուղեցոյց ասօրին եւ Սալմաստ հասաւ։ Հաւանական իրողութիւնն այն է, որ նա ստոր դաւաճանութեան զոհ գնաց։




ՎԵՐՋ