Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

V

«Վարագայ սար, Վարագայ վանքը. այս է իմ հանգիստ եւ խանձարրանք. ես սիրեցի այդ իմ հայրենի վայրերը, աղքատ եւ թշուառ վայրեր», ահա ինչ էր գրում ինքը Խրիմեան Վարագի մասին 1862 թւին, այսինքն Վարագում հաստատվելուց հինգ տարի յետոյ։

Այդ վանքի անունը սերտ կապված է Խրիմեանի անուան եւ նրա գործունէութեան հետ։ Վարագը—Վասպուրականի Արծւի բոյնն է։

Թող ներուի մեզ մի փոքր նկարագրել այգ բոյնը։

Վարագը գտնւում է՝ Վանից մօտ 3 ժամվայ ճանապարհի վրա, դէպի արեւելա-հարաւ։ Նա շինված է բարձրագագաթ լեռան ստորոտում, որտեղից նայում է դէպի Վան քաղաքը եւ Վանի ծովը։ Վանքի առաջ բացւում է մի գեղեցիկ տեսարան, գեղեցիկ ձորեր, դաշտեր, լեռներ, աւելի հեռու՝ Վան, ծովը, որտեղից ամարնային տաք օրերին փչում է մեղմ եւ զովարար քամի։

Արեւմտեան կողմից Վարագը շրջապատված է ձորերով եւ մի դաշտավայրով, ուր կան գեղեցիկ արտեր, հարաւից՝ Ղուրուպաշ գիւղը եւ մի մեծ լեռնաբլուր, որը բաժանում է Հայոց Ձորը Վարագի սահմանից. արեւելքից՝ Նոր գիւղը եւ Գալիլիայի կոչված լեառը. իսկ հիւսիսից՝ Կողբանց եւ Շուշանց գիւղերը, ու ս. Գրիգոր եւ Կարմրաւոր վանքերը։

Յիշեալ սահմանների մէջ՝ Վարագի շրջապատը մօտ 10 ժամվայ ճանապարհ է։ Այդ տարածութեան մեծ մասը լեռնային է, որ գեղեցիկ արօտատեղի է ներկայացնում, իսկ փոքր մասը՝ դաշտավայր, ուր կան մշակելու լաւ հողեր։ Ունի մի գետակ, որ բղխելով Գալիլիայի լեռան բարձրութիւնից՝ արագահոս կերպով անցնում է երկճիւղանի լեռների միջով եւ հասնում ներքեւ՝ դաշտավայրը, ջուր մատակարարելով լայնատարած դաշտերին։

Ինքը վանքը իր զանազան շինութիւններով՝ շրջապատված է մի ամուր հին պարսպով։ Պարիսպն ունի երկու մեծ դարպաս՝ մինը մեծ, որ բացւում է հիւսիսային կողմից՝ միաբանների եւ ուխտաւորների համար, իսկ միւսը փոքր՝ հարաւային կողմից՝ ոչխարների եւ տաւարի համար։

Վանքը բաղկացած է հետեւեալ վեց տեսակի շինութիւններից կամ բաժանմունքներից. դրսի բագ, ներսի սրահ, եկեղեցիներ, մեծ այգի, ոչխարների բագ եւ դրախտ (սա մի հրաշալի պարտէզ է եւ ծառաստան)։ Հիւսիսային մեծ դուռը տանում է դէպի դրսի բագը, իսկ այդտեղից մի դուռ տանում է դէպի ներսի սրահը, որ ներկայացնում է հետեւալ տեսարանը, մի կողմից փառաւոր հին տաճարներ, իսկ միւս կողմից քարաշէն երկյարկանի սենեակներ, որոնց վերին յարկում կառուցված են գեղեցիկ սիւնազարդ պատշգամբներ, այն տեսակ պատգամբներ, որոնք Հայաստանում կոչւում են երեսբաց (այսինքն մի կողմը բաց)։ Բագի հիւսիսային կողմից բղխում է աղբիւրը, որ կտրելով սրահը՝ անցնում է դէպի ոչխարների բագը։

Այդ շինութիւնների ամենափառաւոր մասը եկեղեցիներն են, որոնք թւով եօթն են եղել, շինված են միմեանց կից, եւ համարեա կազմում են մի ամբողջութիւն։ Մինչեւ այժմ էլ թուրքերը եկեղեցիների այդ խումբը անուանում են «Եէտի քիլիսէ» (Եօթն եկեղեցի)։ Եկեղեցիները կրում են հետեւեալ անունները. ս. Գէորգ, ս. Աստուածածին, ս. Նշան, ս. Խաչ, ս. Յովհաննէս կամ քառասուն աբեղայից եկեղեցի, ս. Սօֆիա եւ ս. Սիօն։

1097 թւականին՝ Վասպուրականում պատահած ահագին երկրաշարժը կիսով չափ աւերեց այդ եկեղեցիները, բայց եւ այնպէս ինչ որ մնացել է, կենդանի կերպով վկայում է, թէ ինչ արտասովոր շինութիւններ են եղել դրանք։ Վանքի ամեն մի անկիւնը նոյնպէս կենդանի վկայ է, որ մի ժամանակ՝ շատ դարեր առաջ՝ այդտեղ ապրում է ողոլ բազմաթիւ միաբանութիւն. վանքը յայտնի էր իր շքեղութեամբ եւ հարստութեամբ։ Ի զուր չէ Վարագը կոչւում «Մայրաքաղաք մենաստանաց»։

Վարագը պատկառելի հնութիւն է։ Վանքը կառուցված է 10-րդ դարու վերջերին, ուրեմն մօտ 900 տարվայ շինութիւն է։ Դա Վասպուրականի Արծրունեաց թագաւորների ժամանակի գործ է, յատկապէս դրա շինել տուողը Սենեքերիմ Արծրունի թագաւորն է։

Ահա թէ ինչ է ասում այդ մասին Թովմա Արծրունի պատմագիրը. «Եւ ի ստորոտ լերինն շինեաց (Արծրունի Սենեքերիմ թագաւորը) զհոյակապ եւ զհռչակաւոր մայրաքաղաք մենաստանացն զՎարագ. եւ կարգեաց ի նմա արս հաւատարիմս եւ զարդարեաց բազում կրօնաւորօք եւ երկնագումար դասու սուրբ քահանայիւք, եւ կարգեաց նոցա ռոճիկս եւ կեին ի խաղաղութեան ի գաւառն Վասպուրականի, ամենայն աշխարհաց անկելոց եւ գերելոց տեղի ապաստանի ի նմա գտանիւր»։

Եկեղեցիների մէջ մնացել են Արծրունեաց ժամանակներից շատ թանգագին յիշատակներ։ Առանձին ուշադրութեան արժանի են այն գերեզմանները, որոնք գտնւում են Ս. Գէորգ զօրավարի եկեղեցու աջակողմեան դասում։

Այդ գերեզմանները թւով երեք են, միմեանց կողքին։ Աջակողմեան տապանաքարի վրա կայ հետեւեալ երկաթագիր արձանագրութիւնը.

Այս է հանգիստ Սենեքերիմ թագաւորին [1] ։

Դրա կողքին կայ մի ուրիշ տապանաքար հետեւեալ արձանագրութեամբ.

Այս է հանգիստ Տէր Պետրոս Կաթողիկոսի, որ ի Տրապիզօն Ճորոխ արգելեաց առաջի արքային [2] ։

Սրա կողքին էլ կայ մի ուրիշ շիրիմ, որը Սենեքերիմ թագաւորի կնոջ՝ Խուշուշ թագուհու գերեզմանն է։ Դրա յիշատակութիւնը արձանագրված է ս. Սօփիա եկեղեցու ճակատին։ Սենեքերիմ թագաւորի կինը՝ Բագրատունեաց Գագիկ արքայի աղջիկն էր։

Տասներկուերորդ դարու պատմիչ Մատթէոս Ուռհայեցին հաստատում է Սենեքերիմ թագաւորի այդտեղ թաղուելը՝ հետեւեալ խօսքերով. «…. Յայսմ ամի մեռաւ Սենեքերիմ թագաւորն հայոց եւ տարան զնա ի գերեզմանն հարց իւրոց, ուր առաջին թագաւորքն հայոց թաղեալ կան ի Վարագ վանքըն սուրբ Նշանին եւ անդ թաղեցին զՍենեքերիմ ընդ հարսն իւրում»։

Երեւում է, որ Արծրունեաց թագաւորները յաճախում էին Վարագ, կամ գուցէ այնտեղ էին անց կացնում տարվայ մի յայտնի ժամանակամիջոցը։ Օրինակ՝ եկեղեցիներից մինի, այն է ս. Աստուածածնի եկեղեցում աջ եւ ձախ կողմից, թագաւորի եւ թագուհու համար տեղեր կան շինած, գեղեցիկ կամարներով։

Ահա այդ գեղեցիկ եւ պատմական յիշատակներով հարուստ վանքում բոյն դրեց Խրիմեան։

———

Մկրտիչ Խրիմեան իր գործունէութիւնը սկսեց Վարագում 1857 թւին։ Նա եկել էր այդտեղ նախամտածած ծրագրով եւ դիտաւորութիւններով։

Ամենից առաջ նա որոշեց հիմնել այստեղ՝ Կենտրօնական ժառանգաւորաց դպրոց, տպարան, մի ամսագիր, եւ մի գրադարան-թանգարան։

Իր բոլոր որոշումներն էլ նա իրագործեց։

Ժառանգաւորաց դպրոցը հիմնեց Վարագում 1857 ուի մարտի 1-ին։ Դա առաջին դպրոցն էր ամբողջ Հայաստանում, որտեղ սկսեցին դաս տալ բնական գիտութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, հայոց պատմութիւն։

Այդ դպրոցով Խրիմեան վճռեց միանգամայն ջախջախել հին դասատւութիւնը, մտցնել նոր առարկաներ, դասատւութեան նոր եղանակ։ Ժառանգաւորաց դպրոցը մի նոր դպրոց էր, որ աշխատում էր իր հիմքը հաստատել հին դպրոցի աւերակների վրա։

Սկզբում դպրոցը զետեղվեց այն շինութեան մէջ, որը գտնւում էր Վարագի ներքին սրահի աղբիւրի մօտ։ Այդ շինութիւնը երկյարկանի էր։ Վերին յարկում դպրոցն էր, ներքին յարկում՝ տպարանը։

Վերջումը Խրիմեան դպրոցի համար շինեց աւելի յարմար շինութիւն, մեծ պատուհաններով, եւ տպարանի համար էլ պատրաստեց առանձին շինութիւն։

Դպրոցի նախկին շինութեան մէջ վերջը ապրում էր ինքը Խրիմեան։

Դպրոցի ներսն էլ կատարեալ նորութիւն էր ամենքի համար։ Աշակերտները այլ եւս չէին նստում գետնին, դօշակների վրա. դասարաններում դրած էին յարմար նստարաններ։ Դպրոցը հիմնվեց սկզբում 30 աշակերտի համար։ Այդ թւի համեմատ էլ պատրաստված էր ննջարան եւ սեղանատուն։ Ննջարանում տիրում էր օրինակելի մաքրութիւն։ Աշակերտների շորերը հասարակ էր, բայց մաքուր։ Սեղանաքանը աշակերտները ստանում էին պարզ, բայց մաքուր եւ սննդարար կերակուր, վանքի միաբանների հետ միասին։

Ամբողջ դպրոցի մէջ տիրում էր կարգ ու կանօն. յարաբերութիւնները միանգամայն բարեկամական էին եւ նոյն իսկ ընկերական։ Ամբողջ վանքը կարծէք մի ընտանիք լինէր, որի անդամների մէջ տիրում էր փոխադարձ յարգանք, սէր եւ պարտաճանաչութիւն։

Պարապմունքները վերջացնելուց յետոյ, աշակերտները, օրը մէկ ու կէս ժամ, գնում էին զբօսնելու՝ վանքի գեղեցիկ շրջականերում։

Աշակերտների թիւը սկզբում քսան էր, շուտով աւելացաւ։

Դրանց մէջ կային 13 տարեկան պատանիներից սկսած մինչեւ 25 տարեկան երիտասարդներ։ Խրիմեան դրանց ժողովել էր Հայաստանի զանազան կողմերից, մեծ մասամբ Վասպուրականից եւ Վանից։

Դպրոցի գլխաւոր ղեկավարը, ինչ ասել կուզէ, ինքը Խրիմեանն էր։ Նա ամեն ջանք թափում էր, որպէս զի դպրոցը թէ ներքին եւ թէ արտաքին կողմից լինի անպայման օրինակելի, որովհետեւ Խրիմեանի նպատակն էր այդ դպրոցով օրինակ տալ ամբողջ Հայաստանին եւ նոր տեսակ դպրոցների հիմք դնել։

Տպարանը, որ հիմնեց Վարագում, Խրիմեանի սիրած երկրորդ գործն էր։ Հայաստանում առաջին տպարան հիմնողը եւ առաջին լրագիր հրատարակողը՝ նա է։

Առաջին մարդը, որ յիսունական թւականներին, սրանից մօտ կէս դար առաջ յայտնեց, թէ կարելի է Հայաստանի այս կամ այն կենտրօնում տպարան հիմնել եւ լրագիր հրատարակել, Խրիմեանն էր։ Եւ նրան դրա համար շատերը խենթ էին կարծում։

Ինչ կըսէ այս մարդը, խենթ է, թէ երեխայ, ասում էին Պօլսի էֆէնդիները եւ ուսները թափ տալով հեռանում։

Սակայն շատ շուտով իրականացաւ այն, ինչ որ խենթութիւն էր համարւում։

Խրիմեան բերել տուեց Կ. Պօլսից մամուլ, թուղթ, տառեր, մի խօսքով ինչ որ հարկաւոր է տպագրութեան համար, եւ 1857 թւից սկսեց հրատարակել ամսագիր։

Դա «Արծուի Վասպուրական» ամսագիրն է, որի անունը լաւ յայտնի է հայութեան։

Տպարան հիմնել եւ ամսագիր հրատարակել մի այնպիսի տեղում, որը կտրված է քաղաքակիրթ աշխարհից, որտեղ չը կար դպրոց, որտեղ մարդիկ գրել կարդալու թշնամի էին, ուր մինչեւ անգամ չեն էլ լսել եւ չը գիտեն թէ ինչ բան է տպարանը, մամուլը, լրագիրը, ուր վերջապէս չը կայ պօստ, հաղորդակցութիւն, կը նշանակէ ճշմարիտ մի այնպիսի յանդուգն ձեռնարկութիւն սկսել, որը հասարակ մարդկանց կարծիքով՝ կատարեալ խենթութիւն է, եւ որն իրագործել կարող են միայն Խրիմեանի պէս մարդիկ։

Երբ մամուլը եւ տառերը հասան Վարագ, Խրիմեան իրան այնքան երջանիկ զգաց, որ մոռացաւ իր կրած բոլոր նեղութիւնները։

Իսկոյն մամուլը զետեղեց յարմար շինութեան մէջ, եւ կարճ միջոցում բաց արաւ տպարանը։ Շարողները մեծ մասամբ աշակերտներ էին Պարապմունքներից ազատ ժամանակ՝ աշակերտները եւ միաբանները աշխատում էին տպարանում. ոմանք շարում էին, ոմանք թուղթ…

Երկար ժամանակ չանցած՝ լոյս տեսաւ Հայաստանի առաջին ամսագրի՝ «Արծուի Վասպուրականի» առաջին համարը։

Դա մի տօն էր Վարագի համար. մի անմոռանալի օր՝ Խրիմեանի համար։

Այդպիսի օրերը չեն մոռացւում…

Աւելորդ չենք համարում ամսագրի մասին մի քանի մանրամասնութիւններ առաջ բերել։

«Արծուի Վասպուրականը» լոյս էր տեսնում ամիսը մի անգամ։ Իւրաքանչիւր համարը բաղկացած էր լինում մօտ 30 երեսից, մեծ դիրքով։ Կազմի ճակատին նկարած է մի գեղեցիկ, թեւատարած արծիւ, որի կտուցում բռնած ժապաւէնի վրա գրած է երկու բառ՝ «Արծուի Վասպուրական»։ Նրանից ներքեւ այս տողերը. «Թռուցեալ հայրենասէր թեւօք յԱրծրունի մենաստանէն Վարագայ». Խմբագիր հայրենախօս՝ Մկրտիչ վարդապետ Խրիմեան։

Առաջին երեսի վրա տպած է մի ուրիշ, հետաքրքրական պատկեր. մի կողմից երեւում է Վարագը՝ իր բարձրութեան վրա. հեռաւորութեան վրա տեսնւում է Վանայ ծովը եւ Վանը. Վարագի կողմից լոյս է ծագում. իսկ օդի մէջ սաւառնում է Արծիւը՝ կտցում մի թուղթ, հետեւեալ երկու բառով «Ողջոյն հայրենեաց»։

Դա Խրիմեանի ողջոյնն է իր հայրենիքին…

Ամսագիրն ունէր երեք գլխաւոր բաժին։

1) Հանդէս Աստուածապաշտութեան, որի մէջ արծարծւում էին քրիստոնէական բարձր գաղափարներ, գրւում էին նշանաւոր եկեղեցականների կենսագրութիւնները եւ գործերը։

2) Հանդիսարան հայրենաշէն առաքինաց, որի մէջ խօսւում էր նշանաւոր թագաւորների, իշխանների եւ առհասարակ պատմական մեծ անձնաւորութիւնների մասին, աշխատելով պարզել, թէ ինչ մարդիկ էին նրանք եւ ինչ արեցին, նկարագրելով Հայոց պատմութեան բոլոր նշանաւոր շրջանները եւ պատմական բոլոր նշանաւոր հերոսներին։

3) Տեսարանք հայրենեաց, որտեղ տրւում էին նշանաւոր հնութիւնների, վանքերի, քաղաքների եւ գիւղերի նկարագրութիւնները, ժողովրդի կենցաղավարութեան հետ միասին։ Դա երկրի ուսումնասիրութիւնն էր։

4) Թանգարան հայկական դպրութեանց. այդ մասի մէջ տպագրւում էին մանրամասն տեղեկութիւններ այն բոլոր հին եւ նոր ձեռագիրների եւ գրքերի մասին, որ Խրիմեան ձեռք էր բերում Հայաստանի զանազան կողմերից։

Վերջապէս ամսագրի մէջ կար եւ մի ուրիշ բաժին, բուն բարոյակրթական նիւթերի եւ այլ ընթացիկ տեղեկութիւնների համար։

Սկզբում ամսագրի ոչ թէ միայն խմբագրողը, այլ եւ գլխաւոր գրողը ինքը՝ Խրիմեանն էր։ Նա իր ազդու յօդուածներով, որոնց մէջ արտափայլում էր նրա հոգին եւ միտքը, զարդարում էր ամսագրի էջերը։ Իսկ ամսագրի գոյութեան երրորդ տարվանից արդէն, Ժառանգաւորաց դպրոցի աշակերտները, որոնք մեծ առաջադիմութիւն էին արել եւ բաւական մտաւոր պաշար ձեռք բերել, սկսում են աշխատակցել եւ իրանց գրած յօդուածները ու ոտանաւորները տպագրել։ Մեծ եռանդով գրում էին ամսագրում Ժառանգաւորաց դպրոցի աշակերտներից՝ Գարեգին Սրուանձտեան (այժմ Գարեգին եպիսկոպոս Սրուանձտեան), Գալֆագճեան (վերջումը վարդապետ), նոյնպէս Արսէն Թոխմախեան (վերջումը Արսէն վարդապետ Թոխմախեան), եւ ուրիշները։ Երբեմն երբեմն գրում էին եւ միաբանները։ 60-ական թւականների սկզբներում սկսեցին երեւալ «Արծուի» մէջ նոյնպէս եւ Րաֆֆի մի քանի կտոր գրուածքները, որ այն ժամանակ գրում էր Յակոբ Մէլիք-Յակոբեան ստորագրութեամբ։

Խրիմեան անընկճելի կամքը եւ եռանդն էր, որ կարողանում էր պարբերաբար լոյս ընծայել ամսագիրը, որովհետեւ ամեն քայլափոխում սարսափելի դժուարութիւնների էր հանդիպում։ Մի քանի տարի անցկացաւ, մինչեւ որ կարելի եղաւ Վարագում ունենալ փոքր ի շատէ փորձված գրաշար, տպագրիչ, մելանահար։ Տեսնելով, որ ամեն անգամ՝ տառ պակասած ժամանակ, պէտք է դիմել Կ. Պօլիս, որ մի քանի ամիս էր քաշում, Խրիմեան Վարագում կազմակերպեց մի փոքրիկ ձուլարան ես։

Պատահում էին եւ այնպիսի րօպէներ, երբ եռանդոտ վարդապետի սիրտը ճաքում էր։— Յանկարծ թուղթը սպառւում էր. Թուղթ չը կայ։ Կ. Պօլսից պիտի գայ. չէ գալիս։ Ստիպւում էին ամսագրի համարը ուշացնել։ Ի՞նչ պէտք է անեն. Վանում թուղթ կամ մելան։

Վերջապէս մի կերպ տպագրում էին համարը, գիշեր ցերեկ աշխատելով։ Համարները պէտք է ուղարկել բաժանորդներին։ Բայց կարաւան չը կայ։ Պօստ չը կար. «Արծուի Վասպուրականը» հեռաւոր բաժանորդներին ուղարկւում էր կարաւանների միջոցով. եւ եթէ պատահում էր, որ մի քանի ամիս շարունակ կարաւան չէր լինում, համարներն էլ մնում էին։ Այդպիսով յաճախ բաժանորդներն ամիսներով չէին ստանում «Արծիւը», որին, պէտք է ասել, սիրով սպասում էին, եւ աւելի մեծ սիրով կարդում, որովհետեւ ամսագիրը ներշնչված էր ոգեւորող զգացմունքներով, գեղեցիկ գաղափարներով։

«Արծուի Վասպուրականը»— ինքը Խրիմեանն է։

Իրան Խրիմեանին՝ վերջումը անուանեցին Վասպուրականի Արծիւ։

Իր ամեն մի տողում Խրիմեան ցոլացնում էր հայրենասիրական խոր զգացմունք, անսահման սէր դէպի մարդիկ։ Նա նոյն ոգին էր ներշնչում իր աշակերտներին, որոնք իրանց կողմից՝ իրանց վարդապետի մտքերի եւ զգացմունքների մոլեռանդ տարածողներն էին։

«Արծուի Վասպուրականը» աշխատում էր արթնացնել թմրած ժողովրդին, հանում էր պատմութեան խորքերից նախնիքների փայլուն գործերը եւ դնում հայութեան առաջ, պատկերացնում էր փառաւոր անցեալը, եւ ապա տխուր սրտով նկարագրելով այն խաւարը եւ թշուառութիւնը, որով շրջապատված է ժողովուրդն իր բնիկ հայրենիքում— կանչում էր նրան դէպի առաջադիմութիւն, դէպի լոյս, դէպի վերածնութիւն…

Եւ նրա ձայնը արձագանք էր գտնում։

Ժողովրդի ականջին հասաւ Վարագից հնչող ձայնը, եւ նա սկսեց սիրել Խրիմեանին այն անխարդախ եւ անկեղծ սիրով, որով միայն ժողովուրդը կարող է սիրել։

Խրիմեանի անունը սկսեց հռչակվել…

Ահա թէ ինչ էր գրում նա 1862 թւին.

«… Ես Արծիւ, ցանկացող կենաց եւ բարեաց իմ Հայաստանին. նորա լերանց վերայ խոյացայ, նորա դաշտն ու հովիտը ողջունեցի. նորա գեղն եւ քաղաքը, շէնն ու աւերակ ես տեսայ, իջեւանեցի եւ անցայ. շատ տեղեր լացի եւ երբեմն ուրախացայ. տեսածներս ամեն պատգամ յօրինեցի եւ ձեզ, ով իմ ընթերցողք, ձեզ նուէր բերի, ձօնեցի։

«Իմ շրջան այժմ եւ յաւէտ Հայրենեաց սահմանի մէջն է. ես Հայաստանի սիրահար հաւ մի եմ. իմ ձայն ու եղանակ Հայաստանի եւ հայրենասիրի երգ է. թէ լամ՝ այդ անունը կը յիշեմ. թէ գեղգեղեմ՝ այդ անունը կը հնչեմ. վերջապէս դա իմ սէրն է, իմ տէրն է, ես նրա անձնանուէր գերին եմ։

«Դուք, որդիք Հայաստանի, ուր որ հանդիպեցաք ձեր Արծւոյն, սիրեցիք զինքը, ողջագուրեցիք, գրկեցիք զինքը…»

———

Վարագի անունը հռչակւում էր։

Պատմական վանքը նոր ոգի, նոր կեանք էր ստացել։ Նախկին ամայութեան փոխարէն տիրում էր կեանք։ Աւերակները նորոգւում էին, կառուցանւում էին նոր շինութիւններ։ Վանքի բոլոր կողմերում, որտեղ բոյն էին դրել օձերը եւ մողէսները, տնկում էին ծառեր, այգիներ, պարտէզներ։

Վարագի դպրոցից՝ աշակերտների միջոցով եւ տպարանից՝ «Արծուի Վասպուրականի» միջոցով դուրս էին բղխում նոր մտքեր, նոր գաղափարներ, վերածնութեան նոր ոգի։ Այդտեղից իբրեւ մի հնոցից՝ չորս կողմը տարածւում էր լոյս, ոգեւորութիւն, կայծեր…

Թմրած հայ ժողովրդի վերածնութեան համար Խրիմեան ունէր մի ընդարձակ ծրագիր։ Նրա կարծիքով հարկաւոր էր ժողովրդի մէջ մտցնել նոր հասկացողութիւններ եւ ձգտումներ, որ նա կարողանայ ըմբռնել իր նեղ վիճակը եւ շարժուի դէպի առաջ։ Հին սերնդի վրա նա բոլորովին յոյս չունէր։ «Եթէ կը փափագենք, գրում էր նա, որ հայրենեաց երկրի անդաստանը բազմապատիկ պտուղներ տայ, հոգ տանենք աւելի գարնանապսակ մատաղ տունկերուն, որոնց դալար ճիւղերուն՝ գաղափարները շուտով կը պատուաստուեն իրարու հետ ու կը միանան։ Ընդունայն եւ զուր տեղ չաշխատենք հաստացած ու պնդացած մեծամեծ ճիւղերը պատուաստելու, որոնք մինչեւ գերեզմանին դուռը երբէք միանալ չունեն նոր աշխարհի ուսումնածաղիկ մատաղ տունկերուն հետը. թէեւ բիւր եղանակ աշխատես կամ գրչի սուր տապարաներով սպառնաս»։

Շատ լաւ ուսումնասիրելով հայ ժողովուրդը, նա եկել էր այն եզրակացութեան, որ դարերով ստրկացրած, քարացած ժողովրդի հին սերնդին գաղափարներ պատուաստելը համարեա անհնարին է, եւ պէտք է ուշք ու միտքը նուիրել նոր, մատաղ սերնդին…

Խրիմեանի մտածողութեան առարկան միայն Վարագի դպրոցը եւ մամուլը չէին. նա գիշեր ցերեկ աշխատում էր, որ դրանց ազդեցութիւնը տարածուի Հայաստանի բոլոր կողմերում եւ դրանցից օրինակ առնեն։

Հիմնելով Ժառանգաւորաց դպրոցը եւ «Արծուի Վասպուրականը», նա միայն իր ահագին ծրագրի հիմքն էր դնում։

Նա նպատակ ունէր պատրաստել լաւ վարժապետներ ժողովրդական դպրոցների համար եւ լաւ հոգեւորականներ՝ ժողովրդի համար։

Հայաստանի բոլոր կողմերում կան հարիւրաւոր վանքեր, ահագին շինութիւններով եւ եկամուտներով։ Հայ ժողովուրդը այդ վանքերին կտակել է ահագին հարստութիւններ։ Մի ժամանակ այդ վանքերը ահագին դեր էին կատարում, իսկ այժմ միայն նրա համար են, որ այնտեղ կեցող միաբանութիւնը ուտի վանքի եկամուտները եւ աղօթք անի։ Աղօթելով ժողովուրդ չի փրկուիլ։ Ուստի նա առաջարկում էր այդ վանքերում, ընտրելով ամենայարմարները, բաց անել Ժառանգաւորաց դպրոցներ, որոնք պիտի պահվեն գլխաւորապէս վանքի հաշւով, եւ այնտեղ ձրիաբար ուսում առնեն ժողովրդի զաւակները, գլխաւորապէս այն նպատակով, որ վերջումը դրանք իրանց նուիրեն հոգեւորական կամ վարժապետական կոչման։ Վանքերում հիմնվելի Ժառանգաւորաց դպրոցները, Խրիմեանի ծրագրով, չը պէտք է լինէին բուն վանական դպրոցներ, այլ նոր ձեւի, նոր կազմակերպութեան ուսումնարաններ։

Դպրոցների հետ միասին՝ Խրիմեան առաջարկում էր հիմնել այդ վանքերում՝ տպարան, գրքեր եւ նոյն իսկ պարբերական հրատարակութիւններ տպագրելու համար։ Նոյն այդ միտքն է որ մտցրված է Սահմանադրութեան մէջ, որի յօդուածներից մինը հետեւեալն է ասում. «Բոլոր վանքերը ազգին բարոյական զարգացմանը ծառայելու պարտաւոր են. ուստի ամեն մէկը իր կարողութեան չափով՝ ունենալու է Ընծայարան, Թանգարան, Տպարան, Հիւանդանոց եւ ասոնց պէս ուրիշ ազգօգուտ հիմնարկութիւններ»։

Վանքերի Ժառանգաւորաց դպրոցներով պէտք է հիմք դրվէր։ Խրիմեանի երկրորդ եւ ամենագլխաւոր ցանկութիւնը ժողովրդական դպրոցն էր։ Յիսունական թւականներից արդէն նա մշակում էր այդ ծրագիրը, եւ եռանդով քարոզում էր բանալ ժողովրդի համար՝ ժողովրդական դպրոցներ։ «Ո՞վ է վճռեր հայ ժողովրդեան համար, որ այս տգիտութեան կամ դժոխական զնդանին մէջ յաւիտեան տանջուի»— բացականչում էր դեռ սրանից մօտ յիսուն տարի առաջ Վասպուրականի Արծիւը, պատմելով որ ամբողջ Հայաստանի մէջ մի հատ դպրոց չը կայ, եւ ամբողջ Հայաստանի մէջ Դիոգենէսի լապտերով պէտք է փնտրել մի հատ ուսեալ մարդ…

Հասկանալի է, ուրեմն, թէ ինչքան պիտի ուրախանար Խրիմեան, երբ լսում էր թէ մի ուրիշ տեղում էլ բացւում է՝ իր Ժառանգաւորաց դպրոցի նման դպրոց, կամ թէ միտք կայ մի տպարան հիմնելու։ Օրինակ, երբ 1858 թւին Խրիմեան լսեց թէ բարձր Հայքում, Կարինի մօտ գտնվող ս. Լուսաւորիչ վանքում մտադրութիւն ունեն բանալու Ժառանգաւորաց դպրոց՝ շրջակայքի համար, նա այնպէս ուրախացաւ, ինչպէս այն հայրը, որ գտնում է կորած որդուն։ Ամեն մի նոր դպրոց հիմնելը՝ նա համարում էր փառաւոր յաղթանակ՝ խաւարի եւ գերութեան դէմ։

———

Այդ բոլորը, ինչ որ պատմեցինք, գործի ուրախալի կողմն էր։ Բայց նա ունէր եւ իր շատ  տխուր կողմերը։

Ամեն կողմից թշնամութիւն, նենգամիտ մատնութիւններ, որոգայթներ. ահա թէ ինչով էին վարձատրում Խրիմեանին նրա հակառակորդները, գլխաւորապէս կղերը։

Դեռ երկու տարի չէր լրացել՝ որ Վարագում հաստատվել էր, այն է 1858 թւի վերջերին, Խրիմեան ստիպվեց գնալ Պօլիս, որ նախ արդարանայ իր դէմ եղած մատնութիւններից, եւ մի փոքր էլ դրամական օգնութիւն բերի իր մեծածախս գործի համար։

Վանից Պօլիս գնալը հեշտ բան չէր։ Գնացողը գուցէ եւ չը վերադառնար։ Տխուր սրտով Խրիմեան մնաս բարով ասեց Վարագին եւ Վանին։ Վարագում պատարագ մատուցեց. ապա, հայկական սովորութեամբ, Այգեստանի ս. Աստուածածին եկեղեցումն էլ պատարագ մատուցեց ի յիշատակ իրանց տան ննջեցեալների։ Այցելեց Վանի նահանգապետ փաշային, եւ խնդրեց, որ մինչեւ իր գալը մի փոքր աւելի հոգ տանի Վարագի ապահովութեան վրա։ Երբ իմացան Խրիմեանի մեկնելը, գիւղացիները, որոնք երդւում էին Խրիմեանի անունով, շրջակայ գիւղերից հաւաքվեցին, որ ստանան նրա հրաժարական ողջոյնը։

Խրիմեան աջողութեամբ հասաւ Պօլիս։ Իր դէմ լարած ինտրիգնները ոչնչացրեց, եւ մի փոքր էլ դպրոցի համար դրամական օժանդակութիւն հաւաքելով, եւ մի նոր մամուլ առնելով՝ շտապելով վերադարձաւ Վարագ։

Սպասեցէք, ձմեռն անցնի. ճանապարհները երկիւղալի են, ասում էին Պօլսի նրա բարեկամները։ Գուցէ կարաւան կը պատահի. ն կարաւանի հետ կերթանք։

Չեմ կարող, որդիքս ինձ սպասում են. ասում էր Խրիմեան եւ ճանապարհ ընկնում։

Սակայն խաւարամիտ կղերի եւ աղաների թշնամութիւնը ծածուկ կերպով առաջ էր գնում։ Նրանք աշխատում էին, որ Վարագը եկամուտներից զրկուի, որ դպրոցն էլ փակուի, տպարանն էլ։ Խրիմեան մարդկային ոյժից վեր ջանքեր էր անում, որ համ իր թշնամիների լարած որոգայթների մէջ չընկնի, համ էլ առաջ մղի այն գործը, որին ինքը նուիրված էր։

Առաւօտից մինչեւ երեկոյ քրտինք էր թափում, խորհում, միջոցներ էր որոնում։

Մի-մի անգամ, երեկոյեան պահուն, երբ աշակերտները եւ միաբանները իրանց սենեակները քաշված՝ զբաղված էին լինում, Խրիմեան յոգնած, սրտնեղած՝ գնում նստում էր Վանքից դուրս, մի քարի վրա, որտեղից բացւում է գեղեցիկ տեսարան դէպի Վանի ծովը։

Յոգնած, վաստակած՝ թիկունքը ժայռին տալով՝ նա նայում էր դէպի Վան, դէպի շրջակայ գիւղերը, եւ հազարաւոր մտքեր գալիս պաշարում էին նրան։

«Կը գայ արդեօք մի օր, մտածում էր նա այդ առանձնութեան մէջ, որ այլ եւս այսքան անարդար կերպով չը տանջվենք, չը չարչարվենք։ Կը գայ արդեօք այն օրը, երբ մեր գիւղացին հանգիստ կերպով կը վայելէ իր հալալ աշխատանքը, եւ այս երկրում կը տիրի արդարութիւն եւ խաղաղութիւն։ Կը գայ արդեօք մի օր, երբ մեր այս ձորերում, ուր միայն աւազակների հրացանի տրաքոց է լսւում, լսուի երկաթուղու շոգեկառքի սուլոցը, եւ մենք էլ ունենանք հեռագիր, պօստ. դպրոցներ։ Կը տեսնի արդեօք Վասպուրականի այս մեծ քաղաքը իր պատերի մէջ մի համալսարան, որտեղ այս աշխարհի երիտասարդները, որոնք այժմ օտար երկիրներում, պանդխտութեան մէջ իրանց կեանքն են մաշում, ուսում առնէին, գիտութիւն ձեռք բերէին եւ բաղդաւոր ապրէին։ Եւ կը գայ արդեօք այն օրը…

Վարդապետի դէմքը ծածկվեց խորին տխրութեամբ։ Նրա մէջ կարծէք կռւում էին երկու զգացմունք։ Նա չը գիտէր հաւատայ, թէ ոչ։

Յանկարծ նա ժպտաց, նրա դէմքը փայլեց՝ ինչպէս վաղորդեան արշալոյս։

Կը գայ, բացականչեց նա հրճուանքով. հարկաւոր է միայն աշխատել եւ գործել։

Եւ միւս օրը սկսում էր աշխատել եւ գործել՝ աւելի մեծ եռանդով, աւելի մեծ հաւատով։



[1]            Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագաւորը ապրում էր 10-րդ դարի վերջերին եւ 11-րդ դարու սկզբներին։ Երբ սելջուկները, Տուղրիլ-բէգի առաջնորդութեամբ յարձակվեցան Վասպուրականի վրա, Սենեքերիմը փորձեց դիմադրել։ Բայց վերջումը տեսնելով, որ անկարող պիտի լինի նրանց առաջն առնել, դիմեց հետեւեալ անպատւաբեր միջոցին. առաջարկեց իր թագաւորութիւնը յունաց Վասիլ Բ. կայսրին, խնդրելով դրա փոխարէն Սեբաստիա քաղաքը, իր աննշան շրջակներով, որպէս զի ինքն այնտեղ ապահով ապրի։ Կայսրը սիրով ընդունեց եւ Սենեքերիմ իր տնով եւ իշխաններով ու զօրքով տեղափոխվեց Սեբաստիա 1021 թւին։ Պատմութիւնը աւանդում է, որ մեռնելուց յետոյ՝ նրան բերեցին եւ թաղեցին Վարագում։

[2]            Այդ այն Պետրոս կաթողիկոսն է, որ պատմութեան մէջ յայտնի է Պետրոս Գետադարձ անունով։ Պատմական աւանդութիւն կայ, որ իբրեւ թէ Պետրոս կաթողիկոսը, 1022 թւին, յունաց Վասիլ կայսրի ներկայութեամբ, Ջրօրհնեաց օրը, Ճորոխ գետի ջուրը կանգնեցրեց, որի պատճառով եւ կոչվեց Գետադարձ ։ Պատմութիւնն աւանդում է, որ իբրեւ թէ այդ հրաշքը նա գործել է Կենաց փայտով։