VII
1862
թւին
Խրիմեանի
առաջ
բացվեց
գործունէութեան
մի
նոր
լայն
ասպարեզ,
—
այն
է
Տարօնը։
Տարօնի
ամբողջ
վիճակի
ազգային
եւ
եկեղեցական
գործերը
տակն
ու
վրա
էին
եղել։
Ս.
Կարապետի
նշանաւոր
վանքը
դարձել
էր
անգործ
վանականների
բոյն,
որոնք
ուտում,
փչացնում
էին
վանքի
ահագին
եկամուտները,
առանց
մի
օգուտ
տալու։
Հարկաւոր
էր
մի
մարդ,
որ
կարգի
բերէր
այդ
բոլորը։
Պատրիարքարանը
եւ
Ազգային
վարչութեան
խառն
ժողովը
կանգ
առան
Խրիմեանի
վրա,
որի
վերաշինող
ոյժը
խոստովանում
էին
նրա
թշնամիներն
անգամ,
մանաւանդ
որ
ինքը
Տարօնի
հայ
ազգաբնակութիւնը
փափագ
էր
յայտնել
իր
մէջ
տեսնելու
այն
համբաւոր
վարդապետին,
որի
արեւով
երդւում
էր
Վասպուրականը։
Խրիմեան
նոր
պաշտօն
չէր
սպասում։
Կ.
Պօլսի
կարգադրութիւնը
անսպասելի
էր
ամբողջ
Վարագի
համար։
Մի
գեղեցիկ
օր
Վարագ
հասաւ
արքունի
հրովարտակը,
եւ
ապա
եկաւ
Կ.
Պօլսից
ուղարկված
յատուկ
հրաւիրակը,
որ
մի
մշեցի
էր,
ու
բերեց
Պատրիարքարանի
կողմից
պաշտօնական
թուղթը,
որով
ծանուցանում
էին,
թէ
Մկրտիչ
վարդապետը
նշանակված
է
Տարօնի
առաջնորդ
եւ
ս.
Կարապետի
վանքի
վանահայր,
վերապահելով
նրան
եւ
Վարագի
վանահայրութիւնը։
Այդ
լուրը
կայծակի
պէս
տարածվեց
ամբողջ
Վասդպուրականում։
Խրիմեանի
աշակերտները
եւ
բարեկամները
չը
գիտէին
տխրեն,
թէ
ուրախանան։
Մի
կողմից
տխրեցին,
որ
պէտք
է
զրկվեն
իրանց
սիրած
մարդուց,
իսկ
միւս
կողմից
ուրախ
էին,
որ
նա
ստանում
է
մի
մեծ
պաշտօն
եւ
միջոց
պիտի
ունենայ
ծառայելու
ահագին
վիճակի
ժողովրդին։
Խրիմեանի
համար
ծանր
էր
բաժանվել
Վարագից։
Վարագը
նրա
գեղեցիկ
նախաձեռնութիւնների
օրօրոցն
էր։
Բայց
նա
չէր
կարող
չը
բաժանվել,
որովհետեւ
օգնութեան
էր
կարօտ
այն
երկիրը,
ուր
պիտի
գնար։
Նախ
քան
ճանապարհ
ընկնելը՝
Խրիմեան
զանազան
կարգադրութիւններ
արեց,
որպէս
զի
իր
բացակայութեան
ժամանակ
էլ
Վարագի
գործերը
իրանց
կարգով
առաջ
գնան։
Վարագի
միաբաններից
Մեսրովպ
վարդապետին
կարգեց
վանքի
արտաքին
եւ
ներքին
կառավարութեան
փոխանորդ.
Ժառանգաւորաց
դպրոցի
վարչութեան
ղեկը
յանձնեց
Եզնիկ
վարդապետին.
իսկ
տպարանը
յանձնեց
առաջադէմ
աշակերտների
ընկերակցական
հոգատարութեան,
գլխաւոր
տեսչութիւնը
իրան
թողնելով։
Կազմեց
մի
ուսումնական
խորհուրդ՝
զարգացած
միաբաններից։
Այդ
խորհուրդը
պէտք
է
ղեկավարէր
վանական
եւ
դպրոցական
բոլոր
գործերը,
եւ
միայն
բարդ
ու
դժուար
գործերը
պատահած
ժամանակ
պիտի
դիմէր
վերատեսչին,
այն
է
Խրիմեանին։
Ուսումնական
խորհուրդը
պարտաւոր
էր
մանրամասն
հաշիւ
պահել
ելքի
ու
ծախքի,
իր
արած
կարգադրութիւնների
եւ
առհասարակ
այն
բոլոր
բաների
մասին,
որոնք
տեղի
պիտի
ունենային
Վարագում։
1862
թւի
օգոստոսի
19-ն
էր։
Մի
սրտաճմլիկ
օր
Վարագի
համար։
Այդ
օրը
Խրիմեան
հրաժարական
ողջոյն
պիտի
տար
եւ
ճանապարհ
ընկնէր։
Աշակերտները
եւ
միաբանները
հաւաքված
դպրոցում՝
սպասում
էին։
Վանից
հարիւրաւոր
մարդիկ
էին
եկել
գնաս
բարեաւ
ասելու։
Ամենքի
ներկայութեամբ
մի
առ
մի
յայտարարելով
թէ
ինչ
կարգադրութիւններ
է
արել
եւ
ում
ինչ
պաշտօն
է
յանձնել,
Խրիմեան
դիմեց
ներկայ
եղողներին՝
եւ
գլխաւորապէս
իր
աշակերտներին
մի
քանի
սրտաճմլիկ
խօսքերով.
«Չի
ուրախանայ
Արծուին,
—
ի
միջի
այլոց
ասաց
նա,
—
եւ
պիտանի
չէք
ազգին,
եթէ
լոկ
ուսմամբ
լինի
ձեր
յառաջադիմութիւնը։
Իմ
պարծանք
ձեր
առաքինութիւնն
է,
ձեր
բարի
վարք։
Ձեր
եղբայրասիրութեան
քաղցր
պտուղներ
ես
տեսնելով
եւ
ազգ
վայելելով՝
ուրախ
պիտի
առնէք
եւ
փառաւորէք
ոչ
միայն
զմարդիկ
եւ
հայրենիք,
այլեւ
զԱստուած
եւ
երկինք։
Դուք
կապրէք,
կուսանէք
ազգի
եւ
հայրենեաց
համար։
Հայրենիք
ձեզ
կը
սպասէ.
դուք
Աստուծով
զօրացած
եւ
երջանկացած
Հայրենիքի
բարի
յոյսեր
պիտի
լինէք…
Ահա
ես
կերթամ
իմ
նոր
նուիրական
կոչմունքիս։
Կացէք
յիս
եւ
ես
ի
ձեզ։
Ձեզանից
չեմ
հրաժարեր,
ձեզանից
չեմ
հեռանար.
այլ
զձեզ
զօրացուցանելու
կը
գնամ։
Իմ
վստահութիւն
եւ
հաւատարմութիւն
պահեցէք
եւ
պսակեցէք
ձեր
սիրով,
ձեր
բարի
համբաւով
եւ
ձեր
ժրաջան
եւ
գովելի
յառաջադիմութեամբ։
Պիտի
աշխատեմ
ես
փոյթ
ընդ
փոյթ
ձեզ
այցելութիւն
առնել.
մի
տրտմիք։
Կացէք
Աստուծով,
կացէք
սիրով,
կացէք
ինձմով»։
Հետեւեալ
օրը,
երկուշաբթի
վաղ
առաւօտեան՝
Խրիմեան
ճանապարհ
ընկաւ։
Միաբանները
եւ
աշակերտները
երգեր
երգելով՝
բաւական
տեղ
նրան
ճանապարհ
դրեցին։
Բաժանման
րօպէին
Խրիմեան
չը
կարողացաւ
թագցնել
իր
յուզմունքը։
Աշակերտները
վերադարձան
վանքը
արտասուքն
աչքերին։
———
Խրիմեան
վճռել
էր
ս.
Կարապետի
վանքում
տպարան
հիմնել,
ուստի
իր
հետ
վերցրեց
Վարագի
երկու
մամուլից
մինը
եւ
այն
բոլոր
պարագաները,
որոնք
պէտք
էին
տպարանի
համար,
եւ
նոյն
իսկ
երկու
գրաշար,
որոնք
այդ
արհեստը
սովորել
էին
Վարագում։
Նրա
հետ
միասին
գնացին
երկու-երեք
ուսուցիչ
եւ
Ժառանգաւորաց
դպրոցի
մի
քանի
աշակերտներ՝
Տարօնում
ուսուցչութիւն
անելու
համար։
Ահա՛
դրանցից
էր
կազմված
ամբողջ
կարաւանը։
Վասպուրականից
դէպի
Մուշ
եւ
Տարօն
կարաւաններ
շատ
էին
գնում
գալիս.
բայց
այդ
տեսակ
կարաւան
ոչ
գնացել
էր
եւ
ոչ
եկել։
Ճանապարհորդները
վաճառականներ
չէին
եւ
ոչ
էլ
իրանց
բեռները՝
ապրանք։
Ձիաներին
բեռնած
էին
մամուլ,
տառեր,
թուղթ,
մելան,
գրքեր.
իսկ
ձիաւորները՝
զէնքի
փոխարէն
զինաւորված
էին
այն
գաղափարներով
եւ
ծրագիրներով,
որոնք
մշակվել
էին
Վարագում՝
Խրիմեանի
հնոցում…
Այս
կարաւանը
տանում
էր
Տարօն
լոյս,
ցրվելու
համար
այն
խաւարը
եւ
թշուառութիւնը,
որ
դարերից
եւ
վեր
պատել
էր
Մուշը,
ինչպէս
մշուշ…
Վերջապէս
հասան
Տարօն։
Տարօ՜ն…
«աշխարհ
Մամիկոնեան,
աշխարհ
քաջաց
եւ
դպրութեան»
—
գրում
էր
ինքը
Խրիմեան։
Որքա՜ն
ախորժելի
էր
հնչում
այդ
անունը
նրա
ականջին։
Այդ
երկրի
ամեն
մի
անկիւնը,
աւերակը
յիշեցնում
էին
այն
մեծամեծ
գործերը
եւ
պատմական
այն
երեւելի
անձինքներին,
որոնց
յիշատակը
խնկելի
է
իւրաքանչիւր
հայի
համար։
Այդտեղ,
Տարօնումն
էր,
որ
Գրիգոր
Լուսաւորիչը,
Տրդատի
ժամանակ,
կատաղի
կռիւ
մղեց
կռապաշտութեան
դէմ։
Հեթանոս
հայերը՝
զէնքը
ձեռքին՝
պատերազմ
յայտնեցին
քրիստոնէութեան
Քարքէ
լեռան
ստորոտներում։
Սակայն
քրիստոնէութիւնը
յաղթեց,
եւ
կռատների
աւերակների
վրա
Գրիգոր
Լուսաւորիչը
հիմնեց
ս.
Կարապետի
վանքը։
Այդտեղ,
Տարօնումն
էր,
որ
ապաստան
դտաւ
ճենացի
իշխանազն
Մամգունը,
փախչելով
իր
թագաւորի
վրէժխնդրութիւնից,
որից
եւ
սկսվեց
Մամիկոնեան
նախարարութիւնը,
որ
տուեց
ազգին
այնպիսի
մեծ
մարդիկ,
ինչպէս
Վարդան
եւ
Վահան
Մամիկոնեանները։
Տարօնը
տուեց
մեզ
եւ
ուրիշ
մեծ
մարդիկ։
Տարօնի
Հացիկ
գիւղիցն
է
Մեսրոպը,
որ
գտաւ
հայոց
տառերը
եւ
Սահակ
Պարթեւի
հետ
միասին
մտաւոր
յեղափոխութիւն
առաջ
բերեց
Հայաստանում։
Տարօնցի
է
եւ
Մովսէս
Խորենացին,
հինգերորդ
դարու
այդ
հանճարեղ
մտածողը,
մեր
տաղանդաւոր
պատմագիրը։
Իսկ
այժմ…
այժմ
նախնեաց
քաջագործութիւնների
վայրերում
ապրում
էր
մի
ժողովուրդ,
տգէտ,
յուսահատ,
հարստահարված,
աղքատ
եւ
թշուառ,
անընդունակ
մի
մեծ
մարդ
ծնելու,
մի
մեծ
գործ
կատարելու…
Եւ
Խրիմեան
գնում
էր
գործելու
այդ
ժողովրդի
մէջ։
Ժողովուրդը,
որ
լսում
էր
Խրիմեանի
համբաւը,
սիրով
ընդունեց
նրան։
Միայն
վանականները
եւ
առհասարակ
հոգեւորական
դասը,
այլ
եւ
մի
խումբ
աշխարհական
ազդեցիկ
անձինք,
որոնք
անարգել
կերպով
կողոպտում
էին
վանքերը,
շատ
թշնամաբար
ընդունեցին
նոր
առաջնորդին։
Խրիմեան
հաստատվեց
ս.
Կարապետի
վանքում։
Այդ
վանքը,
որ
յայտնի
է
ամբողջ
Հայաստանում
«Մշու
սուլթան
ս.
Կարապետ»
անունով,
վաղուց
ի
վեր
մեծ
ուխտատեղի
է
հայերի
համար։
Հայաստանի
ամեն
կողմերից՝
իւրաքանչիւր
տարի
գալիս
են
այդ
«մուրազատու»
վանքը
հազարաւոր
ուխտաւորներ,
որոնք
իրանց
ջերմեռանդութեան
նուէրները
առատ
առատ
տալիս
են
վանքին
եւ
միաբաններին։
Նա
ունի
մեծ
կալուածքներ
եւ
ահագին
եկամուտներ։
Խրիմեան
ուրախ
էր,
որ
այդ
ահագին
եկամուտներով
կարող
կը
լինի
իր
ծրագիրները
իրագործել,
եւ
այլ
եւս՝
Վարագի
նման՝
դրամի
նեղութիւն
չէր
կրիլ։
Նա
ուզում
էր
հիմնել
ս.
Կարապետում
կենտրօնական
Ժառանգաւորաց
դպրոց,
ամբողջ
վիճակի
համար
լաւ
ուսուցիչներ
եւ
հոգեւորականներ
պատրաստելու
նպատակով։
Բայց
դրանից,
այդտեղ
պիտի
հաստատվէր
տպարան,
ուր
պէտք
է
տպագրվէին
գրքեր
եւ
նոյն
իսկ
մի
պարբերական
հրատարակութիւն։
Վանքի
մէջ
գոյութիւն
ունեցող
ողորմելի
դպրոցը
նա
կարգի
բերեց,
կամ
աւելի
լաւ
է
ասել
քանդեց
եւ
նորը
հիմնեց,
եւ
ուսումնական
մասը
յանձնեց
իր
հետ
բերած
ուսուցիչներին։
Վիճակի
զանազան
կողմերից
քիչ-քիչ
հաւաքեց
ընդունակ
պատանիներ,
որպէս
զի
նրանք
իրանց
ուսումը
աւարտելուց
յետոյ՝
իրանց
նուիրէին
վարժապետական
կամ
հոգեւորական
կոչման։
Դպրոցական
գործը
կարգի
բերելուց
յետոյ՝
Խրիմեան
իր
ամբողջ
ուշք
ու
միտքը
դարձրեց
տպարանին։
Կարճ
միջոցում
ամբողջ
Տարօնը
ականատես
եղաւ,
թէ
ինչպէս
ս.
Կարապետի
վանքից,
հրաշքի
նման,
դուրս
են
գալիս
գրքեր,
որոնց
մասին
ժողովուրդն
այն
համոզմունքն
ունէր,
թէ
նրանց
տպելու
տեղը
կամ
Պօլիսն
է
միայն,
կամ
ծովերի
այն
կողմի
աշխարհը…
Դեռ
տարին
չը
լրացած՝
Խրիմեան
գնաց
Վարագ։
Աննկարագրելի
է
այն
ուրախութիւնը,
որ
տիրեց
ամբողջ
Վարագին,
երբ
պաշտելի
վարդապետը
մտաւ
վանքը։
Դա
մի
տօնախմբութիւն
էր
վանքի
համար։
Խրիմեան
եկել
էր
Վարագ,
տեսնելու
թէ
ի՞նչպէս
են
գնում
գործերը,
եւ
իր
աշակերտներից
եւ
գործակիցներից
մի
քանիսին
վարդապետ
[1]
ձեռնադրել
տալու։
1863
թւի
մայիսին,
Կ.
Պօլսում,
Ալէաթճեանի
(այժմ
Գրիգորիս
եպիսկոպոս
Ալէաթճեան)
խմբագրութեամբ
հրատարակվող
«Թռչնիկ
Պեզասեան»
թերթը
հրատարակեց
մի
անսպասելի
լուր.
—
այն
է
թէ՝
«Հայաստանի
հրեշտակ
Խրիմեանի
աշխատութեամբ
Մշոյ
վանքի
մէջ
պիտի
հրատարակուի
մի
կիսամսեայ
թերթ՝
«Արծուիկ
Տարօնոյ»
անունով»։
Այդ
լուրը
ճշմարտութիւն
էր։
1863
թւի
մայիսին
լոյս
տեսաւ
«Արծուիկ
Տարօնոյ»
առաջին
համարը։
Դա
առաջին
հայերէն
լրագիրն
էր
Տարօնում,
ինչպէս
«Վասպուրականի
Արծիւը»՝
Վասպուրականում։
Նոր
թերթի
խմբագրութիւնը
Խրիմեան
յանձնեց
իր
աշակերտ
Գարեգին
Սրուանձտեանին
(այժմ
եպիսկոպոս),
որին
նա
իր
հետ
բերեց
վերջին
անգամ
Վարագից։
Սկսվեց
եռանդուն
գործունէութիւն։
Տոկուն
ուսուցիչը
իր
աշակերտների
եւ
համախոհների
հետ՝
գիշեր
ցերեկ
հոգում
էին
իրանց
ծրագիրները
իրագործելու
մասին.
—
«Արծուիկի»
մէջ
գրում,
քարոզում
էին.
աշխատում
էին
հիմնել
նորանոր
դպրոցներ,
պաշտպանում
էին
ժողովրդի
իրաւունքները։
Խրիմեանի
աշակերտները,
իբրեւ
ուսուցիչներ
կամ
հոգեւորականներ,
տարածվելով
զանազան
կողմեր՝
տարածում
էին
իրանց
ուսուցչի
գաղափարները
եւ
մտքերը…
Այդ
գաղափարները
եւ
մտքերը՝
թափանցում
էին
ժողովրդի
մէջ,
ինչպէս
ջրի
կաթիլները
հողի
մէջ…
Ահա
այդ
ժամանակն
էր,
որ
Խրիմեանի
անձնաւորութամբ
ոգեւորված
աշակերտները
նրան
սկսեցին
«Հայրիկ»
անուանել,
որ
կարճ
միջոցում
տարածվեց
Տարօնում,
եւ
ապա
ընդհանրացաւ
ամբողջ
ազգի
մէջ։
Այժմ
ամեն
մի
հայ
Խրիմեանին
«Հայրիկ»
է
անուանում։
Մինչեւ
1864
թւի
վերջերը
Հայրիկի
գործերն
աջող
գնացին։
Մտաւոր
թմրութիւնից
արթնացող
ժողովուրդը՝
ինքնաճանաչութեան
նշաններ
էր
ցոյց
տալիս,
եւ
դա
ոգեւորում
էր
Խրիմեանին։
Սակայն
այդ
թւականի
վերջերում
մի
փոթորիկ
բարձրացաւ
Խրիմեանի
դէմ,
որը
քանի
գնաց
սարսափելի
եւ
ահռելի
դարձաւ։
Այդ
փոթորիկը
տեւեց
մինչեւ
1869
թիւը,
այն
է
մինչեւ
Տարօնից
հեռանալու
տարին։
Այդ
հինգամեայ
շրջանը
կռւի
շրջան
էր։
Կռիւ
խաւարի
դէմ,
կռիւ
խաւարի
որդկերանց
դէմ։
Թշնամութիւնը
սկսվեց
հէնց
ս.
Կարապետի
վանքից։
Վանքի
մէջ
բուն
դրած
միաբանները,
տգէտ,
անուս
վանականները,
ոչինչ
չանելով
եւ
անհոգութեան
մէջ
պարարտացնելով
իրանց
մարմինը,
անխնայ
վատնում
էին
վանքի
եկամուտները,
ուտում
խմում,
քէֆեր
էին
անում
եւ
վանքերից
գողանում
իրանց
ազգականներին
էին
տալիս։
Ահա
թէ
ինչպէս
է
նկարագրում
Խրիմեան
այդ
ժամանակի
հոգեւորականների
կեանքը.
«Ուտեմ
ըզ
միս
եւ
ըզ
մատաղ,
զխորովուն
գառըն
կարմրած,
Ուտեմք
ըզճաշ
ըզ
խարիսայ
իւղն
ի
վերայ
լիճ
լիճ
լըցեալ.
Ուտեմք
ըզկաթըն
մաքեաց
եւ
ըզմածունըն
սերակապ,
Ուտեմք
զանհալըն
կարագ
եւ
ձագուց
մեղր
ըզհետ
նորա.
Ուտեմք
եւ
յափրանամք
նընջեմք
ի
խուց,
խորտամք
անհոգ,
Ոչ
գիրք
Աստուածաշունչ,
ոչ
այլ
մատեանք
մեր
սուրբ
նախնեաց
Ոչ
ուսանեմք,
ուսուցանեմք
զբանն
Աաստուծոյ
առ
ժողովուրդս.
Թողեալ
զԱւետարան,
պաշտենք
սեղան
եւ
զուխտաւորս,
Թողեալ
զուխտ
կոչման
մերոյ
լընումք
ըզպէտըս
մարմնաւորս…
Ոչ
առաքեալ
ոչ
մարտիրոս
վասն
աշխարհին
հայոց
եղեալ…
Ոչ
հովիւ
հօտին
սիրող,
ոչ
առաջնորդ
ժողովրդեան.
[2]
Եւ
այդ
բոլորը
մնում
էր
անպատիժ,
առանց
պատասխանատւութեան։
Եւ
ահա
յայտնւում
է
մի
մարդ,
որ
ասում
է.
«Դուք
իրաւունք
չունիք
վատնելու
ազգի
նուէրները.
դուք
իրաւունք
չունիք՝
առանց
մի
օգուտ
բերելու,
փչացնել
վանքի
եկամուտները։
Այս
վանքը
ազգինն
է.
նրա
եկամուտները
պէտք
է
ազգի
պէտքերին
ծառայեն»։
Այդ
ասողը
Խրիմեանն
էր,
որ
անխնայ
կերպով
սկսեց
սանձահարել
վանականների
անհաշիւ
շռայլութիւնները
եւ
զեղխութիւնները,
հաշւի
տակ
դրեց
վերջին
ղրուշը։
Վիճակի
վանքերը
կարգի
բերեց։
Կարգադրեց,
որ
եկամուտները
խնայեն,
դպրոցներ
պահելու
համար
Նշանակվեցին
հսկողներ։
Այլ
եւս
հնար
չը
կար
գողանալու
եւ
թալանելու…
Այդպես
էր
վարվել
Խրիմեան
Վասպուրականում,
այդպէս
վարվեց
եւ
Տարօնում։
Հասկանալի
է
թէ
ի՞նչն
էր
ուրեմն
նրա
դէմ
սկսված
թշնամութեան
պատճառը։
Վանական
հոգեւորականութիւնը
չը
դիմացաւ
այդ
զգալի
հարուածին
եւ
գլուխ
բարձրացրեց։
Դրանց
հետ
միացան
եւ
այն
ազդեցիկ
էֆէնդիները,
որոնք
ապրում
էին՝
խեղճ
ժողովրդին
հարստահարելով
եւ
վանքերը
թալանելով։
Խրիմեանի
այդ
տեսակ
թշնամիների
գլխաւոր
կենտրօններն
էին՝
Կ.
Պօլիսը,
Վանը,
Կարինը,
Մուշը։
Այն
դասակարգը,
որին
Կ.
Պօլսում
անուանում
էին
«Խաւարեալք»,
եւ
որն
ունէր
իր
ներկայացուցիչները
յիշեալ
քաղաքում,
դէմ
էր
այն
ոգուն,
որ
տարածում
էր
Խրիմեան,
եւ
միանգամայն
վնասակար
էր
համարում,
որ
նրա
շնորհով
ժողովուրդը
սկսել
է
աչք
բանալ,
գլուխ
բարձրացնել։
Ուստի
ուզում
էին
միանգամից
ջախջախել
այն
գլուխը,
որ
սովորեցնում
էր
ուրիշներին
գլուխ
բարձրացնել։
Մի
երկու
ազդեցիկ
անձինք
Կ.
Պօլսում,
մի
եպիսկոպոս
եւ
մի
քանի
էլ
աշխարհականներ
Վասպուրականում,
մի
քանի
սեւահոգի
վարդապետներ
Տարօնում
եւ
մի
քահանայ
էլ
Կարինում,
—
ահա
այն
ղեկավարները,
որոնք
ուղղութիւն
էին
տալիս
Խրիմեանի
եւ
նրա
հետեւողների
դէմ
սկսած
պատերազմին։
Սկզբներում,
երբ
Խրիմեան
դեռ
Վարագումն
էր,
նրա
թշնամիները
աշխատում
էին
արգելք
դնել
նրա
գործունէութեան,
գրգռելով
նրա
դէմ
խաւար
ամբոխը։
Կը
պատմենք
մի
փաստ։
Վարագում
Խրիմեան
հիմնել
էր
մի
թանգարան,
որտեղ
նա
հաւաքում
էր
Հայաստանի
զանազան
կողմերից՝
հին
ձեռագիրներ,
դրամներ,
եւ
այլ
հնութիւններ։
Մի
անգամ՝
մի
հովիւ
գտել
էր
մետաղեայ
կիսարձան։
Խրիմեան
մեծ
դժուարութեամբ
կարողացաւ
ձեռք
բերել
այդ
կիսարձանը,
որը,
ինչպէս
ենթադրում
էին,
հեթանոս
Հայաստանի
կուռքերից
մինի
կիսարձանը
պիտի
լինէր։
Այդ
կիսարձանը
Խրիմեան
դրեց
թանգարանում,
որտեղ
ի
միջի
այլոց
կային
հին
աւետարաններ։
Եւ
ահա
Խրիմեանի
թշնամիները
սկսեցին
համոզել
ամբոխին,
թէ
Խրիմեան
իր
աշակերտների
հետ
միասին՝
կուռք
է
պաշտում,
որը
պահում
է
քրիստոնէական
աւետարանի
կողքին։
Բանն
այնտեղ
հասաւ,
որ
մի
գեղեցիկ
օր՝
ամբոխը
պատրաստւում
էր
գնալ
Վարագ՝
եւ
քարուքանդ
անել
կռապաշտների
մեհեանը՝
թանգարանը։
Խրիմեան
հազիւ
հազ
կարողացաւ
համոզել
ժողովրդին
թէ
այդ
բոլորը
սուտ
է
եւ
շինծու։
Մոլեռանդ
ամբոխին
գրգռելու
համար,
Խրիմեանի
թշնամիները
այս
տեսակ
շատ
միջոցների
էին
դիմում։
Սակայն
անաջող։
Անձնուէր
վարդապետի
գործերը
շատ
շուտով
կապեցին
նրա
հետ
ժողովրդին,
որը
եւ
դարձաւ
նրա
բարեկամը։
Տեսնելով,
որ
այդ
միջոցը
անաջող
եղաւ,
թշնամիները
սկսեցին
ուրիշ
տեսակ
միջոցների
դիմել.
—
փորձում
էին
վախեցնել
կամ
սպանել
տալ
Խրիմեանին՝
մի
որ
եւ
է
վարձկան
թուրքի
կամ
քուրդի
ձեռքով,
որ
ոչ
ոք
չը
կարողանայ
կարծել
էլ՝
թէ
այդտեղ
կարող
է
խառն
լինել
մի
հայի
կամ
մի
հայ
կրօնաւորի
մատը։
Մի
օր
Խրիմեան
Վարագից
ոտքով
գնում
էր
Վան։
Ճանապարհին
նրան
հանդիպում
է
մի
քուրդ։
Քուրդը
յանկարծ
կանգ
է
առնում,
դէմքը
գունատւում
է,
ոտքերը
սկսում
են
դողալ։
—
Բարեկամ,
ի՞նչ
է
պատահել,
ինչու
շփոթվեցիր,
հարցնում
է
Խրիմեան։
—
Ես
ուզում
էի
քեզ
սպանել,
պատասխանում
է
քուրդը։
—
Ապա
ինչո՞ւ
չը
սպանեցիր։
—
Աստուած
չը
թողեց,
ասում
է
քուրդը՝
ընկնելով
Խրիմեանի
ոտները
եւ
խնդրելով
որ
ների։
—
Գնա
գործիդ,
միայն
ոչ
ոքի
չը
պատմես,
ասաց
նրան
Խրիմեան։
Եւ
այդ
մասին
ինքը
մի
բառ
անգամ
չարտասանեց
ոչ
մի
տեղ։
Տարօնում
եղած
ժամանակն
էլ
այդպիսի
փորձեր
շատ
եղան
Հայրիկի
դէմ։
1865
թւի
սկզբներին,
երբ
Խրիմեան
արդէն
Տարօնումն
էր,
նրա
թշնամիները,
որպէս
զի
կտրեն
ոչ
թէ
միայն
Խրիմեանի,
այլ
եւ
նրա
բոլոր
աշակերտների
թեւերը,
սկսեցին
դիմել
մի
նոր
միջոցի,
—
այն
է՝
մատնութեան։
Հնարում
էին
ամեն
տեսակ
զրպարտութիւններ
եւ
սոսկալի
լուրեր,
եւ
այդ
բոլորը
հաղորդում
նահանգապետ
փաշային
կամ
ուղղակի
Կ.
Պօլիս։
Գլխաւոր
մատնութիւն
անողները
չորս
վարդապետներ
էին,
որոնք
մնում
էին
ս.
Կարապետի
վանքում։
Թէ
ինչ
տեսակ
միջոցների
էին
դիմում,
այդ
երեւում
է
հետեւեալ
փաստից,
որ
հաղորդում
է
Կ.
Պօլսի
լրագիրներից
մինը
[3].
«Այս
չորս
վարդապետք
ի
ներկայութեան
Յովհ.
եպիսկոպոսի
1,
000
դրուշի
պարտամուրհակ
մը
տուած
են
մշեցի
Համբարձում
պարտատէրին,
որ
ի
նպաստ
իրենց
եւ
ի
վնաս
Խրիմեանի
աղերսագիր
տայ։
Մշեցի
կօշկարար
Յակոբին
1,
000
դրուշի
պարտամուրհակ
տուած
են՝
Խրիմեանի
դէմ
բողոքելու
համար,
բայց
իրողութիւնն
յայտնվելով՝
Խառն
ժողովին
ներկայացաւ։
Պարտամուրհակը
Ներսէս
եպիսկոպոսին
քովն
է»։
Ահա
մի
ուրիշ
փաստ,
որ
հաղորդել
է
նոյն
լրագիրը
1865
թւին.
«Խրիմեանի
հակառակորդ
չորս
վարդապետք՝
չորրորդ
անգամ
նրան
մատնել
են
անհիմն
ամբաստանութեամբ
լեցուն
հանրագրութիւն
մը
մատուցանելով
կուսակալին։
Այդ
հանրագրութիւն՝
Չէրքեսներին
ասկէց
հեռացնելու
համար
է
ըսելով՝
միամիտ
ժողովրդին
ստորագրել
տալով՝
կուզեն
եղեր
Բ.
Դրան
ղրկել»։
Մատնութիւնները
քանի
գնում
ծանր
կերպարանք
էին
առնում։
Կասկածի
տակ
էին
դրված
ոչ
թէ
միայն
Խրիմեանը,
այլ
եւ
նրա
բոլոր
գործերը
եւ
գործակիցները։
Հարկաւոր
էր
հերքել
զրպարտութիւնները,
որպէս
զի
գործը
չը
վնասուի։
Ուստի
Խրիմեան
ստիպվեց
թողնել
Տարօնը
եւ
Կ.
Պօլիս
գնալ։
1865
թւին՝
Կ.
Պօլիս
գալով
մի
առժամանակ
մնաց
այնտեղ։
Նոյն
թւականին
վերադարձաւ
Տարօն,
բայց
երկար
չը
կարողացաւ
մնալ։
1866
թւի
մարտին
կրկին
ստիպվեց
գնալ
Կ.
Պօլիս՝
ահագին
նեղութիւններով։
Մատնութիւնների
պատճառով՝
Տարօնը
տակն
ու
վրա
էր
եղել։
Յուզված
դրութեան
վերջ
տալու
համար,
թիւրքաց
կառավարութիւնը
կարգադրեց,
որ
մի
յանձնաժողով
կազմուի
այդ
բոլորը
քննելու
եւ
մանրամասն
տեղեկութիւններ
կազմելու
համար։
Յանձնաժողովը
քննեց
բոլոր
մատնութիւնները
եւ
ամբաստանութիւնները,
բայց
չը
գտաւ
մի
փաստ,
որի
հիման
վրա
կարելի
լինէր
մեղադրել
Խրիմեանին
հակակառավարչական
նպատակների
մէջ։
Խրիմեան
արդարացաւ։
Ժողովրդին
խաղաղացնելու
համար՝
կառավարութիւնը
թոյլ
տուեց,
որ
Հայրիկ
վերադառնայ
եւ
շարունակի
իր
պաշտօնը։
Սակայն
այդ
խաղաղութիւնը
երկար
չը
տեւեց։
Սկսվեցին
նոր
մատնութիւններ,
նոր
ամբաստանութիւններ։
Թշնամիները
կաշառում
էին,
ում
կարող
էին,
որ
սուտ
վկայութիւն
տան։
Մարդիկ
էին
վարձում
որ
գիշեր
ժամանակ՝
կամ
ճանապարհ
գնալիս՝
ծածուկ
սպանեն
Հայրիկին։
—
Իմ
հակառակորդացս
ոսկին
պիտի
հատնի,
բայց
իմ
համբերութիւնս
չը
պիտի
սպառի.
կը
համբերեմ,
մինչեւ
արդարութիւնը
հասնէ
եւ
պաշտպանէ
զանմեղութիւնը,
ասում
էր
Հայրիկ։
Շատ
անգամ
էր
պատահում,
որ
գիշերը,
Հայրիկի
սենեակի
պատուհանների
մօտ
հրացաններ
էին
արձակում։
Դրանք
վարձկան
քուրդեր
էին,
որ
ուզում
էին
սպանել
նրան։
Բայց
նա
չէր
յուսահատւում։
Ժողովրդի
սէրը,
որ
աճելով
աճում
էր,
ոգեւորում
էր
նրան։
Ժողովուրդը
չէր
ուզում
բաժանվել
նրանից։
Տարին
մի
երկու
անգամ
Մուշի
եւ
Պուլանըխի
բնակիչները
հանրագրեր
էին
ուղարկում
պատրիարքարան,
խնդրելով
որ
Խրիմեան
մնայ
Տարօնում,
եւ
նրա
հակառակորդները
հեռացնվեն
իրանց
միջից։
Տարաբախտաբար
պատրիարքարանի
եւ
ազգային
վարչութեան
շատ
կարգադրութիւններ
մնում
էին
անիրագործելի։
Պատրիարքարանը
կարգադրում
էր,
որ
խռովարար
վարդապետները
հեռանան
Մուշի
վանքից,
իսկ
նրանք,
յոյս
դնելով
Պօլսի
իրանց
հովանաւորողների
վրա՝
աւելի
էին
յանդգնանում
եւ
աւելի
մեծ
խռովութիւններ
յարուցանում։
Ահա
փաստը։
Այդ
սարսափելի
խռովութիւնների
միջոցին,
մի
օր
Խրիմեան
վերադառնում
էր
ս.
Կարապետի
վանքը։
Տեղի
ունեցաւ
մի
անսպասելի
դէպք։
Նրա
թշնամիները
փակել
տուեցին
վանքի
դռները
եւ
թոյլ
չը
տուեցին,
որ
նա
մտնի
ներս։
Այդ
լուրը
կայծակի
արագութեամբ
տարածվեց
շրջակայքում։
—
Դաշտի
հայերը
հաւաքվեցին,
շրջապատեցին
Հայրիկին
եւ
առաջնորդեցին
նրան
դէպի
վանքը։
Սակայն
բանից
երեւաց,
որ
հակառակորդ
վարդապետները
պատրաստութիւն
էին
տեսել
եւ
մի
խումբ
զինված
քրդեր
էին
կանգնեցրել։
Երկու
կողմի
մէջ
սկսվեց
կատաղի
կռիւ։
Հայ
վարդապետները՝
զինաւորված
քրդերի
միջոցով
կռիւ
էին
մղում
Հայրիկի
եւ
ժողովուրդների
դէմ։
Տեսնելով
որ
բանը
արիւնահեղութեան
է
հասնում,
Խրիմեան
աղաչանքով
եւ
աղերսանքով
հանգստացրեց
կռւողներին,
եւ
մի
առ
ժամանակ
վտանգից
ազատ
մնալու
համար՝
հեռացաւ
Տարօնից
եւ
գնաց
Կարին՝
ապաստան
գտնելու։
Վանականները
սկզբում
շատ
ուրախացան,
որ
փախցրին
Խրիմեանին,
բայց
տեսնելով,
որ
ժողովուրդը
սկսում
է
յուզվել,
իրանց
արդարացնելու
համար
ամեն
կողմ
տարածեցին
զրպարտութիւններ,
որ
իբրեւ
թէ
նա
կողոպտել
է
վանքի
գանձը,
գողացել
է
խաչեր,
աւետարաններ…
Կարինից
Խրիմեան
գնաց
Կ.
Պօլիս։
Իսկ
Տարօնում
հալածական
եղած
Հայրիկի
աշակերտները
եւ
գործակիցները
ցիր
ու
ցան
եղան։
Նրանց
էլ
հալածում
էին,
ինչպէս
նրանց
առաջնորդին։
Դպրոցը
տակն
ու
վրա
եղաւ։
«Արծիւը»
խափանվեց
կառավարութեան
ձեռքով,
տպարանը
փակվեց։
Սկսածը
թերի
մնաց…
Շատ
չանցած,
Կարինի
առաջնորդ
Յարութիւն
եպիսկոպոս
Վեհապետեան
պատրիարքարանի
կողմից
գնաց
ս.
Կարապետի
վանքը՝
իբրեւ
քննիչ։
Քննելով
բոլոր
իրողութիւնները,
տեղեկացրեց
պատրիարքին,
որ
վանականները
անպայման
յանցաւոր
են։
Դրանցից
վեցը
դատապարտվեցին
եւ
աքսորվեցին
Երուսաղէմի
վանքը։
Մի
առ
ժամանակ
Պօլիս
մնալով՝
Խրիմեան
վճռեց
վերադառնալ
Տարօն։
Ժողովուրդը
նրան
ընդունեց
մեծ
սիրով։
Հայրիկ
նորից
սկսեց
իր
ընդհատված
գործունէութիւնը։
Բայց
ամենից
առաջ
նա
ներեց
իր
թշնամիներին,
խնդրելով
որ
վերադարձնեն
Երուսաղէմ
աքսորված
վարդապետներին…
1868
թւին
Խրիմեան
գնաց
Էջմիածին։
Նրան
համոզեցին,
որ
եպիսկոպոս
ձեռնադրուի։
Էջմիածնում
այդ
թւականին
մեռօնօրհնութիւն
կար,
եւ
այդ
պատճառով
ամեն
կողմից
մեծ
բազմութիւն
էր
հաւաքված։
Ամենքի
հետաքրքրութեան
առարկան
Հայրիկն
էր։
Խրիմեան
վարդապետը
Գէորգ
կաթողիկոսի
ձեռքով
ձեռնադրվեց
եպիսկոպոս
«Տանն
Տարօնոյ»
եւ
վերադարձաւ
Մուշ։
Նա
պատրաստեց
գործունէութեան
մի
աւելի
լայն
ծրագիր։
Բայց
այլ
եւս
ժամանակ
չը
կար
այդ
ծրագիրը
իրագործելու,
որովհետեւ
պէտք
է
թողնէր
Տարօնը։
1869
թւին
մի
անսպասելի
լուր
հասաւ
Մուշ։
Կ.
Պօլսի
ազգային
վարչութիւնից
հեռագիր
ստացվեց,
որով
ծանուցանւում
էր
թէ
Խրիմեան
ընտրված
է
Կ.
Պօլսի
հայոց
պատրիարք։
Ինքը
Մուշի
փաշան
անձամբ
եկաւ
վանքը՝
հաղորդելու
այդ
ընտրութիւնը
եւ
շնորհաւորելու։
Հոկտեմբերի
3-ին
Խրիմեան
մեկնեց
Տարօնից։
Նրա
թշնամիները,
որ
աչքով
աչք
չունէին
նրան
նայելու,
այժմ
ամեն
բան
կը
տային,
որ
արժանանային
նրա
մի
ժպիտին,
որովհետեւ
նա
այժմ
մի
հասարակ
վանահայր
չէր,
այլ
պատրիարք…
Իսկ
Տարօնի
ժողովուրդը
մի
կողմից
շատ
տխուր,
որ
բաժանւում
է
սիրելի
Հայրիկից,
միւս
կողմից
անչափ
ուրախ
էր,
որ
պատրիարքական
գահի
վրա
պէտք
է
նստի
նա,
որը
իր
աչքի
լոյսի
նման
սիրում
է
ժողովրդին։
Խրիմեան
Տարօնից
ճանապարհ
ընկնելը
մի
փառաւոր
հանդէս
էր։
Թիւրքաց
կառավարութիւնը
ուղարկել
էր
յատուկ
պաշտօնեաներ
եւ
մի
վաշտ
զինուորներ։
Տարօնի
բոլոր
կողմերից
հայ
կամաւորները՝
ձիաւորված
եկել
էին
Հայրիկին
ճանապարհ
գցելու։
Խրիմեան
վանքից
դուրս
եկաւ՝
օրհնելով
իր
թշնամիներին
եւ
յորդոր
կարդալով
ժողովրդին։
Երկար
տեղ
ժողովուրդը
գնում
էր
Հայրիկի
յետեւից
եւ
բաժանման
րօպէին
հազարաւոր
ձայներ
գոչում
էին.
—
Հայրի՜կ,
Հայրի՜կ,
չը
մոռանաս
Տարօնը,
չը
մոռանաս
աղքատ
մշեցուն…
[1]
Ձեռնադրվողների
մէջն
էին
վանեցի
Յակոբ
Աղուանեան,
որ
իբրեւ
օգնական
Խրիմեանի
հետ
գնացել
էր
Տարօն,
եւ
պօլսեցի
Տիգրան
Գալփակչեան,
որ
աշակերտել
էր
Վարագի
դպրոցում
եւ
«Արծուի
Վասպուրականի»
մէջ
գրում
էր։
Առաջինը
ձեռնադրվելով
ստացաւ
Գրիգորիս
վարդապետ
անունը։
Դա
է
այժմ
Գրիգորիս
եպիսկոպոս
Աղուանեան,
որ
մի
ժամանակ,
երբ
Կարսը
Թիւրքաց
իշխանութեան
տակ
էր,
այնտեղի
առաջնորդ
էր,
յետոյ
վարեց
Գանձակի
յաջորդի
պաշտօնը,
իսկ
ներկայումս
Էջմիածնի
սինօդի
անդամ
է։
[2]
«Հրաւիրակ
Արարատեան»
Կ.
Պօլիս.
1876.
[3]
«Թռչնիկ
Պեգասեան»,
1864
թ.
Կ.
Պօլիս։