Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

X

1878 թւին, ռուս-թրքական պատերազմից յետոյ, կայացաւ Բերլինի կօնգրէսը։ Գերմանիայի մայրաքաղաքի փառաւոր դահլիճներում պէտք է վճռվէին այն հարցերը, որոնք օրվայ խնդիր էին դարձել պատերազմի դաշտում թափած կարմիր արեան շնորհով…

Այն ժամանակ Կ. Պօլսի հայոց պատրիարքական աթոռի վրա բազմած էր անմահ Ներսէս Վարժապետեան, թիւրքահայերի իրաւունքների այդ տաղանդաւոր պաշտպանը, որ վճռեց կօնգրէսին ներկայացնել թիւրքաց Հայաստանի թշուառ վիճակը եւ արդարութիւն պահանջել։

Ո՞վ կարող էր աւելի լաւ կատարել այդ մեծ գործը, քան Խրիմեան Հայրիկ, թիւրքաց հայերի վշտերի եւ իղձերի այդ մարմնացած ներկայացուցիչը։

1878 թւի մարտի 8-ին նա Եւրօպա ուղեւորվեց։

Առաջին անգամն էր, որ Խրիմեան ոտք էր դնում քաղաքակիրթ աշխարհում։ Մնաս բարեաւ ասելով խաւարի երկրին՝ նա գնում էր դէպի լոյսը, իր սրտի մէջ կրելով մի սրբազան խորհուրդ։

Հայոց Հայրիկը պտտեց ամբողջ Եւրօպան։ Նա այցելեց բոլոր նշանաւոր մայրաքաղաքները՝ Հռօմ, Վիէննա, Պարիզ, Լօնդօն, Բերլին. տեսնվեցաւ եւրօպական դիպլօմատիայի ղեկավարների հետ, պատմեց իր ժողովրդի վշտերը, փափագները, եւ յանուն արդարութեան ու յանուն ուրօպական քաղաքակրթութեան՝ պահանջեց մի ելք, մի միջոց…

Հայրիկ՝ որտեղ մտնում եւ լինում էր, թէ պալատներում եւ թէ մինիստրների առանձնասենեակներում, գեղեցիկ տպաւորութիւն էր թողնում թէ իր պատկառելի դէմքով եւ թէ իր խելացի խօսակցութեամբ։ Նկարագրելով թիւրքաց Հայաստանի վիճակը, եւ խնդրելով եւրօպական պետութիւններից թիւրքաց հայերի համար՝ մարդավայել կեանք, կեանքի եւ պատւի ապահովութիւն եւ ազատ զարգացում, Խրիմեան աշխատում էր համոզել, որ Փոքր-Ասիայում հայերը միակ ազգն են, որ կարող են միջնորդ հանդիսանալ Եւրօպայի քաղաքակրթութիւնը եւ լուսաւոր գաղափարները Ասիայի խորքերում տարածելու համար։

Առաջ ենք բերում այն խօսակցութեան մի մասը, որ Խրիմեան ունեցաւ Հռօմում՝ իտալացոց արտաքին գործերի մինիստր կոմս Կօրտիի հետ։

«… Հայերը իրաւունք ունին սպասելու, որ իրանց պահանջները կատարվեն, որովհետեւ այժմեան Ասիայի մէջ ամենէն աւելի քաղաքակիրթ ժողովուրդն են։ Զանց առնելով պատմել այն առաջադիմութիւններ, զորս նոքա կատարած են գիտութիւնների եւ արուեստների մէջ, Ձերդ Վսեմութեան մէկ գաղափար տալու համար թէ ինչ մտաւոր մշակումի հասած են նորքա իրանց յատուկ ճիգերով եւ անխոնջ յարատեւումով, պիտի ասենք, թէ հայերն այսօր կրնան կարդալ իւրեանց ազգային լեզուով հին աշխարհի գրեթէ բոլոր յոյն եւ լատին հեղինակներն, որպէս նաեւ անմահ գործերն այն հանճարների, որոնք պանծալի հանդիսացուցած են Իտալիան, Ալէմանիան, Ֆրանսիան եւ Անգլիան։ Ո՞ր ասիական ժողովուրդը կրնայ հայ ազգին հետ զուգակշիռ գալ այս նկատմամբ… Թոյլ տուէք նկատել եւ հետեւեալը. Իտալիա կարող է ըմբռնել թէ որքան պիտի ծաղկի հայ ազգը, երբ ստանայ այն ընտիր եւ արդար վարչութիւն, զոր կը պահանջէ այսօր. զի իտալական փառապանծ դրօշին տակ կը պատսպարուի այժմ Վենետիկի Մխիթարեան ճեմարանը, ոյր համբաւ ծանօթ է գիտուն աշխարհին, եւ զոր Եւրօպա կը գնահատէ արժանապէս։ Այդ վանքի նման հարիւրաւոր վանքեր կան Օսմանեան Հայաստանի մէջ, ուր համախմբված են հայ կրօնւորներ, ցեղակից ս. Ղազարի կրօնաւորներին. այլ անժխտելի է, որ մեր վանքերէ ոչ մին կրցած է հաւաստիլ Վենետիկի հայ մենաստանին։ Պատճառն այն յոռի վարչութիւնն է, որ կ’աւերէ Հայաստանն… Հայաստանի մենաստաններն կեղեքում եւ յարձակում կը կրեն անդուլ։ Ձեր Վսեմութիւն քաջ գիտէ թէ մտաւոր մշակումն երկրորդական խնդիր է մի երկրի մէջ, ուր չը կայ ապահովութիւն։ Տուէք մեզ վարչական ինքնութոյնութիւն եւ Հայաստան կը ծածկուի ս. Ղազարի ճեմարանին պէս ճեմարաններով, որք եւրօպական քաղաքակրթութիւն կը ծաւալեն ասիական աշխարհին մէջ… Եւ Եւրօպայի դիելով Հայաստան կըսէ. Օգնեցէք ինձ որպէս զի վերականգնիմ, գործադրեցէք զիս՝ որպէս զի ասիական աշխարհին մէջ ծաւալէք քրիստոնեայ Եւրօպայի քաղաքակրթութիւնն [1] »։

Եւրօպական մայրաքաղաքները պտտելուց յետոյ՝ հայոց պատուիրակ [2] Խրիմեան յունիսի 2-ին հասաւ Բերլին, որ եկաւ նոյնպէս եւ արքեպիսկոպոս Խորէն Նար-Բեյ, որին Ներսէս Վարժապետեան իբրեւ պատուիրակ ուղարկել էր Պետերբուրգ։

Հայոց պատուիրակութիւնը մի յիշատակագիր ներկայացրեց կօնգրէսին, որով թիւրքաց Հայաստանի համար տեղական ինքնավարութիւն էր խնդրում։ Պետութիւնների ներկայացուցիչները արդարացի գտնելով հայոց պահանջները՝ ընդհանուր հաւանութեամբ խմբագրեցին դաշնադրութեան 61-րդ յօդուածը, որ հետեւեալն է. «Բ. Դուռը յանձն է առնում անյապաղ իրականացնել այն բարւոքումները ու բարենորոգումները, որ պահանջում են տեղական պիտոյքները հայոց բնակած նահանգների մէջ, եւ երաշխաւորել նրանց ապահովութիւնը չերքէզների եւ քրդերի դէմ։ Բ. Դուռն այս նպատակի համար ձեռք առած միջոցները պարբերաբար պիտի հսկեն նրանց գործադրութեան վրա [3] »։

Կօնգրէսը վերջացաւ։

Մի օր, Բերլինի հիւրանոցներից մինում նստած, շրջապատված մի քանի հայերով, Հայրիկ պատմում էր Եւրօպայում ստացած զանազան տպաւորութիւնները։ Այդ օրը թագաժառանգ Ֆրիդրիխ (այժմեան Վիլհէլմ կայսրի հայրը) ճաշի էր հրաւիրել Կօնգրէսի բոլոր անդամներին, ի միջի այլոց եւ Խրիմեանին։

Մեր խնդիրքը չեն կատարեր, բայց մեզի ճաշի կը հրաւիրեն, դառնութեամբ նկատեց Հայրիկ։

Եւ երբ շրջապատողները նկատեցին, որ յարմար չէ ճաշից հրաժարվել եւ պէտք է անպատճառ գնալ, Հայրիկ դառն ժպիտով աւելացրեց.

Ուրեմն այսօր Խրիմեան ալ դիփլօմաթ պիտի ըլլայ։

Եւրօպա եկողը չի կրնար դիփլօմատութիւն չընել, որովհետեւ այսօր դիփլօմատիան՝ ամեն բանի վրա կը թագաւորէ։ Կը տեսնենք արդեօք այն երանելի օրը, երբ Եւրօպան՝ ոգեւորված մարդասիրական լայն գաղափարներով, քրիստոնէական անարատ զգացմունքներով, ձեռք կը կարկառէ խեղճին, հալածվածին, ընկածին՝ առանց դիփլօմատիական հայեացքների, առանց քաղաքագիտական յետին մտքերի, այլ զուտ մարդասիրական զգացմունքներից դրդված։ Միայն այն ժամանակ քաղաքակրթութիւնը կը տանի իր վերջնական յաղթանակը, երբ կը հասնի այդ օրը։

Եւ մինչդեռ շրջապատողները գլուխները շարժում էին, ասելով որ այդ օրը երբէք չի հասնի, Խրիմեան իրան յատուկ ոգեւորութեամբ պատասխանում է.

Ոչ, ես կը հաւատամ, որ կը հասնի…

Յուլիսի 30-ին Խրիմեան Հայրիկ վերադարձաւ Կ. Պօլիս, մօտ հինգ ամիս Եւրօպայում մնալուց յետոյ։

Կ. Պօլսում ամենքն էլ յիշում են այն նշանաւոր քարոզը, որ նա խօսեց Մայր-եկեղեցում, 61-րդ յօդուածը «խարիսայի» օրինակով բացատրելով։



[1]            «Հայաստան եւ Իտալիա» գրեց Մինաս Չերազ Կ. Պօլիս. 1879 թիւ։

         Մինաս Չերազ գնացել էր Եւրօպա՝ Խրիմեանի հետ՝ իբրեւ թարգման եւ քարտուղար։

[2]            Խրիմեանի պաշտօնական այցետոմսի վրա գրված էր հետեւեալը. L’archeveque Mkrtich Khrimian ex-patriarche et deputé de l’Arménie de Turquie (Արքեպիսկոպոս Մկրտիչ Խրիմեան, նախկին պատրիարք եւ պատուիրակ Օսմանեան Հայաստանի)։

[3]            Ինչպէս յայնի է, Բերլինի կօնգրէսի 61-րդ յօդուածից առաջ՝ հայերի համար Սան-Ստեֆանօյի դաշնադրութեան մէջ մտցրած էր 16-րդ յօդուածը։

         Երբ՝ վերջին ռուս-թրքական պատերազմի ժամանակ, ռուսաց բանակը՝ Մեծ Իշխան Նիկօլայի առաջնորդութեամբ կանգ առաւ Կ. Պօլսի մերձակայ Այա-Ստեփանոս գիւղի մօտ, այդտեղ ռուսաց եւ թիւրքաց հաւատարմատարների ձեռքով հաստատվեց Սան-Ստեֆանոյի դաշնադրութեան 16-րդ յօդուածը, որ հետեւեալն է. «Որովհետեւ ռուսաց զօրքերը Հայասանի մէջ գրաւած երկրներից յետ քաշուելուց  յետոյ՝ յիշեալ տեղերում կարող են կռիւներ եւ խառնակութիւններ տեղի ունենալ, որոնք երկու պետութիւնների լաւ յարաբերութիւնները կարող են խանգարել, Բ. Դուռը յանձն է առնում անյապաղ իրականացնել այն բարւոքումները եւ բարենորոգումները, որ տեղական պիտոյքները պահանջում են հայոց բնակած նահանգների մէջ, եւ երաշխաւորել նրանց ապահովութիւնը քրդերի եւ չերքէզների դէմ»։