Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

VI

Վարագի դպրոցը, տպարանը եւ Խրիմեանի միւս ձեռնարկութիւնները ահագին ծախս էին պահանջում, որոնց ծածկելու համար նա ստիպված էր լինում դիմելու այս եւ այն տեղի հասարակութեան օգնութեան։ Շատ անգամ նա հազարաւոր վերստ ճանապարհ էր անցնում, որպէս զի միջոց ձեռք բերի եւ գործը շարունակի։

Արդարացի են Խրիմեանի հետեւեալ խօսքերը իր մասին. «Տաժանելի պանդխտութենէն դարձած կը կարծէի, որ փոքր ինչ հանգիստ գտնեմ հայրենեաց գրկարանին մէջ, բայց մի ձայն ինձ կըսէ. «քո հանգստութիւն քանի մի ամիս է. դարձեալ պատրաստէ տրեխներդ դէպի պանդխտութեան ճանապարհ». թող չը կարծեն, թէ խօսքերս գանգատի, կամ տրտունջի եղանակ է. քաւ. Արծիւը հայրենեաց մշակն է, հայրենեաց սէր իր հրամանատարն է, թող ուր կուզէ վարէ ու մղէ»։

Այս անգամ մղեց նա դէպի Կովկաս։

Մինչեւ այդ ժամանակ Խրիմեան դրամական աջակցութիւն ստանում էր գլխաւորապէս Կ. Պօլսի հայերից։ Այս անգամ նա վճռեց դիմել ռուսահայերին։ Կովկաս գալով՝ բացի դրամական հանգանակութիւն անելուց, Խրիմեան ունէր եւ մի ուրիշ նպատակ, այն է ծանօթանալ ռուսահայեր կեցութեան եւ մտաւոր կեանքի հետ։

Նա Վարագից ճանապարհ ընկաւ դէպի Կովկաս 1860 թւի նոյեմբերի 10-ին։ Ոտք դնելով Ռուսահայաստանում, Խրիմեան պարտք համարեց ամենից առաջ գնալ Էջմիածին, համբուրել Իջման տեղը եւ ներկայանալ կաթողիկոսին։

Կաթողիկոսը այդ ժամանակ Մատթէոսն էր։

Էջմիածնում Խրիմեան մնաց եօթն օր։ Ներկայանալով կաթողիկոսին, նա նկարագրեց Հայաստանի վիճակը, բացատրեց որ առանձին ուշք պիտի դարձնել բնիկ երկրի ժողովրդի վրա, պատմեց իր ձեռնարկութիւնների մասին, խնդրելով որ իրան մի կօնդակ տրուի, որպէս զի ինքն այդ կօնդակով պտտի Կովկասի զանազան կողմերը եւ հանգանակութիւն անի։

Սկզբում Մատթէոս կաթողիկոսը մի որոշ դիրք չէր բռնում դէպի Խրիմեանի առաջարկութիւնները։ Կաթողիկոսի այդ տատնման նպաստում էին վանքի միաբաններից շատերը, որոնք առհասարակ վատ աչքով սկսեցին նայել Հայաստանից եկած վարդապետի վրա, որ իր գաղափարներով եւ սովորութիւններով միանգամայն տարբերւում էր իրանցից։ Բաւական դժուարութիւններից յետոյ, գլխաւորապէս մի քանի ազդեցիկ աշխարհականների խնդիրքով, Խրիմեանին տրվեց կաթողիկոսական կօնդակ, որը ստանալով, նա անմիջապէս ուղեւորվեց Թիֆլիս, ուր այդ ժամանակ առաջնորդ էր Սարգիս եպիսկոպոս Հասան-Ջալալեան, եւ իջաւ առաջնորդարանում։

Խրիմեանի գալը մի մեծ նորութիւն էր քաղաքի համար։ Կարճ միջոցում շնորհալի վարդապետը ընդհանուր ուշադրութեան առարկայ դարձաւ, եւ անջնջելի յիշատակ թողեց Թիֆլիսի վրացախօս եւ քարացած հայ ժողովրդեան մէջ։

Նա տիրեց ժողովրդի մտքին եւ սրտին իր քարոզներով։ Խրիմեանի նման քարոզիչ Թիֆլիսը չէր տեսել եւ նրանից յետոյ էլ չը տեսաւ։ Առաջին անգամն էին տեսնում եկեղեցու բեմի վրա մի մարդ, որ խօսում է ժողովրդին սիրելի հարցերի մասին, եւ այն էլ այնպէս է խօսում, որ քարասիրտ մարդն էլ զգացւում, յուզւում, ոգեւորւում էր։ Մինչեւ այժմ էլ Թիֆլիսի մէջ շատերը յիշում են այն բարձրահասակ, արծւաքիթ վարդապետին, որ եկեղեցու բեմից ողջոյներ էր տալիս ժողովրդին՝ Հայաստանի անունից, քարոզում էր մարդասիրութիւն եւ առաջադիմութիւն, եւ ամենաանխնայ կերպով յարձակւում նրանց վրա, որոնք իրանց թոյլ են տալիս խաբել, մատնել, հարստահարել…

Հայաստանի վարդապետը կարճ միջոցում ժողովրդի պաշտելին դարձաւ։ Ամենքն էլ ուզում էին նրա հետ ծանօթանալ, խօսել, նրանից մի յիշատակ ստանալ։ Նրա գնալուց յետոյ էլ ժողովուրդը նրան չը մոռացաւ, եւ մինչեւ այժմ էլ թիֆլիսեցի ծերերը նրա մասին հարիւրաւոր գովասանական զրոյցներ են պատմում։

Ահա թէ ինչպէս է նկարագրում Խրիմեանին՝ այն ժամանակվայ հայ գրողներից մինը՝ Գարեգին Մուրադեան (այժմ Մելքիսեղեկ եպիսկոպոս Մուրադեան) «Կռունկ» ամսագրում.

«… Այս վրայ երկրորդ կիրակին է, որ տեղիս եկեղեցական տաճարների սեղաններն դղրդում են մի հայրենասէր ոգով վառուած նորաեկ վարդապետի նորօրինակ քարոզութեամբ։ Այս վրայ երկրորդ կիրակին է, որ Թիֆլիսի հայ հասարակութիւնը ուրախ ու զուարթ լեցւում է եկեղեցին՝ լսել մի վառվռուն եւ ազատամիտ վարդապետի հայրենասիրական քարոզութեանց, իրան հայրենի երկրի նուիրական սարերի, գետերի եւ քաղաքների անունների, իրան եկեղեցաշէն հայրերի եւ հայրենաշէն թագաւորրների եւ նախարարների առաքինի մեծագործութեանց յիշատակներն, իրան ազգի անցած եւ գնացած փառաւորութեան եւ ներկայի անփառունակ վիճակի նկարագրութիւններն։ Այս վրայ երկրորդ կիրակին է, որ Թիֆլիսի հայ ժողովուրդը շարժուած եւ ոգեւորված հայրենեաց յիշատակովը՝ խօսելու, դատելու, հարցասիրելու եւ բաղդատելու առարկայ է շինել իր անցեալ եւ ներկայ կեանքն եւ վաղեմի ու այժմեան վիճակը… Ո՜վ, է այդ վարդապետն, որ այս ժամանակումս քաջ ճանաչում է իրան մեծ կոչումն, վարւում է իրան կոչումին համաձայն եւ փառասիրութեան, անձնապաշտութեան, ծուլութեան եւ մեղկութեան կուռքերն ոտքի տակ փշրելով՝ եւ միայն ազգային փառացը եւ պարծանացը փափաքելով՝ համարձակ լսելի է անում իր ձայնն… Դա «Հրաւիրակ Արարատեան» եւ «Հրաւիրակ Աւետեաց երկրին» գորովաշարժ հեղինակութիւնների հոգեծանօթ հեղինակն է, Մկրտիչ վարդապետ Խրիմեան, որ այժմ Թիֆլիսում հանդիպելով, քարոզութիւն է անում. ազգի կարօտութեան եւ բաղձանքին յարմար վարդապետ, որ մի ձեռքին ունի ազգային կեանքի պատմութիւնը, իսկ միւսում Ս. Գիրքը, մի ձեռքին ունի անցած գնացած կեանքի մնացորդներ եւ փոշիներ, կորուստ եւ տխուր յիշատակներ, իսկ միւսումն յոյս եւ կենդանութիւն»…

Խրիմեան այնքան չը մնաց Թիֆլիսում, որքան ուզում էր։

Հանգամանքները փոխվեցին։ Հանգանակութիւնը, որ սկսվեց մեծ աջողութեամբ, կիսատ թողնելով՝ Խրիմեան մեկնեց Թիֆլիս եւ անցնելով Գանձակ ու Շուշի, ուր նրան նոյն սիրով ընդունեց ժողովուրդը, նա շուտափոյթ վերադարձաւ Էջմիածին։

Կաթողիկոսն էր նրան կանչել։ Էջմիածնում նրանից յետ առան կօդակը։ Վասպուրականի Արծիւը հեռացաւ Էջմիածնից…

Անցնելով Երեւան, Նախիջեւան եւ Ագուլիս, եւ սիրալիր ընդունելութիւն գտնելով, նա մտաւ Պարսկահայաստան։

Մի առ ժամանակ Պարսկահայաստանում մնալով, 1861 թւին Խրիմեան վերադարձաւ վարագ, ուր իր ձեռք բերած միջոցներով եւ եռանդով նոր զարկ տուեց դպրոցին, տպարանին եւ «Արծուի Վասպուրականին»։

Կովկաս եղած ժամանակ Խրիմեան՝ 1861 թւի «Կռունկ» ամսագրում գրեց մի հետաքրքրական եւ ոգեւորված յօդուած «Ձայն Վասպուրական Արծւոյն» վերնագրով։ Նոյն յօդուածը տպագրվեց եւ Կ. Պօլսի «Մեղու» լրագրում [1], որը մեծ համակրութեամբ էր վերաբերւում դէպի Խրիմեանի մտքերը եւ գործունէութիւնը։

Վարագ վերադառնալով Խրիմեան՝ 1861 թւի «Արծուի Վասպուրականի» մէջ նկարագրեց թէ ինչ տպաւորութիւն թողեցին իր վրա Էջմիածինը եւ ռուսահայերը։ Իսկ նրա աշակերտներից մինը, Գարեգին Սրուանձտեան՝ (Կովկաս գնալով Խրիմեան իր հետ տարել էր իր աշակերտներից մի երկուսին) տպագրեց նոյն ամսագրում Կովկասեան մի քանի տեղերի նկարագրութիւնները եւ մի քանի տպաւորութիւններ։



[1]            Կ. Պօլսում հրատարակւում էր «Մեղու» լրագիր, խմբագրութեամբ Սըվաճեանի։