Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

XI

Եւրօպայից վերադառնալուց յետոյ, Խրիմեան երկար չը մնաց Կ. Պօլսում։ 1879 թւին նա կարողացաւ յաջողեցնել, որ վերադառնայ Վասպուրական։ Դա մի աննկարագրելի բախտաւորուիւն էր նրա համար։ 10-15 տարի կը լինէր, որ նա չէր տեսել իր սիրած երկիրը, իր Վարագը, իր Վասպուրականը…

Ստամբուլից հեռանալով, Հայրիկ սրբազան զգացմունքներով՝ ոտք կոխեց հայրենիքի հողի վրա։

Անցնելով հայաբնակ տեղերով, Խրիմեան ուրախութեամբ նկատում էր ժողովրդի ինքնաճանաչութեան մէջ մեծ փոփոխութիւն. ճշմարիտ է, շրջապատող հանգամանքները, տնտեսական կեանքը, վարչական կազմակերպութիւնը առաջվայ տխուր պատկերն էին ներկայացնում, բայց միւս կողմից՝ ժողովրդի մտաւոր կեանքի մէջ՝ նախկին խաւարի փոխարէն սկսել էր թափանցել լոյս, առաջվայ անշարժութեան տեղ՝ երեւում էր շարժում… Երկրի յետ ընկած անկիւններում տեղ-տեղ երեւում էին դպրոցներ, ուսեալ մարդիկ, նոր-նոր ձգտումներ, նոր աշխարհահայեցողութիւն։

Տեսնելով այդ բոլորը, Խրիմեան ակամայ յիշեց 50-ական թւականները, երբ ինքը մեն-մենակ, բայց լի եռանդով եւ հաւատով, սկսեց իր գործունէութիւնը, համոզված լինելով որ գաղափարը, լոյսը եւ միտքը ի վերջոյ յաղթող կը հանդիսանան։ Եւ նա տեսնում էր այդ յաղթութեան նշանները…

Վարագը նոր կեանք առաւ Խրիմեանի գալովը։ Տպարանը սկսեց նորից գործել։ Վանի երիտասարդների եւ դպրոցական կեանքի մէջ նոր շարժում սկսվեց. աղաներից եւ սեւահոգի կղերից հալածված ուսուցիչները եւ երիտասարդները՝ զօրեղ պաշտպան գտնելով Խրիմեանի անձի մէջ, սկսեցին գործել աւելի մեծ եռանդով եւ ոյժով։

Վասպուրականն այդ ժամանակ ենթարկվեց մի մեծ թշուառութեան, եւ Խրիմեանի գալը այդ կողմից մի մեծ փրկութիւն էր ժողովրդի համար։

Դա Վանի սովն էր։

Սովը՝ պատերազմի հետեւանքներից մինն էր։ 1879-80 թւականին ամբողջ Վասպուրականը հաց չունէր ուտելու, եւ ժողովուրդը սովամահ լինելու վտանգի առաջն էր կանգնած։ Կառավարութիւնը ոչ կարող էր, եւ ոչ էլ ուզում էր մտածել ժողովրդի օգնութիւն հասնելու մասին։ Վանի մէջ կառավարութիւնը մի քանի ամբար ցորեն ունէր, բայց մի հատիկ անգամ չէր ուզում տալ ժողովրդին։ Քաղցած ամբոխը՝ այլ եւս չը կարողանալով համբերել, մի օր յարձակվեց ամբարների վրա, կոտրտեց դռները եւ թալանեց բոլոր ցորենը…

Հայերի յոյսը իրանց վրա էր։ Սովատանջ ժողովրդի թշուառութեան գոյժը հասաւ Կ. Պօլիս, Կովկաս, Ռուսաստան։

Ժողովրդի լաց ու կոծին՝ Խրիմեան միացրեց իր հրաւէրը, եւ ահա աշխարհի բոլոր ծայրերում գտնված հայերը, օրինակելի առատաձեռնութեամբ, սկսեցին նուիրատւութիւններ անել յօգուտ Վանի սովեալների։ Կ. Պօլսում կազմվեց Սովելոց Յանձնախումբ, որը պէտք է ստանար բոլոր նուիրատւութիւնները եւ անմիջապէս հասցնէր Վան։ Խրիմեանի անունը արդէն մեծ գրաւական էր, որ փողերը ի զուր չեն վատնուիլ, եւ այդ հանգամանքը կրկնապատկեց նուիրատւութեան չափը։

Ամբողջ ազգաբնակութեան յոյսը եւ ապաւէնը՝ Խրիմեանն էր։

Երբ Հայրիկը, սպիտակ ձի նստած, Վարագից գալիս էր Վան՝ սփոփելու սովեալներին եւ կարգադրութիւններ անելու, ժողովուրդը՝ հայ, թուրք, քուրդ, քրիստոնեայ եւ մահմեդական, շրջապատում էին նրան եւ օգնութիւն խնդրում։

Եւ Խրիմեան ամենքին օգնութիւն էր հասցնում, առանց նայելու, թէ օգնութիւն խնդրողը, սովատանջը՝ հայ է թէ թուրք, քուրդ է թէ եզիդի։

Շատերը Վանի հայերից եւ հոգեւորականներից ատամներ էին կրճտացնում Խրիմեանի դէմ, որ նա հայի հետ միասին օգնում է թուրքին եւ քուրդին։

Դրանց պէտք է սովամահ անել, ասում էին նրանք։

Սակայն Խրիմեանի մարդասիրական լայն ոգին ուրիշ կերպ էր դատում. նա օգնում էր տառապեալներին, սովատանջներին, կարօտեալներին՝ առանց նայելու, թէ ինչ ազգի կամ ինչ կրօնի են պատկանում նրանք։

Երբ սովը անցաւ, քուրդ շէյխերից շատերը, որոնց մինչեւ այժմ չէ կարողացել ընկճել ոչ մի ֆիզիքական ոյժ, այնքան երախտապարտ էին զգում իրանց Խրիմեանի առաջ, որ երդւում էին նրա անունով, նայում էին նրա անձի վրա, իբրեւ մի սրբութեան վրա, եւ նոյն իսկ ոմանք եկան եւ ցանկութիւն յայտնեցին մտնել հայոց եկեղեցու գիրկը։

Խրիմեանի այդ ուղղութիւնը՝ սերտ բարեկամութիւն հաստատեց Վասպուրականի հայերի եւ քուրդ ազգապետների մէջ։ Նոյն իսկ Վանի փաշան անդադար պախարակում էր Վանի թուրք մեծամեծներին, օրինակ բերելով հայերին։

Ի զուր էք դուք հայերին պարսաւում, ասում էր նա, պարսաւելու փոխարէն ամաչեցէք. դուք՝ թուրք մեծաուններդ, ի՞նչ արեցիք ձեր աղքատների համար, մինչդեռ հայերը ոչ թէ միայն իրանց՝ այլ եւ ձեր սովեալներին հաց էին տալիս։

1879-80 թւի սովից յետոյ՝ Խրիմեանի անունը ընդհանրացաւ նոյն իսկ մահմեդական քուրդերի եւ թուրքերի մէջ։ Երբ նա պտտում էր գիւղերը, ժողովրդին տեսնելու, քաջալերելու կամ մի ուրիշ նպատակով, հայերի հետ միասին մահմեդականներն էլ ընդ առաջ էին դուրս գալիս՝ ողջունելու հայոց մեծ վարդապետին։

Անցաւ սովը։

Այդ ժամանակ էր որ Խրիմեանի մէջ յղացաւ միտք՝ բանալու երկրագործական դպրոց, ժողովրդի տնտեսագիտական զարգացմանը նպաստելու համար։

Հայաստանի մէջ առաջին երկրագործական դպրոց հիմնողը՝ Խրիմեանն եղաւ։ Դպրոցը նա հիմնեց Վարագում։ Բերել տուեց երկրագործական նոր տեսակի գործիքներ. հրաւիրեց մասնագէտ ուսուցիչներ եւ Վասուրականի զանազան կողմերից հաւաքեց աշակերտներ։ Բացի աշակերտներին ուսուցանելը, դպրոցը գործնական օրինակ պիտի տար եւ մօտիկ գիւղացիներին, որոնք հրաւիրւում էին ներկայ լինելու երկրագործական դպրոցի աշխատանքներին։

Երեք տարի գոյութիւն ունենալուց յետոյ դպրոցը փակվեց։ Խրիմեան մտադիր էր նոյն երկարգործական դպրոցը բանալ Հէքարի գաւառում, Սալախանէ գիւղում, որտեղ կայ առատ հող, ջուր եւ երկրագործ ժողովրդի մեծ բազմութիւն։ Բայց այդ նրան չաջողվեց՝ Հայաստանից հեռանալու պատճառով։

Այդ միջոցներում Վարագը դարձեւ կենտրօն։ Ոչ թէ Վասպուրականից, այլ ամեն կողմերից՝ ամեն դասակարգի եւ շրջանի հայեր գալիս էին տեսնելու Խրիմեանին։ Ամենքին նա ընդունում էր, ամենքին ապաստան տալիս, միջոցներ ցոյց տալիս եւ ամենքն էլնրանից հեռանում էին՝ սիրտ առած, ոգեւորված, կրելով իրանց սրտի մէջ այդ մեծ մարդու մեծ յիշատակը։

Վարագի փոքրիկ եկամուտներով եւ իր սուղ միջոցներով Խրիմեան կարողանում էր հարիւրաւոր հիւրեր ընդունել եւ ճանապարհ գցել։ Այդ նրանից է, որ այդ մարդը վերին աստիճանի սակաւապետ է եւ համեստ իր մասնաւոր կեանքի մէջ։ Առաւօտը արթնանում էր ամենից վաղ։ Ցերեկվայ ազատ ժամերը նա անց էր կացնում կարդալով եւ գրելով։ Իսկ օրվայ մեծ մասը՝ նա տեսնւում էր իր մօտ եկողների հետ։ Նրա ճաշը աւելի քան համեստ է լինում. ուտիս օրերին ուտում է թանապուր, որ նրա սիրած կերակուրն է, , իսկ պաս օրերին՝ պասուան ամենահասարակ կերակուրներ։ Նրա այդ արզ կենցաղավարութեան հետեւում են նրա բոլոր շրջապատողները։ Ճրագի լուսով պարապել չի սիրում նա, եւ սովորութիւն ունի շուտ պառկել։

Նոյն պարզութիւնն է տիրում Հայրիկի բնակարանի եւ հագուստի մէջ։ Սովորաբար նա հագնում է Վանի հասարակ շալերից կարած փարաջա, որը գերադասում է թաւիշից եւ կերպասից։ Նա իր կրծքին չէ կրում ոչ մի շքանշան, կամ ադամնազարդ փայլուն խաչեր։ - Իր յարաբերութիւնների մէջ վերին աստիճանի պարզ է եւ մտերիմ. այդ պատճառով միշտ նրա մօտ ազատ մուտք են ունենում ամեն տեսակի մարդիկ, սկսած վերջին գիւղացուց։

Հայրիկը՝ իբրեւ զրուցընկեր՝ աննման է։ Նրա կենդանի, վառվռուն լեզուն, սրամտութիւնների անսպառելի պաշարը եւ գրաւիչ դէմքը՝ այնքան գրաւում են, որ խօսակիցը հեռանալ չէ ուզում։ Ոչ թէ միայն Վանում, այլ նոյն իսկ Կ. Պօլսի ամենաբարձր շրջաններում՝ հիւր գնացած ժամանակ, Հայրիկ դառնում է ամենքի հետաքրքրութեան առարկան, ամենքն էլ նրան են շրջապատում եւ նրան լսում։ Նրան չեն սիրում միայն նրանք, որոնք վախենում են ազատ եւ բաց խօսողներից, որովհետեւ Հայրիկի առաջին յատկանիշն է ամեն բան ասել՝ աց եւ ազատ։

———

Վրա հասաւ 1885 թւականը։

Հայրիկ գիշեր-ցերեկ իր նախագծերի իրագործման վրա էր աշխատում, եւ նրա հետ միասին ամբողջ Վասպուրականը չէր էլ սպասում, թէ մօտեցել է բացանման ժամը։ Կ. Պօլսից հրաման եկաւ, որով Խրիմեանին առաջարկւում էր թողնել Վասպուրական եւ գնալ Կ. Պօլիս։

Տխուր լուրը կայծակի արագութեամբ տարածվեց։

Առանց կսկիծի մնաս բարով ասել Վարագի վանքին, ուր աւելի քան քառորդ դար Վասպուրականի Արծիւը բոյն էր դրել, ժողովրդին՝ որին նա նուիրել էր իր ամբողջ կեանքը, հայրենի գաւառին, որի իւրաքանչիւր անկիւնը նրա սրտի մէջ յարուցանում էր հազարաւոր գեղեցիկ յիշողութիւններ, այն տանը, որ նա ծնվել, մեծացել էր, եւ վերջապէս այն բոլորին, ինչ որ կազմում էին նրա իդէալը եւ ձգտումը. մնաս բարով ասել այդ բոլորին, եւ գուցէ ընդ միշտ, անդառնալի կերպով՝ ծանր էր, շատ ծանր նոյն իսկ Հայրիկի համար, որ սովոր էր տանջվել, հալածվել…

Ապրիլ ամիսն էր։ Վարագին վերջին հրաժեշտը տալուց յետոյ, Հայրիկ գնաց Վան։ Այգեստանի եկեղեցիների մէջ տուեց իր վերջին ողջոյնը ժողովրդին։ Ս. Աստուածածին եկեղեցում դառնալով հազարաւոր ժողովրդին՝ նա ասաց հետեւեալը.

«Ժողովորդ հայոց, հեռանում եմ ձեզանից։ Թողնում եմ սիրելի հայրենիքս, ինձ կեանք տուող ժողովուրդս, եւ Վարագը՝ որտեղ 27 տարվայ ընթացքում մի բոյն էի շինել ինձ համար՝ իմ այս մատներով։ Բայց մի կարծիր, ժողովուրդ հայոց, թէ Խրիմեան գնաց եւ մոռացաւ ամենքիդ։ Այն օրից, երբ 1820 թւին Խրիմեան մկրտվեց այս սուրբ աւազանում (ցոյց տալով իր մկրտված տեղը), մի տախտակ շինվեց նրա սրտի վրա ու ժողովուրդ բառը գրվեց։ Քանի շունչս բերանումս է, ոչ ոք չէ կարող եղծել այդ բառը այնտեղից։ Դուք էլ, ժողովուրդ հայոց, մի եղծէք Հայրիկ անունը ձեր սրտից։ Յիշեցէք Հայրիկին ձեր աղօթքների մէջ։ Սիրեցէք միմեանց. դաստիարակէք ձեր որդոց. աշխատեցէք լոյսի համար, հացի համար։ Խօսք եմ տալիս, որ ուր էլ լինեմ, թէ Մասեաց ստորոտ թէ Բիւզանդիօն, մէկ օր էլ չանցկացնել առանց իմ հայրենիքը յիշելու։ Իսկ երբ Խրիմեան աւանդէ իր հոգին, նրա անբռնաբարելի կտակը պիտի լինի՝ իր ոսկրները Վասպուրական փոխադրել, Վարագի Խաչաքարերում, իր հայրենիքի ծոցում ամփոփել»։

Գնալու օրը, Այգեստանի արեւելեան ծայրից, ուր գտնւում է Հայրիկենց տունը, մինչեւ քաղաք եւ քաղաքից էլ մինչեւ Աւանց, այսինքն մօտ երկու ժամվայ ճանապարհ, ժողովուրդը խռնված սպասում էր։ Դպոցները, շուկաները եւ բոլոր գործատեղերը փակված էին։ Հէնց որ Հայրիկ երեւաց, օդը թնդաց ծափահարութիւններով եւ կեցցէներով։ Ցոյցերի հետ միասին շատերը լաց էին լինում։ Ամենքն էլ մօտենում էին վերջին անգամ Հայրիկի ձեռքը համբուրելու։

Հեծեալների ահագին բազմութեան հետ միասին՝ Խրիմեանին ուղեկցեցին մինչեւ Աւանց գիւղը՝ Վանի ռուսաց եւ պարսից հիւպատոսները, տեղապահ եպիսկոոսը, իշխանութեան ներկայացուցիչը, ոստիկանապետը հեծեալ ոստիկաններով, եւ հայոց Գաւառական ժողովի անդամները։

Անցնելով Արծկէ, Պուլանըխ եւ Մուշ, Հայրիկը Կարինի վրայով գնաց Կ. Պօլիս, ամեն տեղ հանդիպելով ժողովրդական մեծ ցոյցերի։

Այդ նոյն օրերն էին, երբ Էջմիածնում կատարւում էր 1885 թւի կաթողիկոսական ընտրութիւնը։

Ամբողջ ժողովրդի փափագն էր, որ Խրիմեան կաթողիկոս ընտրուի։

Բայց ժողովրդի փափագը՝ Էջմիածինը չիրագործեց։