Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

XII


Կ. Պօլսում Հայրիկ մնաց ամբողջ վեց տարի, իբրեւ պանդուխտ-աքսորական։ Նա նման էար թեւերը կտրած արծուի, որ արում է, բայց թռչել չէ կարող։ Տարիները անցնում էին տարիների յետեւից…

Հասաւ վարջապէս 1890 թւականը։ Տեղի ունեցան Գում-Գափուի եւ Էրզրումի դէպքերը։ Եկաւ եւ 1891 թւականը։ Մարտ ամիսն էր, մի մռայլ եւ տխուր օր…

Սուլթանի թիկնապահներից մինը եկաւ Խրիմեանի մօտ եւ յայտնեց հետեւեալը.

- Նորին Վեհափառութիւնը առաջարկում է ձեզ ուխտ գնալ Երուսաղէմ։ Պատրաստ եղէք. նաւը շուտով ճանապարհ կընկնի։ Ձեր ճանապարհի ծախսը կը հոգայ արքունի գանձարանը։

Մի քանի ժամանակից յետոյ Բօսֆօրի ափերից՝ թրքական մի շոգենաւ ճանապարհ ընկաւ դէպի Երուսաղէմ։։

Նաւի մէջ էր Խրիմեան Հայրիկ։

Նաւը քիչ-քիչ անհետանում էր. երեւում էին միայն տաճկական բարձր մզկիթների գագաթները։

Ծերունի ուխտաւորը վերջին անգամ երեսը դարձրեց դէպի Ստամբուլ։ Նրա դէմքը խոժոռեց։ Առաջին անգամն էր, որ այդ դէմքի վրա նկատւում էր ատելութիւն, ատելութի՜ւն դէպի այն քաղաքը, որին դիպչելով խորտակւում են քաղաքակրթութեան ալիքները, ինչպէս ժայռին դիպչող ջրի ալիքները…

Նա շուտով մոռացաւ Պօլիսը։ Յիշեց Երուսաղէմը։

Յիշեց եւ իր անցեալը։ Քառասուն տարի առաջ՝ նա նոյն ճանապարհով գնացել էր Երուսաղէմ, լի երիտասարդական վառվռուն զգացմունքներով։ Բայց այն ժամանակ նա գնաց իբրեւ հաւատացած քրիստոնեայ, իբրեւ ազատ ուխտաւոր։

Իսկ այժմ… Հեռու հայրենիքից, սիրած ժողովրդից, Երուսաղէմի վանքի մի փոքրիկ եւ նեղ խուցի մէջ նստած՝ Հայրիկ մտածում է։

Նրա մտածողութեան առարկան իր ժողովուրդն է, իր սիրած երկիրը։

Ահա թէ ի՞նչպէս է նկարագրում ականատեսներից մինը Հայրիկի խուցը.

«Երուսաղէմի ս. Յակոբ եկեղեցու փոքրիկ բագի մէջ, առաջին յարկի վրայ՝ մի դռնակ կայ՝ փոքրիկ եւ նեղ։ Նախասենեակը խոնաւ եւ մութ մի խցիկ է երկաթապատ փոքրիկ լուսամտով. յատակի սառը քարի վրա նստած է մելամաղձոտ դէմքով՝ Հայրիկի պատահական մի սպասաւորը, որը կրակարանի առաջ պպզած՝ սուրճ է եփում։ Ածուխի, սուրճի, …… խուցում պատսպարված մի քանի պանդխտների շնչառութեան հոտը միմեանց խառնվելով՝ համարեա թունաւորել է օդը։

«Այդ անտանելի խուցից մտնում է ուրիշ խուց։ Պատուհանի մօտ մի կոտրած սեռիկ եւ մի ժանգոտած պղնձէ աման կայ. Հայրիկի լուացարանն է։ Մնացեալ մասը պանդխտների անկողինների համար է։ Այդ խուցից էլ մի դուռ տանում է դէպի Հայրիկի սրահը։

«Դա բնակարան չէ, այլ զընդան։ Մի գետնայարկ խուց է, որ սրահ է կոչւում. ճիշդ գետնափոր գերեզմանի ձեւ ունի. երկայն եւ նեղ. երկու մետր լայնութիւն եւ երել մետր երկայնութիւն ունի։ Այդ խոցի մէջ, երեւակայեցէք, համարձակ չի կարող կանգնել պարթեւահասակ Խրիմեան, որովհետեւ գլուխը օճորքին կը դիպչի։ Այդտեղ ուտում է, այդտեղ պարապում եւ այդտեղ էլ ընդունում է այն բազմաթիւ հիւրերին, որոնք ուխտ գալով Քրիստոսի գերեզմանին, վերջն էլ Հայրիկին են ուխտ գալիս։

«Այդ տարօրինակ սենեակը մի պատուհան ունի, որ նայում է պատրիարքարանի մարմարիօն մուտքի վրա. աջ եւ ձախ կողմից փոքրիկ խալիներով եւ բարձերով բազմոցներ կան. մինի վրա ինքն է նստում, միւսի վրա հիւրերը։ Դրած է մի փոքրիկ սեղան, կանաչ կերպասով ծածկած, մօտն ալ մի աթոռ. պարապելու տեղն է։

«Իսկ ննջարանը կամ անկողինը՝ փոքրիկ ու նեղ բազմոցն է, եւ դրա վրա է քնում Հայոց Հայրիկը…

Սակայն նեղ խուցը չէ Խրիմեանին հալող մաշողը. այլ հայրենի երկրի կարօտը, ժողովրդի ցաւերը։

- Հայրենիքի կարօտը ինձ կը մաշէ. սիրտս պատռւում է, երբ մտածում եմ թէ՝ գուցէ մեռնեմ այս օտար երկրի մէջ՝ առանց հայրենիք տեսնելու. ասում է յաճախ Հայրիկը, եւ մի փոքր լռելուց յետոյ՝ աւելացնում.

- Արծիւն ճնճղուկի վանդակի մէջ սերմեր են. աս ալ կանցնի…