The Life Of Mashtots

Հեղինակ
Koeiwn  

Բաժին

Թեմա

Ոսկեդարեան գրականութեան շարքում Մաշտոցի Վարքը միակն է, որ վստահօրէն պատկանում է Կորիւնի գրչին. նրան վերագրուածների մէջ է Եւթաղի նախադրութիւնների թարգմանութիւնը: Վարքը գրուել է 443-449 թթ., հաւանաբար աւելի մօտ առաջին ժամկէտին: Վարքի կրճատուած ու փոփոխուած տարբերակները մտել են Ճառընտիրների ու Յայսմաւուրքների մէջ: Որոշ առանձնայատկութիւններ աշխատութիւնը առնչում են ներբողի ժանրին, սակայն գերակշռում են բուն վարքային ձեւերը:

Վարքագրութեան կանոնների համաձայն` Կորիւնը հաղորդում է իր հերոսի ծննդավայրի, ընտանիքի, դաստիարակութեան, գործունէութեան, վախճանի մասին: Առանցքային դեր են կատարում մասնաւորապէս այն փաստերը, որոնք վերաբերում են երեք այբուբենների ստեղծմանը եւ Մաշտոցի քարոզչական գործունէութեանը: Ձեռագիր աւանդոյթի յաջողուած ուղղման շնորհիւ (Արտաշէս Մաթեւոսեան) պարզւում է, որ Մաշտոցը անմիջապէս կռահել է Դանիէլեան գրերի անբաւարարութիւնը եւ անցել բուն հայկական գրութեան ստեղծմանը:

Վարքի լեզուն խրթին է՝ ծանրաբեռնուած հռետորական դարձուածքներով, կան յատկորոշման կուտակումներ, այնուհանդերձ փաստական շերտը առանց մեծ դժուարութեան ենթարկւում է բացորոշ մեկնաբանութեան:

Վարքի առանձին հատուածներ մտել են Ագաթանգեղոսի եւ Փաւստոս Բուզանդի երկերի մէջ, վերիմաստաւորուել եւ ձուլուել նրանց հետ:

Երկի վերջին հատուածը կազմում է ժամանակագրական մի աղիւսակ, որը կարեւոր եւ վստահելի տեղեկութիւններ է պարունակում Մաշտոցի գործունէութեան վերաբերեալ: Ոճական առումով այն թերեւս դուրս է մնում Վարքի շարադրանքից, բայց անվերապահօրէն հիմնուած է նրա բովանդակութեան վրայ:

***

Կորիւնի երկի էլ-տարբերակը վերահրատարակւում է՝ ըստ Մանուկ Աբեղեանի կազմած բնագրի (Կորիւն, Վարք Մաշտոցի բնագիրը ձեռագրական այլ ընթերցուածներով, թարգմանութեամբ, առաջաբանով եւ ծանօթագրութիւններով ի ձեռն պրոֆ. Մանուկ Աբեղեանի, Հայպետհրատ, Երեւան, 1941). հաշուի է առնուած Արտաշէս Մաթեւոսեանի ձեռագրագիտական շտկումներն ու դիտողութիւնները:

Կարէն Իւզբաշեան, Պարոյր Մուրադեան

 

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, աշխատութեամբ Ա. Մաթեւոսեանի, Երեւան, 1994 (Կորիւնի երկի ձեռագրերի ու տպագրերի ցանկը տե՛ս էջ 9-19):

2. R. W. Thomson. A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD. Brepolis-Turnhout, 1995, pp. 142-145.

3. Կորիւն, Վարք Մաշտոցի. Յառաջաբան, բնագրի վերակազմութիւն եւ ծանօթագրութիւններ, աշխատասիրեց Հ. Պօղոս Անանեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1998 (Հայկական մատենադարան, 4), (մատենագիտութիւնը տե՛ս էջ Ը-ԺԴ)

ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՏԱՌԱՆԻՇԵՐ

Բնագիր Ա

b - ՄՄ ձեռ. թիւ 2639, ժամանակ` 1675-ից յետոյ

c - ՄՄ ձեռ. թիւ 1891, ժամանակ` 1774

d - ՄՄ ձեռ. թիւ 131, ժամանակ` 1781

e - ՄՄ ձեռ. թիւ 3143, ժամանակ` 1828

Ճա - ՄՄ ձեռ. թիւ 3787, Տօնական, ժամանակ` 1347-1350

Ճբ - ՄՄ ձեռ. թիւ 3797, Տօնական, ժամանակ` շուրջ 1347

a - Կորիւն, Պատմութիւն Վարուց եւ մահուան սրբոյն Մեսրոպայ, Վենետիկ, 1894. Բ տպագրութիւն

վ - Կորիւն, Պատմութիւն Վարուց եւ մահուան սրբոյն Մեսրոպայ, Վենետիկ, 1894 հրատարակութեան մէջ բերուած ընթերցուածքները Ս. Ղազարի ձեռագրատան «միւս օրինակից»: Այդ երկու օրինակներն էլ «անթուական եւ նոտրագիր» են:

Ս - Սուտ-Կորիւն: Ըստ հետեւեալ հրատարակութիւնների` Կորիւն, Պատմութիւն Վարուց եւ մահուան սրբոյն Մեսրոպայ, Վենետիկ, 1894 եւ՝ Կորիւն, Պատմութիւն վարուց եւ մահուան սրբոյն Մեսրոպայ, Թիֆլիս, 1913:

Բ նագիր Բ

ՄՄ ձեռ. թիւք 3787 եւ 3797. Տօնականներ, որոնք օգտագործուել են նաեւ Մ. Աբեղեանի կողմից Կորիւնի համեմատական բնագիրը կազմելիս:

Բնագիր Գ

Փարիզի Ազգային Մատենադարան, հայերէն ձեռ. թիւ 178. Տօնական ժողովածու. ժամանակ՝ ԺԲ դար: