ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ. ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա

1. ՁԵՌԱԳՐԵՐԸ

Ղազար Փարպեցու Պատմութեան բնագիրը ներկայացուած է սակաւաթիւ ձեռագրերով: Գոյութիւն ունի հինգ ամբողջական ընդօրինակութիւն.

 

ա)     Երեւան, Մատենադարան, N 2634: Պատմիչների ժողովածոյ, ընդօրինակուած Բաղէշում (Բիթլիս), 1672 թուականից ոչ շուտ.

բ)      Երեւան, Մատենադարան, N 1891: Բովանդակում է միայն Պատմութիւնը, ընդօրինակուած է Էջմիածնում 1774 թ.

գ)      Վենետիկ, Մխիթարեան մատենադարան. Սուրբ Ղազար, N 1088 (1781 թ. ), ընդօրինակուած դարձեալ Էջմիածնում.

դ)      Վենետիկ, Մխիթարեան մատենադարան, N 1206 (1782 թ. ).

ե)      Վենետիկ, Մխիթարեան մատենադարան, N 129 (1784 թ. ):

 

Ըստ Գ. Տէր-Մկրտչեանի (1891 եւ 1901) ներածական ուսումնասիրութեան (1904 թ. հրատ. ), ինչպէս նաեւ հետագայ հայագէտների համոզմամբ . Գ. Սարգսեան, Պ. Մուրադեան եւ Կ. Իւզբաշեան, Սանսպեոր) թուարկուած ձեռագրերի մայր օրինակը 1672 թ. ընդօրինակութիւնն է (կարեւոր է նկատի առնել Բ. Սարգսեանի վերապահումները): Սակայն յայտնի է, որ Փարպեցու Պատմութեան մէջ ներկայացուած Ս. Սահակի Տեսիլն ու նրա մեկնութիւնը մուծուել են ճառընտիրներ եւ շրջանառել նաեւ Պատմութիւնից անկախ: Այսպէս, Ս. Սահակի Տեսիլը ներկայացուած է ներքոյիշեալ ընդօրինակութիւններով.

 

ա)     Երուսաղէմ, Հայոց պատրիարքարան, Ճառընտիր N 1 (1419 թ. )

բ)      Երեւան, Մատենադարան, N 993 (1456թ. ), ընդօրինակուած է Սիւնիքում.

գ)      Երեւան, Մատենադարան, N 4803 (ԺԵ դար).

դ)      Նոր-Ջուղայ, Առաջնորդարանի գրադարան, ձեռագիր N 221 (1652 թ. ) ընդօրինակուած է Սպահանի մերձակայքի Թուրասկանում.

ե)      Երեւան, Մատենադարան, N 8917 (ԺԷ դար, մինչեւ 1660 թ. ):

 

Ն. Ակինեանի լրացմամբ Ս. Սահակի Տեսիլը տարբերակեալ խորագրումներով ներկայացուած է նաեւ Փարիզի Ազգային մատենադարանի cod. arm. 178, Վենետիկի Մխիթարեան մատենադարանի 201, 207 ձեռագրերում: Այն մասամբ ընդգրկուած է «Պատմութիւն վարուց սրբոյն Սահակայ հայրապետին» երկի բնագիր եւ այլն (հանգամանօրէն տե՛ս  Հ. Ներսէս Ակինեան, Տեսիլ Ս. Սահակայ, Վիեննա, 1948, էջ 4-9):

Փարպեցու Թուղթ առ Վահան Մամիկոնեան երկը ներկայացուած է Պատմութեան հետեւեալ ձեռագրում. Երեւանի մատենադարան, N 2639, N 1891, Վենետիկի՝ N 1088, N 1206, N 129: