ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

Կապիտալիզմի զարգացումը նշանակում է զարգացումն եւ բանւոր դասակարգի։ Քանի արդիւնաբերական տենդենցներ ցոյց տւող հայկական դրամագլուխն ապրում էր իր կուտակման առաջին շրջանը եւ դեգերելով Մերձ-Կասպեան երկրում (տորոն, նաւթ) երկրի խորքին մօտենում էր տնայնագործական եղանակով՝ նա բանւորական ոյժ վերցնում էր հենց տեղն ու տեղը (լեզգի, թուրք) եւ չէր խախտում հայ բնագաւառների նիրհը։ Բայց տեխնիքապէս զարգանալով՝ նա իր շօշափուկները տարածեց դէպի հայկական բարձրաւանդակը եւ սկսեց բանւորական ոյժ շողոմել նաեւ այդ աշխարհից։ Աշխատանքի որպիսի՞ պայմաններ ունէին մեր առաջին բանւորները եւ գիտակցութեան որպիսի՞ մակարդակ։ «Մշակի» առաջին տարւայ թւերից մէկում կայ Թիֆլիսի գործարաններից մէկի նկարագրութիւնը, որ առաջ ենք բերում այստեղ։ Յօդւածագիրը (Գր. Արծրունին) յիշում է, որ Թիֆլիսում Միրզոյեանն ունի կտաւի գործարան, որի մէջ աշխատում են 400 հոգի, իսկ Թայիրեանը մոմի գործարան, որը եւ դառնում է նկարագրութեան առարկայ։

«Այդ գործարանում, գրում է հեղինակը, մշտակայ աշխատողների թիւը 35 է, մեծ մասամբ հայերից։ Աշխատանքը սկսվում է 5 ժամին առաւօտեան, մի քանիսների համար 4 ժամին անգամ, եւ կատարվում է քանի մի նեղ եւ շնչառութեան համար ծանր սենեակների մէջ, որոնց օդը ապականված է անտանելի գարշահոտութիւնով, որը տարածվում է ճրագու եւ ճարպ հալելից։ Այդ ծանր օդի մէջ, այդ նեղ սենեակներում մշակները մնում են մինչեւ 8 կամ ժամը, այսինքն 14 ժամ շարունակ չհաշվելով հաց ուտելու ժամանակը։ Գարշահոտութիւնը ոչնչացնելու համար չեն գործ դնվում ոչինչ օդամաքրող միջոցները, կամ վէնտիլիացիայ։ Տասն եւ չորս ժամվայ աշխատանքից ազատ մնացած ժամանակը, այսինքն գիշերը, մշակները անցնում են ամենքը միասին մի սենեակի մէջ հաւաքված, որը ձմեռ ժամանակ, փակված դռներով մշակի համար դժոխքից պակաս չպիտի լինի…

Այդ ամեն պայմանները աչքի առաջն ունենալով, մենք տեսնում ենք որ մշակները ստանում են ամենաչնչին ռոճիկ։ Նոցանից մեծ մասը ամիսը 14 ռուբլի։ Այն մշակը որ շոգեմեքենայի մօտ է գտնվում եւ սկսում է իր աշխատանքը ուրիշներից առաջ, այսինքն ժամը 3-ին կամ 4-ին, ստանում է մինչեւ 1 ռ. ։ Մշակների վերակացուն ստանում է 20 ռ. ։

Այնպէս որ այդ աշխատողների մի ժամը վարձատրվում է 4 կոպէկով… Բացի նոցանից գործարանում ամեն օր աշխատում են 6-7 կանայք, որոնք օրը ստանում են 20 կոպէկ, որ կանէ կ. ժամը։ Ահա ինչպէս մենք հոգում ենք այն էակների մասին, որոնց աշխատանքի միջոցով մենք հարստանում ենք [1] ։

Այս անմխիթար տեղեկութիւններից յետոյ հեղինակն առաջարկում է իր բուժիչ միջոցները. «Մենք ոչինչ չէինք ասելու մեր գործարանների արդիւնաբերութեան դէմ, եթէ նորա մտցնելը երկրի մէջ պիտի բարւոքէր աշխատողների դրութիւնը, բայց ոչ թէ լցնէր դրամատէրերի այնպէս էլ (ուրիշի աշխատանքով) լի գրպանները։ Գալու յօդվածներից մինում մենք կաշխատենք ցոյց տալ թէ կարելի է հիմնել գործարանը որի կազմութիւնը եւ գործարանի եւ աշխատողի համար օգուտ կը բերի, իսկ այժմ կը բաւականանանք աւելացնելով. թէ մենք մեծ մասամբ հոգում ենք մեր մասին, հոգում ենք մեր անձնական շահերի եւ հարստանալու մասին, գործ դնելով ամեն տեսակ միջոցները։ Մենք հիմնում ենք ֆաբրիկաները, գործարանները, բազմացնում ենք մշակների թիւը, չհոգալով նոցա նիւթական ապահովութեան վերա եւ մոռանում ենք կամ չենք իմանում որ սորանով պատրաստում ենք մեզ ապագայի համար այնպիսի անյաղթելի արգելքները, որոնք Եւրոպայի գումարատէր հասարակութեան համար պատճառ են դառել անլուծելի եւ արիւնահեղ խնդիրների»։

«Անլուծելի եւ արիւնահեղ խնդիրներ» յարուցանում է պրոլետարիատը։ Գր. Արծրունին դէմ է պրոլետարիզացիային եւ սոցիալիզմին։ Խոշոր արդիւնաբերութիւնն անխուսափելիօրէն պիտի առաջ բերի պրոլետարիզացիա։ Բայց խոշոր արդիւնաբերութիւնը նաեւ նորագոյն քաղաքակրթութեան խարիսխն է։ Արդ՝ ինչպէս անել որ մեր երկրում էլ զարգանայ խոշոր արդիւնաբերութիւնն առանց բանւոր դասակարգի զարգացման ու պայքարի։ Դրա համար Գր. Արծրունին խորհուրդ է տալիս փարել ընկերակցութիւնների գաղափարին։ Շուլդէ-ֆօն-Դելիչի եւ Ֆերդինանդ Լասսալի պրոպագանդը բանական երեւոյթ է նրա աչքում։ «Առաջինը, բացատրում է Արծրունին, մշակների ընկերակցութեան գաղափարը հիմնում է ինքնաօգնութեան վերա, այսինքն մշակների խնայողութեան եւ փոքր տուրքերով բաժանորդութեան վերա, երկրորդը պարտաւորում է պետութիւնը փոխ տալ մշակներին հիմնական դրամագլուխ, նրանց համար մատչելի տոկոսներով [2] Ճիշտ է, որ, Լասալը պաշտպանում էր «Ընկերակցութեան միտքը», բայց այն ստորադասելով սոցիալիստական մտքին։ Գր. Արծրունին հրաժարւում էր սոցիալիզմից։ Ընկերակցութիւնը նրա համար միջոց էր վերացնելու պրոլետարիատի հետ կապւած «անյաղթելի արգելքները»։ «Չմոռանանք, գրում է նա, որ մեր փրկութիւնը մենք կգտնենք նպաստելով, ընդարձակելով փոքր արդիւնաբերութեան շրջանը եւ փոքր արդիւնագէտների թիւը [3] ։ Սա մանր-բուրժուական ինքնագոհ վիճակի մի դաւանանք է, որ աւելի պարզ անկարելի է արտայայտել։

Մի անգամ կանգ առնելով «փոքր արդիւնագէտների» շահերի պաշտպանութեան տեսակէտի վրայ՝ բնական էր, որ Գր. Արծրունին նախ մերժէր սոցիալիզմը, ապա հակասական դիրք բռնէր ծաւալւող կապիտալիզմի ու խոշոր արդիւնաբերութեան դէմ։ Վերջին երեւոյթը նա համարում էր առաջադիմական գործօն եւ կարծում էր, որ այն կարելի է կերտել կօօպերացիայի միջոցով։ Բայց կամաց-կամաց նրա մէջ կօօպերացիան տեղի տուաւ ակցիօներական ընկերութիւնների գաղափարին։

Սոցիալիզմը բանւոր դասակարգի ուսմունքն է։ Եթէ չլինի այդ դասակարգը՝ բնական է, որ չլինի եւ նրա վարդապետութիւնը։ Այդպէս չէ դատում հայ հասարակական մտքի ժամանակի ղեկավարը։ Գր. Արծրունու աչքում սոցիալիզմի ջահեր են նոյնիսկ յոյն եւ լատին լեզուները։ Նա հարց է տալիս. «Ի՞նչ հասկացողութիւն ունէր հին աշխարհը սեփականութեան վերա։ Մենք ասում ենք, մարդս ինքն իրան է պատկանում, ուրեմն նորա գործունէութիւնը նորա սեփականութիւնն է, ուստի այդ գործունէութեան արդիւնքը նմանապէս նորա սեփականութիւնն է։ Մեր կարծիքով սեփականութիւնը աշխատանքի արդիւնքն է։ Բայց Հռօմայեցիք եւ Յոյները կարող էին արդեօք այդպէս մտածել, երբ նոքա արհամարհում էին աշխատանքը, երբ նոցա մօտ մարդը ինքն իրան չէր պատկանում, այլ մարդը ստրուկ էր, մարդն էլ ուրիշի սեփականութիւն էր։ Ո՛չ, նոքա ասում էին, այն է սեփականութիւն, որ օրէնքից ընդունված է որպէս սեփականութիւնը։ Ուրեմն եթէ օրէնքը ճանաչէ ստրուկ ունենալ իրաւունքը, այն էլ պէտք է ընդունենք, որպէս սեփականութիւն։ Գեղեցիկ բարոյականութիւն։ Ուրեմն այդ պէտք է սովորենք հին աշխարհից։

…Վերջապէս հասարակութեան գաղափարի վերաբերութեամբ հին աշխարհից մենք ժառանգեցինք ամենավնասակար մտքերը։ Նոքա արտայայտվում են երկու իրաւաբանական եւ փիլիսոփայական նախադասութիւններով։ Մինը, որ հասարակութիւնը բնութենից դուրս երեւոյթ է եւ կախված է պայմանից, միւսը, որ օրէնքը ստեղծում է իրաւունքները։ Նոյնիսկ այդ երկու նախադասութիւնները կազմում են այժմեան ժամանակում բոլոր սօսիալիստների վարդապետութիւնների հիմքը։ Ուրեմն այդ հասարակական ախտն էլ մենք ժառանգեցինք Հռօմայեցիներից եւ Յոյներից։

Եթէ ինչպէս արել էին հին ժամանակներում Պլատօնը, Մինօսը, Լիկուրգը, Սօլօնը, Դրակօնը, Նումա Պօմպիլիուսը եւ այլն, մենք էլ, համարելով հասարակութիւնը բնութենից դուրս երեւոյթ, որ կախված է միայն պայմանից, նորա ֆիզիքական կազմութիւնը, նորա տիպը, լեզուն, կլիման որտեղ նա ապրում է, չըքննելով ամբողջ հասարակութեան կազմվածքը, ուշադրութիւն չըդարձնելով մարդկային հասարակութեան բնական, օրգանական օրէնքների վերա, մենք ձեւենք հասարակութիւնները, ինչպէս կաւից ամաններ են շինում, ինքնակամ եւ արվեստական կերպով ստեղծենք ընտանիք, սեփականութիւն, իրաւունք, օրէնքը, մենք դառնում ենք սօցիալիստներ։ Ֆուրիէ, Սէն-Սիմօն եւ հասարակութիւնների այլ նոր ձեւողներ, եղել են միայն Լիկուրգի պէս մարդիկների հետեւողներ, աւելի ոչնիչ։

Ա՞յդ են ուզում ուրեմն սովորել կլասիկային աշխարհից… եւ ճշմարիտ է, սովորեցինք կլասիկային լեզուների ուսման շնորհիւ… Ոչ ոք չէ նկատում, որ Ֆէնէլօնի «Թէլէմակ» գիրքն անգամ, որ ամեն լեզվով թարգմանած է, եւ որ մենք մեր երեխաներին կարդալ ենք տալիս, շնչում է այդ կլասիկային սօցիալիզմի ոգով…

Լատիներէնի եւ Յունարէնի միջոցով մեզ ծանօթացնում են անմիջապէս կլասիկային անբարոյականութեան, կլասիկային սօցիալիզմի հետ, եւ զարմանում են, որ ժամանակակից երիտասարդների մէջ այնքան բազմացել են Սօցիալիզմի եւ Կօմունիզմի վարդապետութեան պաշտօղների թիւը [4] ։

Չարժէ զբաղւել այս տեսակէտների հերքումով։ Կլասիցիզմը մատաղ սերունդի համար միշտ նկատւել է բթացման զէնք եւ ոչ թէ սոցիալիզմի հրահրման ջահ։ Գր. Արծրունու խորհրդածութիիւնները վկայում են միայն, թէ որպիսի օրգանական հակակրանք էր տածում նա դէպի սոցիալիզմը։ Եւ զարմանալի չէ, որ 1878 թ. խօսելով գերմանական սոցիալ-դեմոկրատիայի նուաճող ազդեցութեան մասին՝ նա սոցիալիզմը համարում է «վտանգաւոր», «աւերիչ», «վնասակար», «հակահասարակական» եւ «սպառնալի» վարդապետութիւն, որ կարող է չքանալ միմիայն ընդարձակ քաղաքական ազատութիւնների շնորհիւ [5] ։ Ռուսաստանում ծաւալւող յեղափոխական շարժման հանդէպ, որ իր դրօշակին սոցիալիզմի պահանջից զատ դրոշմել էր նաեւ «ընդարձակ քաղաքական ազատութիւնների» պահանջը՝ Գր. Արծրունին կծկւում էր իր կուլտուրական գործչի պատեանի մէջ եւ յայտարարում, թէ «մենք Անդրկովկասեան բնակիչներս, մանաւանդ սաստիկ պահպանողական, կօնսերվատիւ հայոց տարրը, այդ տեսակ հարցերում աւելի անկողմնապահ կարող ենք դատել, որովհետեւ մեր բնաւորութեան հակառակ է սոցիալիզմի որեւէ գաղափարը, մեզ անհասկանալի են այդ երազական մտքերը։ Անդրկովկասը երբէք չի ներկայացնի մի յարմար հող սօցիալական որեւէ պրոպագանդայի համար։ Մենք ունենանք մեր սեփական, ներքին խնդիրներ, մեր տնտեսական եւ ուսումնարանական ցաւեր։ Սօցիալիզմը հակառակ է մեր բնաւորութեան եւ մենք պէտք է մեր բոլոր ջանքերը գործ դնենք մեր անդրկովկասեան ազգութիւնների, հայերի, թուրքերի եւ վրացիների ինքնակրթութեան գործը առաջ տանելու։ Ուրեմն ամփոփենք մեր ոյժերը մեր սեփական հոգսերի վրա, դատապարտելով միշտ ապօրինի եւ հակահասարակական պարապմունքներ» [6] ։

«Տնտեսական ցաւեր» ունենալ նշանակում էր ոչ միայն առտնին սնունդի խնդիրներով զբաղւել, այլ եւ հասարակական մարմինն առաջնորդել դէպի բնականոն զարգացում։ Եթէ հայ տարրը «սաստիկ պահպանողական» էր եւ դա երաշխիք էր, որ սոցիալիզմի վարակը չէր ազդի նրա վրայ՝ պէտք էր տրամաբանական լինել եւ աշխատել, որպէսզի անխախտ մնան այդ պահպանողականութեան հիմքերը նահապետականութիւնն ու հողային տնտեսութիւնը։ Բայց հենց այստեղ էր, որ Գր. Արծրունին եւ միւսները խնայել չգիտէին։ Նրանց եւրոպականացման պահանջը ոչ այլ ինչ էր, եթէ նուաճել բուրժուական Եւրոպայի պատկերն ու նմանութիւնը, մի հանգամանք, որ անխուսափելի էր դարձնում թէ կապիտալիզմի յաղթանակը մեզ մօտ եւ թէ բանւոր դասակարգի ծագումն եւ ուռճացումն «վնասակար» սոցիալիզմով հանդերձ։

Մինչ Գր. Արծրունին շարունակում էր հրաժարւել պրոլետարիատից ու սոցիալիզմից՝ պատմական զարգացումը կատարում էր իր շրջանը եւ դարբնում անխուսափելին։ Թիֆլիսի նահանգի գործարաններին նւիրւած մի տեսութեան մէջ հետազօտողը տեղեկութիւններ է հաղորդում եւ բանւորների մասին։ Այդտեղից մենք իմանում ենք, որ 1886 թ. Թիֆլիսի 8 ծխախոտագործարաններում եղել են 619 բանւոր, որից հայ 428, վրացի 164, ռուս 4, յոյն 3 եւ թուրք 20։ Հայ բանւորները կազմել են ընդհանուրի մօտ 69%։ «Աշխատանքը բոլոր գործարաններում, գրում է հետազօտող Ստ. Գուլիշամբարեանը, տեւում է 12 ժամ օրական, առաւօտեան ժամը 6-ից կամ 7-ից մինչեւ երեկոյեան ժամը 6-ը կամ 7-ը, ըստ որում նախաճաշի կամ ճաշի համար չկայ որոշւած ժամանակ, բայց շատ գործարաններում ընդունւած է արձակել ճաշի 1 ժամով, նախաճաշի ½ ժամով, այնպէս որ իսկական աշխատանքի օրը տեւում է 10½ ժամ։ Բայց պէտք է յիշել, որ գործարաններում աշխատանքների մեծամասնութիւնը վճարւում է կտորով եւ դրա շնորհիւ բանւորները յօժարակամ կրճատում են ճաշի ու հանգստի ժամանակը, որպէս զի մի քիչ աւելացնեն իրանց լղարիկ վաստակը։ Այստեղի գործարաններում բանւորների մէջ ընդհանրականութիւն չկայ եւ ոչ մի բանի մէջ չի նկատւում արտելի (երամագործ) սկզբունքի կամ որեւէ փոխադարձ օգնութեան գաղափարը։ Նրանք ներկայացնում են մի խայտաբղէտ խուժան, որ տարւած է մի ընդհանուր մտքով վաստակել հանապազօրեայ կտոր հացը» [7] ։ Բանւորները զուրկ են բժշկական օգնութիւնից, իսկ նրանց բնակարաններն ոտնահարում են ամեն մի առողջապահիկ պայման։ Ապա խօսելով Չիթախեանի գործարանի 140 ջուլհակների վարձատրութեան չափերի մասին՝ Ստ. Գուլիշամբարեանն աւելացնում է. «Բանւորների մէջ չկայ որեւէ համերաշխութիւն։ Այստեղ նրանք հաւաքւել են պատահականօրէն։ Ամեն մէկն ապրում է իր առանձին կեանքով եւ ոչ մի խմբակցական շահի զգացում չունի միւսի հետ [8] ։ Այսպէս էր բանւորների վիճակը Թիֆլիսում։ 80-ական թուականներին այլեւս անկարելի էր ուրանալ նրանց գոյութիւնը։ Միմիայն կարելի էր նրանց օրօրել սին գաղափարներով, որը եւ անւում էր։

Ութսունական թուականներին Բագուն էր, որ դառնում էր բանւորաշատ կենտրոն։ Ղարաբաղի հայ գիւղացիութիւնն իր պակասաւորներին եւ աւելցուկ ձեռներէց ոյժն այստեղ էր ուղղում։ 1889 թ. տեղեկութիւնները վկայում են, որ նաւթահանութեամբ զբաղւող 3762 բանւորներից 710 ռուս էր, 1171 հայ, 1696 մուսուլման եւ 185 այլազգի [9] ։ Հայերը կազմում են բանւորութեան մօտ 32%-ը։ Տարէցտարի այդ տոկոսն իջաւ մինչեւ քսան եւ հինգի, բայց դրա դիմաց ուռճացաւ հայ բանւորութեան բացարձակ թիւը։ Դարավերջին նրա քանակը պակաս չէր ութ հազարից։ Նաւթարդիւնաբերական բանւորի վիճակը վարձատրութեան, առողջապահութեան եւ բնակարանի տեսակէտներից շատ էր աննախանձելի դարավերջին եւ շատ անգամ է նկարագրութեան, անգամ վիպասանութեան նիւթ դարձել։ Լուսաւոր նաւթարդիւնաբերողներից մէկի վկայութեամբ նաւթադաշտը մի գերեզմանոց էր, ուր բանւորներն ուղղակի փթում էին։ Աւելի պատկերաւոր անկարելի էր արտայայտւել։ Բոլորի հետ միասին փթում էր եւ դրամ որոնող հայ գեղջուկը, գիւղը փոխադրելով իր հետ բազմապիսի հիւանդութիւններ։ Իսկ ինչ էր մտորում երեւոյթի դիմաց հայ հասարակական միտքը։

Գր. Արծրունին տակաւ առ տակաւ կօօպերացիան փոխարինեց ակցիօներական ընկերութիւնների պրոպագանդով։ Հայկական դրամագլուխների աննպատակայարմար գործադրութիւնը նրա մէջ զայրոյթ էր բռնկեցնում։ «Եօթանասուն տարուց աւելի է, գրում է նա, որ Ռուսաստանը տիրապետում է Կովկասեան եւ Անդրկովկասեան երկիրը եւ այդ ամբողջ ժամանակամիջոցում երկրի ամբողջ վաճառականութիւնը, տէրութեան կապալները, զօրքի հասոյթները, բոլորը հայերի ձեռքումն է եղեn… Ահագին գումարներ անցել են հայերի ձեռքով, բայց ի՞նչ ենք տեսնում… ամբողջ Կովկասում եւ Անդրկովկասում մի շատ հարուստ տուն չենք տեսնում։

Մեր բոլոր հարուստ անուանված կարողութիւններն էլ շատ կասկածաւոր են։ Եւ եթէ կան մի քանի ճշմարիտ հարուստ տներ, նրանց կարողութիւնը մի հաստատ, ժառանգական Ֆիրմա երբէք չէ դառնում, երբէք հարստութիւնը մեզանում երկու սերունդից աւելի չէ տեւում… Երրորդ սերունդին հասած կարողութիւնը անպատճառ փչանում է, վատնվում է, անհետանում է… Հայերի մասին, առհասարակ, ասում են թէ նրանք տնտեսական ընդունակ ժողովուրդ են։ Բայց ինչո՞վ բացատրել այդ անընդունակութիւնը երկու սերունդից աւելի հարստութիւնը պահելու… Այդ մի տնտեսական հանելուկ է։

Մեր կարծիքով այդ հանելուկը հեշտ է լուծվում։

Հայերը ընդունակութիւն ունեն միմիայն դիզելու կարողութիւնը։ Եւ այն միջոցներն էլ, որ նրանք գործ են դնում հարստանալու համար հաստատ, տնտեսական խիստ կանոնների վրա չեն կայանում, աշխատանքի եւ արդիւնագործութեան վրա չեն հիմնվում, այլ բաղդի եւ ճարպիկութեան վրա… Առհասարակ տնտեսական որեւէ գործունէութեան մէջ աջողութիւն ունենալու համար ճարպիկութիւնը բաւական չէ. պէտք է գլխաւորապէս ձեռնարկական հաստատ ոգի, պէտք է ճիշտ հաշիւ, պէտք է երկրի տնտեսական պահանջների հետ կատարեալ ծանօթութիւն։ Բայց այդ յատկութիւնները չունի հայը, գոնէ հայերի այժմեան սերունդը այդ յատկութիւնները չունի։

Հաշւեցէք մի առ մի բոլոր հարուստ հայ տները, եւ դուք կը համոզվէք որ նրանցից ոչ մինը չէ հարստացել երկրի մէջ հիմնված տնտեսական, օգտաւէտ տնտեսութեամբ, կանօնաւոր որեւէ արդիւնաբերութեամբ… Ո՛չ բոլորն էլ հարստացել են անկանօն կերպով, պատահական միջոցներով, որոնք բոլորովին դուրս են երկրի հետ կապ ունեցող կանօնաւոր տնտեսական արդիւնագործութիւնից։ Իսկ պարզ է որ անկանօն, բաղդի բերմունքով հարստացածը չէ էլ կարող կանօնաւոր, խելացի կերպով կառավարել ձեռք բերած կարողութիւնը։

Ուրեմն հանելուկը հեշտ է լուծվում… Մինչեւ որ հայը կը հարստանայ անկանօն, թէեւ հեշտ կերպով, նա նոյնքան հեշտութեամբ կը վատնի էլ իր ամբողջ հարստութիւնը։ Մենք չունենք կանօնաւոր, հաշված տնտեսական գործունէութեան վրա հիմնված հարստութիւնները. մեր հարստութիւնները քամին բերում է եւ քամին էլ շուտով տանում է [10] ։

«Բաղդի եւ ճարպիկութեան» շնորհիւ դիզած դրամագլուխների աղբիւրը պղտոր է լինում, մանաւանդ, երբ նրանք առնչութիւն են պահպանում պետական գանձարանի ու պաշտօնէութեան հետ, երբ դեր է խաղում մաքսանենգութիւնը, կաշառքը, կեղծարարութիւնը եւ սուտ սնանկութիւնը։ Այդ արատներն էին զարդարում կուտակման շրջանն ապրող հայկական դրամագլուխը, միանգամայն գիշատչի պատիւ շնորհելով նրանց տէրերին։ Նման դրամագլուխները չէին արգասաւորում երկիրը եւ վաշխառուի անխղճութեամբ ծծում էին աշխատաւոր ժողովրդի կենսական հիւթերը։ Նրանց տէրերը դրամի շնորհիւ ոչնչութիւնից պատւի արժանացած՝ անճոռնի, կոպիտ ու գռեհիկ էին փարթամութեան մէջ, խուլ՝ քաղաքակրթութեան հանդէպ, աղմկարար՝ իրանց խայտառակ վարք ու բարքով։ Այս ունեւոր դասից էր, որ հրաժարւում էր Գր. Արծրունին։ Դարձեալ այս ունեւոր դասի անփառունակ կորուստն էր նա մարգարէանում, երբ տեսնում էր, որ նրանից ասպարէզ չի ելնում «մի հաստատ, ժառանգական Ֆիրմա»։ Տասը տարի անց նա դարձեալ վերադառնում է այս խնդրին, մատնանշելով օտարներից սպառնացող վտանգը եւ գործնական խորհուրդ տալով դրամագլուխների հզօրացման մասին։

«Ռուսաց տիրապետութեան սկզբից ի վեր, գրում է Արծրունին, երբ կառավարութիւնը դեռ եւս ստիպված էր անընդհատ պատերազմներ մղել՝ կամ պարսիկների, կամ թուրքերի, կամ լեռնաբնակների դէմ, մեր երկիրը լցվեցաւ դրամով եւ ահա առաջ եկաւ հարստանալու մի նոր միջոց, բացվեցաւ հարստութեան մի նոր աղբիւր, դա կապալառութեամբ, պօդրիադներով, զօրքին այլ եւ այլ մթերքներ հայթհայթելով հարստանալու միջոցն էր։ Հարստանալու այդ աղբիւրից օգուտ քաղեցին, ի հարկէ, ոչ հին խաները, բէկերը եւ մելիքները, արիստօկրատ, ազնուական, կալուածատէր դարձած հին պարսից պաշտօնեաները, այլ հայ մանրավաճառները, որոնք եւ դարձան մեր ժամանակակից փողաւոր արիստօկրատիա։ Ազնուական հարուստները այժմ սկսում են հետզհետէ աղքատանալ, իսկ դրանց տեղը բռնեցին այլ եւ այլ կապալառուներ եւ պօդրիադչիկներ։

Բայց եւ պատերազմների շրջանն անցաւ, անցան եւ նրա հետ միասին եւ կապալառութեամբ ու պօդրիադների օգնութեամբ հարստանալու միջոցները։ Եւ եթէ պատերազմների ժամանակներից բուսած, նոր թխած հարուստները դեռ կատարելապէս չեն անհետացել մեզանում, բայց եւ այնպէս նրանց կարողութիւնը զգալի կերպով սկսել է պակասել եւ ոչ մէկինը չէ աւելանում։ Իսկ նոր նոր հարուստներ այլեւս չեն յայտնվում մեզանում, քանի որ հանգամանքները հետզհետէ դառնում են աննպաստաւոր անհատների համար մեծ հարստութիւններ դիզելու։

…Բայց միեւնոյն ժամանակ՝ ինչքան էլ հարուստներ ունէինք, ինչքան էլ այդ հարստութիւնները խոշոր էին երեւում, համեմատելով ամբոխի մեծամասնութեան չքաւորութեան հետ, այնուամենայնիւ այդ մեր հարստութիւններից ոչ մինը այն աստիճան նշանաւոր չէր, որ դրանով կարելի լինէր ձեռնամուխ լինել մեր երկրի բնական բերքերի մշակութեանը ընդարձակ ձեւով։ Դրա համար հարկաւոր են միլիօններ, իսկ մեր բոլոր հարստութիւններից ոչ մինը պարզ միլիօնի չէ հասնում։ Եւ ահա, երբ պարսից տիրապետութիւնն անցաւ, անցաւ եւ ռուսաց տիրապետութեան պատերազմական շրջանը, իսկ կենսական հերթական հարցը մեր երկրի համար դարձաւ տնտեսական հարցը եւ երկրի բնական հարստութիւնների մշակութիւնը, մեր տեղական կապիտալիստները ստիպված են անգործ մնալ եւ ասպարէզից յետ քաշվել, իսկ հետզհետէ առաջ են գալիս եւրոպական կապիտալիստները, որոնք միլիօններով են հաշւում իրանց կարողութիւնը, փոխանակ հարիւր հազարներով հաշւելու, ինչպէս մեր ամենահարուստ կապիտալիստները։

Հետեւանքը ի՞նչ կլինի. կամ մերոնք պէտք է խելքի գան եւ իրանց մէջ ընկերակցութիւններ կազմեն, քանի որ մեր հարուստներից իւրաքանչիւրի կապիտալը այնքան խոշոր չէ, որ դրանցից ամեն մէկը ջոկ ջոկ ձեռնամուխ լինի տնտեսական լայն գործունէութեան, երկրի բնական բերքերի ընդարձակ մշակութեան, կամ պէտք է իրանց ասպարէզը զիջանեն Նօբելներին, Րօտշիլդներին» [11]

Նոբելն ու Րոտշիլդը նաւթարդիւնաբերութեան արքաներն էին։ Առաջինը տեխնիքապէս նորոգել էր նաւթարդիւնաբերութիւնը (սկսած 1874 թ. ), երկրորդն առատ դրամով վարկաւորել այն (սկսած 1885 թ. Տեխնիկայի ու դրամի այդ արքաների հետ կարելի էր մրցել միմիայն հայկական միացրած միջոցներով։ Եւ այդ տեղի ունեցաւ յետագայ տասնամեակում։ Նոբելի ընկերութեան հիմնական դրամագլուխն էր 15 միլիոն ր., Րոտշիլդինը 6 միլիոն ր. ։ Դարավերջին հայկական խոշոր ձեռնարկութիւններից Մանթաշեանինը հիմնական դրամագլուխ ունէր 22 միլ. ր., Կասպիական Ընկեր. 2 միլ., Թումայեանինը 2 միլ., Եղբ. Միրզոյեանները —3210000 ր., Եղիազարեանինը 2 միլ., Մելիքեանինը 2 միլ. եւ այլն։ Սրանք արդէն «Ֆիրմաներ» էին եւ ակցիօներական հիմունքներով կազմակերպւած։ Գր. Արծրունու քարոզը հասել էր իր նպատակին։ Վաշխառուական եւ կապալառուական դրամագլուխը դառնում էր արդիւնաբերական գերազանցապէս։ Բայց այս կերպարանափոխումը առաջ էր բերում այն «անլուծելի եւ արիւնահեղ խնդիրները» բանւորութեան ու սոցիալիզմի հետ կապւած, որից այնքան երկիւղ էր քաշում Արծրունին։ Հետեւողական մտածող ու գործիչ լինելու համար Արծրունուն եւ նրա դպրոցի գործիչներին մնում էր մի երկընտրանք. կամ լինել փարթամացող բուրժուազիայի հետ եւ դառնալ այդ դասակարգի գաղափարախօս կամ ամենից վեր դասել նորածագ բանւորութեան շահերը եւ կանգնել սոցիալ-դեմոկրատական տեսակէտի վրայ։ Բայց հայ հասարակութեան թոյլ շերտաւորումը եւ մեր հասարակական մտքի ներքին տկարութիւնը չստեղծեցին նման պարզ վիճակ։ Ընդհակառակը, յաղթական դարձաւ մտածողութեան այն եղանակը, որ ե՛ւ պայտին էր փխում ե՛ւ գամին։ Այդ մտածողութիւնը մի օր դատափետում էր բուրժուազիայի արատները եւ շանթեր արձակում նրա դէմ։ Միւս օրը վեր էր հանում այդ դասակարգի ընտանեկան ու բարեգործական առաքինութիւնները եւ ազգի փրկութիւնը կապում նրա առատաձեռնութեան հետ։ Նոյն յեղյեղուկ վերաբերմունքն էր տածում նա եւ դէպի վարի խաւերը։ Գիւղացին եւ բանւորը մի օր հանդիսանում էին առաքինութիւնների ու սրբութիւնների աղբիւր, որոնց խեղդում էին հոգէառ վաշխառուն ու գործարանատէրը։ Մի այլ անգամ այդ խաւերն էին, որ ապերախտօրէն չէին ըմբռնում «բարերարներին» եւ անհրաժեշտ խոնարհութեամբ յարգանք մատուցանում նրանց։ Մի խօսքով հրապարակում հետեւողական միտքը չէ, որ տիրապետում էր, այլ հոգեւոր աղցանը։ Կամաց կամաց հասարակական այդ մտածողութիւնն ընդունեց բարոյախօսութեան կերպարանք, որ աւետարան էր կարդում գայլին ու գառանը։

Այդ աւետարանի առաջին խօսքն այն էր, որ խոշոր հարստութիւնները ստեղծում են մասսայական չքաւորութիւն։ Սա նման է Ֆուրիէի այն մտքին, թէ հարստութիւնը ծնում է չքաւորութիւն։ «Երբ մի երկրի մէջ անչափ մեծ հարստութիւններ կան, գրում է Արծրունին, նոյն երկրում անպատճառ կը հանդիպէք եւ մեծ չքաւորութեան։ Եւ դա շատ բնական երեւոյթ է, երբ մի երկրի հարստութիւնները դիզվում են մի քանի անհատների ձեռքում, դա նշանակում է որ հարստութիւնը անհաւասար բաժանվելով ազգաբնակութեան մէջ, որքան աւելի հարստութիւն կենտրօնանում է մի քանի ձեռքերում, այնքան պակասում է ընդհանրութեան նիւթական բարօրութեան չափը։ Հարստութեան այդ տեսակ անհաւասար բաժանմամբ մանաւանդ յայտնի է Անգլիան։ …Այժմ ինքն իրան հարց է առաջ գալիս, արդեօք քաղաքակիրթ մարդկութեան տնտեսական ձգտումների նպատակը այն է, որ մի երկրի ահագին հարստութիւնները դիզվէին հետզհետէ մի քանի անհատների ձեռքում, թէ խելացի եւ ճշմարիտ քաղաքակրթութեան վերջնական նպատակը պէտք է լինի ձգտել ազգաբնակութեան մէջ երկրի հարստութիւնների հաւասարապէս բաժանելուն։ Ի հարկէ, այդ վերջինը աւելի ցանկալի է, որովհետեւ մարդկութեան քաղաքակրթութեան բուն նպատակը պէտք է լինի ընդհանրութեան, մասսայի, բարօրութեան միջին մակերեւոյթի հաստատելը, եւ ոչ թէ մի քանի անհատների հրէշաւոր, առասպելական հարստութիւնը մի կողմից, եւ վերջին ծայր չքաւորութիւնը միւս կողմից… Բայց Եւրոպայումն էլ շատ քիչ երկիրներ կան, որոնք մինչեւ այժմ հասած լինէին հարստութեան այդ արդար բաժանմանը ազգաբնակութեան այլ եւ այլ դասակարգերի մէջ, ուրեմն քիչ թէ շատ ցանկալի ընդհանուր բարօրութեանը։

…Ժամանակակից Եւրոպայի այդ միակ երկու երկիրները, Լավըլէի կարծիքով՝ Շվէյցարիան է եւ Նօրվէգիան, որտեղ չէք գտնի հրէշաւոր, առասպելական հարստութիւններ, որտեղ հետզհետէ կատարելապէս անհետանում են շռայլութեան վերջին նշոյլները, իսկ դրա տեղը բռնում է հասարակական բոլոր դասակարգերու պարզ եւ առողջամիտ կեանք, իսկ ուրիշ կողմից չքաւորութեան չէք էլ հանդիպի հասարակութեան ստորին դասակարգերում, այլ բոլոր դասակարգերում տիրում է համեմատական ունեւորութիւն, ուրեմն եւ ընդհանուր բարօրութիւն [12] ։

Միջին կացութեան հետամտելը շվէյցարացու կամ նորվեգիացու բնատուր ձիրքը չէր կազմում եւ վերջապէս դա մի գովելի առաքինութիւն չէր։ Երեւոյթը պարզւում էր նրանով, որ Շվէյցարիան ու Նորվեգիան տնտեսապէս յետամնաց երկիրներ էին Անգլիայի հանդէպ։ Երկու երկրներումն էլ տիրում էր կուշտ քաղքենիութիւնը՝ տոգորւած աւետարանական եկեղեցու քարոզած բարեմասնութիւններով։ Գր. Արծրունին, Րաֆֆին եւ միւսները ազատական բանակից ուրախ կը լինէին, եթէ հայ մարդն էլ նուաճէր գոյութեան այդ միջին մակարդակը։ Րաֆֆին իր «Խենթի» երազի մէջ գոյութեան այդ հեռանկարն էր ջատագովում։ Բայց իրականութիւնը գալիս էր փշուր-փշուր անելու նման տեսիլները։ Նա հուժկու ձեռքով մատնանշում էր, որ հարստութիւնը ծնում է չքաւորութիւն եւ որ վերջինիս ներկայացուցիչ բանւոր դասակարգն անմասն է մնում հասարակական սեղանին։ Ի՞նչ անել։ Գր. Արծրունին հրապարակ էր հանում իր բարոյախօսութեան աւետարանի երկրորդ պատգամը։

Այդ պատգամը նախ եւ առաջ ճշտում էր, որ «գործարանատէրերի ագահութեան շնորհով հայ եւ տեղացի մահմեդական մշակը (խօսքը Բագուի բանւորութեան մասին է Դ. Ա. ) մնացին թշուառ ու նիւթապէս վերին աստիճանի անապահով դրութեան մէջ», ապա յայտարարում էր այն փրկարար միջոցները, որոնց կիրառումով միայն հնարաւոր էր բարձրացնել բանւորութեան նիւթական ու բարոյական վիճակը։ «Մենք կարծում ենք, գրում է Արծրունին, որ մեր արդիւնաբերական կեանքի մէջ առաջ եկող այդ մշտական աննպաստ պայմաններից ու լինելի տնտեսական կորստաբեր կրիզիսներից ազատ մնալու համար՝ անհրաժեշտ են երկու բաներ. նախ՝ որ մեր մշակների շրջանի մէջ մտցնվի մտաւոր եւ բարոյական գիտակցութիւն, սերմանվի նրանց մէջ ինքնագործունէութեան, ընկերական ոգու եւ ինքնօգնութեան սկզբունքը, որպէսզի այդ սկզբունքի միջոցով նրանք վերջապէս կարողանային իրագործել իրանց մէջ փոխադարձ օգնութեան վրայ հիմնված այլ եւ այլ օգտաւէտ ընկերակցութիւններ, իսկ երկրորդ՝ որ մեր կառավարութիւնը, օգտվելով Հիւսիսային Ամերիկայի օրինակից, արգելէր պարսկաստանցի մահմեդական մշակներին անդադար պանդխտել դէպի մեր երկիրը, արգելէր նրանց անցնել ռուսաց սահմաններից այս կողմը [13] ։ Նորից վերադառնալով այս վերջին մտքին՝ Գր. Արծրունին անբնական է գտնում, որ պետութիւնը հովանաւորող մաքսերով պաշտպանում է կապիտալիստներին, իսկ այդ նոյն եղանակով վտանգաւոր մրցութիւնից չի պաշտպանում աշխատանքը [14] ։ Աչքաթող անելով բանւոր դասակարգի շահերը, դատում է Արծրունին, պետութիւնը վատնում է երկրի արտադրող ոյժը, ֆիզիքական սպառման հասցնում այն եւ վերջինս ճարակող ախտերով վտանգի ենթարկում նաեւ միւս դասակարգերը։ Արծրունու խորհուրդները թէ միամիտ էին ըստ բովանդակութեան (արգելք պարսիկների դէմ) եւ թէ չէին կարող թափանցել ականջները խցած պետութեան ուղեղը։ Բանւորներին ինքնագործունէութեան հրաւիրել՝ նշանակում էր ճանաչել, թէ մեր մէջ էլ գոյութեան իրաւունք են ստացել «անլուծելի ու արիւնահեղ խնդիրները»։ Սա չէր կարող տեղ գրաւել ռուսական բացարձակապետութեան մէջ։ Վերջինիս աչքում նոր միայն «մարդու շար» էր դասւել վաճառականը։ Նա պետական բարձր նուիրապետութիւնից խրախուսւում էր գանձ ժողովել, ծաղկեցնել երկիրը, պատուաստել կապիտալիզմն աւատական Ռուսաստանում։ Այս պայմաններում բնական էր, որ բանւորական ոյժը գիշատւելու տրւէր բուրժուազիային, իսկ Արծրունին միամտութիւն ունէր սպասելու կառավարութիւնից, թէ վերջինս սրտացաւութեամբ պաշտպան կը կանգնէ այդ ոյժին։ Եւ մերկ փաստ մնաց այն, որ ռուսական կառավարութիւնը բանւորական օրէնքներ հրատարակեց միմիայն բանւորների մասսայական ըմբոստացումներից յետոյ, այսինքն այն ժամանակ, երբ «անլուծելի եւ արիւնահեղ խնդիրներն» իրանք հերթական դարձրին իրանց լուծման հարցը։

Այս ամենից յետոյ հրապարակ հանւեց բարոյախօսութեան աւետարանի վերջին խօսքը։ Այդ խօսքը պանդխտութեան դէմ մղւած քարոզն էր։ Խոշոր արդիւնաբերութիւնն ու հարստութիւնը քաղաքակրթութեան անուրանալի գործօններ են, բայց եւ չքաւորութեան աղբիւր։ Լաւ կը լինէր, որ հարստութիւնը մասնադրւէր բոլորի մէջ եւ մարդիկ վայելէին միջին անկարիք ապրուստ։ Դա ցանկալի էր, բայց չի իրագործւում, որովհետեւ սեփականատիրական հասարակութեան մէջ անկարելի է վազքի ասպարէզ նշանակել սեփականութեան համար, վանդակի մէջ առնել այն եւ ներքինացնել նրան իր ուռճացման մղումի մէջ։ Եթէ անկարելի է այս բոլորը՝ մնում է իր մանր սեփականութեան կառչած գեղջուկին զգուշացնել, որ նա հեռու փախչէ մեծ քաղաքներից ու արդիւնաբերական կենտրոններից, աչքի լոյսի պէս նայէ իր արտին ու այգուն եւ չնետւէ կապիտալիզմի ջրապտոյտը։ Միջին ապրուստի տէր կարելի է լինել ոչ թէ ապաւինելով լոկ սեփական բանւորական ձեռքերին, այլ եւ խարիսխ ունենալով որոշ սեփականութիւն, լինի դա գիւղական աշխարհի հետ կապւած գոյք թէ քաղաքի արհեստանոց կամ խանութ։ Մանր սեփականութիւնից մի հրաժարւէ՛ք, այն գուրգուրեցէք ու փայփայեցէք սա էր վերջ ի վերջոյ պանդխտութեան դէմ հանած աղմուկի իմաստը։ Եւ որովհետեւ խոշոր ծաւալ ստացած այդ պրոպագանդը հայ աշխատաւորին օրօրում էր գիւղական դատապարտւած աշխարհի մտայնութեամբ՝ նա յետադիմական էր ինքնին եւ միայն ծառայում էր փարթամացող բուրժուազիայի շահերին։ Այդ պրոպագանդը չէր կարողանում քաղաքից հեռացնել պակասաւոր գեղջուկի ֆիզիքականը։ Գեղջուկը դարձել էր գործարանի կցանը եւ իր մկանունքներով փող էր դատում ուրիշի համար։ Պրոպագանդին յաջողւում էր միայն շփոթ առաջացնել գեղջուկի հոգում եւ նրա մտաւորը դեգերել տալ հայրենի գիւղում։ Հողից կտրւած՝ նա ամուր կերպով չէր կապւում մեքենայի հետ եւ շարունակում էր ծառայել երկու տէրանց, ըստ որում գիւղական տէրը մշուշ էր կապում նրա մտքին, իսկ քաղաքի հոգէառը կաշկանդում նրա ձեռքերն ու կամքը։ Եւ ոտքով ու ձեռքով շղթայւած՝ նա ողջակիզւում էր յանուն կապիտալիզմի զարգացման, չէր կարողանում թափանցել նոր երեւոյթների խորքը, դիմադրական կորով չէր ժողովում, այլ լինելով բոլորի ապրեցնողը՝ հաւատում էր, թէ ինքը հաց է ստանում զանազան ազգային բարերարներից։

Պանդխտութեան դէմ գրելն ու խօսելը դարավերջին համարւում էր գերագոյն իմաստութիւն։ Դեռ եւս 1872 թ. վերջին «Մշակը» գրում էր. «Մեր ամեն մտածող եւ ցաւակցող մարդիկների գանգատի առիթը լինում է այն, որ մեր հայերի գիւղական ազգաբնակութիւնը, չնայելով որ հին ժամանակներում հայոց ազգը երկրագործական ժողովուրդ է եղել, սակաւ հակումն ունէ դէպի երկրագործութիւնը։ Ամեն երեւոյթը իր պատճառներն ունէ։ Անհերքելի է այն իրողութիւնը, որ հայը թէ Վրաստանում, թէ Կովկասեան հայոց գաւառներում, թէ Թիւրքիայում, երբ կարողանում է, թողնում է գիւղը, ու երկրագործական պարապմունքը եւ դիմում է քաղաքներ։ Եթէ նա փոքր ինչ գումար ունէ, նա սկսում է մանրավաճառութիւն անել, եթէ չէ, մշակութիւն համալութիւն։ Երկրի կանոնաւոր մշակութիւնը, երկրագործութիւնը կորցնում է այդպէս իր ամենաթարմ, իր ամենանշանաւոր ոյժերը, երկրից խլվում է ամենաառողջ եւ զօրեղ բազուկները, որովհետեւ գիւղից քաղաք գաղթողները լինում են ի հարկէ մեծ մասամբ միջին հասակի, երիտասարդ մարդիկ, որք ամենից շատ հարկաւոր են հողի մշակութեան գործի համար։

…Լոկ բարոյական քարոզները, թէ մեր գիւղային ազգաբնակութիւնը պիտի լուսաւորվի, պիտի առաջդիմութիւն տիրէ, թողնի իր հաւատարիմ հնացած, նահապետական գործիքները եւ մտցնի նորերը, պիտի հաւատարիմ լինի երկրագործութեան պարապմունքին, անզօր է գործին օգնել …Մեզ մօտ չըկայ անգլիական ընդարձակ տնտեսութիւնը իր մեծ կապալներով, չըկա ուրիշ կողմից շւեցարական նեղ տնտեսութեան պէս զարգացած երկրագործութիւնը գիւղական համայնքի եւ ինքնաօգնութեան սկզբի վերա հիմնած, իր ընկերակցութիւններով, ընդհանուր գանձարաններով, գիւղական բանկերով… Երկրագործը ի հարկէ այդ ամենը չէ հասկանում եւ անօգուտ կլինէր նորան այդ քադոզել, նա մի բան է զգում միայն, այն է որ նորան պակաս են նիւթական միջոցներ, այդ ամենակարող գործիչ ամեն տնտեսութեան մէջ, նորան պակաս է երկրագործութիւնը առաջ տանելու համար գիւղական կրէդիտը։

Եւ նա անդադար եւ անդադար գաղթում է քաղաքները, թողնելով ապարդիւն երկրագործական պարապմունքը, հաշտվելով մի անբնական հրէշաւոր զգացմունքի հետ, ընտանիքի եւ հայրենիքի յաւիտենական կորուստը [15] ։

«Մշակի» դատողութիւնների մէջ սխալն այն էր, որ իբրեւ հայը «երբ կարողանում է, թողնում է գիւղը» եւ այլն։ Սա դուրս է գալիս բնատուր հակումն, գաղթասիրութեան արատ։ Այն ինչ գաղթի ու թափառասիրութեան շնորհիւ չէր, որ հայը փախչում էր գիւղից։ Այստեղ դեր էին խաղում տնտեսական ու քաղաքական հզօր պատճառներ։ Մասնաւորապէս Այսրկովկասի գիւղաբնակիչ հայը տեղահան էր լինում սակաւահողութեան, կալուածատէր դասի ու պետութեան պահանջների երեսից։ «Մշակը» չէր պահանջում, որ վերանան այդ պատճառները, պայքար չէր մղում նրանց դէմ եւ բացասաբար վերաբերւելով «լոկ բարոյական քարոզներին» վերջ ի վերջոյ հանգիստ էր առնում այդ քարոզների ճահճում։ Նա արծարծում էր գիւղական վարկի անհրաժեշտութիւնը, իսկ սա նշանակում էր, որ մեր երկիրը պիտի ունենար զարգացած ապրանքային տնտեսութեան բնոյթ (կապիտալիստական հասարակակարգ), երբ դրամի շօշափուկներն իրանց ափն են առնում ամեն իր ու բարեմասնութիւն։ 70-ական թուականներին, երբ մեր երկիրն ապրում էր բնատնտեսութեան շրջան, այս հանգամանքը գոյութիւն չունէր եւ նոր էր միայն սկսում իր յաղթական արշաւը։ Գիւղական վարկը, եթէ նա իրագործւէր, ոչ թէ հայ գեջուկին պիտի գամէր գիւղին ու երկրագործութեան, այլ շերտաւորումն առաջացնելով գիւղական բնակչութեան մէջ, զօրաւիգն լինելով համփաներին՝ աւելի մեծ եռանդով պիտի ճամբէր տնտեսապէս տկարներին դէպի քաղաքային արդիւնաբերութեան շուկաները։ Դրամը գիւղում քայքայիչ մեծութիւն է։ Նա ոչ միայն դէմ ու դէմ է կանգնեցնում առանձին ընտանիքներ, այլ եւ ներհակութիւն ու պառակտումն է մտցնում միեւնոյն ընտանիքի անդամների մէջ ու բաժան-բաժան անում նրանց։ Դրամը խորտակում է նահապետական կօօպերացիան եւ «Մշակը» կարծում էր, թէ վարկով կարելի կը լինէր մաքառել պանխտութեան դէմ։ Սխա՜լ դատողութիւն։

Պանդխտութեան երեւոյթը մտահոգութիւն էր պատճառում նաեւ «Մեղու Հայաստանի» թերթին։ Այստեղ Յ. Տէր-Մովսէսեանցը [16] պանդխտութեան դէմ իբրեւ մաքառելու միջոց առաջարկում էր հիմնարկել երկրագործական դպրոցներ, առհասարակ ամրացնել գիւղական բնակչութեան տնտեսական վիճակը։

«Գաղթականութիւնը մեր ազգային ախտերից մէկն է, գրում է նա, եւ շատ երկիւղալի ախտ է. մեր գիւղացին թողնելով գիւղը եւ երկրագործութիւնը կամաց-կամաց հեռանում է հողից եւ սկսում է վաճառականութեան խախուտ եւ անբարոյականացնող ճանապարհովն ընթանալ։ Մեր ժամանակը մի այնպիսի ժամանակ է. երբ գիւղացին ամուր պիտի բռնէ իւր հողը իւր ձեռին եւ ահա ինչու. երբ Բագու-Թիֆլիս-Փօթի երկաթուղին շինուեցաւ հողի եւ գիւղատնտեսութեան նշանակութիւնը սաստիկ պիտի բարձրանան։ Վաճառականները պիտի լայնացնեն իրենց յափշտակող ձգտումները եւ հազարաւոր դէսեատին հողեր գնեն, եթէ հանգամանքները թոյլ տան։ Հէնց այժմ իսկ շատ վաճառականներ բաւական մեծ-մեծ հողի կտորներն են առել եւ առնում էլ են, այնպէս որ ժամանակով նոքա բոլորովին իրենց ձեռքում սեղմած կպահեն հայ եւ թուրք գիւղացիներին, որ ի հարկ է բոլորովին ցանկալի չէ։ Մեր մէջ կմեծանան եւ ոյժ կստանան այն տեսակ վնասակար մարդիկ, որ ռուսերէն անուանում են кулакъ եւ որի դէմ այժմ պատերազմում է ինքը ռուսաց կառավարութիւնը (? Դ. Ա. ) հասարակութեան յառաջադէմ դասի հետ միասին։ Մեր վաճառականների այդ գիւղատնտեսական շարժումը շատ երկիւղալի եւ գիւղացոց համար վնասակար շարժում է, որի ազդեցութիւնը յետոյ միայն կը զգացվի։ Վաճառականը հող ձեռք բերելով այնպէս հեշտութեամբ իրեն ձեռքից էլ բաց չի թողնիլ նրան, մանաւանդ որ պայմանները արդէն փոխուած կլինեն, հողերի գները բարձրացած, գիւղացին ինչքան էլ ցանկանայ նորից հողատէր դառնալ չի կարող —հողերի գները այժմ նրա համար անմատչելի են։ Ի՞նչ կը լինի նրա ապագան. նա ստիպուած պիտի լինի դառնալ գործարանական մշակ եւ կազմել այն թշուառ եւ խեղճ դասը, որ Եւրօպայում անուանվում է պրօլէտարիատ…

Մեր ժողովրդի շահերին նուիրված մարդկանց վրայ մեծ պարտականութիւն կայ քարոզել եւ հասկացնել հայ եւ թուրք գիւղացիներին, որ նրանք պինդ պահեն իրենց հողեըր եւ ձեռքից թող չը տան։ Հողը մեր գիւղացոց ապագայ հաստատ անկախ եւ բախտաւոր կեանքի միակ միջոցն է։ Թող մեր գիւղացին չը խաբվի վաճառականութեան ժամանակաւոր շահաւետութեամբ, գուցէ առանձին անձնաւորութիւնք խաբեբայութեամբ հարստանան վաճառականութեամբ, բայց հողից հեռացող գիւղացիների մեծամասնութիւնը մասսան անկասկած թշուառ դրութեան մէջ կընկնի եւ պրօլէտարիատ կը կազմէ։

Մօտ քսան տարի սորանից առաջ մի ճշմարիտ ազգասէր հայ երիտասարդ այս մեծ եւ նշանաւոր խօսքերն ասաց «երկրագործութիւնն է ուղիղ ճանապարհը»։ Այժմ կարծես այդ երիտասարդի խօսքերը ընդհանրապէս ամենին հասկանալի են դարձել» [17] ։

Այսպէս ուրեմն Յ. Տէր-Մովսէսեանցը համերաշխանում է Միք. Նալբանդեանի հետ եւ նրա պէս իր տեսականին անհետեւողական եւ մասամբ ուտոպիք բովանդակութիւն հաղորդում։ Բանավէճ սկսելով Սպ. Սպանդարեանի հետ՝ մեր հեղինակն անընդունելի է համարում նրա հային վերագրած «գաղթական ոգիի» պակասութիւնը եւ երեւոյթի բացատրութիւնն որոնում է գիւղական աշխարհի տնտեսական կայունութեան քայքայման մէջ։

«Եթէ ընթերցողը մեզ հետ համաձայն է, գրում է Յ. Տէր-Մովսէսեանցը, որ ռուսահայերի գաղթականութեան պատճառը ժողովրդի տնտեսական թշուառ դրութիւնն է եւ ոչ թէ մի անբացատրելի «գաղթական ոգի», նա կը համաձայնի մեզ հետ, որ ժողովրդի տնտեսական դրութեան բարւոքելը անհրաժեշտ եւ անյետաձգելի է. բայց այստեղ մի նկատողութիւն էլ ենք ուզում անել։ Մեր կարծիքով ժողովրդի տնտեսական դրութեան բարւոքելը, նրան տնտեսապէս անկախ կացուցանելը ինքընստինքեան մի շատ կարեւոր խնդիր է, լինի գաղթականութեան խնդիրը՝ թէ չը լինի, բայց ցաւալին այն է, որ ժողովրդի տնտեսական բարւոքման մասին սկսում ենք մենք մտածել միայն այն ժամանակ, երբ բարձրանում է մի կէս-քաղաքական գոյն ունեցող գաղթականութեան խնդիրը։ Սա ապացուցանում է, որ մեր մէջ ժողովրդասիրութեան զգացմունք չը կայ, այլ որ ժողովուրդը մեզ հետաքրքրում է լոկ իբրեւ մեր քաղաքական կօմբինացիաների նիւթ։ Երբ մենք յիշում ենք հայի մօտիկ անցեալը՝ մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը սիրող եւ հասկացող անձնաւորութիւնները միշտ առանձին ուշադրութիւն են դարձրել ժողովրդի տնտեսական յառաջադիմութեան եւ անկախութեան վերայ։ Այսպէս էր վարվում օրինակ երջանկայիշատակ Ներսէս V կաթողիկոսը։ Այսօր իսկ, հայերիս մէջ ամենից սիրելի եւ պատկառելի մարդը Խրիմեան Հայրիկը նստած է Վարագայ վանքում եւ երկրագործական դպրոցի յառաջադիմութեան մասին է հոգ տանում։ Դժբախտաբար այդպիսի զգացմունքներով չի ոգեւորուած այսպէս ասուած հայ ինտէլիգէնցիան։ Նա աւելի քաղաքականութեամբ է հետաքրքրվում, քան ժողովրդի բարօրութեամբ եւ բաղդաւորութեամբ» [18] ։

Վերջին կշտամբանքը, թէ մեր մտաւորականութիւնը քաղաքականութեան զոհ է, հեռու է ճշմարտութիւնից։ Ռուս նարոդնիկական մտքի հին շրջանին էր երկրպագում հեղինակը, երբ դրուատում էր տնտեսական գործունէութեան անկախութիւնը քաղաքականութիւնից։ Բայց նա ընդհանրապէս ուղիղ էր նայում երեւոյթին, պահանջելով պանդխտութեան դէմ մաքառել տնտեսական միջոցների կիրառումով։ Հայ գաւառն իսկապէս չւում էր դէպի քաղաքները։ Երեւոյթն ակնբախ էր։ Զանգեզուրի գաւառի տնտեսական դրութեամբ հետաքրքրւող մի հեղինակ . Բահաթրեան) պանդխտութեան մասին հաղորդում էր նշանաւոր թւեր։ «10 ամսւայ ընթացքում 1884 թուին, գրում էր նա, Բագու եւ ուրիշ հեռու տեղեր գնացողների թիւը, չը հաշւելով Գանձակի նահանգ գնացողները, եղել են հետեւեալ հայ գիւղերից. Խնձորեսկ գ. 392 մարդ, Գորիսից —167 , Ախլատեանից 142, Խոտից 131, Ուզից 111, Շաղախից 110, Տաթեւից 103, Շնհերից 92, Բռնակոթից 88, Ղարաքիլիսից 86, Կոռինձորից 72, Տօլօրսից 71, Մեղրիից 64, իսկ ընդհանրապէս 57 գիւղերից —2608 մարդ։ Թուրք եւ քիւրդ 53 գիւղերից 317 մարդ [19] ։

Պադխտութիւնը մեր մէջ ստեղծեց լայն գրականութիւն։ Նա անիծւեց երգում, բանադրւեց վէպում (Լէօ, Ս. Մելիք-Շահնազարեան, Ա. Ադելեան) եւ վերջապէս օրնիբուն դատափետւեց հրապարակախօսութեան մէջ։ Սակայն երեւոյթն օրէցօր ծաւալւեց եւ ամեն կարգի բարոյախօսներ ու բանադրողներ մնացին գլխիկոր ու շուարած նրա խոժոռ տեսքի առջեւ։ Պանդխտութեան մասին եղած թեր ու դէմ կարծիքների համախմբումը տւել է այդ երեւոյթին աւելի լրջօրէն նայող Անուշաւան Քալանթարը։ Անհրաժեշտ ենք դատում մի մէջբերում քաղել նրա հետաքրքրական յօդուածից։

«Պանդխտութիւնը նոր խնդիր է, գրում է Ան. Քալանթարը, եւ նրա մասին յիշատակութիւն չկայ հին գրականութեան մէջ. նա մեր նոր կեանքի՝ տնտեսական կեանքի՝ ծնունդն է։ Մեր Անդրկովկասի պանդխտութիւնը հետեւանք է մեր տնտեսական կեանքի իւրատեսակ զարգացման, իսկ Տաճկաստանի եւ Պարսկաստանի պանխտութիւնը հետեւեանք է տնտեսական կեանքի խանգարման։ Մեզանում հողային խնդիրները կնճռոտւելով հասցրել են այն դրութեան, որ առանց պանդխտութեան ապրել չի լինի. իսկ Տաճկաստանում քաղաքական անյաջող պայմանները խոչընդոտ լինելով տնտեսական կեանքի զարգացման, քայքայելով գիւղացու տնտեսութիւնը, ծնել են պանդխտութիւնը, որը կորստաբեր է ազդում այնտեղի ժողովրդի կեանքի վերայ։ Այսպիսով Անդրկովկասի, Տաճկաստանի եւ Պարսկաստանի պանդխտութեան պատճառը մէկ է. տնտեսական է. բայց մեր երկրում (Կովկասում) նա հետեւանք է տնտեսական կեանքի զարգացման. իսկ Տաճկաստանում եւ Պարսկաստանում հետեւանք է գլխաւորապէս տնտեսական կեանքի կանոնաւոր ընթացքի խանգարման [20] ։

Այս տեսակէտը միանգամայն ուղիղ լինելով՝ պատիւ է բերում հեղինակին։ Շեղւելով տրորւած ուղիներից՝ նա կամեցել է թափանցել երեւոյթի խորքը եւ այդ աջողւել է նրան։ Յօդուածի շարունակութեան մէջ նա իրաւամբ միակողմանի է անուանում պանդխտութեան մասին ստեղծուած կարծիքը։ Եղած գրականութիւնը հեղինակի ասելով վերաբերում է պանդխտութեան մութ եւ վնասակար կողմերին եւ քիչ է նպաստում խնդրի պարզելուն։

«Պանդուխտը, գրում է հեղինակը, իսկապէս, վերադառնալով գիւղ, իր հետ բերում է մեծ օժիտ վատ յատկութիւնների։ Քաղաքի կեանքը մեռցնում է գիւղացու պարզութիւնը, տակնուվերայ է անում գիւղացու բարոյական աշխարհայեացքը, միանգամից նորան քանդելով եւ ոչնչացրածը առանց հիմնական բաներով փոխարինելով։ Եթէ պանդուխտը բարոյապէս ստորանում է, նա դառնալով գիւղ՝ ազդում է նոյնպէս շրջապատողների վերայ փչացնող կերպով։ Քաղաքի ստոր խաւերի կեանքում՝ բարոյականութիւնից զուրկ՝ նա քայքայւում է ոչ միայն բարոյապէս, այլ եւ յաճախ հիւանդանում է շատ անգամ նոյնիսկ վեներական ախտով, որը եւ տարածում է գիւղում։ Ուժերի անկանոն վատնելուց, միակողմանի չարքաշ եւ միշտ զրկւած կեանքից, այսպիսով, փչանում է պանդուխտը եւ ֆիզիքապէս։ Բայց մտաւորապէս այդ չի կարելի ասել. գիւղացին մտաւորապէս շատ զարգանում է, նորա պահանջները մեծանում են եւ լայնանում. քաղաքը ազդում է գիւղացու ճաշակի եւ ոգու վերայ, գիւղացին աւելի համարձակ ու ձեռնարկող է դառնում… Իսկ մտաւոր զարգացումը եւ լայն աշխարհայեացքը յաջող հանգամանքներում ծնում են եւ լաւ բարոյական հետեւանքներ…

Պարզ է ուրեմն, որ պանդուխտը միայն վատ տարրեր չի մտցնում գիւղը, այլ եւ լաւ։ Ըստ մեծի մասին պանդխտութիւնը մեր գիւղացուն բարոյապէս եւ ֆիզիքապէս տկարացնում է, իսկ մտաւորապէս ուժեղացնում։ Պարզ հասկանալու համար օրինակներ, իբրեւ Ագուլիս, Մեղրին եւ այլն, որտեղ պանդխտութիւնը շատ վաղուց սկսուած է, եւ ուրիշ գիւղեր, որտեղ պանդխտութիւնը նոր է սկսել, կամ թոյլ է դեռ»։

Հեղինակը գտնում է, որ պանդխտութեան դէմ մաքառելու համար պէտք է բարւոքել գիւղի տնտեսական վիճակը։

«Ինչ վերաբերում է սակաւահողութեան, կամ անհողութեան, գրում է նա, մենք ասացինք, որ գիւղացուն հողով ապահովելու հիմնական միջոցը ներքին գաղթականութեան հաստատելն է։ Մենք սակաւահողութեան խնդիրը քննելուց՝ առաջ բերինք նաեւ նորան առաջ բերող պայմանների, պատճառների շարքում, հողատիրութեան անհաւասարութիւնը, հարստահարութիւնները վաշխառուների միջոցով, դաշտային մշակութեան անկատարութիւնը հասարակական պարտականութիւնների անկանոնութիւնը, (կոռ, բէգառ) եւ տեսանք, որ դոքա խոչընդոտ են տնտեսապէս ապահով կեանք վարելու։ Ուրեմն, եթէ գործադրելու լինենք զանազան միջոցներ, ինչպէս են՝ համայնական հողերի կանոնաւոր բաժանելը, գիւղական վարկ հիմնելը, ուսումնարանների եւ այլ միջոցներով գիւղատնտեսական գիտելիքներ տարրացնելը գիւղերում, յարմար երկրագործիքներ տարածելը, հարկերի, տուրքերի եւ հասարակական պարտականութիւնների կանոնաւորելը եւ թեթեւացնելը, եղած դէմի հողերում ջրանցքներ անցկացնելն եւ այլ այս տեսակ միջոցները, որոնցով եղած հողն արդիւնաբերւում է, իսկ ծախքերը պակասում են, կարող կըլինենք, մի առժամանակ սակաւահողութեան առաջը առնել, հետեւաբար եւ պանդխտական հոսանքը թուլացնել։ Ուրիշ միջոցներով կարելի է թուլացնել եւ մեր բերած միւս վնասող պատճառները, զոր օրինակ, ճանապարհներ անցկացնելովը մեր երկրի զանազան մասերում, գիւղական շտեմարաններ հիմնելով եւ այլն։ Այսպիսի միջոցներով մի առժամանակ կընւազեցնենք պանդխտութիւնը, թէեւ ի հարկէ նորան չենք կանգնացնիլ։

Մեր պանդխտութեան խնդիրը կախւած է ոչ միայն հողային եւ այլ գիւղին վերաբերող խնդիրներից, այլ մեր քաղաքների կեանքի զարգանալուցը, կամ աւելի ընդհանուր կերպով ասենք՝ կախում ունի մեր երկրի ամբողջ տնտեսական խնդիրների ուղղութիւնից։ Մենք մեր այժմեան ծրագրից պիտի հանենք պանդխտական շարժման իսպառ կանգնացնելու միտքը, քանի որ դա՝ շնորհիւ հիմնական հանգամանքների՝ անկարելի է։ Գուցէ հողային խնդիրները կանոնաւորելուց, վարկեր եւ շտեմարաններ հիմնելուց յետոյ՝ թուլանայ այդ շարժումը, սակայն դա երկար չի տեւիլ եւ մի քանի ժամանակից յետոյ նորից, գուցէ աւելի մեծ ծաւալով կըսկսւի… Պանդխտութիւնը, ինչպէս ասացինք, զանազան տեսակ հաց ճարելու խնդիրների մրցման հետեւանք է։

Միայն սուգ կարդալով ոչինչ չենք անիլ, մեզ հարկաւոր է այժմ զբաղւել պանդուխտների կեանքի, նոցա կենցաղի ուսումնասիրութիւնով, մտածել այն յարմարութիւնների եւ դիւրութիւնների մասին, որը պիտի տրւի պանդուխտին օտարութեան մէջ, որ նա քաղաքում կարողանայ առանց պատահարների եւ վնասների՝ թէ ֆիզիքապէս եւ թէ բարոյականի կողմից՝ ապրել» [21] ։

Մինչ հայ ժողովրդապահ մտաւորականութիւնը կզբաղւէր զանազան բարերարող ծրագիրներ մշակելով պանդուխտների համար, ծրագիրներ, որոնց մեծագոյն մասը բարոյախօսութիւն էր, նուազագոյնը՝ տնտեսական մանր կարկատաններ հայ պանդուխտն որդից թիթեռ դարձաւ եւ ձեռնամուխ եղաւ իր բախտն իր ձեռքերով դարբնելու։ Կապիտալիզմի յաղթական արշաւը մեր շուարած գեղջուկին եռ տուաւ իր կաթսայում, նոր հասարակական մղումներ հաղորդեց նրա հոգուն եւ պանդուխտից կաղապարեց բանւոր։ Իսկ վերջինս՝ իբրեւ կրտսերագոյն անդամը համառուսական բանւորական մեծ ընտանիքի՝ դարավերջին միանգամայն այլ իմաստով ձեւակերպեց իր պահանջները տնտեսական, քաղաքական ու հասարակական ասպարէզներում։ Նա որդեգրւեց յեղափոխութեանն ու սոցիալիզմին։ Այժմ այլ իմաստ ունէր նրա աչքում հողային հարցը, իր վարձատրութեան ու առողջապահութեան խնդիրը, պետական կառուցուածքի բարենորոգումը եւ այլն։ Գիւղական շտեմարաններով, մանր վարկով, հարկերի կանոնաւոր բաշխումով եւ նման տժգոյն ծրագիրներով այլեւս չէր կարելի հրապարակ իջնել նրա լսարանի առջեւ։ Նա մեծ նաւի մի մասնիկն էր, մեծ նաւարկութիւն էր սկսել։ Նա կամենում էր յեղաշրջել պատմութեան անիւը, պատճառելով իր ըմբոստացման մէջ ոմանց անհուն ուրախութիւն, իսկ ոմանց թունալից զայրոյթ։ Հայ բանւորը՝ տապակւելով պանդխտի կաշւում դասակարգ էր ինքնին, ուրիշների աչքում եւ ուրիշների համար։ Այժմ նա դառնում էր դասակարգ իր համար, ձեռներէց, ինքնագործ, իր երջանկութիւնն ու ապագան դարբնող։ Խոստովանենք, որ դասակարգային մտածողութիւնն օգնութեան հասաւ հայ բանւորին այն ժամանակ, երբ նա գործնականօրէն բռնել էր պայքարի ուղին։ Շարժմանը հետեւեց գաղափարը։ Դարավերջին պանդուխտը բանւոր դարձաւ, որ յետագայում նոր թափ ու գոյն հաղորդէ մեր պատմութեան։



[1] «Մշակ», 1872 , N3, «Առաջին ծաղիկներ»։

[2] «Մշակ», 1872 , N47, «Ընկերակցութեան միտքը»։

[3] «Մշակ», 1872, N24։

[4] «Մշակ», 1872, N44, «Կլասիկային ուսման վնասները»։

[5] «Մշակ», 1878, N98։

[6] «Մշակ», 1879, N48։

[7] Ст. Гулишамбаровъ, “Обзоръ фабрикъ и заводовъ եւ այլն, էջ 33-34։

[8] Անդ. էջ 895

[9] “Баку и его окресности”, Тифлисъ, 1891.

[10] «Մշակ», 1878, N191։

[11] «Մշակ», 1887, N55, «Հարստութիւն եւ քաղաքակրթութիւն»։

[12] «Մշակ», 1887, N58։

[13] «Մշակ», 1892, N82։

[14] «Մշակ», 1892, N92։

[15] «Մշակ», 1872, N43։

[16] Յ. Տէր-Մովսէսեանցը, Շուշեցի, աւարտեց Մոսկւայի Պէտրովեան Ակադեմիան։ Իր յօդւածների մէջ նա ինքնատիպ գրող է, ըստ երեւոյթին ուխտադրւած ռուսական նարոդնիկութեան։ Ինքնասպանութիւն գործեց Թիֆլիսում 1886 թ. Յունւարի 21-ին։

[17] «Մեղու Հայաստանի» 1882, N48։

[18] «Մեղու Հայաստանի», 1882, N85։

[19] «Նոր Դար», 1885, N139։

[20] «Մուրճ» 1890, N11, էջ 1536։

[21] «Մուրճ» 1890, N12, էջ 1711-1712։